Գլուխ 98
Ամեն բան կպատահի ձեզնից յուրաքանչյուրին, և դա թույլ կտա ձեզ ավելի շատ ճանաչել Ինձ և ավելի վստահ լինել Իմ հանդեպ։ Դա թույլ կտա ձեզ ճանաչել Ինձ՝ միակ Աստծուն, ճանաչել Ինձ՝ Ամենակարողին, ճանաչել Ինձ՝ Ինքն՝ մարմնացած Աստծուն։ Դրանից հետո դուրս կգամ մսեղիից, կվերադառնամ Սիոն՝ Քանանի բարեբեր երկիրը, որն Իմ բնակավայրն է և Իմ նշանակության վայրը՝ այն հենակետը, որտեղ ստեղծեցի բոլոր բաները։ Հիմա ձեզնից ոչ ոք չի հասկանում այն խոսքերի իմաստը, որոնք ասում եմ․ ձեր մեջ չկա մի մարդ, ով կարող է հասկանալ այս խոսքերի իմաստը։ Միայն երբ ամեն բան բացահայտվի ձեզ, կհասկանաք, թե ինչու եմ ասում այս խոսքերը։ Ես աշխարհից չեմ, առավել ևս տիեզերքից չեմ, որովհետև Ինքը՝ միակ Աստվածն եմ։ Իմ ձեռքում եմ պահում ողջ տիեզերական աշխարհը, Ես Ինքս եմ ղեկավարում այն, և մարդիկ կարող են միայն հնազանդվել Իմ իշխանությանը, արտասանել Իմ սուրբ անունը, ցնծալ Ինձ համար և գովաբանել Ինձ։ Ամեն բան աստիճանաբար կբացահայտվի ձեզ։ Թեև ոչինչ թաքնված չէ, դուք դեռ չեք կարողանում ըմբռնել Իմ խոսելու եղանակը կամ Իմ խոսքերի տոնը։ Դեռ չեք հասկանում, թե իրականում ինչի մասին է Իմ տնօրինման ծրագիրը։ Ուստի, հետագայում կասեմ ձեզ այն ամենի մասին, ինչ չեք հասկանում Իմ ասածների մեջ, որովհետև Ինձ համար ամեն ինչ պարզ է ու հստակ, մինչդեռ ձեզ համար դա չափազանց դժվար է, և դուք դա ուղղակի բացարձակապես չեք հասկանում։ Դրա համար կփոխեմ Իմ խոսելու ձևը և խոսելիս այլևս բաներն իրար չեմ միահյուսի, այլ մեկ առ մեկ կպարզաբանեմ յուրաքանչյուր կետը։
Ի՞նչ է նշանակում մեռելներից հարություն առնել։ Արդյո՞ք դա նշանակում է մեռնել մսեղիում և ապա մահից հետո վերադառնալ մարմնի մեջ։ Սա՞ է նշանակում մեռելներից հարություն առնել։ Մի՞թե դա այդքան պարզ է։ Ես Ամենակարող Աստվածն եմ՝ ի՞նչ գիտես այս մասին։ Ինչպե՞ս ես դա ըմբռնում։ Մի՞թե Իմ առաջին մարմնացման ժամանակ մեռելներից Իմ հարություն առնելն իսկապես կարող էր բառացիորեն ընկալվել։ Արդյո՞ք գործընթացն իսկապես այնպիսին էր, ինչպես նկարագրված էր այդ գրվածքներում։ Ասել եմ, որ եթե պարզորեն չխոսեմ և մարդկանց հստակ չասեմ, ապա Իմ խոսքերի իմաստը ոչ ոք չի կարողանա հասկանալ։ Բոլոր դարերում և սերունդներում չի եղել և ոչ մի մարդ, ով չմտածեր, թե մեռելներից Իմ հարություն առնելն այդպիսին էր։ Աշխարհի արարման ժամանակներից ի վեր ոչ ոք չի հասկացել դրա իրական իմաստը։ Մի՞թե Ես իսկապես գամվեցի խաչին։ Եվ մահից հետո դուրս եկա՞ գերեզմանից։ Իսկապե՞ս այդպես եղավ։ Մի՞թե սա իրոք կարող է ճշմարիտ լինել։ Բոլոր դարերում և սերունդներում ոչ ոք ջանք չի գործադրել այս ուղղությամբ, ոչ ոք չի ճանաչել Ինձ սրա միջից, և չկա մի մարդ, ով չի հավատում դրան՝ բոլորը կարծում են, թե դա ճշմարիտ է։ Նրանք չգիտեն, որ Իմ յուրաքանչյուր խոսք ներքին իմաստ ունի։ Ուրեմն ի՞նչ է իրականում մեռելներից հարություն առնելը։ (Մոտ ապագայում փորձառաբար կապրեք սա, ուստի նախապես ասում եմ ձեզ դրա մասին։) Ոչ մի արարած հոժար չէ մեռնել՝ նրանք բոլորն ուզում են ապրել։ Իմ տեսանկյունից՝ մսեղիի մահն իրական մահ չէ։ Երբ Իմ Հոգին ետ է վերցվում մարդուց, այդ մարդը մեռնում է։ Հետևաբար, Ես մեռելներ եմ կոչում Սատանայի կողմից ապականված բոլոր այդ դևերին (այդ չհավատացողներին, բոլոր անհավատներին)։ Աշխարհի արարման ժամանակներից ի վեր Իմ Հոգին դրել եմ բոլոր նրանց վրա, ում ընտրել էի։ Սակայն արարման ժամանակին հաջորդած փուլից հետո մարդիկ որոշ ժամանակով գրավվեցին Սատանայի կողմից։ Ուստի հեռացա, և մարդիկ սկսեցին տառապել (այն տառապանքը, որը կրեցի, երբ մարմնացա և գամվեցի խաչին, ինչպես ասվել է)։ Սակայն Իմ կողմից նախասահմանված ժամանակին (այն ժամանակ, երբ մարդկանց Իմ լքելն ավարտվեց), ետ վերցրի այն մարդկանց, ում նախասահմանել էի, և Իմ Հոգին կրկին դրեցի ձեր մեջ, որպեսզի վերադառնաք կյանքի։ Սա կոչվում է «մեռելներից հարություն առնել»։ Հիմա նրանք, ովքեր իսկապես ապրում են Իմ Հոգու մեջ, բոլորն արդեն իսկ վեր են կանգնած, և նրանք բոլորն էլ ապրում են մարմնի մեջ։ Սակայն շուտով բոլորդ կազատվեք ձեր մտածողությունից, ձեր պատկերացումներից և երկրային բոլոր խճճվածություններից։ Բայց դա, ինչպես պատկերացնում են մարդիկ, տառապանքից հետո մեռելներից հարություն առնելը չէ։ Այն, որ հիմա ապրում եք, մարմնի մեջ ապրելու նախապայմանն է՝ դա հոգևոր ոլորտ մտնելու անհրաժեշտ ուղին է։ Բնականոն մարդկայնությունից վեր կանգնելը, որի մասին խոսում եմ, նշանակում է չունենալ ընտանիք, չունենալ կին, երեխաներ և չունենալ մարդկային կարիքներ։ Դա բացառապես Իմ պատկերը կյանքով արտահայտելու վրա կենտրոնանալն է, բացառապես Իմ մեջ մտնելու վրա կենտրոնանալը և Ինձնից դուրս այլ բաների մասին չմտածելը՝ ուր էլ գնաս, քո տունն է։ Սա է բնականոն մարդկայնությունից վեր կանգնելը։ Լիովին սխալ եք հասկացել Իմ այս խոսքերը՝ ձեր հասկացողությունը չափազանց մակերեսային է։ Իրականում ինչպե՞ս կհայտնվեմ բյուրավոր ազգերին ու մարդկանց։ Այսօրվա մսեղիո՞ւմ։ Ո՛չ։ Երբ ժամանակը գա, Իմ մարմնով կհայտնվեմ տիեզերքի յուրաքանչյուր ազգի մեջ։ Այն ժամանակը, երբ օտարերկրացիները կարիք կունենան, որ հովվեք իրենց, դեռ չի հասել։ Այդ ժամանակ նրանց հովվելու համար պետք է դուրս գաք մսեղիից և մտնեք մարմնի մեջ։ Սա է ճշմարտությունը, բայց դա այն «մեռելներից հարություն առնելը» չէ, որը մարդիկ պատկերացնում են։ Նշանակված ժամանակին աննկատ կերպով դուրս կգաք մսեղիից և կմտնեք հոգևոր ոլորտ ու Ինձ հետ կկառավարեք բյուրավոր ազգերին։ Դեռ ժամանակը չէ։ Երբ կարիք ունենամ, որ լինեք մսեղիում, կլինեք մսեղիում (Իմ գործի պահանջների համաձայն՝ հիմա պետք է մտածողություն ունենաք և դեռ պետք է ապրեք մսեղիում, ուստի դեռ պետք է անեք այն բաները, որոնք պետք է անեք մսեղիում՝ Իմ քայլերի համաձայն՝ պասիվորեն մի՛ սպասեք, քանի որ դա կհանգեցնի հապաղումների։) Երբ կարիք ունենամ, որ մարմնում հովվեք եկեղեցին, դուրս կգաք մսեղիից, կազատվեք ձեր մտածողությունից և ապրելու համար ամբողջովին կապավինեք Ինձ։ Հավատացե՛ք Իմ մեծ զորությանը և Իմ իմաստությանը։ Ամեն բան կարվի անձամբ Իմ կողմից։ Միայն պետք է սպասեք և վայելեք։ Բոլոր օրհնությունները կգան ձեզ վրա, և կունենաք անսպառ ու անվերջանալի պաշար։ Երբ այդ օրը գա, կհասկանաք այն սկզբունքը, թե ինչպես եմ անում սա, կիմանաք Իմ հրաշալի գործերը և կհասկանաք, թե ինչպես եմ Իմ անդրանիկ որդիներին ետ բերում Սիոն։ Սա իսկապես այնքան բարդ չէ, որքան պատկերացնում եք, բայց նաև այնքան պարզ չէ, որքան մտածում եք։
Գիտեմ, որ երբ ասում եմ սա, էլ ավելի անկարող եք դառնում ըմբռնելու Իմ խոսքերի նպատակը և էլ ավելի եք շփոթվում։ Կխառնեք դրանք Իմ նախկինում ասածների հետ, այնպես որ ոչինչ չեք կարողանա հասկանալ, և կթվա, թե ելք չկա։ Սակայն մի՛ անհանգստացեք։ Ես կասեմ ձեզ ամեն ինչ։ Այն ամենը, ինչ ասում եմ, իմաստ ունի։ Ասել եմ, որ կարող եմ գոյություն ունեցող բաները վերածել ոչնչի և կարող եմ ոչնչից բազմաթիվ բաներ ստեղծել։ Մարդկային երևակայության մեջ մսեղիից մարմնի մեջ մտնելու համար պետք է մեռելներից հարություն առնել։ Անցյալում օգտագործեցի այս մեթոդը և դրսևորեցի Իմ մեծագույն նշանը, բայց այսօրն անցյալի նման չէ։ Ձեզ մսեղիից ուղղակիորեն կտանեմ մարմնի մեջ։ Մի՞թե սա էլ ավելի մեծ նշան և հրաշք չէ։ Մի՞թե սա Իմ Ամենակարողության ավելի մեծ դրսևորումը չէ։ Ունեմ Իմ ծրագիրը, և ունեմ Իմ նախագծերը։ Ո՞վ Իմ ձեռքերում չէ։ Ես գիտեմ այն գործը, որն անում եմ։ Իմ աշխատելու մեթոդներն այսօր, ի վերջո, տարբերվում են անցյալից։ Ես հարմարեցնում եմ Իմ աշխատելու մեթոդները՝ համաձայն դարաշրջանների փոփոխության։ Երբ գամվեցի խաչին, դա Շնորհքի դարաշրջանն էր, բայց հիմա վերջին դարաշրջանն է։ Իմ գործի տեմպն արագանում է՝ այն չի ընթանում նույն արագությամբ, ինչպես անցյալում, և առավել ևս ավելի դանդաղ չէ, քան անցյալում էր։ Ավելի շուտ՝ այն ընթանում է շատ ավելի արագ, քան անցյալում։ Պարզապես այն նկարագրելու ոչ մի ձև չկա, և այսքան շատ բարդ գործընթացների կարիք չկա։ Ինձ հետ ամեն ինչ ազատ է։ Մի՞թե ճշմարիտ չէ, որ Ինձնից պահանջվում է իշխանության ընդամենը մեկ խոսք՝ որոշելու համար, թե ինչպես պետք է կատարվի Իմ կամքը, և ինչպես Ես ձեզ կատարյալ կդարձնեմ։ Այն ամենը, ինչ ասում եմ, անշուշտ կկատարվի։ Անցյալում հաճախ ասում էի, որ կտառապեմ, և թույլ չէի տալիս մարդկանց հիշատակել այն տառապանքը, որը կրել էի նախկինում՝ սա հիշատակելը հայհոյանք էր Իմ հանդեպ։ Սա այն պատճառով է, որ Ես Ինքը՝ Աստվածն եմ, և Ինձ համար ոչ մի դժվարություն չկա՝ երբ հիշատակում ես այս դժվարությունը, ստիպում ես մարդկանց լաց լինել։ Ասել եմ, որ ապագայում չեն լինի հառաչանքներ և չեն լինի արցունքներ։ Սա պետք է բացատրվի այս տեսանկյունից, և այն ժամանակ Իմ խոսքերի իմաստը կարող է հասկացվել։ «Մարդիկ պարզապես չեն կարող դիմանալ այս տառապանքին» արտահայտության իմաստն այն է, որ կարող եմ կտրվել մարդկային բոլոր պատկերացումներից և մտածողությունից, կտրվել մսեղավոր զգացմունքներից, կտրվել աշխարհիկ լինելու բոլոր հետքերից և դուրս գալ մսեղիից, և որ կարող եմ կանգնած մնալ, երբ բոլորը հերքում են Ինձ։ Սա բավական է ապացուցելու համար, որ Ես Ինքը՝ միակ Աստվածն եմ։ Ասել եմ. «Մսեղիից հոգևոր ոլորտ մտնելը՝ սա այն ուղին է, որով յուրաքանչյուր անդրանիկ որդի պետք է անցնի՝ Ինձ հետ որպես թագավորներ իշխանություն բանեցնելու համար»։ Այս նախադասության իմաստն այն է, որ երբ բախվեք այն բանին, որն անցյալում պատկերացրել եք, ձեզ կստիպեն պաշտոնապես դուրս գալ մսեղիից և մտնել մարմնի մեջ՝ պաշտոնապես սկսելու համար դատել այդ իշխաններին և թագավորներին։ Նրանք կդատվեն այն բաների հիման վրա, որոնք տեղի են ունենում այս ժամանակում։ Սակայն դա այնքան բարդ չէ, որքան պատկերացնում եք՝ դա կարվի մի ակնթարթում։ Ձեզ հարկավոր չի լինի մեռելներից հարություն առնել, և ձեզ նույնիսկ հարկավոր չի լինի տառապել (որովհետև երկրի վրա ձեր տառապանքն ու դժվարություններն արդեն ավարտվել են, և Ես արդեն ասել եմ, որ դրանից հետո այլևս չեմ էտի Իմ անդրանիկ որդիներին։) Անդրանիկ որդիները կվայելեն իրենց օրհնությունները, ինչպես ասվել է, այն փաստով, որ աննկատ կերպով կմտնեք հոգևոր ոլորտ։ Ինչո՞ւ եմ ասում, որ սա Իմ ողորմությունն ու շնորհն է։ Եթե մարդը կարողանար հոգևոր ոլորտ մտնել միայն մեռելներից հարություն առնելուց հետո, սա ողորմության և շնորհի հարց չէր լինի։ Ուստի սա Իմ ողորմության և շնորհի ամենաակնհայտ արտահայտությունն է և, առավել ևս, սա բացահայտում է Իմ նախասահմանումը և մարդկանց Իմ ընտրությունը։ Այն բավականաչափ ի վիճակի է ցույց տալու, թե որքան խիստ են Իմ կառավարչական հրամանագրերը։ Ես շնորհ կցուցաբերեմ նրան, ում որ կկամենամ, և ողորմություն կցուցաբերեմ նրան, ում որ կկամենամ։ Ոչ ոք չպետք է վիճի կամ պայքարի։ Սա ամբողջովին Իմ հոգսն է։
Մարդիկ չեն կարողանում գլուխ հանել դրանից և իրենք իրենց ճնշում են այնքան, մինչև որ շնչահեղձ են լինում, և այնուամենայնիվ, դարձյալ իրենք են իրենց կապկպում։ Մարդկանց մտածողությունն իսկապես սահմանափակ է, ուստի նրանք պետք է ձերբազատվեն մարդկային մտածողությունից ու պատկերացումներից։ Հետևաբար, Ես պետք է դուրս գամ մսեղիից և մտնեմ հոգևոր ոլորտ՝ ամեն ինչ Իմ վերահսկողության տակ վերցնելու, ամեն ինչ տնօրինելու համար։ Սա բյուրավոր ազգերին ու մարդկանց կառավարելու և Իմ կամքը կատարելու միակ ճանապարհն է։ Դա հեռու չէ։ Չեք հավատում Իմ Ամենակարողությանը և չեք ճանաչում այն անձին, որը Ես եմ։ Կարծում եք, թե լոկ մարդկային էակ եմ, և բացարձակ չեք կարողանում տեսնել Իմ Աստվածայնությունը։ Ամեն բան կավարտվի այն ժամանակ, երբ կամենամ, որ ավարտվի։ Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ եմ ասում Ես։ Իմ վերջին ասածների և Իմ յուրաքանչյուր շարժման մեջ ուշադրություն եք դարձրել միայն Իմ Մարդկայնության ասպեկտին, բայց ուշադրություն չեք դարձրել Իմ Աստվածայնության ասպեկտին։ Այսինքն՝ կարծում եք, թե նույնպես ունեմ մտքեր և պատկերացումներ։ Բայց ասել եմ, որ Իմ միտքը, գաղափարներն ու մտածմունքները, Իմ յուրաքանչյուր շարժումը, այն ամենը, ինչ անում եմ, և այն ամենը, ինչ ասում եմ, Ինքը՝ Աստծու կատարյալ դրսևորումն են։ Մի՞թե մոռացել եք այս ամենը։ Դուք բոլորդ բթամի՛տ մարդիկ եք։ Չեք հասկանում Իմ խոսքերի իմաստը։ Թույլ եմ տվել ձեզ տեսնել Իմ Բնականոն Մարդկայնության ասպեկտը նրանից, ինչ ասել եմ (թույլ եմ տվել ձեզ տեսնել Իմ Բնականոն Մարդկայնությունն Իմ առօրյա կյանքում, իրականության մեջ, որովհետև դեռ չեք հասկանում Իմ Բնականոն Մարդկայնության ասպեկտը նրանից, ինչ ասել եմ այս ընթացքում), բայց Իմ Բնականոն Մարդկայնությունը հասկանալու փոխարեն՝ փորձում եք կառչել դրանից որպես մի բանից, որը կարող է օգտագործվել Իմ դեմ, և սանձարձակ եք Իմ առաջ։ Դուք կո՛ւյր եք։ Տգե՛տ եք։ Չե՛ք ճանաչում Ինձ։ Այսքան երկար ժամանակ զուր եմ խոսել։ Բացարձակապես չեք ճանաչում Ինձ և պարզապես Իմ Բնականոն Մարդկայնությունը չեք համարում Իր՝ կատարյալ Աստծու մի մասը։ Ինչպե՞ս կարող եմ չբարկանալ։ Ինչպե՞ս կարող եմ կրկին ողորմած լինել։ Ըմբոստության այս որդիներին կարող եմ միայն Իմ ցասումով պատասխանել։ Դուք այնքա՛ն հանդուգն եք, բացարձակապես չեք ճանաչում Ինձ։ Կարծում եք, թե այն անձը, որ Ես եմ, սխալ է գործել։ Մի՞թե կարող եմ սխալ գործել։ Մի՞թե անփութորեն կընտրեի որևէ մսեղեն մարմին, որի մեջ կզգեստավորեի Ինքս Ինձ։ Իմ Մարդկայնությունը և Իմ Աստվածայնությունը երկու անբաժանելի մասեր են, որոնք կազմում են Իրեն՝ կատարյալ Աստծուն։ Հիմա սա պե՛տք է կատարելապես պարզ լինի ձեզ համար։ Իմ խոսքերն արդեն հասել են իրենց գագաթնակետին՝ չե՛մ շարունակի երկար-բարակ խոսել։