Գլուխ 31
Ես սիրում եմ բոլոր նրանց, ովքեր անկեղծորեն ուզում են Ինձ։ Եթե ամբողջ սրտով սիրեք Ինձ, անշուշտ, մեծապես կօրհնեմ ձեզ։ Հասկանո՞ւմ եք Իմ մտադրությունները։ Իմ տանը տարբերություն չկա բարձր ու ցածր կարգավիճակների միջև։ Յուրաքանչյուրն Իմ որդին է, և Ես ձեր Հայրն եմ, ձեր Աստված։ Ես գերագույն եմ և եզակի։ Ես իշխում եմ տիեզերքի և բոլոր բաների վրա։
Դու պետք է «խոնարհությամբ և աննկատ ծառայես Ինձ» Իմ տանը։ Այս արտահայտությունը պետք է ծառայի որպես քո նշանաբանը։ Մի՛ եղիր տերև ծառի վրա, այլ եղիր ծառի արմատը և խորապես արմատավորվիր կյանքում։ Մտի՛ր կյանքի իրական փորձառության մեջ։ Ապրի՛ր Իմ խոսքերով։ Ամեն ինչում ավելի շատ փնտրիր Ինձ, մոտեցիր Ինձ և հաղորդակցվիր ու շփվիր Ինձ հետ։ Ուշադրություն մի՛ դարձրու որևէ արտաքին բանի և մի՛ սահմանափակվիր որևէ մարդով, իրադարձությամբ կամ բանով, այլ միայն հոգևոր մարդկանց հետ հաղորդակցվիր այն մասին, թե ինչ եմ Ես։ Հասկացի՛ր Իմ մտադրությունները, թույլ տուր, որ Իմ կյանքը հոսի քո մեջ, և կյանքով արտահայտիր Իմ խոսքերն ու համապատասխանիր Իմ պահանջներին։
Այն հարցերում, որոնք հանձնարարել եմ քեզ, պետք է նվիրես քո ողջ ուժը և անես հնարավոր ամեն ինչ՝ Իմ սիրտը բավարարելու համար։ Ես քո զորությունն եմ և քո ուրախությունը... Ես քո ամեն ինչն եմ։ Պարզապես ձգտի՛ր Ինձ։ Գիտեմ քո սրտառուչ ցանկությունները և որ անկեղծորեն ծախսվում ես Ինձ համար, բայց պետք է իմանաս՝ ինչպես նվիրվածություն ցուցաբերես Ինձ Իմ տանը և ինչպես հետևես Ինձ մինչև վե՛րջ։
Եկեղեցին Իմ սիրտն է, և Ես այրվո՜ւմ եմ անհանգստությունից Իմ եկեղեցու կառուցման համար։ Պետք է մատուցես քեզ և ծախսվես Ինձ համար առանց նվազագույն վերապահման և հաշվի առնես Իմ մտադրությունները, որպեսզի Իմ սիրտը բավարարվի։