Գլուխ 108
Իմ մեջ ամենքը կարող են հանգիստ գտնել և ամենքը կարող են ազատություն ձեռք բերել։ Նրանք, ովքեր Ինձնից դուրս են, չեն կարող ոչ ազատություն, ոչ էլ ուրախություն ստանալ, որովհետև Իմ Հոգին նրանց հետ չէ։ Այդպիսի մարդիկ կոչվում են անհոգի մեռելներ, մինչդեռ նրանց, ովքեր Իմ մեջ են, կոչում եմ «հոգի ունեցող կենդանի մարդիկ»։ Նրանք ընտրված են Իմ կողմից և անպայման պետք է վերադառնան Իմ գահին։ Ծառայություն մատուցողները և դևերից եղողներն անհոգի մեռելներն են, և նրանք բոլորը պետք է խոտանվեն ու վերածվեն ոչնչության։ Սա Իմ տնօրինման ծրագրի խորհուրդն է և Իմ տնօրինման ծրագրի մի մասն է, որը մարդկությունը չի կարող ըմբռնել։ Սակայն, միևնույն ժամանակ, այն հրապարակել եմ բոլորի համար։ Նրանք, ովքեր ընտրված չեն Իմ կողմից, Իմ դեմ են, իսկ նրանք, ովքեր ընտրված են Իմ կողմից, համատեղելի են Ինձ հետ։ Սա միանգամայն անվիճելի է և սա Սատանայի նկատմամբ Իմ դատաստանի սկզբունքն է։ Այս սկզբունքը պետք է հայտնի լինի բոլորին, որպեսզի կարողանան տեսնել Իմ արդարությունն ու շիտակությունը։ Այն ամենը, ինչ գալիս է Սատանայից, կդատվի, կայրվի և մոխրի կվերածվի։ Սա նույնպես Իմ ցասումն է, և սրանով Իմ բնույթն էլ ավելի ակնհայտ է դառնում։ Այս պահից սկսած՝ Իմ բնույթը բացահայտորեն կհայտարարվի, աստիճանաբար կբացահայտվի բյուրավոր ազգերին ու մարդկանց, բոլոր կրոններին, բոլոր հարանվանություններին և կյանքի բոլոր խավերի մարդկանց։ Ոչինչ չի թաքցվի, ամեն ինչ կբացահայտվի։ Քանի որ Իմ բնույթը և Իմ գործողությունների հիմքում ընկած սկզբունքը մարդկության համար ամենաթաքնված խորհուրդներն են, Ես պետք է անեմ սա (որպեսզի անդրանիկ որդիները չխախտեն Իմ կառավարչական հրամանագրերը, և նաև որպեսզի օգտագործեմ Իմ բացահայտված բնույթը՝ դատելու բյուրավոր ազգերին ու մարդկանց)։ Սա Իմ տնօրինման ծրագիրն է, և սրանք Իմ գործի քայլերն են։ Ոչ ոք չպետք է թեթևամտորեն փոխի դա։ Ես արդեն կյանքով արտահայտել եմ Իմ աստվածայնության ամբողջական բնույթն Իմ մարդկայնության մեջ, ուստի թույլ չեմ տալիս որևէ մեկին վիրավորել Իմ մարդկայնությունը։ (Այն ամենը, ինչ կյանքով արտահայտում եմ, աստվածային բնույթն է։ Սա է պատճառը, որ նախկինում ասել եմ, որ Ինքն Աստվածն եմ, Ով վերանցել է բնականոն մարդկայնությունը։) Հաստատապես չեմ խնայի ոչ մեկին, ով հանցանք է գործում Իմ դեմ, և թույլ կտամ, որ նրանք հավիտյան կորչեն։ Հիշե՛ք։ Սա այն է, ինչ որոշել եմ։ Այլ կերպ ասած՝ սա Իմ կառավարչական հրամանագրերի անբաժանելի մասն է։ Բոլորը պետք է տեսնեն սա. այն անձը, որը Ես եմ, Աստված է, և ավելին՝ Աստված Ինքը։ Սա արդեն պետք է պարզ լինի։ Ես ոչինչ անփութորեն չեմ ասում։ Ամեն ինչ հստակ արտահայտում և մատնանշում եմ, մինչև որ լիովին հասկանաս։
Իրավիճակը շատ լարված է՝ ոչ միայն Իմ տանը, այլ առավել ևս Իմ տնից դուրս։՝ Ես պահանջում եմ, որ վկայեք Իմ անվան մասին, կյանքով արտահայտեք Ինձ և վկայեք Իմ մասին բոլոր առումներով։ Քանի որ սրանք վերջին ժամանակներն են, հիմա ամեն ինչ պատրաստ է և ամեն ինչ պահպանում է իր սկզբնական տեսքը, և սրանցից ոչ մեկը երբեք չի փոխվի։ Այն, ինչ պետք է լքվի, կլքվի, իսկ այն, ինչ պետք է պահվի, կպահվի։ Մի՛ փորձեք ուժով պահել կամ վանել, մի՛ փորձեք խաթարել Իմ տնօրինումը կամ ոչնչացնել Իմ ծրագիրը։ Մարդկային տեսանկյունից Ես միշտ սիրող և ողորմած եմ մարդկության հանդեպ, բայց Իմ տեսանկյունից Իմ բնույթը տարբերակվում է ըստ Իմ գործի փուլերի, որովհետև Ես Ինքը՝ Գործնական Աստվածն եմ և եզակի Աստվածն Ինքն եմ։ Ե՛վ անփոփոխ եմ, և՛ մշտապես փոփոխվող։ Սա մի բան է, որը ոչ ոք չի կարող ըմբռնել։ Միայն երբ պատմեմ ձեզ դրա մասին և բացատրեմ ձեզ, դուք հստակ հասկացողություն կունենաք դրա մասին և կկարողանաք ըմբռնել։ Իմ որդիների հանդեպ Ես սիրող եմ, ողորմած, արդար և կարգավարժող, բայց ոչ դատող (և դրանով նկատի ունեմ, որ չեմ ոչնչացնում անդրանիկ որդիներին)։ Իմ որդիներից բացի այլ մարդկանց հանդեպ ցանկացած ժամանակ փոխվում եմ՝ կախված դարաշրջանների հերթափոխից. կարող եմ լինել սիրող, ողորմած, արդար, մեծափառ, դատող, ցասումնալից, անիծող, այրող և, ի վերջո, նրանց մսեղին ոչնչացնող։ Նրանք, ովքեր կորչում են, կոչնչացվեն իրենց հոգու ու շնչի հետ միասին։ Սակայն նրանց համար, ովքեր ծառայություն են մատուցում, միայն նրանց հոգին ու շունչը կպահպանվեն (իսկ ինչ վերաբերում է մանրամասներին, թե ինչպես եմ սա կիրառում, կասեմ ձեզ ավելի ուշ, որպեսզի կարողանաք հասկանալ)։ Սակայն նրանք երբեք ազատություն չեն ունենա և երբեք բաց չեն թողնվի, որովհետև Իմ ժողովրդից ցածր են և գտնվում են Իմ ժողովրդի վերահսկողության տակ։ Պատճառը, որ այդքան գարշում էի ծառայություն մատուցողներից, այն է, որ նրանք բոլորը մեծ կարմիր վիշապի զավակներ են, իսկ նրանք, ովքեր ծառայություն մատուցողներ չեն, նույնպես մեծ կարմիր վիշապի զավակներ են։ Այլ կերպ ասած՝ բոլոր մարդիկ, ովքեր անդրանիկ որդիներ չեն, մեծ կարմիր վիշապի զավակներ են։ Երբ ասում եմ, որ կործանվողներն Ինձ հավիտենական փառաբանություն են մատուցում, նկատի ունեմ, որ նրանք հավիտյան ծառայություն կմատուցեն Ինձ։ Սա հաստատված է։ Այդ մարդիկ միշտ կլինեն ստրուկներ, անասուններ և ձիեր։ Կարող եմ մորթել նրանց ցանկացած ժամանակ և կարող եմ իշխել նրանց վրա, ինչպես կամենում եմ, որովհետև նրանք մեծ կարմիր վիշապի սերունդներն են և չունեն Իմ բնույթը։ Քանի որ նրանք մեծ կարմիր վիշապի սերունդներն են, ունեն դրա բնույթը, այսինքն՝ գազանների բնույթ ունեն։ Սա միանգամայն ճշմարիտ է և հավերժ անփոփո՛խ։ Պատճառն այն է, որ այս ամենը կանխորոշված է Իմ կողմից։ Ոչ ոք չի կարող փոխել դա (նկատի ունեմ, որ թույլ չեմ տա որևէ մեկին գործել այս կանոնի դեմ)։ Եթե փորձես, կտապալեմ քեզ։
Դուք պետք է նայեք այն խորհուրդներին, որոնք բացահայտել եմ, որպեսզի տեսնեք, թե որ քայլին են հասել Իմ տնօրինման ծրագիրը և Իմ գործը։ Տեսե՛ք, թե ինչ եմ անում Իմ ձեռքերով, տեսե՛ք, թե ում վրա է հանգչում Իմ դատաստանը, և տեսե՛ք, թե ում վրա է թափվում Իմ ցասումը։ Սա Իմ արդարությունն է։ Ես դասավորում եմ Իմ գործը և տնօրինում եմ Իմ ծրագիրն այն խորհուրդների համաձայն, որոնք բացահայտել եմ։ Ոչ ոք չի կարող փոխել սա։ Այն պետք է արվի քայլ առ քայլ՝ Իմ ցանկության համաձայն։ Խորհուրդներն այն ուղին են, որով ընթանում է Իմ գործը, և դրանք նշաններ են, որոնք ցույց են տալիս Իմ տնօրինման ծրագրի քայլերը։ Ոչ ոք չպետք է որևէ բան ավելացնի կամ պակասեցնի Իմ խորհուրդներից, որովհետև եթե խորհուրդը սխալ է, ապա ուղին էլ է սխալ։ Ինչո՞ւ եմ հիմա բացահայտում Իմ խորհուրդները ձեզ։ Ո՞րն է պատճառը։ Ձեզանից ո՞վ կարող է հստակ ասել։ Բացի այդ, ասել եմ, որ խորհուրդները ուղին են, ուստի ինչի՞ն է վերաբերում այս ուղին։ Դա այն գործընթացն է, որով անցնում եք մսեղիից դեպի մարմին, և սա կարևոր փուլ է։ Այն բանից հետո, երբ բացահայտում եմ Իմ խորհուրդները, մարդկանց պատկերացումներն աստիճանաբար վերանում են, և նրանց մտքերն աստիճանաբար թուլանում են։ Սա հոգևոր ոլորտ մտնելու գործընթացն է։ Ուստի, ասում եմ, որ Իմ գործը կատարվում է քայլերով, և այն մշուշոտ չէ. սա է գործնականը, և սա է Իմ աշխատելաոճը։ Ոչ ոք չի կարող փոխել սա, ոչ էլ որևէ մեկն ի վիճակի է իրագործելու այն, քանզի Ես Ինքը՝ եզակի Աստվածն եմ։ Իմ գործն ավարտին է հասցվում անձամբ Իմ կողմից։ Ողջ տիեզերք աշխարհը վերահսկվում է միայն Իմ կողմից և ներդաշնակեցվում է միայն Իմ կողմից։ Ո՞վ կհամարձակվի չլսել Ինձ։ («Միայն Իմ» ասելով՝ նկատի ունեմ հենց Աստծուն, որովհետև այն անձը, որը Ես եմ, Աստված Ինքն է։ Ուստի այդքան ամուր մի՛ կառչեք ձեր սեփական պատկերացումներից։) Ո՞վ կհամարձակվի դուրս գալ Իմ դեմ։ Նրանք խստորեն կպատժվե՛ն։ Դուք տեսել եք մեծ կարմիր վիշապի ելքը։ Դա նրա վերջն է, բայց դա նաև անխուսափելիություն է։ Գործը պետք է արվի անձամբ Իմ կողմից, որպեսզի ամոթահար անեմ մեծ կարմիր վիշապին, ստիպեմ նրան այլևս երբեք ոտքի չկանգնել և ստիպեմ նրան հավիտյան կորչել։ Հիմա սկսում եմ բացահայտել խորհուրդներ։ (Հիշե՛ք` բացահայտված խորհուրդների մեծ մասն այն բաներն են, որոնք դուք հաճախ բարձրաձայնում եք, բայց որոնք ոչ ոք չի հասկանում։) Ասել եմ, որ այն ամենը, ինչ մարդիկ տեսնում են որպես անավարտ, Իմ աչքերում արդեն ավարտված է, իսկ այն բաները, որոնք Ես տեսնում եմ որպես նոր սկսվող, մարդկանց թվում են արդեն իրագործված։ Արդյո՞ք սա հակասական է։ Ո՛չ։ Մարդիկ այդպես են մտածում, որովհետև ունեն իրենց սեփական պատկերացումներն ու մտքերը։ Այն բաները, որոնք Ես ծրագրում եմ, իրագործվում են Իմ խոսքերի միջոցով։ (Ես խոսում եմ, և հաստատվում է, Ես խոսում եմ, և կատարվում է։) Սակայն Ինձ չի թվում, թե այն բաները, որոնք ասել եմ, իրագործվել են։ Սա այն պատճառով է, որ Իմ արած բաների համար ժամանակային սահմանափակում կա։ Ուստի, Ես տեսնում եմ այս բաները որպես դեռևս չիրագործված, թեև մարդկանց մսեղավոր աչքերում (ժամանակի նրանց ընկալման տարբերությունների պատճառով) այս բաներն արդեն իրագործվել են։ Մեր օրերում մարդկանց մեծ մասը կասկածներ է ձևավորել Իմ հանդեպ այն խորհուրդների պատճառով, որոնք բացահայտում եմ։ Երբ իրականությունը գալիս է նրանց վրա, և քանի որ Իմ մտադրությունները չեն համապատասխանում մարդկանց պատկերացումներին, նրանք դիմակայում են Ինձ և ուրանում են Ինձ։ Սա Սատանան է, որն ընկնում է իր իսկ ծուղակը։ (Ուզում են օրհնություններ ստանալ, բայց չէին սպասում, որ Աստված այդ աստիճան անհամապատասխան կլինի իրենց սեփական պատկերացումներին, ուստի նահանջում են։) Սա նույնպես Իմ գործի արդյունքն է։ Բոլոր մարդիկ պետք է փառաբանեն Ինձ, ցնծան Ինձ համար և փառք տան Ինձ։ Բացարձակապես ամեն ինչ Իմ ձեռքերում է և բացարձակապես ամեն ինչ Իմ դատաստանի ներքո է։ Երբ Իմ բյուրավոր ընտրյալ մարդիկ հոսեն դեպի Իմ լեռը, և երբ անդրանիկ որդիները հաղթանակած վերադառնան, դա կլինի Իմ տնօրինման ծրագրի վերջնակետը։ Դա կլինի Իմ վեցհազարամյա տնօրինման ծրագրի ավարտի պահը։ Ամեն ինչ դասավորված է անձամբ Իմ կողմից. սա արդեն շատ անգամներ եմ ասել։ Քանի որ դուք դեռ ապրում եք ձեր պատկերացումների մեջ, պետք է բազմիցս շեշտեմ սա, որպեսզի այստեղ ոչ մի սխալ թույլ չտաք և դրանով իսկ չխաթարեք Իմ ծրագիրը։ Մարդիկ չեն կարող օգնել Ինձ, ոչ էլ կարող են մասնակցել Իմ տնօրինմանը, որովհետև դուք ներկայումս դեռևս մսեղիից ու արյունից եք։ (Թեև ընտրված եք Իմ կողմից, դեռ ապրում եք մսեղիում։) Որպես այդպիսին, ասում եմ, որ նրանք, ովքեր մսեղիից ու արյունից են, չեն կարող ստանալ Իմ ժառանգությունը։ Սա նաև հիմնական պատճառն է՝ ձեզ հոգևոր ոլորտ մտցնելու համար։
Աշխարհում երկրաշարժերն աղետների սկիզբն են։ Նախ այնպես եմ անում, որ աշխարհը՝ այսինքն երկիրը, փոխվի, իսկ հետո գալիս են ժանտախտներն ու սովերը։ Սա Իմ ծրագիրն է, և սրանք Իմ քայլերն են, և ամեն ինչ հմտորեն գործի կդնեմ Ինձ ծառայելու համար, որպեսզի իրագործեմ Իմ տնօրինման ծրագիրը։ Այսպիսով, առանց Իմ ոչնչացնելու, ողջ տիեզերք աշխարհը կոչնչացնի ինքն իրեն։ Երբ առաջին անգամ մարմնացա և գամվեցի խաչին, երկիրը ահարկու ցնցվեց, և նույնը կլինի, երբ գա վերջը։ Երկրաշարժերը կսկսվեն հենց այն պահին, երբ մսեղիից մտնեմ հոգևոր ոլորտ։ Ուստի, անդրանիկ որդիները բացարձակապես չեն կրի աղետի տառապանքը, մինչդեռ նրանք, ովքեր անդրանիկ որդիներ չեն, կմնան տառապելու աղետների մեջ։ Հետևաբար, մարդկային տեսանկյունից, բոլորը ցանկանում են անդրանիկ որդի լինել։ Մարդկանց կանխազգացումներում սա ոչ թե օրհնություններ վայելելու համար է, այլ աղետի տառապանքից խուսափելու համար։ Սա մեծ կարմիր վիշապի դավադրությունն է։ Սակայն երբեք բաց չեմ թողնի նրան. անպայման կստիպեմ նրան կրել Իմ ծանր պատիժը և հետո դեռ ոտքի կանգնել ու ծառայություն մատուցել Ինձ (սա վերաբերում է Իմ որդիներին և Իմ ժողովրդին ավարտուն դարձնելուն), և կստիպեմ նրան հավիտյան ընկնել իր իսկ ծուղակները, հավիտյան ընդունել Իմ դատաստանը և հավիտյան ընդունել Իմ այրումը։ Սա է ճշմարիտ իմաստը այն բանի, որ ծառայություն մատուցողները փառաբանեն Ինձ (այսինքն՝ նրանց օգտագործել՝ Իմ մեծ զորությունը հայտնի դարձնելու համար)։ Ես թույլ չեմ տա մեծ կարմիր վիշապին սողոսկել Իմ թագավորություն, ոչ էլ կշնորհեմ նրան Ինձ փառաբանելու իրավունք։ (Սա այն պատճառով է, որ նա անարժան է, հավերժ անարժան։) Ես միայն կստիպեմ մեծ կարմիր վիշապին հավիտյան ծառայություն մատուցել Ինձ։ Միայն թույլ կտամ նրան երեսնիվայր ընկնել Իմ առաջ։ (Նրանք, ովքեր կորչում են, ավելի լավ վիճակում են, քան նրանք, ովքեր կործանման մեջ են. կորչելը ծանր պատժի միայն ժամանակավոր ձև է, մինչդեռ այն մարդիկ, ովքեր կործանման մեջ են, հավիտյան կկրեն ծանր պատիժներ։ Այս պատճառով օգտագործում եմ «երեսնիվայր ընկնել» բառը։ Քանի որ այս մարդիկ սողոսկում են Իմ տուն, վայելում են Իմ շնորհքից շատ բան և որոշակիորեն ճանաչում են Ինձ, ուստի օգտագործում եմ ծանր պատիժներ։ Ինչ վերաբերում է Իմ տնից դուրս գտնվողներին, կարելի է ասել, որ անգետները չեն տուժի։) Մարդկանց իրենց պատկերացումներում կարծում են, թե կորչողներն ավելի վատ վիճակում են քան կործանման մեջ գտնվողները, բայց ընդհակառակը՝ վերջիններս պետք է հավիտյան ծանր պատժվեն, իսկ կորչողները հավիտյան կվերադառնան ոչնչության։