Գործ և մուտք (8)

Ես բազմիցս ասել եմ, որ վերջին օրերի Աստծու գործն արվում է յուրաքանչյուր մարդու սիրտը փոխելու, յուրաքանչյուր մարդու հոգին փոխելու համար, որպեսզի նրանց սիրտը, որը մեծ տրավմա է կրել, հուզվի և վերափոխվի՝ այդպիսով փրկելով նրանց հոգին, որն այդքան խորապես վնասվել է մեղքից։ Դա արվում է նրանց ոգին արթնացնելու, նրանց սառը սիրտը հալեցնելու և դրան վերակենդանանալ թույլ տալու համար։ Սա Աստծու մեծագույն մտադրությունն է։ Առայժմ մի կողմ թողնելով այն, թե որքան բարձր կամ խորը կարող են լինել մարդու կյանքն ու փորձառությունները, երբ մարդկանց սրտերն արթնանան, երբ նրանք սթափվեն իրենց երազներից և լիովին գիտակցեն մեծ կարմիր վիշապի հասցրած վնասը, Աստծու սպասավորության գործն ավարտված կլինի։ Այն օրը, երբ Աստծու գործն ավարտվի, նաև այն օրն է, երբ մարդը պաշտոնապես ոտք կդնի Աստծուն հավատալու ճիշտ ուղու վրա։ Այդ ժամանակ Աստծու սպասավորությունն ավարտված կլինի, ինչը նշանակում է, որ մսեղի դարձած Աստծու գործը լիովին ավարտված կլինի։ Այնուհետև մարդը պաշտոնապես կսկսի կատարել այն պարտավորությունը, որը պետք է կատարի. կկատարի իր սպասավորությունը։ Սրանք Աստծու գործի քայլերն են։ Ուստի, պետք է որոնեք մուտքի ձեր ուղին՝ այս բաներն իմանալու հիմքի վրա։ Այս ամենն այն է, ինչ պետք է հասկանաք։ Միայն այն ժամանակ մարդը կկարողանա ավելի արդյունավետ կերպով մուտք գործել, երբ սրտի խորքում փոփոխություն ապրի, քանի որ Աստծու գործը մարդու՝ փրկագնված, դեռևս խավարի ուժերի տակ ապրող և երբեք չարթնացած մարդու լիակատար փրկությունն է դևերի այս հավաքատեղիից։ Դա այն բանի համար է, որպեսզի մարդն ազատվի հազարամյակների մեղքից և սիրելի լինի Աստծուն, և որպեսզի մեծ կարմիր վիշապը հիմնովին տապալվի ու սատկի, Աստծու թագավորությունը հաստատուն կերպով հիմնվի, և Աստծու սիրտն ավելի շուտ հանգստություն գտնի։ Այն բանի համար է, որպեսզի առանց վերապահումների դուրս հորդի այն ատելությունը, որը բարձրանում է ձեր կրծքում, արմատախիլ արվեն այդ բորբոսնած մանրէները, որպեսզի թույլ տրվի ձեզ ազատվել այս կյանքից, որը ոչնչով չի տարբերվում եզան կամ ձիու կյանքից, որպեսզի այլևս ստրուկ չլինեք, այլևս կամայականորեն չոտնահարվեք կամ չենթարկվեք մեծ կարմիր վիշապի հրամաններին։ Այլևս չեք լինի այս ձախողված ազգից, այլևս չեք պատկանի մեծ կարմիր վիշապին, որի մեղքերը հասնում են երկինք, և այլևս չեք ստրկացվի նրա կողմից։ Դևերի բույնն անշուշտ կտոր-կտոր կարվի Աստծու կողմից, և դուք կկանգնեք Աստծու կողքին. դուք պատկանում եք Աստծուն և չեք պատկանում ստրուկների այս կայսրությանը։ Աստված վաղուց ի վեր մինչև ուղն ու ծուծն ատել է այս խավար հասարակությունը։ Նա կրճտացնում է ատամները՝ տենչալով Իր ոտքի տակ ճզմել այս զարհուրելի մեղսալի ծեր օձին, որպեսզի այն այլևս երբեք չկարողանա ոտքի կանգնել ողջ հավիտենության ընթացքում և այլևս երբեք չվնասի մարդուն։ Նա չի ների դրա անցյալի արարքները, չի հանդուրժի մարդուն խաբելը և հաշվեհարդար կտեսնի դարերի ընթացքում դրա գործած յուրաքանչյուր մեղքի համար։ Աստված ոչ մի կերպ անպատիժ չի թողնի բոլոր չարիքների այս պարագլխին[1]։ Նա հիմնովին կկործանի դրան։

Այս երկիրը, որը հազարավոր տարիներ ի վեր կեղտոտ է եղել, անտանելիորեն աղտոտված է, թշվառությունն առատ է, ուրվականներն ամենուր վխտում են՝ խաբելով ու մոլորեցնելով, անհիմն մեղադրանքներ հնչեցնելով[2], անգթորեն չար միջոցներ կիրառելով, ոտնահարելով այս ուրվականների քաղաքը և այն լցնելով դիակներով։ Նեխահոտը ծածկում է երկիրն ու տարածվում օդում, և այն խստորեն հսկվում է[3]։ Ո՞վ կարող է տեսնել երկինքներից այն կողմ գտնվող աշխարհը։ Դևն ամուր կապկպում է մարդու ամբողջ մարմինը, ծածկում է նրա երկու աչքը և ամուր կնքում նրա շուրթերը։ Դևերի արքան կատաղի մոլեգնում է մի քանի հազար տարի՝ ընդհուպ մինչև այսօր, երբ դեռևս աչալրջորեն հսկում է ուրվականների քաղաքը, ասես դա դևերի անառիկ պալատ լինի։ Մինչդեռ պահապան շների այս ոհմակն աչքերը չռած նայում է՝ խորապես վախենալով, որ Աստված անակնկալի կբերի իրենց և կոչնչացնի բոլորին՝ թողնելով իրենց առանց խաղաղության ու երջանկության վայրի։ Ինչպե՞ս կարող էին այսպիսի ուրվականների քաղաքի մարդիկ երբևէ տեսած լինել Աստծուն։ Կարո՞ղ էին արդյոք երբևէ վայելել Աստծու սիրելիությունն ու հաճելիությունը։ Կարո՞ղ էին արդյոք երբևէ հասկանալ մարդկային աշխարհի հարցերը։ Նրանցից ո՞վ կարող է հասկանալ Աստծու ջերմեռանդ մտադրությունները։ Զարմանալի չէ ուրեմն, որ մարմնացած Աստված մնում է լիովին թաքնված։ Այսպիսի խավար հասարակության մեջ, որտեղ դևերն անգութ են ու անմարդկային, ինչպե՞ս կարող էր դևերի արքան, որն առանց աչք թարթելու մարդկանց է սպանում, հանդուրժել գոյությունը մի Աստծու, Ով հաճելի է, բարի և նաև սուրբ։ Ինչպե՞ս կարող էր ծափահարել ու ողջունել Աստծու գալուստը։ Այս ստրուկնե՛րը։ Բարության դիմաց ատելությամբ են հատուցում, վաղուց սկսել են Աստծուն որպես թշնամու վերաբերվել, անարգում են Աստծուն, ծայրաստիճան վայրագ են, Աստծու հանդեպ ամենափոքր հարգանքն անգամ չունեն, հարձակվում ու թալանում են, կորցրել են ողջ խիղճը, դեմ են գնում խղճին և անմեղ մարդկությանը խաբելով գցում են թմբիրի մեջ։ Ի՞նչ հին իմաստունների ժառանգորդներ։ Ի՞նչ սիրելի առաջնորդողներ։ Բոլորն Աստծուն հակառակվող թշվառականներ են։ Նրանց միջամտությունը երկնքի տակ գտնվող ամեն ինչ թողել է խավարի ու քաոսի մեջ։ Ի՞նչ կրոնական ազատություն։ Քաղաքացիների ի՞նչ օրինական իրավունքներ ու շահեր։ Դրանք բոլորը չարիքը կոծկելու հնարքներ են։ Ո՞վ է աջակցել Աստծու գործին։ Ո՞վ է զոհել իր կյանքը կամ արյուն թափել Աստծու գործի համար։ Մարդիկ, որոնք ստրկացված են եղել սերնդեսերունդ՝ ծնողներից զավակներ անխզելի շղթայով, անամոթաբար ստրկացրել են Աստծուն. ինչպե՞ս կարող էր սա անդադար մոլեգնություն չբորբոքել։ Հազարամյակների ատելությունը կուտակված է սրտում, տասը հազար դարերի չարիքը դրոշմված է սրտի վրա. ինչպե՞ս կարող էր սա ատելություն չներշնչել։ Վրե՛ժ լուծեք Աստծու համար, հիմնովին ոչնչացրե՛ք Նրա թշնամուն, տեսնենք, թե այնուհետև ինչպես է կատաղի մոլեգնում ու իշխում որպես բռնակալ։ Հիմա է ժամանակը։ Մարդը վաղուց ի վեր հավաքել է իր ողջ ուժը և պետք է նվիրի իր սրտի ողջ արյունն ու վճարի ամեն գին դրա համար, որպեսզի պատռի այս դևի զարհուրելի դեմքը և թույլ տա մարդկանց, որոնք կուրացել են և որոնք կրել են ամեն տեսակ տառապանք ու նեղություն, բարձրանալ իրենց ցավից և ապստամբել այս չար ծեր դևի դեմ։ Ինչո՞ւ այնքան ամուր արգելափակել Աստծու գործը, որ նույնիսկ մի կաթիլ չանցնի։ Ինչո՞ւ տարբեր հնարքներ կիրառել՝ Աստծու ժողովրդին խաբելու համար։ Որտե՞ղ են ճշմարիտ ազատությունն ու օրինական իրավունքներն ու շահերը։ Որտե՞ղ է արդարությունը։ Որտե՞ղ է մխիթարությունը։ Որտե՞ղ է ջերմությունը։ Ինչո՞ւ դավեր նյութել՝ Աստծու ժողովրդին խաբելու համար։ Ինչո՞ւ ուժ կիրառել՝ Աստծու գալուստը ճնշելու համար։ Ինչո՞ւ թույլ չտալ Աստծուն ազատորեն շրջել այն երկրի վրա, որը Նա է ստեղծել։ Ինչո՞ւ հալածել Աստծուն այնքան, մինչև Նա գլուխը դնելու տեղ չունենա։ Որտե՞ղ է ջերմությունը մարդկանց միջև։ Որտե՞ղ է Նրա հանդեպ ջերմ ընդունելությունը մարդկանց միջև։ Ինչո՞ւ նման հուսահատ փափագ առաջացնել Աստծու մեջ։ Ինչո՞ւ ստիպել Աստծուն նորից ու նորից կանչել։ Ինչո՞ւ հասցնել Աստծուն այն կետին, որ Նա ստիպված լինի անհանգստանալ Իր սիրելի Որդու համար։ Այս խավար հասարակությունն ու թշվառ պահապան շներն ինչո՞ւ թույլ չեն տալիս Աստծուն ազատորեն գալ ու գնալ այն աշխարհ, որը Նա է ստեղծել։ Ինչո՞ւ մարդը, որն ապրում է տառապանքի մեջ, չի հասկանում։ Հանուն ձեզ Աստված մեծ ցավ է կրել, տաժանալից վշտի մեջ զոհաբերել է Իր սիրելի Որդուն՝ Իր մսեղին ու արյունը, որպեսզի շնորհի Նրան ձեզ՝ ուրեմն ինչո՞ւ եք դեռևս աչք փակում դրա վրա։ Բոլորի աչքի առաջ մերժում եք Աստծու գալուստը և հրաժարվում Աստծու ընկերակցությունից։ Ինչո՞ւ եք այդքան անխիղճ։ Արդյո՞ք պատրաստ եք հանդուրժելու անարդարություններն այսպիսի խավար հասարակության մեջ։ Ինչո՞ւ, ձեր փորերը հազարամյակների ատելությամբ լցնելու փոխարեն, ձեզ լցոնում եք դևերի արքայի «արտաթորանքով»։

Որքա՞ն մեծ են խոչընդոտներն Աստծու գործի առջեւ։ Որևէ մեկը երբևէ իմացե՞լ է։ Երբ մարդիկ արգելափակված են խորապես արմատավորված սնահավատ երանգներով, ո՞վ է ունակ ճանաչելու Աստծու ճշմարիտ երեսը։ Այս հետամնաց մշակութային ճանաչողությամբ, որն այդքան մակերեսային ու անհեթեթ է, ինչպե՞ս կարող էին լիովին ըմբռնել Աստծու ասած խոսքերը։ Նույնիսկ երբ նրանց հետ դեմ առ դեմ են խոսում և բերան առ բերան սնուցում, ինչպե՞ս կարող են հասկանալ։ Երբեմն դա նման է արածող կովի առաջ քնար նվագելուն. մարդիկ ամենափոքր արձագանքն անգամ չունեն, թափահարում են գլուխները և ոչինչ չեն հասկանում։ Ինչպե՞ս կարող էր սա մտահոգիչ չլինել։ Այս «հեռավոր[4], հնագույն մշակութային պատմությունն ու մշակութային գիտելիքը» սնուցել են մարդկանց այսպիսի անարժեք մի խումբ։ Ի՞նչ հնագույն մշակույթ, ի՞նչ թանկ ժառանգություն։ Դա աղբի կույտ է։ Դա վաղուց հավերժական խայտառակություն է դարձել և հիշատակման արժանի չէ։ Դա սովորեցրել է մարդկանց Աստծուն հակառակվելու հնարքներն ու մեթոդները, իսկ ազգային կրթության «կարգավորված, մեղմ ուղղորդումը»[5] մարդկանց է՛լ ավելի ըմբոստ է դարձրել Աստծու դեմ։ Աստծու գործի յուրաքանչյուր մաս չափազանց դժվար է, և երկրի վրա Նրա գործի յուրաքանչյուր քայլ Աստծուն բարդ կացության մեջ է դրել։ Որքա՜ն տքնաջան է Նրա գործը երկրի վրա։ Որքա՜ն դժվար են Նրա քայլերը երկրի վրա Իր գործի մեջ։ Մարդու թուլության, պակասությունների, տհասության, տգիտության և մարդու հետ կապված ամեն ինչի համար Աստված մանրակրկիտ ծրագրեր է կազմում և խորհրդածում։ Մարդը նման է թղթե վագրի, որին ոչ ոք չի համարձակվում հակառակվել կամ հրահրել. ամենաչնչին հպումից ի պատասխան կծում է կամ էլ ընկնում է ու կորցնում իր ճանապարհը, և կարծես թե, ուշադրության ամենաչնչին թուլացման դեպքում կրկին մեղքի մեջ է ընկնում կամ էլ անտեսում է Աստծուն կամ վազում է դեպի իր խոզերի ու շների նմանվող ծնողները՝ տրվելու նրանց մարմնի կեղտոտ բաներին։ Ինչպիսի՜ մեծ խոչընդոտ։ Իր գործի գրեթե յուրաքանչյուր քայլափոխի Աստված ենթարկվում է փորձության և գրեթե յուրաքանչյուր քայլափոխի Աստված մեծ ռիսկի է դիմում։ Նրա խոսքերն անկեղծ են ու լուրջ և առանց չարամտության, սակայն ո՞վ է պատրաստակամ ընդունելու դրանք։ Ո՞վ է պատրաստակամ լիովին հանձնվելու։ Դա կոտրում է Աստծու սիրտը։ Նա գիշեր ու զօր տքնում է մարդու համար, տագնապում է մարդու կյանքի համար և ներողամիտ է գտնվում մարդու թուլության հանդեպ։ Նա բազմաթիվ դժվարություններ ու խոչընդոտներ է կրել Իր գործի յուրաքանչյուր քայլին, Իր ասած յուրաքանչյուր խոսքի համար։ Նա միշտ երկու քարի արանքում է և մտածում է մարդու թուլության, ըմբոստության, tհասության և խոցելիության մասին… շուրջօրյա, նորից ու նորից։ Ո՞վ է երբևէ իմացել սա։ Ո՞ւմ կարող է Նա վստահել։ Ո՞վ ի վիճակի կլիներ հասկանալու։ Նա ատելով ատում է մարդու մեղքերը և մարդու թուլամորթությունն ու անսկզբունքայնությունը և միշտ անհանգստանում է մարդու խոցելիության համար և մտածում է մարդու առջև ընկած ուղու մասին։ Միշտ, երբ տեսնում է մարդու խոսքերն ու գործերը, լցվում է ողորմությամբ ու բարկությամբ, և միշտ այս բաների տեսարանը ցավեցնում է Նրա սիրտը։ Անմեղ մարդը, ի վերջո, թմրել է. ինչո՞ւ Աստված պետք է միշտ բարդացնի ամեն ինչ նրա համար։ Խոցելի մարդը լիովին զուրկ է տոկունությունից. ինչո՞ւ Աստված պետք է միշտ նման չմարող բարկություն ունենա նրա հանդեպ։ Թույլ ու անզոր մարդն այլևս չունի ամենաչնչին կենսունակությունն անգամ. ինչո՞ւ Աստված պետք է միշտ հանդիմանի նրան ըմբոստության համար։ Ո՞վ կարող է դեմ կանգնել երկնավոր Աստծու սպառնալիքներին։ Մարդը, ի վերջո, թույլ է, և բացարձակապես այլ ընտրություն չունենալով՝ Աստված ճնշել է Իր բարկությունը սրտի խորքում, թույլ տալով մարդուն կամաց-կամաց խորհրդածել ինքն իր մասին։ Սակայն մարդը, խորը տառապանքի մեջ լինելով, ամենաչնչին չափով անգամ չի գնահատում Աստծու մտադրությունները։ Ոտնահարվել է դևերի ծեր արքայի կողմից, բայց լիովին անտեղյակ է և միշտ հակադրվում է Աստծուն, կամ էլ ո՛չ տաք է, ո՛չ էլ սառն Աստծու հանդեպ։ Աստված այդքան շատ խոսքեր է ասել, սակայն ո՞վ է երբևէ դրանք լուրջ ընդունել։ Մարդը չի հասկանում Աստծու խոսքերը, սակայն անվրդով է և առանց փափագի. երբեք ճշմարտապես չի ճանաչել ծեր դևի էությունը։ Մարդիկ ապրում են հանդերձյալ աշխարհում, դժոխքում, բայց հավատում են, թե ապրում են «ստորջրյա պալատում». հալածվում են մեծ կարմիր վիշապի կողմից, սակայն կարծում են, թե «շնորհի են արժանացել»[6] պետության կողմից. հիմարացվում են դևի կողմից, սակայն կարծում են, թե վայելում են մսեղիի գերագույն արվեստը։ Ինչպիսի՜ զզվելի, ստոր թշվառականների խումբ են։ Մարդը բախվել է դժբախտության, բայց չգիտի դա, և այս խավար հասարակության մեջ աղետ աղետի հետևից է կրում[7], սակայն երբեք չի արթնացել։ Ե՞րբ կազատվի ինքն իր հանդեպ բարի լինելու իր խառնվածքից և իր ստրկական խառնվածքից։ Ինչո՞ւ հաշվի չի առնում Աստծու սիրտը։ Արդյո՞ք լուռ հանդուրժում է այս ճնշումն ու դժվարությունը։ Չի՞ փափագում արդյոք այն օրվան, երբ կկարողանա խավարը լույսի վերածել։ Չի՞ ցանկանում վերականգնել արդարությունն ու ճշմարտությունը, որոնք ոտնահարվել են։ Պատրաստակա՞մ է նայելու ու ոչինչ չանելու, երբ մարդիկ մերժում են ճշմարտությունը և խեղաթյուրում փաստերը։ Պատրաստակա՞մ է շարունակելու հանդուրժել այս անարդարությունը։ Պատրաստակա՞մ է ստրուկ լինելու։ Պատրաստակա՞մ է կորչելու Աստծու ձեռքով՝ այս ձախողված պետության ստրուկների հետ միասին։ Որտե՞ղ է քո վճռականությունը։ Որտե՞ղ է քո փառասաիրական ձգտումը։ Որտե՞ղ է քո արժանապատվությունը։ Որտե՞ղ է քո ազնվությունը։ Որտե՞ղ է քո ազատությունը։ Պատրաստակա՞մ ես արդյոք զոհաբերելու ողջ կյանքդ[8] մեծ կարմիր վիշապի՝ դևերի արքայի համար։ Պատրաստակա՞մ ես թույլ տալու, որ այն տանջի քեզ մինչև մահ այս կյանքում։ Խորխորատի երեսը քաոսային է ու խավար. հասարակ ժողովուրդը բողոքում է Երկնքի ու երկրի դեմ, և բոլոր կենդանի էակները խրված են թշվառության մեջ։ Ե՞րբ մարդը կկարողանա բարձր պահել իր գլուխը։ Մարդը վտիտ է ու հյուծված, ինչպե՞ս կարող էր պայքարել այս դաժան ու բռնակալ դևի դեմ։ Ինչո՞ւ հնարավորինս շուտ չի տալիս իր կյանքն Աստծուն։ Ինչո՞ւ է դեռևս տատանվում։ Ե՞րբ կարող է ավարտել Աստծու գործը։ Այսպես աննպատակ ահաբեկվում ու ճնշվում է, և ողջ կյանքն ի վերջո վատնվում է. ինչո՞ւ է այդքան շտապում գալ և այդքան հապճեպ հեռանում։ Ինչո՞ւ չի պահում որևէ թանկարժեք բան՝ Աստծուն տալու համար։ Մոռացե՞լ է արդյոք հազարամյակների ատելությունը։

Գուցե շատերը զզվում են Աստծու որոշ խոսքերից կամ գուցե ո՛չ զզվում են դրանցից, ո՛չ էլ հետաքրքրված են դրանցով։ Անկախ ամեն ինչից՝ փաստերը չեն կարող մոլորություններ դառնալ. ոչ ոք չի կարող ասել խոսքեր, որոնք հակասում են փաստերին։ Աստված այս անգամ մսեղի է դարձել՝ կատարելու այսպիսի գործ, ավարտելու այն գործը, որը դեռ պետք է ավարտի, եզրափակելու այս դարաշրջանը, դատելու այս դարաշրջանը, փրկելու սաստիկ մեղսավորներին տառապանքի ծովի աշխարհից և հիմնովին վերափոխելու նրանց։ Հրեաները խաչեցին Աստծուն՝ այդպիսով ավարտելով Աստծու «ճամփորդությունը Հրեաստանում»։ Դրանից կարճ ժամանակ անց՝ Աստված անձամբ ևս մեկ անգամ եկավ մարդկանց մեջ՝ աննկատ ժամանելով մեծ կարմիր վիշապի երկիր։ Իրականում՝ հրեական պետության կրոնավոր աշխարհը վաղուց ի վեր կախել էր Հիսուսի պատկերն իրենց պատերին, և մարդկանց բերաններն աղաղակում էին «Տեր Հիսուս Քրիստոս»։ Չգիտեին, որ Հիսուսը վաղուց ի վեր երկրորդ անգամ ընդունել էր Իր Հոր հրամանը՝ վերադառնալու մարդկանց մեջ, ավարտելու Իր գործի երկրորդ փուլը, որը դեռ պետք է ավարտվեր։ Արդյունքում՝ մինչ բոլորն իրենց հայացքը հառել էին Նրան, Նա անակնկալի բերեց նրանց. ծնվեց մեկ այլ աշխարհում, որտեղ մի դարաշրջանը փոխարինեց մյուսին, և հայտնվեց մարդկանց մեջ ծայրաստիճան սովորական մարդու տեսքով։ Իրականում՝ դարաշրջանների փոփոխության հետ մեկտեղ Նրա հագուստն ու ողջ արտաքինը փոխվել են, ասես վերածնված լիներ։ Ինչպե՞ս կարող էին մարդիկ իմանալ, որ Նա հենց նույն Տեր Հիսուս Քրիստոսն է, Ով իջավ խաչից և կրկին հարություն առավ։ Չունի վնասվածքի ամենաչնչին հետքն անգամ, ճիշտ այնպես, ինչպես Հիսուսը ոչ մի նմանություն չուներ Եհովային։ Այսօրվա Հիսուսը վաղուց ի վեր զուրկ է անցյալ ժամանակների կեցվածքից։ Ինչպե՞ս կարող էին մարդիկ ճանաչել Նրան։ Կասկածամիտ «Թովմասը» մշտապես կասկածում է, որ Նա հարություն առած Հիսուսն է, և միշտ ուզում է տեսնել Հիսուսի ձեռքերի վրա մեխերի սպիները, նախքան կկարողանա հանգստացնել միտքը։ Առանց դրանք տեսնելու՝ միշտ կկանգներ կասկածի ամպի վրա և անկարող կլիներ ոտքերը դնել ամուր հողի վրա ու հետևել Հիսուսին։ Խե՜ղճ «Թովմաս». ինչպե՞ս կարող էր իմանալ, որ Հիսուսն եկել է կատարելու Հայր Աստծու կողմից հանձնարարված գործը։ Ինչո՞ւ Հիսուսը պետք է կրի մեխերի սպիները։ Այս մեխերի սպիները Հիսուսի նշա՞նն են։ Նա եկել է գործելու Հայր Աստծու կամքի համար. ինչո՞ւ պետք է գար հագնված ու զարդարված որպես մի քանի հազար տարի առաջվա հրեա։ Այն արտաքին տեսքը, որն Աստված ընդունում է մսեղիում, կարո՞ղ էր խոչընդոտել Աստծու գործին։ Ո՞ւմ հաստատած կանոնն է սա։ Ինչո՞ւ, երբ Աստված գործում է, ապա դա պետք է համապատասխանի մարդու երևակայությանը։ Միակ բանը, որի վրա Աստված կենտրոնանում է Իր գործում, այն է, որ դա արդյունք ունենա։ Նա չի ենթարկվում օրենքին, և Նրա գործում կանոններ չկան։ Ինչպե՞ս կարող էր մարդն ըմբռնել սա։ Ինչպե՞ս կարող էր մարդը հիմնովին հասկանալ Աստծու գործը՝ հենվելով իր պատկերացումների ու երևակայությունների վրա։ Ուստի լավ կանեք պատշաճ կերպով հանդարտվեք. մի՛ անհանգստացեք մանրուքների համար և մեծ բան մի՛ սարքեք այն բաներից, որոնք նոր են ձեզ համար, որպեսզի ծաղրի առարկա չդառնաք, որպեսզի ծաղրի չենթարկվես ուրիշների կողմից։ Այսքան տարի հավատացել ես Աստծուն և, այնուամենայնիվ, դեռ չգիտես Աստծուն։ Ի վերջո, խրվում ես հանդիմանության մեջ. «առաջատարների շարքում»[9] դասվելով՝ վերագրվում ես հանդիմանվածների շարքերին։ Լավ կանես չգերազանցես ինքդ քեզ՝ ի ցույց դնելով քո խելամտությունը։ Քո կարճատեսությունը կարո՞ղ է ճշմարտապես ընկալել Աստծուն, Ով տեսնում է հավիտենությունից հավիտենություն։ Քո մակերեսային փորձառությունները կարո՞ղ են թույլ տալ քեզ լիովին թափանցել Աստծու մտադրությունների մեջ։ Մի՛ եղիր ինքնահավան։ Աստված, ի վերջո, այս աշխարհից չէ. ուստի ինչպե՞ս կարող էր Նրա գործը լինել այնպես, ինչպես ակնկալում էիր։

Ծանոթագրություններ 9.

1. «Բոլոր չարիքների պարագլուխ»-ը վերաբերում է ծեր դևին։ Այս արտահայտությունը ծայրահեղ ատելություն է արտահայտում։

2. «Անհիմն մեղադրանքներ հնչեցնելը» վերաբերում է այն մեթոդներին, որոնցով դևը վնասում է մարդկանց։

3. «Խստորեն հսկվելը» ցույց է տալիս, որ այն մեթոդները, որոնցով դևը դաժանաբար վնասում է մարդկանց, հատկապես վայրագ են և այնքան են վերահսկում մարդկանց, որ նրանք շարժվելու տեղ չունեն։

4. «Հեռավոր» բառն օգտագործվում է ծաղրական իմաստով։

5. «Կարգավորված, մեղմ ուղղորդում» արտահայտությունն օգտագործվում է ծաղրական իմաստով։

6. «Շնորհի արժանանալը» օգտագործվում է ծաղրելու այն մարդկանց, որոնք փայտացած են թվում և չունեն ինքնագիտակցություն։

7. «Աղետ աղետի հետևից կրելը» ցույց է տալիս, որ մեծ կարմիր վիշապի երկրում ծնված մարդիկ անկարող են բարձր պահել իրենց գլուխը։

8. «Զոհաբերել ողջ կյանքդ» արտահայտությունն ունի նվաստացուցիչ իմաստ։

9. «Առաջատարների շարքում» արտահայտությունն օգտագործվում է ծաղրելու նրանց, ովքեր ջերմեռանդորեն ձգտում են Աստծուն։

Նախորդը. Գործ և մուտք (7)

Հաջորդը. Գործ և մուտք (9)

Եթե պատրաստ ես անհանգստություններդ գցելու Աստծու վրա և ստանալու Նրա օգնությունը, խնդրում ենք սեղմել կոճակը՝ մեր ուսումնական խմբին միանալու համար։

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Կապվիր մեզ հետ WhatsApp-ով