Գլուխ 35

Ես սկսել եմ մարդկության մեջ իրականացնել Իմ գործը՝ թույլ տալով մարդկանց ապրել Ինձ հետ նույն հոսքում։ Երբ ավարտեմ Իմ գործը, այն դեռ կլինի մարդկության մեջ, քանի որ Իմ ողջ տնօրինման ծրագրում այն, ինչ տնօրինվում է, մարդիկ են, և Ես մարդկությանը բոլոր բաների տերն եմ դարձնելու։ Այդ իսկ պատճառով շարունակում եմ քայլել մարդկության մեջ։ Երբ մարդկությունն ու Ես մուտք ենք գործում ընթացիկ ժամանակաշրջան, Ինձ բավականին հանգիստ եմ զգում, քանի որ Իմ գործի ընթացքն արագացել է։ Ինչպե՞ս կարող են մարդիկ համընթաց քայլել։ Ես շատ գործ եմ արել թմրած և բթամիտ մարդկանց վրա, սակայն նրանք գրեթե ոչինչ ձեռք չեն բերել, քանի որ չեն փայփայում Ինձ։ Ես ապրել եմ բոլոր մարդկանց մեջ և դիտարկել եմ թե՛ երկրի վրա, թե՛ դրա տակ գտնվողների յուրաքանչյուր շարժումը։ Բոլոր նրանք, ովքեր դասակարգվում են որպես «մարդիկ», Ինձ դիմակայելու գործն են անում, կարծես «Ինձ դիմակայելը» մարդու գործն է, կարծես այս գործը չանելը նրանց կստիպեր թափառաշրջիկ որբեր դառնալ, որոնց ոչ ոք չի որդեգրում։ Սակայն Ես կամայականորեն չեմ դատապարտում մարդկանց՝ հիմնվելով նրանց գործողությունների և արարքների վրա։ Փոխարենը Ես աջակցում և ապահովում եմ նրանց՝ իրենց հասակի համապատասխան։ Քանի որ մարդիկ Իմ ողջ տնօրինման ծրագրի գլխավոր դեմքերն են, Ես ավելի շատ ուղղորդում եմ տալիս նրանց, ովքեր ստանձնել են «մարդու» դերը՝ նրանց հնարավորություն տալով խաղալու այդ դերն ամբողջ սրտով և իրենց լավագույն կարողությամբ, որպեսզի այս ներկայացումը, որը բեմադրում եմ, մեծ հաջողություն ունենա։ Սա է Իմ աղերսը մարդկությանը։ Մի՞թե եթե չաղոթեի մարդկությանը, նրանք ի վիճակի չէին լինի դա անելու։ Մի՞թե այնպես է, որ կարող եմ իրագործել այն, ինչ մարդիկ խնդրում են Ինձնից, բայց նրանք չեն կարող իրագործել այն, ինչ Ես եմ խնդրում նրանցից։ Կարելի է ասել, որ Ես չեմ օգտագործում Իմ զորությունը՝ մարդկությանը ճնշելու համար։ Փոխարենը սա Իմ վերջին խնդրանքն է, որն աղերսում եմ նրանց ամբողջ լրջությամբ և անկեղծությամբ։ Մի՞թե նրանք իսկապես ի վիճակի չեն անելու այն, ինչ խնդրում եմ։ Ես շատ տարիներ եմ տվել մարդկանց, սակայն որպես հատուցում Ինձ մնացել են միայն դատարկ ձեռքեր։ Ո՞վ է երբևէ որևէ բան տվել Ինձ։ Մի՞թե Իմ սրտի արյունը, որը վճարել եմ, պետք է լեռնային մշուշի պես լինի։ Շատ անգամներ Ես «պատվաստել» եմ մարդկանց և ասել, որ նրանցից Իմ պահանջները խիստ չեն։ Այդ դեպքում ինչո՞ւ են մարդիկ մշտապես խուսափում Ինձնից։ Արդյո՞ք պատճառն այն է, որ նրանց ճտերի պես կվերաբերվեմ, որոնց բռնելուն պես պետք է սպանել։ Մի՞թե իսկապես այդքան անողորմ և անմարդկային եմ։ Մարդիկ միշտ Ինձ իրենց իսկ պատկերացումներով են չափում։ Արդյո՞ք, ինչպիսին որ նրանց պատկերացումներում Եմ, այդպիսին էլ երկնքում եմ։ Ես մարդկանց պատկերացումներն Իմ վայելքի առարկաները չեմ համարում։ Փոխարենը նրանց սրտերն եմ տեսնում որպես գնահատանքի արժանի բաներ։ Սակայն Ես բավականին մեծ հակակրանք եմ տածում նրանց խղճի հանդեպ, քանի որ ըստ նրանց՝ Ես Ինքս խիղճ չունեմ։ Ուստի որոշակի այլ կարծիքներ ունեմ նրանց խղճի վերաբերյալ։ Այնուամենայնիվ Ես ուղղակիորեն չեմ քննադատում նրանց խիղճը. փոխարենը շարունակում եմ համբերատար և համակարգված կերպով ուղղորդել նրանց։ Ի վերջո մարդիկ թույլ են և ի վիճակի չեն որևէ գործ անելու։

Այսօր պաշտոնապես ոտք եմ դնում անսահման հանդիմանության ոլորտ, որը վայելում եմ մարդկության հետ միասին։ Իմ ձեռքի շարժումով նաև հրամայում եմ, և Իմ հրամանի տակ մարդկությունն իրեն լավ է պահում. ոչ ոք չի համարձակվում հակառակել Ինձ։ Իմ ուղղորդման ներքո բոլորն իրականացնում են այն գործը, որը հանձնարարել եմ, քանի որ սա նրանց «աշխատանքն» է։ Երկնքում և երկնքի տակ գտնվող բոլոր բաների մեջ ո՞վ չի հնազանդվում Իմ ծրագրերին։ Ո՞վ Իմ ձեռքում չէ։ Իմ խոսքերի և Իմ գործերի համար ո՞վ գովաբանություն և փառաբանություն չի արտահայտում։ Մարդիկ հիանում են Իմ գործերով ու գործողություններով, և Իմ յուրաքանչյուր շարժման պատճառով նետվում են Իմ գործի հոսքի մեջ։ Ուստի ո՞վ կարող է ազատվել։ Ո՞վ կարող է խուսափել այն գործից, որը կարգադրել եմ։ Իմ կառավարչական հրամանագրերով մարդիկ ստիպված են մնալ. առանց դրանց՝ նրանք բոլորը գաղտագողի կվերադառնային «առաջնագծից» և կդառնային «դասալիքներ»։ Ո՞վ չի վախենում մահից։ Մի՞թե մարդիկ իսկապես պատրաստ են վտանգելու իրենց կյանքը։ Ես ոչ մեկին չեմ պարտադրում, քանի որ վաղուց արդեն հիմնովին հասկացել եմ մարդկային բնությունը։ Ուստի միշտ ձեռնարկել եմ նախագծեր, որոնք նախկինում երբեք չեն արվել անցյալի մարդկանց կողմից։ Քանի որ ոչ ոք չէր կարող իրականացնել Իմ գործը, Ես անձամբ եմ ոտք դրել ռազմադաշտ՝ Սատանայի հետ կենաց և մահու պայքարի մեջ մտնելու համար։ Մեր օրերում Սատանան ծայրաստիճան մոլեգնած է։ Ինչո՞ւ չօգտվեմ այս առիթից՝ ցուցադրելու Իմ գործի հիմնական կետը՝ Իմ մեծ զորությունը հայտնելու համար։ Պատճառն այն է, որ նախկինում Ես ասել եմ, որ Սատանայի դավադրությունը կօգտագործեմ որպես Իմ հակադրություն. մի՞թե սա լավագույն առիթը չէ։ Միայն հիմա եմ գոհունակ ժպիտ ցույց տալիս, քանի որ հասել եմ Իմ նպատակին։ Այլևս չեմ վազվզի և մարդկանցից «օգնություն» չեմ խնդրի։ Ես դադարել եմ իրար անցնելուց և այլևս թափառականի կյանքով չեմ ապրում։ Այսուհետ կապրեմ խաղաղության մեջ, և մարդիկ նույնպես ապահով և ողջ-առողջ կլինեն, քանի որ Իմ օրը եկել է։ Երկրի վրա Ես զբաղված մարդկային կյանք եմ անցկացրել, և թվում է՝ Իմ կյանքի ընթացքում շատ անարդարություններ են տեղի ունեցել։ Մարդկանց աչքերում Ես կիսել եմ նրանց ուրախություններն ու վշտերը, ինչպես նաև նրանց նեղությունները, և նրանց պես ապրել եմ երկրի վրա և երկնքի տակ։ Ուստի նրանք միշտ Ինձ որպես արարած են տեսել։ Քանի որ մարդիկ չեն տեսել Ինձ այնպես, ինչպես երկնքում եմ, նրանք երբեք շատ ջանք չեն գործադրել Ինձ վրա։ Սակայն, հաշվի առնելով այսօրվա իրավիճակը, մարդիկ այլ ելք չունեն, քան ընդունել, որ նրանց ճակատագրի Իշխանն եմ և ամպերից ճառող խոսնակը։ Ուստի մարդիկ երկրպագելիս իրենց գլուխները դիպցրել են գետնին Իմ առջև։ Մի՞թե սա Իմ հաղթական վերադարձի ապացույցը չէ։ Մի՞թե սա բոլոր թշնամական ուժերի նկատմամբ Իմ հաղթանակի պատկերը չէ։ Բոլոր մարդիկ կանխազգացումներ են ունեցել, որ աշխարհը մոտենում է իր ավարտին, որ մարդկությունը մեծ մաքրում է անցնելու։ Սակայն նրանք իրականում չեն կարող գիտակցաբար անել այն, ինչ խնդրում եմ իրենցից, ուստի այլ ելք չունեն, քան լաց լինել Իմ հանդիմանության տակ։ Ի՞նչ կարելի է անել։ Ո՞վ է մարդկանց ասել անհնազանդ լինել։ Ո՞վ է նրանց ասել մուտք գործել վերջին դարաշրջան։ Ինչո՞ւ են նրանք ծնվել մարդկային աշխարհում վերջին օրերին։ Յուրաքանչյուր բան անձամբ Իմ կողմից է կարգադրված և ծրագրված։ Ո՞վ կարող է բողոք արտահայտել։

Աշխարհի ստեղծումից ի վեր Ես շրջել եմ մարդկության մեջ՝ ընկերակցելով նրանց իրենց երկրային գոյության մեջ։ Սակայն նախորդ սերունդներում ոչ մի մարդ երբևէ չի ընտրվել Իմ կողմից. բոլորը մերժվել են Իմ լուռ նամակով։ Դա այն պատճառով է, որ անցյալում մարդիկ բացառապես Ինձ չէին ծառայում, ուստի, ի պատասխան, Ես բացառապես նրանց չէի սիրում։ Նրանք վերցնում էին Սատանայի «նվերները» և հետո շրջվում ու դրանք Ինձ առաջարկում։ Մի՞թե սա զրպարտություն չէր Իմ դեմ։ Եվ երբ նրանք անում էին իրենց ընծայաբերումները, Ես չէի հայտնում Իմ հակակրանքը. փոխարենը նրանց նենգությունը ծառայեցնում էի Իմ օգտին՝ այս «նվերներն» ավելացնելով Իմ տնօրինման նյութերին։ Հետագայում, երբ դրանք մշակվում էին մեքենայով, այրում էի դրանց միջի խարամը։ Ընթացիկ դարաշրջանում մարդիկ Ինձ շատ «նվերներ» չեն մատուցել, սակայն Ես չեմ նախատում նրանց դրա համար։ Այս մարդիկ միշտ եղել են չքավոր և դատարկաձեռն. ուստի նրանց իրավիճակի իրականությունը դիտարկելուց հետո մարդկային աշխարհ գալով՝ երբեք նրանց անխոհեմ պահանջներ չեմ ներկայացրել։ Փոխարենը նրանց «նյութեր» տալուց հետո փնտրել եմ այն «պատրաստի արտադրանքը», որն ուզում եմ, քանի որ սա այն առավելագույնն է, ինչին մարդիկ կարող են հասնել։ Շատ տարիներ Ես ապրել եմ փոթորիկների մեջ։ Միայն մարդկային կյանքը փորձառաբար ապրելուց հետո եմ համապատասխան պահանջներ ներկայացնում մարդկանց։ Եթե փորձառաբար չապրեի մարդկային կյանքը, ինչպե՞ս կարող էի հասկանալ այն հարցերը, որոնք մարդկանց համար դժվար է քննարկել։ Այնուամենայնիվ, մարդիկ դա այդպես չեն տեսնում. նրանք ասում են, որ Ես ամենակարող, գերբնական Աստված Ինքն եմ։ Մի՞թե սա ճիշտ այն պատկերացումը չէ, որ բոլոր մարդիկ տածել են դարերի ընթացքում, որը նրանք տածում են նույնիսկ այսօր։ Ես ասել եմ, որ երկրի վրա չկա ոչ ոք, ով կարող է ճշմարտապես և լիովին ճանաչել Ինձ։ Այս խոսքն ունի իր ենթատեքստը. այն դատարկ խոսակցություն չէ։ Ես Ինքս եմ փորձառաբար ապրել և դիտարկել սա, ուստի հասկանում եմ մանրամասները։ Եթե չիջնեի մարդկային աշխարհ, ո՞վ հնարավորություն կունենար ճանաչելու Ինձ։ Ո՞վ կարող էր անձամբ լսել Իմ խոսքերը։ Ո՞վ կարող էր տեսնել Իմ կերպարանքն իր մեջ։ Դարերի ընթացքում Ես միշտ ամպերի մեջ թաքնված եմ մնացել։ Ես վաղուց կանխատեսել էի. «Վերջին օրերին Ես կիջնեմ մարդկային աշխարհ՝ ծառայելու նրանց որպես օրինակ»։ Ուստի միայն այսօր մարդիկ բարեբախտություն ունեն ընդլայնելու իրենց մտահորիզոնը։ Մի՞թե սա այն շնորհը չէ, որ պարգևել եմ նրանց։ Մի՞թե նրանք իսկապես բոլորովին չեն կարող հասկանալ Իմ շնորհը։ Ինչո՞ւ են մարդիկ այդքան թմրած և բթամիտ։ Նրանք այսքան հեռու են եկել. ինչո՞ւ դեռ չեն արթնացել։ Ես երկար տարիներ եմ եղել այս աշխարհում, բայց ո՞վ է ճանաչում Ինձ։ Զարմանալի չէ, որ հանդիմանում եմ մարդկանց։ Թվում է՝ նրանք այն առարկաներն են, որոնց վրա պետք է գործադրեմ Իմ իշխանությունը. թվում է՝ նրանք փամփուշտներ են Իմ ատրճանակի մեջ, որոնք կրակելուց հետո բոլորը «կփախչեն»։ Մարդիկ այդպես են պատկերացնում։ Ես միշտ հարգել եմ մարդկանց. երբեք կամայականորեն չեմ շահագործել նրանց կամ առևտուր արել նրանցով ինչպես ստրուկներով։ Դա այն պատճառով է, որ չեմ կարող լքել նրանց, ոչ էլ նրանք կարող են լքել Ինձ։ Ուստի մեր միջև կենաց և մահու կապ է ձևավորվել։ Միշտ փայփայել եմ մարդկությանը։ Թեև մարդկությունը երբեք չի փայփայել Ինձ, նրանք միշտ նայել են Ինձ, ինչի պատճառով շարունակում եմ ջանքեր գործադրել նրանց վրա։ Ես մարդկանց սիրում եմ Իմ սեփական գանձի պես, քանի որ նրանք երկրի վրա Իմ տնօրինման «կապիտալն» են. ուստի հաստատապես դուրս չեմ թողնի նրանց։ Իմ մտադրությունները մարդկանց հանդեպ երբեք չեն փոխվի։ Կարո՞ղ են նրանք ճշմարտապես վստահել Իմ երդմանը։ Ինչպե՞ս կարող են Ինձ հանուն Ինձ բավարարել։ Սա այն առաջադրանքն է, որը դրվել է ողջ մարդկության առջև. սա այն «տնային աշխատանքն» է, որը հանձնարարել եմ նրանց։ Հույս ունեմ՝ նրանք բոլորը ջանասիրաբար կաշխատեն, որպեսզի ավարտեն այն։

1992 թ. Ապրիլի 23

Նախորդը. Գլուխ 34

Հաջորդը. Գլուխ 36

Եթե պատրաստ ես անհանգստություններդ գցելու Աստծու վրա և ստանալու Նրա օգնությունը, խնդրում ենք սեղմել կոճակը՝ մեր ուսումնական խմբին միանալու համար։

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Կապվիր մեզ հետ WhatsApp-ով