Աստված Ինքը՝ եզակին III

Աստծու իշխանությունը (II)

Այսօր կշարունակենք մեր հաղորդակցությունը «Աստված Ինքը՝ եզակին» թեմայի շուրջ։ Արդեն երկու անգամ հաղորդակցվել ենք այս թեմայի շուրջ՝ առաջինը վերաբերում էր Աստծու իշխանությանը, իսկ երկրորդը՝ Աստծու արդար բնույթին։ Այս երկու հաղորդակցությունները լսելուց հետո ձեռք բերե՞լ եք արդյոք լիովին նոր հասկացողություն Աստծու ինքնության, կարգավիճակի և էության վերաբերյալ։ Օգնե՞լ է ձեզ արդյոք այս հասկացողությունը հասնել Աստծու իրական գոյության ավելի էական ճանաչողության և համոզվածության։ Այսօր կշարունակեմ հաղորդակցվել «Աստծու իշխանությունը» թեմայի շուրջ։

Աստծու իշխանության հասկացողությունը մակրո և միկրո տեսանկյուններից

Աստծու իշխանությունը եզակի է։ Այն յուրահատուկ դրսևորում է, որը ներկայացնում է Աստծու իսկ ինքնությունը, ինչպես նաև այդ ինքնությունը ներկայացնող հատուկ էություն, որոնք չունի ոչ մի արարած կամ չարարված էակ. այսպիսի իշխանություն ունի միայն Արարիչը։ Այլ կերպ ասած՝ միայն Արարիչը՝ եզակի Աստված, ունի նման դրսևորում և նման էություն։ Ուստի ինչո՞ւ ենք բարձրացնում Աստծու իշխանության հարցը։ Ինչո՞վ է Աստծու՝ Իր իսկ իշխանությունը տարբերվում այն իշխանությունից, որը մարդը հասկանում է իր մտքում։ Ի՞նչ հատուկ բան կա դրանում։ Եվ ի՞նչ առանձնահատուկ նշանակություն ունի դա այստեղ բարձրացնելը։ Ձեզանից յուրաքանչյուրը պետք է ուշադիր խորհի այս մասին։ Մարդկանց ճնշող մեծամասնության համար «Աստծու իշխանության» թեման միշտ վերացականության զգացում է պարունակում, և նրանք դժվարանում են հասկանալ այն։ Դրա ցանկացած քննարկում հակված է դատարկ լինելու։ Հետևաբար միշտ տարբերություն կա Աստծու իշխանության ճանաչողության, որին մարդիկ կարող են հասնել, և Աստծու իշխանության էության միջև։ Այս խնդիրը լուծելու համար յուրաքանչյուր ոք պետք է աստիճանաբար սկսի ճանաչել Աստծու իշխանությունն այն մարդկանց, իրադարձությունների և բաների, ինչպես նաև տարբեր երևույթների միջոցով, որոնք հասանելի և ընկալելի են մարդուն իր իրական կյանքում։ Թեև «Աստծու իշխանություն» եզրույթը կարող է մարդկանց մոտ անըմբռնելիության զգացում առաջացնել, բայց Աստծու իշխանությունն ամենևին էլ դատարկ չէ։ Այն ուղեկցում է մարդկանց իրենց կյանքի յուրաքանչյուր րոպեին և յուրաքանչյուր վայրկյանին՝ առաջնորդելով նրանց յուրաքանչյուր օրը հաղթահարելու համար։ Ուստի յուրաքանչյուր մարդ իրական կյանքում անպայման կկարողանա տեսնել և փորձառաբար ապրել Աստծու իշխանության ամենագործնական կողմը։ Այս գործնական կողմը բավական է ապացուցելու համար, որ Աստծու իշխանությունն իսկապես գոյություն ունի, և հնարավորություն տալու մարդկանց ճանաչելու և ըմբռնելու այն փաստը, որ Աստված ունի նման իշխանություն։

Աստված արարեց ամեն բան։ Դրանք ստեղծելուց հետո Նա Իր գերիշխանությունն է գործադրել դրանց նկատմամբ՝ միաժամանակ կառավարելով դրանք։ Ի՞նչ հասկացություն է սա, որ «Աստված կառավարում է ամեն բան»։ Ինչպե՞ս պետք է սա բացատրվի։ Ինչպե՞ս է այն առնչվում իրական կյանքին։ Ինչպե՞ս պետք է մարդ սկսի ճանաչել Աստծու իշխանությունը՝ հասկանալով այն փաստը, որ «Աստված կառավարում է ամեն բան»։ «Աստված կառավարում է ամեն բան» հայտարարությունից պետք է տեսնենք, որ այն, ինչ Աստված կառավարում է, մոլորակների մի մասը կամ արարչագործության մի մասը չէ, առավել ևս՝ մարդկության մի մասը, այլ ամեն բան՝ հսկայականից մինչև չափազանց մանրը, տեսանելիից մինչև անտեսանելին և տիեզերքի երկնային մարմիններից մինչև երկրի վրայի բազմաթիվ կենդանի էակները, ինչպես նաև անզեն աչքով անտեսանելի միկրոօրգանիզմները և այլ տարբեր ձևերով գոյություն ունեցող էակները, կառավարվում է Աստծու կողմից։ Սա ճշգրտորեն սահմանում է «ամեն բանը» «Աստված կառավարում է ամեն բան» հայտարարության մեջ։ Դա հենց այն շրջանակն է, որի սահմաններում Աստված գործադրում է Իր իշխանությունը և իրականացնում Իր գերիշխանությունն ու կառավարումը։

Նախքան այս մարդկության գոյության կոչվելը տիեզերքի երկնային մարմիններն արդեն գոյություն ունեին։ Մակրո մակարդակում՝ անկախ նրանից, թե քանի տարի են գոյություն ունեցել այս երկնային մարմինները, դրանք կանոնավոր շարժմամբ գործել են Աստծու վերահսկողության ներքո։ Որ մոլորակը ուր է գնում որոշակի պահի, որ մոլորակն ինչ առաջադրանք է կատարում որոշակի պահի, որ մոլորակը որ ուղեծրին է հետևում և երբ է անհետանում կամ փոխարինվում. այս բոլոր բաներն ընթանում են առանց նվազագույն սխալի։ Մոլորակների դիրքերը և դրանց միջև եղած հեռավորությունները հետևում են խիստ օրենքների և համապատասխանում են ճշգրիտ չափումների։ Ուղեծրերը, որոնց դրանք հետևում են, արագությունը, որով շարժվում են, դրանց շարժումը կառավարող օրենքները, և թե երբ դրանք կհասնեն որոշակի դիրքի՝ այս ամենի հետևում կան ճշգրիտ չափումներ և սահմանված օրենքներ։ Դարեդար մոլորակները գործել են այս օրենքների շրջանակներում՝ բոլորովին առանց շեղումների։ Ոչ մի զորություն չի կարող փոխել կամ խաթարել դրանց ուղեծրերը կամ այն օրենքները, որոնց դրանք հետևում են։ Քանի որ այս ճշգրիտ չափումները և դրանց շարժումը կառավարող հաստատված օրենքները սահմանված են Արարչի իշխանությամբ, դրանք ինքնաբերաբար գործում են կանոնավոր շարժմամբ՝ Արարչի գերիշխանության և վերահսկողության ներքո։ Մարդկանց համար դժվար չէ մակրո մակարդակում հայտնաբերել որոշ օրենքներ, տվյալներ և տարօրինակ ու անբացատրելի կանոններ կամ երևույթներ։ Թեև մարդկությունը չի ճանաչում Աստծու գոյությունը կամ չի ընդունում այն փաստը, որ Արարիչն է ստեղծել և գերիշխանություն ունի բոլոր բաների նկատմամբ, առավել ևս չի ճանաչում Արարչի իշխանության գոյությունը, այնուամենայնիվ, մարդկային գիտնականները, աստղագետները և ֆիզիկոսները շարունակում են պարզել, որ բոլոր բաների գոյությունն ու շարժումը թելադրող օրենքներն ու կանոնները գտնվում են հսկայական և թաքնված մութ էներգիայի գերիշխանության և վերահսկողության ներքո։ Այս փաստը ստիպում է մարդկանց առերեսվել և ընդունել, որ կա Հզոր Մեկը, ով ներդաշնակեցնում է ամեն բան այս օրենքների մեջ, որոնք թելադրում են բոլոր բաների գործողությունները։ Նրա զորությունն արտասովոր է, և թեև ոչ ոք չի կարող տեսնել Նրա ճշմարիտ երեսը, Նա բոլոր ժամանակներում Իր գերիշխանությունն ու վերահսկողությունն է գործադրում ամեն բանի նկատմամբ։ Ոչ մի մարդ կամ ուժ չի կարող վերանցել Նրա գերիշխանությունը։ Իրենց աչքի առաջ ունենալով այս փաստը՝ մարդիկ այլ ելք չունեն, քան ընդունելը, որ բոլոր բաների գոյության օրենքները չեն կարող վերահսկվել մարդկանց կողմից և չեն կարող փոխվել ոչ մեկի կողմից։ Նրանք նաև ստիպված են ընդունել, որ այս օրենքներն անըմբռնելի են մարդկանց համար. դրանք բնական ճանապարհով չեն ձևավորվել, այլ կառավարվում են Գերիշխանի կողմից։ Սրանք բոլորն Աստծու իշխանության այն կողմերն են, որոնք մարդիկ կարող են ընկալել մակրո մակարդակում։

Միկրո մակարդակում բոլոր լեռները, գետերը, լճերը, ծովերը և ցամաքները, որոնք մարդիկ կարող են տեսնել երկրի վրա, բոլոր տարվա եղանակները, որոնք նրանք փորձառում են, և բոլոր բաները, որոնք բնակվում են երկրի վրա՝ ներառյալ բույսերը, կենդանիները, միկրոօրգանիզմները և մարդիկ, ենթակա են Աստծու գերիշխանությանն ու վերահսկողությանը։ Աստծու գերիշխանությունն ու վերահսկողությունը գոյության են կոչում կամ վերացնում բոլոր բաները Նրա մտքերի համաձայն, ինչպես նաև ի հայտ են բերում բոլոր բաների գոյության օրենքները։ Այս օրենքների ներքո է, որ բոլոր բաները բազմանում և շարունակում են ապրել. ոչ մի մարդ կամ բան չի կարող վերանցել այս օրենքները։ Ինչո՞ւ չեն կարող։ Միակ պատասխանը սա է. դա Աստծու իշխանության պատճառով է։ «Աստծու իշխանության պատճառով». կարող ենք նաև ասել, որ Աստծու մտքերի և Աստծու խոսքերի պատճառով է, կամ Աստծու՝ Իր իսկ անձնական գործողությունների պատճառով։ Այսինքն՝ բոլոր բաների օրենքներն ի հայտ են գալիս Աստծու իշխանության և Աստծու մտքերի պատճառով, ինչպես նաև տեղաշարժվում ու փոխվում են Նրա մտքերի պատճառով։ Այս տեղաշարժերն ու փոփոխությունները բոլորն ի հայտ են գալիս կամ ավարտվում են հանուն Նրա ծրագրի։ Վերցնենք, օրինակ, համաճարակները։ Դրանք բռնկվում են առանց նախազգուշացման։ Ոչ ոք չգիտի դրանց ծագումը կամ թե կոնկրետ ինչն է դրանց պատճառը, և ուր էլ որ համաճարակը գնա, բոլոր նրանք, ովքեր դատապարտված են, չեն կարող խուսափել աղետից։ Մարդկային գիտության տեսանկյունից՝ համաճարակներն առաջանում են դաժան կամ վնասակար մանրէների տարածումից, և դրանց արագությունը, շրջանակը և փոխանցման եղանակը չեն կարող կանխատեսվել կամ վերահսկվել մարդկային գիտության կողմից։ Թեև մարդիկ անում են հնարավոր ամեն ինչ՝ համաճարակներից պաշտպանվելու համար, բայց նրանք չեն կարող վերահսկել, թե որ մարդիկ կամ կենդանիներն անխուսափելիորեն կտուժեն համաճարակի բռնկման ժամանակ։ Միակ բանը, որ մարդիկ կարող են անել՝ փորձել կանխել դրանք, պաշտպանվել դրանցից և ուսումնասիրել դրանք։ Սակայն ոչ ոք չգիտի ցանկացած առանձին համաճարակի բռնկման կամ ավարտի արմատական պատճառը, և ոչ ոք չի կարող վերահսկել դրանք։ Բախվելով համաճարակի բռնկմանն ու տարածմանը՝ առաջին միջոցը, որ մարդիկ ձեռնարկում են, պատվաստանյութ մշակելն է, բայց հաճախ համաճարակը մարում է առանց որևէ մեկի գիտակցելու, նախքան պատվաստանյութի պատրաստ լինելը։ Ինչպե՞ս են համաճարակները մարում։ Ոմանք ասում են, որ մանրէները վերահսկողության տակ են առնվել, մինչդեռ մյուսներն ասում են, որ դա եղանակի փոփոխության պատճառով է… Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք այս անհիմն ենթադրություններն արդարացված են, գիտությունը չի կարող հստակ բացատրություն կամ ճշգրիտ պատասխան տալ։ Ուստի մարդիկ բախվում են ոչ միայն այս անհիմն ենթադրություններին, այլև համաճարակների հանդեպ ունեցած իրենց շփոթությանը և սարսափին։ Ոչ ոք չգիտի, թե ինչպես են այս համաճարակներն առաջանում, կամ ինչպես են դրանք անհետանում։ Քանի որ մարդիկ միայն գիտությանն են հավատում և ամբողջովին ապավինում են դրան՝ միաժամանակ չընդունելով Արարչի իշխանությունը կամ չընդունելով Նրա գերիշխանությունը, նրանք երբեք չեն գտնի այս հարցերի պատասխանները։

Աստծու գերիշխանության ներքո բոլոր բաները գոյության են կոչվում, գոյություն ունեն և անհետանում են Նրա իշխանության պատճառով և հանուն Նրա տնօրինման։ Որոշ բաներ գալիս և գնում են անաղմուկ, և մարդը չի կարող տեսնել, թե որտեղից են դրանք եկել կամ ընկալել այն օրենքները, որոնց դրանք հետևում են, առավել ևս հասկանալ այն պատճառները, թե ինչու են դրանք գալիս և գնում։ Թեև այն ամենը, ինչ տեղի է ունենում բոլոր բաների մեջ, մարդը կարող է տեսնել իր իսկ աչքերով, լսել իր իսկ ականջներով կամ անձամբ փորձառել, թեև դա կապված է մարդու հետ, և թեև մարդը կարող է ենթագիտակցորեն փորձառել տարբեր երևույթների արտասովորությունը, կանոնավորությունը կամ նույնիսկ տարօրինակությունը, բայց նա դեռ ոչինչ չգիտի Արարչի մտադրությունների և մտքերի մասին, որոնք ընկած են այն ամենի հետևում, ինչ տեղի է ունենում բոլոր բաների մեջ։ Շատ պատմություններ, շատ թաքնված փաստեր են այնտեղ ընկած։ Քանի որ մարդը հեռացել է Արարչից և քանի որ նա չի ընդունում այն փաստը, որ Արարչի իշխանությունը գերիշխանություն ունի բոլոր բաների նկատմամբ, նա երբեք չի կարող հասկանալ և ըմբռնել այն ամենը, ինչ տեղի է ունենում Արարչի իշխանության գերիշխանության ներքո։ Մի խոսքով՝ Աստծու վերահսկողությունն ու գերիշխանությունը գերազանցում են մարդկային երևակայության, մարդկային գիտելիքի, մարդկային հասկացողության սահմանները և այն, ինչին կարող է հասնել մարդկային գիտությունը. դրանք վեր են արարված մարդկության կարողություններից։ Ոմանք ասում են. «Դու Աստծու գերիշխանությանն ականատես չես եղել, ինչպե՞ս կարող ես հավատալ, որ այս ամենը Նրա իշխանության արդյունքն է»։ Պարտադիր չէ, որ տեսնելը նշանակի հավատալ կամ ընդունել և հասկանալ։ Ուրեմն որտեղի՞ց է բխում հավատալը։ Կարող եմ վստահությամբ ասել, որ հավատալը բխում է մարդկանց կողմից իրերի արմատական պատճառների և ճշմարտության ըմբռնման և վերապրման աստիճանից և խորությունից։ Եթե հավատում ես, որ Աստված գոյություն ունի, բայց չես կարող ընդունել, առավել ևս՝ տեսնել բոլոր բաների նկատմամբ Աստծու գերիշխանության և Աստծու վերահսկողության փաստը, ապա սրտումդ երբեք չես ընդունի, որ Աստված ունի այսպիսի իշխանություն, և որ Աստծու իշխանությունը եզակի է, և երբեք ճշմարտապես չես ընդունի Արարչին որպես քո Տիրոջ և քո Աստծու։

Մարդկության ճակատագիրը և բոլոր բաների ճակատագիրն անբաժանելի են Արարչի գերիշխանությունից

Բոլորդ չափահաս եք դարձել։ Ձեզանից ոմանք միջին տարիքի են, ոմանք թևակոխել են ծերության շրջան։ Քանի որ դուք Աստծուն չհավատալուց անցել եք Նրան հավատալուն և Աստծուն հավատալ սկսելուց՝ Նրա խոսքն ընդունելուն ու Նրա գործը փորձառաբար ապրելուն, որքանո՞վ եք սկսել ճանաչել Աստծու գերիշխանությունը։ Ի՞նչ ներըմբռնումներ եք ձեռք բերել մարդկային ճակատագրի վերաբերյալ։ Ձեր կյանքում ամեն բան իրականում կարո՞ղ է արդյոք դասավորվել ճիշտ այնպես, ինչպես ցանկանում եք։ Ձեր գոյության մի քանի տասնամյակների ընթացքում քանի՞ բան է զարգացել այնպես, ինչպես ուզում էիք։ Քանի՞ բան չեք կարողացել կանխատեսել։ Քանի՞ բան է հաճելի անակնկալ եղել։ Քանի՞ բանի արդյունքին եք դեռ սպասում կամ դեռ անգիտակցաբար սպասում հարմար պահի, սպասում Երկնքի կամքին։ Քանի՞ բան է ձեզ ստիպում անօգնական զգալ և չիմանալ, թե ինչ անել։ Յուրաքանչյուր ոք լի է իր ճակատագրի հանդեպ ակնկալիքներով՝ հուսալով, որ իր կյանքում ամեն բան կընթանա այնպես, ինչպես ինքն է ցանկանում, որ սննդի կամ հագուստի կարիք չի ունենա, և որ իր բարեկեցությունը կտրուկ կբարելավվի։ Ոչ ոք չի ցանկանում կյանքում աղքատ ու նվաստ լինել՝ պաշարված դժվարություններով և մշտական աղետներով։ Սակայն սրանցից ոչ մեկը մարդիկ չեն կարող կանխատեսել կամ վերահսկել։ Գուցե ոմանց համար այն ամենը, ինչ վերապրել են անցյալում, պարզապես մշուշ է. նրանք երբեք չեն իմանում, թե որն է Երկնքի կամքը, ոչ էլ նրանց հետաքրքրում է, թե որն է այն։ Անասունների պես՝ նրանք խարխափելով անցնում են կյանքի միջով՝ ապրելով օրեցօր, չմտահոգվելով, թե ինչ է ճակատագիրը, կամ ինչու են մարդիկ ապրում և ինչպես պետք է ապրեն։ Երբ նման մարդիկ հասնում են ծերության, մարդկային ճակատագրի վերաբերյալ դեռևս ոչ մի ներըմբռնում ձեռք բերած չեն լինում և գաղափար չեն ունենում, թե ինչի մասին է կյանքը՝ ընդհուպ մինչև իրենց մահվան պահը։ Կարելի է ասել՝ նրանք առանց հոգու մեռած մարդիկ են, անասուններ են։ Թեև մարդիկ ապրում են բոլոր բաների մեջտեղում՝ վայելելով, թե ինչպես է աշխարհն ապահովում իրենց բոլոր նյութական կարիքները, և տեսնելով, թե ինչպես է այս նյութական աշխարհը շարունակ առաջադիմում, նրանց սեփական փորձառությունը՝ այն, ինչ նրանց սրտերն ու հոգիներն են փորձառում, ոչ մի կապ չունի որևէ նյութական բանի հետ, ոչ էլ կարող է փոխարինվել որևէ նյութական բանով։ Դա մարդու սրտի խորքում ձևավորված գիտակցում է, մի բան, որը հնարավոր չէ տեսնել անզեն աչքով։ Այս գիտակցումը մարդկային կյանքի և մարդկային ճակատագրի վերաբերյալ մարդու հասկացողությունն ու ընկալումն է։ Եվ դա թույլ է տալիս նրանց հաճախ զգալ, որ անտեսանելիի մեջ կա մի Գերիշխան, որը կարգավորում և ներդաշնակեցնում է ամեն բան մարդու համար։ Այս ամենի մեջտեղում մարդիկ չեն կարող չընդունել ճակատագրի կարգավորումներն ու ներդաշնակեցումները և միևնույն ժամանակ չեն կարող չընդունել Արարչի կարգավորումներն իրենց առջև ընկած ուղու համար, ինչպես նաև Արարչի գերիշխանությունը մարդկային ճակատագրի նկատմամբ, որոնք անվիճելի փաստեր են։ Անկախ նրանից, թե ինչ ներըմբռնում և վերաբերմունք ունի մարդը ճակատագրի նկատմամբ, ոչ ոք չի կարող փոխել այս փաստերը։

Ուր կգնա մարդը, ինչ կանի, ինչ մարդկանց կամ իրավիճակների կհանդիպի, ինչեր կասի, և ինչ տեղի կունենա յուրաքանչյուր օրվա ընթացքում՝ մի՞թե նա կարող է կանխատեսել այս բաները։ Կարելի է ասել՝ մարդը ոչ միայն չի կարող կանխատեսել այս բոլոր իրադարձությունները, այլև առավել ևս չի կարող վերահսկել իրերի զարգացումը։ Մարդու առօրյա կյանքում այս անկանխատեսելի բաները հեռու են նորություն լինելուց, դրանք սովորական իրադարձություններ են։ Առօրյա կյանքի այս մանրուքների պատահելը և դրանց զարգացման միջոցներն ու օրենքները մշտական հիշեցումներ են մարդկությանը. տեղի ունեցող ոչ մի բան զուգադիպություն չէ։ Այն ամենի զարգացման ընթացքն ու ամեն տեղի ունեցողի անխուսափելիությունը չեն կարող փոխվել մարդկային կամքով։ Տեղի ունեցող ամեն բանի պատահելը մարդկությանը նախազգուշացում է փոխանցում Արարչից և հղում է այն ուղերձը, որ չեն կարող վերահսկել իրենց իսկ ճակատագրերը։ Միևնույն ժամանակ դա հակահարված է մարդկության հանդուգն փառասիրական ձգտմանն ու ճակատագիրն իրենց ձեռքը վերցնելու նկրտմանը։ Այս հարվածը նման է հզոր ապտակի, որը նորից ու նորից հարվածում է մարդկության դեմքին՝ ստիպելով խորհել, թե հատկապես ով ունի գերիշխանություն և ով է կառավարում իրենց ճակատագրերը։ Եվ քանի որ նրանց փառասիրական ձգտումներն ու նկրտումները մշտապես ի դերև են ելնում և փշրվում, նրանք չեն կարող անգիտակցորեն չհամակերպվել ճակատագրի կարգավորումներին և չընդունել իրականությունը, Երկնքի կամքը և Արարչի գերիշխանությունը։ Առօրյա կյանքի կրկնվող մանրուքներից մինչև մարդկության կյանքի ճակատագրերը` չկա ոչինչ, որ չբացահայտի Արարչի գերիշխանությունն ու կարգավորումները։ Չկա ոչինչ, որ չհղի այն ուղերձը, որ Արարչի իշխանությունը չի կարող գերազանցվել, որ չփոխանցի այն հավերժ անփոփոխ ճշմարտությունը, որ Արարչի իշխանությունը գերագույն է։

Մարդկության ճակատագրերը և բոլոր բաների ճակատագրերը սերտորեն միահյուսված են Արարչի գերիշխանությանը և անբաժանելիորեն կապված են Արարչի ներդաշնակեցումներին։ Ըստ էության՝ այն, թե ինչպիսին են այս ճակատագրերը, անբաժանելի է Արարչի իշխանությունից։ Բոլոր բաների օրենքներից մարդկությունը սկսում է գնահատել Արարչի ներդաշնակեցումները և Նրա գերիշխանությունը։ Բոլոր բաների ողջ մնալու կանոններից սկսում է տեսնել Արարչի կառավարումը։ Բոլոր բաների ճակատագրերից սկսում է հասկանալ այն ուղիները, որոնցով Արարիչը գործադրում է Իր գերիշխանությունն ու կառավարումը բոլոր բաների նկատմամբ։ Եվ մարդկության ու բոլոր բաների կյանքի ցիկլերից սկսում է ճշմարտապես փորձառաբար ապրել Արարչի ներդաշնակեցումներն ու կարգավորումները բոլոր բաների և կենդանի էակների համար, ճշմարտապես տեսնել, որ այդ ներդաշնակեցումներն ու կարգավորումները վերանցում են բոլոր երկրային հրամանագրերը, պայմաններն ու հաստատությունները, բոլոր այլ իշխանություններն ու ուժերը։ Այսպիսով՝ մարդկությունը չի կարող չընդունել, որ Արարչի գերիշխանությունը չի կարող խախտվել ոչ մի արարածի կողմից, և որ բոլոր իրադարձություններն ու բաները, որոնք կանխորոշված են Արարչի կողմից, չեն կարող ոտնահարվել կամ փոխվել ոչ մի ուժի կողմից։ Այս երկնային կանոնների և օրենքների ներքո է, որ մարդկությունը և բոլոր բաներն ապրում և բազմանում են սերնդեսերունդ։ Մի՞թե սա Արարչի իշխանության ճշմարիտ մարմնավորում չէ։ Թեև մարդկությունը բոլոր բաների և իրադարձությունների համար Արարչի գերիշխանությունը և Նրա կանխորոշումը տեսնում է օբյեկտիվ օրենքներից, բայց մարդկության մեջ քանի՞սն են ի վիճակի լիովին ընկալելու բոլոր բաների նկատմամբ Արարչի գերիշխանության սկզբունքը։ Եվ քանի՞սը կարող են ճշմարտապես իմանալ, ճանաչել, ընդունել և հնազանդվել իրենց իսկ ճակատագրերի նկատմամբ Արարչի գերիշխանությանն ու կարգավորմանը։ Ո՞վ՝ հավատալով այն փաստին, որ Արարիչը գերիշխանություն ունի բոլոր բաների նկատմամբ, ճշմարտապես կհավատա և կընդունի, որ Արարիչը նաև գերիշխանություն ունի մարդկության ողջ կյանքի ճակատագրերի նկատմամբ։ Եվ ո՞վ կարող է ճշմարտապես հստակ տեսնել այն փաստը, որ մարդու ճակատագիրն Արարչի ձեռքերում է։ Ինչպիսի՞ վերաբերմունք պետք է ցուցաբերեն մարդիկ Արարչի գերիշխանության նկատմամբ, երբ բախվում են այն փաստին, որ Նա գերիշխանություն ունի և կառավարում է մարդկության ճակատագիրը. պետք է ասել, որ սա մի որոշում է, որը պետք է կայացնի յուրաքանչյուր մարդ, որ այժմ բախվում է այս փաստին։

Վեց վճռորոշ պահ, որոնցով յուրաքանչյուր ոք պետք է անցնի կյանքում

Յուրաքանչյուր մարդ իր կյանքի ընթացքում պետք է անցնի մի շարք ճգնաժամային վճռորոշ պահեր։ Այս կարևոր վճռորոշ պահերն ամենահիմնարար, ամենավճռական քայլերն են, որոնք որոշում են մարդու ճակատագիրը։ Այժմ հակիրճ կթվարկեմ այս վճռորոշ պահերը, որոնցով յուրաքանչյուր մարդ պետք է անցնի իր կյանքի ընթացքում։

Առաջին վճռորոշ պահը՝ ծնունդ

Որտեղ է մարդը ծնվում, ինչ ընտանիքում է ծնվում, ինչ սեռի է, ինչ տեսք ունի, երբ է ծնվում՝ սա է կազմում առաջին վճռորոշ պահը, որով յուրաքանչյուր ոք պետք է անցնի։

Ոչ ոք չի կարող որոշել այս վճռորոշ պահի մանրամասները. դրանք բոլորը շատ վաղուց կանխորոշված են Արարչի կողմից։ Դրանք ոչ մի կերպ չեն ենթարկվում արտաքին միջավայրի ազդեցությանը, և ոչ մի արհեստական գործոն չի կարող փոխել այս փաստերը, որոնք կանխորոշված են Արարչի կողմից։ Մարդու ծնվելը նշանակում է, որ Արարիչն արդեն իսկ կատարել է այն կարգավորումների առաջին քայլը, որոնք Նա արել է այդ մարդու ճակատագրի համար։ Քանի որ Նա շատ վաղուց կանխորոշել է այս բոլոր մանրամասները, ոչ ոք չի կարող փոխել դրանցից որևէ մեկը։ Անկախ նրանից, թե ինչպիսին կլինի մարդու ճակատագիրը, նրա ծննդյան հանգամանքները կանխորոշված են և մնում են այնպիսին, ինչպիսին կան։ Դրանք ոչ մի կերպ չեն ենթարկվում կյանքում նրա ճակատագրի ազդեցությանը, ոչ էլ որևէ կերպ ազդում են կյանքում նրա ճակատագրի նկատմամբ Արարչի գերիշխանության վրա։

1) Նոր կյանքը ծնվում է Արարչի կարգավորումներից

Առաջին վճռորոշ պահի մանրամասներից ո՞րն է մարդն ի վիճակի ընտրելու. իր ծննդավայրը, իր ընտանիքը, սեռը, ֆիզիկական արտաքինը, ծննդյան ժամանակը։ Ակնհայտ է, որ մարդու ծնունդը «պասիվ» իրադարձություն է։ Մարդը ծնվում է ակամա, որոշակի վայրում, որոշակի ժամանակ, որոշակի ընտանիքում, որոշակի ֆիզիկական արտաքինով, ակամա դառնալով որոշակի օջախի անդամ, որոշակի ընտանիքի ժառանգ։ Կյանքի այս առաջին վճռորոշ պահին մարդը ոչ մի ընտրություն չունի, այլ ծնվում է սահմանված հանգամանքներում և որոշակի ընտանիքում, որոշակի սեռով և արտաքինով և որոշակի ժամանակում, որը սերտորեն կապված է մարդու ողջ կյանքի հետ, և այս ամենն՝ Արարչի կարգավորումների համաձայն։ Ի՞նչ կարող է անել մարդն այս ճգնաժամային վճռորոշ պահին։ Ուշադիր դիտարկելիս՝ երբ խոսքը վերաբերում է մարդու ծննդյան այս կողմերին, չկա ոչ մի բան, որը մարդիկ կարող են ընտրել։ Եթե չլինեին Արարչի կանխորոշումն ու Նրա ուղղորդումը, այս աշխարհ մուտք գործող նորածին մարդը չէր իմանա, թե ուր գնալ կամ որտեղ մնալ, չէր ունենա հարազատներ, ոչ մի ծագում չէր ունենա և չէր ունենա իրական տուն։ Սակայն Արարչի մանրակրկիտ կարգավորումների շնորհիվ՝ նա ունի մնալու վայր, ծնողներ, ծագման վայր և հարազատներ և դրանով իսկ սկսում է իր ճանապարհորդությունը կյանքում։ Այս ողջ գործընթացի ընթացքում նոր կյանքի ի հայտ գալը բխում է Արարչի կարգավորումներից, և այն ամենը, ինչ այդ նոր կյանքը սկսում է ձեռք բերել, տրվելու է դրան Արարչի կողմից։ Բոլոր ունեցվածքներից զուրկ, ազատ լողացող մարմնից այն աստիճանաբար դառնում է միս ու արյուն, տեսանելի, շոշափելի, արարված մարդկային էակ, որը մտածում է, շնչում և զգում տաքն ու սառը, որը կարող է մասնակցել նյութական աշխարհում արարված էակի բոլոր բնականոն գործունեություններին, և որը կանցնի այն բոլոր աշխարհիկ բաների միջով, որոնք արարված մարդկային էակը պետք է փորձառաբար ապրի կյանքում։ Արարչի կողմից մարդու ծննդյան կանխորոշումը նշանակում է, որ Նա այդ մարդուն կշնորհի այն ամենը, ինչ նրան անհրաժեշտ է ողջ մնալու համար, և նմանապես՝ մարդու ծնունդը նշանակում է, որ նա Արարչից կստանա ողջ մնալու համար անհրաժեշտ ամեն բան, և որ այդ պահից սկսած՝ կապրի մեկ այլ ձևով՝ Արարչի կողմից ապահովված և ենթակա Արարչի գերիշխանությանը։

2) Մարդկային էակների ծննդյան տարբեր հանգամանքների հիմնական պատճառը

Մարդիկ հաճախ տարված են այն երևակայությամբ, որ եթե վերածնվեին, դա անպայման կլիներ նշանավոր ընտանիքում. եթե կին է, հեքիաթային արքայադստեր տեսք կունենա և բոլորը կսիրեն նրան, իսկ եթե տղամարդ է, կլինի Հմայիչ Արքայազն, ոչնչի կարիք չի ունենա, և ողջ աշխարհը կլինի նրա տրամադրության տակ։ Հաճախ կան այնպիսիք, որոնք ամեն տեսակ պատրանքներ են տածում իրենց ծննդյան վերաբերյալ և շատ դժգոհ են դրանից. նրանք դժգոհ են իրենց ընտանիքից, իրենց արտաքինից, իրենց սեռից, նույնիսկ իրենց ծննդյան ժամանակից։ Սակայն մարդիկ երբեք չեն հասկանում, թե ինչու են ծնվել որոշակի ընտանիքում կամ ինչու որոշակի արտաքին ունեն։ Չգիտեն, որ անկախ նրանից, թե որտեղ են ծնվել կամ ինչ տեսք ունեն, այս նպատակը, որ հանուն Արարչի տնօրինման մարդիկ տարբեր դերեր են խաղում և տարբեր առաքելություններ կատարում, երբեք չի փոխվի։ Արարչի աչքերում կարևոր չէ, թե որտեղ է մարդը ծնվում, արական սեռի է, թե իգական, կամ ինչ տեսք ունի՝ սրանք բոլորը ժամանակավոր բաներ են։ Դրանք ոչ այլ ինչ են, քան փոքրիկ նշաններ և ցուցիչներ Նրա կողմից ողջ մարդկության տնօրինման յուրաքանչյուր փուլում։ Եվ մարդու ճշմարիտ վերջնանպատակն ու ելքը չեն որոշվում նրա ծննդով որևէ որոշակի փուլում, այլ այն առաքելությամբ, որը կատարում է յուրաքանչյուր կյանքում, և նրա վերաբերյալ Արարչի որոշմամբ, երբ Նրա տնօրինման ծրագիրն ավարտվի։

Ասում են, որ յուրաքանչյուր հետևանք ունի պատճառ, և որ ոչ մի հետևանք առանց պատճառի չի լինում։ Համապատասխանաբար՝ մարդու ծնունդն անպայմանորեն կապված է ինչպես նրա ներկա, այնպես էլ նախորդ կյանքերի հետ։ Եթե մարդու մահը նրա ներկա կյանքի ավարտն է, ապա պետք է ասել, որ նրա ծնունդը նոր ցիկլի սկիզբն է։ Եթե հին ցիկլերը ներկայացնում են մարդու նախորդ կյանքերը, ապա նոր ցիկլը բնականաբար նրա ներկա կյանքն է։ Քանի որ մարդու ծնունդը կապված է նրա անցյալ և ներկա կյանքերի հետ, այստեղից հետևում է, որ վայրը, ընտանիքը, սեռը, արտաքինը և նման այլ գործոններ, որոնք կապված են մարդու ծննդյան հետ, բոլորն անպայմանորեն առնչվում են նրա անցյալ և ներկա կյանքերին։ Սա նշանակում է, որ մարդու ծննդյան գործոնները ոչ միայն կրում են նրա նախորդ կյանքերի ազդեցությունը, այլև որոշվում են ներկա կյանքի ճակատագրով։ Սա է պատճառը, որ մարդիկ ծնվում են տարբեր հանգամանքներում։ Ոմանք ծնվում են աղքատ ընտանիքներում, մյուսները՝ հարուստ ընտանիքներում։ Ոմանք հասարակ ծագում ունեն, մինչդեռ մյուսներն ունեն նշանավոր տոհմածառեր։ Ոմանք ծնվում են հարավում, մյուսները՝ հյուսիսում։ Ոմանք ծնվում են անապատում, մյուսները՝ կանաչապատ հողերում։ Որոշ մարդկանց ծնունդն ուղեկցվում է ուրախության բացականչություններով, ծիծաղով և տոնակատարություններով, մյուսներինը՝ արցունքներով, աղետով և վշտով։ Ոմանք ծնվում են փայփայված, մյուսները՝ որպես աղբ։ Ոմանք ծնվում են նուրբ դիմագծերով, մյուսները՝ ծռված դիմագծերով։ Ոմանք հաճելի են տեսքից, մյուսները՝ տգեղ։ Ոմանք ծնվում են կեսգիշերին, մյուսները՝ կեսօրվա արևի բոցի տակ… Ամեն տեսակի մարդկանց ծնունդները որոշվում են նրանով, թե ինչպես է Արարիչը կարգավորել նրանց ճակատագրերը, իսկ նրանց ծնունդները որոշում են իրենց ճակատագրերը ներկա կյանքում, ինչպես նաև դերերը, որոնք խաղալու են, և առաքելությունները, որոնք կատարելու են։ Այս ամենը ենթակա է Արարչի գերիշխանությանը և կանխորոշված է Նրա կողմից. ոչ ոք չի կարող խուսափել այս կանխորոշումից, և ոչ ոք չի կարող փոխել իր ծնունդը, առավել ևս՝ ընտրել իր իսկ ճակատագիրը։

Երկրորդ վճռորոշ պահը՝ հասակ առնելը

Ինչպիսի ընտանիքում էլ որ մարդ ծնվի, դա այն ընտանեկան միջավայրն ու կրթությունն է, որը նա փորձառաբար կապրի։ Այս բաները որոշում են այն հանգամանքները, որոնցում մարդը մեծանում է, և սա մարդու կյանքի երկրորդ ճգնաժամային վճռորոշ պահն է։ Ավելորդ է ասել՝ մարդիկ ոչ մի ընտրություն չունեն նաև այս վճռորոշ պահի հարցում։ Այն նույնպես սահմանված է, կանխորոշված։

1) Արարիչը կարգավորում է սահմանված հանգամանքները, որոնցում յուրաքանչյուր մարդ հասակ է առնում

Երբ մարդը հասակ է առնում, չի կարող ընտրել այն մարդկանց, իրադարձությունները կամ բաները, որոնք հետզհետե ներգործում և ազդում են իր վրա, ոչ էլ գիտելիքներն ու հմտությունները, որոնք ձեռք է բերում, կամ սովորությունները, որոնք զարգացնում է։ Մարդը չի կարող ընտրել իր ծնողներին ու հարազատներին, ոչ էլ իրեն շրջապատող մարդկանց, իրադարձություններն ու բաները. ինչպիսի հարաբերություններ ունի նա այս մարդկանց, իրադարձությունների և բաների հետ և ազդեցությունը, որ այս մարդիկ, իրադարձությունները և բաներն ունենում են նրա վրա, երբ հասակ է առնում, նույնպես բաներ են, որոնք չի կարող ընտրել։ Ուրեմն ո՞վ է որոշում բոլոր այս բաները։ Ո՞վ է կարգավորում դրանք։ Քանի որ մարդիկ ոչ մի ընտրություն չունեն այս հարցում և քանի որ չեն կարող ինքնուրույն որոշել այս բաները, առավել ևս՝ իհարկե, այս բաները բնական ճանապարհով չեն առաջանում, ինքնին հասկանալի է, որ այս բոլոր մարդկանց, իրադարձությունների և բաների ի հայտ գալը գտնվում է Արարչի ձեռքերում։ Ճիշտ ինչպես Արարիչը կարգավորում է յուրաքանչյուր մարդու ծննդյան որոշակի հանգամանքները, Նա նաև՝ իհարկե, դասավորում է այն կոնկրետ հանգամանքները, որոնցում յուրաքանչյուր մարդ մեծանում է։ Եթե մարդու ծնունդը փոփոխություններ է բերում նրա շրջապատի մարդկանց, իրադարձությունների և բաների մեջ, ապա այդ մարդու մեծանալն անխուսափելիորեն կազդի նաև դրանց վրա։ Օրինակ՝ ոմանք ծնվում են աղքատ ընտանիքներում, բայց հասակ են առնում հարստությամբ շրջապատված։ Ուրիշների ծնունդն անկում է բերում նրանց ի սկզբանե հարուստ ընտանիքներին, այնպես որ մեծանում են աղքատ միջավայրերում։ Ոչ մեկի ծնունդը չի կառավարվում սահմանված կանոնով, և չկան կանոններ կամ անխուսափելիություններ այն հանգամանքների համար, որոնցում որևէ մեկը մեծանում է։ Սրանցից ոչ մեկն այնպիսի բան չէ, որ մարդը կարողանա երևակայելով ստեղծել կամ վերահսկել։ Դրանք մարդու ճակատագրի արդյունքներն են և որոշվում են մարդու ճակատագրով։ Իհարկե՝ իրենց արմատում այս բաները որոշվում են յուրաքանչյուր մարդու ճակատագրի համար Արարչի կանխորոշմամբ։ Դրանք որոշվում են այդ մարդու ճակատագրի նկատմամբ Արարչի գերիշխանությամբ և Նրա կարգավորմամբ։

2) Զանազան հանգամանքները, որոնցում մարդիկ հասակ են առնում, հանգեցնում են տարբեր դերերի

Մարդու ծննդյան հանգամանքները հաստատում են այն հիմնական միջավայրն ու հանգամանքները, որոնցում հասակ է առնում, իսկ հանգամանքները, որոնցում մարդը մեծանում է, նրա ծննդյան հանգամանքների արդյունքն են։ Այս ընթացքում մարդը սկսում է լեզու սովորել։ Նրա միտքը նույնպես սկսում է հանդիպել և յուրացնել բազմաթիվ նոր բաներ՝ մի գործընթաց, որի ընթացքում շարունակ մեծանում է։ Այն բաները, որոնք մարդը լսում է ականջներով, տեսնում աչքերով և կլանում մտքով, աստիճանաբար լցնում և կենդանացնում են նրա ներաշխարհը։ Մարդիկ, իրադարձությունները և բաները, որոնց հետ նա շփվում է, ողջամտությունը, գիտելիքներն ու հմտությունները, որոնք սովորում է, և տարբեր մտքերը, որոնք ազդում են նրա վրա, սերմանվում նրա մեջ և հետզհետե ներգործում նրա վրա՝ բոլորն ուղղություն կտան և ազդեցություն կունենան կյանքում նրա ճակատագրի վրա։ Երբ մարդը հասակ է առնում, այն լեզուն, որ սովորում է, և մտքերը, որոնք ձեռք է բերում, անբաժանելի են նրա միջավայրից, որը բաղկացած է ծնողներից և քույր-եղբայրներից, ինչպես նաև շրջապատի տարբեր մարդկանցից, իրադարձություններից և բաներից։ Ուստի այն, թե ինչպես է մարդը հասակ առնում, որոշվում է այն միջավայրով, որում ապրում է, և կախված է այն մարդկանցից, իրադարձություններից և բաներից, որոնց հետ շփվում է այս ժամանակաշրջանում։ Քանի որ հանգամանքները, որոնցում մարդը հասակ է առնում, շատ վաղուց կանխորոշված են, միջավայրը, որում ապրում է այս գործընթացի ընթացքում, նույնպես բնականաբար կանխորոշված է։ Այն կախված չէ նրա ընտրություններից և նախասիրություններից, այլ՝ Արարչի ծրագրերից, Արարչի մանրակրկիտ կարգավորումներից և կյանքում մարդու ճակատագրի նկատմամբ Արարչի գերիշխանությունից։ Ուստի մարդիկ, որոնց ցանկացած անհատ հանդիպում է, և այն բաները, որոնց հետ շփվում է հասակ առնելիս, բոլորն անպայմանորեն կապված են Արարչի ներդաշնակեցումներին և կարգավորումներին։ Մարդիկ չեն կարող կանխատեսել այս տեսակի բարդ փոխհարաբերությունները, ոչ էլ կարող են վերահսկել կամ ըմբռնել դրանք։ Հանգամանքները, որոնցում յուրաքանչյուր մարդ հասակ է առնում, ներառում են ամեն տեսակի բաներ և մարդկանց, ընդ որում՝ մեծ քանակությամբ։ Ոչ մի մարդկային էակ ի վիճակի չէ կարգավորելու կամ ներդաշնակեցնելու կապերի նման հսկայական ցանց։ Արարչից բացի ոչ մի մարդ կամ բան չի կարող վերահսկել բոլոր մարդկանց, իրադարձությունների և բաների ի հայտ գալը, շարունակությունը և վերանալը, և հենց կապերի նման հսկայական ցանցերն են, որ ձևավորում են, թե ինչպես է յուրաքանչյուր մարդ հասակ առնում Արարչի կանխորոշման ներքո, և կառուցում են այն տարբեր միջավայրերը, որոնցում նա մեծանում է՝ միաժամանակ նաև ձևավորելով այն զանազան դերերը, որոնք անհրաժեշտ են Արարչի տնօրինման գործի համար՝ ամուր, հզոր հիմք դնելով մարդկանց համար՝ իրենց առաքելությունները սահուն կերպով կատարելու նպատակով։

Երրորդ վճռորոշ պահը՝ անկախություն

Յուրաքանչյուր մարդ, հասակ առնելու գործընթացը փորձառաբար ապրելուց հետո, դանդաղ, բայց հաստատապես հասնում է հասունության։ Հաջորդ քայլն այն է, որ ամբողջովին բաժանվի մեծանալու այս փուլից, հրաժեշտ տա ծնողներին և որպես չափահաս ինքնուրույն դիմավորի առջևում ընկած ճանապարհը։ Նա պետք է առերեսվի բոլոր մարդկանց, իրադարձություններին և բաներին, որոնց պետք է հանդիպի չափահասը, առերեսվի իր ճակատագրի բոլոր մասերին, որոնք շուտով ի հայտ կգան։ Սա երրորդ վճռորոշ պահն է, որով մարդը պետք է անցնի։

1) Անկախանալուց հետո մարդիկ առաջին անգամ փորձառաբար ապրում են Արարչի գերիշխանությունը

Եթե մարդու ծնունդն ու հասակ առնելը նրա ողջ կյանքի ճանապարհի «նախապատրաստական շրջանն» են, նրա կյանքում ճակատագրի անկյունաքարը, ապա անկախությունը նրա կյանքում ճակատագրի նախերգանքն է։ Եթե մարդու ծնունդն ու հասակ առնելը հարստությունն են, որը կուտակել է կյանքում ի նախապատրաստություն իր ճակատագրի, ապա նրա անկախությունը ժամանակն է, երբ սկսում է ծախսել կամ ավելացնել այդ հարստությունը։ Երբ մարդը հեռանում է ծնողներից և անկախանում, սոցիալական միջավայրը, որին բախվում է, և աշխատանքների ու մասնագիտությունների տեսակները, որոնց հանդիպում է, բոլորը կանխորոշված են և ոչ մի կապ չունեն ծնողների հետ։ Ոմանք քոլեջում լավ մասնագիտություն են ընտրում և ի վերջո ավարտելուց հետո գտնում են հիանալի աշխատանք. կարելի է ասել, որ կյանքի ճանապարհին փայլուն մեկնարկ են ունենում։ Ուրիշները սովորում և տիրապետում են շատ տարբեր հմտությունների և այնուամենայնիվ երբեք չեն գտնում համապատասխանող աշխատանք կամ պաշտոն, առավել ևս չեն կառուցում սեփական կարիերա. կարելի է ասել, որ կյանքում այս մարդկանց առաջին քայլը նշանավորվում է անհաջողություններով և դժվարություններով, նրանց հեռանկարները մռայլ են, իսկ կյանքը՝ անորոշ։ Ոմանք էլ ջանասիրաբար նվիրվում են ուսմանը, սակայն չնչին տարբերությամբ բաց են թողնում բարձրագույն կրթություն ստանալու յուրաքանչյուր հնարավորություն և թվում է, թե դատապարտված են երբեք հաջողության չհասնելու. կարելի է ասել, որ կյանքի ճանապարհին հենց առաջին հույսերն ի դերև են ելնում։ Չիմանալով՝ արդյոք առջևում ընկած ճանապարհը հարթ է, թե քարքարոտ, առաջին անգամ զգում են, թե որքան անկանխատեսելի է մարդկային ճակատագիրը, և այսպիսով բախվում են սարսափի և ակնկալիքի խառնուրդով կյանքին։ Ուրիշները շատ լավ կրթված չեն, սակայն կարող են գրքեր գրել՝ հասնելով ճանաչման որոշ աստիճանի։ Ոմանք էլ գրեթե ամբողջովին անգրագետ են, սակայն կարող են գումար վաստակել բիզնեսում և դրանով իսկ ի վիճակի են ապահովելու իրենց ապրուստը։… Ինչ մասնագիտություն է մարդն ընտրում, ինչպես է վաստակում ապրուստը, արդյոք կատարած ընտրությունները լավն են, թե վատը. մի՞թե մարդիկ որևէ ընտրություն ունեն այս բաներում։ Մի՞թե դրանք հիմնված են մարդկանց ցանկությունների և որոշումների վրա։ Մարդկանց մեծամասնությունը ցանկանում է ավելի քիչ աշխատել և ավելի շատ վաստակել, չտքնել արևի և անձրևի տակ, հագնվել պատկառելի կերպով, ուր էլ որ գնա շլացուցիչ տեսք ունենալ, լինել առաջատար և պատիվ բերել նախնիներին։ Մարդիկ ունեն այսպիսի «կատարյալ» ցանկություններ, սակայն երբ անում են առաջին քայլը կյանքի ճանապարհին, աստիճանաբար սկսում են տեսնել, թե որքան անկատար է մարդկային ճակատագիրը, և առաջին անգամ ճշմարտապես գիտակցում են, որ թեև մարդը կարող է համարձակ ծրագրեր կազմել իր ապագայի համար և կամայականորեն տածել ամեն տեսակ երազանքներ, ոչ ոք չունի կարողություն կամ զորություն՝ իրականացնելու իր իսկ երազանքները, ոչ էլ կարողություն՝ վերահսկելու իր իսկ ապագան։ Մարդու երազանքների և այն իրականությունների միջև, որոնց նա բախվում է, միշտ տարբերություն կլինի. բաները երբեք չեն կարող դասավորվել այնպես, ինչպես մարդը պատկերացնում է դրանք։ Բախվելով նման իրականությունների՝ մարդիկ երբեք չեն կարող բավարարվածություն կամ գոհունակություն գտնել։ Կան նույնիսկ որոշ մարդիկ, որոնք բազմիցս փորձում են գտնել ամեն տեսակ մոտեցումներ և ուսումնասիրել հնարավոր բոլոր ուղիները, և գործադրում են ամեն տեսակ ջանքեր ու զոհողություններ անում՝ հանուն իրենց ապրուստի և հեռանկարների, և հանուն ճակատագրերը փոխելու։ Բայց ի վերջո, նույնիսկ եթե կարողանան իրականացնել երազանքներն ու ցանկությունները սեփական քրտնաջան աշխատանքի միջոցով, երբեք չեն կարող փոխել իրենց ճակատագիրը, և որքան էլ պայքարեն, երբեք չեն կարող գերազանցել այն։ Անկախ իրենց կարողությունների և մտավոր ընդունակությունների տարբերություններից, և անկախ նրանից՝ արդյոք ունեն վճռականություն, թե ոչ, մարդիկ բոլորը հավասար են ճակատագրի առջև, որտեղ նրանք չեն տարբերակվում մեծի և փոքրի, բարձրի և ցածրի, վեհի և ստորի միջև։ Այն, թե ինչ մասնագիտությամբ է մարդը զբաղվում, ինչով է վաստակում ապրուստը և որքան հարստություն ունի կյանքում, կախված չէ նրա ծնողներից, տաղանդներից կամ ջանքերից ու փառասիրական ձգտումներից. դա կախված է Արարչի կանխորոշումից։

2) Ծնողներից հեռանալը և պաշտոնապես կյանքի մեծ բեմ բարձրանալը՝ սեփական դերը խաղալու համար

Երբ մարդը չափահաս է դառնում, բավարարում է ծնողներից հեռանալու և ինքնուրույն կյանք սկսելու պայմանները։ Հենց այս պահին է նա ճշմարտապես սկսում խաղալ իր դերը կյանքում, և հենց այս ժամանակ է, որ կյանքի առաքելությունն աստիճանաբար անորոշից ու մշուշոտից դառնում է պարզ և հստակ։ Թեև առերևույթ սերտ հարաբերություններ է պահպանում ծնողների հետ, քանի որ խաղացած դերը և կյանքի առաքելությունը ոչ մի կապ չունեն ծնողների հետ, ըստ էության, երբ աստիճանաբար հասնում է անկախության, այս սերտ հարաբերությունները սկսում են քիչ-քիչ ճաքեր տալ։ Մսեղիի տեսանկյունից՝ նա ենթագիտակցաբար չի կարող չշարունակել կախված լինել իր ծնողներից, սակայն որպես օբյեկտիվ փաստ՝ երբ մարդը լիովին հասակ է առնում, ամբողջովին անջատվում է ծնողներից բոլոր առումներով, և այն դերը, որը ստանձնում է, կիրականացնի ինքնուրույն։ Բացի նրան ծնունդ տալուց և մեծացնելուց՝ այն պատասխանատվությունը, որ ծնողները կրում են մարդու կյանքում, նրան պարզապես մեծանալու համար արտաքնապես միջավայրով ապահովելն է, և վերջ, քանի որ միայն Արարչի կանխորոշումն է ազդում ցանկացած մարդու ճակատագրի վրա։ Այն, թե ինչպիսի ապագա կունենա մարդը, այնպիսի բան չէ, որ որևէ մեկը կարող է վերահսկել։ Այն շատ վաղուց կանխորոշված է, և նույնիսկ ծնողները չեն կարող փոխել նրա ճակատագիրը։ Ինչ վերաբերում է ճակատագրին՝ յուրաքանչյուր ոք անկախ է, յուրաքանչյուր ոք ունի իր իսկ ճակատագիրը։ Ուստի ոչ մեկի ծնողները չեն կարող ամենևին խոչընդոտել կյանքում նրա ճակատագրին, ոչ էլ կարող են որևէ բան անել՝ օգնելու, երբ խոսքը վերաբերում է այն դերին, որը խաղում է կյանքում։ Կարելի է ասել՝ անկախ նրանից, թե ինչ ընտանիքում է մարդուն կանխորոշված ծնվել, և ինչ միջավայրում է մեծանում, դրանք ոչ այլ ինչ են, քան նախապայմաններ՝ կյանքում իր առաքելությունը կատարելու համար։ Դրանք ոչ մի կերպ չեն որոշում մարդու ճակատագիրը կյանքում կամ այն տեսակի ճակատագիրը, որի շրջանակներումկատարում է իր առաքելությունը։ Այսպիսով ոչ մեկի ծնողները չեն կարող աջակցել՝ կատարելու առաքելությունը կյանքում, ոչ էլ որևէ հարազատ կարող է օգնել՝ իրագործելու իր դերը կյանքում։ Ինչպես է մարդը կատարում իր առաքելությունը և ինչպիսի կենսապայմաններում է ստանձնում իր դերը, ամբողջովին կախված է կյանքում նրա ճակատագրից։ Այլ կերպ ասած՝ ոչ մի օբյեկտիվ պայման չի կարող ազդել որևէ մեկի առաքելության վրա, որն Արարիչն է կանխորոշել։ Յուրաքանչյուր ոք չափահաս է դառնում այն կոնկրետ միջավայրում, որում մեծանում է։ Ապա քայլ առ քայլ բռնում է իր իսկ կյանքի ճանապարհը և իրագործում այն ճակատագիրը, որն Արարիչն է կարգավորել նրա համար։ Բնականաբար և ինքնաբերաբար՝ նա մուտք է գործում մարդկության հսկայական ծովը և ստանձնում իր պաշտոնը կյանքում, և հանուն Արարչի կանխորոշման և հանուն Նրա գերիշխանության՝ սկսում է կատարել իր պարտավորությունները որպես արարած։

Չորրորդ վճռորոշ պահ՝ ամուսնություն

Մարդիկ՝ աստիճանաբար հասակ առնելով և հասունանալով, ավելի ու ավելի են հեռանում ծնողներից և այն միջավայրից, որտեղ ծնվել ու մեծացել են, և փոխարենը սկսում են ձգտել կյանքի իրենց ուղղությանն ու նպատակներին՝ ծնողների ապրելակերպից տարբերվող ապրելակերպով։ Այս շրջանում այլևս ծնողների կարիքը չեն ունենում. փոխարենը՝ զուգընկերոջ կարիք են ունենում, մեկի, ում հետ կարող են անցկացնել իրենց կյանքը՝ կողակցի, ում ճակատագիրը կյանքում սերտորեն միահյուսված է իրենց ճակատագրին։ Ուստի ինքնուրույնություն ձեռք բերելուց հետո առաջին կարևոր իրադարձությունը, որին մարդն առերեսվում է կյանքում, ամուսնությունն է։ Սա չորրորդ վճռորոշ պահն է, որով մարդ պետք է անցնի։

1) Ամուսնությունը կախված չէ անհատի ընտրությունից

Ամուսնությունը կարևոր իրադարձություն է յուրաքանչյուր մարդու կյանքում. դա այն ժամանակն է, երբ մարդը սկսում է ճշմարտապես ստանձնել տարբեր պարտականություններ և աստիճանաբար ավարտին հասցնել տարբեր առաքելություններ։ Նախքան անձամբ փորձառելը՝ մարդիկ բազմաթիվ պատկերացումներ են փայփայում ամուսնության մասին, որոնք բոլորը շատ գեղեցիկ պատկեր են ստեղծում։ Կանայք երևակայում են, որ իրենց երկրորդ կեսը կլինի Հմայիչ Արքայազն, իսկ տղամարդիկ պատկերացնում են, որ կամուսնանան հեքիաթային արքայադստեր հետ։ Այս երևակայությունները ցույց են տալիս, որ յուրաքանչյուր մարդ ամուսնության հարցում ունի իր պահանջվող չափանիշները։ Թեև այս չար դարաշրջանում ամեն տեսակ տեղեկատվությունն անընդհատ մարդկանց ներշնչում է ամուսնության վերաբերյալ տարբեր խեղաթյուրված տեսակետներ, ինչը հանգեցնում է նրան, որ մարդիկ է՛լ ավելի շատ պահանջներ են ունենում ամուսնության նկատմամբ և ամեն տեսակ բարդույթներ ու տարօրինակ վերաբերմունք են ձևավորում դրա հանդեպ, բայց յուրաքանչյուր ոք, ով ամուսնացել է, գիտի, որ անկախ նրանից, թե մարդն ինչպես է հասկանում ամուսնությունը, անկախ նրանից, թե ինչպիսին է վերաբերմունքը դրա նկատմամբ, ամուսնությունն անհատի ընտրության հարց չէ։

Կյանքում մարդ բազմաթիվ մարդկանց է հանդիպելու, բայց ոչ ոք չգիտի, թե ի վերջո ով է լինելու իր զուգընկերն ամուսնության մեջ։ Թեև ամուսնության թեմայի շուրջ յուրաքանչյուրն ունի իր իսկ տեսակետներն ու գաղափարները, բայց ոչ ոք չի կարող կանխատեսել, թե ի վերջո ով է իսկապես դառնալու իր երկրորդ կեսը, և մարդիկ իրենք որևէ ասելիք չունեն այս հարցում։ Հավանածդ մարդուն հանդիպելուց հետո կարող ես հետամուտ լինել նրան, բայց թե արդյոք նա հետաքրքրված է քեզնով և արդյոք կդառնա զուգընկերդ, քո որոշելիքը չէ։ Նա, ում հավանում ես, պարտադիր չէ, որ լինի այն մարդը, ում հետ կկիսես կյանքդ։ Ավելի շուտ՝ կարող է այնպես պատահել, որ նույնիսկ չնկատես էլ, թե մեկը, ում երբեք չէիր սպասում, ինչպես կմտնի կյանքիդ մեջ և կդառնա զուգընկերդ՝ ճակատագրիդ ամենակարևոր մասը, երկրորդ կեսդ, ում ճակատագիրն անքակտելիորեն կապված է քո ճակատագրին։ Եվ այսպիսով՝ թեև աշխարհում անթիվ ամուսնություններ կան, բայց յուրաքանչյուրը տարբեր է. որոշները հիասթափեցնող են, որոշները՝ հիասքանչ, որոշները ձգվում են Արևելքից Արևմուտք, որոշները՝ Հյուսիսից Հարավ, որոշներն իդեալական զույգեր են, որոշները հավասար սոցիալական դիրքեր ունեն, որոշները լի են երանությամբ, որոշները՝ ողբերգությամբ, որոշներն առաջացնում են ուրիշների հիացմունքն ու նախանձը, որոշները շփոթեցնում են մարդկանց և արհամարհանք առաջացնում, որոշները լի են ուրախությամբ, որոշներն անվերջ արցունքներ ու հուսահատություն են բերում…։ Ամուսնության այս բյուրավոր տեսակներում մարդիկ դրսևորում են հավատարմություն և հավերժական, անսասան նվիրվածություն ամուսնության հանդեպ, դրսևորում են մեծ հոգատարություն, հաստատուն կապվածություն և զուգընկերոջ կողքին մնալու հանձնառություն, դրսևորում են անօգնականություն և անըմբռնողություն, դրսևորում են դավաճանություն և նույնիսկ թշնամություն։ Անկախ նրանից՝ ամուսնությունն ինքնին երջանկություն է բերում, թե ցավ, ամուսնության մեջ յուրաքանչյուրի առաքելությունը, որը կանխորոշել է Արարիչը, չի փոխվում. առաքելությունը մի բան է, որ յուրաքանչյուրը պետք է ավարտին հասցնի։ Եվ յուրաքանչյուր ամուսնության հետևում կանգնած ամեն մի անձի ճակատագիրը նույնպես չի փոխվում։ Այն շատ վաղուց կանխորոշել է Արարիչը։

2) Ամուսնությունը ծնվում է երկու զուգընկերների ճակատագրերից

Մարդու կյանքում ամուսնությունը կարևոր վճռորոշ պահ է։ Այն առաջանում է որպես կյանքում նրա ճակատագրի արդյունք և այդ ճակատագրի կարևոր մասն է։ Այն հիմնված չէ որևէ մեկի անհատական կամքի կամ նախասիրությունների վրա և չի կրում որևէ արտաքին գործոնի ազդեցությունը, այլ լիովին որոշվում է երկու մարդկանց ճակատագրերով, երկու կողակցի ճակատագրերի համար Արարչի կանխորոշումներով և կարգավորումներով։ Արտաքուստ ամուսնությունը գոյություն ունի, որպեսզի մարդիկ կարողանան սերունդ տալ, սակայն իրականում ամուսնությունն ընդամենը արարողություն է՝ մարդու առաքելությունն ավարտին հասցնելու համար։ Ամուսնության մեջ մարդկանց խաղացած դերը լոկ հաջորդ սերնդին բարձրացնելը չէ։ Նրանք ստանձնում են բոլոր դերերը, որոնք ծառայում են ամուսնության պահպանմանը, ինչպես նաև առաքելությունները, որոնք պետք է ավարտին հասցնեն։ Քանի որ մարդու ծնունդն ազդում է իր շրջապատի մարդկանց, իրադարձությունների և բաների կրած փոփոխությունների վրա, նրա ամուսնությունը նույնպես անխուսափելիորեն ազդում է այդ բաների վրա և առավել ևս դրանցում ամեն տեսակ վերափոխումներ կառաջացնի։

Երբ մարդն ինքնուրույն է դառնում, սկսում է քայլել կյանքի իր ուղիով, որը քայլ առ քայլ տանում է իրեն դեպի այն մարդկանց, իրադարձություններն ու բաները, որոնք կապ ունեն իր ամուսնության հետ։ Միևնույն ժամանակ՝ ամուսնության մեջ իր ապագա զուգընկերը քայլ առ քայլ մոտենում է նույն այդ մարդկանց, իրադարձություններին և բաներին։ Արարչի գերիշխանության ներքո երկու՝ միմյանց հետ կապ չունեցող մարդ աստիճանաբար՝ իրենց կապված ճակատագրերի շնորհիվ, միանում են մեկ ամուսնության մեջ՝ հրաշքով դառնալով ընտանիք՝ «երկու ուղևոր նույն նավի վրա»։ Ուստի, երբ մարդը մտնի ամուսնություն, կյանքում նրա ուղին կազդի իր երկրորդ կեսի վրա և կներգրավի նրան, մինչդեռ նրա երկրորդ կեսի կյանքի ուղին կազդի կյանքում նրա ճակատագրի վրա և կներգրավի նրան։ Այլ կերպ ասած՝ մարդկանց ճակատագրերը փոխկապակցված են, և ոչ ոք չի կարող ավարտին հասցնել կյանքում իր առաքելությունը կամ կատարել իր դերն իրապես մյուսներից անկախ։ Մարդու ծնունդն առնչվում է հարաբերությունների հսկայական ցանցի հետ։ Մեծանալը նույնպես հարաբերությունների բարդ ցանց է ներառում։ Եվ նմանապես ամուսնությունն անխուսափելիորեն գոյություն ունի և պահպանվում է հարաբերությունների ընդարձակ ու բարդ ցանցում՝ ներգրավելով այդ ցանցի յուրաքանչյուր անդամին և ազդելով յուրաքանչյուրի ճակատագրի վրա, ով դրա մի մասն է կազմում։ Ամուսնությունը մարդու ընտանիքի, այն միջավայրի, որտեղ ինքը հասակ է առել, իր արտաքինի, տարիքի, որակի, տաղանդների կամ ցանկացած այլ գործոնի արդյունքը չէ, այլ ընդհանուր առաքելության և փոխկապակցված ճակատագրի արդյունքն է։ Սա է ամուսնության ծագումը, որն առաջանում է Արարչի կողմից ներդաշնակեցված և կարգավորված մարդկային ճակատագրի շրջանակներում։

Հինգերորդ վճռորոշ պահը. սերունդ

Ամուսնանալուց հետո մարդը սկսում է երեխաներ մեծացնել։ Ոչ ոք չի կարող որոշել, թե նա քանի երեխա կունենա կամ ինչպիսին կլինեն նրանք։ Սա նույնպես հիմնված է իր ճակատագրի և Արարչի կանխորոշումների վրա։ Սա հինգերորդ վճռորոշ պահն է, որով մարդ պետք է անցնի։

Եթե մարդ ծնվում է որևէ մեկի զավակը լինելու դերը կատարելու համար, ապա մեծացնում է հաջորդ սերնդին՝ ծնող լինելու դերը կատարելու համար։ Դերերի այս փոփոխությունը թույլ է տալիս մարդուն տարբեր տեսանկյուններից փորձառել կյանքի տարբեր փուլերը։ Նաև տալիս է կյանքի տարբեր փորձառություններ, որոնց միջոցով անձնական փորձով սկսում է ճանաչել Արարչի գերիշխանությունը, որը միշտ գործադրվում է նույն կերպ, և որոնց միջոցով փորձառում է այն փաստը, որ ոչ ոք չի կարող սահմանն անցնել կամ փոխել Արարչի կանխորոշումները։

1) Մարդը չի կարող վերահսկել, թե ինչ տեղի կունենա իր սերնդի հետ

Ծնվելը, հասակ առնելը և ամուսնանալը ներառում են այս կամ այն տեսակի տարբեր աստիճանների հիասթափություններ։ Ոմանք դժգոհ են իրենց ընտանիքներից կամ սեփական արտաքինից, ոմանք չեն սիրում իրենց ծնողներին, ոմանք խիստ դժգոհ կամ տհաճությամբ են լցված այն միջավայրի հանդեպ, որում մեծացել են։ Եվ մարդկանց մեծամասնության համար այս բոլոր հիասթափությունների մեջ ամուսնությունն ամենաանբավարարն է։ Անկախ նրանից, թե որքան դժգոհ է մարդն իր ծնունդից, հասունացումից կամ ամուսնությունից, յուրաքանչյուր ոք, ով անցել է այս բաների միջով, գիտի, որ չի կարող ընտրել, թե որտեղ և երբ է ծնվել, ինչպիսի արտաքին ունի, ովքեր են իր ծնողները և ով է իր զուգընկերը, այլ կարող է միայն ընդունել Երկնքի կամքը։ Սակայն, երբ գալիս է հաջորդ սերնդին մեծացնելու ժամանակը, մարդիկ իրենց կյանքի առաջին կեսում չիրականացած բոլոր ցանկությունները դնում են իրենց հետնորդների վրա՝ հուսալով, որ իրենց սերունդը կփոխհատուցի իրենց կյանքի առաջին կեսի բոլոր հիասթափությունները։ Ուստի մարդիկ տարված են իրենց երեխաների վերաբերյալ ամեն տեսակ երևակայություններով. որ իրենց դուստրերը կմեծանան և կդառնան ապշեցուցիչ գեղեցկուհիներ, իսկ որդիները՝ նրբագեղ պարոնայք, որ իրենց դուստրերը կլինեն կիրթ ու տաղանդավոր, իսկ որդիները գերազանց կլինեն և՛ ակադեմիական, և՛ սպորտային զբաղմունքներում ու կլինեն արտակարգ ընդունակ, որ իրենց դուստրերը կլինեն մեղմ, առաքինի, կրթված ու խոհեմ, իսկ որդիները՝ խորաթափանց, ունակ և կարեկցող։ Հուսով են, որ իրենց սերունդը, լինեն դուստրեր, թե որդիներ, կհարգի մեծերին, հոգատար կլինի ծնողների հանդեպ, և բոլորը կսիրեն ու կգովաբանեն նրանց…։ Այս ընթացքում մարդիկ կյանքի նոր հույս են ձեռք բերում, և իրենց սրտերում նոր ցանկություններ են բորբոքվում։ Մարդիկ գիտեն, որ իրենք կարողությունների պակաս ունեն և այս կյանքում ոչնչի չեն հասել, որ ևս մեկ հնարավորություն կամ հույս չեն ունենա աչքի ընկնելու ամբոխի մեջ և որ այլ ընտրություն չունեն, քան ընդունելու իրենց ճակատագիրը։ Եվ այսպիսով՝ իրենց բոլոր հույսերը, չիրականացած ցանկություններն ու ձգտումները դնում են հաջորդ սերնդի վրա՝ հուսալով, որ իրենց սերունդը կարող է օգնել իրենց հասնել իրենց երազանքներին և իրականացնել իրենց ցանկությունները, որ իրենց դուստրերն ու որդիները փառք կբերեն ընտանիքի անվանը, ձեռք կբերեն ականավոր կարգավիճակ կամ կդառնան հարուստ կամ հայտնի։ Կարճ ասած՝ ուզում են տեսնել, թե ինչպես են իրենց երեխաները հասնում մեծ բարձունքների։ Մարդկանց ծրագրերն ու երևակայությունները կատարյալ են։ Մի՞թե չգիտեն, որ իրենք չեն որոշում իրենց երեխաների թիվը, երեխաների արտաքինը, կարողությունները և այլն։ Էլ չասած այն մասին, թե ինչպիսին են իրենց երեխաների ճակատագրերը։ Մի՞թե դա առավել ևս դուրս չէ իրենց վերահսկողությունից։ Մարդիկ իրենց ճակատագրերի տերը չեն, սակայն հույս ունեն փոխել երիտասարդ սերնդի ճակատագրերը։ Անզոր են խուսափելու սեփական ճակատագրերից, սակայն փորձում են մանիպուլացնել իրենց որդիների և դուստրերի ճակատագրերը։ Մի՞թե չեն գերագնահատում իրենց։ Մի՞թե սա մարդկային հիմարություն և տգիտություն չէ։ Մարդիկ մեծ ջանքեր են գործադրելու իրենց սերնդի համար, բայց ի վերջո՝ իրենց ծրագրերն ու ցանկությունները չեն թելադրում, թե քանի հետնորդ կունենան, և ինչպիսին կլինեն այդ հետնորդները։ Ոմանք ոչ մի կոպեկ չունեն, բայց բազում երեխաներ ունեն, մյուսներն էլ այնքան շատ փող ունեն, որ չեն կարող հաշվել, սակայն նույնիսկ մեկ երեխա չունեն։ Ոմանք դուստր են ուզում, բայց այդ ցանկությունը չի իրականանում, մյուսները միայն որդի են ցանկանում, բայց երբեք չեն ունենում։ Ոմանք օրհնություններ են ստանում իրենց երեխայի շնորհիվ, մյուսները դժբախտություն են կրում իրենց երեխայի պատճառով։ Որոշ զույգեր խելացի են, սակայն բթամիտ երեխաներ են ունենում։ Որոշ ծնողներ աշխատասեր են ու Երկրի աղն են, սակայն իրենց մեծացրած երեխաները գերադասում են հանգիստն աշխատանքից։ Որոշ ծնողներ բարի են ու արդարամիտ, բայց ունենում են երեխաներ, որոնք խորամանկ ու դաժան են դառնում։ Որոշ ծնողներ առողջ են մտքով ու մարմնով, սակայն հաշմանդամ երեխաներ են ունենում։ Որոշ ծնողներ սովորական են և ոչ մի ձեռքբերում չունեն, սակայն իրենց երեխաները մեծ բաների են հասնում։ Որոշ ծնողներ ցածր կարգավիճակ ունեն, սակայն ունենում են երեխաներ, որոնք բարձր դիրքի են հասնում…։

2) Հաջորդ սերնդին մեծացնելուց հետո մարդիկ ճակատագրի նոր հասկացողություն են ձեռք բերում

Մարդկանց մեծամասնությունն ամուսնանում է մոտ երեսուն տարեկանում՝ կյանքի մի շրջանում, երբ դեռևս նախախնամության մասին պատկերացում չունի։ Բայց երբ մարդիկ սկսում են երեխաներ մեծացնել, և երբ իրենց երեխաները հասունանում են, տեսնում են, որ նոր սերունդը կրկնում է նախորդ սերնդի կյանքն ու բոլոր փորձառությունները. տեսնում են սեփական անցյալն՝ արտացոլված նրանց մեջ, և գիտակցում են, որ հնարավոր չէ ծրագրել և ընտրել երիտասարդ սերնդի ուղին՝ ճիշտ այնպես, ինչպես իրենցը հնարավոր չէր։ Այս փաստերը նրանց այլ ընտրություն չեն թողնում, քան ընդունել, որ յուրաքանչյուր մարդու ճակատագիր կանխորոշված է, և առանց դա գիտակցելու՝ աստիճանաբար բաց են թողնում իրենց իղձերը, և իրենց սրտերում ցանկության բոցը մարմրում ու հանգչում է…։ Այս շրջանում մարդիկ՝ հիմնականում փորձառած լինելով մի քանի կարևոր բեկումնային կետ, որոնցով մարդ պետք է անցնի կյանքում, կյանքի նոր հասկացողություն են ձեռք բերում, ինչպես նաև նոր վերաբերմունք են որդեգրում դրա նկատմամբ։ Որքա՞ն կարող է այս տարիքի մարդն ակնկալել ապագայից և ի՞նչ հեռանկարների կարող է սպասել։ Ո՞ր հիսնամյա կինն է դեռ երազում Հմայիչ Արքայազնի մասին։ Ո՞ր հիսնամյա տղամարդն է դեռ փնտրում իր հեքիաթային արքայադստերը։ Հիսունն անց ո՞ր կինն է դեռ հույս տածում տգեղ բադիկից կարապի վերածվել։ Մի՞թե տարեց տղամարդկանց մեծամասնությունն ունի կարիերայի նույն մղումը, ինչ երիտասարդները։ Կարճ ասած՝ լինի տղամարդ, թե կին, յուրաքանչյուր ոք, ով ապրում է մինչև այս տարիքը, համեմատաբար ռացիոնալ, գործնական վերաբերմունք կունենա ամուսնության, ընտանիքի և երեխաների նկատմամբ։ Նա հիմնականում այլևս ոչ մի ընտրություն չի կատարում, ոչ էլ ճակատագրին մարտահրավեր նետելու որևէ մղում ունի։ Որքանով որ մարդկային փորձառությունն է ցույց տալիս, հենց որ մարդ հասնում է այս տարիքին, բնականաբար որոշակի տեսակետ է ձևավորում. «Թող ճակատագիրն իր հունով գնա։ Երեխաներն իրենց սեփական օրհնություններն ունեն։ Երկինքն է որոշում մարդու ճակատագիրը»։ Այս աշխարհի փոփոխականությունը, բոլոր վերելքներն ու վայրէջքները և դժվարությունները հաղթահարելուց հետո ճշմարտությունը չհասկացող մարդկանց մեծամասնությունը հաճախ մարդկային կյանքի վերաբերյալ իր ներըմբռնումն ամփոփում է մեկ արտահայտությամբ. «Սա ճակատագիր է»։ Թեև այս խոսքերն արտահայտում են աշխարհիկ մարդկանց անձնական հասկացողությունը կյանքում իրենց ճակատագրի վերաբերյալ, ինչպես նաև այն եզրակացությունը, որին հանգել են դրա վերաբերյալ, և թեև այն արտահայտում է նրանց անօգնականությունը և կարելի է նկարագրել որպես դիպուկ և ճշգրիտ, բայց այն շատ հեռու է Արարչի գերիշխանության ճանաչողությունից և պարզապես չի կարող փոխարինել Արարչի իշխանության ճանաչողությանը։

3) Ճակատագրին հավատալը չի փոխարինում Արարչի գերիշխանության ճանաչողությանը

Այսքան տարի Աստծուն հետևելով՝ արդյոք էական տարբերություն կա՞ ճակատագրի մասին ձեր ունեցած ճանաչողության և աշխարհիկ մարդկանց ճանաչողության միջև։ Մի՞թե իսկապես սկսել ես ճանաչել Արարչի կանխորոշումը և Արարչի գերիշխանությունը։ Ոմանք խորապես զգում և ըմբռնում են «Սա ճակատագիր է» արտահայտությունը, սակայն ամենևին չեն հավատում Աստծու գերիշխանությանը։ Նրանք չեն հավատում, որ մարդկային ճակատագիրը կարգավորվում և ներդաշնակեցվում է Աստծու կողմից, և պատրաստակամ չեն հնազանդվելու Աստծու գերիշխանությանը։ Նրանք այնքան անօգնական են, ասես մնացած լինեն օվկիանոսում՝ ալիքների քմահաճույքին մատնված, և ի վիճակի են միայն պասիվ ու բացասական կերպով սպասելու և համակերպվելու ճակատագրի հետ։ Սակայն նրանք չեն ընդունում, որ մարդկային ճակատագիրը ենթակա է Աստծու գերիշխանությանը. նրանք չեն կարող նախաձեռնություն ցուցաբերել՝ փորձելով ճանաչել Աստծու գերիշխանությունը և դրանով իսկ Աստծու իշխանության ճանաչողություն ձեռք բերել, հնազանդվել Աստծու ներդաշնակեցումներին ու կարգավորումներին, այլևս չպայքարել ճակատագրի դեմ, այլ ապրել Աստծու հոգատարության, պաշտպանության և ուղղորդման ներքո։ Այլ կերպ ասած՝ սեփական ճակատագրի հետ համակերպվելը նույնը չէ, ինչ Արարչի գերիշխանությանը հնազանդվելը։ Ճակատագրին հավատալը չի նշանակում, որ մարդն ընդունում է, ճանաչում և գիտի Արարչի գերիշխանությունը։ Ճակատագրին հավատալը լոկ այս փաստի և դրա արտաքին դրսևորումների ընդունումն է և նույնը չէ, ինչ իմանալը, թե ինչպես է Արարիչը գերիշխանություն ունենում մարդկության ճակատագրի նկատմամբ, ոչ էլ ընդունելը, որ Արարիչը բոլոր բաների ճակատագրերի նկատմամբ գերիշխանության աղբյուրն է, և առավել ևս նույնը չէ, ինչ մարդկանց ճակատագրերի համար Արարչի ներդաշնակեցումներին ու կարգավորումներին հնազանդվել կարողանալը։ Ենթադրենք՝ մարդը միայն հավատում է ճակատագրին և նույնիսկ դրա խոր զգացում ունի, բայց դրանով իսկ ի վիճակի չէ իմանալու, ճանաչելու, հնազանդվելու կամ ընդունելու Արարչի գերիշխանությունը մարդկանց ճակատագրերի նկատմամբ։ Այդ դեպքում նրանց կյանքը ողբերգություն կլինի. նրանք դեռևս զուր կապրեն այս կյանքը, այն ամբողջովին ապարդյուն կլինի։ Նրանք կմնան անկարող՝ հանձնվելու Արարչի տիրակալության ներքո, դառնալու արարած բառի բուն իմաստով և արժանանալու Արարչի ճանաչմանը։ Մարդը, որ ճշմարտապես ճանաչում և փորձառաբար ապրում է Արարչի գերիշխանությունը, պետք է լինի դրական վիճակում, այլ ոչ թե բացասական կամ համակերպված։ Ավելի շուտ, ընդունելով, որ բոլոր բաները նախորոշված են, նրանք իրենց սրտում ունեն նաև կյանքի և ճակատագրի ճշգրիտ սահմանում. մարդու ողջ կյանքը ենթակա է Արարչի գերիշխանությանը։ Երբ նրանք հետ են նայում իրենց անցած ճանապարհին, երբ վերհիշում են իրենց կյանքի յուրաքանչյուր փուլը, տեսնում են, որ ամեն քայլափոխին, անկախ նրանից՝ իրենց ճամփորդությունը դժվարին էր, թե հարթ, Աստված ուղղորդում էր իրենց և կարգավորումներ էր անում իրենց համար, որ Աստծու մանրակրկիտ ծրագրելն էր, ինչպես նաև Նրա հոգատար կարգավորումները, որ անգիտակցաբար առաջնորդեցին իրենց մինչև այսօր, երբ նրանք ի վիճակի են ընդունելու Արարչի գերիշխանությունը և Նրա փրկությունը։ Սա մեծագույն օրհնությունն է մարդու կյանքում։ Եթե մարդը բացասական վերաբերմունք ունի ճակատագրի նկատմամբ, դա ապացուցում է, որ նա դիմակայում է այն ամենին, ինչ Աստված կարգավորել է նրա համար, որ նա հնազանդվող վերաբերմունք չունի։ Եթե մեկը դրական վերաբերմունք ունի մարդկային ճակատագրի նկատմամբ Աստծու գերիշխանության հանդեպ, ապա երբ հետ նայի իր անցած ճանապարհին, երբ ճշմարտապես փորձառաբար ապրի Աստծու գերիշխանությունը, ավելի անկեղծորեն կփափագի հնազանդվել այն ամենին, ինչ Աստված կարգավորել է, և ավելի շատ վճռականություն ու հավատ կունենա թույլ տալու, որ Աստված ներդաշնակեցնի նրա ճակատագիրը՝ այլևս չըմբոստանալով Աստծու դեմ։ Պատճառն այն է, որ նրանք տեսնում են, երբ մարդիկ չգիտեն, թե ինչ է ճակատագիրը, կամ չեն հասկանում Աստծու գերիշխանությունը, նրանք պարզապես կամակորաբար պայքարում և սայթաքում են մառախուղի միջով, և այդ ճանապարհը չափազանց ծանր ու չափազանց կսկծալի է։ Ուստի, երբ մարդիկ գիտակցում են, որ Աստված գերիշխանություն ունի մարդկային ճակատագրի վրա, խելացիներն ընտրում են Աստծու գերիշխանությունը ճանաչելն ու ընդունելը և «սեփական երկու ձեռքերով լավ կյանք կառուցելու» ցավոտ օրերին հրաժեշտ տալը փոխարենը շարունակելու պայքարել ճակատագրի դեմ և յուրովի ձգտելու իրենց այսպես կոչված կյանքի նպատակներին։ Երբ մարդն առանց Աստծու է, երբ չի կարողանում տեսնել Նրան, երբ չի կարողանում ճշմարտապես ու հստակորեն ճանաչել Աստծու գերիշխանությունը, յուրաքանչյուր օր անիմաստ է, անարժեք և աննկարագրելիորեն ցավոտ։ Անկախ նրանից, թե որտեղ է մարդը, և որն է նրա աշխատանքը, նրա գոյատևման միջոցները և նպատակները, որոնց նա ձգտում է, նրան ոչինչ չեն բերում՝ բացի անվերջանալի կսկծից և դժվար հաղթահարվող տառապանքից, որոնք այնպիսի փորձառություններ են, որ նա չի կարողանում կրել՝ հետ նայելիս։ Միայն ընդունելով Արարչի գերիշխանությունը, հնազանդվելով Նրա ներդաշնակեցումներին ու կարգավորումներին և ձգտելով հասնելու ճշմարիտ մարդկային կյանքի՝ մարդը կարող է աստիճանաբար ազատվել ողջ կսկծից ու ցավից և աստիճանաբար ձերբազատվել մարդկային կյանքի ողջ դատարկությունից։

4) Միայն Արարչի գերիշխանությանը հնազանդվողները կարող են հասնել ճշմարիտ ազատության

Քանի որ մարդը չգիտի Աստծու ներդաշնակեցումներն ու Աստծու գերիշխանությունը, միշտ ճակատագրին բախվում է ընդդիմացող տրամադրությամբ և ըմբոստ վերաբերմունքով և միշտ ցանկանում է ազատվել Աստծու իշխանությունից ու գերիշխանությունից և այն ամենից, ինչ ճակատագիրը վերապահել է իրեն՝ իզուր հուսալով փոխել իր ներկայիս հանգամանքները և փոխել իր ճակատագիրը։ Սակայն երբեք չի կարողանում հաջողության հասնել և ամեն քայլափոխին արգելքի է հանդիպում։ Նրա հոգու խորքում տեղի ունեցող այս պայքարը ցավ է պատճառում նրան, և այդ ցավը թափանցում է ոսկորների մեջ ու միաժամանակ ստիպում նրան վատնել իր կյանքը։ Ո՞րն է այս ցավի պատճառը։ Մի՞թե դա Աստծու գերիշխանության պատճառով է, թե՞ վատ ճակատագիր ունենալու։ Ակնհայտ է՝ ոչ մեկը ճշմարիտ չէ։ Վերջին հաշվով՝ դա պայմանավորված է մարդու բռնած ուղիով և կյանքն ապրելու համար ընտրած ապրելակերպով։ Որոշ մարդիկ գուցե փորձառաբար չեն ապրել այս բաները։ Բայց երբ ճշմարտապես ճանաչես և ընդունես, որ Աստված գերիշխանություն ունի մարդկային ճակատագրի նկատմամբ, երբ ճշմարտապես հասկանաս, որ այն ամենը, ինչի նկատմամբ Աստված գերիշխանություն ունի և կարգավորում է քեզ համար, մեծ օգուտ և պաշտպանություն է քեզ համար, ապա կզգաս, որ ցավդ աստիճանաբար թեթևանում է, և ողջ էությունդ աստիճանաբար դառնում է հանգիստ, ազատ ու ազատագրված։ Դատելով մարդկանց մեծամասնության վիճակներից՝ թեև սուբյեկտիվ մակարդակում չեն ցանկանում շարունակել ապրել այնպես, ինչպես նախկինում, և ցանկանում են ազատվել իրենց ցավից, բայց օբյեկտիվորեն ասած՝ չեն կարող ճշմարտապես ըմբռնել մարդկային ճակատագրի նկատմամբ Արարչի գերիշխանության գործնական արժեքն ու նշանակությունը, ոչ էլ կարող են ճշմարտապես ընդունել և հնազանդվել Արարչի գերիշխանությանը, առավել ևս չգիտեն՝ ինչպես փնտրել և ընդունել Արարչի ներդաշնակեցումներն ու կարգավորումները։ Ուստի, եթե մարդը չի կարող ճշմարտապես ճանաչել այն փաստը, որ Արարիչը գերիշխանություն ունի իր ճակատագրի և իր ամեն բանի նկատմամբ, և չի կարող ճշմարտապես հնազանդվել Արարչի տիրակալությանը, ապա նրա համար շատ դժվար կլինի չշարժվել և չկաշկանդվել այն գաղափարով, որ մարդու ճակատագիրն իր ձեռքերում է, և շատ դժվար կլինի ազատվել այն ցավից, որն առաջացել է ճակատագրի և Արարչի իշխանության դեմ իր բուռն պայքարից։ Իհարկե, նրա համար նաև շատ դժվար կլինի դառնալ ճշմարտապես ազատագրված և ազատ, դառնալ մեկը, ով երկրպագում է Աստծուն։ Այս վիճակից ազատվելու ամենապարզ ճանապարհը նախկին ապրելակերպին հրաժեշտ տալն է, կյանքում նախկին նպատակներին հրաժեշտ տալը, նախկին ապրելակերպը, կյանքի հայացքները, ձգտումները, ցանկություններն ու նկրտումներն ամփոփելն ու մանրամասն վերլուծելը, և ապա դրանք մարդու համար Աստծու մտադրությունների և պահանջների հետ համեմատելը և տեսնելը, թե արդյոք դրանցից որևէ մեկը համատեղելի է Աստծու մտադրությունների հետ, արդյոք դրանցից որևէ մեկը համապատասխանում է Աստծու պահանջներին, արդյոք դրանցից որևէ մեկը տալիս է կյանքի ճիշտ արժեքներ, և արդյոք դրանցից որևէ մեկը թույլ է տալիս ապրել ճշմարտության է՛լ ավելի մեծ հասկացողությամբ, մարդկայնությամբ և մարդկային նմանությամբ։ Երբ բազմիցս հետազոտես և մանրամասն վերլուծես տարբեր նպատակները, որոնց մարդիկ ձգտում են կյանքում, և նրանց տարբեր ապրելակերպերը, կհայտնաբերես, որ դրանցից ոչ մեկը չի համապատասխանում Արարչի սկզբնական մտադրությանը, որով Նա արարել է մարդկությանը։ Դրանք բոլորը մարդկանց հեռացնում են Արարչի գերիշխանությունից և հոգածությունից։ Դրանք բոլորը ծուղակներ են, որոնք մարդկանց այլասերվելու պատճառ են դառնում և նրանց տանում են դժոխք։ Սա գիտակցելուց հետո պետք է հրաժարվես կյանքի հին հայացքիցդ, հեռու մնաս տարբեր ծուղակներից, թույլ տաս, որ Աստված ղեկավարի կյանքդ և կարգավորումներ անի դրա համար, ձգտես հնազանդվել միայն Աստծու ներդաշնակեցումներին ու ուղղորդմանը՝ առանց սեփական ընտրություններ անելու, և Աստծուն երկրպագող մարդ դառնաս։ Սա հեշտ է հնչում, սակայն դժվար է իրագործել։ Ոմանք կարող են դիմանալ այս դժվարությանը, մինչդեռ մյուսները չեն կարող։ Ոմանք պատրաստակամ են համագործակցելու, մինչդեռ մյուսները պատրաստակամ չեն։ Նրանք, ովքեր պատրաստակամ չեն, չունեն դա անելու ցանկությունը կամ վճռականությունը։ Հստակ գիտակցում են Աստծու գերիշխանությունը և շատ լավ գիտեն, որ Աստված է ներդաշնակեցնում և կարգավորում մարդկանց ճակատագրերը, սակայն դեռ ցանկանում են ազատվել և պատրաստակամ չեն իրենց ճակատագրերը դնելու Աստծու ձեռքերում ու հնազանդվելու Աստծու գերիշխանությանը. առավել ևս՝ դժգոհ են Աստծու ներդաշնակեցումներից և կարգավորումներից։ Ուստի միշտ կլինեն մարդիկ, որոնք կցանկանան փորձել և տեսնել, թե որքան հեռուն են գնում իրենց կարողությունները։ Նրանք ցանկանում են փոխել իրենց ճակատագրերն իրենց երկու ձեռքով կամ երջանկություն ստեղծել իրենց համար իրենց իսկ կարողությունների միջոցով՝ տեսնելու, թե արդյոք կարող են վերանցել Աստծու իշխանության սահմանները և ազատվել Նրա գերիշխանությունից։ Մարդու ողբերգությունն այն չէ, որ ձգտում է երջանիկ կյանքի, ոչ էլ այն, որ ձգտում է համբավի ու շահի, կամ որ պայքարում է սեփական ճակատագրի դեմ մշուշի միջով, այլ այն, որ Արարչի գոյությունը տեսնելուց և այն փաստն իմանալուց հետո, որ Արարիչը գերիշխանություն ունի մարդկային ճակատագրի նկատմամբ, դեռ չի կարողանում ետ դառնալ սխալ ուղուց, չի կարողանում ոտքերը հանել ճահճից, այլ կարծրացնում է սիրտը և համառորեն շարունակում իր սխալ ճանապարհները։ Գերադասում է շարունակել տապլտկվել ցեխի մեջ՝ համառորեն պայքարելով Արարչի գերիշխանության դեմ, դիմակայելով դրան մինչև վերջ՝ այս ամենն առանց զղջման նվազագույն վերաբերմունքի։ Միայն այն ժամանակ, երբ ընկած է կոտրված և արյունահոսող, ի վերջո որոշում է հանձնվել և ետ դառնալ։ Սա է մարդու ճշմարիտ ողբերգությունը։ Ուստի Ես ասում եմ՝ նրանք, ովքեր ընտրում են հնազանդվել, իմաստուն են, մինչդեռ նրանք, ովքեր ընտրում են հեռանալ, հիմար են և համառ։

Վեցերորդ վճռորոշ պահը՝ մահ

Այնքան եռուզեռից ու ճանապարհի խոչընդոտներից հետո, այնքան վիշտ, ուրախություն, բաժանումներ ու վերամիավորումներ ապրելուց հետո, այնքան վայրիվերումներից ու անմոռանալի տարիներից հետո, տարվա եղանակների հերթափոխին նորից ու նորից ականատես լինելուց հետո մարդն աննկատ անցնում է կյանքի վճռորոշ պահերը և ակնթարթորեն հայտնվում իր կյանքի մայրամուտին։ Ժամանակի հետքերը դրոշմված են նրա ողջ մարմնի վրա. այլևս չի կարողանում ուղիղ կանգնել, մազերը ճերմակում են, մինչդեռ երբեմնի պայծառ ու վճիտ աչքերը դառնում են խամրած ու պղտոր, իսկ հարթ, առաձգական մաշկը դառնում է կնճռոտ ու բծավոր։ Լսողությունը վատանում է, ատամները թուլանում և թափվում են, պատասխան արձագանքները դանդաղում են, շարժումները՝ դանդաղ…։ Այս պահին մարդը վերջնականապես հրաժեշտ է տալիս իր երիտասարդության կրքոտ տարիներին և մտնում իր կյանքի մայրամուտը՝ ծերություն։ Այնուհետև կբախվի մահվանը՝ վերջին վճռորոշ պահին, որով պետք է անցնի։

1) Միայն Արարիչն ունի մարդու կյանքի և մահվան նկատմամբ իշխանությունը

Եթե մարդու ծնունդը կանխորոշված էր իր նախորդ կյանքով, ապա նրա մահը նշանավորում է այդ ճակատագրի ավարտը։ Եթե մարդու ծնունդն այս կյանքում իր առաքելության սկիզբն է, ապա նրա մահը նշանավորում է այդ առաքելության ավարտը։ Քանի որ Արարիչը յուրաքանչյուր մարդու ծննդյան համար հանգամանքների հաստատուն շարք է սահմանել, անտարակույս է, որ հանգամանքների մի հաստատուն շարք Նա կարգավորել է նաև նրա մահվան համար։ Այլ կերպ ասած՝ ոչ ոք պատահականորեն չի ծնվում, ոչ մեկի մահը հանկարծակի չէ, և թե՛ ծնունդը, թե՛ մահն անխուսափելիորեն կապված են մարդու նախորդ և ներկայիս կյանքերի հետ։ Մարդու ծննդյան հանգամանքները և մահվան հանգամանքները կապված են Արարչի կանխորոշման հետ. սա մարդու ճակատագիրն է, մարդու բախտը։ Քանի որ մարդու ծննդյան համար բազմաթիվ բացատրություններ կան, մարդու մահվան համար նույնպես անպայմանորեն պետք է տարբեր կոնկրետ հանգամանքներ լինեն։ Այսպիսով մարդկության մեջ գոյության են կոչվել տարբեր տևողությամբ կյանքեր և մարդկանց մահվան տարբեր ձևեր ու ժամանակներ։ Որոշ մարդիկ ուժեղ են և առողջ, սակայն երիտասարդ են մահանում, մյուսները թույլ են և հիվանդ, սակայն ապրում են մինչև ծերություն և խաղաղությամբ հեռանում կյանքից։ Ոմանք կործանվում են անբնական պատճառներով, մյուսները մահանում են բնական կերպով։ Ոմանք զոհվում են տնից հեռու, մյուսներն աչքերը վերջին անգամ փակում են իրենց սիրելիների կողքին։ Որոշ մարդիկ մահանում են օդում, մյուսները՝ գետնի տակ։ Ոմանք խեղդվում են ջրում, մյուսները կործանվում են աղետներում։ Ոմանք մահանում են առավոտյան, մյուսները՝ գիշերը… Բոլորը հռչակավոր ծնունդ են ուզում, շքեղ կյանք և փառավոր մահ, սակայն ոչ ոք չի կարող գերազանցել իր իսկ ճակատագիրը, ոչ ոք չի կարող խուսափել Արարչի գերիշխանությունից։ Սա է մարդկային ճակատագիրը։ Իրենց ապագայի համար մարդիկ կարող են ամեն տեսակի ծրագրեր կազմել, սակայն ոչ ոք չի կարող ծրագրել, թե ինչպես է ծնվելու կամ ինչպես և երբ է աշխարհից հեռանալու։ Թեև մարդիկ անում են ամեն հնարավոր բան՝ մահվան գալուց խուսափելու և դրան դիմակայելու համար, այնուամենայնիվ, իրենց համար անհայտ կերպով մահը լուռ մոտենում է։ Ոչ ոք չգիտի, թե երբ կամ ինչպես կմահանա, առավել ևս՝ որտեղ դա տեղի կունենա։ Ակնհայտ է, որ ոչ մարդն ինքնը գերագույն իշխանություն ունի իր կյանքի և մահվան նկատմամբ, ոչ էլ բնական աշխարհի որևէ կենդանի էակ, այլ Արարիչը, որ օժտված է եզակի իշխանությամբ։ Մարդկության կյանքն ու մահը բնական աշխարհի որևէ օրենքի արգասիքը չեն, այլ Արարչի իշխանության գերիշխանության արդյունք են։

2) Նա, ով չի ճանաչում Արարչի գերիշխանությունը, անխուսափելիորեն դժվարությամբ է ազատվում մահվան վախից

Երբ մարդը մտնում է ծերություն, բախվում է ոչ թե ընտանիքի կարիքները հոգալուն կամ կյանքում իր մեծ ձգտումները հաստատելուն, այլ նրան, թե ինչպես հրաժեշտ տա իր կյանքին, ինչպես դիմավորի իր կյանքի ավարտը, ինչպես ամփոփի իր կյանքը։ Թեև արտաքուստ թվում է, թե մարդիկ քիչ ուշադրություն են դարձնում մահվանը, ոչ ոք չի կարող զսպել իրեն այդ թեման ուսումնասիրելուց, քանի որ ոչ ոք չգիտի, արդյոք մահվան մյուս կողմում կա մեկ այլ աշխարհ, մի աշխարհ, որը մարդիկ չեն կարող ընկալել կամ զգալ, որի մասին ոչինչ չգիտեն։ Սա ստիպում է մարդկանց վախենալ մահվան հետ ուղղակիորեն առերեսվելուց, վախենալ դրան ճիշտ կերպով դիմակայելուց. փոխարենը անում են ամեն հնարավորը՝ այդ թեմայից խուսափելու համար։ Ուստի այն յուրաքանչյուր մարդու լցնում է մահվան հանդեպ սարսափով և միաժամանակ խորհրդավորության քողով է պատում կյանքի այս անխուսափելի փաստն ու մշտական ստվեր գցում յուրաքանչյուր մարդու սրտի վրա։

Երբ մարդը զգում է, որ իր մարմինը քայքայվում է, երբ զգում է, որ ավելի է մոտենում մահվանը, անորոշ սարսափ է զգում, անարտահայտելի վախ։ Մահվան վախը ստիպում է ավելի քան երբևէ միայնակ ու անօգնական զգալ, և այս պահին մարդն ինքն իրեն հարցնում է. «Որտեղի՞ց են գալիս մարդիկ։ Ո՞ւր են գնում։ Այսպե՞ս է մարդը մահանում, երբ իր կյանքը սլացել-անցել է իր կողքով։ Այսպե՞ս է իր կյանքը մոտենում ավարտին։ Ի վերջո՝ ո՞րն է կյանքի իմաստը։ Ի վերջո՝ ի՞նչ արժե կյանքը։ Մի՞թե այն համբավի և շահի մասին է։ Մի՞թե այն ընտանիք կազմելու և երեխաներ մեծացնելու մասին է… Անկախ նրանից՝ արդյոք մարդը մտածել է այս հատուկ հարցերի շուրջ, անկախ նրանից՝ որքան խորն է վախենում մահից, յուրաքանչյուր մարդու սրտի խորքում միշտ կա խորհուրդներն ուսումնասիրելու ցանկություն, կյանքի վերաբերյալ անըմբռնելիության զգացում, և սրանց խառնված՝ սենտիմենտալություն աշխարհի հանդեպ, հեռանալու դժկամություն։ Գուցե ոչ ոք չի կարող ճշմարտապես ձևակերպել, թե ինչից է մարդը վախենում, ինչ է ուսումնասիրում, ինչի հանդեպ է սենտիմենտալ և ինչն է դժկամությամբ թողնում իր հետևում…

Քանի որ մարդիկ վախենում են մահից, նրանք այնքան շատ անհանգստություններ ունեն։ Քանի որ մարդիկ վախենում են մահից, այնքան շատ բան ունեն, որ չեն կարողանում բաց թողնել։ Երբ պատրաստվում են մահանալ, ոմանք անհանգստանում են այս կամ այն բանի համար. չեն կարողանում հանգստանալ, երբ խոսքը վերաբերում է իրենց երեխաներին, իրենց սիրելիներին, իրենց հարստությանը, ասես անհանգստանալով կարող են ջնջել այն տառապանքն ու սարսափը, որ բերում է մահը, ասես ողջերի հետ մի տեսակ մտերմություն պահպանելով՝ կարող են խուսափել անօգնականությունից ու միայնությունից, որոնք ուղեկցում են մահվանը։ Մարդկային սրտի խորքում թաքնված է անորոշ վախ՝ իր սիրելիներից բաժանվելու, կապույտ երկնքին այլևս երբեք չնայելու, նյութական աշխարհն այլևս երբեք չտեսնելու վախ։ Միայնակ հոգին, որ սովոր է իր սիրելիների ներկայությանը, դժկամությամբ է բաց թողնում ամեն ինչ և լիովին միայնակ հեռանում դեպի մի աշխարհ, որն անհայտ է ու անծանոթ։

3) Համբավի և շահի ձգտումով անցկացրած կյանքը մարդուն շվարած է թողնում մահվան առջև

Արարչի գերիշխանության և կանխորոշման շնորհիվ միայնակ հոգին, որն ի սկզբանե բացարձակապես ոչինչ չուներ, ձեռք է բերում ծնողներ և ընտանիք, մարդկային ցեղի անդամ դառնալու հնարավորություն, մարդկային կյանքը փորձառաբար ապրելու և մարդկային աշխարհով ճամփորդելու հնարավորություն, ինչպես նաև ձեռք է բերում Արարչի գերիշխանությունը փորձառաբար ապրելու, Արարչի արարչագործության հրաշքները ճանաչելու և, ավելին, Արարչի իշխանությունը ճանաչելու ու դրան հանձնվելու հնարավորություն։ Սակայն մարդկանց մեծամասնությունը ճշմարտապես չի օգտագործում այս հազվագյուտ ու ակնթարթային հնարավորությունը։ Մարդիկ սպառում են մի ամբողջ կյանքի ուժերը՝ պայքարելով ճակատագրի դեմ, և իրենց ողջ կյանքն անցկացնում են եռուզեռի մեջ՝ հոգալով իրենց ընտանիքների կարիքները և այսուայնկողմ վազելով հանուն հեղինակության ու շահույթի։ Մարդիկ բարձր են գնահատում ընտանեկան սերը, փողը և համբավն ու շահը և սրանք համարում են կյանքի ամենաարժեքավոր բաները։ Բոլոր մարդիկ տրտնջում են, որ իրենց ճակատագիրը լի է դժվարություններով ու անհաջողություններով, սակայն, միևնույն է, հետին պլան են մղում այն հարցերը, որոնք մարդիկ ամենից շատ պետք է հասկանան և ուսումնասիրեն. ինչու է մարդը ողջ, ինչպես պետք է մարդն ապրի, և որոնք են մարդկային կյանքի արժեքն ու իմաստը։ Իրենց ողջ կյանքը, որքան էլ այն տևի, նրանք անցկացնում են լոկ վազվզելով՝ ձգտելով համբավի ու շահի, մինչև որ երիտասարդությունն անցնում է, և դառնում են ալեհեր ու կնճռոտ, մինչև որ գիտակցում են, որ համբավն ու շահը չեն կարող կանգնեցնել իրենց ծերանալը, որ փողը չի կարող լցնել իրենց սրտերի դատարկությունը, և մինչև որ հասկանում են, որ ոչ ոք չի կարող խուսափել ծննդյան, ծերության, հիվանդության ու մահվան օրենքներից, և որ ոչ ոք չի կարող շրջանցել ճակատագրի կարգավորումները։ Միայն երբ ստիպված են բախվել կյանքի վերջին վճռորոշ պահին, ճշմարտապես ըմբռնում են, որ նույնիսկ եթե մարդը հսկայական հարստություն ունի, նույնիսկ եթե ազնվական կարգավիճակի և բարձրաստիճան է, միևնույն է, չի կարողանում խուսափել մահից և պետք է վերադառնա իր սկզբնական դիրքին՝ միայնակ հոգի, որը բացարձակապես ոչինչ չունի։ Երբ մարդիկ ծնողներ ունեն, հավատում են, որ իրենց ծնողներն ամեն ինչ են։ Երբ մարդիկ ունեցվածք ունեն, կարծում են, որ փողն իրենց հիմնական հենարանն է և կապիտալը, որով ապրում են։ Երբ մարդիկ կարգավիճակ ունեն, ամուր կառչում են դրանից և կտային իրենց կյանքը դրա համար։ Միայն երբ մարդիկ պատրաստվում են բաց թողնել այս աշխարհը, գիտակցում են, որ այն բաները, որոնց ձգտելով անցկացրել են իրենց կյանքը, ոչ այլ ինչ են, քան անցողիկ ամպեր, որոնցից ոչ մեկից չեն կարող կառչել, որոնցից ոչ մեկը չեն կարող տանել իրենց հետ, որոնցից ոչ մեկը չի կարող ազատել նրանց մահից, որոնցից ոչ մեկը չի կարող ընկերակցել կամ մխիթարել միայնակ հոգուն իր վերադարձի ճանապարհին, և առավել ևս՝ որոնցից ոչ մեկը չի կարող փրկել մարդուն և հնարավորություն տալ նրան հաղթահարելու մահը։ Նյութական աշխարհում ձեռք բերված համբավն ու շահը մարդուն տալիս են ժամանակավոր բավարարվածություն, անցողիկ հաճույք և ներքին ապահովության կեղծ զգացում՝ ստիպելով նրան կորցնել իր ճանապարհը։ Եվ այսպես մարդիկ, որոնք տվայտում են մարդկության անծայրածիր ծովում՝ տենչալով խաղաղություն, մխիթարություն և սրտի հանգստություն, կլանվում են ալիք առ ալիք։ Երբ մարդիկ դեռ պետք է պարզեն այն հարցերը, որոնք ամենից շատ պետք է հասկանան՝ որտեղից են գալիս, ինչու են ողջ, ուր են գնում և այլն, գայթակղվում են համբավով ու շահով, մոլորեցվում ու վերահսկվում դրանցով և անդառնալիորեն կորչում։ Ժամանակը թռչում է։ Տարիներն ակնթարթորեն անցնում են, և մինչ մարդը կգիտակցի դա, արդեն հրաժեշտ է տվել իր կյանքի լավագույն տարիներին։ Երբ մարդիկ շուտով պետք է հրաժեշտ տան աշխարհին, աստիճանաբար գիտակցում են, որ աշխարհում ամեն բան հեռանում է, որ այլևս ուժ չունեն կառչելու որևէ բանից, որն ի սկզբանե իրենցն էր։ Այս ժամանակ ճշմարտապես զգում են, որ ի վերջո ճիշտ նորածին, ճչացող մանկան պես են, որը դեռևս բացարձակապես ոչինչ չունի։ Այս պահին ստիպված են սկսել խորհել, թե ինչ են արել իրենց կյանքում, որն է ողջ լինելու արժեքը, որն է ողջ լինելու իմաստը, և ինչու են մարդիկ աշխարհ եկել։ Եվ ճիշտ այս պահին է, որ ավելի ու ավելի են ցանկանում իմանալ՝ արդյոք իսկապես կա հաջորդ կյանք, արդյոք Երկինքն իսկապես գոյություն ունի, արդյոք իսկապես կա հատուցում… Որքան մարդը մոտենում է մահվանը, այնքան ավելի է ցանկանում հասկանալ, թե իրականում ինչի մասին է կյանքը։ Որքան մարդը մոտենում է մահվանը, այնքան ավելի դատարկ է թվում նրա սիրտը։ Որքան մարդը մոտենում է մահվանը, այնքան ավելի անպաշտպան է զգում իրեն։ Եվ այսպես նրա մահվան վախն օրեցօր մեծանում է։ Կա երկու պատճառ, թե ինչու են նման արձագանքներ դրսևորվում մարդկանց մեջ, երբ նրանք մոտենում են մահվանը, նախ՝ պատրաստվում են կորցնել համբավը կամ շահը, որոնցից կախված է եղել իրենց կյանքը, պատրաստվում են հրաժեշտ տալ այն ամենին, ինչ աչքը տեսնում է աշխարհում, և երկրորդ՝ պատրաստվում են միանգամայն մենակ բախվել անծանոթ աշխարհի, խորհրդավոր, անհայտ մի տիրույթի, որտեղ վախենում են ոտք դնել, որտեղ չունեն սիրելիներ և ոչ մի հենարան։ Այս երկու պատճառով յուրաքանչյուր ոք, ով բախվում է մահվանը, անհանգստություն է զգում, խուճապի է մատնվում և լիովին շվարում այնպես, ինչպես երբեք նախկինում չի փորձառել։ Միայն երբ մարդն իրականում հասնում է այս կետին, գիտակցում է, որ երբ մարդը մտնում է այս աշխարհ, նախ պետք է հասկանա, թե որտեղից են գալիս մարդիկ, ինչու են մարդիկ ողջ, ով ունի գերիշխանություն մարդկային ճակատագրի նկատմամբ, և ով է հոգում մարդկային գոյության կարիքներն ու գերիշխանություն ունենում դրա նկատմամբ․ այս հասկացողությունն այն կապիտալն է, որով մարդն ապրում է, և այն մարդու ողջ մնալու էական հիմքն է։ Չպետք է նախ սովորի, թե ինչպես հոգա իր ընտանիքի կարիքները կամ ինչպես ձգտի համբավի ու շահի, կամ ինչպես մյուսներից մեկ գլուխ բարձր լինի խմբում, կամ ինչպես ապրի ավելի բարեկեցիկ կյանքով, առավել ևս՝ ինչպես առաջ անցնի ուրիշներից կամ ինչպես հեշտությամբ մրցի տարբեր տեսակի մրցույթներում։ Թեև ողջ մնալու տարբեր հմտությունները, որոնց տիրապետելու վրա մարդիկ ծախսում են իրենց կյանքը, հնարավորություն են տալիս նրանց ունենալ առատ նյութական հարմարավետություն, այդ հմտությունները երբեք ճշմարիտ մխիթարություն և կայունություն չեն բերում նրանց սրտերին։ Փոխարենը դրանք ստիպում են մարդկանց շարունակ կորցնել իրենց ուղղությունը, դժվարանալ վերահսկել իրենց և մեկը մյուսի հետևից բաց թողնել կյանքի իմաստը սովորելու հնարավորությունները, և դրանք մարդկանց մեջ թաքնված անհանգստություններ են առաջացնում այն մասին, թե ինչպես ճիշտ դիմակայել մահվանը․ այս կերպ է կործանվում մարդկանց կյանքը։ Արարիչն արդարացիորեն է վերաբերվում բոլորին՝ տալով յուրաքանչյուրին մի ամբողջ կյանքի հնարավորություններ՝ փորձառաբար ապրելու և ճանաչելու Իր գերիշխանությունը, սակայն միայն երբ մահը մոտենում է, երբ դրա ուրվականը նշմարվում է, մարդը սկսում է տեսնել լույսը, և այդ ժամանակ արդեն չափազա՛նց ուշ է։

Մարդն իր ողջ կյանքն անցկացնում է փող, համբավ և շահ հետապնդելով․ դրանց վերաբերվում է որպես փրկապարանի, որպես իր միակ հենարանի՝ ասես դրանք ունենալը կնշանակեր, որ կարող է շարունակել ապրել և խուսափել մահից։ Բայց միայն երբ պատրաստվում է մահանալ, գիտակցում է, թե որքան հեռու են փողը, համբավն ու շահն իրենից, և մահվան առջև որքան թույլ ու անզոր է նա, որքան խոցելի է, որքան միայնակ ու անպաշտպան և որքան անօգնական։ Գիտակցում է, որ փողը կամ համբավն ու շահը չեն կարող փոխանակվել կյանքով, որ անկախ նրանից՝ թե որքան հարուստ կարող է լինել մարդը, անկախ նրանից՝ թե որքան բարձր է իր կարգավիճակը, բոլորը հավասարապես աղքատ ու աննշան են մահվան առջև։ Գիտակցում է, որ փողը չի կարող կյանք գնել, որ համբավն ու շահը չեն կարող հնարավորություն տալ մարդուն խուսափել մահից, որ ոչ փողը, ոչ էլ համբավն ու շահը չեն կարող երկարացնել մարդու կյանքը գեթ մեկ րոպեով, գեթ մեկ վայրկյանով։ Որքան մարդն այսպես է զգում, այնքան ավելի է տենչում շարունակել ապրել, որքան մարդն այսպես է զգում, այնքան ավելի է սարսափում մահվան մոտենալուց։ Միայն այս պահին է ճշմարտապես գիտակցում, որ իր կյանքն իրեն չի պատկանում, իր վերահսկողության տակ չէ, և որ մարդը ասելիք չունի այն հարցում՝ ապրելու է, թե՝ մեռնելու․ դա որևէ մեկի վերահսկողությունից դուրս է։

4) Հանձնվիր Արարչի տիրակալությանն ու հանգիստ դիմակայիր մահվանը

Այն պահին, երբ մարդը ծնվում է, միայնակ հոգին սկսում է երկրի վրա կյանքի իր փորձառությունը և Արարչի իշխանության իր փորձառությունը, որն Արարիչը կարգավորել է դրա համար։ Ավելորդ է ասել, որ մարդու՝ հոգու համար սա հիանալի հնարավորություն է՝ ձեռք բերելու Արարչի գերիշխանության ճանաչողությունը, սկսելու ճանաչել Նրա իշխանությունը և անձամբ փորձառաբար ապրելու այն։ Մարդիկ ապրում են իրենց կյանքը ճակատագրի այն օրենքների շրջանակներում, որոնք Արարիչը սահմանել է նրանց համար, և խիղճ ու ողջամտություն ունեցող ցանկացած մարդու համար իր կյանքի տասնամյակների ընթացքում Արարչի գերիշխանությունն ընդունելն ու Նրա իշխանությունը ճանաչելը դժվար բան չէ։ Ուստի յուրաքանչյուր մարդու համար պետք է շատ հեշտ լինի մի քանի տասնամյակների իր սեփական կյանքի փորձառությունների միջոցով գիտակցել, որ մարդկային բոլոր ճակատագրերը կանխորոշված են, և պետք է շատ հեշտ լինի ընկալել կամ եզրակացնել, թե ինչ է նշանակում ողջ լինել։ Երբ մարդը հաստատի կյանքի այս փորձառությունը, աստիճանաբար կհասկանա, թե որտեղից է գալիս կյանքը, կըմբռնի, թե սիրտը ճշմարտապես ինչի կարիք ունի, ինչը կառաջնորդի մարդուն դեպի կյանքի ճշմարիտ ուղին, և որոնք պետք է լինեն մարդկային կյանքի առաքելությունն ու նպատակը։ Աստիճանաբար կգիտակցի, որ եթե չի երկրպագում Արարչին, եթե չի հանձնվում Նրա տիրակալությանը, ապա երբ գա մահվանն առերեսվելու ժամանակը՝ երբ իր հոգին պատրաստվի ևս մեկ անգամ կանգնել Արարչի առջև՝ իր սիրտը կլցվի անսահման սարսափով և խուճափով։ Եթե մարդը մի քանի տասնամյակ եղել է աշխարհում, սակայն չի հասկացել, թե որտեղից է գալիս մարդկային կյանքը, ոչ էլ գիտակցել է, թե ում ափի մեջ է հանգչում մարդկային ճակատագիրը, ապա զարմանալի չէ, որ չի կարող հանգիստ դիմակայել մահվանը։ Մարդ, որ մարդկային կյանքի իր տասնամյակների փորձառության ընթացքում ձեռք է բերել Արարչի գերիշխանության ճանաչողություն, կյանքի իմաստն ու արժեքը մաքուր կերպով ըմբռնող մարդ է։ Նման մարդը կյանքի նպատակի խոր ճանաչողություն ունի՝ Արարչի գերիշխանության իրական գնահատմամբ ու փորձառությամբ, և ավելին՝ ի վիճակի է հնազանդվելու Արարչի իշխանությանը։ Նման մարդը հասկանում է Արարչի կողմից մարդկության արարման իմաստը, հասկանում է, որ մարդը պետք է երկրպագի Արարչին, որ այն ամենը, ինչ մարդն ունի, գալիս է Արարչից և ոչ հեռու ապագայում մի օր կվերադառնա Նրան։ Այս տեսակի մարդը հասկանում է, որ Արարիչն է կարգավորում մարդու ծնունդը և գերիշխանություն ունի մարդու մահվան նկատմամբ, և որ թե՛ կյանքը, թե՛ մահը կանխորոշված են Արարչի իշխանությամբ։ Ուստի, երբ մարդը ճշմարտապես ըմբռնի այս բաները, բնականաբար կկարողանա հանգիստ դիմակայել մահվանը, հանգիստ բաց թողնել իր բոլոր արտաքին բաները, հոժարակամ ընդունել ու հնազանդվել այն ամենին, ինչ հաջորդում է, և դիմավորել կյանքի վերջին վճռորոշ պահը, որն իսկապես Արարիչն է կարգավորել, այլ ոչ թե շարունակ սարսափել դրանից ու պայքարել դրա դեմ։ Եթե մարդն իր կյանքը դիտարկում է որպես Արարչի գերիշխանությունը փորձառաբար ապրելու և Նրա իշխանությունը ճանաչելու հնարավորություն, եթե իր կյանքը տեսնում է որպես հազվագյուտ հնարավորություն՝ կատարելու իր պարտավորությունը որպես արարված մարդկային էակ և ավարտին հասցնելու իր առաքելությունը, ապա անշուշտ կունենա ճիշտ աշխարհայացք կյանքի նկատմամբ, անշուշտ կապրի Արարչի օրհնությունների և ուղղորդման ներքո, անշուշտ կքայլի Արարչի լույսի մեջ, անշուշտ կճանաչի Արարչի գերիշխանությունը, անշուշտ կհանձնվի Նրա տիրակալությանը և անշուշտ կդառնա Նրա հրաշալի գործերի վկան, Նրա իշխանության վկան։ Ավելորդ է ասել, որ Արարիչն անշուշտ կսիրի ու կընդունի նման մարդուն, և միայն նման մարդը կարող է հանգիստ վերաբերմունք ունենալ մահվան հանդեպ և ուրախությամբ դիմավորել կյանքի վերջին վճռորոշ պահը։ Ակնհայտ է, որ Հոբն այսպիսի վերաբերմունք ուներ մահվան հանդեպ։ Բավարարում էր այն պայմանները, որոնք հնարավորություն տվեցին նրան ուրախությամբ ընդունել կյանքի վերջին վճռորոշ պահը։ Նա սահուն ավարտին հասցրեց իր կյանքի ճամփորդությունը և ավարտեց իր առաքելությունը կյանքում, իսկ հետո վերադարձավ՝ լինելու Արարչի կողքին։

5) Կյանքում Հոբի ձգտումներն ու ձեռքբերումները թույլ են տալիս նրան հանգիստ դիմակայել մահվանը

Գրվածքներում Հոբի մասին գրված է․ «Ու վախճանվեց Հոբն իր օրերը ապրած, խոր ծերության մեջ» (Հոբ 42:17)։ Սա նշանակում է, որ երբ Հոբը մահացավ, ոչ մի ափսոսանք չուներ և ոչ մի ցավ չզգաց, այլ բնական կերպով հեռացավ այս աշխարհից։ Ինչպես բոլորին հայտնի է, Հոբն այնպիսի մարդ էր, որ երկյուղում էր Աստծուց և խուսափում չարից, քանի դեռ ողջ էր։ Նրա արդար գործերն արժանացան Աստծու հավանությանը, և ուրիշները հիշեցին դրանք, և կարելի է ասել, որ նրա կյանքն ամենամեծ արժեքն ու նշանակությունն ուներ ողջ մարդկության մեջ։ Հոբը ստացավ Աստծու օրհնությունները, և Նա արդար կոչեց նրան երկրի վրա։ Աստված նաև փորձեց նրան, իսկ Սատանան՝ գայթակղեց։ Հաստատուն կանգնեց Աստծու համար իր վկայության մեջ և արժանի էր, որ Նա իրեն «արդար մարդ» կոչեր։ Աստծու կողմից փորձվելուց հետո հաջորդող տասնամյակների ընթացքում նա ապրեց է՛լ ավելի արժեքավոր, իմաստալից, կայուն և հանգիստ կերպով, քան նախկինում։ Նրա արդար գործերի պատճառով Աստված փորձեց նրան, և նրա արդար գործերի պատճառով Աստված հայտնվեց նրան ու անձամբ խոսեց նրա հետ։ Ուստի փորձվելուց հետո տարիների ընթացքում Հոբն ավելի գործնական կերպով զգաց ու հասկացավ կյանքի արժեքը, ձեռք բերեց Արարչի գերիշխանության ավելի խոր հասկացողություն և ավելի ճշգրիտ ու հստակ գիտություն ձեռք բերեց այն մասին, թե ինչպես է Արարիչը տալիս և հետ վերցնում Իր օրհնությունները։ Հոբի գիրքն արձանագրում է, որ Եհովա Աստված է՛լ ավելի մեծ օրհնություններ շնորհեց Հոբին, քան նախկինում՝ Հոբին դնելով է՛լ ավելի լավ դիրքում՝ ճանաչելու Արարչի գերիշխանությունը և հանգիստ դիմակայելու մահվանը։ Ուստի Հոբը, երբ ծերացավ և բախվեց մահվանը, անշուշտ չէր անհանգստանում իր ունեցվածքի համար։ Ոչ մի անհանգստություն չուներ, ոչ մի բանի համար չէր ափսոսում և, իհարկե, չէր երկյուղում մահից։ Քանի որ իր ողջ կյանքն անցկացրել էր՝ ձգտելով քայլել Աստծուց երկյուղելու և չարից խուսափելու ճանապարհով, չէր անհանգստանում իր իսկ ելքի համար։ Այսօր քանի՞ մարդ կարող էր վարվել այնպես, ինչպես Հոբը, երբ առերեսվեց իր իսկ մահվանը։ Ինչո՞ւ ոչ ոք ի վիճակի չէ հասնելու նման պարզ արտաքին վերաբերմունքի։ Կա միայն մեկ պատճառ․ Հոբն իր կյանքն ապրեց Աստծու գերիշխանությանը հավատալու, այն ճանաչելու և դրան հնազանդվելու սուբյեկտիվ ձգտման մեջ, և հենց այս հավատով, ճանաչմամբ ու հնազանդությամբ էր, որ անցավ կյանքի վճռորոշ պահերը, ապրեց իր վերջին տարիները և դիմավորեց իր կյանքի վերջին վճռորոշ պահը։ Անկախ նրանից, թե ինչ փորձառաբար ապրեց Հոբն իր կյանքում, նրա ձգտումներն ու նպատակները կյանքում ցավալի չէին, այլ երջանիկ էին նրա համար։ Երջանիկ էր ոչ միայն Արարչի օրհնությունների կամ հավանության պատճառով, այլ ավելի կարևոր է՝ իր ձգտումների ու կյանքի նպատակների պատճառով, և Արարչի գերիշխանության աճող գիտության ու ճշմարիտ փորձառության պատճառով, որոնք ձեռք բերեց Աստծուց երկյուղելու և չարից խուսափելու իր ձգտման միջոցով։ Առավել ևս՝ երջանիկ էր, որովհետև Արարչի գերիշխանությունը փորձառաբար ապրելիս անձամբ փորձառաբար ապրեց Արարչի հրաշալի գործերը, ինչպես նաև Աստծու հետ շփվելու և Աստծուն ծանոթանալու ու ճանաչելու յուրաքանչյուր քնքուշ, սակայն անմոռանալի փորձառությունն ու հիշողությունը։ Հոբը երջանիկ էր մխիթարության և ուրախության պատճառով, որոնք գալիս էին Արարչի մտադրությունները ճանաչելուց, և Արարչի հանդեպ վախի սրտի պատճառով, որն առաջացավ նրա մեջ Արարչի մեծությունը, հրաշալիությունը, հաճելիությունն ու հավատարմությունը տեսնելուց հետո։ Հոբն ի վիճակի էր դիմակայելու մահվանն առանց որևէ տառապանքի, որովհետև գիտեր, որ մահանալով կվերադառնա Արարչի կողքին։ Կյանքում նրա ձգտումներն ու ձեռքբերումներն էին, որ թույլ տվեցին նրան հանգիստ դիմակայել մահվանը, թույլ տվեցին հանգիստ դիմակայել նրան, որ Արարիչը հետ է վերցնում նրա կյանքը, և առավել ևս՝ թույլ տվեցին դիմակայել Արարչին անարատ ու անհոգ։ Կարո՞ղ են արդյոք մարդիկ մեր օրերում հասնել այնպիսի երջանկության, ինչպիսին ուներ Հոբը։ Դուք ունե՞ք դա անելու պայմանները։ Քանի որ մեր օրերում մարդիկ իսկապես ունեն այս պայմանները, ինչո՞ւ ի վիճակի չեն ապրելու երջանիկ, ինչպես Հոբը։ Ինչո՞ւ ի վիճակի չեն խուսափելու մահվան վախի տառապանքից։ Մահվանը բախվելիս ոմանք տակներն են անում։ Ոմանք դողում են կամ ուշագնաց են լինում, կամ հարձակվում են թե՛ Երկնքի, թե՛ մարդու վրա։ Ոմանք նույնիսկ ողբում են ու լաց լինում։ Սրանք ամենևին էլ հանկարծակի արձագանքներ չեն, որ մարդիկ ունենում են, երբ մահը մոտենում է։ Մարդիկ այսպիսի անհարմար ձևերով են պահում իրենց մահվանը բախվելիս հիմնականում այն պատճառով, որ իրենց սրտերի խորքում վախենում են մահից, որովհետև չունեն Աստծու գերիշխանության և Նրա կարգավորումների հստակ գիտություն ու գնահատում, առավել ևս՝ ճշմարտապես չեն հնազանդվում դրանց։ Մարդիկ այսպես են արձագանքում, որովհետև ոչ այլ ինչ են ուզում, քան ինքնուրույն կարգավորել ու կառավարել ամեն ինչ, վերահսկել իրենց իսկ ճակատագրերը, իրենց իսկ կյանքն ու մահը։ Ուստի զարմանալի չէ, որ մարդիկ երբեք ի վիճակի չեն խուսափելու մահվան վախից։

6) Միայն Արարչի գերիշխանությունն ընդունելով կարելի է վերադառնալ Նրա կողքին

Երբ մարդն Աստծու գերիշխանության և Նրա կարգավորումների հստակ գիտություն ու փորձառություն չունի, ճակատագրի և մահվան մասին նրա գիտությունն անխուսափելիորեն շփոթված կլինի։ Մարդը չի կարող հստակ տեսնել, որ ամեն ինչ հանգչում է Աստծու ափի մեջ, չի գիտակցում, որ ամեն ինչ ենթակա է Աստծու վերահսկողությանն ու գերիշխանությանը, և չի գիտակցում, որ մարդը չի կարող թոթափել նման գերիշխանությունը կամ ազատվել դրանից։ Այս պատճառով, երբ գալիս է մահվանն առերեսվելու ժամանակը, միշտ անվերջանալի վերջին խոսքեր է ունենում, միշտ անհանգստություններ է ունենում և միշտ ափսոսանքներ է ունենում։ Ծանրաբեռնված է այնքան շատ բեռով, այնքան շատ դժկամությամբ, այնքան շատ շփոթությամբ։ Սա ստիպում է նրան վախենալ մահից։ Այս աշխարհում ծնված ցանկացած մարդու համար ծնունդն անհրաժեշտ է, իսկ մահն՝ անխուսափելի, ոչ ոք չի կարող վեր կանգնել իրերի այս ընթացքից։ Եթե մարդը ցանկանում է անցավ հեռանալ այս աշխարհից, եթե ուզում է ի վիճակի լինել դիմակայել կյանքի վերջին վճռորոշ պահին առանց հեռանալու դժկամության կամ անհանգստությունների, միակ ճանապարհը ոչ մի ափսոսանք չթողնելն է։ Իսկ առանց որևէ ափսոսանքի հեռանալու միակ ճանապարհն Արարչի գերիշխանությունը ճանաչելն է, Նրա իշխանությունը ճանաչելը և դրանց հնազանդվելը։ Միայն այս կերպ մարդը կարող է հեռու մնալ մարդկային հակամարտություններից, չարից, Սատանայի կապանքներից, և միայն այս կերպ կարող է ապրել Հոբի նման կյանքով, որն ուղղորդում և օրհնում է Արարիչը, կյանք, որն ազատ է ու ազատագրված, կյանք՝ արժեքով ու իմաստով, կյանք, որը շիտակ է ու բացահայտ։ Միայն այս կերպ կարող է Հոբի պես հնազանդվել Արարչի փորձություններին ու զրկանքներին, Արարչի ներդաշնակեցումներին ու կարգավորումներին։ Միայն այս կերպ կարող է, ինչպես Հոբն արեց, իր ողջ կյանքում երկրպագել Արարչին և արժանանալ Նրա հավանությանը, լսել Նրա ձայնը և տեսնել Նրա հայտնվելը։ Միայն այս կերպ կարող է Հոբի պես ապրել ու մահանալ երջանիկ՝ առանց ցավի, առանց անհանգստության, առանց ափսոսանքի։ Միայն այս կերպ կարող է, ինչպես Հոբն արեց, ապրել լույսի մեջ, լույսի մեջ անցնել կյանքի յուրաքանչյուր վճռորոշ պահը, լույսի մեջ սահուն ավարտել իր ճամփորդությունը, հաջողությամբ ավարտին հասցնել իր առաքելությունը՝ որպես արարված էակ փորձառաբար ապրելու և ճանաչելու Արարչի գերիշխանությունը, և լույսի մեջ հեռանալ կյանքից, իսկ դրանից հետո մնալ Արարչի կողքին որպես արարված մարդկային էակ՝ արժանացած Նրա հավանությանը։

Բաց մի՛ թողեք Արարչի գերիշխանությունը ճանաչելու հնարավորությունը

Վերը նկարագրված վեց վճռորոշ պահերը շատ կարևոր փուլեր են, որոնք Արարիչը սահմանել է յուրաքանչյուր բնականոն մարդու համար՝ կյանքում փորձառաբար ապրելու նպատակով։ Մարդկանց համար այս վճռական պահերից յուրաքանչյուրն իրական է, դրանցից ոչ մեկը հնարավոր չէ շրջանցել, և բոլորն առնչվում են Արարչի կանխորոշմանն ու գերիշխանությանը։ Ուստի այս վճռորոշ պահերից յուրաքանչյուրը կարևոր ստուգակետ է մարդկանց համար։ Մինչդեռ լուրջ հարցը, որին բոլորդ այժմ բախվում եք, այն է, թե ինչպես հարթ հաղթահարել դրանցից յուրաքանչյուրը։

Մի քանի տասնամյակները, որոնք կազմում են մարդկային կյանքը, ոչ երկար են, ոչ էլ կարճ։ Ծննդյան և երիտասարդության միջև ընկած քսան և ավելի տարիներն անցնում են ակնթարթորեն, և թեև կյանքի այս փուլում մարդը համարվում է չափահաս, այս տարիքային խմբի մարդիկ գրեթե ոչինչ չգիտեն մարդկային կյանքի և մարդկային ճակատագրի մասին։ Ավելի շատ փորձառություն ձեռք բերելով՝ աստիճանաբար ոտք են դնում միջին տարիք։ Երեսուն և քառասուն տարեկան մարդիկ ձեռք են բերում կյանքի և ճակատագրի սկզբնական փորձառություն, սակայն իրենց գաղափարներն այս բաների վերաբերյալ դեռևս շատ անորոշ են։ Միայն քառասուն տարեկանում են ոմանք սկսում հասկանալ մարդկությանը, ինչպես նաև երկինքներն ու երկիրը և բոլոր բաները, որոնք Աստված արարել է, և ըմբռնել, թե իրականում ինչի մասին է մարդկային կյանքը, ինչի մասին է մարդկային ճակատագիրը։ Ոմանք, թեև երկար ժամանակ հետևել են Աստծուն և այժմ միջին տարիքի են, դեռևս չեն կարողանում ունենալ Աստծու գերիշխանության ճշգրիտ ճանաչողություն, ոչ էլ կարող են գալ դրա ճշգրիտ սահմանմանը, առավել ևս՝ չեն կարող ունենալ ճշմարիտ հնազանդություն։ Որոշ մարդիկ ոչնչի մասին չեն հոգում, բացի օրհնություններ ստանալուն ձգտելուց, և թեև երկար տարիներ ապրել են, ամենևին չգիտեն կամ չեն հասկանում մարդկային ճակատագրի նկատմամբ Արարչի գերիշխանության փաստը, ուստի նվազագույն մուտք անգամ չեն ունեցել Աստծու ներդաշնակեցումներին ու կարգավորումներին հնազանդվելու գործնական դասի մեջ։ Նման մարդիկ լիովին բթամիտ են, և իրենց կյանքն իզուր է անցնում։

Եթե մարդկային կյանքի ժամանակահատվածները բաժանվեն ըստ մարդկանց կյանքի փորձառության և մարդկային ճակատագրի գիտության, ապա դրանք կարելի է մոտավորապես բաժանել երեք փուլի։ Առաջին փուլը երիտասարդությունն է, որը ծննդյան և միջին տարիքի միջև ընկած տարիներն են, կամ ծննդից մինչև երեսուն տարեկանը։ Երկրորդ փուլը հասունացումն է՝ միջին տարիքից մինչև ծերություն, կամ երեսունից մինչև վաթսուն տարեկանը։ Իսկ երրորդ փուլը հասունության շրջանն է, որը տևում է ծերության սկզբից՝ վաթսուն տարեկանից, մինչև աշխարհից հեռանալը։ Այլ կերպ ասած՝ ծննդից մինչև միջին տարիք մարդկանց մեծամասնության գիտությունը ճակատագրի և կյանքի մասին սահմանափակվում է ուրիշների գաղափարներն ընդօրինակելով և գրեթե ոչ մի իրական, գործնական բուն էություն չունի։ Այս ժամանակահատվածում կյանքի նկատմամբ մարդու աշխարհայացքը և աշխարհի հետ վարվելու ձևերը բավականին մակերեսային են ու միամիտ։ Սա մարդու երիտասարդությունն է։ Միայն կյանքի բոլոր ուրախություններն ու վշտերը ճաշակելուց հետո է մարդը ձեռք բերում ճակատագրի իրական հասկացողություն և ենթագիտակցաբար, իր սրտի խորքում, աստիճանաբար սկսում է գիտակցել ճակատագրի անշրջելիությունը և կամաց-կամաց հասկանում, որ մարդկային ճակատագրի նկատմամբ Արարչի գերիշխանությունը ճշմարտապես գոյություն ունի։ Սա մարդու հասունացման շրջանն է։ Մարդը մտնում է իր հասունության շրջանը, երբ դադարում է պայքարել ճակատագրի դեմ և երբ այլևս չի ցանկանում ներքաշվել հակամարտությունների մեջ, այլ փոխարենը՝ գիտի կյանքում իր բաժինը, հնազանդվում է Երկնքի կամքին, ամփոփում է իր ձեռքբերումներն ու սխալները կյանքում և սպասում իր կյանքի վերաբերյալ Արարչի դատաստանին։ Հաշվի առնելով տարբեր փորձառություններն ու ձեռքբերումները, որ մարդիկ ունենում են այս երեք ժամանակահատվածներում՝ բնականոն հանգամանքներում իրենց կյանքում շատ հնարավորություններ չեն ունենա ճանաչելու Արարչի գերիշխանությունը։ Եթե մարդն ապրում է մինչև վաթսուն տարեկան, ունի ընդամենը երեսուն տարի կամ այդքան՝ ճանաչելու Աստծու գերիշխանությունը։ Եթե ավելի երկար ժամանակ է ուզում, դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե իր կյանքը բավականաչափ երկար տևի, եթե ի վիճակի լինի ապրել մեկ դար։ Ուստի ասում եմ՝ մարդկային գոյության բնականոն օրենքների համաձայն, թեև շատ երկար գործընթաց է այն պահից, երբ մարդն առաջին անգամ բախվում է Արարչի գերիշխանությունը ճանաչելու թեմային, մինչև այն ժամանակը, երբ ի վիճակի է գիտակցելու այդ գերիշխանության փաստը, և այդտեղից մինչև այն կետը, երբ ի վիճակի է հնազանդվելու դրան, եթե մարդն իրականում հաշվի տարիները, ապա երեսունից կամ քառասունից ավելի չեն լինի այն տարիները, որոնց ընթացքում հնարավորություն ունի ձեռք բերելու այս արդյունքները։ Եվ հաճախ մարդիկ տարվում են օրհնություններ ստանալու իրենց ցանկություններով ու փառասիրական նկրտումներով և չեն կարողանում հասկանալ ո՛չ այն, թե իրականում որն է մարդու կյանքի հիմքը, ո՛չ էլ Արարչի գերիշխանությունը ճանաչելու կարևորությունը։ Այդ պատճառով նրանք չեն փայփայում մարդկային աշխարհ գալու, մարդկային կյանքն ու Արարչի գերիշխանությունը փորձառաբար ապրելու այս թանկարժեք հնարավորությունը և չեն ըմբռնում, թե որքան չափազանց թանկարժեք է արարված էակի համար Արարչի անձնական ուղղորդումը ստանալը։ Ուստի ասում եմ՝ այն մարդիկ, ովքեր հույս ունեն, որ Աստծու գործը հնարավորինս արագ կավարտվի, և հույս ունեն, որ Աստված հնարավորինս շուտ կկարգավորի մարդկանց ելքերը, որպեսզի կարողանան անմիջապես տեսնել Նրա ճշմարիտ կերպարանքի հայտնվելը և օրհնություններ ստանալ առաջին իսկ հնարավորության դեպքում, զարհուրելիորեն ըմբոստ են և ծայրահեղ հիմար։ Մյուս կողմից՝ նրանք, ովքեր հույս ունեն իրենց սահմանափակ ժամանակում բաց չթողնել Արարչի գերիշխանությունը ճանաչելու այս հազվագյուտ հնարավորությունը, ճշմարտապես իմաստուն են և օժտված են բարձրագույն բանականությամբ։ Այս երկու տեսակի մարդկանց տարբեր ցանկությունները մերկացնում են երկու խիստ տարբեր տեսակետներ ու ձգտումներ։ Նրանք, ովքեր օրհնությունների են ձգտում, եսասեր են ու ստոր, երբեք հաշվի չեն առնում Աստծու մտադրությունները, երբեք չեն ձգտում ճանաչել Աստծու գերիշխանությունը և չեն ցանկանում հնազանդվել դրան, այլ պարզապես ուզում են ապրել այնպես, ինչպես իրենց է հաճելի։ Այն մարդիկ են, որոնք հոժարակամ ընկղմվում են այլասերվածության մեջ, և նրանք, ովքեր կկորչեն։ Մյուս կողմից՝ նրանք, ովքեր ձգտում են ճանաչել Աստծուն, ի վիճակի են բաց թողնելու իրենց ցանկությունները, պատրաստակամ են հնազանդվելու Աստծու գերիշխանությանն ու կարգավորումներին և ձգտում են լինել այնպիսի մարդիկ, որոնք հնազանդվում են Աստծու իշխանությանը և բավարարում Աստծու մտադրությունները։ Նման մարդիկ ապրում են լույսի մեջ և ապրում են Աստծու օրհնությունների ներքո, և անշուշտ կարժանանան Աստծու հավանությանը։ Անկախ ամեն ինչից՝ մարդկային ընտրությունն անօգուտ է։ Մարդիկ որևէ խոսքի իրավունք չունեն այն հարցում, թե որքան կտևի Աստծու գործը։ Մարդկանց համար ավելի լավ է լիովին անձնատուր լինել Աստծու ներդաշնակեցումներին և հնազանդվել Նրա գերիշխանությանը։ Եթե լիովին անձնատուր չլինես Աստծու ներդաշնակեցումներին, ի՞նչ կարող ես անել։ Աստված արդյոք որևէ վնաս կկրի՞ դրա արդյունքում։ Եթե լիովին անձնատուր չլինես Նրա ներդաշնակեցումներին և ուզում ես ինքդ վերջնական խոսքն ասել, ապա հիմար ընտրություն ես կատարում, և ի վերջո՝ կլինես միակը, որ վնաս կկրի։ Միայն եթե մարդիկ հնարավորինս արագ գործեն՝ Աստծու հետ համագործակցելու համար, ընդունեն Նրա ներդաշնակեցումները և ճանաչեն Նրա իշխանությունն ու այն ամենը, ինչ Նա արել է իրենց համար, հույս կունենան՝ միայն այս կերպ նրանց կյանքն իզուր ապրված չի լինի, և փրկարար շնորհ կստանան։

Ոչ ոք չի կարող փոխել այն փաստը, որ Աստված գերիշխանություն ունի մարդկային ճակատագրի նկատմամբ

Լսելով այն ամենը, ինչ հենց նոր ասացի՝ փոխվե՞լ է արդյոք ճակատագրի վերաբերյալ ձեր տեսակետը։ Ինչպե՞ս եք հասկանում մարդկային ճակատագրի նկատմամբ Աստծու գերիշխանության փաստը։ Պարզ լեզվով ասած՝ Աստծու իշխանության ներքո յուրաքանչյուր ոք ակտիվորեն կամ պասիվորեն ընդունում է Նրա գերիշխանությունն ու կարգավորումները, և անկախ նրանից, թե որքան է պայքարում իր ողջ կյանքի ընթացքում, անկախ նրանից, թե որքան շեղումներ է ունենում, ի վերջո պետք է վերադառնա ճակատագրի այն ուղուն, որն Արարիչը կարգավորել է նրա համար։ Սա Արարչի իշխանության անհաղթահարելիությունն է և այն եղանակը, որով Նրա իշխանությունը գերիշխում է և կառավարում բոլոր բաները։ Ճիշտ այս անհաղթահարելիությունն է և գերիշխելու ու բոլոր բաները կառավարելու ճիշտ այս եղանակն է, որ թույլ են տալիս դրանց կանոնավոր կարգով գոյություն ունենալ, որ թույլ են տալիս մարդկանց առանց որևէ միջամտության նորից ու նորից վերամարմնանալ և որ ստիպում են աշխարհին կանոնավոր կերպով գործել՝ օրեցօր, տարեցտարի առաջ շարժվելով։ Այժմ բոլորդ պետք է ականատես եղած լինեք այս փաստերին, ինչպես նաև, մակերեսորեն թե խորապես, գնահատած լինեք դրանք։ Ձեր գնահատանքի խորությունը կախված է ճշմարտության ձեր փորձառությունից ու գիտությունից և Աստծու նկատմամբ ձեր ճանաչողությունից։ Թե որքան գիտություն ունես ճշմարտության իրականության մասին, որքան ես փորձառաբար ապրել Աստծու խոսքերը, որքան գիտություն ունես Աստծու էության ու բնույթի մասին՝ այս ամենը որոշում է, թե որքան խորն ես ճանաչում Աստծու գերիշխանությունն ու կարգավորումները։ Մի՞թե Աստծու գերիշխանության և կարգավորումների գոյությունը կախված է նրանից, թե արդյոք մարդիկ հնազանդվում են դրանց։ Մի՞թե այն փաստը, որ Աստված ունի այս իշխանությունը, որոշվում է նրանով, թե արդյոք մարդկությունը հնազանդվում է դրան։ Աստծու իշխանությունը գոյություն ունի՝ անկախ հանգամանքներից։ Բոլոր իրավիճակներում Աստված գերիշխանություն ունի յուրաքանչյուրի ճակատագրի ու բոլոր բաների նկատմամբ և կարգավորում է դրանք՝ Իր մտքերի ու Իր ցանկությունների համաձայն։ Սա չի փոխվի մարդկանց մեջ եղած փոփոխությունների համաձայն. այն անկախ է մարդու կամքից և չի կարող փոխվել ժամանակի, տարածության և աշխարհագրության որևէ փոփոխությամբ, քանի որ Աստծու իշխանությունը հենց Նրա էությունն է։ Արդյոք մարդն ի վիճակի է ճանաչելու և ընդունելու Աստծու գերիշխանությունը, և արդյոք մարդն ի վիճակի է հնազանդվելու դրան՝ այս ամենից ոչ մեկը նվազագույն չափով անգամ չի փոխում մարդկային ճակատագրի նկատմամբ Աստծու գերիշխանության փաստը։ Այլ կերպ ասած՝ անկախ նրանից, թե ինչ վերաբերմունք է դրսևորում մարդն Աստծու գերիշխանության հանդեպ, այն պարզապես չի կարող փոխել այն փաստը, որ Աստված գերիշխանություն ունի մարդկային ճակատագրի և բոլոր բաների նկատմամբ։ Նույնիսկ եթե չես հնազանդվում Աստծու գերիշխանությանը, ճակատագիրդ դեռևս Նրա գերիշխանության տակ է։ Նույնիսկ եթե չգիտես Նրա գերիշխանությունը, Նրա իշխանությունը դեռևս գոյություն ունի։ Աստծու իշխանությունը և մարդկային ճակատագրի նկատմամբ Աստծու գերիշխանության փաստն անկախ են մարդկային կամքից և չեն փոխվում մարդու նախասիրությունների ու ընտրությունների համաձայն։ Աստծու իշխանությունն ամենուր է, ամեն ժամ, ամեն ակնթարթ։ Երկինքն ու երկիրը կանհայտանան, սակայն Նրա իշխանությունը երբեք չի անհայտանա, քանի որ Նա Աստված Ինքն է, Նա ունի եզակի իշխանություն, և Նրա իշխանությունը սահմանափակված կամ կաշկանդված չէ մարդկանցով, իրադարձություններով կամ բաներով, տարածությամբ կամ աշխարհագրությամբ։ Ամեն ժամանակ Աստված բանեցնում է Իր իշխանությունը, դրսևորում է Իր մեծ զորությունը և շարունակում է Իր տնօրինման գործն այնպես, ինչպես միշտ արել է։ Ամեն ժամանակ Նա գերիշխանություն ունի բոլոր բաների նկատմամբ, ապահովում է բոլոր բաները և ներդաշնակեցնում բոլոր բաները՝ ճիշտ այնպես, ինչպես միշտ արել է։ Ոչ ոք չի կարող փոխել սա։ Սա փաստ է. այն անփոփոխ ճշմարտություն է եղել անհիշելի ժամանակներից։

Պատշաճ վերաբերմունք և կիրարկում նրա համար, ով պատրաստակամ է հնազանդվելու Աստծու իշխանությանը

Ի՞նչ վերաբերմունքով պետք է մարդն այժմ ճանաչի և մոտենա Աստծու իշխանությանը և մարդկային ճակատագրի նկատմամբ Աստծու գերիշխանության փաստին։ Սա իրական խնդիր է, որի առջև կանգնած է յուրաքանչյուր մարդ։ Իրական կյանքում խնդիրների բախվելիս՝ ինչպե՞ս պետք է հասկանաս և գնահատես Աստծու իշխանությունն ու Նրա գերիշխանությունը։ Երբ բախվում ես այս խնդիրներին և չգիտես՝ ինչպես հասկանալ, լուծել և փորձառաբար ապրել դրանք, ի՞նչ վերաբերմունք պետք է որդեգրես՝ ցույց տալու համար, որ ունես Աստծու գերիշխանությանն ու կարգավորումներին հնազանդվելու մտադրությունն ու ցանկությունը և այս հնազանդության իրականությունը։ Նախ պետք է սովորես սպասել։ Հետո պետք է սովորես փնտրել։ Այնուհետև պետք է սովորես հնազանդվել։ «Սպասել» նշանակում է սպասել Աստծու ժամանակին, սպասել մարդկանց, իրադարձություններին և բաներին, որոնք Նա կարգավորել է քեզ համար, և սպասել, որ Նրա մտադրություններն աստիճանաբար հայտնի դառնան քեզ։ «Փնտրել» նշանակում է քննել և հասկանալ Աստծու մանրակրկիտ մտադրություններն այն մարդկանց, իրադարձությունների և բաների միջոցով, որոնք Նա ներդաշնակեցրել է, հասկանալ դրանցում եղած ճշմարտությունները, հասկանալ, թե ինչ պետք է անի մարդը և այն ճանապարհները, որոնց պետք է հետևի, և հասկանալ, թե ինչ արդյունքների է Աստված մտադիր հասնել մարդու մեջ և ինչ ձեռքբերումներ է մտադիր ունենալ նրա մեջ։ «Հնազանդվելը», իհարկե, վերաբերում է Աստծու ներդաշնակեցրած մարդկանց, իրադարձություններն ու բաներն ընդունելուն, Նրա գերիշխանությունն ընդունելուն և դրա միջոցով փորձառաբար ապրելուն, թե ինչպես է Արարիչը գերիշխանություն ունենում մարդու ճակատագրի նկատմամբ, ինչպես է մատակարարում մարդուն Իր կյանքով և ինչպես է ճշմարտությունը գործում մարդու ներսում։ Աստծու կարգավորումների և գերիշխանության ներքո գտնվող բոլոր բաները ենթարկվում են բնական օրենքներին, և եթե վճռես թույլ տալ, որ քեզ համար Աստված կարգավորի և գերիշխանություն ունենա ամեն բանի նկատմամբ, պետք է սովորես սպասել, պետք է սովորես փնտրել և պետք է սովորես հնազանդվել։ Սա այն վերաբերմունքն է, որը պետք է որդեգրի յուրաքանչյուր ոք, ով պատրաստակամ է հնազանդվելու Աստծու իշխանությանը, և դա նաև ամենահիմնական որակն է, որը պետք է ունենա յուրաքանչյուր ոք, ով պատրաստակամ է ընդունելու Աստծու գերիշխանությունն ու կարգավորումները։ Նման վերաբերմունք ունենալու, նման որակ ունենալու համար պետք է ավելի ջանասիրաբար աշխատեք։ Միայն այդ ժամանակ կարող եք մտնել ճշմարիտ իրականության մեջ։

Աստծուն որպես քո եզակի Իշխան ընդունելը փրկության հասնելու սկիզբն է

Աստծու իշխանության վերաբերյալ ճշմարտություններին յուրաքանչյուր մարդ պետք է լրջորեն վերաբերվի, պետք է փորձառաբար ապրի և հասկանա իր սրտով, քանի որ այս ճշմարտությունները վերաբերում են յուրաքանչյուր մարդու կյանքին. յուրաքանչյուր մարդու անցյալին, ներկային ու ապագային, շատ կարևոր վճռորոշ պահերին, որոնց միջով յուրաքանչյուր ոք կյանքում պետք է անցնի, Աստծու գերիշխանության նկատմամբ մարդու ճանաչողությանը և այն վերաբերմունքին, որով պետք է առերեսվի Աստծու իշխանությանը, և, բնականաբար, յուրաքանչյուր մարդու վերջնական հանգրվանին։ Ուստի դրանք ճանաչելու և հասկանալու համար մի ամբողջ կյանքի ուժ է պահանջվում։ Երբ ուղիղ առերեսվես Աստծու իշխանությանը, երբ ընդունես Նրա գերիշխանությունը, աստիճանաբար կսկսես գիտակցել և հասկանալ Աստծու իշխանության իրական գոյությունը։ Սակայն եթե երբեք չճանաչես Աստծու իշխանությունը և երբեք չընդունես Նրա գերիշխանությունը, ապա անկախ նրանից, թե քանի տարի կապրես, Աստծու գերիշխանության մասին նվազագույն գիտություն անգամ ձեռք չես բերի։ Եթե ճշմարտապես չճանաչես ու չհասկանաս Աստծու իշխանությունը, ապա երբ հասնես ճանապարհի ավարտին, նույնիսկ եթե տասնամյակներ շարունակ հավատացած լինես Աստծուն, կյանքիդ համար ցույց տալու ոչինչ չես ունենա և, բնականաբար, մարդկային ճակատագրի նկատմամբ Աստծու գերիշխանության մասին նվազագույն գիտություն անգամ չես ունենա։ Մի՞թե սա շատ տխուր բան չէ։ Ուստի անկախ նրանից, թե որքան հեռու ես քայլել կյանքում, անկախ նրանից, թե քանի տարեկան ես հիմա, անկախ նրանից, թե որքան երկար կարող է լինել ճամփորդությանդ մնացած մասը, նախ պետք է ճանաչես Աստծու իշխանությունն ու ուղիղ առերեսվես դրան և ընդունես այն փաստը, որ Աստված քո եզակի Իշխանն է։ Մարդկային ճակատագրի նկատմամբ Աստծու գերիշխանության վերաբերյալ այս ճշմարտությունների հստակ, ճշգրիտ գիտություն և հասկացողություն ձեռք բերելը պարտադիր դաս է յուրաքանչյուրի համար. դա մարդկային կյանքը ճանաչելու և ճշմարտությունը ձեռք բերելու բանալին է։ Այն նաև Աստծուն ճանաչելու կյանքն ու հիմնական դասն է, որին յուրաքանչյուր ոք պետք է առերեսվի ամեն օր, և որից ոչ ոք չի կարող խուսափել։ Եթե այս նպատակին հասնելու համար ցանկանում ես կարճ ճանապարհներով գնալ, ապա ասում եմ քեզ՝ դա անհնա՛ր է։ Եթե ուզում ես խուսափել Աստծու գերիշխանությունից, դա է՛լ ավելի անհնար է։ Աստված մարդու միակ Տերն է, Աստված մարդկային ճակատագրի միակ Իշխանն է, և ուստի մարդու համար անհնար է գերիշխանություն ունենալ իր իսկ ճակատագրի նկատմամբ, անհնար է նրա համար գերազանցել այն։ Անկախ նրանից, թե որքան մեծ են մարդու կարողությունները, նա չի կարող ազդել, առավել ևս՝ ներդաշնակեցնել, կարգավորել, վերահսկել կամ փոխել ուրիշների ճակատագրերը։ Միայն եզակի Աստված Ինքն է ի վիճակի գերիշխանություն ունենալու մարդու վերաբերյալ բոլոր բաների նկատմամբ։ Քանի որ միայն եզակի Աստված Ինքն ունի եզակի իշխանությունը, որ գերիշխանություն ունի մարդկային ճակատագրի նկատմամբ, մարդու եզակի Իշխանը միայն Արարիչն է։ Աստծու իշխանությունը գերիշխանություն ունի ոչ միայն արարված մարդկության նկատմամբ, այլև չարարված էակների նկատմամբ, որոնց ոչ մի մարդ չի կարող տեսնել, աստղերի նկատմամբ, տիեզերքի նկատմամբ։ Սա անվիճելի փաստ է, մի փաստ, որը ճշմարտապես գոյություն ունի, որը ոչ մի մարդ կամ բան չի կարող փոխել։ Եթե ձեզանից որևէ մեկը դեռևս դժգոհ է ստեղծված իրավիճակից՝ հավատալով, որ որոշակի ուժ կամ կարողություն ունի, և դեռևս բախտը փորձելու մտայնություն է տածում՝ ցանկանալով փոխել իր ներկա հանգամանքները կամ այլ կերպ խուսափել դրանցից, կամ փորձում է մարդկային ջանքերի միջոցով փոխել իր իսկ ճակատագիրը և դրանով իսկ առանձնանալ մյուսներից ու համբավ և շահ ձեռք բերել, ապա ասում եմ քեզ՝ բարդացնում ես ամեն ինչ քեզ համար, պարզապես փորձանք ես փնտրում, քո իսկ գերեզմանն ես փորում։ Վաղ թե ուշ կհայտնաբերես, որ սխալ ընտրություն ես կատարել, և ջանքերդ ապարդյուն են։ Ճակատագրի դեմ պայքարելու քո փառասիրական նկրտումն ու ցանկությունը և քո իսկ անվայել վարքագիծն անշուշտ կտանեն քեզ անվերադարձ ճանապարհով, և դրա համար դառը գին կվճարես։ Թեև ներկայումս չես տեսնում հետևանքների ծանրությունը, մարդկային ճակատագրի նկատմամբ Աստծու գերիշխանության ճշմարտությունն ավելի խորապես փորձառաբար ապրելուն զուգընթաց՝ աստիճանաբար կսկսես գիտակցել այն, ինչի մասին Ես խոսում եմ այսօր, և դրա իրական հետևանքները։ Արդյոք ճշմարտապես սիրտ ու հոգի ունես, և արդյոք ճշմարտությունը սիրող մարդ ես, կախված է նրանից, թե ինչպիսի վերաբերմունք ես դրսևորում Աստծու գերիշխանության և ճշմարտության հանդեպ։ Բնականաբար, սա որոշում է՝ արդյոք կարող ես ճշմարտապես ճանաչել և հասկանալ Աստծու իշխանությունը։ Եթե կյանքումդ երբեք չես զգացել Աստծու գերիշխանությունն ու Նրա կարգավորումները, առավել ևս՝ չես ճանաչել ու ընդունել Աստծու իշխանությունը, ապա լիովին դուրս կգրվես, և Աստված անկասկած արհամարհանքով կմերժի քեզ։ Սա մի բան է, որը որոշվում է քո բռնած ճանապարհով և քո կատարած ընտրությամբ։ Սակայն նրանք, ովքեր Աստծու գործում կարող են ընդունել Նրա փորձությունը, ընդունել Նրա գերիշխանությունը, հնազանդվել Նրա իշխանությանը և աստիճանաբար ձեռք բերել Նրա խոսքերի իրական փորձառություն, ձեռք են բերում Աստծու իշխանության իրական ճանաչողություն, Նրա գերիշխանության իրական գնահատում։ Նրանք ճշմարտապես հանձնվում են Արարչին։ Միայն նման մարդիկ են ճշմարտապես հասնում փրկության։ Քանի որ ճանաչում են Աստծու գերիշխանությունը, քանի որ ընդունում են այն, ճշգրիտ, իրական գնահատում և հնազանդություն ունեն այն փաստի հանդեպ, որ Աստված գերիշխանություն ունի մարդկային ճակատագրի նկատմամբ։ Երբ բախվեն մահվանը, Հոբի պես կունենան մահից չվախեցող միտք և կհնազանդվեն Աստծու ներդաշնակեցումներին ու կարգավորումներին ամեն ինչում՝ առանց անհատական ընտրության, առանց անհատական ցանկության։ Միայն նման մարդիկ կկարողանան վերադառնալ Արարչի կողքին որպես ճշմարիտ արարված մարդկային էակներ։

17 դեկտեմբերի, 2013 թ.

Նախորդը. Նախաբան

Հաջորդը. Աստված Ինքը՝ եզակին VI

Կարգավորումներ

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Կապվիր մեզ հետ WhatsApp-ով