Գլուխ 31
Մարդկանց սրտերում Ես երբեք տեղ չեմ ունեցել։ Երբ ճշմարտապես «փնտրում» եմ մարդկանցից, նրանք սեղմելով փակում են իրենց աչքերը և անտեսում Իմ գործողությունները, կարծես այն ամենը, ինչ անում եմ, նրանց հաճոյանալու փորձ է, ինչի արդյունքում միշտ հակակրանք են տածում Իմ արարքների հանդեպ։ Կարծես զուրկ եմ որևէ ինքնագիտակցությունից, կարծես միշտ ցուցադրում եմ Ինձ մարդկանց առաջ՝ դրանով իսկ զայրացնելով նրանց, ովքեր «ազնիվ են և արդար»։ Սակայն Ես համբերում եմ նույնիսկ նման անբարենպաստ պայմաններում և շարունակում եմ Իմ գործը։ Ուստի ասում եմ, որ ճաշակել եմ մարդկային փորձառության քաղցր, թթու, դառը և կծու համերը և գալիս եմ քամու հետ ու գնում անձրևի հետ․ ասում եմ, որ փորձառաբար ապրել եմ ընտանիքի հալածանքը, փորձառաբար ապրել եմ կյանքի վայրիվերումները և փորձառաբար ապրել եմ մարմնից բաժանվելու ցավը։ Սակայն, երբ եկա երկիր, փոխանակ ընդունելու Ինձ այն զրկանքի համար, որ կրել էի հանուն իրենց, մարդիկ «քաղաքավարի կերպով» մերժեցին Իմ բարի մտադրությունները։ Ինչպե՞ս կարող էի ցավ չապրել սրանից։ Ինչպե՞ս կարող էի չվշտանալ։ Մի՞թե մսեղի դարձա միայն նրա համար, որ այս ամենն այսպես ավարտվի։ Ինչո՞ւ մարդը չի սիրում Ինձ։ Ինչո՞ւ է Իմ սերը հատուցվել մարդու ատելությամբ։ Մի՞թե պետք է այսպես տառապեմ։ Մարդիկ կարեկցանքի արցունքներ են թափել երկրի վրա Իմ կրած զրկանքի պատճառով, և մարդիկ բողոքել են Իմ անհաջողության անարդարության դեմ։ Սակայն ո՞վ է երբևէ ճշմարտապես ճանաչել Իմ սիրտը։ Ո՞վ կարող է երբևէ ընկալել Իմ զգացմունքները։ Մարդը մի ժամանակ խոր մտերմություն էր տածում Իմ հանդեպ և մի ժամանակ հաճախ էր կարոտում Ինձ իր երազներում, բայց ինչպե՞ս կարող էին երկրի վրայի մարդիկ հասկանալ Իմ մտադրությունները երկնքում։ Թեև մարդիկ մի ժամանակ ընկալում էին Իմ վշտի զգացմունքները, ո՞վ է երբևէ Իմ տառապանքների համար կարեկցել Ինձ՝ որպես բախտակից։ Մի՞թե երկրի վրայի մարդկանց «խիղճը» կարող է հուզել և փոխել Իմ վշտահար սիրտը։ Մի՞թե երկրի վրայի մարդիկ անկարող են պատմել Ինձ իրենց սրտերի անասելի ցավի մասին։ Հոգիներն ու Հոգին կախված են միմյանցից, բայց մսեղիի անջրպետների պատճառով մարդկանց ուղեղները «կորցրել են վերահսկողությունը»։ Մի ժամանակ հիշեցնում էի մարդկանց գալ Իմ առաջ, բայց Իմ կանչերի արդյունքում մարդիկ չկատարեցին այն, ինչ խնդրում էի․ նրանք պարզապես նայում էին երկնքին՝ արտասվալից աչքերով, կարծես անասելի ցավ էին կրում, կարծես ինչ-որ բան կանգնած էր նրանց ճանապարհին։ Ուստի նրանք սեղմում էին իրենց ձեռքերը, խոնարհվում երկնքի տակ և բաներ խնդրում Ինձնից։ Քանի որ ողորմած եմ, շնորհում եմ Իմ օրհնությունները մարդկանց մեջ, և ակնթարթորեն վրա է հասնում մարդկանց մեջ Իմ անձնական գալստյան պահը, սակայն մարդը վաղուց մոռացել է Երկնքին տված իր երդումը։ Մի՞թե սա հենց մարդու ըմբոստությունը չէ։ Ինչո՞ւ է մարդը միշտ տառապում «հիշողության կորստով»։ Մի՞թե խոցել եմ նրան։ Մի՞թե տապալել եմ նրա մարմինը։ Ես ասում եմ մարդուն Իմ սրտի զգացմունքների մասին․ ինչո՞ւ է նա միշտ խուսափում Ինձնից։ Մարդկանց հիշողություններում կարծես նրանք ինչ-որ բան են կորցրել, և այն ոչ մի տեղ չի գտնվում, բայց նաև կարծես նրանց հիշողությունները ճշգրիտ չեն։ Ուստի մարդիկ միշտ մտացրիվ են իրենց կյանքում, և ողջ մարդկության կյանքի օրերը խառնաշփոթի մեջ են։ Սակայն ոչ ոք ոչինչ չի անում սա լուծելու համար․ մարդիկ ոչինչ չեն անում՝ միմյանց ոտնահարելուց և կոտորելուց բացի, ինչն այսօր հանգեցրել է աղետալի պարտության վիճակիև պատճառ դարձել, որ տիեզերքում ամեն ինչ խորտակվի կեղտաջրի և ճահիճի մեջ՝ առանց վերականգնման հնարավորության։
Երբ ժամանեցի բյուրավոր մարդկանց մեջ, ճիշտ այն ժամանակն էր, երբ մարդիկ հավատարմություն ցուցաբերեցին Ինձ։ Այդ ժամանակ մեծ կարմիր վիշապը սկսեց իր մարդասպան ձեռքերը բարձրացնել մարդկանց վրա։ Ես ընդունեցի «հրավերը» և եկա «նստելու խնջույքի սեղանի շուրջ», մարդկանց մեջ՝ ձեռքումս ունենալով մարդկության կողմից Ինձ տրված «հրավիրատոմսը»։ Երբ տեսան Ինձ, մարդիկ ուշադրություն չդարձրին, քանի որ չէի զարդարել Ինձ բարձրակարգ հագուստով և բերել էի միայն Իմ «նույնականացման քարտը»՝ մարդկանց հետ սեղան նստելու համար։ Իմ դեմքին բարձրակարգ դիմահարդարում չկար, թագ չկար գլխիս, և ոտքերիս ընդամենը սովորական, տանը պատրաստած մի զույգ կոշիկ էր։ Մարդկանց ամենից շատ հիասթափեցրեց շրթներկի բացակայությունն Իմ շուրթերին և այն փաստը, որ չգիտեի ինչպես փոխանակել «սիրալիր խոսքեր», ու Իմ լեզուն տաղանդավոր գրողի գրիչ չէր, և փոխարենն Իմ յուրաքանչյուր խոսքը խոցում էր մարդու սրտի ամենախորքերը։ Սա որոշ չափով ավելացրեց մարդկանց «բարենպաստ» տպավորությունն Իմ բերանի վերաբերյալ։ Վերոհիշյալ արտաքինը բավարար էր, որ մարդիկ «հատուկ վերաբերմունք» ցույց տային Ինձ, և ուստի Ինձ վերաբերվեցին որպես գյուղից եկած մի պարզամիտ գեղջուկի, որը գիտելիք չուներ աշխարհի մասին և զուրկ էր իմաստությունից։ Սակայն, երբ բոլորը հանձնեցին «դրամական նվերներ», մարդիկ դեռևս Ինձ պատվարժան չհամարեցին, այլ պարզապես եկան Իմ առաջ առանց որևէ հարգանքի՝ դժկամությամբ և դյուրագրգիռ կերպով։ Երբ Իմ ձեռքը մեկնվեց, նրանք անմիջապես ապշեցին, ծնկի իջան և բարձրաձայն աղաղակեցին։ Հավաքեցին Իմ բոլոր «դրամական նվերները»։ Քանի որ գումարը մեծ էր, ակնթարթորեն Ինձ միլիոնատեր համարեցին և ցնցոտիները պատռեցին մարմնիս վրայից՝ առանց Իմ համաձայնության փոխարինելով դրանք նոր հագուստով, սակայն սա չուրախացրեց Ինձ։ Քանի որ Ես սովոր չէի նման հանգիստ կյանքի և գարշում էի այս «առաջնակարգ» վերաբերմունքից, քանի որ ծնվել էի սուրբ տանը, և, կարելի է ասել, քանի որ ծնվել էի «աղքատության» մեջ, սովոր չէի ճոխ կյանքի, որտեղ մարդիկ ծառայում են Ինձ՝ ուզածս ամեն բան անելով։ Միայն ցանկանում եմ, որ մարդիկ ի վիճակի լինեն հասկանալու Իմ սրտի զգացմունքները, որ կարողանան մի փոքր զրկանք կրել՝ Իմ բերանից ելած տհաճ խոսքերն ընդունելու համար։ Քանի որ երբեք չեմ կարողացել խոսել տեսությունից, ոչ էլ ունակ եմ եղել օգտագործելու աշխարհի հետ վարվելու մարդկության գաղտնի եղանակները՝ մարդկանց հետ շփվելու համար, և քանի որ անկարող եմ հարմարեցնել Իմ խոսքերը մարդկանց դեմքի արտահայտությանը կամ նրանց հոգեբանությանը, մարդիկ միշտ ատել են Ինձ, համարել են, որ արժանի չեմ փոխգործակցության, և ասել են, որ սուր լեզու ունեմ ու միշտ վիրավորում եմ մարդկանց։ Սակայն Ես ընտրություն չունեմ. մի ժամանակ «ուսումնասիրել եմ» մարդու հոգեբանությունը, մի ժամանակ «ընդօրինակել եմ» մարդու՝ աշխարհիկ գործելակերպի փիլիսոփայությունը և մի ժամանակ գնացել եմ «լեզվաբանական քոլեջ»՝ սովորելու մարդու լեզուն, որպեսզի կարողանամ տիրապետել այն միջոցներին, որոնցով մարդիկ խոսում են, և խոսեմ այնպես, ինչպես վայել է նրանց դեմքի արտահայտությանը, բայց թեև շատ ջանք գործադրեցի և այցելեցի բազմաթիվ «փորձագետների», այդ ամենն ապարդյուն էր։ Իմ մեջ երբեք մարդկայնության որևէ բան չի եղել։ Այս բոլոր տարիների ընթացքում Իմ ջանքերը երբեք նվազագույն արդյունք չեն տվել, և երբեք չեմ հասկացել մարդու լեզվի ոչ մի բառ։ Ուստի մարդու խոսքերը, թե «ջանասիրությունն արդարացնում է իրեն», «անդրադարձել են» Ինձնից, և արդյունքում այս խոսքերը վերջ են գտնում երկրի վրա։ Առանց մարդկանց գիտակցելու, այս ասույթը հերքվել է երկնքի Աստծու կողմից, և լիովին ապացուցվել է, որ նման խոսքերն անհիմն են։ Ուստի ներողություն եմ խնդրում մարդուց, բայց ոչինչ հնարավոր չէ անել. սա է այն, ինչ ստանում եմ այսքան «հիմար» լինելու համար։ Ընդունակ չեմ սովորելու մարդու լեզուն, հմտանալու աշխարհիկ գործելակերպի փիլիսոփայության մեջ և շփվելու մարդկանց հետ։ Միայն խորհուրդ եմ տալիս մարդկանց լինել համբերատար, զսպել զայրույթն իրենց սրտերում և չվնասել իրենց Իմ պատճառով։ Ո՞վ ստիպեց մեզ շփվել միմյանց հետ։ Ո՞վ ստիպեց մեզ հանդիպել այս պահին։ Ո՞վ ստիպեց մեզ կիսել նույն ձգտումները։
Իմ բնույթը տարածված է Իմ բոլոր խոսքերով մեկ, սակայն մարդիկ անկարող են ընկալել այն Իմ խոսքերում։ Նրանք պարզապես մանրախնդրորեն վիճում են այն ամենի շուրջ, ինչ ասում եմ. ի՞նչ օգուտ դրանից։ Մի՞թե Իմ մասին նրանց պատկերացումները կարող են կատարյալ դարձնել նրանց։ Մի՞թե երկրի վրայի բաները կարող են կատարել Իմ կամքը։ Շարունակ փորձում էի սովորեցնել մարդկանց, թե ինչպես ասել Իմ խոսքերը, բայց կարծես մարդն անհոդաբաշխ էր և երբեք չկարողացավ սովորել ասել Իմ խոսքերն այնպես, ինչպես կցանկանայի։ Սովորեցրի նրան բերնեբերան, սակայն երբեք չկարողացավ սովորել։ Միայն սրանից հետո արեցի մի նոր «հայտնագործություն»․ ինչպե՞ս կարող էին երկրի վրայի մարդիկ ասել երկնքի խոսքերը։ Մի՞թե սա չի խախտում բնության օրենքները։ Բայց Իմ հանդեպ մարդկանց եռանդի և հետաքրքրասիրության պատճառով ձեռնամուխ եղա մարդու վրա գործի մեկ այլ մասի։ Երբեք չեմ ամաչեցրել մարդուն իր պակասությունների պատճառով, այլ փոխարենը մատակարարում եմ մարդուն դրանց համապատասխան։ Միայն սրա պատճառով է, որ մարդիկ որոշ չափով բարենպաստ տպավորություն ունեն Իմ մասին, և Ես օգտագործում եմ այս հնարավորությունը՝ մարդկանց կրկին համախմբելու համար, որպեսզի վայելեն Իմ հարստության մեկ այլ մասը։ Այս պահին մարդիկ կրկին ընկղմված են երջանկության մեջ, ուրախ բացականչություններն ու ծիծաղը լողում են երկնքի բազմերանգ ամպերի շուրջ։ Բացում եմ մարդու սիրտը, և մարդն անմիջապես նոր կենսունակություն է ստանում ու այլևս չի կամենում թաքնվել Ինձնից, քանի որ ճաշակել է մեղրի քաղցր համը, ուստի հանում է իր ողջ աղբը՝ փոխանակելու համար, կարծես դարձել եմ աղբահավաքման կետ կամ թափոնների կառավարման կայան։ Այսպիսով, տեսնելով փակցված «գովազդները», մարդիկ գալիս են Իմ առաջ և եռանդուն կերպով մասնակցում։ Մարդկանց մտքում թվում է, թե կարող են ձեռք բերել մի քանի «հուշանվեր», ուստի նրանք բոլորը«նամակներ» են ուղարկում Ինձ, որպեսզի կարողանան մասնակցել Իմ կազմակերպած միջոցառումներին։ Այս պահին նրանք չեն վախենում կորուստներից, քանի որ այս գործունեությունների մեջ ներգրավված «կապիտալը» մեծ չէ, ուստի համարձակվում են ռիսկի դիմելով մասնակցել։ Եթե մասնակցելուց ձեռք բերվող հուշանվերներ չլինեին, մարդիկ կլքեին ասպարեզը և հետ կպահանջեին իրենց կապիտալը, ինչպես նաև կհաշվարկեին այն «շահատոկոսը», որը պարտք էի նրանց։ Քանի որ այսօր բնակչության կենսամակարդակը բարձրացել է՝ հասնելով «բարեկեցության համեստ մակարդակի» և ձեռք բերելով «արդիականացում», երբ «բարձրաստիճան պաշտոնյան» անձամբ «գնում է գյուղ»՝ աշխատանքը կազմակերպելու համար, մարդկանց հավատն անմիջապես բազմապատկվել է, և քանի որ նրանց «կազմվածքը» ավելի ու ավելի է լավանում, նրանք հիացմունքով են նայում Ինձ և պատրաստակամ են շփվելու Ինձ հետ՝ Իմ վստահությունը շահելու համար։
1992 թ. Ապրիլի 11