Գլուխ 60
Կյանքի համար աճելը հեշտ բան չէ. այն գործընթաց է պահանջում, և առավել ևս պահանջում է, որ կարողանաք գին վճարել և համագործակցել Ինձ հետ մեկ սրտով ու մտքով, և այդպիսով կստանաք Իմ հավանությունը։ Երկինքներն ու երկիրը և բոլոր բաները հաստատվում ու իրագործվում են Իմ արտաբերած խոսքերով, և Ինձ համար անհնարին ոչինչ չկա։ Իմ միակ ցանկությունն այն է, որ դուք արագ աճեք, վերցնեք հոգսն Իմ ուսերից, դնեք այն ձեր ուսերին և տքնեք Ինձ համար. միայն այդ ժամանակ Իմ սիրտը կգոհանա։ Ո՞ր որդին կհրաժարվեր իր հոր հոգսերից։ Ո՞ր հայրը գիշեր ու զօր չէր տքնի իր որդի համար։ Այնուամենայնիվ, պարզապես չեք հասկանում Իմ մտադրությունները և հաշվի չեք առնում Իմ հոգսերը. ձեր համար Իմ խոսքերը կշիռ չունեն, և դուք չեք անում այնպես, ինչպես Ես եմ ասում. միշտ ինքներդ եք ձեր տերը։ Որքա՜ն եսասեր եք։ Ծրագրեր եք կազմում միայն ձեզ համար։
Արդյո՞ք իրականում հասկանում ես Իմ մտադրությունները, թե՞ ձևացնում ես, որ չես հասկանում։ Ինչո՞ւ ես միշտ այդքան սանձարձակ։ Խղճիդ առաջ՝ մի՞թե այսպես գործելով ճիշտ ես վարվում Իմ հանդեպ։ Հիվանդության պատճառը գտնելուց հետո ինչո՞ւ բուժման համար չես հաղորդակցվում Ինձ հետ։ Կասեմ քեզ. այսօրվանից սկսած՝ այլևս մարմնական հիվանդություններ չեք ունենա։ Եթե երբևէ ձեր որևէ հատվածն իրեն վատ զգա, ոչ մի դեպքում մի՛ զբաղվեք արտաքին պատճառը փնտրելով, այլ եկե՛ք Իմ առաջ և փնտրե՛ք Իմ մտադրությունները։ Կհիշե՞ք սա։ Սա Իմ խոստումն է. այսօրվանից սկսած՝ լիովին կհեռանաք ձեր ֆիզիկական մարմնից և կմտնեք հոգևոր ոլորտ. այսինքն՝ ձեր մարմինն այլևս չի ծանրաբեռնվի հիվանդությամբ։ Ուրա՞խ եք դրա համար։ Ցնծո՞ւմ եք։ Սա Իմ խոստումն է, և առավել ևս՝ դա այն է, ինչ վաղուց հույս ունեիք ստանալ։ Այսօր այն իրագործվում է ձեր՝ օրհնվածներիդ մեջ։ Որքա՜ն հրաշալի է և անըմբռնելի։
Իմ գործն առաջ է ընթանում գիշեր ու զօր. ակնթարթ առ ակնթարթ, այն երբեք կանգ չի առնում։ Սա այն պատճառով է, որ Իմ հրատապ ցանկությունն է դարձնել քեզ մեկը, ով համապատասխանում է Իմ մտադրություններին, և որ Իմ սիրտը շուտով ձեզնով մխիթարվի։ Որդինե՛րս։ Եկել է ժամանակը, որ Ինձ հետ վայելեք բարության օրհնությունները։ Անցյալում դուք տառապել եք Իմ անվան համար, բայց այժմ ձեր փորձության օրերն ավարտվել են։ Եթե որևէ մեկը համարձակվի Իմ որդիների գլխի մի մազն իսկ վնասել, Ես նրանց հեշտությամբ չեմ ների, ոչ էլ նրանք երբևէ կկարողանան նորից ոտքի կանգնել։ Սա Իմ կառավարչական հրամանագիրն է, և ով խախտի այն, վնասներ կկրի։ Որդինե՛րս։ Զվարճացե՛ք ձեր սրտի ուզածի չափ։ Երգե՛ք ձեր սրտի ուզածի չափ։ Ցնծացե՛ք։ Այլևս չեք ենթարկվի ծաղրանքի ու ճնշման, և այլևս չեք ենթարկվի հալածանքի։ Այլևս չպետք է երկյուղեք Ինձ հավատալու համար. դուք պետք է հրապարակայնորեն հավատաք Ինձ։ Բարձրաձայն կանչե՛ք Իմ սուրբ անունը՝ ցնցելով ողջ տիեզերքն ու երկրի ծայրերը։ Թող տեսնեն, որ նրանք, ում արհամարհում էին, ում կեղեքում ու տանջում էին, այսօր կանգնած են իրենցից վեր և իշխում են իրենց, կառավարում են իրենց և, որ ավելի կարևոր է, դատում են իրենց։
Մտահոգվեք միայն մուտքով, և Ես ձեզ կշնորհեմ է՛լ ավելի լավ օրհնություններ, որոնք սպասում են, որ դուք վայելեք, և կկարողանաք ավելի լավ ճաշակել անզուգական քաղցրություն, անսահման խորհուրդներ և առավել ևս՝ անըմբռնելի խորություն։