Գլուխ 100
Ես ատում եմ բոլոր նրանց, ովքեր նախասահմանված և ընտրված չեն Իմ կողմից։ Հետևաբար, պետք է այս մարդկանց մեկ առ մեկ հեռացնեմ Իմ տնից, որպեսզի Իմ տաճարը լինի սուրբ ու անարատ, Իմ տունը՝ միշտ նոր ու երբեք չհնացող, Իմ սուրբ անունը՝ հավիտյան հռչակված, և Իմսուրբ ժողովուրդը՝ սիրված Իմ կողմից։ Այսպիսի տեսարանը, այսպիսի տունը, այսպիսի թագավորությունն Իմ նպատակն է ու Իմ բնակավայրը։ Սա է բոլոր բաների Իմ արարման հիմքը։ Ոչ ոք չի կարող սասանել կամ փոխել այն։ Դրա ներսում միայն Ես և Իմ սիրելի որդիները կապրենք միասին, և ոչ ոքի թույլ չի տրվի ոտնատակ տալ այն, ոչնչի թույլ չի տրվի զբաղեցնել այն, և առավել ևս թույլ չի տրվի, որ որևէ տհաճ բան պատահի։ Ամենը կլինի փառաբանություն ու ցնծություն և ամենը կլինի մարդու համար աներևակայելի մի տեսարան։ Միայն ցանկանում եմ, որ ձեր բոլոր ջանքերն ընծայեք Ինձ՝ ողջ սրտով, մտքով և զորությամբ։ Լինի այսօր, թե վաղը, լինեք Ինձ համար ծառայություն մատուցող, թե օրհնություններ ստացող, բոլորդ պետք է ներդնեք ձեր ուժն Իմ թագավորության համար։ Սա մի պարտականություն է, որը բոլոր արարված մարդիկ պետք է ստանձնեն, և այն պետք է արվի ու իրագործվի այս կերպ։ Որպեսզի Իմ թագավորության գեղեցկությունը միշտ նորանա, և Իմ տունը դառնա ներդաշնակ ու միասնական, Ես գործի կդնեմ բոլոր բաները ծառայություն մատուցելու համար։ Ոչ ոքի թույլատրված չէ հակառակվել Ինձ, և յուրաքանչյուր ոք, ով անում է դա, պետք է ենթարկվի դատաստանի և անիծվի։ Այժմ Իմ անեծքներն սկսում են թափվել յուրաքանչյուր երկրի ու յուրաքանչյուր ժողովրդի վրա, և Իմ անեծքները նույնիսկ ավելի խիստ են, քան Իմ դատաստանը։ Այժմ ժամանակն է սկսելու դատապարտել բոլոր մարդկանց, ուստի ասվում է, որ դրանք անեծքներ են։ Սա այն պատճառով է, որ այժմ վերջին դարաշրջանն է, այլ ոչ թե արարչագործության ժամանակը։ Քանի որ դարաշրջանները փոխվել են, Իմ գործի տեմպն այժմ շատ տարբեր է։ Իմ գործի կարիքներից ելնելով՝ մարդիկ, որոնց կարիքն ունեմ, նույնպես տարբեր են․ նրանք, որոնք պետք է լքվեն, կլքվեն, նրանք, որոնք պետք է հեռացվեն, կհեռացվեն, նրանք, որոնք պետք է սպանվեն, կսպանվեն և նրանք, որոնք պետք է մնան, պետք է մնան։ Սա անխուսափելի միտում է, որը կախված չէ մարդու կամքից, և ոչ մի մարդ չի կարող փոխել այն։ Այն պետք է արվի Իմ մտադրությունների համաձայն։ Ես լքում եմ նրանց, ում ուզում եմ լքել և դուրս եմ թողնում նրանց, ում ուզում եմ դուրս թողնել։ Ոչ ոք չպետք է կամայականորեն գործի։ Ես թողնում եմ մնալ նրանց, ում ցանկանում եմ, որ մնան և սիրում եմ նրանց, ում ցանկանում եմ սիրել։ Սա պետք է արվի Իմ մտադրությունների համաձայն։ Ես չեմ գործում մսեղավոր զգացմունքներով։ Ինձ հետ կա միայն արդարություն, դատաստան և ցասում. բացարձակապես չկան մսեղավոր զգացմունքներ։ Իմ մեջ մարդկայինի ամենաչնչին հետքն անգամ չկա, քանզի Ես Ինքն Աստվածն եմ՝ Աստծու անձը։ Քանի որ մարդիկ բոլորը տեսնում են Իմ մարդկայնությունը և չեն տեսել Իմ աստվածայնությունը, նրանք իրապես կույր են։ Նրանք իրապես բթամիտ են։
Այն, ինչ ասում եմ ձեզ, պետք է պահեք ձեր սրտերում, Իմ խոսքերի միջոցով պետք է հասկանաք Իմ սիրտը և հաշվի առնեք Իմ հոգսը։ Այնժամ կճանաչեք Իմ ամենակարողությունը և կտեսնեք Իմ անձը։ Քանի որ Իմ խոսքերն իմաստության խոսքեր են, ոչ ոք չի կարող ընկալել Իմ խոսքերի հետևում եղած սկզբունքները կամ օրենքները։ Մարդիկ կարծում են, թե Ես կիրառում եմ նենգություն և խոտորություն, և չեն ճանաչում Ինձ Իմ խոսքերի միջոցով, այլ ընդհակառակը՝ հայհոյում են Ինձ։ Նրանք այնքա՜ն կույր են և տգետ։ Զուրկ են զանազանության նույնիսկ ամենաչնչին նշույլից։ Յուրաքանչյուր նախադասություն, որ արտաբերում եմ, կրում է իշխանություն և դատաստան, և ոչ ոք չի կարող փոխել Իմ խոսքերը։ Երբ Իմ խոսքերը հնչում են, անշուշտ բաներ են իրագործվում Իմ խոսքերի համաձայն։ Սա է Իմ բնույթը։ Իմ խոսքերն իշխանություն են, և ով փոփոխում է դրանք, վիրավորում է իմ պատիժը, և Ես պետք է տապալեմ նրանց։ Լուրջ դեպքերում նրանք կործանման են տանում իրենց իսկ կյանքը և գնում են Հադես կամ անհատակ անդունդը։ Սա մարդկության հետ վարվելու միակ ձևն է, և մարդը ոչ մի կերպ չի կարող փոխել այն. սա Իմ կառավարչական հրամանագիրն է։ Հիշե՛ք սա։ Ոչ ոքի թույլ չի տրվում խախտել Իմ հրամանագիրը։ Ամեն ինչ պետք է արվի Իմ մտադրությունների համաձայն։ Անցյալում չափազանց մեղմ էի ձեր հանդեպ, և բախվում էիք միայն Իմ խոսքերին։ Մարդկանց տապալելու մասին Իմ ասած խոսքերը դեռ չեն իրականացել։ Բայց այսօրվանից բոլոր աղետները (խոսքը Իմ կառավարչական հրամանագրերի մասին է) կգան մեկը մյուսի հետևից ՝ պատժելու բոլոր նրանց, ովքեր չեն համապատասխանում Իմ մտադրություններին։ Պետք է ի հայտ գան փաստեր, հակառակ դեպքում մարդիկ չէին կարողանա տեսնել Իմ ցասումը, այլ կրկին ու կրկին անառակություն կանեին։ Սա Իմ տնօրինման ծրագրի մի քայլն է, և այն ճանապարհն է, որով կատարում եմ Իմ գործի հաջորդ քայլը։ Սա նախապես եմ ասում ձեզ, որպեսզի կարողանաք խուսափել հանցանք գործելուց և հավիտյան կործանման գնալուց։ Այսինքն՝ այսօրվանից սկսած, բացի Իմ անդրանիկ որդիներից, բոլոր մարդկանց կստիպեմ զբաղեցնել իրենց պատշաճ տեղերն Իմ մտադրությունների համաձայն և կպատժեմ նրանց մեկ առ մեկ։ Նրանցից և ոչ մեկին չեմ խնայի։ Միայն թե համարձակվեք նորից անառականալ։ Միայն թե համարձակվիր նորից ըմբոստանալ։ Նախկինում ասել եմ, որ արդար եմ բոլորի հանդեպ, որ զուրկ եմ զգացմունքի անգամ ամենաչնչին նշույլից, և սա ծառայում է ցույց տալու, որ Իմ բնույթը չպետք է վիրավորել։ Սա Իմ անձն է։ Ոչ ոք չի կարող փոխել սա։ Բոլոր մարդիկ լսում են Իմ խոսքերն ու բոլոր մարդիկ տեսնում են Իմ փառավոր կերպարանքը։ Բոլոր մարդիկ պետք է լիովին և բացարձակապես հնազանդվեն Ինձ․ սա է Իմ կառավարչական հրամանագիրը։ Բոլոր մարդիկ ողջ տիեզերքում և երկրի ծայրերում պետք է փառաբանեն Ինձ և փառք տան Ինձ, քանզի Ես Ինքը՝ միակ Աստվածն եմ, քանզի Ես Աստծու անձն եմ։ Ոչ ոք չի կարող փոխել Իմ խոսքերն ու արտահայտությունները, Իմ խոսքն ու վարքը, քանի որ սրանք միայն Ինձ վերաբերող հարցեր են, և բաներ են, որոնց տիրապետել եմ հնագույն ժամանակներից, և որոնք գոյություն կունենան հավիտյան։
Մարդիկ Ինձ փորձելու մտադրություն են փայփայում և ուզում են խոսքերիս մեջ գտնել մի բան, որը կարող են օգտագործել Իմ դեմ Ինձ զրպարտելու համար։ Մի՞թե պետք է զրպարտվեմ քո կողմից։ Մի՞թե պետք է անփութորեն դատվեմ։ Մի՞թե Իմ գործերը պետք է անփութորեն քննարկվեն։ Դուք իսկապես մի խումբ եք, որ չգիտի, թե ինչն է իր համար լավ։ Բացարձակապես չեք ճանաչում Ինձ։ Ի՞նչ է Սիոն լեռը։ Ի՞նչ է Իմ բնակավայրը։ Ի՞նչ է Քանանի բարի երկիրը։ Ի՞նչ է բոլոր բաների արարման հիմքը։ Ինչո՞ւ եմ վերջին մի քանի օրերի ընթացքում անընդհատ հիշատակել այս խոսքերը։ Սիոն լեռը, Իմ բնակավայրը, Քանանի բարի երկիրը, բոլոր բաների արարման հիմքը՝ այս ամենն ասվում է Իմ անձի վերաբերյալ (մարմնի վերաբերյալ)։ Մարդիկ բոլորը կարծում են, թե սրանք վայրեր են, որոնք ֆիզիկապես գոյություն ունեն։ Իմ անձը Սիոն լեռն է, այն Իմ բնակավայրն է։ Ով մտնի հոգևոր ոլորտ, կբարձրանա Սիոն լեռը և կմտնի Իմ բնակավայրը։ Բոլոր բաներն արարել եմ Իմ անձի ներսում, այսինքն՝ բոլոր բաներն արարվել են մարմնի ներսում, հետևաբար այն հիմքն է։ Ինչո՞ւ եմ ասում, որ կրկին կվերադառնաք մարմնի մեջ Ինձ հետ միասին։ Հենց դրանում է բուն իմաստը։ Այս բոլոր գոյականները, ճիշտ ինչպես «Աստված» անվանումը, ինքնին ոչ մի իմաստ չունեն, այլ ավելի շուտ տարբեր անուններ են, որոնք տալիս եմ տարբեր վայրերի։ Ուստի չափազանց մեծ ուշադրություն մի՛ դարձրեք դրանց բառացի իմաստներին, այլ կենտրոնացեք միայն Իմ խոսքերը լսելու վրա։ Պետք է տեսնեք դրանք այս կերպ և այնժամ կկարողանաք ընկալել Իմ մտադրությունները։ Ինչո՞ւ եմ նորից ու նորից հիշեցնում ձեզ, որ Իմ խոսքերում իմաստություն կա։ Ձեզանից քանի՞սն են խորհրդածել դրա խորքային իմաստի շուրջ։ Բոլորդ կուրորեն եք վերլուծում և անխոհեմ վարվում։
Դեռևս չեք հասկանում անցյալում Իմ ասածների մեծ մասը։ Շարունակում եք կասկածների մեջ մնալ և չեք կարողանում բավարարել Իմ սիրտը։ Երբ կարողանաք վստահ լինել Իմ արտաբերած յուրաքանչյուր նախադասության մեջ, դա կլինի այն պահը, երբ ձեր կյանքը կհասունանա։ Ինձ համար մեկ օրը հազար տարվա պես է, և հազար տարին՝ մեկ օրվա։ Ի՞նչպես եք հասկանում այն ժամանակը, որի վերաբերյալ խոսում եմ։ Ինչպե՞ս կբացատրեիք այն։ Սխալ եք մեկնաբանում այն։ Եվ ավելին, մարդկանց մեծամասնությունն աղմուկ է բարձրացնում Ինձ հետ այս հարցի շուրջ՝ ցանկանալով գտնել ինչ-որ բան, որը կօգտագործի Իմ դեմ. դուք չգիտեք, թե ինչն է լավ ձեզ համար։ Զգո՛ւյշ եղիր, հակառակ դեպքում կտապալեմ քեզ։ Երբ գա այն օրը, երբ ամեն ինչ պարզ կդառնա, լիովին կհասկանաք։ Հիմա դեռ չեմ ասում ձեզ։ (Այժմ մարդկանց բացահայտելու ժամանակն է. բոլորը պետք է ուշադիր և զգույշ լինեն, որպեսզի կարողանան բավարարել Իմ մտադրությունները։) Իմ խոսքերի միջոցով կբացահայտեմ բոլոր մարդկանց, և նրանց իսկական ձեւերը հայտնի կդառնան՝ ցույց տալու, թե արդյոք նրանք ճշմարիտ են, թե ոչ։ Եթե ինչ-որ մեկը պոռնիկ է կամ հեզաբել, պետք է բացահայտեմ նրան։ Նախկինում ասել եմ, որ Ես բաներ եմ անում՝ առանց մատս շարժելու, և որ միայն Իմ խոսքերն եմ օգտագործում մարդկանց բացահայտելու համար։ Որևէ քողարկումից չեմ վախենում։ Երբ Իմ խոսքերն արտաբերվեն, պետք է ցույց տաս քո իսկական ձեւը և որքան էլ լավ քողարկես քեզ, անպայման կթափանցեմ դրա մեջ։ Սա Իմ գործերի սկզբունքն է․ օգտագործել միայն խոսքեր և բացարձակապես ոչ մի ուժ չգործադրել։ Մարդիկ խիստ նյարդայնանում են այն հարցի շուրջ, թե արդյոք Իմ խոսքերը կիրագործվեն, թե ոչ և անհանգստանում ու մտահոգվում Ինձ համար, բայց այս ջանքերն իսկապես ավելորդ են․ դրանք իզուր վճարված գին են։ Մտահոգվում ես Ինձ համար, բայց արդյո՞ք քո սեփական կյանքը հասունացել է։ Իսկ ի՞նչ կասես սեփական ճակատագրիդ մասին։ Հաճախ հարցրու ինքդ քեզ և անփույթ մի՛ եղիր։ Բոլոր մարդիկ պետք է հաշվի առնեն Իմ գործը, և Իմ գործերի ու Իմ խոսքերի միջոցով տեսնեն Իմ անձն ու ավելի մեծ ճանաչողություն ունենան Իմ մասին՝ ճանաչեն Իմ ամենակարողությունը, ճանաչեն իմաստությունս և ճանաչեն այն միջոցներն ու մեթոդները, որոնցով արարել եմ բոլոր բաները, և դրանով իսկ անվերջ փառաբանություն մատուցեն Ինձ։ Ես բոլոր մարդկանց ցույց կտամ, թե ում նկատմամբ եմ գործադրում Իմ կառավարչական հրամանագրերը, ում վրա եմ գործում, ինչ եմ ուզում անել և ինչ եմ ուզում ավարտին հասցնել։ Սա մի բան է, որին յուրաքանչյուր մարդ պետք է հասնի, քանզի սա Իմ կառավարչական հրամանագիրն է։ Ես կիրագործեմ այն, ինչ ասում եմ։ Ոչ ոք չպետք է անփութորեն վերլուծի Իմ խոսքերը, բոլորը պետք է Իմ խոսքերի միջոցով տեսնեն Իմ գործերի հիմքում եղած սկզբունքներն ու Իմ խոսքերից իմանան, թե ինչ է Իմ ցասումը, ինչ է Իմ անեծքը և ինչ է Իմ դատաստանը։ Այս ամենը հիմնված է Իմ խոսքերի վրա, և դրանք բաներ են, որոնք պետք է տեսնի յուրաքանչյուր մարդ, և առավել ևս պետք է երևան Իմ յուրաքանչյուր խոսքի մեջ։