Գլուխ 4
Որպեսզի թույլ չտա, որ մարդիկ բացասական վիճակից դրականին անցնելուց հետո գլուխները կորցնեն և չափն անցնեն, Աստծու արտահայտման նախորդ գլխում, երբ Աստված խոսում է Իր մարդկանց նկատմամբ ունեցած խստագույն պահանջների մասին, երբ Աստված հայտնում է մարդկանց Իր մտադրություններն Իր տնօրինման ծրագրի այս փուլում, Նա հնարավորություն է տալիս նրանց խորհելու Իր խոսքերի շուրջ, որպեսզի օգնի նրանց վճռել ի վերջո բավարարել Աստծու մտադրությունները։ Երբ մարդկանց իրադրությունները դրական են, Աստված անմիջապես սկսում է նրանց ներկայացնել խնդրի մյուս կողմը։ Նա տալիս է մի շարք հարցեր, որոնք մարդկանց համար դժվար է հասկանալ. «Արդյոք Իմ հանդեպ ձեր սերն արատավորվա՞ծ էր անմաքրությամբ։ Իմ հանդեպ ձեր հավատարմությունը մաքուր և ամբողջ սրտո՞վ էր արդյոք։ Արդյոք Իմ մասին ձեր ճանաչողությունը ճշմարի՞տ էր։ Որքա՞ն տեղ էի Ես զբաղեցնում ձեր սրտերում»։ Եվ այսպես շարունակ։ Այս պարբերության առաջին կեսում, բացառությամբ երկու նկատողության, մնացածն ամբողջությամբ բաղկացած է հարցերից։ Մասնավորապես մեկ հարց՝ «Արդյոք Իմ արտահայտումները ձեր ներսում հասե՞լ են նպատակակետին», շատ տեղին է։ Այն իսկապես դիպչում է մարդկանց սրտերի խորքում եղած ամենագաղտնի բաներին՝ ստիպելով նրանց ակամա հարցնել իրենց. «Արդյոք իսկապես հավատարի՞մ եմ Աստծու հանդեպ իմ սիրո մեջ»։ Իրենց սրտերում մարդիկ ակամա վերհիշում են ծառայելու իրենց նախկին փորձառությունները. նրանք կլանված էին իրենց հանդեպ ներողամտությամբ, ինքնարդարությամբ, մեծամտությամբ, ինքնագոհությամբ, ինքնաբավությամբ և հպարտությամբ։ Նրանք նման էին ցանցն ընկած մեծ ձկան. ցանցն ընկնելուց հետո նրանց համար հեշտ չէր ազատվել։ Ավելին՝ հաճախ սանձարձակ էին, բազմիցս խաբում էին Աստծու բնականոն մարդկայնությանը և իրենց արած ամեն ինչում իրենց առաջին տեղում էին դասում։ Նախքան «ծառայություն մատուցողներ» կոչվելը նրանք նման էին վագրի նորածին կորյունի, որը լի է խանդավառությամբ։ Թեև որոշ չափով կենտրոնացնում էին իրենց ուշադրությունը կյանքի վրա, երբեմն պարզապես մեխանիկորեն էին գործում. ստրուկների պես ձևականորեն էին վարվում Աստծու հետ։ Որպես ծառայություն մատուցողներ բացահայտվելու ժամանակ բացասական էին, հետ էին մնում, լցված էին վշտով, տրտնջում էին Աստծուց, վհատված կախում էին գլուխները և այլն։ Իրենց իսկ հրաշալի, հուզիչ պատմությունների յուրաքանչյուր քայլը չի հեռանում նրանց մտքերից։ Նույնիսկ դժվարանում են քնել և ցերեկն անցկացնում են թմրության մեջ։ Թվում է, թե երկրորդ անգամ են դուրս թողնվել Աստծու կողմից, ընկել Հադես՝ անկարող լինելով փախչել։ Թեև Աստված առաջին պարբերության մեջ ընդամենը մի քանի հարց է տալիս, որոնք մարդկանց համար դժվար է հասկանալ, ուշադիր կարդալիս դրանք ցույց են տալիս, որ Աստծու նպատակն ավելին է, քան պարզապես հարցնելու համար այս հարցերը տալը. դրանցում պարունակվում է իմաստի ավելի խոր մակարդակ, որը պետք է ավելի մանրամասն բացատրվի։
Ինչո՞ւ Աստված մի անգամ ասաց, որ այսօրը, ի վերջո, այսօր է, և քանի որ երեկն արդեն անցել է, կարոտախտի կարիք չկա, մինչդեռ այստեղ՝ առաջին նախադասության մեջ, Նա հարցեր է տալիս մարդկանց և ստիպում վերհիշել անցյալը։ Մտածե՛ք այդ մասին. ինչո՞ւ է Աստված պահանջում, որ մարդիկ կարոտախտով չլցվեն անցյալի հանդեպ, բայց նաև վերհիշեն անցյալը։ Կարո՞ղ է արդյոք սխալ լինել Աստծու խոսքերում։ Կարո՞ղ է արդյոք այս խոսքերի աղբյուրը սխալ լինել։ Բնականաբար, նրանք, ովքեր ուշադրություն չեն դարձնում Աստծու խոսքերին, նման խորիմաստ հարցեր չէին տա։ Բայց առայժմ դրա մասին խոսելու կարիք չկա։ Նախ՝ թույլ տվեք բացատրել վերոնշյալ առաջին հարցը՝ «ինչու»-ն։ Իհարկե, բոլորը գիտեն, որ Աստված ասել է՝ Ինքը դատարկ խոսքեր չի ասում։ Երբ խոսքերն արտաբերվում են Աստծու բերանից, դրանք ունեն նպատակ և նշանակություն. սա շոշափում է հարցի բուն էությունը։ Մարդկանց ամենամեծ ձախողումն իրենց չար սովորությունները փոխելու անկարողությունն է և իրենց հին բնության համառությունը։ Որպեսզի բոլոր մարդիկ իրենց ավելի հանգամանորեն և իրատեսորեն ճանաչեն, Աստված նախ առաջնորդում է նրանց վերհիշելու անցյալը, որպեսզի կարողանան ավելի խորապես քննել իրենց և այդպիսով իմանալ, որ Աստծու խոսքերից ոչ մեկը դատարկ չէ, և որ Աստծու բոլոր խոսքերը տարբեր մարդկանց մեջ տարբեր աստիճաններով են իրագործվում։ Անցյալում Աստծու՝ մարդկանց էտելու եղանակը նրանց մի փոքր ճանաչողություն տվեց Աստծու մասին և նրանց «անկեղծությունն» Աստծու հանդեպ մի փոքր ավելի սրտանց դարձրեց։ «Աստված» բառը զբաղեցնում է մարդկանց և նրանց սրտերի ընդամենը 0,1 տոկոսը։ Այսքանին հասնելը ցույց է տալիս, որ Աստված հսկայական չափով փրկություն է իրականացրել։ Կարելի է արդարացիորեն ասել, որ Աստծու կողմից այսքան բանի իրագործումն այս մարդկանց խմբի մեջ՝ մի խումբ, որը շահագործվում է մեծ կարմիր վիշապի կողմից և գրավված է Սատանայի կողմից, այնպիսին է, որ նրանք չեն համարձակվում պարզապես անել այն, ինչ կամենում են։ Դա այն պատճառով է, որ Աստծու համար անհնար է հարյուր տոկոսով գրավել նրանց սրտերը, ովքեր գրավվել են Սատանայի կողմից։ Հաջորդ քայլի ընթացքում Աստծու հանդեպ մարդկանց ճանաչողությունը մեծացնելու նպատակով Աստված անցյալի՝ ծառայություն մատուցողների իրադրությունը համեմատում է Աստծու մարդկանց այսօրվա իրադրության հետ՝ այդպիսով ստեղծելով հստակ հակադրություն, որը մարդկանց ստիպում է անտանելի ամոթ զգալ։ Ինչպես Աստված ասաց, «ձեր ամոթը թաքցնելու տեղ չունեք»։
Ուրեմն, ինչո՞ւ Ես ասացի, որ Աստված պարզապես հարցնելու համար չէ, որ հարցեր է տալիս։ Սկզբից մինչև վերջ ուշադիր կարդալը ցույց է տալիս, որ թեև Աստծու տված հարցերն ամեն ինչ չեն մատնանշել, դրանք բոլորն էլ վերաբերում են Աստծու հանդեպ մարդկանց հավատարմության և Աստծու մասին ճանաչողության աստիճանին. այլ կերպ ասած՝ դրանք վերաբերում են մարդկանց փաստացի իրադրություններին, որոնք ողորմելի են, և որոնց մասին նրանց համար դժվար է բացեիբաց խոսել։ Սրանից կարելի է տեսնել, որ մարդկանց հասակը չափազանց չնչին է, որ Աստծու մասին նրանց ճանաչողությունը չափազանց մակերեսային է, իսկ Նրա հանդեպ նրանց հավատարմությունը՝ չափազանց արատավորված և անմաքուր։ Ինչպես Աստված ասաց, գրեթե բոլոր մարդիկ պարզապես ձևականորեն են գործում՝ հանուն անձնական շահի, և ներկա են միայն քանակ ապահովելու համար։ Երբ Աստված ասում է. «Արդյոք իսկապես հավատո՞ւմ եք, որ որակավորված չեք՝ Իմ մարդիկ լինելու համար», այս խոսքերի ճշմարիտ իմաստն այն է, որ բոլոր մարդկանցից ոչ մեկը պիտանի չէ Աստծու ժողովուրդը լինելու համար։ Բայց ավելի մեծ ազդեցության հասնելու համար Աստված օգտագործում է հարցեր տալու մեթոդը։ Այս մեթոդը շատ ավելի արդյունավետ է, քան անցյալի խոսքերը, որոնք անխղճորեն հարվածում էին, կտոր-կտոր անում և սպանում մարդկանց՝ մինչև իսկ խոցելով նրանց սրտերը։ Ենթադրենք, թե Աստված ուղղակիորեն ասեր տաղտկալի և անհամ մի բան, ինչպես օրինակ՝ «Ինձ հավատարիմ չեք, իսկ ձեր հավատարմությունն արատավորված է, Ես ամենևին էլ բացարձակ տեղ չեմ զբաղեցնում ձեր սրտերում… Ես ձեզ այնքան ամոթահար կթողնեմ, որ երես չունենաք ցույց տալու, քանզի ձեզնից ոչ մեկը բավարար չէ Իմ ժողովուրդը լինելու համար»։ Կարող եք համեմատել այս երկուսը, որտեղ բովանդակությունը մնում է նույնը, բայց հնչերանգը տարբերվում է, և կտեսնեք, որ հարցական հնչերանգ օգտագործելն ավելի արդյունավետ է։ Ուստի իմաստուն Աստված կիրառում է առաջին հնչերանգը, ինչը ցույց է տալիս այն վարպետությունը, որով Նա խոսում է։ Սա անհասանելի է մարդուն, ուստի զարմանալի չէ, որ Աստված ասաց. «Մարդիկ ընդամենն անոթներ են, որոնք օգտագործվում են Իմ կողմից։ Նրանց միջև միակ տարբերությունն այն է, որ ոմանք նվաստ են, իսկ ոմանք՝ թանկագին»։
Երբ շարունակում ենք կարդալ, հաջորդում են Աստծու խոսքերը, որոնցից յուրաքանչյուրը սերտորեն կապված է հաջորդին, և մարդկանց անգամ շունչ քաշելու հնարավորություն չեն տալիս, քանզի Աստված բնավ չի խնայում մարդուն։ Երբ մարդիկ ծայրահեղ ափսոսանք են զգում, Աստված ևս մեկ անգամ նախազգուշացնում է նրանց. «Եթե միանգամայն անտարբեր եք վերոնշյալ հարցերի հանդեպ, ապա սա բավական է ցույց տալու համար, որ միայն անձնական շահ ես հետապնդում, որ ներկա ես` միայն քանակ ապահովելու համար, և Իմ նախասահմանած ժամին անպայման դուրս կթողնվես ու երկրորդ անգամ կնետվես անհատակ անդունդը։ Սրանք Իմ նախազգուշացման խոսքերն են, և ովքեր դրանց թեթևամտորեն կվերաբերվեն, Իմ դատաստանի հարվածը կստանան և նշանակված ժամին կբախվեն աղետի»։ Կարդալով նման խոսքեր՝ մարդիկ չեն կարող չմտածել այն ժամանակի մասին, երբ ընկան անհատակ անդունդը. աղետի սպառնալիքի տակ, կառավարվելով Աստծու կառավարչական հրամանագրերով, երբ իրենց էր սպասում իրենց իսկ ելքը, երկար ժամանակ զգալով անհանգստություն, ընկճվածություն, անհարմարություն, անկարող լինելով որևէ մեկին պատմել իրենց սրտերում ապրող թախծի մասին. սրա համեմատ՝ նրանք զգում էին, որ ավելի լավ կլիներ` իրենց մսեղին մաքրագործվեր… Երբ նրանց մտքերը հասնում են այս կետին, նրանք չեն կարող սրտի կսկիծ չզգալ։ Մտածելով, թե ինչպիսին էին անցյալում, ինչպիսին են այսօր և ինչպիսին կլինեն վաղը, նրանց սրտերում անհանգստությունը մեծանում է, նրանք ակամա սկսում են դողալ և այդպիսով ավելի են վախենում Աստծու կառավարչական հրամանագրերից։ Երբ նրանց մտքով անցնում է, որ «Աստծու մարդիկ» եզրույթը նույնպես կարող է պարզապես խոսելու միջոց լինել, նրանց սրտերի ուրախությունն անմիջապես վերածվում է անհանգստության։ Աստված օգտագործում է նրանց ճակատագրական թերությունը՝ նրանց հարվածելու համար, և այս պահին Նա սկսում է Իր գործի հաջորդ քայլը՝ պատճառ դառնալով, որ մարդկանց նյարդերը մշտապես գրգռված լինեն, և մեծացնելով նրանց զգացումն առ այն, որ Աստծու գործերն անըմբռնելի են, որ Աստված անհասանելի է, որ Աստված սուրբ է և անբասիր, և որ իրենք պիտանի չեն Աստծու մարդիկ լինելու համար։ Որպես արդյունք՝ նրանք կրկնապատկում են իրենց ջանքերը՝ ինքնակատարելագործվելու համար՝ չհամարձակվելով հետ մնալ։
Այնուհետև, որպեսզի մարդիկ դաս քաղեն և ճանաչեն իրենց, երկյուղեն Աստծուց և վախենան Աստծուց, Աստված սկսում է Իր նոր ծրագիրը. «Արարչագործության ժամանակներից մինչև այսօր շատ մարդիկ ըմբոստացել են Իմ խոսքերի դեմ և այդպիսով լքվել ու դուրս են թողնվել Իմ վերականգնման հոսքի կողմից. ի վերջո, նրանց մարմինները կորչում են, իսկ հոգիները՝ նետվում Հադես, և նույնիսկ այսօր նրանք դեռ ենթարկվում են ծանր պատժի։ Շատ մարդիկ հետևել են Իմ խոսքերին, բայց դեմ են գնացել Իմ լուսավորությանն ու պայծառացմանը… և ոմանք…»։ Սրանք իրական օրինակներ են։ Այս խոսքերով Աստված ոչ միայն գործնական նախազգուշացում է տալիս Աստծու բոլոր մարդկանց, որպեսզի նրանք ճանաչեն Աստծու գործերը դարերի ընթացքում, այլև անուղղակիորեն նկարագրում է այն ամենի մի մասը, ինչ տեղի է ունենում հոգևոր ոլորտում։ Սա թույլ է տալիս մարդկանց իմանալ, որ եթե ապստամբեն Աստծու դեմ, դրանից ոչ մի լավ բան դուրս չի գա, և կդառնան ամոթի հավերժական խարան, և կդառնան Սատանայի մարմնավորումն ու Սատանայի կրկնօրինակը։ Աստծու սրտում իմաստային այս կողմը երկրորդական նշանակություն ունի, քանզի այս խոսքերն արդեն մարդկանց հասցրել են այն վիճակին, որ նրանք դողում են և չգիտեն՝ ինչ անել։ Սրա դրական կողմն այն է, որ երբ մարդիկ դողում են վախից, նրանք նաև որոշ մանրամասներ են իմանում հոգևոր ոլորտի մասին, բայց միայն որոշ չափով, ուստի Ես պետք է մի փոքր բացատրություն տամ։ Հոգևոր ոլորտի դարպասից կարելի է տեսնել, որ այնտեղ կան ամեն տեսակ հոգիներ։ Սակայն ոմանք Հադեսում են, ոմանք՝ դժոխքում, ոմանք՝ կրակի լճում, իսկ ոմանք էլ՝ անհատակ անդունդում։ Այստեղ ես մի փոքր լրացում կկատարեմ։ Արտաքինից ելնելով՝ այս հոգիները կարելի է բաժանել ըստ վայրի. սակայն, եթե ավելի մանրամասն խոսենք, ոմանք անմիջականորեն ենթարկվում են Աստծու պատիժը հենց այս հանդիմանության ընթացքում, իսկ ոմանք Սատանայի կապանքներում են, որին Աստված օգտագործում է։ Ավելի հստակ՝ նրանց պատիժը տարբերվում է՝ կախված նրանց հանգամանքների ծանրությունից։ Այս պահին թույլ տվեք մի փոքր ավելին բացատրել։ Նրանք, ովքեր անմիջականորեն պատժվում են Աստծու ձեռքով, երկրի վրա հոգի չունեն, ինչը նշանակում է, որ նրանք վերածնվելու հնարավորություն չունեն։ Սատանայի իշխանության տակ գտնվող հոգիները՝ այն թշնամիները, որոնց մասին Աստված խոսում է, երբ ասում է «դարձել են Իմ թշնամիները», կապված են երկրային հարցերի հետ։ Երկրի վրայի բազմազան չար հոգիները բոլորն Աստծու թշնամիներն են՝ Սատանայի ծառաները, և նրանց գոյության պատճառը ծառայություն մատուցելն է, որպեսզի նրանք հակադրություն լինեն Աստծու գործերի համար։ Ուստի Աստված ասում է. «Այս մարդիկ ոչ միայն գերեվարվել են Սատանայի կողմից, այլև դարձել են հավերժական մեղավորներ ու Իմ թշնամիները, և նրանք ուղղակիորեն հակադրվում են Ինձ»։ Այնուհետև Աստված ասում է մարդկանց, թե ինչպիսի ելք կա այս տեսակի հոգու համար. «Նրանք Իմ դատաստանի առարկաներն են Իմ ցասման գագաթնակետին»։ Աստված նաև պարզաբանում է նրանց ներկա իրադրությունները. «Այսօր նրանք դեռ կույր են, դեռևս մութ զնդաններում»։
Որպեսզի ցույց տա մարդկանց Աստծու խոսքերի ճշմարտացիությունը, Աստված որպես ապացույց օգտագործում է իրական օրինակ (Պողոսի դեպքը, որի մասին Նա խոսում է), որպեսզի Իր նախազգուշացումն ավելի խոր տպավորություն թողնի մարդկանց վրա։ Որպեսզի մարդիկ Պողոսի մասին ասվածին չվերաբերվեն որպես պատմության, և որպեսզի կանխի, որ նրանք իրենց կողմնակի դիտորդ համարեն, և ավելին, որպեսզի թույլ չտա նրանց պարծենալ հազարավոր տարիներ առաջ ապրած մարդկանց գործերով, որոնց մասին նրանք իմացել են Աստծուց, Աստված չի կենտրոնանում Պողոսի ողջ կյանքի փորձառությունների վրա։ Փոխարենն Աստված կենտրոնանում է Պողոսի կրած հետևանքների և այն բանի վրա, թե ինչպիսի ելք ունեցավ նա, այն պատճառի վրա, թե ինչու Պողոսը հակադրվեց Աստծուն, և թե ինչպես Պողոսն ունեցավ այնպիսի վախճան, ինչպիսին ունեցավ։ Այն, ինչի վրա Աստված կենտրոնանում է, այն է, թե ինչպես ի վերջո Նա կտրականապես մերժեց Պողոսի իղձերն ու հույսերը և ուղղակիորեն բացահայտեց Պողոսի իրադրությունը հոգևոր ոլորտում. «Պողոսն ուղղակիորեն պատժվում է Աստծու կողմից»։ Քանի որ մարդիկ բթացած են և ընդունակ չեն ընկալելու Աստծու խոսքերից որևէ բան, Աստված հավելում է բացատրություն (արտահայտման հաջորդ մասը) և սկսում է խոսել մեկ այլ կողմի առնչվող հարցի մասին. «Ով հակադրվում է Ինձ (հակադրվելով ոչ միայն Իմ մսեղիին, այլ, որ ավելի կարևոր է, Իմ խոսքերին և Իմ Հոգուն, այսինքն՝ Իմ աստվածայնությանը), ստանում է Իմ դատաստանն իր մսեղիում»։ Թեև արտաքուստ այս խոսքերը թվում է, թե կապ չունեն վերևում նշվածների հետ, և կարծես թե որևէ փոխկապակցվածություն չկա երկուսի միջև, մի՛ անհանգստացեք. Աստված ունի Իր սեփական նպատակները։ «Վերոնշյալ օրինակն ապացուցում է, որ» պարզ խոսքերն օրգանապես միավորում են երկու, առաջին հայացքից իրար հետ կապ չունեցող հարցեր. սա հենց Աստծու խոսքերի հանճարեղությունն է։ Այսպիսով, մարդիկ լուսավորվում են Պողոսի պատմության միջոցով և ուստի նախորդ և հաջորդ տեքստերի միջև կապի շնորհիվ, Պողոսի տված դասի միջոցով նրանք է՛լ ավելի են ձգտում ճանաչել Աստծուն, ինչը հենց այն ազդեցությունն է, որն Աստված ցանկանում էր ունենալ այդ խոսքերն ասելիս։ Այնուհետև Աստված ասում է որոշ խոսքեր, որոնք օգնություն և լուսավորություն են տրամադրում մարդկանց կյանքի մուտքի համար։ Ես կարիք չունեմ խոսելու այս մասին. դու կզգաս, որ այս բաները հեշտ է հասկանալ։ Այն, ինչ Ես պետք է բացատրեմ, սակայն, այն է, երբ Աստված ասում է. «Երբ Ես աշխատում էի Իմ բնականոն մարդկայնությամբ, մարդկանց մեծ մասը «մրցում էր» Իմ ցասման ու մեծափառության հետ և մի փոքր գիտեր Իմ իմաստության ու բնույթի մասին։ Այսօր Ես խոսում ու գործում եմ անմիջականորեն աստվածայնությամբ, և դեռ կան որոշ մարդիկ, որոնք իրենց սեփական աչքերով կտեսնեն Իմ ցասումն ու դատաստանը. ավելին՝ դատաստանի դարաշրջանի երկրորդ մասի հիմնական գործն այն է, որ Իմ բոլոր մարդիկ անմիջականորեն ճանաչեն Իմ գործերը մսեղիում, և որ դուք բոլորդ անմիջականորեն տեսնեք Իմ բնույթը»։ Այս մի քանի խոսքերը եզրափակում են Աստծու՝ բնականոն մարդկայնությամբ կատարվող գործը և պաշտոնապես սկսում են դատաստանի դարաշրջանի Աստծու գործի երկրորդ մասը, որն իրականացվում է աստվածայնությամբ, և կանխագուշակում են մարդկանց մի խմբի ելքը։ Այստեղ արժե բացատրել, որ Աստված մարդկանց չասաց, որ սա դատաստանի դարաշրջանի երկրորդ մասն է, այն ժամանակ, երբ նրանք դարձան Աստծու մարդիկ։ Փոխարենը Նա միայն բացատրում է, որ սա դատաստանի դարաշրջանի երկրորդ մասն է, այն բանից հետո, երբ մարդկանց պատմում է այս ժամանակահատվածում Աստծու մտադրությունների և այն նպատակների մասին, որոնց Աստված ցանկանում է հասնել դրա ընթացքում, և երկրի վրա Աստծու գործի վերջին քայլի մասին։ Ավելորդ է ասել, որ սրանում նույնպես Աստծու իմաստությունն է դրսևորվում։ Երբ մարդիկ նոր են վեր կացել իրենց հիվանդության մահճից, միակ բանը, որ նրանց հուզում է, այն է, թե արդյոք կմահանան, թե ոչ, կամ արդյոք իրենց հիվանդությունը կարող է հեռացվել իրենց մարմնից, թե ոչ։ Նրանք ուշադրություն չեն դարձնում այն բանին, թե արդյոք քաշ կհավաքեն, թե արդյոք ճիշտ հագուստ կկրեն։ Ուստի միայն այն ժամանակ, երբ մարդիկ լիովին հավատում են, որ իրենք Աստծու մարդիկ են, Աստված քայլ առ քայլ խոսում է Իր պահանջների մասին և ասում մարդկանց, թե որն է այսօրվա ընթացիկ դարաշրջանը։ Դա այն պատճառով է, որ միայն մի քանի օր ապաքինվելուց հետո են մարդիկ սկսում էներգիա ունենալ՝ հետաքրքրվելու Աստծու տնօրինման քայլերով, և ուստի սա է ամենահարմար ժամանակը՝ նրանց ասելու համար։ Միայն այն բանից հետո, երբ մարդիկ հասկանում են, նրանք սկսում են վերլուծել. «Քանի որ սա դատաստանի դարաշրջանի երկրորդ մասն է, Աստծու պահանջներն ավելի խիստ են դարձել, և ես դարձել եմ Աստծու մարդկանցից մեկը»։ Ճիշտ է այսպես վերլուծելը, և վերլուծության այս եղանակը հասանելի է մարդուն. ահա թե ինչու Աստված կիրառում է խոսելու այս մեթոդը։
Երբ մարդիկ մի փոքր հասկանում են, Աստված ևս մեկ անգամ մուտք է գործում հոգևոր ոլորտ՝ խոսելու համար, և ուստի նրանք ևս մեկ անգամ դարանի մեջ են ընկնում։ Այս հարցերի շարքի ընթացքում բոլորը շփոթված գլուխներն են քորում՝ չիմանալով, թե որն է Աստծու նպատակը, չիմանալով, թե Աստծու հարցերից որին պատասխանել, առավել ևս չիմանալով, թե ինչ խոսքեր օգտագործել՝ Աստծու հարցերին պատասխանելու համար։ Մարդ չգիտի՝ ծիծաղի, թե լաց լինի։ Մարդկանց թվում է, թե այս խոսքերը կարող են շատ խորիմաստ խորհուրդներ պարունակել, բայց փաստերը ճիշտ հակառակն են։ Լավ կլինի, որ Ես այստեղ մի փոքր բացատրություն հավելեմ քեզ համար. դա հանգիստ կտա քո ուղեղին, և կզգաս, որ սա պարզ բան է, ու այլևս չես մտածի դրա մասին։ Իրականում, թեև խոսքերը շատ են, դրանք պարունակում են միայն մեկ նպատակ, որ Աստված ունի. այս հարցերի միջոցով ձեռք բերել մարդկանց հավատարմությունը։ Սակայն նպատակահարմար չէ սա ուղղակիորեն ասել, ուստի Աստված ևս մեկ անգամ հարցեր է կիրառում։ Այն հնչերանգը, որով Նա խոսում է, սակայն, առանձնապես մեղմ է՝ միանգամայն տարբերվելով սկզբնականից։ Թեև նրանք հարցաքննվում են Աստծու կողմից, այս տեսակ հակադրությունը մարդկանց որոշակի թեթևացում է բերում։ Լավ կլինի, որ հերթով կարդաս յուրաքանչյուր հարցը. մի՞թե անցյալում այս բաներին հաճախ չէր անդրադարձ կատարվում։ Այս մի քանի պարզ հարցերում ներառված բովանդակությունը չափազանց հարուստ է։ Դրանցից որոշները մարդկանց մտածելակերպի նկարագրությունն են. «Արդյոք պատրա՞ստ եք վայելելու կյանքը երկրի վրա, որը նման է երկնայինին»։ Որոշները մարդկանց «ռազմիկի երդումն» են, որը նրանք տալիս են Աստծու առաջ. «Արդյոք իսկապես ի վիճակի՞ եք թույլ տալու, որ Ես ձեզ մահվան մատնեմ և առաջնորդեմ ձեզ, ինչպես ոչխարների»։ Իսկ դրանցից մի քանիսն Աստծու պահանջներն են մարդու հանդեպ. «Եթե Ես ուղղակիորեն չխոսեի, կարո՞ղ էիր արդյոք լքել քեզնից դուրս եղած ամեն ինչ և թույլ տալ, որ Ես օգտագործեմ քեզ։ Մի՞թե սա չէ այն իրականությունը, որ Ես պահանջում եմ…»։ Դրանք նաև ներառում են մարդուն ուղղված Աստծու հորդորներն ու հավաստիացումները. «Սակայն Ես խնդրում եմ, որ այլևս չծանրաբեռնվեք կասկածներով, որ դրական մոտեցում ցուցաբերեք ձեր մուտքի հարցում և ամենայն խորությամբ ըմբռնեք Իմ խոսքերը, որպեսզի սխալ չհասկանաք Իմ խոսքերը, Իմ մտադրությունն անհասկանալի չլինի ձեզ համար, և այդպիսով չխախտեք Իմ կառավարչական հրամանագրերը։ Հուսով եմ, որ Իմ խոսքերում կընկալեք ձեզ համար ունեցած Իմ մտադրությունները։ Այլևս մի՛ մտածեք ձեր սեփական հեռանկարների մասին և գործեք այնպե՛ս, ինչպես վճռել եք Իմ առաջ, լիովին անձնատուր լինելով Աստծու տնօրինությանն ամեն ինչում»։ Վերջին հարցը խոր իմաստ ունի։ Այն մտածելու տեղիք է տալիս, դրոշմվում է մարդկանց սրտերում և դժվար է մոռացվում՝ անդադար հնչելով նրանց ականջների մոտ գտնվող զանգի պես…
Վերոնշյալը մի քանի բացատրական խոսքեր են, որպեսզի օգտագործես որպես ուղեցույց։