Գլուխ 5

Երբ Աստված մարդկանցից պահանջներ է դնում, որոնք դժվար է բացատրել նրանց համար, և երբ Նրա խոսքերն ուղղակիորեն հարվածում են մարդկային սրտին, և մարդիկ մատուցում են իրենց անկեղծ սրտերը, որպեսզի Նա վայելի, ապա Աստված հնարավորություն է տալիս նրանց խորհելու, վճիռ կայացնելու և կիրարկման ուղի փնտրելու։ Այսպիսով՝ բոլոր նրանք, ովքեր Նրա մարդիկ են, կրկին, բռունցքները սեղմած, իրենց ողջ էությունը կընծայեն Աստծուն։ Ոմանք գուցե ծրագիր կազմեն և օրակարգ սահմանեն, մինչ նախապատրաստվում են մոբիլիզացվելու տքնաջան աշխատանքի՝ նվիրելով իրենց ուժի բաժինն Աստծու տնօրինման ծրագրին, որպեսզի փառք բերեն դրան և արագացնեն դրա ավարտը։ Հենց այն ժամանակ, երբ մարդիկ տածում են այս մտայնությունը՝ ամուր պահելով այս բաներն իրենց մտքում, երբ տքնում են, խոսում, և երբ վարում են իրենց գործերը, Աստված կրկին սկսում է խոսել։ «Իմ Հոգու արտահայտումն Իմ ամբողջ բնույթի արտահայտությունն է։ Սա պա՞րզ է ձեզ համար»։ Որքան ավելի վճռական են մարդիկ, այնքան ավելի հուսահատորեն են տենչում ընկալել Աստծու մտադրությունները, և այնքան ավելի լրջորեն են տենչում, որ Աստված պահանջներ ներկայացնի իրենցից։ Այս պատճառով Աստված տալիս է նրանց այն, ինչ ուզում են՝ օգտվելով այս հնարավորությունից, որ Իր վաղուց կազմ ու պատրաստ խոսքերը փոխանցի նրանց էության ամենախորքերը։ Թեև այս խոսքերը կարող են մի փոքր կոպիտ թվալ, մարդկության համար դրանք անհամեմատ քաղցր են հնչում։ Հանկարծ նրանց սրտերը փթթում են ուրախությամբ, ասես երկնքում լինեն կամ տեղափոխված լինեն մեկ այլ ոլորտ՝ մարդու երևակայության դրախտ, որտեղ արտաքին աշխարհի գործերն այլևս վատ ազդեցություն չեն ունենում նրանց վրա։ Որպեսզի շրջանցի այն հավանականությունը, որ մարդիկ, ինչպես սովոր էին անել նախկինում, կխոսեն արտաքուստ և կգործեն արտաքուստ ու այդպիսով չեն կարողանա պատշաճ արմատներ գցել, երբ այն, ինչ մարդիկ ցանկանում են իրենց սրտերում, իրագործվում է, և ավելին, երբ պատրաստվում են աշխատանքի անցնելու կրքոտ խանդավառությամբ, Աստված դեռևս հարմարեցնում է Իր խոսելաոճը նրանց մտայնությանը և համառոտակի ու առանց զսպման հերքում է ողջ եռանդն ու կրոնական արարողակարգը, որ պահում են իրենց սրտերում, ճիշտ ինչպես Նա ասում է․ «Իսկապե՞ս տեսել եք դրանում առկա կարևորությունը»։ Լինի դա իրենց հաստատուն վճիռը կայացնելուց առաջ, թե հետո, մարդիկ մեծ կարևորություն չեն տալիս Աստծուն Նրա գործերում կամ Նրա խոսքերում ճանաչելուն, այլ ավելի շուտ շարունակում են խորհել սույն հարցի շուրջ․ «Ի՞նչ կարող եմ անել Աստծու համար։ Դա՛ է հիմնական խնդիրը»։ Ահա թե ինչու Աստված ասում է․ «Իսկ դուք պետք է լինեք Իմ ժողովուրդն Իմ առաջ․ ամոթ չունեք, առավել ևս՝ առողջ դատողություն»։ Հենց որ Աստված ասում է այս խոսքերը, մարդիկ անմիջապես գիտակցության են գալիս և, ասես էլեկտրական հարված ստանալով, շտապում են ետ քաշել իրենց ձեռքերը դեպի իրենց կրծքի ապահովությունը՝ խորապես վախենալով երկրորդ անգամ հրահրել Աստծու բարկությունը։ Ի հավելումն սրա՝ Աստված նաև ասել է․ «Վաղ թե ուշ ձեզ նման մարդիկ դո՛ւրս կթողնվեն Իմ տնից։ Մի՛ փորձիր ի ցույց դնել քո ավագությունը՝ ենթադրելով, թե հաստատուն ես կանգնել Ինձ համար քո վկայության մեջ»։ Լսելով նման խոսքեր՝ մարդիկ էլ ավելի են վախենում, ասես առյուծ տեսած լինեն։ Շատ լավ գիտեն իրենց սրտերում։ Չեն ցանկանում հոշոտվել առյուծի կողմից, մինչդեռ մյուս կողմից՝ գաղափար չունեն, թե ուր փախչեն։ Հենց այս պահին մարդու սրտի ներսում եղած ծրագիրն անհետ կորչում է, և ամեն ինչ ի չիք է դառնում։ Աստծու խոսքերի միջոցով զգում եմ, ասես կարող եմ տեսնել մարդկության տգեղության բոլոր կերպերը․ գլուխները կախ են և վհատված, ասես չեն կարողացել ընդունվել քոլեջ, և նրանց բոլոր հրաշալի ձգտումները, երջանիկ ընտանիքները, հեռանկարները և այլն, այժմ գիտաֆանտաստիկ ֆիլմերի նյութ են, ճիշտ ինչպես այն Չորս արդիականացումները, որ խոստանում էին մինչև 2000 թվականը․ պարզապես դատարկաբանություն։ Սա բացասականությունը դրական գործոններով փոխանակելն է՝ դրդելով մարդկանց իրենց բացասականության մեջ ոտքի կանգնել այն դիրքում, որն Աստված նշանակել է նրանց։ Բացառիկ կարևոր է այն փաստը, որ մարդիկ խորապես վախենում են կորցնել այս կոչումը․ որպես այդպիսին, կյանքի գնով կառչում են իրենց ծառայողական կրծքանշաններից՝ խորապես վախենալով, որ ինչ-որ մեկը կարող է փորձել պոկել դրանք։ Երբ մարդկությունն այս հոգեվիճակում է, Աստված չի անհանգստանում, որ մարդիկ բացասական կդառնան, ուստի համապատասխանաբար փոխում է դատաստանի Իր խոսքերը հարցադրման խոսքերի։ Նա ոչ միայն շունչ քաշելու հնարավորություն է տալիս մարդկանց, այլև հնարավորություն է տալիս վերցնելու այն վճիռները, որոնք կայացրել են մինչ այժմ, և դասավորելու դրանք հետագա հղման համար․ ցանկացած անհամապատասխան բան կարող է փոփոխվել։ Սրա պատճառն այն է, որ Աստված դեռ չի սկսել Իր գործը․ սա մեծ դժբախտության մեջ լավ բախտ է․ և, ավելին, չի դատապարտում մեզ։ Ուստի թող շարունակեմ նվիրումս տալ Նրան։

Այնուհետև վախի պատճառով չպետք է մի կողմ դնես Աստծու խոսքերը։ Նայիր՝ տեսնելու, թե արդյոք Աստված որևէ նոր պահանջ ունի։ Անկասկած, կհայտնաբերես այսպիսի մի բան․ «Այսուհետ ամեն ինչում պետք է մտնես կիրարկման իրականության մեջ․ պարզապես լեզվին տալը, ինչպես արել ես անցյալում, այլևս չի օգնի քեզ»։ Այստեղ դեռևս դրսևորվում է Աստծու իմաստությունը։ Աստված միշտ պաշտպանել է Իր սեփական վկայությունները, և այժմ, երբ անցյալի խոսքերի իրականությունը հասել է իր ավարտին, ոչ ոք չի կարող ընկալել «կիրարկման իրականության» ճանաչողությունը։ Սա բավարար է ապացուցելու Աստծու ասածի ճշմարտացիությունը․ «Ես անձամբ եմ իրականացնում Իմ սեփական գործը»։ Դա կապված է աստվածայնության մեջ գործի ճշմարիտ իմաստի հետ, ինչպես նաև այն պատճառի, որ մարդկությունը, հասնելով նոր մեկնարկային կետի, այնուամենայնիվ, միշտ անկարող է հստակորեն ընկալել Աստծու խոսքերի ճշմարիտ իմաստը։ Սրա պատճառն այն է, որ նախկինում մարդկանց ճնշող մեծամասնությունը կենտրոնանում էր Աստծու խոսքերի իրականության վրա, մինչդեռ այսօր նրանք գաղափար չունեն կիրարկման իրականության մասին՝ հասկանալով միայն այս խոսքերի մակերեսային կողմերը, բայց ոչ դրանց էությունը։ Է’լ ավելի կարևոր է այն, որ քանզի այսօր թագավորությունը կառուցվում է, ոչ ոքի չի թույլատրվում ներգրավվել, և մարդիկ կարող են միայն ինքնաշխատ մեքենաների պես հնազանդվել Աստծու հրամաններին։ Լա՛վ հիշեք սա։ Ամեն անգամ, երբ Աստված հիշատակում է անցյալը, սկսում է խոսել այսօրվա իրական իրավիճակի մասին։ Սա մի խոսելաձև է, որը ցայտուն հակադրություն է ստեղծում նախկինի և հետագայի միջև, և այս պատճառով ի վիճակի է հասնելու է՛լ ավելի լավ արդյունքների՝ հնարավորություն տալով մարդկանց զուգադրել ներկան անցյալի հետ, և այս կերպ խուսափելով շփոթությունից և այդ երկուսի պղտորումից։ Սա Աստծու իմաստության մի կողմն է, և դրա նպատակը գործի արդյունքներին հասնելն է։ Սրանից հետո Աստված ևս մեկ անգամ մերկացնում է մարդկության տգեղ դեմքը, որպեսզի մարդկությունը երբեք չմոռանա ամեն օր ուտել և խմել Նրա խոսքերը, և, որ էլ ավելի կարևոր է, որպեսզի նրանք ամեն օր ճանաչեն իրենք իրենց և սա ընդունեն որպես դաս, որը պետք է սովորեն ամեն օր։

Այս խոսքերն ասելուց հետո Աստված հասել է այն արդյունքներին, որոնք Նրա սկզբնական նպատակն էին։ Եվ այսպես, առանց ուշադրություն դարձնելու՝ արդյոք մարդկությունը հասկացել է Իրեն, թե ոչ, Նա մի քանի նախադասությամբ արագ անցնում է սրա վրայով, որովհետև Սատանայի գործը ոչ մի կապ չունի մարդկության հետ, և մարդկությունն ընդհանրապես տեղյակ չէ դրանից։ Այժմ թիկունքում թողնելով հոգևոր ոլորտը՝ ավելի խորը նայեք, թե ինչպես է Աստված Իր պահանջները դնում մարդկությունից․ «Իմ բնակավայրում հանգիստ առնելով՝ Ես ուշադիր դիտարկում եմ։ Երկրի վրայի բոլոր մարդիկ եռանդուն վազվզում են, «շրջում աշխարհով մեկ» և շտապում հետ ու առաջ՝ բոլորն իրենց ճակատագրի ու ապագայի համար։ Սակայն ոչ մեկն իր ավելցուկային եռանդը չի նվիրում Իմ թագավորության կառուցմանը, անգամ այնքան ջանք, որքան պահանջվում է շունչ քաշելու համար»։ Այս պայմանականությունները մարդկությանը հաղորդելուց հետո Աստված դեռևս ուշադրություն չի դարձնում նրանց, այլ շարունակում է խոսել Հոգու տեսանկյունից և այս խոսքերի միջոցով բացահայտում է մարդկային ցեղի կյանքի ընդհանուր հանգամանքներն ամբողջապես։ «Շրջել աշխարհով մեկ» և «շտապել հետ ու առաջ» արտահայտություններից պարզ երևում է, որ մարդկային կյանքն ամբողջովին ունայնություն է։ Եթե չլիներ Աստծու զորեղ փրկությունը, հատկապես նրանց համար, ովքեր ծնվել են Չինաստանի կայսերական տոհմի նվազող մեծ ընտանիքում, է՛լ ավելի հակված կլինեին ամբողջ կյանքն իզուր ապրելուն, և ավելի կշահեին՝ ընկնելով Հադես կամ դժոխք, քան գալով աշխարհ։ Մեծ կարմիր վիշապի տիրապետության տակ, իրենք էլ չիմանալով, անարգել են Աստծուն, ուստի և բնականաբար և անգիտակցաբար ենթարկվել են Աստծու հանդիմանությանը։ Այս պատճառով Աստված վերցնում է «փրկել եմ» և «ապերախտներ» բառերը և հակադրում դրանք միմյանց, որպեսզի մարդիկ ավելի հստակ ճանաչեն իրենք իրենց՝ սրանից ստեղծելով հակադրություն Իր փրկարար շնորհի համար։ Մի՞թե սա լ ավելի արդյունավետ հետևանքի չի հանգեցնում։ Իհարկե, առանց Իմ այսպես պարզորոշ կերպով ասելու էլ ինքնին հասկանալի է, որ մարդիկ կարող են Աստծու արտահայտումների բովանդակությունից զգալ, որ Աստծու ձայներանգի մեջ կա նախատինքի տարր, փրկության և կոչի տարր, բայց նաև տխրության թեթև ակնարկ։ Կարդալով այս խոսքերը՝ մարդիկ անգիտակցաբար սկսում են վշտանալ և չեն կարողանում զսպել արցունքները… Սակայն Աստված չի կաշկանդվի մի քանի տխուր զգացմունքների պատճառով, ոչ էլ ողջ մարդկային ցեղի ապականության պատճառով կհրաժարվի Իր ժողովրդին կարգավարժելուց և նրանցից պահանջներ դնելուց։ Այս պատճառով Նրա թեմաներն անմիջապես շոշափում են այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են այսօրվանները, և, ավելին, մարդկությանը հռչակում է Իր կառավարչական հրամանագրերի մեծափառությունը, որպեսզի Իր ծրագիրը շարունակի առաջընթաց ապրել։ Ահա թե ինչու Աստված հող նախապատրաստեց՝ երկաթը տաք-տաք ծեծելով, որպեսզի այս վճռորոշ պահին հրապարակի սահմանադրություն այս ժամանակների համար։ Մարդիկ պետք է ուշադիր կարդան այս սահմանադրության յուրաքանչյուր կետը, նախքան կկարողանան հասկանալ Աստծու մտադրությունները։ Այժմ անտեղի կլիներ ավելի խորանալ սրա մեջ․ մարդիկ պարզապես պետք է ավելի շատ կարդան այն։

Այսօր դուք՝ մարդկանց այս խումբն այստեղ՝ միակներն եք, որ կարող եք ճշմարտապես տեսնել Աստծու խոսքերը։ Այդուհանդերձ, Աստծուն ճանաչելու հարցում այսօրվա մարդիկ շատ ավելի հետ են մնացել անցյալ դարաշրջանների ցանկացած մարդուց։ Սա բավականաչափ պարզ է դարձնում այն, թե որքան ջանք է Սատանան ներդրել մարդկանց մեջ այս մի քանի հազար տարվա ընթացքում, ինչպես նաև այն չափը, որով ապականել է մարդկությանը՝ մի այնքան մեծ աստիճանի, որ, չնայած Աստծու ասած բազմաթիվ խոսքերին, մարդկությունը դեռևս ո՛չ հասկանում, ոչ էլ ճանաչում է Նրան, և նույնիսկ համարձակվում է ոտքի ելնել ու հրապարակավ հակադրվել Նրան։ Եվ այսպես, Աստված հաճախ անցյալ դարաշրջանների մարդկանց որպես համեմատություն է բերում այսօրվա մարդկանց համար՝ իրատեսական հղման կետեր տալու վերջիններիս, որքան էլ թմրած ու բթամիտ լինեն։ Քանի որ մարդիկ Աստծու մասին ճանաչողություն չունեն, և քանի որ զուրկ են Նրա հանդեպ իսկական հավատից, Աստված վճռել է, որ մարդկությունը զուրկ է որակավորումներից և ողջամտությունից, ուստի նորից ու նորից ներողամտություն է ցուցաբերել մարդկանց հանդեպ և փրկություն տվել նրանց։ Հոգևոր ոլորտում այս ուղղությամբ պայքար է մղվում․ Սատանայի սին հույսն է ապականել մարդկությանը որոշակի աստիճանի, աշխարհը դարձնել աղտոտ ու չար և այդպիսով մարդկանց իր հետ քաշել ճահիճն ու ոչնչացնել Աստծու ծրագիրը։ Սակայն Աստծու ծրագիրը ոչ թե ողջ մարդկությանը Նրան ճանաչող ժողովուրդ դարձնելն է, այլ ավելի շուտ մի մասին ընտրելը՝ բոլորին ներկայացնելու համար, մնացածին թողնելով որպես թափոններ, որպես խոտանված ապրանքներ, որոնք պետք է նետվեն աղբակույտի մեջ։ Այսպիսով, թեև Սատանայի տեսանկյունից մի քանի անհատների տիրանալը կարող է գերազանց հնարավորություն թվալ Աստծու ծրագիրը ոչնչացնելու համար, ինչպե՞ս կարող էր Սատանայի պես պարզամիտ մեկն իմանալ Աստծու մտադրությունը։ Սա է պատճառը, որ Աստված վաղուց ասել է․ «Ես ծածկել եմ Իմ դեմքը՝ այս աշխարհին նայելուց խուսափելու համար»։ Մենք մի փոքր գիտենք այս մասին, և Աստված չի պահանջում, որ մարդիկ ունակ լինեն որևէ բան անելու․ ավելի շուտ, ուզում է՝ գիտակցեն, որ այն, ինչ Նա անում է, հրաշալի է և անըմբռնելի, ու Նրա հանդեպ երկյուղով սրտեր ունենան։ Եթե, ինչպես մարդիկ են երևակայում, Աստված հանդիմաներ՝ առանց հաշվի առնելու հանգամանքները, ապա ողջ աշխարհը վաղուց կործանված կլիներ։ Մի՞թե սա հավասարազոր չէր լինի ուղիղ Սատանայի ծուղակն ընկնելուն։ Եվ այսպես, Աստված պարզապես օգտագործում է Իր խոսքերը՝ հասնելու այն արդյունքներին, որոնք ունի Իր մտքում, բայց փաստերը հազվադեպ են ի հայտ գալիս։ Մի՞թե սա Նրա խոսքերի օրինակ չէ․ «Եթե Ես հաշվի չառնեի ձեր որակավորումների, ողջամտության և խորաթափանցության պակասը, ապա բոլորդ կկորչեիք Իմ հանդիմանության մեջ՝ ջնջվելով գոյությունից։ Այնուամենայնիվ, մինչև երկրի վրա Իմ գործի ավարտվելը, Ես ներողամիտ կմնամ մարդկության հանդեպ»։

Նախորդը. Գլուխ 4

Հաջորդը. Գլուխ 6

Եթե պատրաստ ես անհանգստություններդ գցելու Աստծու վրա և ստանալու Նրա օգնությունը, խնդրում ենք սեղմել կոճակը՝ մեր ուսումնական խմբին միանալու համար։

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Կապվիր մեզ հետ WhatsApp-ով