Գլուխ 52
Ես հայտնվում եմ որպես արդարության Արեգակ, և դուք ու Ես միասին փառք ենք ձեռք բերում ու վայելում ենք բարի օրհնություններ հավիտյանս հավիտենից։ Սա անհերքելի փաստ է, և արդեն իսկ սկսել է իրականանալ ձեր մեջ։ Որովհետև այն ամենը, ինչ խոստացել եմ, կիրագործեմ ձեզ համար․ այն ամենն, ինչ ասում եմ, իրականություն է և երբեք ապարդյուն չի լինի։ Այս բարի օրհնությունները ձեզ վրա են, և ոչ ոք չի կարող խլել․ դրանք Ինձ հետ միաբանությամբ համագործակցելով կատարված ձեր ծառայության պտուղներն են։ Դե՛ն նետեք ձեր կրոնական պատկերացումները, հավատացե՛ք Իմ խոսքերի ճշմարտացիությանը և մի՛ կասկածեք։ Ես չեմ կատակում ձեզ հետ․ նկատի ունեմ այն, ինչ ասում եմ։ Նրանք, ում օրհնություններ եմ շնորհում, ստանում են դրանք, իսկ նրանք, ում օրհնություններ չեմ շնորհում, չեն ստանում ոչինչ։ Այս ամենը որոշված է Իմ կողմից։ Երկրային հարստությունը պարզապես աննշա՛ն է։ Իմ աչքերում այն ոչ այլ ինչ է, քան կղանք, որը նույնիսկ գրոշ չարժե։ Ուստի չպետք է չափազանց բարձր գնահատեք երկրային վայելքները։ Մի՞թե Ինձ հետ երկնային օրհնություններ վայելելը չափազանց իմաստալից և պարգևաբեր չէ։
Նախկինում փաստերը չէին բացահայտվել, և Ես բացահայտորեն չէի հայտնվել։ Այն ժամանակ կասկածում էիք Ինձ և չէիք համարձակվում բացարձակապես հաստատուն լինել Իմ հանդեպ։ Սակայն այժմ ամեն ինչ բացահայտվել է, և Ես հայտնվել եմ որպես արդարության Արեգակ։ Ուստի, եթե դեռ կասկածում եք, ի՞նչ կասեք դրան։ Երբ խավարը ծածկել էր երկիրը, ներելի էր, որ չէիք կարողանում տեսնել լույսը, բայց հիմա, երբ արևը լուսավորել է բոլոր մութ անկյունները, թաքնվածն այլևս թաքնված չէ, և ծածկվածն այլևս ծածկված չէ եթե դեռ կասկածում եք, հեշտությամբ չե՛մ ների ձեզ։ Այժմ Իմ հարցում բացարձակապես վստահ լինելու ժամանակն է, ժամանակը՝ ինքներդ ձեզ հոժարակամ Ինձ ընծայելու և Ինձ համար ծախսվելու։ Եթե որևէ մեկը նույնիսկ չնչին չափով դիմակայում է Ինձ, դատաստանի կրակներն անմիջապես կընկնեն նրա վրա՝ առանց երկրորդ անգամ մտածելու կամ մի ակնթարթ հապաղելու՝ քանզի այժմ անողոք դատաստանի գալու ժամանակն է, և նրանց համար, ում մտքերն ու գաղափարները ճիշտ չեն, դատաստանն արագ կլինի։ Սա է «Իմ գործը նման է փայլատակող կայծակի» ասվածի ճշմարիտ իմաստը։
Այն շատ արագ է առաջ ընթանում․ այն չի կարող չզարմացնել ու վախ չներշնչել մարդկանց, այն այլևս հապաղում չի հանդուրժում և կանգ չի առնում։ Որքան շատ է Իմ գործն իրականացվում, այնքան ավելի արագ է այն առաջ շարժվում։ Ով զգոն և պատրաստ չէ, միշտ կրում է լքվելու վտանգը։ Այլևս չեք կարող փորձող սիրտ ունենալ։ Իմ գործը լիովին իջել է և ընդլայնվում է դեպի հեթանոս ազգերն ու տիեզերական աշխարհը։ Դատաստանի կրակներն անողոք են և առանց որևէ մեկի հանդեպ ողորմության կամ գթասրտության։ Եթե նրանք, ովքեր հավատարիմ են Աստծուն, սխալ մտքեր ու գաղափարներ են փայփայում կամ նույնիսկ մի փոքր դիմադրում են, ևս կդատվեն. սրանում կասկած չկա։ Ում վրա էլ Իմ լույսն ընկնի, կապրի լույսի մեջ ու կգործի լույսի ներքո, և կծառայի Ինձ մինչև ճանապարհի ավարտը։ Նրանք, ովքեր չեն ապրում լույսի մեջ, ապրում են խավարում։ Ես որոշում կկայացնեմ նրանց դատելուց հետո՝ կախված մեղքերը խոստովանելու հանդեպ նրանց վերաբերմունքից։
Իմ օրը եկել է։ «Իմ օրը», որը նշել եմ անցյալում, այժմ ձեր աչքերի առաջ է, քանզի իջել եք Ինձ հետ միասին։ Ես՝ քեզ հետ, և դու՝ Ինձ հետ․ մենք հանդիպել ենք օդում և փառավորվել ենք միասին։ Իմ օրն իրոք լիովին եկե՛լ է։