Գլուխ 6
Մարդիկ ապշում են, երբ կարդում են Աստծու արտահայտումները, և համարում են, որ Աստված մեծ գործ է կատարել հոգևոր ոլորտում, մի բան, որը մարդն անկարող է անել, և որն Աստված Ինքն անձամբ պետք է իրագործի։ Ուստի Աստված ևս մեկ անգամ ներողամտության խոսքեր է ասում մարդկությանը։ Երբ մարդիկ հակասություն են զգում իրենց սրտերում. «Աստված ողորմության և սիրառատ բարության Աստված չէ, Նա մարդուն տապալող Աստված է, ուստի ինչո՞ւ է մեր հանդեպ ներողամիտ։ Հնարավո՞ր է, որ Աստված կրկին անցել է «եղանակին»»,-երբ այս պատկերացումը, մտածելու այս ձևը հայտնվում է նրանց սրտերում, ամեն կերպ փորձում են դրա դեմ պայքարել։ Բայց այն բանից հետո, երբ Աստծու գործը որոշ ժամանակ շարունակվում է, Սուրբ Հոգին մեծ գործ է անում եկեղեցում, և յուրաքանչյուրը սկսում է կատարել իր գործառույթը, բոլոր մարդիկ մտնում են Աստծու եղանակի մեջ, քանզի ոչ ոք չի կարող որևէ թերություն տեսնել նրանում, ինչ Աստված ասում և անում է։ Իսկ թե կոնկրետ որն է լինելու Աստծու հաջորդ քայլը, ոչ ոք չնչին պատկերացում անգամ չունի։ Դա Աստծու ասածի պես է. «Երկնքի տակ եղողներից ո՞վ Իմ ձեռքերում չէ։ Ո՞վ չի գործում Իմ ուղղորդմամբ»։ Սակայն ձեզ մի խորհուրդ եմ տալիս. ձեզանից ոչ ոք չպետք է որևէ բան ասի կամ անի այն հարցերում, որոնք ձեզ համար պարզ չեն։ Սա ասում եմ ոչ թե քո խանդավառությունը մարելու համար, այլ քեզ Աստծու ուղղորդմամբ գործել թույլ տալու։ Ոչ մի դեպքում չպետք է վհատվես կամ կասկածամիտ դառնաս «թերությունների» մասին Իմ հիշատակման պատճառով։ Իմ նպատակը գլխավորապես քեզ հիշեցնելն է, որ ուշադրություն դարձնես Աստծու խոսքերին։ Մարդիկ կրկին ապշում են, երբ կարդում են Աստծու խոսքերը, որոնք ասում են. «Նրբազգա՛ց եղեք հոգու բաների հանդեպ, ուշադի՛ր եղեք Իմ խոսքի հանդեպ և իրապես ունա՛կ եղեք Իմ Հոգին ու Իմ մսեղավոր անձը, և Իմ խոսքն ու Իմ մսեղավոր անձը անբաժանելի ամբողջություն համարելու, որպեսզի բոլոր մարդիկ կարողանան բավարարել Ինձ Իմ ներկայության մեջ»։ Երեկ նրանք զգուշացման խոսքեր էին կարդում, խոսքեր Աստծու ներողամտության մասին, իսկ այսօր Աստված հանկարծ խոսում է հոգու բաների մասին։ Ի՞նչ է կատարվում։ Ինչո՞ւ է Աստված շարունակ փոխում Իր խոսելու այն եղանակը։ Ինչո՞ւ պետք է այս ամենը անբաժանելի ամբողջություն համարվի։ Հնարավո՞ր է, որ Աստծու խոսքերը նույնպես գործնական չեն։ Աստծու խոսքերն ավելի ուշադիր կարդալուց հետո բացահայտվում է, որ երբ Աստծու մսեղին և Նրա Հոգին բաժանվում են, մսեղին դառնում է ֆիզիկական մարմին՝ մսեղավոր հատկանիշներով, ինչը մարդիկ անվանում են քայլող դիակ։ Մարմնացած մսեղին գալիս է Հոգուց։ Նա Հոգու մարմնավորումն է, մսեղի դարձած Ճանապարհը։ Այլ կերպ ասած՝ Աստված Ինքնը ապրում է մսեղիում։ Այսպիսով՝ կարելի է տեսնել անձից Հոգու բաժանվելու լրջությունը։ Որպես արդյունք, թեև Նա մարդ է կոչվում, մարդկությունից չէ։ Նա զուրկ է մարդկային հատկանիշներից, Նա այն անձն է, որով Աստված զգեստավորվում է, այն անձը, ում Աստված հավանություն է տալիս։ Աստծու խոսքը մարմնավորում է Աստծու Հոգին, և Աստծու խոսքն անմիջականորեն հայտնվում է մսեղիում, ինչն է՛լ ավելի է ցույց տալիս, որ Աստված ապրում է մսեղիում և ավելի գործնական Աստված է՝ դրանով իսկ ապացուցելով Աստծու գոյությունը և վերջ դնելով Աստծու հանդեպ մարդու ըմբոստության դարաշրջանին։ Մարդկանց Աստծուն ճանաչելու ուղու մասին պատմելուց հետո Աստված շարունակում է փոխել թեմաները՝ անցնելով հարցի մյուս կողմին։
«Ես ոտք եմ դրել այն ամենի վրա, ինչ կա, նայել եմ տիեզերքի ընդարձակ տարածություններին և քայլել եմ բոլոր մարդկանց մեջ՝ ճաշակելով մարդկանց շրջանում եղած քաղցրությունն ու դառնությունը»։ Թեև այս խոսքերը պարզ են, մարդկությունը հեշտությամբ չի հասկանում։ Թեման փոխվել է, բայց, ըստ էության, նույնն է մնում։ Այն մարդկանց դեռևս հնարավորություն է տալիս ճանաչելու մարմնացած Աստծուն։ Ինչո՞ւ է Աստված ասում, որ ճաշակել է մարդկանց շրջանում եղած քաղցրությունն ու դառնությունը։ Ինչո՞ւ է ասում, որ քայլել է բոլոր մարդկանց մեջ։ Աստված Հոգի է և նաև մարմնացած անձն է։ Հոգին, սահմանափակված չլինելով անձի սահմանափակումներով, կարող է ոտք դնել այն ամենի վրա, ինչ կա, Հոգին կարող է նայել տիեզերքի ընդարձակ տարածություններին՝ ցույց տալով, որ Աստծու Հոգին լցնում է ողջ տիեզերքը, որ բևեռից բևեռ ծածկում է երկիրը, որ ոչինչ չկա, որ կարգավորված չլինի Աստծու ձեռքով, և ոչ մի տեղ չկա, որտեղ Աստծու ոտնահետքերը չգտնվեն։ Թեև Հոգին մսեղի է դարձել և ծնվել որպես մարդ, Հոգու գոյությունը չի ժխտում մարդկային բոլոր կարիքները։ Նա բնականոն կերպով ուտում է, Ինքն Իրեն հանդերձավորում, քնում և բնակվում, և անում այն, ինչ մարդիկ բնականոն կերպով պետք է անեն։ Սակայն, քանի որ Նրա ներքին էությունը տարբեր է, Նա նույնը չէ, ինչ այն «մարդը», որի մասին խոսվում է։ Եվ Նա թեև տառապում է մարդկության մեջ, այս տառապանքի պատճառով չի լքում Հոգուն։ Թեև օրհնություններ է վայելում, այս օրհնությունների պատճառով չի մոռանում Հոգուն։ Հոգին և անձը գործում են լուռ համերաշխության մեջ։ Հոգին և անձը չեն կարող բաժանվել, ոչ էլ երբևէ բաժանվել են, քանզի անձը Հոգու մարմնավորումն է, գալիս է Հոգուց՝ պատկեր ունեցող Հոգուց։ Այսպիսով՝ մսեղիում գտնվող Հոգու համար անհնար է անդրանցական լինելը։ Այսինքն՝ Հոգին անկարող է գերբնական բաներ անել, ինչը նշանակում է, որ Հոգին չի կարող հեռանալ մսեղիից։ Եթե հեռանար մսեղիից, Աստծու մարմնացումը կկորցներ ողջ իմաստը։ Միայն երբ Հոգին լիովին արտահայտվում է մսեղիում, մարդը կարող է ճանաչել Իրեն՝ գործնական Աստծուն, և միայն այդ ժամանակ Աստծու մտադրությունները կբավարարվեն։ Միայն մսեղին և Հոգին մարդուն առանձին ներկայացնելուց հետո է Աստված մատնանշում մարդու կուրությունն ու ըմբոստությունը.«Սակայն մարդը երբեք իսկապես չի ճանաչել Ինձ, երբեք ուշադրություն չի դարձրել Ինձ վրա Իմ ճամփորդությունների ժամանակ»։ Մի կողմից՝ Աստված ասում է, որ անանուն ապրում է մսեղիում՝ երբեք չանելով որևէ գերբնական բան, որպեսզի մարդիկ տեսնեն. մյուս կողմից՝ գանգատվում է, որ մարդը չի ճանաչում Իրեն։ Սրանում ոչ մի հակասություն չկա։ Իրականում մանրամասն տեսանկյունից դժվար չէ տեսնել, որ Աստված հասնում է Իր նպատակներին այս երկու կողմերից։ Ենթադրենք՝ Աստված գերբնական նշաններ և հրաշքներ ցուցադրեր, կարիք չէր ունենա մեծ գործ ձեռնարկելու, այլ պարզապես Իր իսկ բերանով մարդկանց կանիծեր, որ մեռնեին, և նրանք ակնթարթորեն կմեռնեին։ Եթե աներ սա, բոլոր մարդիկ կհամոզվեին. բայց սա չի իրագործում Աստծու նպատակը՝ մսեղի դառնալիս։ Եթե Աստված իսկապես այդպես վարվեր, մարդիկ երբեք իրենց գիտակցության մեջ չէին կարողանա հավատալ Նրա գոյությանը և անկարող կլինեին իսկապես հավատալ։ Ավելին՝ դևերին կշփոթեին Աստծու հետ։ Ավելի կարևոր է այն, որ երբեք չէին կարողանա ճանաչել Աստծու բնույթը։ Մի՞թե սա մսեղիում Աստծու լինելու նշանակության տեսանկյուններից մեկը չէ։ Եթե մարդիկ անկարող լինեին ճանաչելու Աստծուն, ապա մշուշոտ աստվածը՝ գերբնական աստվածը, հավիտյան իշխանություն կունենար մարդկանց շրջանում։ Եվ սրանում մի՞թե մարդիկ համակված չէին լինի իրենց իսկ պատկերացումներով։ Ավելի պարզորեն ասած՝ մի՞թե իշխանություն ունեցողները Սատանան և դևերը չէին լինի։ «Ինչո՞ւ եմ ասում, որ ետ եմ վերցրել իշխանությունը։ Ինչո՞ւ եմ ասում, որ մարմնացման մեջ այդքան մեծ նշանակություն կա»։ Այն պահը, երբ Աստված մսեղի է դառնում, իշխանությունը ետ վերցնելու պահն է և այն ժամանակն է, երբ Նրա աստվածայնությունն ի հայտ է գալիս՝ անմիջականորեն գործելու համար։ Բոլոր մարդիկ աստիճանաբար ճանաչում են գործնական Աստծուն և այսպիսով լիովին ոչնչացնում են Սատանայի տեղն իրենց սրտերում՝ Աստծուն իրենց սրտերում ավելի խոր տեղ տալով։ Իրենց մտքերում մարդիկ նախկինում «Աստծուն» տեսնում էին Սատանայի պատկերով, ինչպիսիք դևերով համակվածների տգեղ դեմքերն են՝ որպես «Աստծու», ով անտեսանելի և անշոշափելի էր և այնուամենայնիվ, հավատում էին, որ այս աստվածը ոչ միայն գոյություն ունի, այլև ունակ է բազմաթիվ նշաններ և հրաշքներ կատարելու և բազմաթիվ խորհուրդներ բացահայտելու։ Սա բավարար չափով ապացուցում է, որ մարդկանց մտքերում եղող աստվածն Աստծու պատկերը չէ, այլ Աստծուց տարբեր մեկ այլ բանի։ Աստված ասել է, որ ցանկանում է զբաղեցնել մարդկանց սրտերի 0,1 տոկոսը։ Սա հենց այն ամենաբարձր չափանիշն է, որը Նա պահանջում է մարդուց։ Արտաքին կողմից բացի՝ այս խոսքերը նաև գործնական կողմ ունեն։ Եթե դա այսպես չբացատրվեր, մարդիկ կկարծեին, թե իրենցից Աստծու պահանջները չափազանց ցածր են, կարծես Աստված չափազանց քիչ է հասկանում իրենց։ Մի՞թե սա մարդու հոգեբանությունը չէ։
Վերոհիշյալը և Պետրոսի մասին ստորև բերված օրինակը համատեղելով՝ կարելի է տեսնել, որ Պետրոսն իսկապես Աստծուն ավելի լավ էր ճանաչում, քան որևէ մեկը, քանզի ի վիճակի եղավ երես թեքելու մշուշոտ աստծուց և ձգտելու գործնական Աստծու ճանաչողությանը։ Ինչո՞ւ է հատուկ հիշատակվում այն մասին, որ նրա ծնողները չար դևեր էին, որոնք հակադրվում էին Աստծուն։ Դա ապացուցում է, որ Պետրոսը չէր ձգտում իր սրտում եղող աստծուն։ Այն, ինչ ասվում է նրա ծնողների՝ մշուշոտ աստծու ներկայացուցչությունը լինելու մասին, Աստծու՝ նրանց հիշատակելու նշանակությունն է։ Մարդկանց մեծամասնությունը շատ ուշադրություն չի դարձնում այս փաստին։ Փոխարենը՝ կենտրոնանում է Պետրոսի աղոթքների վրա։ Նույնիսկ կան մարդիկ, որոնց շուրթերին միշտ Պետրոսի աղոթքներն են, որ մշտապես նրանց մտքում են, սակայն նրանք մշուշոտ աստծուն երբեք չեն համեմատում Պետրոսի ճանաչողության հետ։ Ինչո՞ւ Պետրոսը դուրս եկավ իր ծնողների դեմ և ձգտեց Աստծու ճանաչողությանը։ Ինչո՞ւ էր ինքն իրեն խթանում ձախողվածների դասերով։ Ինչո՞ւ նա յուրացրեց դարերի ընթացքում Աստծուն սիրած բոլոր մարդկանց հավատն ու սերը։ Պետրոսը ճանաչեց, որ բոլոր դրական բաները գալիս են Աստծուց և անմիջականորեն բխում են Նրանից՝ առանց Սատանայի կողմից մշակվելու։ Սա ցույց է տալիս, որ Աստված, ում նա ճանաչում էր, գործնական Աստվածն էր, ոչ թե գերբնական աստված։ Ինչո՞ւ է ասվում, որ Պետրոսը կենտրոնանում էր դարերի ընթացքում Աստծուն սիրած բոլոր մարդկանց հավատն ու սերը յուրացնելու վրա։ Սրանից կարելի է տեսնել, որ դարերի ընթացքում մարդկանց ձախողումը գլխավորապես այն պատճառով է, որ նրանք միայն հավատ և սեր ունեին, բայց անկարող էին ճանաչելու գործնական Աստծուն։ Որպես արդյունք՝ նրանց հավատը մնաց մշուշոտ։ Ինչո՞ւ է Աստված բազմիցս հիշատակում Հոբի հավատը՝ առանց ասելու, որ նա ճանաչում էր Աստծուն, և ինչո՞ւ է Աստված ասում, որ Հոբը հավասար չէր Պետրոսին։ Հոբի խոսքերը՝ «Սրանից առաջ ես ականջներովս էի լսել Քո մասին, բայց հիմա աչքերս տեսան Քեզ», ցույց են տալիս, որ նա միայն հավատ ուներ և չուներ ճանաչողություն։ «Պետրոսի ծնողների հակադրությունը նրան Իմ սիրառատ բարության և ողորմության ավելի մեծ ճանաչողություն տվեց» խոսքերը մարդկանց մեծամասնության մոտ մի շարք հարցեր են առաջացնում։ Ինչո՞ւ էր Պետրոսին հակադրություն պետք Աստծուն ճանաչելու համար։ Նա ինչո՞ւ էր անկարող Աստծուն անմիջականորեն ճանաչել։ Ինչո՞ւ էր ճանաչում միայն Աստծու ողորմությունն ու սիրառատ բարությունը, և Աստված ուրիշ ոչնչի մասին չխոսեց։ Գործնական Աստծու ճանաչողությանը հնարավոր է ձգտել միայն մշուշոտ աստծու անգործնականությունը ճանաչելուց հետո. այս խոսքերի նպատակը մարդկանց ստիպելն է մշուշոտ աստծուն վտարել իրենց սրտերից։ Եթե արարչագործության ժամանակներից մինչև այսօր մարդիկ միշտ ճանաչեին Աստծու ճշմարիտ դեմքը, անկարող կլինեին թափանցել Սատանայի գործերի մեջ, քանզի մարդկանց այն տարածված ասացվածքը՝ «մարդը չի նկատում հարթավայրը, մինչև չի անցնում լեռան վրայով», ցույց է տալիս Աստծու նպատակն այս խոսքերն ասելիս։ Քանի որ Նա ցանկանում է մարդկանց ավելի խոր հասկացողություն տալ Իր բերած օրինակի ճշմարտացիության վերաբերյալ, Աստված դիտավորյալ կերպով շեշտում է ողորմությունն ու սիրառատ բարությունը՝ ապացուցելով, որ այն դարաշրջանը, որում Պետրոսն ապրում էր, Շնորհքի դարաշրջանն էր։ Մեկ այլ տեսանկյունից՝ սա է՛լ ավելի է բացահայտում չար դևերի սոսկալի կերպարանքը, որոնք ոչինչ չեն անում՝ բացի մարդուն վնասելուց և ապականելուց՝ Աստծու ողորմությունն ու սիրառատ բարությունը դնելով է՛լ ավելի ցայտուն հակադրության մեջ։
Աստված նաև ներկայացնում է Պետրոսի փորձությունների փաստերը և նկարագրում դրանց իրական հանգամանքները՝ մարդկանց լրացուցիչ կերպով ցույց տալով, որ Աստված օժտված է ոչ միայն ողորմությամբ և սիրառատ բարությամբ, այլև մեծափառությամբ և ցասումով, և որ պարտադիր չէ, որ բոլոր նրանք, ովքեր խաղաղության մեջ են ապրում, ապրեն Աստծու օրհնությունների մեջ։ Իր փորձություններից հետո Պետրոսի փորձառությունների մասին մարդկանց պատմելը Հոբի խոսքերի հավաստիության է՛լ ավելի մեծ հաստատումն է. «Մի՞թե Աստծու ձեռքից բարիք պիտի ընդունենք, իսկ նեղություն չընդունենք»։ Այսպիսով՝ ցույց է տրվում, որ Աստծու մասին Պետրոսի ճանաչողությունն իսկապես հասել էր աննախադեպ ոլորտների՝ ոլորտների, որոնց անցյալ դարաշրջանների մարդիկ երբեք չէին հասել, ինչը նաև դարերի ընթացքում Աստծուն սիրած բոլոր մարդկանց հավատն ու սերը յուրացնելու և իրեն խթանելու համար անցյալում ձախողված մարդկանցից դասեր քաղելու պտուղն էր։ Այս պատճառով բոլոր նրանք, ովքեր հասնում են Աստծու ճշմարիտ ճանաչողությանը, կոչվում են «պտուղ», և դա ներառում է Պետրոսին։ Պետրոսի աղոթքներն Աստծուն ցույց են տալիս Աստծու մասին նրա ճշմարիտ ճանաչողությունն իր փորձությունների ժամանակ։ Սակայն նրա թերացումն այն էր, որ ի վիճակի չէր լիովին ընկալելու Աստծու մտադրությունները։ Եվ այսպիսով՝ միայն Նրա մասին Պետրոսի ճանաչողություն ձեռք բերելու հիման վրա էր, որ Աստված պահանջեց «զբաղեցնել մարդկանց սրտերի ընդամենը 0,1 տոկոսը»։ Այն, որ նույնիսկ Պետրոսը՝ Աստծուն ամենից լավ ճանաչող մարդը, անկարող էր ճշգրտորեն ընկալել Աստծու մտադրությունները, ցույց է տալիս, որ մարդիկ զուրկ են Աստծուն ճանաչելու կարողությունից, քանզի շատ են ապականվել Սատանայի կողմից։ Սա բոլոր մարդկանց թույլ է տալիս ճանաչել մարդու էությունը։ Այս երկու նախապայմանները՝ մարդկանց՝ Աստծուն ճանաչելու կարողության պակասը և Սատանայի՝ նրանց մեջ վերին աստիճանի ներթափանցած լինելը, հակադրություն են Աստծու մեծ զորության համար, քանզի Աստված գործում է միայն խոսքերով, ոչինչ չի ձեռնարկում և այսպիսով՝ որոշակի տեղ է զբաղեցնում մարդկանց սրտերում։ Բայց ինչո՞ւ է մարդկանց պետք հասնել միայն այդ 0,1 տոկոսին՝ Աստծու մտադրությունները բավարարելու համար։ Սա կարելի է բացատրել նրանով, որ Աստված չի ստեղծել այս կարողությունը մարդու մեջ։ Եթե այս կարողության բացակայության պայմաններում մարդը հասներ Աստծու 100 տոկոսանոց ճանաչողությանը, ապա իր հինգ մատի պես կիմանար Աստծու ամեն մի քայլը և, հաշվի առնելով մարդու ներհատուկ բնությունը, մարդիկ անմիջապես կդավաճանեին Աստծուն, ոտքի կկանգնեին և բացահայտորեն կհակառակեին Նրան (Սատանան այսպես ընկավ)։ Ուստի Աստված երբեք չի թերագնահատում մարդկանց։ Նա արդեն հիմնովին մանրամասն վերլուծել է մարդկանց, և հենց այս պատճառով Նրան միանգամայն պարզ է նույնիսկ թե քանի ջրի մոլեկուլ կա նրանց արյան մեջ. և որքա՜ն ավելի պարզ պետք է լինի Նրան մարդկային բնությունը, որն ակնհայտ է։ Աստված երբեք սխալներ չի անում և Իր արտահայտումների խոսքերն ընտրում է առավելագույն ճշգրտությամբ։ Այսպիսով՝ ոչ մի հակասություն չկա Աստծու մտադրությունների վերաբերյալ Պետրոսի ճշգրիտ ընկալում չունենալու և Աստծու մասին նրա մեծագույն ճանաչողություն ունենալու միջև. ավելին՝ այդ երկուսը բոլորովին կապված չեն իրար հետ։ Մարդկանց ուշադրությունը Պետրոսի վրա կենտրոնացնելու համար չէր, որ Աստված նրան որպես օրինակ նշեց։ Ինչո՞ւ Հոբի պես մեկն ի վիճակի չէր ճանաչելու Աստծուն, իսկ Պետրոսն ի վիճակի էր։ Ինչո՞ւ Աստված կասեր, որ մարդն ունակ է հասնելու դրան, և միևնույն ժամանակ կասեր, որ դա Իր մեծ զորության շնորհիվ է։ Մարդիկ իսկապես ի բնե տաղանդավոր են։ Սա հեշտ չէ մարդկանց համար իմանալ. ոչ ոք չէր գիտակցի դրա ներքին նշանակությունը, եթե Ես չխոսեի այդ մասին։ Այս խոսքերի նպատակը մարդկանց խորաթափանցություն տալն է, որպեսզի կարողանան հավատ ունենալ՝ Աստծու հետ համագործակցելու համար։ Միայն այդ ժամանակ Աստված կարող է գործել մարդու համագործակցությամբ։ Այսպիսին է փաստացի իրավիճակը հոգևոր ոլորտում, և այն միանգամայն անըմբռնելի է մարդու համար։ Մարդկանց սրտերում Սատանայի տեղը ոչնչացնելը և փոխարենն այդ տեղն Աստծուն տալը Սատանայի գրոհը ետ մղելն է, և միայն այսպես կարելի է ասել, որ Քրիստոսն իջել է երկիր, միայն այսպես կարելի է ասել, որ երկրի վրա եղող թագավորությունները դարձել են Քրիստոսի թագավորությունը։
Այստեղ Պետրոսի՝ մի քանի հազար տարի օրինակ և նմուշ լինելը հիշատակելու իմաստը պարզապես ասելը չէ, որ նա օրինակ և նմուշ էր. այս խոսքերը հոգևոր ոլորտում մղվող պայքարի արտացոլումն են։ Սատանան այս ողջ ընթացքում գործել է մարդու վրա՝ նրան կլանելու սին հույսով, դրանով իսկ ստիպելով Աստծուն կործանել աշխարհը և կորցնել Իր վկայությունը։ Սակայն Աստված ասել է. «Նախ մի նմուշ կստեղծեմ, որպեսզի մարդկային սրտի ներսում կարողանամ զբաղեցնել ամենափոքր տեղը։ Այս փուլում մարդկությունը ո՛չ բավարարում է Իմ սիրտը, ո՛չ էլ լիովին ճանաչում է Ինձ. այնուամենայնիվ, Իմ մեծ զորության շնորհիվ մարդիկ ի վիճակի կդառնան ամբողջովին հնազանդվելու Ինձ և կդադարեն Իմ դեմ ըմբոստանալուց, և Ես կօգտագործեմ այս օրինակը՝ Սատանային նվաճելու համար։ Այսինքն՝ կօգտագործեմ մարդկային սրտի այն 0,1 տոկոսը, որը զբաղեցնում եմ, որպեսզի ճնշեմ այն բոլոր ուժերը, որոնք Սատանան գործադրել է մարդկության վրա»։ Ուստի այսօր Աստված Պետրոսին որպես օրինակ է նշում, որպեսզի որպես նմուշօրինակ ծառայի ողջ մարդկության համար՝ ընդօրինակելու և կիրարկելու։ Բացող հատվածի հետ համատեղ՝ սա ցույց է տալիս Աստծու ասածի ճշմարտացիությունը հոգևոր ոլորտում տիրող իրավիճակի մասին. «Այսօրվա օրը նման չէ անցյալին. Ես պիտի անեմ բաներ, որոնք չեն տեսնվել արարչագործության ժամանակներից ի վեր, պիտի խոսեմ խոսքեր, որոնք չեն լսվել դարերի ընթացքում, քանզի պահանջում եմ, որ բոլոր մարդիկ ճանաչեն Ինձ մսեղիում»։ Սրանից ակնհայտ է, որ Աստված այսօր սկսել է գործել Իր խոսքերի համաձայն։ Մարդիկ կարող են տեսնել միայն այն, ինչ արտաքուստ է կատարվում, նրանք չեն կարող տեսնել, թե իրականում ինչ է կատարվում հոգևոր ոլորտում, և ուստի Աստված ուղղակիորեն ասում է. «Սրանք Իմ տնօրինման քայլերն են, բայց մարդը չնչին գաղափար անգամ չունի։ Թեև պարզորեն եմ խոսել, մարդիկ մնում են շփոթված. դժվար է հասկացնել նրանց։ Մի՞թե սա մարդու նվաստությունը չէ»։ Այս խոսքերի մեջ խոսքեր կան. դրանք բացատրում են, որ հոգևոր ոլորտում պայքար է ընթանում, ճիշտ այնպես, ինչպես նկարագրվեց վերևում։
Պետրոսի պատմության մասին Աստծու հակիրճ նկարագրությունից հետո Նրա մտադրություններն ամբողջովին չեն բավարարվում, ուստի Աստված մարդուն հետևյալ պահանջն է ներկայացնում Պետրոսի հարցերի վերաբերյալ. «Ողջ տիեզերքում և երկնակամարում, երկինքների ու երկրի և բոլոր բաների մեջ, երկրի վրա և երկինքներում եղող բոլոր բաներն իրենց ողջ ուժն ընծայում են Իմ գործի վերջին փուլի համար։ Դուք հաստա՞տ չեք ցանկանում լինել հանդիսատեսներ՝ ղեկավարվելով Սատանայի ուժերի կողմից»։ Պետրոսի ճանաչողության մասին կարդալուց հետո մարդիկ խորապես լուսավորություն են ստանում։ Հետևաբար, է՛լ ավելի արդյունավետ լինելու համար, Աստված մարդկանց ցույց է տալիս իրենց ցոփության, սանձարձակության և Աստծու մասին ճանաչողության պակասի հետևանքը. ավելին՝ մարդկությանը ևս մեկ անգամ և ավելի մեծ ճշգրտությամբ պատմում է, թե իրականում ինչ է կատարվում հոգևոր ոլորտի պայքարում։ Միայն այսպես մարդիկ ավելի զգոն կլինեն և նախազգուշական միջոցներ կձեռնարկեն Սատանայի կողմից գերեվարվելու դեմ։ Ավելին՝ դա պարզ է դարձնում, որ եթե մարդիկ այս անգամ ընկնեն, Աստծու կողմից չեն փրկվի այնպես, ինչպես փրկվեցին այս անգամ։ Միասին վերցրած՝ այս նախազգուշացումները խորացնում են մարդկության տպավորությունն Աստծու խոսքերի վերաբերյալ, ստիպում են մարդկանց ավելի շատ գնահատել Աստծու ողորմությունը և փայփայել Աստծու նախազգուշացման խոսքերը, որպեսզի մարդկությանը փրկելու Աստծու նպատակն իսկապես իրագործվի։