Գործ և մուտք (9)

Արմատացած ազգային ավանդույթներն ու մտայնությունը չափազանց վաղ են ստվեր գցում մարդու մաքուր ու մանկական ոգու վրա՝ առանց «մարդկայնության» նշույլի անգամ հարվածելով մարդու հոգուն, կարծես թե երկաթյա անաչառությամբ։ Այս դևերի մեթոդները ծայրաստիճան դաժան են, և կարծես թե «կրթությունն» ու «խնամքը» դարձել են ավանդական մեթոդներ, որոնցով դևերի արքան սպանում է մարդուն։ Օգտագործելով իր «խորը ուսուցումը»՝ ամբողջովին քողարկում է իր տգեղ հոգին. ոչխարի մորթի հագնելով՝ փորձում է շահել մարդու վստահությունը և ապա, օգտվում է առիթից, երբ մարդը նիրհում է թմբիրի մեջ, ամբողջովին խժռելու նրան։ Խե՜ղճ մարդկություն. որտեղի՞ց նրանք իմանային, որ այն հողը, որի վրա մեծացել են, դևերի հողն է, որ իրենց մեծացնողներն իրականում թշնամիներ են, որոնք վնասում են իրենց։ Սակայն մարդն ամենևին չի արթնանում. հագեցնելով քաղցն ու ծարավը՝ նա պատրաստվում է փոխհատուցել իրեն մեծացնելու «ծնողական երախտիքի» դիմաց։ Մարդն իրականում կարող է այսպիսի՛ն լինել։ Այսօր նա դեռ չգիտի, որ իրեն մեծացնող «արքան» իր թշնամին է։ Երկիրը ծածկված է մեռելների ոսկորներով, դևերն անդադար վայրագորեն խրախճանք են անում և շարունակում են խժռել մարդու մարմինը «ստորերկրյա աշխարհում»՝ ստիպելով, որ մարդկային աճյունները թաղվեն իրենց հետ, և իզուր փորձելով կուլ տալ մնացած վերջին խեղված մարդկանց։ Սակայն մարդը միշտ անգիտակից է և երբեք դևերին չի վերաբերվել որպես իր թշնամիների, այլ փոխարենը ծառայում է նրանց իր ողջ սրտով։ Նման այլասերված ժողովուրդը պարզապես անընդունակ է ճանաչելու Աստծուն։ Հե՞շտ է արդյոք Աստծու համար մսեղի դառնալ և գալ նրանց մեջ՝ իրականացնելով փրկության Իր ողջ գործը։ Ինչպե՞ս կարող էր Հադեսի մեջ արդեն իսկ ընկղմված մարդն ի վիճակի լինել բավարարելու Աստծու պահանջները։ Շատ են այն անքուն գիշերները, որոնք Աստված անցկացրել է հանուն մարդկության արվող գործի։ Բարձունքներից մինչև ամենախորքերը Նա իջել է այն կենդանի դժոխքը, որտեղ բնակվում է մարդը, որպեսզի ապրի մարդու հետ երկրի ծայրերի միջև։ Նա երբեք չի տրտնջացել մարդկանց մեջ եղած խղճուկությունից և երբեք չի հանդիմանել մարդուն իր ըմբոստության համար, այլ կրում է ծայրահեղ նվաստացում՝ անձամբ իրականացնելով Իր գործը։ Ինչպե՞ս կարող էր Աստված պատկանել դժոխքին։ Ինչպե՞ս կարող էր Նա Իր կյանքն անցկացնել դժոխքում։ Բայց հանուն ողջ մարդկության, որպեսզի ողջ մարդկությունն ավելի շուտ հանգիստ գտնի, Նա նվաստացման ու անարդարության է ենթարկվել երկիր գալիս և անձամբ մտել է «դժոխք» ու «Հադես»՝ վագրի որջը, փրկելու մարդուն։ Ինչպե՞ս է մարդը որակավորված հակառակվելու Աստծուն։ Ի՞նչ պատճառ ունի բողոքելու Աստծուց։ Ինչպե՞ս կարող է երես ունենալ կանգնելու Աստծու առաջ։ Երկնքի Աստված եկել է անառակության այս ամենակեղտոտ երկիրը և երբեք չի բարձրաձայնել Իր վրդովմունքը կամ բողոքել մարդուց, այլ փոխարենը լուռ ընդունում է մարդու հասցրած ավերածություններն[1] ու ճնշումը։ Նա երբեք չի հակադարձել մարդու անխոհեմ պահանջներին, երբեք չափազանցված պահանջներ չի ներկայացրել մարդուն և երբեք անխոհեմ պահանջներ չի դրել մարդու առաջ։ Նա պարզապես անում է այն ողջ գործը, որն անհրաժեշտ է մարդուն՝ կրելով բոլոր դժվարությունները և չտրտնջալով, ուսուցանելով, լուսավորություն բերելով, հանդիմանելով, խոսքերի միջոցով զտելով, հիշեցնելով, հորդորելով, մխիթարելով, դատելով և մերկացնելով։ Նրա քայլերից ո՞ր մեկը մարդու կյանքի համար չի եղել։ Թեև Նա վերացրել է մարդու հեռանկարներն ու ճակատագիրը, Աստծու իրականացրած քայլերից ո՞ր մեկը մարդու ճակատագրի համար չի եղել։ Դրանցից ո՞ր մեկը հանուն մարդու գոյատևման չի եղել։ Դրանցից ո՞ր մեկը չի եղել մարդուն այս տառապանքից և գիշերվա պես սև խավարի ուժերի ճնշումից ազատելու համար։ Դրանցից ո՞ր մեկը հանուն մարդու չէ։ Ո՞վ կարող է հասկանալ Աստծու սիրտը, որը նման է սիրող մոր սրտի։ Ո՞վ կարող է ըմբռնել Աստծու ջերմեռանդ սիրտը։ Աստծու ջերմեռանդ սիրտն ու խանդավառ ակնկալիքները հատուցվել են սառցե սրտերով, սառը և անտարբեր աչքերով և մարդու կրկնվող նախատինքներով ու վիրավորանքներով։ Դրանք հատուցվել են կծու խոսքերով, սարկազմով և նսեմացմամբ։ Դրանք հատուցվել են մարդու ծաղրով, նրա ոտնահարմամբ ու մերժմամբ, նրա թյուրընկալմամբ, տրտունջներով, օտարացմամբ, խուսափումով և միայն խաբեությամբ, հարձակումներով ու դառնությամբ։ Ջերմ խոսքերն արժանացել են կատաղի հայացքների և հազարավոր մատնացույց անողների սառն արհամարհանքին։ Աստված կարող է միայն կրել մարդկանց ծառայելու ցավը՝ գլուխը խոնարհած հոժարակամ եզան պես։[2] Այնքա՜ն արևներ ու լուսիններ, այնքա՜ն անգամներ է Նա նայել աստղերին, այնքա՜ն անգամներ է Նա մեկնել արշալույսին և վերադարձել մթնշաղին և անհանգիստ այս ու այն կողմ շրջվել՝ կրելով Իր Հորից բաժանման ցավից հազարապատիկ ավելի մեծ տանջանք, կրելով մարդու հարձակումներն ու կոտրումը և մարդու էտումը։ Աստծու խոնարհությունն ու թաքնվածությունը հատուցվել են մարդու կանխակալությամբ[3], մարդու անարդար հայացքներով ու անարդար վերաբերմունքով, և այն անձայն կերպը, որով Աստված գործում է աննկատ, Նրա համբերությունն ու Նրա հանդուրժողականությունը հատուցվել են մարդու ագահ հայացքով։ Մարդը փորձում է անգթորեն ոտնատակ անելով սպանել Աստծուն և փորձում է Աստծուն տրորելով հողին հավասարեցնել։ Աստծու հանդեպ մարդու վերաբերմունքը «հազվագյուտ խելամտություն» է, և Աստված, Ով ահաբեկվում ուարհամարհվում է մարդու կողմից, ճզմվում է բյուրավոր մարդկանց ոտքերի տակ, մինչդեռ մարդն իրեն բարձր է դասում, կարծես թե ուզում է լինել «բլրի արքան», կարծես թե ուզում է բացարձակ իշխանություն վերցնել[4], կառավարել վարագույրի հետևից, Աստծուն դարձնել կուլիսների հետևում գտնվող բարեխիղճ և կանոններին հնազանդվող ռեժիսոր, Ում թույլատրված չէ ոչ մի դիմադրություն կամ անհնազանդություն։ Մարդն Աստծուն ստիպում է ստանձնել Վերջին Կայսեր դերը՝ խաղալով խամաճիկի դեր[5], որը զուրկ է ամեն մի ազատությունից։ Մարդու արարքներն անպատմելի են, ուստի ինչպե՞ս է նա որակավորված պահանջելու այս կամ այն բանն Աստծուց։ Ինչպե՞ս է որակավորված Աստծուն «առաջարկություններ» ներկայացնելու համար։ Ինչպե՞ս է որակավորված պահանջելու, որ Աստված կարեկցի իր թուլություններին։ Ինչպե՞ս է պիտանի ստանալու Աստծու ողորմությունը։ Ինչպե՞ս է պիտանի նորից ու նորից ստանալու Աստծու մեծահոգությունը։ Ինչպե՞ս է պիտանի նորից ու նորից ստանալու Աստծու ներումը։ Ո՞ւր է նրա խիղճը։ Նա վաղուց է կոտրել Աստծու սիրտը, նա վաղուց է Աստծու սիրտը կտոր-կտոր արել։ Աստված եկավ մարդկանց մեջ՝ դեմքը լի պայծառությամբ և սիրտը լի ուրախությամբ՝ հուսալով, որ մարդը բարեգութ կլինի Իր հանդեպ, թեկուզ միայն մի փոքր ջերմությամբ։ Սակայն Աստծու սիրտը դժվարությամբ է մխիթարվում մարդու կողմից։ Այն ամենը, ինչ Նա ստացել է, ձնագնդի պես աճող[6] հարձակումներ ու տանջանքներ են։ Մարդու սիրտը չափազանց ագահ է, նրա ցանկությունը չափազանց մեծ է, նա երբեք չի կարող հագենալ, միշտ չարաճճի է և անխոհեմ, երբեք Աստծուն ոչ մի ազատություն կամ խոսքի իրավունք չի տալիս և Աստծուն այլ ելք չի թողնում, քան հնազանդվել նվաստացմանը և թույլ տալ, որ մարդը նենգավարի Իրեն այնպես, ինչպես կամենում է։

Արարչագործությունից մինչև հիմա Աստված այնքա՜ն ցավ է կրել և այնքա՜ն հարձակումների է ենթարկվել։ Սակայն նույնիսկ այսօր մարդը դեռ չի մեղմացնում իր պահանջներն Աստծուց, դեռ զննում է Աստծուն, դեռ մեղմություն չունի Նրա հանդեպ և ոչինչ չի անում, բացի Նրան «խորհուրդ տալուց», Նրան «քննադատելուց» և Նրան «կարգավարժելուց», կարծես խորապես վախենալով, որ Աստված սխալ ուղի կընտրի, որ երկրի վրա Աստված տիրական է և անխոհեմ, կամ անզգույշ է Իր գործողություններում, կամ որ ոչնչի չի հասնի։ Մարդը միշտ այսպիսի վերաբերմունք ունի Աստծու հանդեպ։ Ինչպե՞ս կարող էր դա չտխրեցնել Աստծուն։ Մսեղի դառնալով՝ Աստված ահռելի ցավ ու նվաստացում է կրել։ Ուրեմն որքա՞ն ավելի վատ է ստիպել Աստծուն ընդունել մարդու ուսուցումները։ Նրա գալուստը մարդկանց մեջ զրկել է Նրան ամեն մի ազատությունից, կարծես բանտարկված լինի Հադեսում, և Նա ընդունել է մարդու կողմից քննվելը՝ առանց ամենափոքր դիմակայության։ Մի՞թե սա ամոթալի չէ։ Գալով բնականոն մարդու ընտանիք՝ «Հիսուսը» կրել է մեծագույն անարդարությունը։ Է՛լ ավելի նվաստացուցիչ է այն, որ Նա եկել է այս փոշոտ աշխարհ և խոնարհեցրել է Իրեն մինչև ամենաստորին խորքերը և ընդունել է ծայրաստիճան սովորական մսեղի։ Մի՞թե Բարձրյալ Աստծու համար տառապանք չէ խղճուկ մարդկային էակ դառնալը։ Եվ մի՞թե Նա դա չի անում հանուն մարդկության։ Եղե՞լ են արդյոք պահեր, երբ մտածել է Ինքն Իր մասին։ Հրեաների կողմից մերժվելուց և մահապատժի ենթարկվելուց և մարդկանց կողմից ծաղրվելուց ու ձաղկվելուց հետո Նա երբեք չի տրտնջացել Երկնքից կամ երկրից։ Այսօր այս հազարամյա ողբերգությունը վերստին հայտնվել է հրեաների նմանվող այս ժողովրդի մեջ։ Մի՞թե նրանք նույն մեղքերը չեն գործում։ Ի՞նչն է մարդուն որակավորում ստանալու Աստծու խոստումները։ Մի՞թե նրանք, ովքեր հակառակվում են Աստծուն և ապա ստանում Նրա օրհնությունները, բոլորը մարդիկ չեն։ Ինչո՞ւ մարդը երբեք չի առերեսվում արդարադատությանը կամ փնտրում ճշմարտությունը։ Ինչո՞ւ երբեք չի հետաքրքրվում, թե ինչ է անում Աստված։ Ո՞ւր է նրա արդարությունը։ Ո՞ւր է նրա անաչառությունը։ Արդյո՞ք նա հանդգնություն ունի ներկայացնելու Աստծուն։ Ո՞ւր է նրա արդարադատության զգացումը։ Այն ամենից, ինչ սիրելի է մարդուն, որքա՞նն է սիրելի Աստծուն։ Մարդը միշտ շողշողուն մարգարիտները նետում է խավարի մեջ,[7] միշտ խառնում է սևն ու սպիտակը,[8] ճնշում է արդարադատությունն ու ճշմարտությունը և բարձր է դասում անիրավությունն ու անարդարությունը։ Նա վանում է լույսը և ցնծում է խավարի մեջ։ Նրանք, ովքեր փնտրում են ճշմարտությունն ու արդարադատություն, փոխարենը վանում են լույսը։ Նրանք, ովքեր փնտրում են Աստծուն, ոտնատակ են անում Նրան և իրենք իրենց բարձրացնում են երկինք։ Մարդը չի տարբերվում ավազակից։[9] Ո՞ւր է նրա ողջամտությունը։ Ո՞վ կարող է տարբերել ճիշտը սխալից։ Ո՞վ կարող է պաշտպանել արդարադատությունը։ Ո՞վ է պատրաստակամ տառապելու ճշմարտության համար։ Մարդիկ դաժան են և դիվային։ Աստծուն խաչին գամելով՝ ծափահարում են ու ցնծում, նրանց վայրի ճիչերն անդադար են։ Նման են հավերի ու շների, գաղտնի համագործակցում են ու դավադրություններ են կազմակերպում, հիմնել են իրենց սեփական թագավորությունը, նրանց միջամտությունը ոչ մի տեղ անխռով չի թողել, փակում են իրենց աչքերը և խելագարի պես անդադար ոռնում են։ Հավերի կչկչոցով ու շների հաչոցով գարշելի մթնոլորտ է տիրում՝ ամեն ինչ դարձնելով բավականին «աշխույժ», և նրանք, ովքեր «միանում են զվարճությանը», շարունակ հայտնվում են՝ բոլորը բարձր պահելով իրենց նախնիների «փառավոր» անունները։ Այս շներն ու հավերը վաղուց Աստծուն մղել են իրենց մտքի հետին պլան և երբեք ուշադրություն չեն դարձրել Աստծու սրտի վիճակին։ Զարմանալի չէ, որ Աստված ասում է, թե մարդը նման է շան կամ հավի։ Երբ մի շուն հաչում է ստվերի վրա, հարյուրը ոռնում են ի պատասխան։ Այսպիսով, դատարկ մեծ աղմուկով նա Աստծու գործը հասցրել է մինչև մեր օրերը՝ անտեսելով, թե ինչպիսին է Աստծու գործը, արդյոք կա արդարադատություն, արդյոք Աստված ունի մի տեղ, որտեղ կարող է ոտք դնել, արդյոք ինչպիսին կլինի վաղվա օրը, անտեսելով իր իսկ ստորությունն ու իր իսկ կեղտոտությունը։ Մարդը երբեք այդքան չի մտածել բաների մասին, երբեք չի անհանգստացել վաղվա օրվա համար և սեփական գրկում հավաքել է այն ամենը, ինչն օգտակար է ու թանկարժեք՝ Աստծուն ոչինչ չթողնելով, բացի փշրանքներից ու մնացորդներից։[10] Որքա՜ն դաժան է մարդկությունը։ Նա ոչ մի զգացմունք չի պահում Աստծու համար, և Աստծու ամեն ինչը վերցնելուց ու գաղտնի խժռելուց հետո Աստծուն ետ է շպրտում իրենից շատ հեռու՝ այլևս ուշադրություն չդարձնելով Նրա գոյությանը։ Վայելում է Աստծուն, սակայն հակառակվում է Աստծուն և ոտնատակ է անում Նրան, մինչդեռ բերանով շնորհակալություն է հայտնում և փառաբանում է Աստծուն։ Աղոթում է Աստծուն և ապավինում է Աստծուն՝ միաժամանակ նաև խաբելով Աստծուն։ «Բարձրացնում» է Աստծու անունը և նայում է Աստծու երեսին, սակայն ամբարտավան կերպով և առանց նշույլ անգամ համեստության նաև նստում է Աստծու գահին և դատում է Աստծու «անարդարությունը»։ Նրա բերանից դուրս են գալիս խոսքեր, թե ինքը պարտական է Աստծուն, և նայում է Աստծու խոսքերին, սակայն սրտում լուտանքներ է թափում Աստծու վրա։ «Ներողամիտ» է Աստծու հանդեպ, սակայն ճնշում է Աստծուն, իսկ նրա բերանն ասում է, թե դա հանուն Աստծու է։ Ձեռքերում պահում է Աստծու բաները, իսկ բերանում ծամում է այն ուտելիքը, որն Աստված տվել է իրեն, սակայն աչքերը սառը և անտարբեր հայացքով հառած են Աստծուն, կարծես ուզում է ամբողջովին լափել Նրան։ Նայում է ճշմարտությանը, բայց պնդում է, որ դա Սատանայի ծրագիրն է։ Նայում է արդարադատությանը, բայց ստիպում է, որ այն դառնա ինքնուրացում։ Նայում է մարդու արարքներին և պնդում է, թե դրանք այն են, ինչ Աստված է։ Նայում է մարդու բնատուր շնորհներին և պնդում է, թե դրանք ճշմարտությունն են։ Նայում է Աստծու գործերին և պնդում է, թե դրանք ամբարտավանություն և սնապարծություն են, հպարտություն և ինքնարդարացում են։ Երբ մարդը նայում է Աստծուն, պնդում է, որ Նրան պիտակավորի որպես մարդ, և ջանասիրաբար փորձում է Նրան նստեցնել Սատանայի հետ դաշնակցող արարածի աթոռին։ Քաջ գիտի, որ դրանք Աստծու արտահայտումներն են, սակայն դրանք կանվանի ոչ այլ ինչ քան մարդու գրվածքներ։ Քաջ գիտի, որ Հոգին իրագործվել է մսեղիում, որ Աստված մսեղի է դարձել, բայց ասում է միայն, որ այս մսեղին Սատանայի սերունդն է։ Քաջ գիտի, որ Աստված խոնարհ է և թաքնված, սակայն ասում է միայն, որ Սատանան ամոթահար է եղել, և Աստված հաղթել է։ Ինչպիսի՜ ոչնչություններ։ Մարդն անգամ արժանի չէ ծառայելու որպես պահապան շուն։ Չի տարբերում սևը սպիտակից և նույնիսկ միտումնավոր սևը սպիտակ է ներկայացնում։ Կարո՞ղ են արդյոք մարդու ուժերն ու մարդու պաշարումը հանդուրժել Աստծու ազատագրման օրը։ Աստծուն միտումնավոր հակառակվելուց հետո մարդն ամենևին չի անհանգստանում կամ նույնիսկ հասնում է այն կետին, որ մահապատժի է ենթարկում Աստծուն՝ թույլ չտալով ցույց տալ Իրեն։ Ո՞ւր է այստեղ արդարություն։ Ո՞ւր է այստեղ սեր։ Նստում է Աստծու կողքին և ստիպում է Աստծուն ծնկի իջնել՝ ներում աղերսելու, հնազանդվելու իր բոլոր կարգավորումներին, համակերպվելու իր բոլոր խորամանկությունների հետ, և ստիպում է Աստծուն Իր բոլոր գործերում առաջնորդվել իրենով, հակառակ դեպքում զայրույթով է լցվում[11] և կատաղում է։ Ինչպե՞ս կարող էր Աստված վշտահար չլինել խավարի նման ազդեցության տակ, որը սևը սպիտակ է ներկայացնում։ Ինչպե՞ս կարող էր Նա չանհանգստանալ։ Ինչո՞ւ է ասվում, որ երբ Աստված սկսեց Իր վերջին գործը, այն նման էր երկինքներն ու երկիրն ստեղծելու գործին։ Մարդու արարքներն այնքան «հարուստ» են, «կենդանի ջրի մշտահոս աղբյուրն» անդադար «հագեցնում է» մարդու սրտի դաշտը, մինչդեռ մարդու «կենդանի ջրի աղբյուրն» առանց ամաչելու[12] մրցում է Աստծու հետ՝ անհաշտ հակառակվելով Նրան, և առանց հետևանքների մասին մտածելու մատակարարում է մարդկանց Աստծու փոխարեն, մինչդեռ մարդը համագործակցում է դրա հետ՝ առանց որևէ ուշադրություն դարձնելու դրա հետ կապված վտանգներին։ Եվ ի՞նչ է արդյունքը։ Սառնասրտորեն մի կողմ է նետում Աստծուն և Նրան շատ հեռու է դնում, որտեղ մարդիկ ուշադրություն չեն դարձնի Նրան՝ խորապես վախենալով, որ Նա կգրավի նրանց ուշադրությունը, և խորապես վախենալով, որ Աստծու կենդանի ջրի աղբյուրը կհրապուրի մարդուն և ձեռք կբերի մարդուն։ Այսպիսով, երկար տարիներ աշխարհիկ գործեր վերապրելուց հետո դավադրություններ և ինտրիգներ է կազմակերպում Աստծու դեմ և նույնիսկ Աստծուն դարձնում է իր պատժի թիրախը։ Կարծես թե Աստված գերան է դարձել նրա աչքին, և նա հուսահատորեն ցանկանում է բռնել Աստծուն և Նրան կրակի մեջ գցել՝ զտվելու և մաքրագործվելու համար։ Տեսնելով, որ Աստված կարծես թե անհարմար դրության մեջ է, մարդը ծեծում է կուրծքը և ծիծաղում, պարում է ուրախությունից և ասում է, որ Աստված նույնպես նետվել է զտման մեջ, և ասում է, որ ինքը հիմնահատակ կվառի Աստծու անմաքուր խառնուրդները, կարծես միայն սա է ռացիոնալ և խելամիտ, կարծես միայն սա է կազմում Երկնքի արդար և ողջամիտ ճանապարհը։ Մարդու այս ստոր և դաժան պահվածքը կարծես թե միտումնավոր է, սակայն նաև կարծես թե ոչ միտումնավոր է։ Մարդը բացահայտում է և՛ իր տգեղ դեմքը և՛ իր զարհուրելի, կեղտոտ հոգին, ինչպես նաև մուրացկանի խղճուկ տեսքը։ Ամենուր կատաղի ավերածություններ գործելուց հետո ողորմելի տեսք է ընդունում և աղերսում է Երկնքի ներումը՝ ծայրաստիճան խղճուկ շնիկի տեսքով։ Մարդը միշտ անսպասելի ձեւերով է գործում, միշտ «վագր է հեծնում՝ ուրիշներին վախեցնելու համար»[ա], միշտ դեր է խաղում, ամենափոքր ուշադրությունն անգամ չի դարձնում Աստծու սրտին, ոչ էլ որևէ համեմատություն է անում իր իսկ կարգավիճակի հետ։ Պարզապես լուռ դիմակայում է Աստծուն, կարծես Աստված անարդարացիորեն է վարվել իր հետ և չպետք է այդպես վերաբերվեր իր հետ, և կարծես Երկինքն աչքեր չունի և միտումնավոր դժվարացնում է իր վիճակը։ Այսպիսով, մարդը միշտ գաղտնի կերպով դաժան դավադրություններ է իրականացնում և ամենևին չի մեղմացնում իր պահանջներն Աստծուց՝ նայելով գիշատիչ աչքերով, կատաղի հայացքով հետևելով Աստծու ամեն մի շարժմանը, երբեք չմտածելով, որ ինքն Աստծու թշնամին է, և հուսալով, որ կգա այն օրը, երբ Աստված կցրի մշուշը, ամեն ինչ պարզ կդարձնի, կփրկի իրեն «վագրի երախից» և կփարատի իր տրտունջքը։ Նույնիսկ այսօր մարդիկ դեռ չեն մտածում, որ խաղում են Աստծուն հակառակվելու այն դերը, որը խաղացել են շատերը դարերի ընթացքում։ Որտեղի՞ց իմանային, որ այն ամենում, ինչ անում են, վաղուց մոլորվել են, որ այն ամենը, ինչ հասկանում էին, ծովերը վաղուց կլանել են։

Ո՞վ է երբևէ ընդունել ճշմարտությունը։ Ո՞վ է երբևէ գրկաբաց դիմավորել Աստծուն։ Ո՞վ է երբևէ ուրախությամբ փափագել Աստծու հայտնվելը։ Մարդու պահվածքը վաղուց արդեն քայքայվել է, վաղուց պղծել է Աստծու տաճարն անճանաչելիության աստիճանի։ Մինչդեռ մարդը դեռ շարունակում է իր սեփական գործը՝ երբեք որևէ ուշադրություն չդարձնելով Աստծուն։ Կարծես թե Աստծու հանդեպ նրա հակառակությունը դարձել է արմատացած ու անփոփոխ, և արդյունքում, ինքը կգերադասեր անիծվել քան թույլ տալ, որ իր խոսքերն ու արարքներն է՛լ ավելի զսպվեն։ Ինչպե՞ս կարող էին այսպիսի մարդիկ ճանաչել Աստծուն։ Ինչպե՞ս կարող էին հանգիստ գտնել Աստծու հետ։ Եվ ինչպե՞ս կարող էին արժանի լինել ներկայանալու Աստծուն։ Անկասկած, Աստծու տնօրինման ծրագրին նվիրվելու մեջ ոչ մի վատ բան չկա, բայց ինչո՞ւ են մարդիկ միշտ Աստծու գործն ու Աստծու ամբողջությունը մղում իրենց մտքի հետին պլան՝ միաժամանակ անձնուրացաբար նվիրաբերելով իրենց սրտի արյունը։ Մարդկանց անձնուրաց նվիրվածության ոգին, անկասկած, թանկ է, բայց նրանք որտեղի՞ց իմանային, որ այն «մետաքսը», որն իրենք մանում են, լիովին անունակ է ներկայացնելու, թե ինչ է Աստված։ Մարդկանց բարի մտադրությունները, անկասկած, թանկ են և հազվագյուտ, բայց ինչպե՞ս կարող էին նրանք կուլ տալ «անգին գանձը»։[13] Ձեզանից յուրաքանչյուրը պետք է խորհի իր անցյալի շուրջ։ Ինչո՞ւ երբեք զերծ չեք մնացել անգութ պատժից և անեծքներից։ Ինչո՞ւ են մարդիկ միշտ այդքան «մտերիմ հարաբերությունների» մեջ մեծափառ խոսքերի և արդար դատաստանի հետ։ Արդյո՞ք Աստված իսկապես փորձում է նրանց։ Արդյո՞ք Աստված միտումնավոր զտում է նրանց։ Եվ ինչպե՞ս են մարդիկ մտնում զտման մեջ։ Արդյոք ճշմարտապես ճանաչո՞ւմ են Աստծու գործը։ Ի՞նչ դասեր են մարդիկ քաղել Աստծու գործից և իրենց իսկ մուտքից։ Թող մարդիկ չմոռանան Աստծու հորդորը և թող խորաթափանցություն ունենան Աստծու գործի հանդեպ, հստակ ճանաչեն այն և պատշաճ կերպով տնօրինեն իրենց իսկ մուտքը։

Ծանոթագրություններ 14.

1. «Ավերածություններ» բառն օգտագործվում է մարդկության ըմբոստությունը մերկացնելու համար։

2. «Արժանացել են կատաղի հայացքների և հազարավոր մատնացույց անողների սառը արհամարհանքին, կրել մարդկանց ծառայելու ցավը՝ գլուխը խոնարհած հոժարակամ եզան պես» արտահայտությունը բնագրում մեկ նախադասություն էր, սակայն այստեղ բաժանվել է երկու մասի՝ միտքն ավելի պարզ դարձնելու համար։ Նախադասության առաջին մասը վերաբերում է մարդու արարքներին, մինչդեռ երկրորդը ցույց է տալիս Աստծու կրած ցավը, և որ Աստված խոնարհ է ու թաքնված։

3. «Կանխակալություն» բառը վերաբերում է մարդկանց ըմբոստ պահվածքին։

4. «Բացարձակ իշխանություն վերցնել» արտահայտությունը վերաբերում է մարդկանց ըմբոստ պահվածքին։ Նրանք իրենց բարձր են դասում, կաշկանդում են ուրիշներին՝ ստիպելով հետևել իրենց և տառապել իրենց համար։ Դրանք այն ուժերն են, որոնք թշնամական են Աստծու հանդեպ։

5. «Խամաճիկ» բառն օգտագործվում է ծաղրելու համար նրանց, ովքեր չեն ճանաչում Աստծուն։

6. «Ձնագնդի պես աճող» արտահայտությունն օգտագործվում է մարդկանց ստոր պահվածքն ընդգծելու համար։

7. «Շողշողուն մարգարիտները նետում է խավարի մեջ» արտահայտությունը ցույց է տալիս այն, երբ մարդիկ Աստծու մտադրությունները խեղաթյուրում են սատանայական բաների, ինչը լայն իմաստով վերաբերում է այն բոլոր արարքներին, որոնցով մարդիկ մերժում են Աստծուն։

8. «Խառնում է սևն ու սպիտակը» արտահայտությունը վերաբերում է ճշմարտությունը պատրանքների հետ, իսկ արդարադատությունը՝ տգեղության հետ շփոթելուն։

9. «Ավազակ» բառն օգտագործվում է ցույց տալու համար, որ մարդիկ անխոհեմ են և զուրկ են խորաթափանցությունից։

10. «Փշրանքներ ու մնացորդներ» արտահայտությունն օգտագործվում է ցույց տալու այն պահվածքը, որով մարդիկ ճնշում են Աստծուն։

11. «Զայրույթով է լցվում» արտահայտությունը վերաբերում է զայրացած ու վրդովված մարդու տգեղ դեմքին։

12. «Անվարան» բառը վերաբերում է նրան, երբ մարդիկ անխոհեմ են և բացարձակապես աստվածավախ սիրտ չունեն։

13. «Անգին գանձ» արտահայտությունը վերաբերում է Աստծու ամբողջությանը։

ա. Սա թարգմանվել է բնագրի «hú jiǎ hǔ wēi» արտահայտության հիման վրա, որը չինարեն դարձվածք է։ Դա վերաբերում է մի պատմության, որտեղ աղվեսը վախեցնում և քշում է մյուս կենդանիներին՝ քայլելով վագրի ընկերակցությամբ, դրանով իսկ «փոխ առնելով» այն վախն ու հեղինակությունը, որը ներշնչում է վագրը։ Սա փոխաբերություն է, որն այստեղ օգտագործվում է՝ մատնանշելու այն մարդկանց, ովքեր «փոխ են առնում են» ուրիշի հեղինակությունը՝ այլ մարդկանց վախեցնելու կամ ճնշելու համար։

Նախորդը. Գործ և մուտք (8)

Հաջորդը. Գործ և մուտք (10)

Եթե պատրաստ ես անհանգստություններդ գցելու Աստծու վրա և ստանալու Նրա օգնությունը, խնդրում ենք սեղմել կոճակը՝ մեր ուսումնական խմբին միանալու համար։

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Կապվիր մեզ հետ WhatsApp-ով