Գլուխ 22 և Գլուխ 23
Այսօր բոլորը հոժարակամ են ընկալելու Աստծու մտադրությունները և ճանաչելու Աստծու բնույթը, սակայն ոչ ոք չգիտի պատճառը, թե ինչու են անկարող իրագործել այն, ինչ հոժարակամ են անելու, թե ինչու են իրենց սրտերը միշտ ապստամբում իրենց դեմ, և իրենք չեն կարողանում հասնել նրան, ինչ ուզում են։ Արդյունքում կրկին համակվում են ճնշող տխրությամբ, սակայն նաև վախեցած են։ Անկարող լինելով արտահայտել այս հակասական զգացմունքները՝ կարող են միայն վշտահար կախել իրենց գլուխները և անդադար խորհել․ «Մի՞թե Աստված լուսավորություն չի բերել ինձ։ Մի՞թե Աստված գաղտնաբար լքել է ինձ։ Գուցե մնացած բոլորի հետ ամեն բան կարգին է, և Աստված լուսավորություն է բերել նրանց բոլորին՝ բացի ինձնից։ Ինչո՞ւ եմ միշտ անհանգստություն զգում Աստծու խոսքերը կարդալիս․ ինչո՞ւ երբեք չեմ կարողանում որևէ բան ընկալել»։ Թեև նման մտքեր կան մարդկանց մտքում, ոչ ոք չի համարձակվում արտահայտել դրանք․ պարզապես շարունակում են ներքուստ պայքարել։ Իրականում ոչ ոք, բացի Աստծուց, ի վիճակի չէ հասկանալու Նրա խոսքերը կամ ընկալելու Նրա ճշմարիտ մտադրությունները։ Սակայն Աստված միշտ պահանջում է, որ մարդիկ ընկալեն Իր մտադրությունները․ մի՞թե սա նման չէ բադին թառին նստել ստիպելուն։ Մի՞թե Աստված անտեղյակ է մարդու թերություններին։ Սա Աստծու գործի մի պահ է, որը մարդիկ չեն կարողանում հասկանալ, և ուստի Աստված ասում է․ «Մարդն ապրում է լույսի մեջ, սակայն չգիտի լույսի արժեքը։ Նա անտեղյակ է լույսի էությանն ու լույսի աղբյուրին, և ավելին՝ թե ում է պատկանում լույսը»։ Համաձայն նրա, ինչ ասում են Աստծու խոսքերը, և ինչ են պահանջում դրանք, ոչ ոք չի վերապրի, քանզի մարդու մսեղիի մեջ չկա ոչինչ, որ ընդունում է Աստծու խոսքերը։ Ուստի Աստծու խոսքերին հնազանդվել կարողանալը, Աստծու խոսքերը փայփայելն ու դրանց տենչալը և Աստծու այն խոսքերը, որոնք մատնանշում են մարդու վիճակը, սեփական իրադրության վրա կիրառելը և դրանով իսկ ինքն իրեն ճանաչելն ամենաբարձր չափանիշն է։ Երբ թագավորությունն ի վերջո իրագործվի, մարդը, որն ապրում է մսեղիի մեջ, դեռևս անկարող կլինի ընկալել Աստծու մտադրությունները և դեռևս կունենա Նրա անձնական ուղղորդման կարիքը, սակայն մարդիկ պարզապես զերծ կլինեն Սատանայի անհանգստությունից և կունենան մարդու բնականոն կյանք․ սա է Աստծու՝ Սատանային պարտության մատնելու նպատակը, ինչը Նա անում է գլխավորապես Աստծու կողմից արարված մարդու սկզբնական բուն էությունը վերականգնելու համար։ Աստծու մտքում «մսեղին» վերաբերում է հետևյալին․ Աստծու բուն էությունը ճանաչելու անկարողությանը, հոգևոր ոլորտի գործերը տեսնելու անկարողությանը և, ավելին, Սատանայի կողմից ապականվելու, բայց նաև Աստծու Հոգու կողմից ուղղություն ստանալու ունակությանը։ Սա է Աստծու կողմից արարված մսեղիի էությունը։ Բնականաբար, այն նաև նախատեսված է խուսափելու մարդկության կյանքում այն քաոսից, որը կառաջացներ կարգուկանոնի բացակայությունը։ Որքան շատ է Աստված խոսում, և որքան հանգամանորեն է Նա բացատրում բաները, այնքան ավելի շատ են մարդիկ հասկանում։ Մարդիկ անգիտակցաբար փոխվում են և անգիտակցաբար ապրում են լույսի մեջ ու այսպիսով՝ «լույսի շնորհիվ նրանք աճում են և թողել են խավարը»։ Սա թագավորության գեղեցիկ տեսարանն է և «լույսի մեջ ապրելը, մահվանից հեռանալը», որի մասին հաճախ է խոսվել։ Երբ Սինիմն իրագործվի երկրի վրա, երբ թագավորությունն իրագործվի, երկրի վրա այլևս պատերազմ չի լինի, այլևս երբեք չեն լինի սովեր, ժանտախտներ և երկրաշարժեր, մարդիկ կդադարեն զենք արտադրել, բոլորը կապրեն խաղաղության և կայունության մեջ, և կլինեն բնականոն հարաբերություններ մարդկանց միջև ու բնականոն հարաբերություններ երկրների միջև։ Սակայն ներկան որևէ կերպ համեմատելի չէ սրա հետ։ Երկնքի տակ ամեն ինչ քաոսի մեջ է, և յուրաքանչյուր երկրում աստիճանաբար սկսում են հեղաշրջումներ ծագել։ Աստծու արտահայտումների հետևանքով մարդիկ աստիճանաբար փոխվում են, և յուրաքանչյուր երկիր կամաց-կամաց ներսում պառակտվում է։ Բաբելոնի ամուր հիմքերը սկսում են ցնցվել՝ ավազի վրա կառուցված ամրոցի պես, և քանի որ Աստծու մտադրությունները փոխվում են, աշխարհում աննկատ հսկայական փոփոխություններ են տեղի ունենում, և ցանկացած պահի հայտնվում են ամեն տեսակ նշաններ՝ ցույց տալով մարդկանց, որ աշխարհի վերջին օրը ժամանե՛լ է։ Սա Աստծու ծրագիրն է, և սրանք են այն քայլերը, որոնցով Նա գործում է։ Յուրաքանչյուր երկիր անշուշտ կմասնատվի, և հին Սոդոմը երկրորդ անգամ կբնաջնջվի։ Ուստի Աստված ասում է․ «Աշխարհն ընկնո՛ւմ է։ Բաբելոնը կաթվածահա՛ր է»։ Ոչ ոք, բացի Իրենից՝ Աստծուց, ի վիճակի չէ սա լիովին հասկանալու․ ի վերջո, մարդկանց իրազեկությունը սահման ունի։ Օրինակ՝ ներքին գործերի նախարարները գուցե գիտեն, որ ներկայիս հանգամանքներն անկայուն են և քաոսային, բայց անկարող են զբաղվել դրանցով։ Կարող են միայն ընթանալ հոսանքի ուղղությամբ՝ իրենց սրտերում հույսով սպասելով այն օրվան, երբ կկարողանան բարձր պահել իրենց գլուխները, այն օրվան, երբ արևը կրկին կծագի արևելքում՝ շողալով ողջ երկրով մեկ և շրջելով իրերի այս թշվառ վիճակը։ Սակայն չգիտեն, որ երբ արևը երկրորդ անգամ ծագի, դրա ծագելը նախատեսված չէ իրերի նախկին վիճակը վերականգնելու համար․ դա վերածնունդ է, հիմնավոր փոփոխություն։ Այսպիսին է Աստծու ծրագիրը ողջ տիեզերքի համար։ Նա սկիզբ կդնի նոր աշխարհի, բայց գլխավորապես նախ կնորացնի մարդուն։ Այսօր ամենակենսականը մարդկությանն Աստծու խոսքերի մեջ բերելն է, այլ ոչ թե պարզապես թույլ տալը, որ վայելեն իրենց կարգավիճակի օրհնությունը։ Ավելին, ինչպես Աստված է ասում․ «Թագավորության մեջ Ես Թագավոր եմ, բայց Ինձ որպես դրա Թագավոր վերաբերվելու փոխարեն՝ մարդն Ինձ վերաբերվում է որպես «Փրկչի, որ իջել է երկնքից»։ Արդյունքում տենչում է, որ իրեն ողորմություն տամ, և չի ձգտում Ինձ ճանաչելուն»։ Այսպիսին են բոլոր մարդկանց ճշմարիտ հանգամանքները։ Այսօր վճռորոշ է մարդու անհագ ագահությունը լիովին փարատելը՝ դրանով իսկ թույլ տալով մարդկանց ճանաչել Աստծուն՝ առանց որևէ բան խնդրելու։ Ուստի զարմանալի չէ, որ Աստված ասում է․ «Այնքան շատերն են մուրացկանների պես աղերսել Իմ առաջ․ այնքան շատերն են բացել իրենց «պարկերն» Իմ առաջ և աղաչել Ինձ, որ իրենց սնունդ տամ՝ գոյատևելու համար»։ Նման վիճակները մատնանշում են մարդկանց ագահությունը և ցույց են տալիս, որ մարդիկ չեն սիրում Աստծուն, այլ պահանջներ են դնում Նրանից կամ փորձում են ստանալ այն բաները, որոնց տենչում են։ Մարդիկ ունեն քաղցած գայլի բնություն․ բոլորը խորամանկ են ու ագահ, և ուստի Աստված նորից ու նորից պահանջներ է դնում նրանց դիմաց՝ ստիպելով հանձնել իրենց ագահ սրտերը և սիրել Աստծուն անկեղծ սրտերով։ Իրականում մինչ օրս մարդիկ դեռ պետք է իրենց ողջ սիրտը տան Աստծուն․ նստած են երկու նավակի վրա՝ երբեմն հենվելով իրենց վրա, երբեմն՝ Աստծու, առանց լիովին ապավինելու Նրան։ Երբ Աստծու գործը հասնի որոշակի կետի, բոլոր մարդիկ կապրեն ճշմարիտ սիրո և հավատի մեջ, ու Աստծու մտադրությունները կբավարարվեն․ այսպիսով՝ Աստծու պահանջները բարձր չեն։
Հրեշտակները շարունակ շարժվում են Աստծու որդիների և ժողովրդի մեջ՝ շտապելով երկնքի ու երկրի միջև և իջնելով մարդկային աշխարհ ամեն օր հոգևոր ոլորտ վերադառնալուց հետո։ Սա է նրանց պարտավորությունը, և այսպիսով՝ ամեն օր Աստծու որդիներին ու ժողովրդին հովվում են, և նրանց կյանքն աստիճանաբար փոխվում է։ Այն օրը, երբ Աստված կերպարանափոխի Իրեն, հրեշտակների գործը երկրի վրա պաշտոնապես կավարտվի, և նրանք կվերադառնան երկնային ոլորտ։ Այսօր Աստծու բոլոր որդիներն ու ժողովուրդը նույն իրադրության մեջ են։ Վայրկյանների ընթացքին զուգահեռ բոլոր մարդիկ փոխվում են, և Աստծու որդիներն ու ժողովուրդն աստիճանաբար հասունանում են։ Համեմատության համար՝ բոլոր ըմբոստները նույնպես փոխվում են մեծ կարմիր վիշապի առաջ․ մարդիկ այլևս հավատարիմ չեն մեծ կարմիր վիշապին, և դևերն այլևս չեն հետևում նրա կարգավորումներին։ Փոխարենը՝ նրանք «գործում են այնպես, ինչպես հարմար են համարում, և յուրաքանչյուրը գնում է իր սեփական ճանապարհով»։ Ուստի, երբ Աստված ասում է․ «Ինչպե՞ս կարող են երկրի վրայի պետությունները չկորչել։ Ինչպե՞ս կարող են երկրի վրայի պետությունները չընկնել», երկինքն ակնթարթորեն, անհետաձգելի կերպով ցած է իջնում… Կարծես չարագուշակ մի զգացում կա՝ մարդկության ելքի կանխազգացում։ Այստեղ մարգարեացված տարբեր չարագուշակ նշանները հենց այն են, ինչ տեղի է ունենում մեծ կարմիր վիշապի երկրում, և երկրի վրա ոչ ոք չի կարող խուսափել։ Այսպիսին է մարգարեությունն Աստծու խոսքերում։ Այսօր բոլոր մարդիկ կանխազգացում ունեն, որ ժամանակը կարճ է, և կարծես զգում են, որ ուր որ է աղետ է վրա հասնելու իրենց, սակայն փախչելու միջոց չունեն, և ուստի բոլորն անհույս են։ Աստված ասում է․ «Օրեցօր Ես զարդարում եմ Իմ թագավորության «ներքին սենյակը», և ոչ ոք երբեք հանկարծակի չի ներխուժել Իմ «աշխատասենյակ»՝ խաթարելու Իմ գործը»։ Իրականում Աստծու խոսքերի իմաստը պարզապես այն չէ, որ մարդիկ գուցե ճանաչեն Աստծուն Նրա խոսքերում։ Ամենից առաջ դրանք ցույց են տալիս, որ ամեն օր Աստված կարգավորում է ամեն տեսակ շարժընթաց ողջ տիեզերքում՝ Իր գործի հաջորդ մասին ծառայելու համար։ Պատճառը, որ Նա ասում է՝ «ոչ ոք երբեք հանկարծակի չի ներխուժել Իմ «աշխատասենյակ»՝ խաթարելու Իմ գործը», այն է, որ Աստված գործում է աստվածայնության մեջ, և մարդիկ անկարող են մասնակցել Նրա գործին, թեև գուցե ցանկանան։ Թույլ տո՛ւր հարցնել քեզ. մի՞թե իսկապես կարող ես կարգավորել ողջ տիեզերքի վիճակը։ Կարո՞ղ ես ստիպել երկրի մարդկանց ըմբոստանալ իրենց «նախնու» դեմ։ Կարո՞ղ ես մանևրել մարդկանց ողջ տիեզերքում՝ ծառայելու Աստծու կամքին։ Կարո՞ղ ես այնպես անել, որ Սատանան անկառավարելի դառնա։ Կարո՞ղ ես ստիպել մարդկանց զգալ, որ աշխարհն ամայի է ու դատարկ։ Մարդիկ ունակ չեն նման բաների։ Անցյալում, երբ Սատանայի «հմտությունները» դեռ լիովին գործողության մեջ չէին, այն միշտ անհանգստացնում էր Աստծու գործի յուրաքանչյուր փուլը․ այս փուլում Սատանայի հնարքները սպառվել են, և ուստի Աստված թույլ է տալիս նրան ցույց տալ իր իրական դեմքը, որպեսզի բոլոր մարդիկ ճանաչեն նրան։ Սա է «Ոչ ոք երբեք չի խաթարել Իմ գործը» խոսքերի ճշմարտությունը։
Ամեն օր եկեղեցիների մարդիկ կարդում են Աստծու խոսքերը և ամեն օր ենթարկվում են մանրամասն վերլուծման գործին «վիրահատական սեղանի» վրա։ Օրինակ՝ «իրենց դիրքը կորցնելը», «պաշտոնազրկվելը», «նրանք դառնում են զուսպ և անվախ», «լքելը» և ««զգացմունքներից» զուրկ լինելը»․ նման ծաղրական խոսքերը «տանջում են» մարդկանց և նրանց համր են դարձնում ամոթից։ Կարծես Աստված խոժոռված է նայում նրանց ողջ մարմնի յուրաքանչյուր մասին՝ ոտքից գլուխ, ներսից դուրս։ Ինչո՞ւ է Աստված Իր խոսքերով մարդկանց կյանքն այդքան մերկացնում։ Մի՞թե Աստված միտումնավոր դժվարացնում է մարդկանց վիճակը։ Կարծես բոլոր մարդկանց դեմքերը պատված են ցեխով, որը հնարավոր չէ լվանալ։ Ամեն օր գլխահակ հաշվետվություն են տալիս իրենց մեղքերի մասին՝ խարդախների պես։ Մարդիկ այնքան են ապականվել Սատանայի կողմից, որ լիովին տեղյակ չեն իրենց իսկ ճշմարիտ վիճակներին։ Բայց Աստծու համար Սատանայի թույնը նրանց մարմինների յուրաքանչյուր մասում է, անգամ նրանց ոսկրածուծի մեջ․ որպես արդյունք, որքան ավելի խորն են Աստծու մերկացումները, այնքան ավելի վախեցած են դառնում մարդիկ, և այսպիսով բոլոր մարդիկ ճանաչում են Սատանային ու տեսնում Սատանային մարդու մեջ, քանզի ունակ չեն եղել տեսնելու Սատանային իրենց անզեն աչքերով։ Եվ քանի որ ամեն ինչ մտել է իրականության մեջ, Աստված մերկացնում է մարդու բնությունը, այսինքն՝ մերկացնում է Սատանայի պատկերը և այսպիսով թույլ է տալիս մարդուն տեսնել իրական, շոշափելի Սատանային, որպեսզի ավելի լավ ճանաչի Գործնական Աստծուն։ Աստված թույլ է տալիս մարդուն ճանաչել Իրեն մսեղիի մեջ և կերպարանք է տալիս Սատանային՝ թույլ տալով մարդուն ճանաչել իրական, շոշափելի Սատանային բոլոր մարդկանց մսեղիի մեջ։ Տարբեր վիճակները, որոնց մասին խոսվում է, բոլորը Սատանայի գործերի արտահայտություններն են։ Եվ այսպես, կարելի է ասել՝ բոլոր նրանք, ովքեր մսեղիից են, Սատանայի պատկերի մարմնավորումներն են։ Աստված անհամատեղելի է Իր թշնամիների հետ․ նրանք թշնամական են միմյանց նկատմամբ և երկու տարբեր ուժեր են, հետևաբար դևերը հավերժ դևեր են, իսկ Աստված հավերժ Աստված է, նրանք նույնքան անհամատեղելի են, որքան կրակն ու ջուրը, միշտ նույնքան անջատ, որքան երկինքն ու երկիրը։ Երբ Աստված արարեց մարդուն, մի տեսակի մարդիկ ունեին հրեշտակների հոգիներ, մինչդեռ մյուս տեսակը հոգի չուներ, և այսպիսով վերջիններս համակված էին դևերի հոգիներով, ուստի և կոչվում են դևեր։ Ի վերջո հրեշտակները հրեշտակներ են, դևերը դևեր են, իսկ Աստված Աստված է։ Սա է նշանակում, որ յուրաքանչյուրը դասակարգվում է ըստ իր տեսակի, և այսպես, երբ հրեշտակները թագավորում են երկրի վրա և վայելում օրհնություններ, Աստված վերադառնում է Իր բնակության վայրը, իսկ մնացածը՝ Աստծու թշնամիները, մոխրի են վերածվում։ Իրականում բոլոր մարդիկ արտաքուստ կարծես սիրում են Աստծուն, բայց արմատը նրանց բուն էության մեջ է․ ինչպե՞ս կարող են հրեշտակների բնություն ունեցողները ազատվել Աստծու ձեռքից և ընկնել անհատակ անդունդը։ Եվ ինչպե՞ս կարող են դևերի բնություն ունեցողները երբևէ ճշմարտապես սիրել Աստծուն։ Նման մարդկանց էությունը Աստծու հանդեպ ճշմարիտ սեր չէ, ուստի ինչպե՞ս կարող են երբևէ հնարավորություն ունենալ մտնելու թագավորություն։ Ամեն ինչ կարգավորվեց Աստծու կողմից, երբ Նա արարեց աշխարհը, ճիշտ ինչպես Աստված ասում է․ «Ես առաջ եմ ընթանում քամու և անձրևի միջով ու տարին տարու հետևից անցկացրել եմ մարդկանց մեջ և ժամանակի ընթացքում հասել եմ մինչև մեր օրերը։ Մի՞թե սրանք հենց Իմ տնօրինման ծրագրի քայլերը չեն։ Ո՞վ է երբևէ ավելացրել Իմ ծրագրին։ Ո՞վ կարող է խուսափել Իմ ծրագրի քայլերից»։ Մսեղի դարձած լինելով՝ Աստված պետք է փորձառաբար ապրի մարդու կյանքը․ մի՞թե սա Գործնական Աստծու գործնական կողմը չէ։ Աստված ոչինչ չի թաքցնում մարդուց մարդու թուլության պատճառով․ փոխարենը՝ բացահայտում է ճշմարտությունը մարդուն, ճիշտ ինչպես Աստված ասում է․ «Տարին տարու հետևից անցկացրել եմ մարդկանց մեջ»։ Հենց այն պատճառով, որ Աստված մսեղի դարձած Աստված է, տարին տարու հետևից անցկացրել է երկրի վրա․ համապատասխանաբար, միայն ամեն տեսակ գործընթացների միջով անցնելուց հետո Նա կարող է համարվել մարմնացած Աստված և միայն դրանից հետո կարող է գործել մսեղիի ներսի աստվածայնության մեջ։ Ապա՝ բոլոր խորհուրդները բացահայտելուց հետո, կկարողանա կերպարանափոխել Իրեն։ Սա ոչ գերբնականության բացատրության մեկ այլ կողմ է, որն Աստված ուղղակիորեն մատնանշեց։
Անհրաժեշտ է հաղթահարել Աստծու յուրաքանչյուր խոսքի ստուգումը՝ առանց անփույթ լինելու․ սա Աստծու հանձնարարությունն է։