Գլուխ 3
Այսօր այլևս Շնորհքի դարաշրջանը չէ, ոչ էլ ողորմության դարաշրջանը, այլ Թագավորության դարաշրջանն է, որում բացահայտվում է Աստծու ժողովուրդը, այն դարաշրջանը, որում Աստված գործերն անում է ուղղակիորեն աստվածայնության միջոցով։ Ուստի Աստծու խոսքերի այս գլխում Աստված բոլոր նրանց, ովքեր ըմբռնում են Իր խոսքերը, առաջնորդում է դեպի հոգևոր ոլորտ։ Բացման պարբերության մեջ Նա նախապես այս նախապատրաստություններն է անում, և եթե մարդն Աստծու խոսքերի ճանաչողություն ունի, ապա թելը բռնելով՝ կհասնի վերջնակետին և ուղղակիորեն կընկալի, թե ինչ է Աստված մտադիր իրագործել Իր ժողովրդի մեջ։ Նախկինում մարդիկ փորձվում էին «ծառայություն մատուցողներ» անվանման կիրառմամբ, իսկ այսօր, երբ ենթարկվել են փորձությանը, նրանց կրթումը պաշտոնապես սկսվում է։ Բացի դրանից՝ մարդիկ պետք է ունենան Աստծու գործի ավելի մեծ ճանաչողություն՝ հիմնված անցյալի խոսքերի հիմքի վրա, և պետք է խոսքերին ու անձին և Հոգուն ու անձին նայեն որպես մեկ անբաժանելի ամբողջություն՝ որպես մեկ բերան, մեկ սիրտ, մեկ գործողություն և մեկ աղբյուր։ Այս պահանջն ամենաբարձր պահանջն է, որն Աստված դրել է մարդու առջև արարչագործությունից ի վեր։ Սրանից կարելի է տեսնել, որ Աստված մտադիր է Իր ջանքերի մի մասը ծախսել Իր մարդկանց վրա, որ Նա մտադիր է որոշ նշաններ և հրաշքներ ցուցադրել նրանց մեջ, և, որ ավելի կարևոր է, Նա մտադիր է բոլոր մարդկանց հնազանդեցնել Աստծու գործի և խոսքերի ամբողջությանը։ Մի կողմից՝ Աստված Ինքն է պահպանում Իր վկայությունը, իսկ մյուս կողմից՝ Նա պահանջներ է դրել Իր մարդկանց առջև և ուղղակիորեն արձակել է Աստծու կառավարչական հրամանագրերը բազմություններին. ուստի քանի որ Իմ ժողովուրդն եք կոչվում, իրողություններն այլևս նախկինի պես չեն. պետք է հնազանդվեք և ականջ դնեք Իմ Հոգու արտահայտումներին ու սերտորեն հետևեք Իմ գործին. չպետք է տարանջատեք Իմ Հոգին և Իմ մսեղին, քանզի Մենք ի բնե մեկ ենք և բնությամբ՝ անբաժանելի։ Որպեսզի կանխվի մարդկանց՝ մարմնացած Աստծուն անտեսելը, սրանում կրկին շեշտադրվում են «քանզի Մենք ի բնե մեկ ենք և բնույթով՝ անբաժանելի» խոսքերը, քանի որ նման անտեսումը մարդու թերացումն է, սա ևս մեկ անգամ նշվում է Աստծու կառավարչական հրամանագրերում։ Այնուհետև Աստված տեղեկացնում է մարդկանց Աստծու կառավարչական հրամանագրերը խախտելու հետևանքների մասին՝ առանց որևէ բան թաքցնելու՝ ասելով. «Նրանք կորուստ կկրեն և միայն ի վիճակի կլինեն խմելու իրենց իսկ դառը բաժակից»։ Մարդու թուլության պատճառով այս խոսքերը լսելուց հետո նա չի կարող Աստծու հանդեպ իր սրտում ավելի զգուշավոր չդառնալ, քանզի «դառը բաժակը» բավական է, որ մարդիկ որոշ ժամանակ խորհեն։ Մարդիկ բազմաթիվ մեկնաբանություններ ունեն այս «դառը բաժակի» վերաբերյալ, որի մասին Աստված խոսում է. խոսքերով դատվելը կամ թագավորությունից վտարվելը կամ որոշ ժամանակով մեկուսացվելը կամ սեփական մսեղիի՝ Սատանայի կողմից ապականված և չար ոգիներով համակված լինելը կամ Աստծու Հոգու կողմից լքված լինելը կամ սեփական մսեղիի ոչնչացումը և մսեղիի՝ հանդերձյալ աշխարհ ընկնելը։ Այս մեկնաբանություններն այն են, ինչին կարող է հասնել մարդկանց մտածողությունը, և ուստի իրենց երևակայության մեջ մարդիկ անկարող են դրանցից այն կողմ անցնել։ Բայց Աստծու մտքերը նման չեն մարդու մտքերին, այսինքն՝ «դառը բաժակը» չի վերաբերում վերոնշյալ բաներից որևէ մեկին, այլ Աստծու մասին մարդկանց ճանաչողության աստիճանին՝ Աստծու էտումը ստանալուց հետո։ Ավելի պարզ ասած՝ երբ ինչ-որ մեկը կամայականորեն տարանջատում է Աստծու Հոգին և նրա խոսքերը կամ տարանջատում է խոսքերն ու անձը կամ Հոգին և այն մսեղին, որով Նա զգեստավորվում է, այս մարդը ոչ միայն անկարող է Աստծու խոսքերում ճանաչել Աստծուն, այլև փոքր-ինչ կասկածամիտ է դառնում Աստծու հանդեպ, և այդ պահից սկսած՝ ամեն քայլափոխի կուրանում է։ Մարդկանց պատկերացրածի պես չէ, թե նրանք ուղղակիորեն վերացվում են. ավելի շուտ, աստիճանաբար ընկնում են Աստծու հանդիմանության մեջ, ինչը նշանակում է, որ իջնում են մեծ աղետների մեջ, և ոչ ոք չի կարող համատեղելի լինել նրանց հետ, կարծես նրանք համակված են եղել չար ոգիներով, և կարծես անգլուխ ճանճ են՝ բախվելով իրերին, ուր էլ որ գնան։ Չնայած սրան՝ դեռևս անկարող են հեռանալ։ Նրանց սրտերում ամեն ինչ աննկարագրելիորեն դժվար է, կարծես անասելի տառապանք կա նրանց սրտերում, սակայն նրանք չեն կարողանում բացել իրենց բերանները, և ողջ օրն անցկացնում են թմբիրի մեջ՝ անկարող լինելով զգալ Աստծուն։ Այս հանգամանքներում Աստծու կառավարչական հրամանագրերը սպառնում են նրանց, ուստի նրանք չեն համարձակվում հեռանալ «եկեղեցուց»՝ չնայած ոչ մի վայելք չունենալուն. սա այն է, ինչ կոչվում է «ներքին և արտաքին հարձակում», և մարդկանց համար սարսափելի դժվար է տանել դա։ Այն, ինչ ասվել է այստեղ, տարբերվում է մարդկանց պատկերացումներից,. և դա այն պատճառով է, որ այդ հանգամանքներում նրանք դեռ գիտեն փնտրել Աստծուն, և սա տեղի է ունենում, երբ Աստված երես է թեքում նրանցից, և ավելի կարևորն այն է, որ ճիշտ ինչպես անհավատը, նրանք լիովին անկարող են զգալ Աստծուն։ Աստված ուղղակիորեն չի փրկում նման մարդկանց․ երբ նրանց դառը բաժակը դատարկվում է, դա այն ժամանակն է, երբ նրանց վերջին օրը հասել է։ Բայց այս պահին դեռ փնտրում են Աստծու մտադրությունները՝ ցանկանալով շարունակել վայելել, սակայն այս անգամը տարբերվում է անցյալից, եթե չկան հատուկ հանգամանքներ։
Սրանից հետո Աստված ևս մեկ անգամ բոլոր մարդկանց բացատրում է դրական կողմը, և այսպիսով՝ նրանք ևս մեկ անգամ կյանք են ձեռք բերում, քանզի անցյալում Աստված ասաց, որ ծառայություն մատուցողներն ընդհանրապես կյանք չունեն, բայց այսօր Աստված հանկարծ խոսում է «ներսի կյանքի» մասին։ Միայն կյանքի մասին խոսելով են մարդիկ իմանում, որ իրենց ներսում դեռ կարող է լինել Աստծու կյանքը։ Այս կերպ նրանց սերն Աստծու հանդեպ մի քանի աստիճանով աճում է, և նրանք Աստծու սիրառատ բարության ու ողորմության ավելի մեծ ճանաչողություն են ձեռք բերում։ Ուստի այս խոսքերը կարդալուց հետո բոլոր մարդիկ ապաշխարում են իրենց նախկին սխալների համար և թաքուն ապաշխարության արցունքներ թափում։ Մարդկանց մեծ մասը նաև լուռ որոշում է, որ պետք է բավարարի Աստծուն։ Երբեմն Աստծու խոսքերը խոցում են մարդկանց սրտերի ամենախորքերը՝ մարդկանց համար դժվարացնելով դրանք ընդունելը և խաղաղվելը։ Երբեմն Աստծու խոսքերն անկեղծ են ու լուրջ և ջերմացնում են մարդկանց սրտերն այնպես, որ դրանք կարդալուց հետո մարդիկ իրենց զգում են այն գառի պես, որը երկար տարիներ կորած լինելուց հետո նորից տեսնում է իր մորը։ Արցունքները լցնում են նրանց աչքերը, նրանք համակվում են հույզերով և անդիմադրելու ցանկություն ունեն իրենց գցելու Աստծու գիրկը՝ հեկեկալով և ազատություն տալով այն աննկարագրելի ցավին, որը երկար տարիներ եղել է նրանց սրտերում, որպեսզի ցույց տան իրենց հավատարմությունն Աստծուն։ Մի քանի ամիս տևած փորձության պատճառով նրանք փոքր-ինչ գերզգայուն են դարձել, կարծես նրանց նյարդերը նոր են գրգռվել, ինչպես տարիներ շարունակ մահճակալին գամված հաշմանդամինը։ Նրանց Աստծու խոսքերի հանդեպ իրենց հավատի մեջ անսասան դարձնելու համար Աստված բազմիցս շեշտում է հետևյալ խոսքերը. «Որպեսզի Իմ գործի հաջորդ քայլն ընթանա սահուն կերպով և առանց խոչընդոտի, Ես կիրառում եմ խոսքերի զտումը՝ փորձելու բոլոր նրանց, ովքեր Իմ տանն են»։ Այստեղ Աստված ասում է. «փորձելու բոլոր նրանց, ովքեր Իմ տանն են». ուշադիր ընթերցումը մեզ հուշում է, որ երբ մարդիկ գործում են որպես ծառայություն մատուցողներ, դեռևս Աստծու տան մարդիկ են։ Ավելին՝ այս խոսքերը շեշտում են Աստծու ճշմարտացիությունը «Աստծու ժողովուրդ» կոչման հանդեպ՝ մարդկանց սրտերին որոշակի չափով մխիթարություն բերելով։ Եվ ուստի ինչո՞ւ է Աստված բազմիցս մատնանշում մարդկանց բազմաթիվ դրսևորումներն այն բանից հետո, երբ նրանք կարդացել են Աստծու խոսքերը, կամ երբ «Աստծու ժողովուրդ» կոչումը դեռ չէր բացահայտվել։ Արդյո՞ք դա միայն ցույց տալու համար է, որ Աստված այն Աստված է, որ դիտարկում է մարդու սրտի ամենախորքերը։ Սա պատճառի միայն մի մասն է, և այստեղ այն միայն երկրորդական կարևորություն ունի։ Աստված այդպես է վարվում, որպեսզի բոլոր մարդկանց լիովին համոզի, որպեսզի յուրաքանչյուր մարդ Աստծու խոսքերից ճանաչի իր սեփական անբավարարությունները և կյանքի վերաբերյալ իր նախկին թերությունները, և, որ ավելի կարևոր է, որպեսզի հիմք դնի գործի հաջորդ քայլի համար։ Մարդիկ կարող են ջանալ ճանաչել Աստծուն և ձգտել Աստծուն ընդօրինակելուն միայն ինքնաճանաչողության հիմքի վրա։ Այս խոսքերի շնորհիվ մարդիկ բացասական և պասիվ լինելուց փոխվում են դրականի և նախաձեռնողի, և սա հնարավորություն է տալիս, որ Աստծու գործի երկրորդ մասն արմատ գցի։ Կարելի է ասել, որ գործի այս քայլը որպես հիմք ունենալով՝ Աստծու գործի երկրորդ մասը դառնում է պարզ հարց՝ միայն չնչին ջանք պահանջելով։ Ուստի, երբ մարդիկ վտարում են իրենց սրտերի ներսում եղող դժբախտությունը և դառնում դրական ու նախաձեռնող, Աստված օգտվում է այս առիթից՝ Իր ժողովրդին այլ պահանջներ ներկայացնելու համար. «Իմ խոսքերն արձակվում և արտահայտվում են ցանկացած ժամանակ և վայրում, և այդպես էլ ինքներդ ձեզ պետք է ճանաչեք Իմ առջև բոլոր ժամանակներում։ Քանզի այսօրվա օրն ի վերջո տարբերվում է նախկինից, և այլևս հարցն այն չէ, որ բաներն իրագործվեն պարզապես այն պատճառով, որ ցանկանում ես։ Փոխարենը պետք է Իմ խոսքերի ուղղորդման ներքո ունակ լինես ճնշելու սեփական մարմինդ. պետք է Իմ խոսքերն օգտագործես որպես քո հենարան և չպետք է անխոհեմաբար գործես»։ Սրանում Աստված հիմնականում շեշտում է «Իմ խոսքերը». անցյալում նույնպես Նա բազմիցս անդրադարձել է «Իմ խոսքերին», և ուստի յուրաքանչյուր մարդ չի կարող որոշակի ուշադրություն չդարձնել դրան։ Այսպես մատնանշվում է Աստծու գործի հաջորդ քայլի առանցքը. բոլոր մարդիկ պետք է իրենց ուշադրությունը դարձնեն Աստծու խոսքերին և չպետք է այլ սերեր ունենան։ Բոլոր մարդիկ պետք է փայփայեն Աստծու բերանից ասված բոլոր խոսքերը և դրանց չպետք է ձևականորեն վերաբերվեն։ Այսպիսով՝ վերջ կդրվի եկեղեցու նախկին հանգամանքներին, երբ մեկ մարդ կարդում էր Աստծու խոսքերը, իսկ շատերն «ամեն» էին ասում և հնազանդվում։ Այն ժամանակ մարդիկ չգիտեին Աստծու խոսքերը, այլ դրանք որպես զենք էին ընդունում, որով կարող էին պաշտպանել իրենց։ Սա շրջելու համար Աստված նոր, ավելի բարձր պահանջներ է դնում երկրի վրա մարդու առջև։ Որպեսզի մարդիկ Աստծու բարձր չափանիշներն ու խիստ պահանջները տեսնելուց հետո չդառնան բացասական և պասիվ, Աստված բազմիցս քաջալերում է մարդկանց՝ ասելով. «Քանի որ ամեն ինչ հասել է այսօրվա իրավիճակին, դուք կարիք չունեք չափազանց վշտանալու և զղջալու անցյալի ձեր արարքների ու գործողությունների համար։ Իմ մեծահոգությունն անսահման է, ինչպես ծովերն ու երկինքը. ինչպե՞ս կարող էին մարդու կարողություններն ու Իմ մասին ճանաչողությունն Ինձ ծանոթ չլինել այնպես, ինչպես Իմ իսկ ձեռքի ափը»։ Այս լուրջ և անկեղծ խոսքերը հանկարծակի բացում են մարդկանց մտքերը և անմիջապես տանում նրանց հիասթափությունից դեպի առ Աստված սեըը, դեպի դրական և նախաձեռնող լինելը, քանզի Աստված խոսում է՝ կառչելով մարդկանց սրտերի ներսի թուլությանը։ Գրեթե առանց դա գիտակցելու՝ մարդիկ զգում են, որ իրենց անցյալի արարքները հիասթափեցրել են Աստծուն, և նորից ու նորից զղջում են արտահայտում։ Ուստի Աստված հայտնում է այս խոսքերը հատկապես բնական և նորմալ կերպով, որպեսզի մարդիկ չզգան, որ Աստծու խոսքերը կոշտ են ու ձանձրալի, այլ և՛ խիստ են, և՛ մեղմ, և՛ կենսունակ ու աշխույժ։
Արարչագործությունից մինչ օրս Աստված հոգևոր ոլորտից ամեն ինչ լուռ դասավորել է մարդու համար և երբեք մարդուն չի նկարագրել հոգևոր ոլորտի ճշմարտությունը։ Սակայն այսօր Աստված հանկարծակի ընդհանուր ակնարկ է տալիս դրանում մղվող ճակատամարտի մասին, ինչը բնականաբար շփոթեցնում է մարդկանց, խորացնում է նրանց զգացումն առ այն, որ Աստված խոր է ու անըմբռնելի, և է՛լ ավելի է դժվարացնում նրանց համար Աստծու խոսքերի ակունքը գտնելը։ Կարելի է ասել, որ հոգևոր ոլորտի պատերազմական վիճակը բոլոր մարդկանց տանում է դեպի հոգի։ Սա ապագայի գործի առաջին անփոխարինելի մասն է և այն բանալին, որը հնարավորություն է տալիս մարդկանց մտնելու հոգևոր ոլորտ։ Սրանից կարելի է տեսնել, որ Աստծու գործի հաջորդ քայլը հիմնականում իր կենտրոնացումը կտեղափոխի դեպի հոգին, որի առաջնային նպատակը բոլոր մարդկանց մսեղիի ներսում Աստծու Հոգու հրաշալի գործերի ավելի մեծ ճանաչողություն տալն է՝ դրանով իսկ Աստծուն հավատարիմ բոլոր մարդկանց Սատանայի հիմարության և բնության ավելի մեծ ճանաչողություն տալով։ Թեև նրանք հոգևոր ոլորտում չեն ծնվել, զգում են, կարծես տեսել են Սատանային, և հենց որ ունենում են այս զգացումը, Աստված անմիջապես անցնում է խոսելու մեկ այլ միջոցի. և հենց որ մարդիկ հասնում են այս մտածելակերպին, Աստված հարցնում է. «Ինչո՞ւ եմ Ես ձեզ վարժում նման հրատապությամբ։ Ինչո՞ւ եմ Ես ձեզ ասում հոգևոր ոլորտի փաստերը։ Ինչո՞ւ եմ Ես ձեզ հիշեցնում և հորդորում նորից ու նորից»։ Եվ այսպես շարունակ. հարցերի մի ամբողջ շարք, որոնք բազմաթիվ հարցեր են առաջացնում մարդկանց մտքերում. Ինչո՞ւ է Աստված խոսում այս տոնով։ Ինչո՞ւ է Նա խոսում հոգևոր ոլորտի հարցերի մասին, այլ ոչ թե մարդկանցից Իր պահանջների մասին, երբ եկեղեցին կառուցվում էր։ Ինչո՞ւ Աստված չի հարվածում մարդկանց պատկերացումներին՝ խորհուրդներ բացահայտելով։ Պարզապես փոքր-ինչ ավելի խոհեմ լինելով՝ մարդիկ Աստծու գործի քայլերի փոքր-ինչ ճանաչողություն են ձեռք բերում և այսպիսով, երբ ապագայում գայթակղությունների բախվեն, նրանց մեջ Սատանայի հանդեպ ատելության իրական զգացում կծնվի։ Եվ նույնիսկ երբ ապագայում բախվեն փորձությունների, դեռ ի վիճակի կլինեն ճանաչելու Աստծուն և ավելի խորապես գարշելու Սատանայից և այսպիսով՝ անիծելու Սատանային։
Վերջում Աստծու մտադրությունն ամբողջովին հայտնի է դարձվում մարդուն՝ «թույլ տալով, որ Իմ խոսքերից յուրաքանչյուրն արմատ գցի և ծաղկի ձեր հոգիներում, և, որ ավելի կարևոր է, ավելի շատ պտուղ տա։ Դա այն պատճառով է, որ այն, ինչ Ես պահանջում եմ, ոչ թե վառ, փարթամ ծաղիկներ են, այլ առատ պտուղ, պտուղ, որը չի փչանում»։ Իր մարդկանց հանդեպ Աստծու բազմակի պահանջներից սա ամենահամապարփակն է, այն կենտրոնական կետն է և առաջ է քաշվում ուղղակի կերպով։ Ես բնականոն մարդկայնությամբ գործելուց անցում եմ կատարել լիակատար աստվածայնությամբ գործելուն. ուստի անցյալում Իմ պարզ ու հասկանալի խոսքերում Ինձ համար որևէ լրացուցիչ բացատրություն ավելացնելու կարիք չկար, և մարդկանց մեծամասնությունն ի վիճակի էր հասկանալու Իմ խոսքերի իմաստը։ Արդյունքն այն էր, որ այն ժամանակ պահանջվում էր միայն, որ մարդիկ իմանային Իմ խոսքերը և ի վիճակի լինեին խոսելու իրականության մասին։ Այս քայլը, սակայն, չափազանց տարբեր է։ Իմ աստվածայնությունն ամբողջովին վերցրել է իշխանությունը և ոչ մի տեղ չի թողել մարդկայնությանը՝ դեր խաղալու համար։ Ուստի, եթե Իմ ժողովուրդը ցանկանում է հասկանալ Իմ խոսքերի ճշմարիտ իմաստը, ծայրահեղ դժվարություն է ունենում։ Նրանք միայն Իմ արտահայտումների միջոցով կարող են ձեռք բերել լուսավորություն և լուսավորում, և եթե դա այս ուղիով չէ, ոչ ոք նույնիսկ չպետք է մտածի Իմ խոսքերի նպատակն ընկալելու մասին։ Երբ բոլոր մարդիկ Իմ մասին ավելի մեծ ճանաչողություն ունենան՝ Իմ արտահայտումներն ընդունելուց հետո, դա այն ժամանակն է, երբ Իմ մարդիկ կյանքով կարտահայտեն Ինձ, դա այն ժամանակն է, երբ Իմ գործը մսեղիում կավարտվի, և այն ժամանակն է, երբ Իմ աստվածայնությունն ամբողջովին կյանքով կարտահայտվի մսեղիում։ Այս պահին բոլոր մարդիկ ճանաչում են Ինձ մսեղիում և ճշմարտապես ի վիճակի են ասելու այնպիսի խոսքեր, ինչպիսիք են՝ «Աստված հայտնվում է մսեղիում»։ Սա այն է, ինչ կոչվում է «պտուղ»։ Սա լրացուցիչ ապացույց է, որ Աստված հոգնել է եկեղեցու կառուցումից. այսինքն՝ «թեև ջերմոցի ծաղիկներն անթիվ են, ինչպես աստղերը, և գրավում են ողջ հիացող ամբոխին, հենց որ դրանք թառամում են, դառնում են այնքան քայքայված, որքան Սատանայի դավերը, և ոչ ոք որևէ հետաքրքրություն չի ցուցաբերում դրանց նկատմամբ»։ Թեև Աստված նաև անձամբ էր գործում, երբ եկեղեցին կառուցվում էր, քանի որ Նա Աստված է, ով միշտ նոր է և երբեք չի հնանում, Նա կարոտ չի տածում անցյալի հարցերի հանդեպ։ Որպեսզի մարդիկ չվերհիշեն անցյալը, Նա կիրառեց «այնքան քայքայված, որքան Սատանայի դավերը» խոսքերը, ինչը ցույց է տալիս, որ Աստված չի գործում ըստ կանոնների։ Որոշ մարդիկ կարող են սխալ մեկնաբանել Աստծու մտադրությունը և հարցնել. «Քանի որ դա Իր՝ Աստծու կողմից արված գործ է, Ինչու՞ Նա ասաց. «հենց որ դրանք թառամում են, ոչ ոք որևէ հետաքրքրություն չի ցուցաբերում դրանց նկատմամբ»»։ Այս խոսքերը մարդկանց հայտնություն են տալիս։ Ամենակարևորն այն է, որ դրանք թույլ են տալիս բոլոր մարդկանց ունենալ նոր և ճիշտ մեկնարկային կետ։ Միայն այդ դեպքում ի վիճակի կլինեն բավարարելու Աստծու մտադրությունը։ Ի վերջո սա կբերի նրան, որ Աստծու բոլոր մարդիկ Աստծուն գովաբանություն կմատուցեն, որը գալիս է սրտից, պարտադրված չէ և ճշմարիտ է։ Սա է Աստծու 6000-ամյա տնօրինման ծրագրի հիմքում։ Այսինքն՝ սա այս 6000-ամյա տնօրինման ծրագրի բյուրեղացումն է. թույլ տալ բոլոր մարդկանց իմանալ Աստծու մարմնացման նշանակությունը՝ թույլ տալով գործնականորեն ճանաչել մարմնացած Աստծուն, ինչը նշանակում է՝ Աստծու գործերը մսեղիում, որպեսզի ուրանան աղոտ աստծուն և ճանաչեն այն Աստծուն, ով այսօրվանն է, ինչպես նաև երեկվանը, և, ավելին, վաղվանը, ով իրապես և փաստացիորեն գոյություն է ունեցել հավիտենությունից հավիտենություն։ Միայն այդ ժամանակ Աստված կմտնի հանգիստ։