Գլուխ 47
Արդարության Ամենակարող Աստված՝ Ամենակարո՛ղը։ Բացարձակապես ոչինչ Քո առաջ թաքնված կամ քողարկված չէ։ Անհիշելի ժամանակներից մինչև հավերժություն յուրաքանչյուր խորհուրդ, որը երբեք մարդկանց կողմից չի բացահայտվել, Քեզնով բացահայտվում և միանգամայն պարզ է դառնում։ Մենք այլևս կարիք չունենք փնտրելու և խարխափելու, քանզի այսօր Քո անձը բացահայտորեն հայտնվել է մեզ, Դու ես այն խորհուրդը, որը բացահայտվել է, Դու ես Ինքը՝ Գործնական Աստված։ Քանզի այսօր դեմ առ դեմ ես հանդիպել մեզ, և երբ տեսնում ենք Քո անձը, տեսնում ենք հոգևոր ոլորտի յուրաքանչյուր խորհուրդը։ Ճշմարտապես սա մի բան է, որ ոչ ոք չէր կարող պատկերացնել։ Դու այսօր մեր մեջ ես, նույնիսկ մեր ներսում, մեզ այնքա՛ն մոտ․ դա աննկարագրելի՛ է։ Դրա մեջ եղած խորհուրդն անհամեմատելի՛ է։
Ամենակարող Աստված ավարտել է Իր տնօրինման ծրագիրը։ Նա տիեզերքի հաղթական մեծ Թագավորն է։ Բոլոր բաներն ու իրադարձությունները կառավարվում են Նրա ձեռքերով։ Բյուրավոր մարդիկ ծնկի են գալիս երկրպագության մեջ՝ կանչելով ճշմարիտ Աստծու՝ Ամենակարողի անունը։ Նրա բերանից ելած խոսքերով բոլոր իրադարձություններն իրականանում են։ Ինչո՞ւ եք այդքան անփույթ, անկարող՝ անկեղծորեն և պատշաճ կերպով համագործակցելու Նրա հետ, սերտորեն միանալու Նրան և Նրա հետ փառքի մեջ մտնելու։ Մի՞թե պատրաստակամ եք տառապելու։ Պատրաստակա՞մ եք լքվելո՞ւ։ Կարծում եք, չգիտե՞մ, թե ով է անկեղծորեն իրեն մատուցում Ինձ, և ով է անկեղծորեն ծախսվել Ինձ համար։ Տգիտությո՛ւն։ Բթամի՛տ մարդիկ։ Չեք կարողանում հասկանալ Իմ մտադրությունները, և առավել ևս՝ հաշվի առնել Իմ հոգսերը՝ միշտ ստիպելով Ինձ անհանգստանալ ձեզ համար, տքնել ձեզ համար։ Ե՞րբ է սա ավարտվելու։
Ամեն ինչում Ինձ կյանքով արտահայտելը, ամեն ինչում Իմ մասին վկայելը՝ մի՞թե դա անելը պարզապես ձեր բերանները բացելու և խոսելու հարց է։ Դուք չգիտեք, թե ինչն է լավ ձեր համար։ Ձեր արածի մեջ Ես չկամ, և առավել ևս՝ ներկա չեմ ձեր առօրյա կյանքում։ Գիտեմ, որ պարզապես լուրջ չեք վերաբերվում Աստծուն հավատալուն, այլապես ձեր մեջ այսպիսի պտուղներ չէին ծնվի։ Դուք դեռ չեք արթնացել, և եթե այսպես շարունակեք, անարգանքի կմատնեք Իմ անունը։
Հարցրու ինքդ քեզ, երբ խոսում ես, արդյո՞ք Ես այնտեղ քեզ հետ եմ։ Երբ ուտում ես կամ հագնում հագուստդ, արդյո՞ք Իմ խոստումն այնտեղ է։ Ճշմարտապես, անուշադի՛ր եք։ Ամեն անգամ, երբ ձեր խնդիրներն ուղղակիորեն չեն մատնանշվում, ցույց եք տալիս ձեր իրական դեմքը, և ձեզանից ոչ մեկը չի համոզվի։ Եթե այդպես չլիներ, կկարծեիք, թե լավ եք վարվում, և կկարծեիք, թե ձեր ներսում շատ բաներ ունեք։ Մի՞թե չգիտեք, որ ձեր ներսում, ձեզ լցնելով, Սատանայի տգեղ դեմքն է։ Համագործակցե՛ք Ինձ հետ՝ այս բոլոր բաները դուրս թափելու համար։ Թույլ տուր, որ այն, ինչ Ես եմ և ունեմ, զբաղեցնի ողջ էությունդ քո ներսում։ Միայն այսպես կարող ես կյանքով արտահայտել Ինձ, ավելի շատ իրականությամբ վկայել Իմ մասին և պատճառ դառնալ, որ ավելի շատ մարդիկ անձնատուր լինեն Իմ գահի առաջ։ Պետք է իմանաք, թե որքան ծանր է ձեր ուսերին դրված հոգսը․ բարձրացնել Քրիստոսին, դրսևորել Քրիստոսին, վկայել Քրիստոսի մասին, որպեսզի բյուրավոր մարդիկ փրկություն ստանան, որպեսզի Իմ արքայությունը մնա հաստատուն և անսասան։ Այս ամենը պարզաբանում եմ, որպեսզի միշտ աննպատակ չգոյատևեք՝ առանց հասկանալու այսօրվա գործի կարևորությունը։
Խնդիրների բախվելիս անօգնական եք, ինչպես տաք թավայի մեջ շրջանաձև վազվզող մրջյունները։ Սա է ձեր խառնվածքը։ Արտաքուստ մեծահասակների եք նման, բայց ձեր ներքին կյանքը երեխայի կյանք է։ Այն ամենը, ինչ գիտեք անել, խնդիրներ ստեղծելն ու Իմ հոգսն ավելացնելն է։ Եթե կա մի չնչին բան, որով անձամբ չեմ զբաղվում, դուք խնդիրներ եք ստեղծում։ Մի՞թե այդպես չէ։ Ինքնարդար մի՛ եղեք։ Այն, ինչ ասում եմ, ճշմարիտ է։ Միշտ մի՛ կարծեք, թե անընդհատ խրատում եմ ձեզ, ասես պարզապես բարձրագոչ խոսքեր եմ օգտագործում։ Սա է ձեր իրական իրադրությունը։