Գլուխ 29
Մարդկանց կատարած գործերից որոշներն իրականացվում են Աստծու անմիջական ցուցումով, բայց կա նաև մի մաս, որի համար Աստված հատուկ ցուցումներ չի տալիս, ինչը բավարար չափով ցույց է տալիս, որ Աստված իր արածն այսօր դեռևս ամբողջությամբ չի հայտնել. այսինքն՝ շատ բաներ մնում են թաքնված և դեռ հրապարակային չեն դարձել։ Սակայն որոշ բաներ պետք է հրապարակային դարձվեն, մինչդեռ մյուսները պետք է մարդկանց շփոթված ու մոլորված թողնեն. սա այն է, ինչն անհրաժեշտ է Աստծու գործին։ Օրինակ՝ երկնքից մարդկանց մեջ Աստծու գալուստը. ինչպես եկավ, որ վայրկյանին եկավ, կամ արդյոք երկինքներն ու երկիրը և բոլոր բաները փոփոխությունների ենթարկվեցին, թե ոչ. այս բաները պահանջում են, որ մարդիկ շփոթված լինեն։ Սա նաև հիմնված է իրական հանգամանքների վրա, քանզի մարդկային մսեղին ինքնին անկարող է ուղղակիորեն մուտք գործել հոգևոր ոլորտ։ Ուստի, նույնիսկ եթե Աստված հստակորեն նշում է, թե ինչպես երկնքից երկիր եկավ, կամ երբ ասում է. «Այն օրը, երբ բոլոր բաները վերակենդանացան, Ես եկա մարդու մեջ և հիանալի օրեր ու գիշերներ անցկացրեցի նրա հետ», այդպիսի խոսքերը նման են ծառի բնի հետ խոսելուն. չկա ոչ մի չնչին արձագանք, որովհետև մարդիկ անտեղյակ են Աստծու գործի քայլերից։ Նույնիսկ երբ իսկապես տեղյակ են, հավատում են, որ Աստված փերիի պես երկնքից իջավ երկիր և Իրեն հիմնովին վերափոխեց մարդկային աշխարհում։ Սա այն է, ինչը հասանելի է մարդու մտքերին։ Դա այն պատճառով է, որ մարդու բուն էությունն այնպիսին է, որ անկարող է հասկանալ Աստծու էությունը և անկարող է հասկանալ հոգևոր ոլորտի իրականությունը։ Միայն իրենց բուն էությամբ մարդիկ անկարող կլինեին որպես օրինակ ծառայել ուրիշների համար, որովհետև մարդիկ ի բնե նույնն են և տարբեր չեն։ Ուստի պահանջելը, որ մարդիկ օրինակ ծառայեն ուրիշների համար, որպեսզի հետևեն, կամ հանդես գան որպես օրինակ, դառնում է պղպջակ, դառնում է ջրից բարձրացող գոլորշի։ Մինչդեռ, երբ Աստված ասում է՝ «որոշակի ճանաչողություն ձեռք բերելով նրանից, ինչ ունեմ և եմ», այս խոսքերը պարզապես ուղղված են այն գործի դրսևորմանը, որն Աստված անում է մսեղիում. այլ կերպ ասած՝ դրանք ուղղված են Աստծու ճշմարիտ դեմքին՝ աստվածայնությանը, որը հիմնականում վերաբերում է Նրա աստվածային բնույթին։ Այսինքն՝ մարդկանցից պահանջվում է հասկանալ այնպիսի բաներ, ինչպիսիք են՝ ինչու է Աստված այսպես գործում, ինչ բաներ պետք է իրագործվեն Աստծու խոսքերով, ինչին է Աստված ցանկանում հասնել երկրի վրա, ինչ է ցանկանում ձեռք բերել մարդկանց մեջ, այն միջոցները, որոնցով Աստված խոսում է, և որն է Աստծու վերաբերմունքը մարդու նկատմամբ։ Կարելի է ասել, որ մարդու մեջ չկա ոչինչ, որով արժե պարծենալ. այսինքն՝ նրա մեջ չկա ոչինչ, որը կարող է օրինակ ծառայել ուրիշների համար, որպեսզի հետևեն։
Հենց մսեղիում գտնվող Աստծու բնականոնության պատճառով և երկնքում գտնվող Աստծու և մսեղիում գտնվող Աստծու, ով կարծես թե ծնված չէ երկնքում գտնվող Աստծուց, միջև եղած տարբերության պատճառով է, որ Աստված ասում է. «Ես շատ տարիներ եմ անցկացրել մարդու մեջ, սակայն նա միշտ անտեղյակ է մնացել և երբեք չի ճանաչել Ինձ»։ Աստված նաև ասում է. «Երբ Իմ ոտնահետքերն անցնեն ողջ տիեզերքով և մինչև երկրագնդի ծայրերը, մարդը կսկսի խորհրդածել իր մասին, և բոլոր մարդիկ կգան Ինձ մոտ, կխոնարհվեն Իմ առջև ու կերկրպագեն Ինձ։ Դա կլինի այն օրը, երբ ես փառք ձեռք կբերեմ՝ Իմ վերադարձի օրը, ինչպես նաև Իմ հեռանալու օրը»։ Միայն սա է այն օրը, երբ Աստծու ճշմարիտ դեմքը ցույց է տրվում մարդուն։ Սակայն Աստված դրա արդյունքում չի հետաձգում Իր գործը և պարզապես անում է այն գործը, որը պետք է արվի։ Երբ Նա դատում է, դատապարտում է մարդկանց՝ հիմնվելով մսեղիում գտնվող Աստծու հանդեպ նրանց վերաբերմունքի վրա։ Սա այս ժամանակահատվածում Աստծու արտահայտումների հիմնական թելերից մեկն է։ Օրինակ՝ Աստված ասում է. «Տիեզերքում պաշտոնապես ծավալելով Իմ տնօրինման ծրագրի վերջին մասը։ Եթե որևէ մեկը դեռևս անզգույշ է, ցանկացած պահի կընկնի անողոք հանդիմանության մեջ»։ Սա Աստծու ծրագրի բովանդակությունն է, և ո՛չ տարօրինակ է, ո՛չ էլ անսովոր, այլ ամբողջովին Իր գործի քայլերի մի մասն է։ Մինչդեռ արտերկրում գտնվող Աստծու մարդիկ և որդիները դատվում են Աստծու կողմից՝ այն ամենի հիման վրա, ինչ անում են եկեղեցիներում, և ուստի Աստված ասում է. «Մինչ գործում եմ, բոլոր հրեշտակներն Ինձ հետ միասին սկսում են վճռորոշ ճակատամարտը և որոշում են բավարարել Իմ մտադրությունները վերջին փուլում, որպեսզի երկրի վրայի մարդիկ հրեշտակների պես հանձնվեն Իմ առջև, և Ինձ հակառակելու ոչ մի ցանկություն չունենան, և չանեն ոչինչ, որ դավաճանում է Ինձ։ Սա է Իմ գործի դինամիկան տիեզերքում»։ Սա է տարբերությունն այն գործի մեջ, որն Աստված իրականացնում է ողջ երկրով մեկ. Նա կիրառում է տարբեր միջոցներ՝ համաձայն այն բանի, թե ում է ուղղված գործը։ Այսօր եկեղեցիների մարդիկ բոլորն ունեն տենչացող սիրտ և սկսել են ուտել և խմել Աստծու խոսքերը։ Սա բավական է ցույց տալու համար, որ Աստծու գործը մոտենում է իր ավարտին։ Երկնքից ցած նայելը նման է չորացած ճյուղերի ու թափված տերևների, աշնանային քամուց քշվող դեղնահողի տխուր տեսարաններին ևս մեկ անգամ նայելուն։ Այնպիսի զգացողություն է, կարծես մարդկանց մեջ ուր որ է մեծ աղետ է տեղի ունենալու, կարծես ամեն ինչ ուր որ է ամայության է վերածվելու։ Գուցե Հոգու զգայունության պատճառով է, որ սրտում միշտ տխրության զգացում կա, որն այնուամենայնիվ հանգիստ մխիթարության մի նշույլ է կրում՝ թեև որոշակի վշտի հետ խառնված։ Սա կարող է լինել Աստծու այն խոսքերի նկարագրումը, որ «մարդն արթնանում է, երկրի վրա ամեն ինչ կարգի է բերված, և երկրի գոյատևման օրերն այլևս չկան, քանզի Ես ժամանել եմ»։ Մարդիկ կարող են որոշ չափով բացասական դառնալ այս խոսքերը լսելուց հետո, կամ կարող են փոքր-ինչ հիասթափվել Աստծու գործից, կամ կարող են շատ կենտրոնանալ իրենց հոգում առկա զգացողության վրա։ Բայց նախքան երկրի վրա Իր գործի ավարտը Աստված չէր կարող այնքան հիմար լինել, որ մարդկանց նման պատրանք տար։ Եթե իսկապես նման զգացողություններ ունես, ապա դա ցույց է տալիս, որ չափազանց շատ ուշադրություն ես դարձնում քո զգացմունքներին, որ մեկն ես, ով գործում է իր իսկ կամքի համաձայն և չի սիրում Աստծուն. դա ցույց է տալիս, որ չափազանց շատ ես կենտրոնանում գերբնականի վրա և բոլորովին ուշադրություն չես դարձնում Աստծուն։ Աստծու ձեռքի պատճառով, որքան էլ մարդիկ փորձեն հեռանալ, անկարող են խուսափել այս հանգամանքից։ Ո՞վ կարող է խուսափել Աստծու ձեռքից։ Ե՞րբ քո կարգավիճակն ու հանգամանքները չեն կարգավորվել Աստծու կողմից։ Անկախ նրանից՝ տառապում ես, թե օրհնված ես, ինչպե՞ս կարող էիր գաղտագողի հեռանալ Աստծու ձեռքից։ Սա մարդկային հարց չէ, այլ ավելի շուտ ամբողջովին վերաբերում է Աստծու կարիքին։ Ո՞վ ի վիճակի կլիներ չհնազանդվելու դրա արդյունքում։
«Ես հանդիմանություն կօգտագործեմ՝ Իմ գործը հեթանոսների մեջ տարածելու համար, այսինքն՝ «ուժ» կգործադրեմ բոլոր նրանց դեմ, ովքեր հեթանոսներ են։ Բնականաբար, այս գործը կիրականացվի միևնույն ժամանակ, ինչ Իմ գործն Իմ ընտրյալ մարդկանց մեջ»։ Այս խոսքերի արտահայտմամբ Աստված սկսում է այս գործը ողջ տիեզերքում. սա Աստծու գործի մի քայլն է։ Գործն արդեն հասել է այս կետին, և ոչ ոք չի կարող շրջել իրերի ընթացքը։ Աղետները կվերացնեն մարդկության մի մասին՝ մղելով նրանց աշխարհի հետ միասին կործանվելու։ Երբ տիեզերքը պաշտոնապես պատժվում է, Աստված պաշտոնապես հայտնվում է բյուրավոր մարդկանց։ Եվ Նրա հայտնության պատճառով մարդիկ հանդիմանվում են։ Ավելին՝ Աստված նաև ասել է. «Երբ պաշտոնապես բացում եմ մագաղաթը, դա այն ժամանակն է, երբ տիեզերքի մարդիկ հանդիմանվում են, երբ ամբողջ աշխարհի մարդիկ ենթարկվում են փորձությունների»։ Սրանից կարելի է հստակորեն տեսնել, որ յոթ կնիքների բովանդակությունը պատժի բովանդակությունն է, այսինքն՝ յոթ կնիքների մեջ աղետներ կան։ Ուստի այսօր յոթ կնիքները դեռ չեն բացվել. այստեղ նշված «փորձությունները» այն հանդիմանությունն են, որը մարդը կրում է, և այս հանդիմանության մեջ ձեռք կբերվի մարդկանց մի խումբ, որոնք պաշտոնապես կընդունեն Աստծու կողմից տրված «վկայականը» և այդպիսով՝ կլինեն Աստծու թագավորության մարդիկ։ Սրանք են Աստծու որդիների և մարդկանց սկզբնաղբյուրները և այսօր դեռ չեն որոշվել և պարզապես հիմք են դնում ապագա փորձառությունների համար։ Եթե ինչ-որ մեկը ճշմարիտ կյանք ունի, կկարողանա ամուր կանգնել փորձությունների ժամանակ, իսկ եթե առանց կյանքի է, ապա սա բավարար չափով ապացուցում է, որ Աստծու գործը ոչ մի ազդեցություն չի ունեցել նրա վրա, որ պղտոր ջրում ձուկ է որսում և չի կենտրոնանում Աստծու խոսքերի վրա։ Քանի որ սա վերջին օրերի գործն է, որը նպատակ ունի ավարտին հասցնելու այս դարաշրջանը, այլ ոչ թե շարունակելու գործը, ուստի Աստված ասում է. «Այլ կերպ ասած՝ դա այն կյանքն է, որը մարդը երբեք փորձառաբար չի ապրել արարչագործության ժամանակներից մինչև ներկա օրերը, և ուստի Ես ասում եմ, որ արել եմ մի գործ, որը նախկինում երբեք չի արվել», և նաև ասում է. «Քանի որ Իմ օրը մոտենում է ողջ մարդկությանը, քանի որ այն հեռու չի թվում, այլ հենց մարդու աչքի առջև է»։ Անցյալ ժամանակներում Աստված անձամբ է ոչնչացրել մի քանի քաղաքներ, սակայն դրանցից ոչ մեկը չի հողին հավասարեցվել այնպես, ինչպես կլինի վերջին դեպքում։ Թեև անցյալում Աստված ոչնչացրեց Սոդոմը, այսօրվա Սոդոմի հետ չպետք է վարվել այնպես, ինչպես անցյալ ժամանակներում. այն չպետք է ուղղակիորեն ոչնչացվի, այլ նախ պետք է նվաճվի և ապա՝ դատվի, և, ի վերջո, ենթարկվի հավիտենական պատժի։ Սրանք գործի քայլերն են, և վերջում այսօրվա Սոդոմը կոչնչացվի նույն ընթացակարգով, ինչ անցյալում աշխարհի կործանումը. սա է Աստծու ծրագիրը։ Այն օրը, երբ Աստված հայտնվում է, այսօրվա Սոդոմի պաշտոնական դատապարտման օրն է, և Նրա հայտնվելն այն փրկելու համար չէ։ Ուստի Աստված ասում է. «Ես հայտնվում եմ սուրբ թագավորությանը և Ինձ թաքցնում կեղտի երկրից»։ Քանի որ այսօրվա Սոդոմը սուրբ չէ, Աստված ճշմարտապես չի հայտնվում նրան, այլ օգտագործում է այս միջոցը՝ այն հանդիմանելու համար. մի՞թե սա հստակորեն չես տեսել։ Կարելի է ասել, որ երկրի վրա ոչ ոք ունակ չէ տեսնելու Աստծու ճշմարիտ դեմքը։ Աստված երբեք չի հայտնվել մարդուն, և ոչ ոք չգիտի, թե երկնքի որ մակարդակում է Աստված։ Սա է թույլ տվել, որ այսօրվա մարդիկ այս հանգամանքում լինեն։ Եթե տեսնեին Աստծու դեմքը, դա, անշուշտ, կլիներ այն ժամանակը, երբ նրանց ելքը կբացահայտվեր, այն ժամանակը, երբ յուրաքանչյուրը դասակարգվում է ըստ իր տեսակի։ Այսօր աստվածայնության ներսից եկող խոսքերն ուղղակիորեն ցույց են տրվում մարդկանց, ինչը կանխագուշակում է, որ մարդկության վերջին օրերը եկել են, և որ նրանց շատ ժամանակ չի մնացել։ Սա մարդկանց՝ փորձությունների ենթարկվելու նշաններից մեկն է այն ժամանակ, երբ Աստված հայտնվում է բյուրավոր մարդկանց։ Ուստի, թեև մարդիկ վայելում են Աստծու խոսքերը, միշտ չարագուշակ զգացողություն ունեն, կարծես մեծ արհավիրք է պատուհասելու նրանց։ Այսօրվա մարդիկ նման են սառած հողերում գտնվող ճնճղուկների, որոնց կարծես մահը պարտադրում է պարտքի մարում և նրանց ողջ մնալու ոչ մի ճանապարհ չի թողնում։ Մարդու ունեցած մահվան պարտքի պատճառով բոլոր մարդիկ զգում են, որ իրենց վերջին օրերը եկել են։ Սա այն է, ինչ տեղի է ունենում մարդկանց սրտերում ողջ տիեզերքում, և թեև դա չի բացահայտվում նրանց դեմքերին, այն, ինչ նրանց սրտերում է, անկարող է թաքնվել Իմ աչքերից. սա մարդու իրականությունն է։ Գուցե խոսքերից շատերը լիովին պատշաճորեն չեն օգտագործվում, բայց հենց այս խոսքերը բավարար են՝ խնդիրը ցույց տալու համար։ Աստծու բերանից ասված խոսքերից յուրաքանչյուրը կիրականանա՝ անցյալի լինի, թե ներկայի։ Դրանք կստիպեն, որ փաստերը հայտնվեն մարդկանց առջև՝ խնջույք նրանց աչքերի համար, որի ժամանակ կշլանան և կշփոթվեն։ Մի՞թե դեռ հստակորեն չես տեսել, թե այսօր ինչ դարաշրջան է։