Գլուխ 34

Մի անգամ Ես մարդուն որպես հյուր հրավիրեցի Իմ տուն, սակայն նա դեսուդեն էր վազում Իմ կանչերի պատճառով. ասես նրան որպես հյուր հրավիրելու փոխարեն կառափնարան էի տարել։ Այսպիսով՝ Իմ տունը դատարկ մնաց, քանի որ մարդը միշտ խուսափում էր Ինձնից և միշտ զգուշանում էր Ինձնից։ Դրա պատճառով Իմ գործի մի մասը հնարավոր չեղավ իրականացնել, այսինքն՝ Ես ետ վերցրի այն խնջույքը, որը պատրաստել էի նրա համար, քանի որ մարդը չէր կամենում վայելել այն, ուստի չստիպեցի։ Բայց ինքն էլ չհասկանալով՝ մարդը հանկարծ քաղց է զգում, ուստի գալիս է թակելու Իմ դուռը՝ խնդրելով Իմ օգնությունը. նրան նման սոսկալի դրության մեջ տեսնելով՝ ինչպե՞ս կարող էի չփրկել։ Ուստի մեկ անգամ ևս խնջույք եմ կազմակերպում մարդու համար, որպեսզի նա վայելի այն, և միայն այդ ժամանակ է զգում, թե որքան սքանչելի եմ, և այսպես սկսում է ապավինել Ինձ։ Աստիճանաբար նրա հանդեպ Իմ վերաբերմունքի պատճառով նա սկսում է սիրել Ինձ՝ առանց զգուշանալու և այլևս չի կասկածում, որ նրան «դիակիզման երկիր» կուղարկեմ, քանի որ դա Իմ մտադրությունը չէ։ Եվ այսպես՝ միայն Իմ սիրտը տեսնելուց հետո է մարդն իսկապես ապավինում Ինձ, ինչը ցույց է տալիս, թե նա որքան «զգույշ» է։ Սակայն Ես չեմ զգուշանում մարդուց նրա նենգության պատճառով, այլ Իմ ջերմ գրկախառնությամբ շարժում եմ մարդկանց սրտերը։ Մի՞թե սա չէ այն, ինչ ներկայում անում եմ։ Մի՞թե սա չէ այն, ինչ դրսևորվում է մարդկանց մեջ ներկա փուլում։ Ինչո՞ւ են նրանք ընդունակ նման բաներ անելու։ Ինչո՞ւ են համակված նման զգացմունքով։ Արդյո՞ք այն պատճառով է, որ իսկապես ճանաչում են Ինձ։ Արդյո՞ք այն պատճառով է, որ իսկապես անսահման սեր ունեն Իմ հանդեպ։ Ես ոչ մեկին չեմ ստիպում սիրել Ինձ, այլ պարզապես նրանց ազատ կամք եմ տալիս՝ կատարելու իրենց սեփական ընտրությունը. սրանում ես չեմ միջամտում, ոչ էլ նրանց օգնում եմ իրենց ճակատագրի վերաբերյալ ընտրություն կատարելու։ Մարդիկ իրենց վճռականությունը դրել են Իմ առջև, նրանք այն բերել են Իմ առջև, որպեսզի զննեմ, և երբ բացեցի «մարդու վճռականությունը» պարունակող պայուսակը, ներսում տեսա բաներ, որոնք թեև խառնված էին իրար, այնուամենայնիվ բավականին «առատ» էին։ Մարդիկ լայն բացված աչքերով նայում էին Ինձ՝ խորապես վախենալով, որ դուրս կհանեմ իրենց վճռականությունը։ Բայց մարդու թուլության պատճառով Ես հենց սկզբից դատաստան չկայացրի, այլ փոխարենը փակեցի պայուսակն ու շարունակեցի անել այն գործը, որը պետք է անեմ։ Մարդը, սակայն, չի մտնում Իմ ուղղորդման մեջ՝ հետևելով Իմ գործին, այլ շարունակում է մտահոգվել՝ արդյոք իր վճռականությունն արժանացել է Իմ հավանությանը։ Ես այնքան շատ գործ եմ արել և այնքան շատ խոսքեր եմ ասել, բայց մինչ օրս մարդը մնում է անկարող՝ ընկալելու Իմ մտադրությունները, և այսպիսով՝ նրա յուրաքանչյուր շփոթեցնող գործողություն գլխապտույտ է առաջացնում Իմ մեջ։ Ինչո՞ւ է նա միշտ անկարող ընկալելու Իմ մտադրությունները և իր ուզածի պես հապշտապ է գործում։ Նրա ուղեղը ցնցո՞ւմ է ապրել։ Գուցե նա չի՞ հասկանում այն խոսքերը, որ ասում եմ։ Ինչո՞ւ է նա միշտ գործում՝ ուղիղ առաջ նայելով, բայց անկարող է ճանապարհ հարթել և օրինակ ծառայել ապագայի մարդկանց համար։ Կա՞ր մեկը, որ օրինակ ծառայեր Պետրոսից առաջ։ Մի՞թե Իմ ուղղորդմամբ չէր, որ Պետրոսը ողջ մնաց։ Ինչո՞ւ են այսօրվա մարդիկ սրան անընդունակ։ Ինչո՞ւ հետևելու օրինակ ունենալուց հետո նրանք դեռևս ի վիճակի չեն բավարարելու Իմ մտադրությունները։ Սա ցույց է տալիս, որ մարդը դեռևս վստահություն չունի Իմ հանդեպ, ինչն էլ հանգեցրել է այսօրվա թշվառ հանգամանքներին։

Երկնքում ճախրող փոքրիկ թռչուններին Ես հաճելի տեսարան եմ համարում նայելու համար։ Թեև նրանք Իմ առջև վճռականություն չեն դրել և խոսքեր չունեն Ինձ «մատակարարելու», վայելք են գտնում այն աշխարհում, որը տվել եմ իրենց։ Մարդը, սակայն, անկարող է սա անել, և նրա դեմքը լի է թախիծով. մի՞թե Ես նրան անվճարելի պարտք եմ մնացել։ Ինչո՞ւ է նրա դեմքը միշտ արցունքներով ողողված։ Բլուրներում ծաղկող շուշանները հիացմունքի առարկաներ եմ համարում. ծաղիկներն ու խոտերը տարածվում են լանջերով մեկ, բայց շուշանները նախքան գարնան գալուստը փայլ են հաղորդում երկրի վրա Իմ փառքին. կարո՞ղ է մարդը հասնել սրան։ Կարո՞ղ է նա վկայություն կրել Ինձ համար երկրի վրա նախքան Իմ վերադարձը։ Կարո՞ղ է նա Իմ անվան համար նվիրվել մեծ կարմիր վիշապի երկրում։ Կարծես թե Իմ արտահայտումները լի են մարդուն ուղղված պահանջներով. այս պահանջների արդյունքում նա զզվում է Ինձնից։ Քանի որ մարմնով չափազանց թույլ է, հիմնովին անկարող է հասնել նրան, ինչ պահանջում եմ, և այսպիսով վախենում է Իմ խոսքերից։ Երբ բացում եմ Իմ բերանը, տեսնում եմ, որ երկրի վրայի մարդիկ փախչում են բոլոր ուղղություններով՝ ասես փորձելով փրկվել սովից։ Երբ ծածկում եմ Իմ դեմքը և երբ շրջում եմ Իմ մարմինը, մարդիկ անմիջապես խուճապի են մատնվում և չգիտեն ինչ անել, քանի որ վախենում են Իմ հեռանալուց։ Իրենց պատկերացումներում այն օրը, երբ կհեռանամ, կլինի այն օրը, երբ աղետ կիջնի երկնքից, այն օրը, երբ կսկսվի իրենց հանդիմանությունը։ Սակայն այն, ինչ անում եմ, մարդու պատկերացումների ճիշտ հակառակն է. Ես երբեք չեմ գործել ըստ մարդու պատկերացումների և երբեք թույլ չեմ տվել, որ նրա պատկերացումները համահունչ լինեն Ինձ։ Այն ժամանակը, երբ գործում եմ, ճիշտ այն ժամանակն է, երբ մարդը բացահայտվում է։ Այլ կերպ ասած՝ Իմ գործողությունները չեն կարող չափվել մարդկային պատկերացումներով։ Արարչագործության ժամանակներից մինչ օրս ոչ ոք երբեք «նոր մայրցամաք» չի հայտնաբերել այն բաներում, որոնք անում եմ. ոչ ոք երբեք չի ընկալել այն օրենքները, որոնցով գործում եմ, և ոչ ոք երբեք նոր ճանապարհ չի բացել։ Այսպիսով՝ մարդիկ այսօր մնում են անկարող՝ ճիշտ ուղու վրա մտնելու. սա ճիշտ այն է, ինչ նրանց պակասում է, և սա այն է, ինչի մեջ նրանք պետք է մտնեն։ Արարչագործության ժամանակներից մինչ օրս նախկինում երբեք նման գործ չեմ ձեռնարկել։ Ես պարզապես մի քանի նոր մասեր եմ ավելացրել Իմ գործին վերջին օրերում։ Սակայն նույնիսկ այս ամենաակնհայտ հանգամանքներում մարդիկ դեռևս անկարող են ընկալել Իմ մտադրությունները. մի՞թե ճիշտ սա չէ այն, ինչ նրանց պակասում է։

Նոր գործի մեջ մտնելուց հետո Ես նոր պահանջներ ունեմ մարդուց։ Մարդու համար կարծես թե անցյալի պահանջները ոչ մի արդյունք չեն տվել, ուստի նա մոռանում է դրանք։ Ո՞րն է Իմ գործելու նոր միջոցը։ Ի՞նչ եմ Ես պահանջում մարդուց։ Մարդիկ իրենք ի վիճակի են չափելու, թե արդյոք այն, ինչ արել են անցյալում, համապատասխանում էր Իմ մտադրություններին, և արդյոք իրենց գործողություններն Իմ պահանջածի սահմաններում էին։ Կարիք չկա, որ Ես ամեն ինչ անհատապես զննեմ. նրանք ընկալում են իրենց իսկ հասունությունը, և ուստի իրենց մտքում հստակ գիտեն, թե որքան հեռու կարող են հասնել, և կարիք չկա, որ Ես նրանց բացահայտորեն ասեմ։ Երբ խոսում եմ, գուցե ոմանք գայթակղվեն. ուստի Ես խուսափել եմ Իմ խոսքերի այս մասն ասելուց, որպեսզի թույլ չտամ, որ մարդիկ դրա արդյունքում թուլանան։ Մի՞թե սա ավելի մեծ օգուտ չէ մարդու ձգտման համար։ Մի՞թե սա ավելի մեծ օգուտ չէ մարդու առաջընթացի համար։ Ո՞վ չի ցանկանում մոռանալ իր անցյալը և առաջ ձգտել։ Իմ «անուշադրության» պատճառով Ես անտեղյակ եմ՝ արդյոք մարդիկ հասկանում են, որ Իմ խոսելու միջոցն արդեն նոր ոլորտ է մտել։ Բացի դրանից՝ քանի որ Իմ գործն Ինձ այդքան «զբաղեցնում» է, Ես ժամանակ չեմ ունեցել հարցուփորձ անելու՝ արդյոք մարդիկ հասկանում են այն տոնը, որով խոսում եմ։ Ուստի միայն խնդրում եմ, որ մարդիկ ավելի «հասկացող» լինեն Իմ հանդեպ։ Քանի որ Իմ գործն Ինձ այդքան «զբաղեցնում» է, Ես անկարող եմ անձամբ այցելել Իմ գործի հիմքերը՝ մարդկանց ուղղորդելու համար, և ուստի «քիչ հասկացողություն» ունեմ նրանց մասին։ Ամփոփելով՝ անկախ ամեն ինչից, այժմ սկսել եմ առաջնորդել մարդուն պաշտոնապես մտնելու նոր սկզբի և նոր եղանակի մեջ։ Իմ բոլոր արտահայտումներում մարդիկ տեսել են, որ ասածիս մեջ զավեշտ, հումոր և հատկապես ծաղրանքի ուժեղ տոն կա։ Այսպիսով՝ Իմ և մարդու միջև ներդաշնակությունն ակամա խաթարվում է՝ պատճառ դառնալով, որ մարդկանց դեմքերին ամպերի խիտ ծածկոց իջնի։ Սակայն Ես չեմ սահմանափակվում սրանով, այլ շարունակում եմ Իմ գործը, քանի որ այն ամենը, ինչ ասում և անում եմ, Իմ ծրագրի անհրաժեշտ մասն է. այն ամենը, ինչ խոսվում է Իմ բերանից, օգնում է մարդուն, և Իմ արած ոչ մի բանը մանրուք չէ. այն ամենը, ինչ անում եմ, խրատում է բոլոր մարդկանց։ Քանի որ մարդը թերանում է, Ես ազատություն եմ տալիս Իմ գործողություններին և շարունակում եմ խոսել։ Որոշ մարդիկ գուցե հուսահատորեն սպասում են, որ նոր պահանջներ դնեմ իրենց առջև։ Եթե այդպես է, ապա բավարարում եմ նրանց կարիքները։ Բայց կա մի բան, որ պետք է հիշեցնեմ ձեզ. երբ խոսում եմ, հուսով եմ,՝ մարդիկ ավելի շատ ներըմբռնում ձեռք կբերեն և կդառնան ավելի զանազանող, որպեսզի կարողանան ավելին ձեռք բերել Իմ խոսքերից և այդպիսով կատարել Իմ պահանջները։ Նախկինում եկեղեցիներում մարդիկ ուշադրություն էին դարձնում էտվելն ու կոտրվելն ընդունելուն։ Իմ խոսքերն ուտելն ու խմելն արվում էր դրանց նպատակներն ու ակունքները հասկանալու հիման վրա, բայց այսօրվա օրը նման չէ անցյալին, և մարդիկ լիովին անկարող են ընկալելու Իմ արտահայտումների ակունքները, և այսպիսով՝ նրանք Իմ կողմից էտվելու և կոտրվելու ոչ մի հնարավորություն չունեն, քանի որ իրենց ողջ էներգիան վատնել են միայն Իմ խոսքերն ուտելու և խմելու վրա։ Բայց նույնիսկ այս հանգամանքներում նրանք մնում են անկարող բավարարելու Իմ պահանջները, ուստի Ես նոր պահանջներ եմ դնում նրանց առջև։ Ես պահանջում եմ, որ նրանք Ինձ հետ միասին մտնեն փորձությունների մեջ, այսինքն՝ մտնեն հանդիմանության մեջ։ Սակայն թույլ տվեք ձեզ մի բան հիշեցնել։ Սա մարդուն մահվան մատնել չէ, այլ ավելի շուտ այն է, ինչ պահանջում է Իմ գործը, քանի որ ներկա փուլում Իմ խոսքերը չափազանց անըմբռնելի են մարդու համար, և մարդը չգիտի՝ ինչպես համագործակցել Ինձ հետ. անելու ոչինչ չկա։ Ես այլ ելք չունեմ, քան մարդուն Ինձ հետ միասին նոր եղանակի մեջ մտցնելը։ Ուրիշ ի՞նչ կարելի է անել։ Մարդու թերությունների պատճառով Ես նույնպես պետք է մտնեմ այն հոսքի մեջ, որի մեջ մարդն է մտնում. մի՞թե Ես չեմ Նա, ով պետք է մարդկանց ավարտուն դարձնի։ Մի՞թե Ես չեմ Նա, ով նախագծել է այս ծրագիրը։ Թեև մյուս պահանջը դժվար չէ, այն երկրորդական չէ առաջինի համեմատ։ Վերջին օրերի մարդկանց խմբի վրա Իմ գործն աննախադեպ ձեռնարկ է, և այսպիսով, որպեսզի Իմ փառքը լցնի երկնակամարը, բոլոր մարդիկ Ինձ համար պետք է կրեն վերջին նեղությունը։ Հասկանո՞ւմ եք Իմ մտադրությունը։ Սա վերջին պահանջն է, որ դնում եմ մարդու առջև, այսինքն՝ հուսով եմ, որ բոլոր մարդիկ կարող են ուժեղ, հնչեղ վկայություն կրել Ինձ համար մեծ կարմիր վիշապի առջև, որ նրանք կարող են վերջին անգամ ընծայել իրենց Ինձ համար և վերջին անգամ կատարել Իմ պահանջները։ Դուք իսկապե՞ս կարող եք սա անել։ Անցյալում դուք անկարող էիք բավարարել Իմ սիրտը. կարո՞ղ եք կոտրել այս օրինաչափությունը վերջին անգամ։ Ես մարդկանց հնարավորություն եմ տալիս խորհելու այս հարցի շուրջ. ես նրանց թույլ եմ տալիս ուշադիր մտորել նախքան ի վերջո Ինձ պատասխան տալը. մի՞թե սա անելը վատ է։ Ես սպասում եմ մարդու արձագանքին, ակնկալում եմ նրա «պատասխան նամակը». դուք Իմ պահանջները կատարելու հավատ ունե՞ք։

1992 թ. Ապրիլի 20

Նախորդը. Գլուխ 33

Հաջորդը. Գլուխ 35

Եթե պատրաստ ես անհանգստություններդ գցելու Աստծու վրա և ստանալու Նրա օգնությունը, խնդրում ենք սեղմել կոճակը՝ մեր ուսումնական խմբին միանալու համար։

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Կապվիր մեզ հետ WhatsApp-ով