Նախաբան
Ձեզանից յուրաքանչյուրը պետք է նորովի քննի Աստծուն հավատացողի իր ճանապարհը՝ տեսնելու համար, թե արդյոք Աստծուն հետևելու ընթացքում իսկապես հասկացել, իսկապես ըմբռնել և իսկապես ճանաչել է Աստծուն, արդյոք իսկապես գիտի, թե ինչ վերաբերմունք ունի Աստված տարբեր տեսակի մարդկանց նկատմամբ և արդյոք իսկապես հասկանում է այն գործը, որն Աստված կատարում է իր վրա, և թե ինչպես է Աստված բնորոշում իր յուրաքանչյուր արարքը։ Իրականում որքա՞ն ես հասկանում և ճանաչում այս Աստծուն, ով քո կողքին է, ընկերակցում է քեզ, ով առաջնորդում է քո առաջընթացի ուղղությունը, իշխանություն ունի քո ճակատագրի նկատմամբ և հոգում է քո կարիքները։ Արդյոք գիտե՞ս, թե Նա ամեն օր ինչ գործ է կատարում քեզ վրա։ Արդյոք գիտե՞ս Նրա յուրաքանչյուր արարքի սկզբունքներն ու նպատակները։ Արդյոք գիտե՞ս՝ ինչպես է Նա ուղղորդում քեզ։ Գիտե՞ս՝ ինչպես է մատակարարում քեզ։ Գիտե՞ս, թե ինչ մեթոդներով է առաջնորդում քեզ։ Գիտե՞ս՝ ինչ է ցանկանում ձեռք բերել քեզնից և ինչի է ցանկանում հասնել քո մեջ։ Արդյոք գիտե՞ս, թե Նա ինչ վերաբերմունք ունի քո տարբեր դրսևորումների հանդեպ։ Գիտե՞ս, որ դու այն մարդն ես, ում Նա սիրում է։ Գիտե՞ս Նրա ուրախության, զայրույթի, տխրության և երջանկության ծագումը, դրանց հետևում կանգնած մտքերն ու գաղափարները և Նրա էությունը։ Արդյոք գիտե՞ս, թե ճիշտ ինչպիսի Աստված է այս Աստված, ում հավատում ես։ Արդյոք այս և նմանատիպ այլ հարցերն այն բանե՞րն են, որոնք երբեք չես հասկացել կամ որոնց մասին երբեք չես մտածել։ Աստծուն հավատալու քո ընթացքում արդյոք Աստծու խոսքերի իրական ընկալման և փորձառության միջոցով փարատե՞լ ես Նրա մասին քո թյուրիմացությունները։ Աստծու կարգավարժանքն ու խրատումը ստանալուց հետո Աստծու հանդեպ ճշմարիտ հնազանդություն զարգացրե՞լ ես և ճշմարտապես հաշվի առե՞լ ես Աստծուն։ Աստծու հանդիմանության և դատաստանի մեջ ճանաչե՞լ ես մարդու ըմբոստությունն ու սատանայական բնությունը և դրանով իսկ որոշակի հասկացողություն ձեռք բերել Աստծու սրբության մասին։ Աստծու խոսքերի ուղղորդման և լուսավորության ներքո սկսե՞լ ես նոր հայացք ունենալ կյանքի նկատմամբ։ Քեզ ուղղված Աստծու փորձությունների մեջ զգացե՞լ ես վիրավորանքի հանդեպ Նրա անհանդուրժողականությունը և զգացել, թե Նա ինչ է պահանջում քեզնից, ինչպես նաև քո հանդեպ Նրա փրկությունը։ Եթե չգիտես, թե ինչ է Աստծու հանդեպ թյուրիմացությունը, կամ ինչպես փարատել այդ թյուրիմացությունը, ապա կարելի է ասել, որ երբեք ճշմարիտ հաղորդակցության մեջ չես մտել Աստծու հետ և երբեք չես հասկացել Աստծուն, կամ առնվազն կարելի է ասել, որ երբեք չես ցանկացել հասկանալ Նրան։ Եթե չգիտես, թե որոնք են Աստծու կարգավարժանքն ու խրատումը, ապա, անշուշտ, չգիտես, թե որոնք են հնազանդությունն ու հաշվի առնելը, կամ առնվազն երբեք ճշմարտապես չես հնազանդվել կամ հաշվի չես առել Աստծուն։ Եթե երբեք փորձառաբար չես ապրել Աստծու հանդիմանությունն ու դատաստանը, ապա անշուշտ չգիտես, թե ինչ է Նրա սրբությունը, և առավել ևս քեզ համար պարզ չէ, թե ինչ է մարդու ըմբոստությունը։ Եթե երբեք չես ունեցել ճշմարիտ, ճիշտ հայացք կյանքի նկատմամբ կամ ճիշտ նպատակ կյանքում, այլ դեռևս շփոթված և անվստահ ես կյանքում քո ապագա ուղու հարցում և նույնիսկ վարանում ես առաջ շարժվել, ապա հաստատ է, որ երբեք չես ստացել Աստծու լուսավորությունն ու ուղղորդումը. կարելի է նաև ասել, որ երբեք ճշմարտապես չես մատակարարվել կամ նորից լցվել Աստծու խոսքերով։ Եթե դեռ չես անցել Աստծու փորձությունների միջով, ապա ինքնին հասկանալի է, որ անշուշտ չգիտես, թե ինչ է վիրավորանքի հանդեպ Աստծու անհանդուրժողականությունը, ոչ էլ հասկանում ես, թե կոնկրետ ինչ է Աստված պահանջում քեզնից, առավել ևս չգիտես, թե կոնկրետ որն է մարդուն տնօրինելու և փրկելու Նրա գործը։ Անկախ նրանից, թե քանի տարի է մարդը հավատում Աստծուն, եթե նա երբեք չի ունեցել փորձառություն կամ չի ընկալել որևէ բան Աստծու խոսքերում, ապա նա հաստատապես ոտք չի դրել փրկության ուղու վրա, Աստծու հանդեպ նրա հավատը հաստատապես զուրկ է փաստացի բովանդակությունից, Աստծու մասին նրա ճանաչողությունը նույնպես հաստատապես զրո է, և ինքնին հասկանալի է, որ նա ընդհանրապես գաղափար չունի, թե ինչ է Աստծուց վախենալը։
Այն, ինչ Աստված ունի և է, Աստծու էությունը, Աստծու բնույթը՝ այս ամենն արտահայտվել է մարդկությանն ուղղված Նրա խոսքերում։ Երբ մարդը փորձառաբար ապրում է Աստծու խոսքերը, դրանք կիրարկելու ընթացքում կհասկանա Աստծու ասած խոսքերի հետևում եղած նպատակը, կհասկանա Աստծու խոսքերի աղբյուրն ու նախապատմությունը և կհասկանա ու կգնահատի Աստծու խոսքերի ակնկալվող արդյունքը։ Մարդու համար սրանք այն բոլոր բաներն են, որոնք նա պետք է փորձառաբար ապրի, ընկալի և որոնց պետք է հասնի՝ ճշմարտությունը և կյանքը ձեռք բերելու, Աստծու մտադրություններն ընկալելու, իր խառնվածքի մեջ փոխակերպվելու և Աստծու գերիշխանությանն ու կարգավորումներին հնազանդվել կարողանալու համար։ Միևնույն ժամանակ, երբ մարդը փորձառաբար ապրում, ընկալում և ձեռք է բերում այս բաները, աստիճանաբար հասկացողություն կունենա Աստծու մասին, ինչպես նաև Նրա մասին գիտելիքի տարբեր աստիճանների։ Այս հասկացողությունն ու գիտելիքը չեն ելնում մարդու երևակայած կամ հորինած որևէ բանից, այլ ավելի շուտ այն բանից, ինչ նա ինքն է գնահատում, փորձառաբար ապրում, զգում և հաստատում։ Միայն այս բաները գնահատելուց, փորձառաբար ապրելուց, զգալուց և հաստատելուց հետո է Աստծու մասին մարդու գիտելիքը բովանդակություն ստանում. միայն այն գիտելիքն է փաստացի, իրական և ճշգրիտ, որը մարդը ձեռք է բերում այդ ժամանակ, և այս գործընթացը՝ Նրա խոսքերը գնահատելու, փորձառաբար ապրելու, զգալու և հաստատելու միջոցով Աստծու մասին ճշմարիտ հասկացողության և գիտելիքի հասնելը, ոչ այլ ինչ է, քան ճշմարիտ հաղորդակցություն մարդու և Աստծու միջև։ Այսպիսի հաղորդակցության մեջ մարդը ճշմարտապես հասկանում և ըմբռնում է Աստծու մտադրությունները, ճշմարտապես հասկանում և ճանաչում է ինչ Աստված ունի և է, ճշմարտապես հասկանում և ճանաչում է Աստծու էությունը, աստիճանաբար հասկանում և ճանաչում է Աստծու բնույթը, հասնում է իրական համոզվածության և ճշգրիտ սահմանման բոլոր բաների նկատմամբ Աստծու գերիշխանության փաստի վերաբերյալ և էական կողմնորոշում ու ճանաչողություն է ձեռք բերում Աստծու ինքնության և կարգավիճակի վերաբերյալ։ Այսպիսի հաղորդակցության մեջ մարդն աստիճանաբար փոխում է Աստծու մասին իր գաղափարները՝ այլևս դատարկ տեղից Նրա մասին երևակայություններ չզարգացնելով, կամ իր սեփական կամքի հիման վրա Նրա հանդեպ կասկածամտություն չդրսևորելով, կամ Նրան սխալ չհասկանալով, կամ Նրան չդատապարտելով, կամ Նրան չդատելով, կամ Նրան չկասկածելով։ Հետևաբար, մարդն ավելի քիչ վեճեր է ունենում Աստծու հետ, ավելի քիչ դիմակայություն Աստծու հանդեպ և ավելի քիչ ըմբոստություն, մինչդեռ Աստծուն հաշվի առնելն ու Նրան հնազանդվելը մեծանում են, և Աստծու հանդեպ նրա երկյուղը դառնում է ավելի իրական և ավելի խոր։ Այսպիսի հաղորդակցության մեջ մարդը ոչ միայն ճշմարտության մատակարարումը և կյանքի մկրտությունն է ստանում, այլև Աստծու ճշմարիտ ճանաչողություն է ձեռք բերում։ Այսպիսի հաղորդակցության մեջ մարդը ոչ միայն փոխակերպվում է իր խառնվածքի մեջ և փրկություն ստանում, այլև ձեռք է բերում արարածի ճշմարիտ երկյուղն ու երկրպագությունն Աստծու հանդեպ։ Այսպիսի հաղորդակցություն ունենալուց հետո Աստծու հանդեպ մարդու հավատն այլևս դատարկ թուղթ չէ, կամ շուրթերով տրված խոստում, կամ կույր հետևելու և կուռք դարձնելու ձև. միայն այսպիսի հաղորդակցության դեպքում է մարդու կյանքն օրեցօր հասունանում, և միայն այսպիսի հաղորդակցության դեպքում է նրա խառնվածքն աստիճանաբար փոխակերպվում, և Աստծու հանդեպ նրա հավատը քայլ առ քայլ աղոտ հավատից վերածվում է ճշմարիտ հնազանդության և նկատառման, ճշմարիտ երկյուղի, և Աստծուն հետևելիս մարդը նաև աստիճանաբար պասիվից անցնում է ակտիվ դիրքի, բացասականից՝ դրականի. միայն այսպիսի հաղորդակցության դեպքում է մարդը հասնում Աստծու ճշմարիտ հասկացողության և ըմբռնման, Աստծու ճշմարիտ ճանաչողության։ Քանի որ մարդկանց ճնշող մեծամասնությունը երբեք ճշմարիտ հաղորդակցություն չի ունեցել Աստծու հետ, Աստծու մասին նրանց գիտելիքը կանգ է առնում տեսության մակարդակում, բառերի և վարդապետությունների մակարդակում։ Այսինքն՝ մարդկանց ճնշող մեծամասնությունը, անկախ նրանից, թե քանի տարի է հավատում Աստծուն, Աստծուն ճանաչելու հարցում դեռևս գտնվում է նույն տեղում, որտեղից սկսել է՝ մնալով ավանդական պաշտամունքի ձևերի հիմքի վրա՝ դրանց ուղեկցող ֆեոդալական սնահավատություններով և առասպելական երանգներով։ Այն, որ Աստծու մասին մարդու գիտելիքը կանգ է առել իր մեկնարկային կետում, նշանակում է, որ այն գործնականում գոյություն չունի։ Բացի Աստծու կարգավիճակի և ինքնության հաստատումից՝ Աստծու հանդեպ մարդու հավատը դեռևս աղոտության վիճակում է։ Քանի որ դա այդպես է, որքա՞ն ճշմարիտ երկյուղ կարող է մարդը զգալ Աստծու հանդեպ։
Որքան էլ հաստատակամորեն հավատաս Աստծու գոյությանը, դա չի կարող փոխարինել Աստծու մասին քո ճանաչողությանը, ոչ էլ Աստծու հանդեպ քո երկյուղին։ Որքան էլ վայելած լինես Նրա օրհնություններն ու Նրա շնորհը, դա չի կարող փոխարինել Աստծու մասին քո ճանաչողությանը։ Որքան էլ պատրաստակամ լինես նվիրելու քո ամեն ինչը և ամբողջությամբ ծախսվելու հանուն Նրա, դա չի կարող փոխարինել Աստծու մասին քո ճանաչողությանը։ Գուցե շատ ես ծանոթացել Աստծու ասած խոսքերին կամ նույնիսկ անգիր գիտես դրանք և կարող ես արագ ասել, բայց դա չի կարող փոխարինել Աստծու մասին քո ճանաչողությանը։ Որքան էլ հաստատակամ լինես Աստծուն հետևելու հարցում, եթե երբեք ճշմարիտ հաղորդակցություն չես ունեցել Աստծու հետ կամ ճշմարիտ փորձառություն չես ունեցել Աստծու խոսքերի վերաբերյալ, ապա Աստծու մասին քո ճանաչողությունը կլինի լոկ դատարկություն կամ անվերջ ցնորք. որքան էլ պատահաբար անցած լինես Աստծու կողքով կամ դեմ առ դեմ հանդիպած լինես Նրան, Աստծու մասին քո ճանաչողությունը դեռևս զրո կլինի, իսկ Աստծու հանդեպ քո երկյուղը՝ ոչ ավելին, քան դատարկ կարգախոս կամ ձգտում։
Շատ մարդիկ ամեն օր վերցնում և կարդում են Աստծու խոսքերը, նույնիսկ այն աստիճան, որ խնամքով անգիր են անում դրանցում եղած բոլոր էական հատվածները՝ որպես իրենց ամենաթանկ ունեցվածք, և ավելին՝ ամենուր քարոզում են Աստծու խոսքերը՝ Աստծու խոսքերով մատակարարելով և օգնելով ուրիշներին։ Կարծում են, թե դա անելը նշանակում է վկայել Աստծուն, վկայել Նրա խոսքերի մասին, թե դա անելը նշանակում է հետևել Աստծու ճանապարհին. նրանք կարծում են, թե դա անելը նշանակում է ապրել Աստծու խոսքերով, թե դա անելը նշանակում է Նրա խոսքերը բերել իրենց իրական կյանք, թե դա անելը հնարավորություն կտա իրենց ստանալու Աստծու հավանությունը, փրկվելու և կատարելագործվելու։ Բայց նույնիսկ երբ նրանք քարոզում են Աստծու խոսքերը, երբեք գործնականում չեն ենթարկվում Աստծու խոսքերին, կամ չեն փորձում իրենց համապատասխանեցնել այն ամենի հետ, ինչը մերկացվում է Աստծու խոսքերում։ Փոխարենն օգտագործում են Աստծու խոսքերը՝ խաբելով ուրիշներին, որպեսզի աստվածացնեն ու վստահեն իրենց, զբաղվում են սեփական ձեռնարկությամբ և խարդախությամբ ձեռք են բերում ու գողանում Աստծու փառքը։ Նրանք զուր հույս ունեն օգտագործելու Աստծու խոսքերը տարածելու միջոցով ընձեռված հնարավորությունը, որպեսզի ստանան Աստծու գործն ու Նրա հավանությունը։ Որքա՜ն տարիներ են անցել, բայց այս մարդիկ ոչ միայն անկարող են եղել վաստակել Աստծու հավանությունը «Աստծու խոսքերը քարոզելու» ընթացքում և ոչ միայն անկարող են եղել բացահայտել այն ճանապարհը, որին պետք է հետևեին «Աստծու խոսքերը վկայելու» ընթացքում և ոչ միայն չեն օգնել կամ մատակարարել իրենք իրենց «Աստծու խոսքերով ուրիշներին օգնելու և մատակարարելու» ընթացքում և ոչ միայն անկարող են եղել ճանաչել Աստծուն կամ իրենց մեջ զարգացնել ճշմարիտ երկյուղ Աստծու հանդեպ այս բոլոր բաներն անելու ընթացքում, այլ, ընդհակառակը, Աստծու մասին նրանց թյուրիմացություններն ավելի են խորանում, Նրա հանդեպ նրանց կասկածանքն ավելի է լրջանում, իսկ Նրա մասին նրանց երևակայություններն ավելի ու ավելի չափազանցված են դառնում։ Մատակարարվելով և ուղղորդվելով Աստծու խոսքերի մասին իրենց տեսություններով՝ նրանք թվում են լիովին իրենց տարերքի մեջ, կարծես անկաշկանդ կերպով գործադրում են իրենց հմտությունները, կարծես գտել են կյանքում իրենց նպատակը, իրենց առաքելությունը և կարծես նոր կյանք են շահել ու փրկվել են, կարծես, երբ Աստծու խոսքերը սահուն կերպով հնչում են իրենց շուրթերից, ձեռք են բերել ճշմարտությունը, ընկալել են Աստծու մտադրությունները և բացահայտել են Աստծուն ճանաչելու ուղին, կարծես Աստծու խոսքերը քարոզելու ընթացքում հաճախ դեմ առ դեմ հանդիպել են Աստծուն։ Նաև հաճախ «հուզվում են» մինչև արտասվելը և, հաճախ առաջնորդվելով Աստծու խոսքերում եղած «Աստծով», թվում է՝ անդադար ընկալում են Նրա մանրակրկիտ մտադրությունները և միևնույն ժամանակ ընկալել են մարդու հանդեպ Աստծու փրկությունն ու Նրա տնօրինումը, ճանաչել են Նրա էությունը և հասկացել են Նրա արդար բնույթը։ Այս հիմքի վրա նրանք կարծես էլ ավելի հաստատուն կերպով են հավատում Աստծու գոյությանը, ավելի շատ են տեղյակ Նրա պատվավորությանը և էլ ավելի խոր են զգում Նրա մեծությունն ու անդրանցականությունը։ Ընկղմված լինելով Աստծու խոսքերի մակերեսային ճանաչողության մեջ՝ կարող է թվալ, թե նրանց հավատն աճել է, տառապանք կրելու նրանց վճռականությունն ամրապնդվել է, իսկ Աստծու մասին նրանց ճանաչողությունը՝ խորացել։ Նրանք չգիտեն, որ մինչև իրականում փորձառաբար չապրեն Աստծու խոսքերը, Աստծու մասին նրանց ողջ ճանաչողությունն ու Նրա մասին նրանց գաղափարները բխում են իրենց իսկ ցանկալի երևակայություններից և ենթադրություններից։ Նրանց հավատը չէր դիմանա Աստծու կողմից որևէ ստուգման, նրանց այսպես կոչված հոգևորությունն ու հասակը պարզապես չէին դիմանա Աստծու փորձությանը կամ զննմանը, նրանց վճռականությունն ընդամենը ավազի վրա կառուցված ամրոց է, իսկ Աստծու մասին նրանց այսպես կոչված ճանաչողությունը՝ ոչ ավելի, քան իրենց երևակայության արգասիք։ Իրականում այս մարդիկ, որոնք, այսպես ասած, մեծ ջանքեր են գործադրել Աստծու խոսքերի մեջ, երբեք չեն գիտակցել, թե որն է իրական հավատը, որն է իրական հնազանդությունը, որն է իրական հաշվի առնելը կամ որն է Աստծու իրական ճանաչողությունը։ Նրանք վերցնում են տեսությունները, երևակայությունները, գիտելիքը, շնորհները, ավանդույթները, սնահավատությունները և նույնիսկ մարդկության բարոյական արժեքները և դրանք դարձնում են «կապիտալ» ու «զենք»՝ Աստծուն հավատալու և Նրան հետևելու համար, նույնիսկ դրանք դարձնելով Աստծուն հավատալու և Նրան հետևելու իրենց հիմքերը։ Միևնույն ժամանակ նաև վերցնում են այս կապիտալն ու զենքը և դրանք դարձնում կախարդական թալիսմաններ՝ Աստծուն ճանաչելու, ինչպես նաև Աստծու զննումներին, փորձություններին, հանդիմանությանն ու դատաստանին դեմ առ դեմ կանգնելու և դրանց հետ գործ ունենալու համար։ Ի վերջո այն, ինչ հավաքում են, դեռևս բաղկացած է միայն Աստծու մասին եզրահանգումներից, որոնք տոգորված են կրոնական ենթատեքստով, ֆեոդալական սնահավատությամբ և այն ամենով, ինչն առասպելական է, անհեթեթ և առեղծվածային։ Աստծուն ճանաչելու և բնորոշելու նրանց ձևը կերտված է նույն կաղապարով, ինչ այն մարդկանցը, որոնք հավատում են միայն Վերևի Երկնքին կամ Երկնքում եղող Ծերունուն, մինչդեռ Աստծու գործնականությունը, Նրա էությունը, Նրա բնույթը, ինչ Նա ունի և է, և այլն՝ այն ամենը, ինչ վերաբերում է Իրեն՝ իրական Աստծուն, բաներ են, որոնք նրանց ճանաչողությունը չի կարողացել ընկալել, որոնցից նրանց ճանաչողությունը լիովին բաժանված է, և նույնիսկ այնքան հեռու է, որքան հյուսիսային և հարավային բևեռները։ Այսկերպ, թեև այս մարդիկ ապրում են Աստծու խոսքերի «մատակարարման և սնուցման» ներքո, այնուամենայնիվ, ի վիճակի չեն ճշմարտապես ոտք դնելու Աստծուց վախենալու և չարից խուսափելու ճանապարհի վրա։ Դրա իրական պատճառն այն է, որ երբեք չեն ծանոթացել Աստծու հետ, ոչ էլ երբևէ Նրա հետ ճշմարիտ շփում կամ հաղորդակցություն են ունեցել, ուստի նրանց համար անհնար է հասնել Աստծու հետ փոխադարձ հասկացողության, կամ իրենց մեջ զարգացնել ճշմարիտ հավատ, հետևում կամ երկրպագություն Աստծուն։ Այն, որ նրանք այսպես են վերաբերվում Աստծու խոսքերին, այն, որ այսպես են վերաբերվում Աստծուն՝ այս տեսակետն ու վերաբերմունքը դատապարտել են նրանց դատարկաձեռն վերադառնալու իրենց ջանքերից, դատապարտել են նրանց երբեք ի վիճակի չլինելու ոտք դնել Աստծուց վախենալու և չարից խուսափելու ճանապարհի վրա։ Նրանց ձգտման նպատակն ու ուղղությունը նշանակում են, որ նրանք Աստծու թշնամիներն են հավիտյան, և որ երբեք ի վիճակի չեն լինի փրկություն ստանալու։
Եթե այն մարդու դեպքում, որը երկար տարիներ հետևել է Աստծուն և երկար տարիներ վայելել Նրա խոսքերի մատակարարումը, Աստծու վերաբերյալ նրա սահմանումն ըստ էության նույնն է, ինչ կուռքեր պաշտող և դրանց երկրպագող մարդունը, դա կնշանակի՝ այս մարդը չի հասել Աստծու խոսքերի իրականությանը։ Պատճառն այն է, որ նա պարզապես մուտք չի գործել Աստծու խոսքերի իրականության մեջ, և այդ իսկ պատճառով իրականությունը, ճշմարտությունը, Աստծու մտադրությունները և մարդկության հանդեպ Աստծու պահանջները, որոնք բոլորը ներհատուկ են Աստծու խոսքերին, բացարձակապես ոչ մի կապ չունեն այդ մարդու հետ։ Այսինքն՝ որքան էլ նման մարդն աշխատի Աստծու խոսքերի մակերեսային իմաստի վրա, ամեն ինչ ապարդյուն է։ Քանի որ այն, ինչին նա ձգտում է, լոկ բառեր են, այն, ինչ նա կստանա, նույնպես անխուսափելիորեն լոկ բառեր կլինեն։ Անկախ նրանից՝ Աստծու ասած խոսքերն արտաքուստ պարզ են, թե խոր, դրանք բոլորը ճշմարտություններ են, որոնք անփոխարինելի են մարդու կյանքի մուտքի համար։ Դրանք կենդանի ջրերի աղբյուրն են, որը մարդուն հնարավորություն է տալիս ողջ մնալու և՛ հոգով, և՛ մսեղիով։ Դրանք մատակարարում են այն, ինչ մարդուն անհրաժեշտ է ողջ մնալու համար՝ նրա առօրյա կյանքում անձնական վարքի կանոններն ու դավանանքը. այն ուղին, որով պետք է գնա դեպի փրկություն, ինչպես նաև փրկության հասնելու նպատակներն ու ուղղությունը, յուրաքանչյուր ճշմարտություն, որը որպես արարած պետք է ունենա Աստծու առջև. և յուրաքանչյուր ճշմարտություն այն մասին, թե մարդն ինչպես պետք է հնազանդվի և երկրպագի Աստծուն։ Դրանք այն երաշխիքն են, որն ապահովում է մարդու ողջ մնալը, դրանք մարդու հանապազօրյա հացն են, և դրանք նաև այն ամուր հենարանն են, որը հնարավորություն է տալիս մարդուն ուժեղ լինելու և հաստատուն կանգնելու։ Դրանք հարուստ են ճշմարտության իրականությամբ, որով արարված մարդկությունը կյանքով արտահայտում է բնականոն մարդկայնություն, հարուստ են այն ճշմարտությամբ, որով մարդկությունն ազատվում է ապականությունից և դուրս գալիս Սատանայի որոգայթից, հարուստ են այն անկեղծ ու համբերատար ուսուցմամբ, հորդորով, քաջալերանքով և մխիթարությամբ, որն Արարիչը տալիս է արարված մարդկությանը։ Դրանք այն փարոսն են, որն ուղղորդում և լուսավորություն է բերում մարդկանց՝ հասկանալու բոլոր դրական բաները, այն երաշխիքը, որն ապահովում է, որ մարդիկ կյանքով կարտահայտեն և ձեռք կբերեն այն ամենը, ինչն արդար է, գեղեցիկ և բարի, այն չափանիշը, որով չափվում են բոլոր մարդիկ, իրադարձություններն ու բաները, ինչպես նաև այն ուղենիշը, որը մարդկանց առաջնորդում է դեպի փրկություն և լույսի ճանապարհ։ Միայն Աստծու խոսքերի գործնական փորձառության մեջ մարդը կարող է մատակարարվել ճշմարտությամբ և կյանքով։ Միայն այստեղ կարող է հասկանալ, թե որն է բնականոն մարդկայնությունը, որն է իմաստալից կյանքը, որն է իսկական արարածը, որն է իրական հնազանդությունն Աստծուն. միայն այստեղ մարդը կարող է հասկանալ, թե ինչպես պետք է հաշվի առնի Աստծուն, ինչպես կատարի արարածի պարտավորությունը և ինչպես ունենա իսկական մարդու նմանություն. միայն այստեղ կարող է հասկանալ, թե ինչ է նշանակում ճշմարիտ հավատ և ճշմարիտ երկրպագություն. միայն այստեղ կարող է հասկանալ, թե ով է երկինքների ու երկրի և բոլոր բաների Իշխանը. միայն այստեղ կարող է հասկանալ այն միջոցները, որոնցով Նա, ով բոլոր բաների Իշխանն է, կառավարում, առաջնորդում և մատակարարում է բոլոր բաները. և միայն այստեղ կարող է հասկանալ և ընկալել այն միջոցները, որոնցով Նա, ով բոլոր բաների Իշխանն է, գոյություն ունի, հայտնվում է և գործում։ Եթե մարդը զուրկ լիներ Աստծու խոսքերի իրական փորձառությունից, Աստծու խոսքերի և ճշմարտության իրական ճանաչողություն կամ ներըմբռնում չէր ունենա։ Նման մարդը կլիներ կատարյալ կենդանի դիակ, կատարյալ դատարկ պատյան, և Արարչին վերաբերող ողջ գիտելիքը բացարձակապես ոչ մի կապ չէր ունենա նրա հետ։ Աստծու աչքերում նման մարդը երբեք չի հավատացել Իրեն, ոչ էլ երբևէ հետևել է Իրեն, ուստի Աստված նրան չի ճանաչում ո՛չ որպես Իր հավատացյալի, ո՛չ որպես Իր հետևորդի, առավել ևս՝ որպես իսկական արարածի։
Իսկական արարածը պետք է իմանա, թե ով է Արարիչը, ինչի համար է մարդու արարումը, ինչպես իրականացնել արարածի պարտականությունները և ինչպես երկրպագել Արարչին, պետք է հասկանա, ըմբռնի, ճանաչի և հաշվի առնի Արարչի մտադրությունները, ցանկություններն ու պահանջները, և պետք է հետևի Արարչի ճանապարհին՝ վախենա Աստծուց և խուսափի չարից։
Ի՞նչ է Աստծուց վախենալը։ Եվ ինչպե՞ս կարելի է խուսափել չարից։
«Աստծուց վախենալը» չի նշանակում անբացատրելի սարսափ և վախ, ոչ էլ խուսափում, ոչ էլ հեռավորության պահպանում, ոչ էլ աստվածացում, ոչ էլ սնահավատություն։ Ավելի շուտ, այն նշանակում է հիացմունք, ակնածանք, վստահություն, ըմբռնում, հաշվի առնել, հնազանդություն, նվիրում, սեր, ինչպես նաև անվերապահ և անտրտունջ երկրպագություն, հատուցում և անձնատուր լինել։ Առանց Աստծու ճշմարիտ ճանաչողության՝ մարդիկ չեն ունենա ճշմարիտ հիացմունք, ճշմարիտ վստահություն, ճշմարիտ ըմբռնում, ճշմարիտ հաշվի առնել կամ հնազանդություն, այլ միայն սարսափ և անհանգստություն, միայն կասկած, թյուրիմացություն, խուսափում և հեռավորության պահպանում. առանց Աստծու ճշմարիտ ճանաչողության՝ մարդիկ չեն ունենա ճշմարիտ նվիրում և հատուցում. առանց Աստծու ճշմարիտ ճանաչողության՝ մարդիկ չեն ունենա ճշմարիտ երկրպագություն և անձնատուր լինել, այլ միայն կույր աստվածացում և սնահավատություն. առանց Աստծու ճշմարիտ ճանաչողության՝ հնարավոր չէ, որ մարդիկ հետևեն Աստծու ճանապարհին կամ վախենան Աստծուց կամ խուսափեն չարից։ Հակառակը, յուրաքանչյուր գործունեություն և վարքագիծ, որով մարդիկ զբաղվում են, լի կլինի Աստծու դեմ ըմբոստությամբ և դիմակայությամբ, Նրա մասին զրպարտություններով և դատողություններով և չար գործերով, որոնք հակասում են ճշմարտությանը և Աստծու խոսքերի ճշմարիտ իմաստին։
Երբ մարդիկ իրական վստահություն ունենան Աստծու հանդեպ, իսկապես կհետևեն Նրան և կապավինեն Նրան։ Միայն Աստծու հանդեպ իրական վստահությամբ մարդիկ կարող են ճշմարտապես հասկանալ և ըմբռնել Նրան. Աստծու ճշմարիտ ըմբռնման հետ գալիս է Նրան ճշմարտապես հաշվի առնելը. միայն Աստծուն ճշմարտապես հաշվի առնելով՝ մարդիկ կարող են ճշմարիտ հնազանդություն ունենալ. միայն Աստծուն ճշմարտապես հնազանդվելով՝ մարդիկ կարող են ճշմարիտ նվիրում ունենալ. միայն Աստծուն ճշմարտապես նվիրվելով՝ մարդիկ կարող են անվերապահորեն և անտրտունջ կերպով հատուցում ունենալ. միայն ճշմարիտ վստահության, ճշմարիտ ըմբռնման և հաշվի առնելու, ճշմարիտ հնազանդության, ճշմարիտ նվիրման և հատուցման դեպքում կարող են ճշմարտապես ճանաչել Աստծու բնույթն ու էությունը և Արարչի ինքնությունը։ Միայն երբ ճշմարտապես ճանաչեն Արարչին, նրանց մեջ կարող են առաջանալ ճշմարիտ երկրպագություն և անձնատուր լինելը։ Միայն երբ ունենան իրական երկրպագություն և անձնատուր լինեն Արարչին, կկարողանան ճշմարտապես ազատվել չար գործերից, այսինքն՝ խուսափել չարից։
Սա կազմում է «Աստծուց վախենալու և չարից խուսափելու» ողջ գործընթացը և նաև Աստծուց վախենալու և չարից խուսափելու ողջ բովանդակությունն է։ Սա այն ճանապարհն է, որով պետք է անցնել՝ Աստծուց վախենալուն և չարից խուսափելուն հասնելու համար։
«Աստծուց վախենալն ու չարից խուսափելը» և Աստծուն ճանաչելն անքակտելիորեն կապված են բյուրավոր թելերով, և դրանց միջև կապն ինքնին հասկանալի է։ Եթե ցանկանում ես հասնել չարից խուսափելուն, նախ պետք է իրական երկյուղ ունենաս Աստծու հանդեպ. եթե ցանկանում ես հասնել Աստծու հանդեպ իրական երկյուղի, նախ պետք է Աստծու իրական ճանաչողություն ունենաս. եթե ցանկանում ես հասնել Աստծու ճանաչողությանը, նախ պետք է փորձառաբար ապրես Աստծու խոսքերը, մտնես Աստծու խոսքերի իրականության մեջ, փորձառաբար ապրես Աստծու խրատումն ու կարգավարժանքը, Նրա հանդիմանությունն ու դատաստանը։ Եթե ցանկանում ես փորձառաբար ապրել Աստծու խոսքերը, նախ պետք է դեմ առ դեմ կանգնես Աստծու խոսքերին, դեմ առ դեմ կանգնես Աստծուն և խնդրես Աստծուն դասավորել մարդկանց, իրադարձությունները և բաները, ինչպես նաև ամեն տեսակ միջավայրեր, որպեսզի հնարավորություններ ունենաս փորձառաբար ապրելու Նրա խոսքերը։ Եթե ցանկանում ես դեմ առ դեմ կանգնել Աստծուն և Աստծու խոսքերին, նախ պետք է պարզ ու ազնիվ սիրտ ունենաս, ճշմարտությունն ընդունելու վերաբերմունք, տառապանք կրելու վճռականություն, չարից խուսափելու վճռականություն և քաջություն և իսկական արարած դառնալու ցանկություն... Այսկերպ քայլ առ քայլ առաջ գնալով՝ էլ ավելի կմոտենաս Աստծուն, քո սիրտը էլ ավելի մաքուր կդառնա, և քո կյանքն ու ողջ լինելու արժեքը, երբ ճանաչես Աստծուն, կդառնան էլ ավելի իմաստալից և էլ ավելի պայծառ կշողան։ Մինչև մի օր կզգաս, որ Արարիչն այլևս հանելուկ չէ, որ Արարիչը երբեք չի թաքնվել քեզնից, որ Արարիչը երբեք Իր դեմքը չի թաքցրել քեզնից, որ Արարիչը հեռու չէ քեզնից, որ Արարիչն այլևս Նա չէ, ում կարող ես միայն տենչալ գիշեր ու ցերեկ, բայց չընկալել քո զգայարաններով, որ Նա իրականում և ճշմարտապես կանգնած է քո կողքին՝ պահպանելով քեզ, և որ Նա մատակարարում է քո կյանքը և վերահսկում քո ճակատագիրը։ Կզգաս, որ Նա հեռավոր հորիզոնում չէ, ոչ էլ թաքնվել է բարձր ամպերի մեջ, որ Նա հենց քո կողքին է՝ իշխանություն ունենալով քո ամեն ինչի նկատմամբ, և որ Նա քո ամեն ինչն է և քո միակը։ Այսպիսի Աստված քեզ թույլ է տալիս սրտանց սիրել և պաշտել Իրեն, կապվածություն զգալ Իր հանդեպ, մոտ լինել Իրեն, հիանալ Իրենով, վախենալ Իրեն կորցնելուց և այլևս չցանկանալ լքել Իրեն, այլևս չըմբոստանալ Իր դեմ կամ այլևս չխուսափել Իրենից կամ հեռավորություն պահպանել Իրենից։ Այն ամենը, ինչ ուզում ես, Նրան հաշվի առնելն է, դու միայն ցանկանում ես հնազանդվել Նրան, հատուցել այն ամենը, ինչ Նա տալիս է քեզ և անձնատուր լինել Նրա տիրակալությանը։ Այլևս չես հրաժարվում Նրա կողմից ուղղորդվելուց, մատակարարվելուց, հսկվելուց և պաշտպանվելուց, այլևս չես դիմադրում քեզ վերաբերող Նրա գերիշխանությանն ու կարգավորումներին։ Միայն ցանկանում ես հետևել Նրան, ուղեկցել Նրան։ Միայն ցանկանում ես ընդունել Նրան որպես քո միակ կյանքի, ընդունել Նրան որպես քո միակ Տիրոջ, քո միակ Աստծու։
2014 թ. օգոստոսի 18