Իններորդ կետ. Կատարում են իրենց պարտավորությունը՝ միայն աչքի ընկնելու և իրենց սեփական շահերն ու փառասիրական ձգտումները բավարարելու համար. երբեք հաշվի չեն առնում Աստծու տան շահերը և նույնիսկ դավաճանում են այդ շահերին՝ դրանք փոխանակելով անձնական փառքի հետ (Մաս երրորդ)
II. Հակաքրիստոսների շահերը
Բ. Նրանց սեփական հեղինակությունն ու կարգավիճակը
Անցյալ անգամ հաղորդակցվեցինք հակաքրիստոսների տարբեր դրսևորումների իններորդ կետի շուրջ։ Եկեք պարզապես ամփոփենք դա։ Քանի՞ ենթաբաժնի բաժանեցինք հակաքրիստոսների շահերը՝ մեր մանրամասն վերլուծելու համար։ (Երեք ենթաբաժնի։ Առաջինը հակաքրիստոսների սեփական անվտանգությունն էր, երկրորդը՝ նրանց սեփական հեղինակությունն ու կարգավիճակը, իսկ երրորդը՝ օգուտները։) Հակաքրիստոսներին վերաբերող շահերը ներառում են այս երեք ենթաբաժինները՝ նրանց սեփական անվտանգությունը, կարգավիճակը և նրանց անձնական օգուտները, ճի՞շտ է։ (Այո։) Առաջին ենթաբաժինը՝ նրանց սեփական անվտանգությունը, համեմատաբար հեշտ է հասկանալ։ Այն վերաբերում է վտանգավոր միջավայրերին, որոնց նրանք բախվում են, և շոշափում է հակաքրիստոսների անմիջական շահերը՝ նրանց անձնական անվտանգությունը։ Հիմնականում ավարտել ենք այս ենթաբաժնի մասին հաղորդակցվելը։ Երկրորդ ենթաբաժինը նրանց սեփական հեղինակությունն ու կարգավիճակն է։ Անցյալ անգամ հաղորդակցվեցինք դրա որոշ դրսևորումների շուրջ, բայց բավականին ընդհանուր եզրույթներով։ Ես համարում եմ, որ բոլորդ պարզապես հայեցակարգային ըմբռնում և գիտելիք ունեք այս ենթաբաժնի վերաբերյալ։ Եթե որոշ օրինակներ չբերեմ և մանրամասն, կոնկրետ վերլուծություն չտրամադրեմ, գուցե միայն փոքր-ինչ վարդապետական և տառացի հասկացողություն ունենաք հակաքրիստոսների էության ու դրսևորումների այս տեսանկյան վերաբերյալ և գուցե չկարողանաք ճանաչել այս իրական, կոնկրետ բացահայտումներից ու դրսևորումներից որևէ մեկը։ Ձեր տեսանկյունից, երբ խոսքը վերաբերում է այս թեմաների մասին հաղորդակցվելուն, որքան որոշակի լինի, այնքան լավ, ճի՞շտ է։ (Այո։) Դուք սիրում եք պատրաստի բաներ լսել, չեք սիրում ինքնուրույն գլուխ հանել։ Այս քարոզները լսելուց հետո որոշակի տնային աշխատանք անո՞ւմ եք։ Եթե չափազանց մանրամասն հաղորդակցվեմ, ձեզ կթվա, թե չափազանց մանրախնդիր և շատախո՞ս եմ։ Գուցե ասեք. «Դուք իսկապես թերագնահատում եք մեր մտավոր գործակիցը, մի՞թե իսկապես այդքան ցածր որակ ունենք։ Բավական է, որ պարզապես մեկ կամ երկու օրինակ բերեք։ Նաև, երբ խոսքը վերաբերում է հակաքրիստոսների էությունը մանրամասն վերլուծելուն, արդեն բավականին շատ ենք հաղորդակցվել կարգավիճակի և իշխանության հանդեպ նրանց սիրո հետ կապված բաների շուրջ։ Ինչո՞ւ է հակաքրիստոսների շահերի շուրջ հաղորդակցությունը նույնպես շոշափում այս թեման։ Մի՞թե դա չափազանց կրկնվող և մանրախնդիր չէ։ Արդյոք իսկապե՞ս անհրաժեշտ է հաղորդակցվել սրա շուրջ»։ Իրականում մի փոքր կրկնությունը վատ բան չէ։ Եթե հաղորդակցվենք բոլոր տեսանկյուններից, ավելի հանգամանալի հասկացողություն կունենաք հակաքրիստոսների էության այս տեսանկյան վերաբերյալ։ Ավելին՝ ճշմարտության մասին հաղորդակցվելիս չպետք է խուսափեք կրկնությունից։ Կան որոշ ճշմարտություններ, որոնց շուրջ տարիներ շարունակ հաղորդակցվել են, սակայն մարդիկ մուտք չեն գործել դրանց մեջ։ Արդյոք ճի՞շտ է միշտ ձգտել խուսափելու կրկնությունից և միշտ նոր ոճեր ու արտահայտություններ փնտրել։ (Սխալ է։) Ճշմարտությունն ինքնին սերտորեն կապված է մարդկանց կյանքերի հետ։ Բոլոր այն տարբեր բաներն ու ապականված խառնվածքները, որ մարդիկ բացահայտում են իրենց կյանքում, նրանց դրսևորումները և այն տեսակետներն ու վերաբերմունքը, որ նրանք ունեն ամեն տեսակ բաների նկատմամբ, ամեն օր անընդհատ կրկնվում են։ Ճշմարտության շուրջ հաղորդակցվելը և տարբեր բովանդակություններ ու էություններ տարբեր տեսանկյուններից մանրամասն վերլուծելը միանգամայն օգտակար է ճշմարտության մեջ մարդկանց մուտքի համար։ Անցյալ անգամ պարզ, ընդհանուր եզրույթներով հաղորդակցվեցինք հակաքրիստոսների շահերի երկրորդ ենթաբաժնի՝ նրանց սեփական հեղինակության և կարգավիճակի շուրջ։ Այսօր որոշ օրինակներ կբերեմ, որպեսզի կարողանանք մանրամասն հաղորդակցվել սրա շուրջ։ Իհարկե, եթե Իմ հաղորդակցության հիման վրա որոշակի նոր հասկացողություն եք ձեռք բերել կամ որոշակի հայտնություն կամ լույս եք ստացել, կամ եթե ձեր սեփական փորձառության կամ կյանքի ընթացքում որոշ համապատասխան օրինակներ տեսել, կարող եք նաև մասնակցել հաղորդակցությանը։ Հաջորդիվ եկեք հատկապես մանրամասն վերլուծենք հակաքրիստոսների շահերի տեսանկյունից, թե ինչ են դրսևորում հակաքրիստոսները, երբ խոսքը վերաբերում է իրենց սեփական հեղինակությանն ու կարգավիճակին, ինչպիսի ապականված խառնվածքներ են բացահայտում հակաքրիստոսները, և ինչ ուղիներով են հակաքրիստոսները բացահայտում նման բնական էություններ։
Հակաքրիստոսների՝ իրենց հեղինակությունն ու կարգավիճակը փայփայելը գերազանցում է սովորական մարդկանց վերաբերմունքը և մի բան է, որը գտնվում է նրանց խառնվածքի էության մեջ։ Դա ժամանակավոր հետաքրքրություն կամ նրանց շրջապատի անցողիկ ազդեցությունը չէ, այլ մի բան է նրանց կյանքի, նրանց ոսկորների մեջ, և ուստի դա նրանց էությունն է։ Այսինքն՝ այն ամենում, ինչ հակաքրիստոսներն անում են, նրանց առաջին նկատառումն իրենց սեփական հեղինակությունն ու կարգավիճակն է, ուրիշ ոչինչ։ Հակաքրիստոսների համար հեղինակությունն ու կարգավիճակը նրանց կյանքն են և այն նպատակը, որին նրանք ձգտում են իրենց ողջ կյանքի ընթացքում։ Այն ամենում, ինչ նրանք անում են, նրանց առաջին նկատառումն է. «Ի՞նչ կպատահի իմ կարգավիճակին։ Իսկ իմ հեղինակությա՞նը։ Արդյոք սա անելն ինձ լավ հեղինակություն կտա՞։ Արդյոք կբարձրացնի՞ իմ կարգավիճակը մարդկանց մտքում»։ Դա առաջին բանն է, որի մասին նրանք մտածում են, ինչը բավարար ապացույց է, որ նրանք հակաքրիստոսների խառնվածք և էություն ունեն, և հենց դրա պատճառով է, որ նրանք այսպես են դիտարկում բաները։ Կարելի է ասել, որ հակաքրիստոսների համար հեղինակությունն ու կարգավիճակը որևէ լրացուցիչ պահանջ չեն, առավել ևս նրանց համար արտաքին բաներ չեն, առանց որոնց նրանք կարող էին ապրել։ Դրանք հակաքրիստոսների բնության մի մասն են, դրանք նրանց ոսկորների, նրանց արյան մեջ են, դրանք բնածին են նրանց համար։ Հակաքրիստոսներն անտարբեր չեն այն բանի նկատմամբ, թե արդյոք ունեն հեղինակություն և կարգավիճակ. սա նրանց վերաբերմունքը չէ։ Այդ դեպքում ո՞րն է նրանց վերաբերմունքը։ Հեղինակությունն ու կարգավիճակը սերտորեն կապված են նրանց առօրյա կյանքի, նրանց ամենօրյա վիճակի, այն բանի հետ, ինչին նրանք ձգտում են ամեն օր։ Հակաքրիստոսների համար կարգավիճակն ու հեղինակությունը նրանց կյանքն են։ Անկախ նրանից՝ ինչպես են ապրում, անկախ նրանից, թե ինչ միջավայրում են ապրում, անկախ նրանից, թե ինչ աշխատանք են կատարում, անկախ նրանից, թե ինչի են ձգտում, որոնք են նրանց նպատակները, որն է նրանց կյանքի ուղղությունը, այդ ամենը պտտվում է լավ հեղինակություն և բարձր կարգավիճակ ունենալու շուրջ։ Եվ այս նպատակը չի փոխվում, նրանք երբեք չեն կարող մի կողմ դնել նման բաները։ Սա հակաքրիստոսների իրական դեմքն է և նրանց էությունը։ Կարող եք նրանց դնել լեռների խորքում գտնվող կուսական անտառում և, միևնույն է, բաց չեն թողնի հեղինակության և կարգավիճակի իրենց ձգտումը։ Կարող եք նրանց դնել մարդկանց ցանկացած խմբի մեջ, և այն ամենը, ինչի մասին կարող են մտածել, միևնույն է, հեղինակությունն ու կարգավիճակն են։ Թեև հակաքրիստոսները հավատում են Աստծուն, նրանք հեղինակության և կարգավիճակի ձգտումը նույնացնում են Աստծու հանդեպ հավատքի հետ և այս երկու բաները դնում են հավասար հարթության վրա։ Այսինքն՝ Աստծուն հավատալու ճանապարհով քայլելիս նրանք ձգտում են նաև իրենց սեփական հեղինակությանն ու կարգավիճակին։ Կարելի է ասել, որ հակաքրիստոսների սրտերում Աստծուն հավատալու մեջ ճշմարտությանը ձգտելը հեղինակության և կարգավիճակի ձգտելն է, իսկ հեղինակության և կարգավիճակի ձգտելը նաև ճշմարտությանը ձգտելն է, հեղինակություն և կարգավիճակ ձեռք բերելը ճշմարտություն և կյանք ձեռք բերելն է։ Եթե նրանք զգում են, որ համբավ, շահ կամ կարգավիճակ ձեռք չեն բերել, որ ոչ ոք չի հարգում իրենց, բարձր չի գնահատում կամ չի հետևում իրենց, ապա վհատվում են, կարծում են, որ Աստծուն հավատալն իմաստ չունի, արժեք չունի և ներքուստ մտածում են. «Արդյոք ձախողվե՞լ եմ՝ այսպես հավատալով Աստծուն։ Ինձ համար հույս չկա՞»։ Նրանք հաճախ են նման բաներ հաշվարկում իրենց սրտերում։ Հաշվարկում են, թե ինչպես կարող են իրենց համար տեղ զբաղեցնել Աստծու տանը, ինչպես կարող են բարձր հեղինակություն ունենալ եկեղեցում, ինչպես կարող են մարդկանց մղել լսելու, երբ խոսում են, և գովերգել իրենց, երբ գործում են, ինչպես կարող են մարդկանց մղել հետևելու իրենց՝ անկախ նրանից, թե որտեղ են, և ինչպես կարող են ազդեցիկ ձայն ունենալ եկեղեցում, ինչպես նաև համբավ, շահ և կարգավիճակ։ Իրենց սրտերում նրանք իսկապես կենտրոնանում են նման բաների վրա։ Սրանք են այն բաները, որոնց նման մարդիկ ձգտում են։ Ինչո՞ւ են նրանք միշտ կարևորում նման բաները։ Աստծու խոսքերը կարդալուց հետո, քարոզներ լսելուց հետո մի՞թե իսկապես չեն հասկանում այս ամենը, մի՞թե իսկապես ի վիճակի չեն զանազանելու այս ամենը։ Արդյոք Աստծու խոսքերն ու ճշմարտությունն իսկապես ի վիճակի չե՞ն փոխելու նրանց պատկերացումները, գաղափարներն ու կարծիքները։ Ամենևին էլ այդպես չէ։ Խնդիրը նրանց մեջ է, դա ամբողջովին այն պատճառով է, որ նրանք չեն սիրում ճշմարտությունը, որովհետև իրենց սրտերում հակակրանք են տածում ճշմարտության հանդեպ և արդյունքում լիովին անընդունակ են ընկալելու ճշմարտությունը, ինչը որոշվում է նրանց բնական էությամբ։
Աստծու խոսքերն ու ճշմարտությունը լսելուց հետո հակաքրիստոսները կարծես ուղղություն են գտնում իրենց սրտերում։ Բայց իրականում ի՞նչ է այսպես կոչված ուղղությունը։ Դա նրանց կողմից մի տեսակ գործիք, կամ, կարելի է ասել, մի տեսակ օգտակար զենք ձեռք բերելն է, որը հնարավորություն է տալիս նրանց էլ ավելի վստահ լինելու կարգավիճակ ձեռք բերելու հարցում։ Ուստի օգտագործում են այս հնարավորությունը՝ ավելի շատ լսելու, ավելի շատ կարդալու, ավելի շատ սովորելու, ավելի շատ հաղորդակցվելու և ավելի շատ կիրառելու համար և աստիճանաբար հասնում են այն կետին, որտեղ կարող են բազմաթիվ բառերի ու վարդապետությունների մասին խոսել և քարոզել մի շարք այսպես կոչված քարոզներ, որոնք հիշարժան են և մարդկանց մղել հարգելու իրենց։ Երբ ըմբռնում են այս վարդապետությունները, որոնք մարդիկ լավն են համարում իրենց տառացի իմաստով, կարծես փրկօղակ են բռնում և ուղղություն ու լուսաբացի լույս են գտնում։ Ուստի հակաքրիստոսները քարոզներ չեն լսում և Աստծու խոսքերը չեն կարդում հանուն իրենց կիրառման կամ Աստծու ճանապարհին հետևելու համար և հաստատապես չեն անում այս բաները՝ Նրա մտադրությունները հասկանալու համար։ Նրանք այս բաներն անում են, որպեսզի կարողանան շահել մարդկանց և գայթակղել ավելի շատ մարդկանց՝ երկրպագելու և հետևելու իրենց՝ օգտագործելով Աստծու խոսքերը, կամ օգտագործելով այն տեսությունները, որոնք իրենք հոգևոր են համարում, կամ վեհ քարոզներ քարոզելով։ Աննկատելիորեն Աստծու խոսքերը, ճշմարտությունը և Նրա ճանապարհը դառնում են մի տեսակ ուղի, մի տեսակ սանդուղք և մի տեսակ գործիք, որն այս մարդիկ օգտագործում են ուրիշների շրջանում կարգավիճակ և հեղինակություն ձեռք բերելու համար։ Հետևաբար, անկախ նրանից, թե որ տեսանկյունից եք նայում դրան, չեք կարողանա որևէ իսկական հավատք կամ որևէ իրական հնազանդություն գտնել հակաքրիստոսների մեջ։ Ընդհակառակը, անկախ նրանից՝ որքան ջանք են գործադրում քարոզներ լսելու և Աստծու խոսքերը կարդալու համար, և անկախ նրանից՝ որքան «բարեպաշտ» է թվում նրանց հավատքը Նրա խոսքերի հանդեպ, մի բան կա, որը հնարավոր չէ հերքել, այն, որ մինչ հակաքրիստոսներն անում են այս բաները, նրանց մտադրությունն ու ծրագիրն Աստծու կամքին հետևելը չէ և հաստատ իրենց պարտավորությունները լավ կատարելը չէ։ Նրանք չեն ցանկանում լինել ամենափոքր հետևորդները կամ լինել արարածներ՝ պարտաճանաչորեն և խելոք կերպով ընդունելով Աստծու հանձնարարությունը և Նրա գերիշխանությունն ու կարգավորումները։ Ավելի շուտ նրանք պարզապես ցանկանում են օգտագործել այս բաները՝ հասնելու իրենց անհատական նպատակներին, տեղ ձեռք բերելու ուրիշների սրտերում և դրական գնահատական ստանալու Աստծու առջև. սա է այն ամենը, ինչ նրանք ուզում են։ Ուստի, անկախ նրանից՝ հակաքրիստոսներն ինչպես են քարոզում Աստծու խոսքերը և անկախ նրանից՝ որքան ճիշտ, վեհ, հոգևոր և մարդկանց ճաշակին համապատասխանող են նրանց քարոզած քարոզները, նրանք զրոյական կիրառում և մուտք կունենան։ Միևնույն ժամանակ կարգավիճակի և հեղինակության նրանց ձգտումն ավելի ու ավելի շատ «պտուղներ» կտա։ Ինչո՞ւ եմ ասում սա։ Ասում եմ, որովհետև անկախ նրանից, թե նման մարդիկ ինչ են անում, ինչի են կարողանում հասնել մեծ ջանքերի շնորհիվ, որ ուղղությանն ու նպատակներին են ձգտում և ինչ շարժառիթ ու ելակետ են փայփայում իրենց սրտերի խորքում, երբ գործում են, չեն կարող տարանջատվել այն կարգավիճակից և հեղինակությունից, որն այդքան սերտորեն միահյուսված է իրենց սեփական շահերին։
Ասված է, որ ինչ ցանես, այն էլ կհնձես։ Անկախ նրանից՝ հակաքրիստոսներն ինչպիսի լավ որակ և շնորհներ ունեն, կամ ինչպիսի բարեպաշտ ու հոգևոր դրսևորումներ են ցուցաբերում, քանի որ փայփայում են իշխանություն բանեցնելու և Աստծու ընտրյալ ժողովրդին վերահսկելու փառասիրական ձգտումն ու նկրտումը, և քանի որ չեն ձգտում ճշմարտությանը և ձգտում են միայն հեղինակության ու կարգավիճակի, կարո՞ղ են արդյոք կիրառել ըստ Աստծու պահանջների։ Կարո՞ղ են արդյոք իրենց գործողություններում համապատասխանել այն չափանիշներին, որոնք Աստված պահանջում է։ (Ոչ։) Ուստի իրականում ի՞նչ հետևանքների կհանգեցնեն նրանց գործողություններն ու վարքագիծը։ (Միանշանակ նրան, որ նրանք կստեղծեն իրենց սեփական անկախ թագավորությունը և կթելադրեն իրենց կանոնները։) Ճիշտ է։ Անկախ նրանից՝ ինչ են անում հակաքրիստոսները, սա է վերջնական արդյունքը։ Ուստի ի՞նչն է առաջացնում այս հետևանքը։ Դա հիմնականում պայմանավորված է ճշմարտությունն ընդունելու նրանց անկարողությամբ։ Անկախ նրանից՝ նրանք էտվում են, դատվում, թե պատժվում, հակաքրիստոսներն իրենց սրտերում չեն ընդունի դա։ Անկախ նրանից, թե ինչ են անում, հակաքրիստոսները միշտ ունեն իրենց սեփական նպատակներն ու մտադրությունները, միշտ գործում են իրենց սեփական ծրագրի համաձայն, և Աստծու տան կարգավորումների ու աշխատանքի նկատմամբ նրանց վերաբերմունքն այսպիսին է. «Կարող ես հազարավոր փայլուն ծրագրեր ունենալ, բայց ես իմ սեփական կանոններն ունեմ»։ Այս ամենը որոշվում է հակաքրիստոսների բնությամբ։ Կարո՞ղ են արդյոք հակաքրիստոսները փոխել իրենց մտածելակերպը և գործել ըստ ճշմարտության սկզբունքների։ Դա բացարձակապես անհնար կլիներ, քանի դեռ Վերևն ուղղակիորեն չի պահանջել նրանցից անել դա, որի դեպքում կկարողանան դժկամությամբ փոքր-ինչ անել՝ անհրաժեշտությունից ելնելով։ Եթե ընդհանրապես ոչինչ չանեին, կմերկացվեին և կպաշտոնազրկվեին։ Միայն այս հանգամանքներում են ի վիճակի փոքր-ինչ իրական աշխատանք կատարելու։ Սա այն վերաբերմունքն է, որը հակաքրիստոսներն ունեն պարտավորություններ կատարելու նկատմամբ։ Սա նաև այն վերաբերմունքն է, որը նրանք ունեն ճշմարտությունը կիրառելու նկատմամբ։ Երբ ճշմարտությունը կիրառելը շահավետ է նրանց համար, երբ բոլորը հավանություն կտան նրանց և կհիանան նրանցով դրա համար, անպայման կանեն դա և որոշակի ձևական ջանքեր կգործադրեն, որոնք ուրիշների համար ընդունելի կթվան։ Եթե ճշմարտությունը կիրառելը նրանց ոչ մի օգուտ չի տալիս, եթե ոչ ոք չի տեսնում, և վերադաս առաջնորդողները չեն տեսնում դա, ապա նման ժամանակներում խոսք անգամ լինել չի կարող այն մասին, որ կիրառեն ճշմարտությունը։ Նրանց կողմից ճշմարտության կիրառումը կախված է համատեքստից և իրավիճակից, և մտածում են, թե ինչպես կարող են անել դա այնպես, որ տեսանելի լինի ուրիշներին, և թե որքան մեծ կլինեն օգուտները։ Նրանք հնարամտորեն ընկալում են այս բաները և կարող են հարմարվել տարբեր իրավիճակների։ Նրանք մշտապես հաշվի են առնում իրենց սեփական համբավը, շահը և կարգավիճակը և ամենևին հաշվի չեն առնում Աստծու մտադրությունները և դրանում թերանում են ճշմարտությունը կիրառելու և սկզբունքները պահպանելու հարցում։ Հակաքրիստոսները միայն ուշադրություն են դարձնում իրենց սեփական համբավին, շահին, կարգավիճակին, անձնական շահերին և նրանց որևէ օգուտ չստանալը կամ իրենց ի ցույց չդնելն անընդունելի է, իսկ ճշմարտության կիրառումը նրանց համար անհանգստացնող է։ Եթե նրանց ջանքերը չեն ճանաչվում, և նույնիսկ եթե նրանք աշխատում են ուրիշների առջև, բայց իրենց աշխատանքը չի երևում, ապա ընդհանրապես ոչ մի ճշմարտություն չեն կիրառի։ Եթե աշխատանքն ուղղակիորեն կազմակերպվում է Աստծու տան կողմից, և այլ ելք չունեն, քան անել այն, միևնույն է, հաշվի են առնում, թե արդյոք դա օգուտ կտա իրենց կարգավիճակին և հեղինակությանը։ Եթե դա լավ է նրանց կարգավիճակի համար և կարող է բարելավել նրանց հեղինակությունը, իրենց ողջ ունեցածը ներդնում են այս աշխատանքի մեջ և լավ են կատարում այն։ Զգում են, որ մեկ կրակոցով երկու նապաստակ են սպանում։ Եթե դա ոչ մի օգուտ չի տալիս նրանց համբավին, շահին և կարգավիճակին, և դա վատ անելը կարող է վարկաբեկել իրենց, միջոց կամ արդարացում են մտածում դրանից խուսափելու համար։ Անկախ նրանից՝ ինչ պարտավորություն են կատարում հակաքրիստոսները, միշտ հավատարիմ են մնում նույն սկզբունքին։ Նրանք պետք է որոշակի օգուտ ստանան հեղինակության, կարգավիճակի կամ իրենց շահերի առումով, և չպետք է որևէ կորուստ կրեն։ Այն աշխատանքը, որը հակաքրիստոսներն ամենաշատն են սիրում, այն է, երբ ստիպված չեն տառապել կամ որևէ գին վճարել, և օգուտ կա իրենց հեղինակության և կարգավիճակի համար։ Մի խոսքով, անկախ նրանից՝ ինչ են անում, հակաքրիստոսները նախ հաշվի են առնում իրենց սեփական շահերը և գործում են միայն այն բանից հետո, երբ ամեն ինչ մտածել են։ Նրանք իսկապես, անկեղծորեն և բացարձակապես չեն հնազանդվում ճշմարտությանն առանց փոխզիջման, այլ անում են դա ընտրողաբար և պայմանականորեն։ Ի՞նչ պայման է սա։ Այն է, որ նրանց կարգավիճակն ու հեղինակությունը պետք է պաշտպանված լինեն և չպետք է որևէ կորուստ կրեն։ Միայն այս պայմանը բավարարելուց հետո նրանք կորոշեն և կընտրեն, թե ինչ անել։ Այսինքն՝ հակաքրիստոսները լրջորեն մտածում են, թե ինչպես վերաբերվել ճշմարտության սկզբունքներին, Աստծու հանձնարարություններին և Աստծու տան գործին, կամ ինչպես վարվել այն բաների հետ, որոնց բախվում են։ Նրանք չեն մտածում, թե ինչպես բավարարել Աստծու մտադրությունները, ինչպես զերծ մնալ Աստծու տան շահերը վնասելուց, ինչպես բավարարել Աստծուն կամ ինչպես օգուտ տալ եղբայրներին և քույրերին։ Սրանք այն բաները չեն, որոնք նրանք հաշվի են առնում։ Ի՞նչ են հաշվի առնում հակաքրիստոսները։ Արդյոք իրենց սեփական կարգավիճակն ու հեղինակությունը կտուժե՞ն, և արդյոք իրենց հեղինակությունը կնվազի՞։ Եթե ըստ ճշմարտության սկզբունքների ինչ-որ բան անելն օգուտ է տալիս եկեղեցու աշխատանքին և եղբայրներին ու քույրերին, բայց կհանգեցնի նրան, որ իրենց սեփական հեղինակությունը կտուժի և շատ մարդկանց կստիպի գիտակցել իրենց իրական հասակը և իմանալ, թե ինչպիսի բնական էություն ունեն, ապա նրանք հաստատ չեն գործի ըստ ճշմարտության սկզբունքների։ Եթե որոշակի իրական աշխատանք կատարելը կստիպի ավելի շատ մարդկանց բարձր կարծիք ունենալ իրենց մասին, հարգել իրենց և հիանալ իրենցով, թույլ կտա էլ ավելի մեծ հեղինակություն ձեռք բերել, կամ նրանց խոսքերին հնարավորություն կտա իշխանություն կրելու և ավելի շատ մարդկանց կմղի հնազանդվելու իրենց, ապա կընտրեն դա այդպես անելը։ Հակառակ դեպքում երբեք չեն ընտրի իրենց սեփական շահերն անտեսելը՝ հանուն Աստծու տան կամ եղբայրների և քույրերի շահերի։ Սա հակաքրիստոսների բնական էությունն է։ Մի՞թե այն եսասեր և արհամարհելի չէ։ Ցանկացած իրավիճակում հակաքրիստոսներն իրենց կարգավիճակն ու հեղինակությունը համարում են չափազանց կարևոր։ Ոչ ոք չի կարող մրցել նրանց հետ։ Անկախ նրանից՝ ինչ մեթոդ է պահանջվում, քանի դեռ այն շահում է մարդկանց և ուրիշներին մղում երկրպագելու իրենց, հակաքրիստոսները կանեն դա։ Եթե մեկ ուրիշը Աստծու ընտրյալ ժողովրդի կողմից հարգվում և հավանության է արժանանում՝ Աստծու համար վկայություն կրելու համար, հակաքրիստոսները նույնպես կօգտագործեն այս մեթոդը՝ մարդկանց շահելու համար։ Բայց հակաքրիստոսները չունեն ճշմարտություն կամ գործնական փորձառություն, ուստի գլուխ են կոտրում՝ ստեղծելով տեսությունների մի շարք, որոնք վկայություն են կրում Աստծու համար՝ հիմնվելով մարդկային երևակայությունների վրա, խոսելով այն մասին, թե որքան մեծ է Աստված, որքան շատ է Աստված սիրում մարդուն, ինչպես է Աստված գին վճարում մարդուն փրկելու համար, և որքան շատ է Աստված խոնարհեցնում և թաքցնում Իրեն։ Այսկերպ Աստծու մասին վկայելուց հետո այն արդյունքը, որին հասնում են, այն է, որ մարդիկ էլ ավելի են հարգում իրենց և ավելի շատ տեղ ունեն նրանց համար իրենց սրտերում և ոչ մի տեղ չունեն Աստծու համար։ Եթե տեսնում են, որ ինքնաճանաչողության մասին խոսելը կարող է ավելի շատ մարդկանց մղել վստահելու, հարգելու և բարձր գնահատելու իրենց, հաճախ կխոսեն իրենց ճանաչելու մասին և հաճախ մանրամասն կվերլուծեն իրենց։ Մանրամասն կվերլուծեն այն փաստը, որ իրենք դև են, որ մարդ չեն, որ ողջամտություն չունեն, որ չեն ձգտում ճշմարտությանը և որ չունեն ճշմարտությունը։ Կհաղորդակցվեն մի քանի թվացյալ ճշմարիտ, աննշան թեմաների մասին՝ ուրիշներին մոլորեցնելու, նրանց վստահությունը շահելու և ավելի շատ մարդկանց ստիպելու գովաբանել և հարգել իրենց։ Այսպես են գործում հակաքրիստոսները։ Եթե փորձառական վկայությամբ կիսվելու որոշակի մեթոդ նրանց հնարավորություն կտա ձեռք բերելու ուրիշ մարդկանց հավանությունն ու հիացմունքը, չեն վարանի օգտագործել այն։ Նրանք իսկապես կկենտրոնանան, ջանք կգործադրեն և գլուխ կկոտրեն այս մեթոդի վրա։ Մի խոսքով, այս ամենն անելիս նրանց նպատակն ու շարժառիթը պտտվում են միայն կարգավիճակի և հեղինակության շուրջ։ Անկախ նրանից՝ դա նրանց արտաքին լեզուն է, մեթոդները, վարքագիծը, թե մի տեսակ միտք, տեսակետ կամ ձգտման մեթոդ, այս բոլոր բաները պտտվում են հեղինակության և կարգավիճակի շուրջ։ Սա այն ձևն է, որով աշխատում են հակաքրիստոսները։
Հակաքրիստոսների համար, եթե իրենց հեղինակությունը կամ կարգավիճակը հարձակման է ենթարկվում և խլվում, դա ավելի լուրջ հարց է, քան իրենց կյանքը խլելու փորձը։ Անկախ նրանից՝ որքան քարոզներ են լսում կամ Աստծու որքան խոսքեր են կարդում, նրանք տխրություն կամ զղջում չեն զգա երբեք ճշմարտությունը չկիրառելու և հակաքրիստոսների ուղին բռնելու համար, ոչ էլ հակաքրիստոսների բնական էություն ունենալու համար։ Փոխարենը միշտ գլուխ են կոտրում՝ կարգավիճակ ձեռք բերելու և իրենց հեղինակությունը բարձրացնելու ուղիներ գտնելու համար։ Կարելի է ասել, որ այն ամենը, ինչ անում են հակաքրիստոսները, արվում է ուրիշների առջև ի ցույց դնելու համար և չի արվում Աստծու առջև։ Ինչո՞ւ եմ ասում սա։ Որովհետև նման մարդիկ այնքան են սիրում կարգավիճակը, որ դրան վերաբերվում են որպես իրենց բուն կյանքի, որպես իրենց ողջ կյանքի նպատակի։ Ավելին՝ քանի որ նրանք այդքան շատ են սիրում կարգավիճակը, երբեք չեն հավատում ճշմարտության գոյությանը և նույնիսկ կարելի է ասել, որ բացարձակապես չեն հավատում Աստծու գոյությանը։ Այսպիսով՝ անկախ նրանից՝ ինչպես են նրանք հաշվարկում հեղինակություն և կարգավիճակ ձեռք բերելու համար և անկախ նրանից՝ ինչպես են փորձում կեղծ արտաքինով խաբել մարդկանց և Աստծուն, իրենց սրտերի խորքում ոչ մի գիտակցում կամ խղճի խայթ չունեն, էլ չենք խոսում որևէ անհանգստության մասին։ Հեղինակության և կարգավիճակի իրենց հետևողական ձգտման մեջ նրանք նաև անհիմն կերպով ժխտում են այն, ինչ Աստված արել է։ Ինչո՞ւ եմ ասում դա։ Հակաքրիստոսներն իրենց սրտերի խորքում կարծում են. «Ամբողջ հեղինակությունն ու կարգավիճակը վաստակվում են սեփական ջանքերի շնորհիվ։ Միայն մարդկանց մեջ ամուր հենարան ձեռք բերելով և հեղինակություն ու կարգավիճակ ձեռք բերելով նրանք կարող են վայելել աստծու օրհնությունները։ Կյանքն արժեք ունի միայն այն ժամանակ, երբ մարդիկ բացարձակ իշխանություն և կարգավիճակ են ձեռք բերում։ Միայն սա է մարդու պես ապրելը։ Հակառակ դրան՝ անօգուտ կլիներ ապրել այնպես, ինչպես ասվում է աստծու խոսքում՝ ամեն ինչում հնազանդվել աստծու գերիշխանությանն ու կարգավորումներին, հոժարակամորեն կանգնել արարածի դիրքում և ապրել բնականոն մարդու պես. ոչ ոք չէր հարգի նման մարդուն։ Մարդու կարգավիճակը, հեղինակությունը և երջանկությունը պետք է նվաճվեն սեփական պայքարի միջոցով։ Դրանց համար պետք է պայքարել և խլել դրանք դրական ու նախաձեռնող վերաբերմունքով։ Ուրիշ ոչ ոք դրանք քեզ չի տա։ Պասիվ կերպով սպասելը կարող է միայն ձախողման հանգեցնել»։ Այսպես են հաշվարկում հակաքրիստոսները։ Սա է հակաքրիստոսների խառնվածքը։ Եթե հույս ունեք, որ հակաքրիստոսները կընդունեն ճշմարտությունը, կընդունեն իրենց սխալները և իրական ապաշխարություն կունենան, դա անհնար է։ Նրանք բացարձակապես չեն կարող անել դա։ Հակաքրիստոսներն ունեն Սատանայի բնական էությունը և ատում են ճշմարտությունը, ուստի անկախ նրանից, թե ուր են գնում, նույնիսկ եթե գնան աշխարհի ծայրը, հեղինակության և կարգավիճակի ձգտելու նրանց փառասիրական ձգտումը երբեք չի փոխվի, ոչ էլ կփոխվեն բաների վերաբերյալ նրանց տեսակետները կամ այն ուղին, որով քայլում են։ Ոմանք կասեն. «Կան մի քանի հակաքրիստոսներ, որոնք կարող են փոխել իրենց տեսակետներն այս հարցում»։ Արդյոք այս պնդումը ճի՞շտ է։ Եթե իսկապես կարող են փոխվել, արդյոք դեռ հակաքրիստոսնե՞ր են։ Նրանք, ովքեր հակաքրիստոսի բնություն ունեն, երբեք չեն փոխվի։ Նրանք, ովքեր հակաքրիստոսի խառնվածք ունեն, կփոխվեն միայն այն դեպքում, եթե ձգտեն ճշմարտությանը։ Որոշ մարդիկ, որոնք քայլում են հակաքրիստոսների ուղիով, որոշակի չարիք են գործում, որը խանգարում է եկեղեցու աշխատանքին, և թեև նրանք որակվում են որպես հակաքրիստոսներ, պաշտոնազրկվելուց հետո ճշմարիտ զղջում են զգում և վճռում են նոր էջից սկսել և մի շրջան խորհելուց, ինքնաճանաչողությունից և ապաշխարելուց հետո որոշակի իրական փոփոխություն են ապրում։ Այս դեպքում այս մարդիկ չեն կարող որակվել որպես հակաքրիստոսներ։ Նրանք պարզապես հակաքրիստոսի խառնվածք ունեն։ Եթե ձգտեն ճշմարտությանը, կարող են փոխվել։ Այնուամենայնիվ, կարելի է հստակ ասել, որ նրանց մեծ մասը, ովքեր որակվում են որպես հակաքրիստոսներ, հեռացվում կամ վտարվում են եկեղեցու կողմից, իսկապես չեն ապաշխարի կամ փոխվի։ Եթե նրանցից որևէ մեկն անում է դա, դրանք հազվադեպ դեպքեր են։ Ոմանք կհարցնեն. «Այդ դեպքում արդյոք այդ հազվադեպ դեպքերը սխա՞լ են բնորոշվել»։ Դա անհնար է։ Ի վերջո նրանք որոշակի չարիք են գործել, և դա չի կարող անտեսվել։ Այնուամենայնիվ, եթե ի վիճակի են իսկապես ապաշխարելու, եթե պատրաստակամ են պարտավորություն կատարելու և եթե ունեն իրենց ապաշխարության ճշմարիտ վկայությունը, եկեղեցին դեռ կարող է ընդունել նրանց։ Եթե այս մարդիկ որպես հակաքրիստոսներ որակվելուց հետո կտրականապես հրաժարվում են սխալն ընդունելուց կամ ապաշխարելուց, և շարունակում են փորձել արդարացնել իրենց ցանկացած հնարավոր միջոցով, ապա նրանց որպես հակաքրիստոսներ բնորոշելը ճշգրիտ է և միանգամայն ճիշտ։ Եթե նրանք այն ժամանակ ընդունած լինեին իրենց սխալները և ճշմարիտ զղջում զգային, ինչպե՞ս կարող էր եկեղեցին նրանց որակել որպես հակաքրիստոսներ։ Դա անհնար կլիներ։ Անկախ նրանից՝ ովքեր են նրանք, անկախ նրանից՝ որքան չարիք են գործել կամ որքան լուրջ են եղել նրանց սխալները, արդյոք մարդը բնորոշվում է որպես հակաքրիստոս, թե որպես հակաքրիստոսի խառնվածք ունեցող, կախված է նրանից, թե արդյոք ի վիճակի է ընդունելու ճշմարտությունը և էտվելը և արդյոք ունի ճշմարիտ զղջում։ Եթե նրանք կարող են ընդունել ճշմարտությունը և ընդունել էտվելը, եթե ունեն ճշմարիտ զղջում և եթե պատրաստակամ են իրենց ողջ կյանքն անցկացնելու Աստծու համար տքնելով, ապա սա իսկապես վկայում է մի փոքր ապաշխարության մասին։ Նման մարդը չի կարող բնորոշվել որպես հակաքրիստոս։ Կարո՞ղ են արդյոք այդ իսկական հակաքրիստոսները ճշմարտապես ընդունել ճշմարտությունը։ Բացարձակապես ոչ։ Հենց այն պատճառով, որ չեն սիրում ճշմարտությունը և հակակրանք են տածում ճշմարտության հանդեպ, նրանք երբեք չեն կարողանա մի կողմ դնել հեղինակությունն ու կարգավիճակը, որոնք այդքան սերտորեն միահյուսված են իրենց ողջ կյանքին։ Հակաքրիստոսներն իրենց սրտերում հաստատապես հավատում են, որ միայն հեղինակությամբ և կարգավիճակով արժանապատվություն ունեն և ճշմարիտ արարածներ են, և որ միայն կարգավիճակով կվարձատրվեն ու կթագադրվեն, կարժանանան Աստծու հավանությանը, ձեռք կբերեն ամեն ինչ և կլինեն իսկական մարդ։ Որպես ի՞նչ են հակաքրիստոսները տեսնում կարգավիճակը։ Որպես ճշմարտություն են տեսնում։ Նրանք այն բարձրագույն նպատակ են համարում, որին մարդիկ պետք է ձգտեն։ Մի՞թե դա խնդիր չէ։ Մարդիկ, որոնք կարող են այսպես տարվել կարգավիճակով, իսկական հակաքրիստոսներ են։ Նույն տեսակի մարդիկ են, ինչ Պողոսը։ Նրանք կարծում են, որ ճշմարտությանը ձգտելը, Աստծուն հնազանդվող լինել փնտրելը և ազնիվ լինել փնտրելը գործընթացներ են, որոնք տանում են դեպի հնարավոր ամենաբարձր կարգավիճակը։ Դրանք լոկ գործընթացներ են, ոչ թե անձնական վարքի նպատակն ու չափանիշը, և որ դրանք ամբողջովին Աստծու տեսնելու համար են արվում։ Այս հասկացողությունն անհեթեթ է և ծիծաղելի։ Միայն ճշմարտությունն ատող անմիտները կարող էին նման ծիծաղելի գաղափար առաջացնել։
Երբ խոսքը վերաբերում է հակաքրիստոսներին, անկախ նրանից, թե ճշմարտության որ տեսանկյան մասին եք հաղորդակցվում, նրանց ըմբռնման և հասկացողության մեթոդը տարբերվելու է ճշմարտությանը ձգտող մարդկանց մեթոդից։ Ճշմարտությունը լսելուց հետո դրան ձգտող մարդիկ մտածում են. «Ես չունեմ ճշմարտության այս տեսանկյունը և կարող եմ Աստծու բացահայտած այս վիճակը կապել ինձ հետ։ Ինչո՞ւ այն լսելուց հետո այսքան մեծ զղջում եմ զգում և Աստծուն այսքան պարտական։ Ես դեռ շատ հեռու եմ ճշմարտությանը ձգտելուց և ամենևին մոտ չեմ ճշմարտապես հնազանդվել կարողանալուն։ Շատ վախեցած եմ զգում. սա որպես արթնացման կոչ ծառայեց ինձ համար։ Կարծում էի, թե վերջերս բավականին լավ էի դրսևորում ինձ և գաղափար անգամ չունեի, որ իրականում ճշմարտությունը կիրառող կամ Աստծուն հաճեցնող մեկը չեմ։ Այսուհետ պետք է զգույշ և խոհեմ լինեմ և կենտրոնանամ Աստծու առջև աղոթելու և Նրանից ուղղորդում ու լուսավորում աղերսելու վրա։ Չպետք է գնամ իմ սեփական ճանապարհով։ Ես պատրաստվում եմ խորապես մտնելու ճշմարտության այս տեսանկյան մեջ և դեռ առաջադիմելու տեղ ունեմ։ Հուսով եմ, որ Աստված կստեղծի այնպիսի միջավայր, որը թույլ կտա ինձ ավելի լավ դրսևորվել և մատուցել իմ անկեղծությունն ու հավատարմությունը»։ Այսպես են մտածում ճշմարտությանը ձգտող մարդիկ։ Ուստի ինչպե՞ս են հակաքրիստոսներն ըմբռնում տարբեր տեսակի ճշմարտությունները։ Մարդուն հանդիմանող Աստծու խոսքերը լսելուց հետո ի՞նչ են մտածում։ «Այդ հարցում շատ լավ չգործեցի, գործողություններիս մեջ վրիպում թույլ տվեցի, և սխալներ ի հայտ եկան։ Քանի՞ մարդ գիտի այդ մասին։ Աստծու խոսքերը բավականին հստակ ասվեցին. արդյոք դա նշանակում է, որ նա բացահայտե՞լ է ինձ։ Դե, սա լավ արդյունք չէ, սա այն չէ, ինչ ուզում եմ։ Եթե աստված ինձ բացահայտել է, ուրիշ որևէ մեկը գիտի՞ այդ մասին։ Եթե ինչ-որ մեկն իմացել է, էլ ավելի վատ կլինի։ Եթե միայն աստված գիտի, և ուրիշ ոչ ոք չգիտի, ապա նորմալ է։ Եթե ոմանք լսեն աստծու՝ մարդուն մերկացնող այս խոսքերը և դրանք կապեն ինձ հետ ու կիրառեն իմ նկատմամբ, դա վատ կլինի իմ հեղինակության համար։ Պետք է միջոց մտածեմ սա շտկելու համար։ Ինչպե՞ս կարող եմ շտկել սա»։ Հակաքրիստոսներն այսպես են մտածում։ Օրինակ՝ լսելով, թե ինչպես է Աստված հաղորդակցվում այն մասին, որ մարդիկ պետք է ազնիվ լինեն, հակաքրիստոսն անմիջապես կմտածի. «Միայն ապուշներն են փորձում ազնիվ մարդիկ լինել։ Ինչպե՞ս կարող է ինձ պես խելացի մեկն ազնիվ մարդ լինել։ Ազնիվ մարդիկ հիմարներ և տխմարներ են, նրանք ասում են այն ամենը, ինչ գալիս է իրենց մտքին, ամեն ինչ պատմում են ուրիշներին և նրանց թույլ են տալիս ամեն ինչ հասկանալ։ Երբեք դա չէի անի։ Աստծու ասելը, թե պետք է ազնիվ մարդիկ լինենք, հարաբերական է, ուստի պարզապես իմաստուն մարդ եմ լինելու և վերջ։ Ինչ վերաբերում է ազնիվ մարդ լինելուն, պարզապես կընտրեմ և կորոշեմ, թե երբ լինել այդպիսին։ Որոշ բաների մասին կբացվեմ, բայց չեմ խոսի այն բոլոր գաղտնիքների և թաքնված բաների մասին, որոնք թաքցնում եմ սրտիս խորքում, բաներ, որոնք կարող են ստիպել մարդկանց արհամարհել ինձ, եթե խոսեմ դրանց մասին։ Ի՞նչ առավելություն կա ազնիվ մարդ լինելու մեջ։ Չեմ կարծում, թե դրանում որևէ առավելություն կա։ Որոշ մարդիկ միշտ մանրամասն վերլուծում են իրենց, փորձում են ազնիվ լինել և ազնվորեն խոսել և ի հայտ են բերում իրենց ապականված խառնվածքները, բայց չեն արժանացել աստծու շնորհին և երբ պետք է էտվեն, միևնույն է, էտվում են. աստված նրանց ոչ մի լրացուցիչ բարձրացում չի տալիս»։ Նա անընդհատ մտածում է. «Ստիպված կլինեմ այլ ճանապարհ ընտրել։ Սա այն ուղին չէ, որով պետք է գնամ. պարզապես դա ուրիշներին կթողնեմ։ Ինչպե՞ս կարող է ինձ պես խելացի մարդն այդպես ապրել»։ Անկախ նրանից՝ ճշմարտության որ տեսանկյունն է լսում հակաքրիստոսը, ի՞նչ հաշվարկներ է նա անում իր սրտում։ Կարո՞ղ է արդյոք մաքուր կերպով ըմբռնել այդ ճշմարտությունը։ Ի վիճակի՞ է արդյոք իր սրտի խորքում այն որպես ճշմարտություն ընդունելու։ Բացարձակապես ոչ։ Նա մշտապես հաշվարկում և ծրագրում է և անընդհատ դիտարկում է։ Ի վերջո ինչպե՞ս է արձագանքում։ Փոխվում է ըստ իրավիճակի, հարմարվում է պայմաններին, խորամանկ և ճարպիկ է ուրիշ մարդկանց հետ իր շփումներում և գործում է կատարյալ գաղտնիության մեջ։ Անկախ նրանից, թե ինչ է անում, անկախ նրանից, թե ինչ է մտածում կամ հաշվարկում իր հոգու խորքում, նա չի կարող թույլ տալ, որ ուրիշներն իմանան, ոչ էլ կարող է թույլ տալ, որ Աստված իմանա։ Նա չի կարող այս բաներն Աստծուն բացահայտել, էլ չենք խոսում մարդկանց հետ դրանց մասին հստակ հաղորդակցվելու մասին։ Կարծում է, որ այս բաներն իր անձնական գործն են։ Այսպիսով՝ հակաքրիստոսներն այնպիսի մարդիկ են, որոնք բացարձակապես անընդունակ են կիրառելու ճշմարտությունը։ Բացի այն բանից, որ իրենք չեն կիրառում ճշմարտությունը, նաև արհամարհում են ճշմարտությունը կիրառող մարդկանց և էլ ավելի շատ ծաղրում են այն մարդկանց, որոնք էտվում են, որովհետև ճշմարտությունը կիրառելիս որոշ շեղումներ են թույլ տվել կամ որովհետև սխալ ուղիներով են գնացել կամ որոշ սխալներ են գործել, և կողքից ծիծաղում են նրանց վրա։ Նրանք չեն հավատում Աստծու արդարությանը, էլ չենք խոսում այն մասին, որ մարդկանց հետ Նրա վարվելու տարբեր ձևերն իրենց մեջ ունեն ճշմարտությունը և Նրա սերը։ Հակաքրիստոսները չեն հավատում այս բաներին։ Իրենց տեսանկյունից նրանք կարծում են, որ այս բոլոր բաները ստեր են, որոնք նախատեսված են մարդկանց խաբելու համար, կարծում են, որ դրանք բոլորը պարզապես մի տեսակ արդարացումներ են, մի շարք ասույթներ, որոնք գեղեցիկ են հնչում։ Եվ հաճախ ինչո՞վ են գաղտնի հրճվում։ «Բարեբախտաբար ես այնքան հիմար չեմ, որ ամեն ինչ մատուցեմ, բարեբախտաբար չեմ խոսել այն կեղտոտ, տգեղ բաների մասին, որոնք թաքցնում եմ հոգուս խորքում, բարեբախտաբար դեռ կառչած եմ իմ կարգավիճակին ու հեղինակությանը և անում եմ հնարավոր ամեն ինչ՝ դրանց ձգտելու համար, և վազվզում եմ դրանց համար։ Եթե չվազվզեի ինքս ինձ համար, ապա ո՞վ կմտածեր իմ մասին»։ Հակաքրիստոսները ոչ միայն նենգ են, այլև չարասեր են, հակակրանք են տածում ճշմարտության հանդեպ և դաժան են իրենց խառնվածքով, այսինքն՝ ապականված մարդկանց մեջ դրսևորվող ապականված խառնվածքների բոլոր տեսանկյունները հակաքրիստոսների մեջ հաստատվել և մեկ քայլ առաջ են «բարձրացվել»։ Եթե ուզում եք նայել մարդկության ապականված խառնվածքներին, գտեք մի հակաքրիստոսի՝ մանրամասն վերլուծելու և նրա հետ շփվելու համար։ Դա խնդիրը լուսաբանելու լավագույն միջոցն է և ապականված մարդկության ապականված էության ու Սատանայի դեմքի մեջ թափանցելու լավագույն միջոցը։ Եթե որպես վառ օրինակ վերցնես հակաքրիստոսին և մանրամասն վերլուծես ու ճանաչես նրան, կկարողանաս ավելի հստակ հասկանալ այս բաները։
Հակաքրիստոսների՝ կարգավիճակի և հեղինակության ձգտումը շատ ավելի հեռուն է գնում, քան սովորական մարդկանցը, և նույնը վերաբերում է կարգավիճակի և հեղինակության նրանց նկրտմանը։ Սովորական մարդիկ չունեն կարգավիճակի և հեղինակության նման հսկայական նկրտում, մինչդեռ հակաքրիստոսների մեջ այդ նկրտումը չափազանց ուժեղ է և ակնհայտ։ Երբ շփվես հակաքրիստոսի հետ, խոսես նրա հետ և ժամանակ անցկացնես նրա հետ, նրա բնական էությունը կբացահայտվի քո աչքերի առջև, և անմիջապես կթափանցես նրա էության մեջ։ Ահա թե որքան մեծ է նրանց նկրտումը։ Երբ քո շփումները նրանց հետ խորանան, զզվանք կզգաս նրանց հանդեպ և կմերժես նրանց։ Ի վերջո ոչ միայն կմերժես նրանց, այլև նույնիսկ կդատապարտես և կանիծես նրանց։ Հակաքրիստոսները լավ բաներ չեն, նրանք Աստծու թշնամիներն են, ինչպես նաև ճշմարտությանը ձգտող յուրաքանչյուրի թշնամիները։ Հակաքրիստոսները հակակրանք են տածում ճշմարտության հանդեպ և ունակ են ամեն տեսակ վատ բաներ անելու հանուն կարգավիճակի և հեղինակության։ Այն ամենում, ինչ նրանք անում են, կքողարկեն իրենց, կընդօրինակեն և կխաղան ըստ իրավիճակի՝ փոխզիջումների գնալով հանուն կարգավիճակի և հեղինակության։ Նման մարդկանց հենց հոգիներն ու էությունները կեղտոտ են, նրանք գարշելի են։ Նրանք սիրո նշույլ անգամ չունեն ճշմարտության կամ դրական բաների հանդեպ։ Միևնույն ժամանակ դրական բաները և ճիշտ բառերի ու վարդապետությունների քարոզումն օգտագործում են մարդկանց մոլորեցնելու համար, որպեսզի կարողանան հեղինակություն և կարգավիճակ ձեռք բերել և բավարարել իրենց նկրտումներն ու փառասիրական ձգտումները։ Սա է հակաքրիստոսների վարքագիծն ու էությունը։ Դու չես կարող տեսնել, թե ինչ տեսք ունի Սատանան, ինչպես է Սատանան իրեն դրսևորում աշխարհում և վարվում մարդկանց հետ, և ինչպիսի բնական էություն ունի Սատանան, չգիտես, թե կոնկրետ ինչ բան է Սատանան Աստծու աչքերում։ Դա խնդիր չէ։ Այն ամենը, ինչ պետք է անես, հակաքրիստոսին դիտարկելն ու մանրամասն վերլուծելն է, և կտեսնես այս բոլոր բաները՝ Սատանայի բնական էությունը, Սատանայի տգեղ դեմքը և Սատանայի չարասիրությունն ու դաժանությունը։ Դրանք բոլորը տեսանելի կլինեն քեզ։ Հակաքրիստոսները կենդանի Սատանաներ են, նրանք կենդանի դևեր են։
1. Ինչպես են հակաքրիստոսները վերաբերվում էտվելուն
Երբ խոսքը վերաբերում է կարգավիճակին և հեղինակությանը, հակաքրիստոսները հսկայական փառասիրական ձգտումներ և նկրտումներ են տածում, և մյուսների համար դա չափազանց զզվելի և գարշելի է։ Սա բավարար է ցույց տալու համար, որ հակաքրիստոսի բնական էությունը շատ տգեղ և չարասեր է։ Ուստի ո՞ր որոշակի դրսևորումներն են ցույց տալիս հակաքրիստոսի բնական էությունը։ Նախ եկեք մտածենք այն մասին, թե ինչպես են հակաքրիստոսները վերաբերվում էտվելուն։ (Նրանք ատում են դա և չեն ընդունում։) Ինչպե՞ս են ատում։ Մանրամասնե՛ք։ (Կար մի հակաքրիստոս, որը բավականին շատ չարիք էր գործել, և երբ եղբայրներն ու քույրերը գնացին մերկացնելու նրա որոշ դրսևորումներ, ամենևին չապաշխարեց, շատ անզիջում էր և զղջման նշույլ անգամ չզգաց։ Նույնիսկ զգաց, որ իր հետ անարդարացի են վարվել։ Սա այն դրսևորումն է, որը ես տեսել եմ։) Սա հակաքրիստոսի դասական դրսևորում է։ Էտվելու նկատմամբ հակաքրիստոսների տիպիկ վերաբերմունքն այն է, որ կտրականապես հրաժարվում են դա ընդունելուց կամ խոստովանելուց։ Անկախ նրանից՝ որքան չարիք են գործում կամ որքան վնաս են հասցնում Աստծու տան գործին և Աստծու ընտրյալ ժողովրդի կյանքի մուտքին, զղջման նշույլ անգամ չեն զգում կամ չեն զգում, որ որևէ բանով պարտական են։ Այս տեսանկյունից արդյո՞ք հակաքրիստոսները մարդկայնություն ունեն։ Բացարձակապես ոչ։ Նրանք ամեն տեսակ վնաս են պատճառում Աստծու ընտրյալ ժողովրդին և վնաս են բերում եկեղեցու աշխատանքին։ Աստծու ընտրյալ ժողովուրդը կարող է տեսնել սա օրվա պես պարզ և կարող է տեսնել հակաքրիստոսների չար գործերի հաջորդականությունը։ Եվ այնուամենայնիվ, հակաքրիստոսները չեն ընդունում կամ ճանաչում այս փաստը։ Համառորեն հրաժարվում են ընդունելուց, որ սխալվում են կամ որ պատասխանատու են։ Մի՞թե սա ցուցիչ չէ, որ նրանք հակակրանք են տածում ճշմարտության հանդեպ։ Հակաքրիստոսներն այն աստիճան են հակակրանք տածում ճշմարտության հանդեպ, որ անկախ նրանից՝ որքան վատ բաներ են անում, համառորեն հրաժարվում են դա ընդունելուց և մինչև վերջ մնում են անդրդվելի։ Սա բավականաչափ ապացուցում է, որ հակաքրիստոսները երբեք լուրջ չեն վերաբերվում Աստծու տան գործին կամ չեն ընդունում ճշմարտությունը։ Նրանք չեն եկել Աստծուն հավատալու։ Նրանք Սատանայի ծառաներ են, որոնք եկել են անհանգստացնելու և խաթարելու Աստծու տան գործը։ Հակաքրիստոսների սրտերում կան միայն հեղինակություն և կարգավիճակ։ Նրանք կարծում են, որ եթե ընդունեն իրենց սխալը, ապա ստիպված կլինեն պատասխանատվություն ստանձնել, և այդ ժամանակ իրենց կարգավիճակն ու հեղինակությունը լրջորեն կվտանգվեն։ Արդյունքում նրանք դիմակայում են «հերքիր մինչև մահ» դիրքորոշմամբ։ Անկախ նրանից՝ ինչպես են մարդիկ մերկացնում կամ մանրամասն վերլուծում իրենց, նրանք անում են հնարավոր ամեն ինչ՝ դա հերքելու համար։ Անկախ նրանից՝ նրանց հերքումը միտումնավոր է, թե ոչ, կարճ ասած՝ մի կողմից՝ այս վարքագծերը մերկացնում են ճշմարտության հանդեպ հակակրանք տածելու և այն ատելու հակաքրիստոսների բնական էությունը։ Մյուս կողմից՝ դա ցույց է տալիս, թե որքան են հակաքրիստոսները գնահատում իրենց սեփական կարգավիճակը, հեղինակությունը և շահերը։ Մինչդեռ ի՞նչ վերաբերմունք նրանք ունեն եկեղեցու աշխատանքի և շահերի նկատմամբ։ Դա արհամարհանքի և անպատասխանատվության վերաբերմունք է։ Նրանք զուրկ են ամեն տեսակ խղճից և ողջամտությունից։ Մի՞թե հակաքրիստոսների՝ պատասխանատվությունից խուսափելը չի ցուցադրում այս խնդիրները։ Մի կողմից՝ պատասխանատվությունից խուսափելն ապացուցում է ճշմարտության հանդեպ հակակրանք տածելու և այն ատելու նրանց բնական էությունը, մինչդեռ մյուս կողմից՝ դա ցույց է տալիս նրանց խղճի, ողջամտության և մարդկայնության պակասը։ Անկախ նրանից, թե որքան է վնասվում եղբայրների և քույրերի կյանքի մուտքն իրենց անհանգստության և չարագործության պատճառով, նրանք ոչ մի խղճի խայթ չեն զգում և երբեք չէին կարող վատ զգալ դրա համար։ Ի՞նչ տեսակ արարած է սա։ Նույնիսկ իրենց սխալի մի փոքր ընդունումը կհամարվեր, որ փոքր-ինչ խիղճ և ողջամտություն ունեն, բայց հակաքրիստոսները նույնիսկ մարդկայնության այդ չնչին չափը չունեն։ Ուստի ի՞նչ կասեք, ինչ են նրանք։ Հակաքրիստոսներն էապես դևեր են։ Անկախ նրանից՝ որքան վնաս են նրանք հասցնում Աստծու տան շահերին, նրանք չեն տեսնում դա։ Իրենց սրտերում նրանք ամենևին չեն տխրում դրանից, ոչ էլ մեղադրում են իրենց, առավել ևս պարտական չեն զգում։ Սա բացարձակապես այն չէ, ինչ պետք է տեսնել բնականոն մարդկանց մեջ։ Նրանք դևեր են, իսկ դևերը զուրկ են որևէ խղճից կամ ողջամտությունից։ Անկախ նրանից՝ որքան վատ բաներ են նրանք անում, և անկախ նրանից, թե որքան մեծ են այն կորուստները, որոնք նրանք բերում են եկեղեցու աշխատանքին, կտրականապես հրաժարվում են սա ընդունելուց։ Կարծում են՝ դա ընդունելը կնշանակեր, որ իրենք ինչ-որ սխալ բան են արել։ Նրանք մտածում են. «Կարո՞ղ էի արդյոք ինչ-որ սխալ բան անել։ Երբե՛ք ոչ մի սխալ բան չէի անի։ Եթե ինձ ստիպեն ընդունել իմ սխալը, մի՞թե դա վիրավորանք չի լինի իմ բնավորությանը։ Թեև ներգրավված էի այդ միջադեպի մեջ, պատճառ չեմ դարձել, որ դա տեղի ունենա և գլխավոր պատասխանատուն չէի։ Գնա, փնտրիր ում ուզում ես, բայց չպետք է գաս ինձ փնտրելու։ Ամեն դեպքում, չեմ կարող ընդունել այս սխալը։ Չե՛մ կարող ստանձնել այս պատասխանատվությունը»։ Նրանք մտածում են, որ եթե ընդունեն իրենց սխալը, կդատապարտվեն, մահվան կմատնվեն և կուղարկվեն դժոխք ու կրակի և ծծմբի լիճ։ Ասե՛ք Ինձ, կարող են արդյո՞ք նման մարդիկ ընդունել ճշմարտությունը։ Կարելի՞ է արդյոք ակնկալել նրանց ճշմարիտ ապաշխարությունը։ Անկախ նրանից՝ ուրիշներն ինչպես են հաղորդակցվում ճշմարտության մասին, հակաքրիստոսները դեռևս իրենց սրտերի խորքում դիմակայում են դրան, հակադրվում են դրան և դեմ են դուրս գալիս։ Նույնիսկ պաշտոնազրկվելուց հետո դեռևս չեն ընդունում իրենց սխալները և ամենևին ապաշխարության ոչ մի դրսևորում ցույց չեն տալիս։ Երբ հարցը հիշատակվում է 10 տարի անց, դեռևս չեն ճանաչում իրենց և չեն ընդունում, որ սխալ են գործել։ Երբ հարցը բարձրացվում է 20 տարի անց, դեռևս չեն ճանաչում իրենց և դեռևս փորձում են արդարացնել և պաշտպանել իրենց։ Եվ ավելի գարշելին այն է, որ երբ հարցը հիշատակվում է 30 տարի անց, դեռևս չեն ճանաչում իրենց և դեռևս փորձում են վիճել և արդարացնել իրենց՝ ասելով. «Ես սխալ չեմ գործել, ուստի չեմ կարող ընդունել այն։ Դա իմ պարտականությունը չէր։ Չպետք է ինձ վրա վերցնեմ այն»։ Եվ ի զարմանս բոլորի իրենց պաշտոնազրկվելուց 30 տարի անց այս հակաքրիստոսները դեռևս դիմակայության վերաբերմունք են տածում այն ձևի նկատմամբ, որով եկեղեցին վարվեց իրենց հետ։ Նույնիսկ 30 տարի անց նրանք ամենևին չեն փոխվել։ Ուստի ինչպե՞ս անցկացրին այդ 30 տարին։ Մի՞թե չէին կարդում Աստծու խոսքը կամ չէին ինքնաքննում։ Մի՞թե չէին աղոթում կամ վստահում Աստծուն։ Մի՞թե չէին լսում քարոզներ և չէին հաղորդակցվում։ Մի՞թե անմիտ են և չունեն բնականոն մարդկայնության մտածելակերպ։ Թե ինչպես են նրանք անցկացրել այդ 30 տարին, իսկապես առեղծված է։ Միջադեպի տեղի ունենալուց երեսուն տարի անց նրանք դեռևս լի են վրդովմունքով՝ մտածելով, որ եղբայրներն ու քույրերն անարդարացի են վարվել իրենց հետ, որ Աստված չի հասկանում իրենց, որ Աստծու տունը վատ է վերաբերվել իրենց, խնդիրներ է ստեղծել իրենց համար, դժվարացրել է իրենց վիճակը և անարդարացիորեն մեղադրել է իրենց։ Ասե՛ք Ինձ, կարո՞ղ են արդյոք նման մարդիկ փոխվել։ Նրանք բացարձակապես չեն կարող փոխվել։ Նրանց սրտերը լցված են դրական բաների հանդեպ թշնամանքով, ինչպես նաև դիմակայությամբ և ընդդիմությամբ։ Նրանք կարծում են, որ մերկացնելով իրենց չար գործերը և էտելով իրենց՝ ուրիշ մարդիկ վնասել են իրենց բնավորությունը, անպատվություն են բերել իրենց հեղինակության վրա և հսկայական վնաս են հասցրել իրենց հեղինակությանն ու կարգավիճակին։ Նրանք երբեք չեն գա Աստծու առջև՝ աղոթելու, փնտրելու և այս հարցում իրենց սեփական սխալները ճանաչելու համար և երբեք ապաշխարության կամ իրենց սխալներն ընդունելու վերաբերմունք չեն ունենա։ Առավել ևս չեն ընդունի Աստծու խոսքերի դատաստանն ու պատիժը։ Այսօր նրանք դեռևս անհնազանդություն, անբավարարվածություն և դժգոհություն են տածում, մինչ արդարացնում են իրենց Աստծու առջև և խնդրում են Աստծուն շտկել այս անարդարությունները, բացահայտել այս հարցը և դատել, թե կոնկրետ ով էր ճիշտ և ով՝ սխալ, այն աստիճան, որ նույնիսկ կասկածում և ժխտում են Աստծու արդարությունն այս հարցի պատճառով, և կասկածում ու ժխտում են այն փաստը, որ Աստծու տունը կառավարվում է ճշմարտությամբ և Աստծով։ Սա հակաքրիստոսների էտվելու վերջնական արդյունքն է։ Նրանք ընդունո՞ւմ են ճշմարտությունը։ Ամենևին չեն ընդունում ճշմարտությունը։ Կտրականապես դեմ են այն ընդունելուն։ Սրանից կարող ենք տեսնել, որ հակաքրիստոսի բնական էությունը հակակրանք է տածում ճշմարտության հանդեպ և ատում է այն։
Քանի որ հակաքրիստոսները չեն ընդունում էտվելը, արդյո՞ք որևէ գիտելիք ունեն էտվելու մասին։ Երբ հաղորդակցվում են ճշմարտության այս տեսանկյան շուրջ, ի՞նչ են ասում։ Ի՞նչ են սովորեցնում ուրիշներին։ Նրանք ասում են. «Մարդկանց էտելը մի մեթոդ է, որն աստված օգտագործում է նրանց կատարելագործելու համար։ Դա հնարավորություն է տալիս մարդկանց ավելի լավ ճանաչելու իրենց։ Երբ մարդիկ էտվում են, պետք է ընդունեն դա և անվերապահորեն հնազանդվեն դրան։ Նրանք, ովքեր չեն ընդունում էտվելը, մարդիկ են, որոնք ըմբոստանում են աստծու դեմ և չեն սիրում ճշմարտությունը։ Եթե ուզում ես կիրառել ճշմարտությունը, նախ պետք է ընդունես էտվելը։ Այսպես է աստված կատարելագործում մարդկանց, և յուրաքանչյուր անհատ պետք է փորձառաբար ապրի սա։ Կարելի է ասել, որ էտվելն ընդունելը մարդկանց համար ճշմարտությունը հասկանալու լավագույն կիրառման ուղիներից մեկն է և դրանով իսկ ինքնաճանաչողության հասնելու և աստծուն գոհացնելու։ Անկախ նրանից, թե ով ես՝ առաջնորդող, թե սովորական հավատացյալ, և անկախ նրանից, թե ինչ պարտավորություն ես կատարում, պետք է պատրաստվես էտվելուն։ Եթե չես կարող ընդունել էտվելը, դա ապացուցում է, որ հասունություն չունեցող մեկն ես՝ երեխա։ Յուրաքանչյուր ոք, ով կարող է ընդունել էտվելը, հասուն չափահաս է, որն ունի կյանք և ի վիճակի է կատարելագործվելու»։ Այս մեծամիտ խոսքերը մուրճի հարվածների պես դուրս են թափվում հակաքրիստոսների բերանից, և դրանք հիանալի՛ են հնչում։ Բայց ի՞նչ են այս խոսքերը։ Արդյո՞ք նրանց արտասանած գեթ մեկ տողը ճշմարտություն է։ Կարո՞ղ եք զանազանել սա։ Դուք նույնպես հաճախ եք նման բաներ ասում, այնպես չէ՞։ (Այո։) Ասե՛ք Ինձ, ի՞նչ են այս խոսքերը։ (Վարդապետություններ։) Սովորական արտահայտություն գգտագործե՛ք՝ ամփոփելու և սահմանելու համար, թե ինչ են վարդապետությունները։ (Կարգախոսներ։) Կարո՞ղ եք մտածել որևէ այլ արտահայտության մասին։ (Անօգուտ, տեսական խոսքեր։) Ուրի՞շ բան։ (Դրանք բոլորն աղբ են և դատարկաբանություն։) Ճիշտ է, այս սահմանումը բուն էությանն է վերաբերում, և այն իրական է։ Սա կոչվում է առօրյա լեզու։ Վարդապետությունները բոլորը դատարկաբանություն են։ Ի՞նչ է ենթադրում «դատարկաբանություն» բառը։ Դատարկ խոսքեր։ Իրականում ինչպե՞ս ենք բնորոշում դա։ Որպես բառեր և վարդապետություններ։ Այս խոսքերը, որոնք հակաքրիստոսներն ասում են, պարզապես բառեր և վարդապետություններ են։ Երբ խոսքը վերաբերում է էտվելու թեմային, նրանք հաճախ կարող են արտահայտել նման վարդապետություններ, բայց արդյո՞ք դա ապացուցում է, որ նրանք դրա ճշմարիտ հասկացողություն և ըմբռնում ունեն։ Հենց որ լսում ես, թե ինչպես են նրանք այս խոսքերն ասում, գիտես, որ էտվելու վերաբերյալ ոչ մի իրական հասկացողություն չունեն։ Նման աղբակույտ արտասանելու նրանց ունակությունը ցույց է տալիս, որ չեն ձգտում ճշմարտությանը։ Եթե իրականում էտվեին, ոչ մի դեպքում չէին ընդունի դա։ Էտվելու նկատմամբ հակաքրիստոսի վերաբերմունքը թշնամանքի և դիմակայության վերաբերմունք է։ Նա բացարձակապես չի ընդունում դա կամ չի հնազանդվում դրան որպես ճշմարտության։ Նրա համար դա անելը վիրավորանք կլիներ իր բնավորությանը և արժանապատվությանը։
Ունե՞ք արդյոք այլ օրինակներ այն մասին, թե ինչպես են հակաքրիստոսները վերաբերվում էտվելուն։ (Որոշ հակաքրիստոսներ, երբ բախվում են էտվելուն, արտաքուստ կարող է թվալ, թե ճանաչում են իրենց, բայց տողատակերում դրա մեջ սոփեստություն և մարդկանց մոլորեցնելու փորձի հատկանիշ կլինի։ Երբեմն, եթե սխալ են գործել, կասեն. «աստված թույլ տվեց, որ սա տեղի ունենա, բոլորը պետք է հնազանդվեն աստծու գերիշխանությանը»։ Երբեմն հակաքրիստոսները նույնիսկ կեղծ հակամեղադրանքներ կներկայացնեն՝ ասելով. «Չպետք է փորձեք հայտնաբերել առաջնորդողներին և աշխատողներին կամ չափազանց բարձր պահանջներ ունենալ նրանցից»։ Հակաքրիստոսները նման բաներ են ասում՝ փորձելով մոլորեցնել մարդկանց և թույլ չտալ, որ մարդիկ զանազանեն իրենց։) Սա դրսևորումներից մեկն է, այսինքն՝ հակաքրիստոսները սխալները ճիշտ են ներկայացնում, սևը սպիտակի տեղ են ներկայացնում։ Սարսափած լինելով, որ մարդիկ կթափանցեն իրենց խնդիրների մեջ, հակաքրիստոսները շտապում են ներգրավվել սոփեստության մեջ և օգտագործում են ամեն տեսակ բանավոր հնարքներ՝ մարդկանց մոլորեցնելու, նրանց մտքերին խանգարելու և նրանց տեսիլքը մթագնելու համար, որպեսզի թույլ չտան նրանց որևէ գիտելիք կամ զանազանություն ունենալ իրենց արած բաների վերաբերյալ և դրանով իսկ պահպանեն իրենց բարձր կարգավիճակը և լավ հեղինակությունը մարդկանց մտքում։ Սա այն նույն տեսակի վերաբերմունքն է, որի մասին մենք խոսեցինք քիչ առաջ, այն առնչությամբ, թե ինչպես հակաքրիստոսները բացարձակապես շրջադարձ չեն կատարի, երբ էտվում են, կամ երբ սխալ են գործել կամ սխալ ուղի են բռնել։ Ի՞նչ այլ օրինակներ կան։ (Հակաքրիստոսները ոխ են պահում բոլոր նրանց դեմ, ովքեր էտում են իրենց, և հետագայում նույնիսկ կարող են հնարավորություններ փնտրել՝ վրեժխնդիր լինելու և նրանց վրա հարձակվելու համար։) Հարձակվելն ու վրեժխնդրությունը մեկ այլ դրսևորում են։ Ինչպե՞ս է սա կապված հակաքրիստոսների կողմից իրենց սեփական կարգավիճակն ու հեղինակությունը պաշտպանելու հետ։ Ինչո՞ւ են ուզում հարձակվել և վրեժխնդիր լինել։ (Ով էլ որ էտել է նրանց, մերկացրել է նրանց գործած ողջ չարիքը և գործի իրական փաստերը։ Նա վնասել է նրանց կարգավիճակն ու հեղինակությունը և ոչնչացրել նրանց այն պատկերը, որը գոյություն ուներ մարդկանց սրտերում, ուստի նրանք ոխ են տածում նրա դեմ։) Ճիշտ է, հենց այստեղ է կապը։ Նրանք մտածում են, որ իրենց էտող մարդիկ վիրավորել են իրենց հպարտությունը, անհարմար դրության մեջ են դրել իրենց, կործանել են իրենց հեղինակությունը և լրջորեն վարկաբեկել են իրենց կարգավիճակն ուրիշների մտքում՝ այդքան շատ մարդկանց առջև մերկացնելով իրենց։ Սա է նրանց վրեժխնդրության պատճառը։ Այս հարցում նրանց հեղինակությունն ու կարգավիճակը վնասվել են, և նրանք իրենց վրդովմունքն ու սրտերում եղած ատելությունը պարպելու համար հնարավորություններ են փնտրում՝ հարձակվելու և վրեժխնդիր լինելու այն մարդկանցից, որոնք մերկացրել և էտել են իրենց։ Ուրիշ ի՞նչ դրսևորումներ են ցույց տալիս հակաքրիստոսները։ (Որոշ հակաքրիստոսներ նաև հատկապես խորամանկ են։ Երբ ինչ-որ մեկն էտում է նրանց, արտաքուստ գուցե չհակաճառեն նրանց կամ որևէ հայտարարություն չանեն և իրականում կարող է թվալ, թե ինչ-որ բան են հասկանում իրենց մասին, բայց հետագայում կշարունակեն գործել նույն չար արարքները, ինչ նախկինում և երբեք ճշմարտապես չեն ապաշխարի։ Նրանք նման կեղծ արտաքիններ են օգտագործում մարդկանց մոլորեցնելու համար։) Սա մեկ այլ դրսևորում է։ Մի որոշակի տեսակի հակաքրիստոս հենց դա է անում։ Նա ինքն իրեն մտածում է. «Քանի դեռ կյանք կա, հույս կա։ Առայժմ համբերություն կցուցաբերեմ և թույլ չեմ տա, որ բացահայտես ինձ։ Եթե ակնհայտորեն հակասեմ քեզ և հրաժարվեմ էտվելն ընդունելուց, կասես, որ ես մեկն եմ, ով չի կիրառում կամ չի սիրում ճշմարտությունը, և եթե դա բացահայտվի, ազդեցություն կունենա իմ հեղինակության վրա։ Եթե մեր եղբայրներն ու քույրերն իմանային, հաստատ կհրաժարվեին այն մարդու առաջնորդությունն ընդունելուց, որը բացարձակապես սեր չունի ճշմարտության հանդեպ։ Նախ պետք է լավ պատկեր ստեղծեմ։ Երբ բախվում եմ էտվելուն, և ինչ-որ մեկը մերկացնում է իմ թույլ տված որևէ սխալ կամ հանցանք, հեգնական կժպտամ և կհանդուրժեմ՝ ձևացնելով, թե ընդունում եմ, և գլխով կանեմ՝ ի նշան համաձայնության՝ թույլ չտալով, որ որևէ մեկը բացահայտի ինձ կամ իմանա, թե իրականում ինչ եմ մտածում։ Ապա կարող եմ կեղծ արտաքին ընդունել, մի քիչ արտասվել և որոշ բաներ ասել աստծուն պարտական լինելու մասին և վերջացնել այդ հարցը։ Այդպիսով՝ եղբայրներն ու քույրերը կմտածեն, որ ես ճշմարտությունն ընդունող մեկն եմ, և ես կկարողանամ արդարացիորեն շարունակել առաջնորդող լինել, և այդ ժամանակ իմ հեղինակությունն ու կարգավիճակը կպահպանվեն, այնպես չէ՞»։ Այն ամենը, ինչ նա անում է, կեղծ արտաքին ընդունել է։ Կասե՞ք արդյոք, որ նման մարդկանց հեշտ է բացահայտել։ (Նրանց հեշտ չէ բացահայտել։) Դիտարկման և նրանց հետ շփման մի շրջան է պահանջվում՝ տեսնելու համար, թե արդյոք խնդիրների բախվելիս նրանք պաշտպանում են Աստծու տան շահերը և արդյոք իսկապես կիրառում են ըստ ճշմարտության սկզբունքների։ Անկախ նրանից՝ արտաքուստ որքան լավ կամ ճիշտ են նրանք խոսում, դա միայն ժամանակավոր է։ Վաղ թե ուշ նրանց մտածելու ձևն ի հայտ կգա։ Նույնիսկ եթե Աստված չբացահայտի նրանց, կարո՞ղ են արդյոք հակաքրիստոսներն այդքան ամուր թաքցնել իրենց իրական մտքերը և իրենց բնական էությունը։ Կարո՞ղ են արդյոք կոծկել դրանք իրենց ողջ կյանքում։ Դա անհնար կլիներ։ Վաղ թե ուշ այս բաներն ի հայտ կգան։ Հետևաբար, անկախ նրանից, թե որքան չարասեր կամ խորամանկ կարող են լինել հակաքրիստոսները, քանի դեռ մտադրություններ ու շարժառիթներ են թաքցնում և իրենց գործողություններում դեմ են գնում ճշմարտությանը, ի վերջո կզանազանվեն և կբացահայտվեն ճշմարտությունը հասկացող մարդկանց կողմից։ Նման հակաքրիստոսներն ամենախորամանկն են բոլորից։ Արտաքուստ թվում է, թե ընդունում են ճշմարտությունը և դրական բաները, բայց իրականում իրենց սրտերի խորքում և իրենց էության մեջ նրանք չեն սիրում ճշմարտությունը և նույնիսկ հակակրանք են տածում դրական բաների և ճշմարտության հանդեպ։ Քանի որ պերճախոս են, մեծամասնությունը չի կարող զանազանել նրանց, և միայն ճշմարտությունը հասկացող մարդիկ են ի վիճակի զանազանելու և բացահայտելու այս տեսակի մարդուն։ Կա՞ն արդյոք այլ օրինակներ։ (Կար մի հակաքրիստոս, որը տեսավ, որ իր գործընկերներն իրենից ավելի լավ որակ ունեն և իրենից ավելի լավ են աշխատանք կատարում։ Իր կարգավիճակն ապահովելու համար նա գաղտնի կերպով խեղաթյուրեց փաստերը և դատեց իր համագործակիցներին և գործընկերներին՝ մոլորեցնելով մարդկանց, գրավելով նրանց և ստիպելով նրանց լսել իրեն։ Սա հանգեցրեց նրա համագործակիցների միջև փոխադարձ անվստահության։ Նրանք այլևս ներդաշնակորեն չէին համագործակցում միմյանց հետ և աշխատանքի ոչ մի տեսանկյունում արդյունքների չհասան։ Երբ հակաքրիստոսի չար գործերը մերկացվեցին, նա ոչ միայն հրաժարվեց դա ընդունելուց, այլև նույնիսկ արդարացումներ բերեց և փորձեց խուսափել պատասխանատվությունից։ Ակնհայտ էր, որ նա ամեն ինչ կաներ հանուն իր հեղինակության և կարգավիճակի։ Անկախ նրանից՝ քանի եղբայրների և քույրերի նա վնասեց և անկախ նրանից՝ որքան խիստ անհանգստացրեց և խաթարեց Աստծու տան գործը, նրան պարզապես չէր հետաքրքրում, առավել ևս նա չէր տխրում կամ իրեն մեղավոր չէր զգում։ Նա մարդկայնության կամ ողջամտության նշույլ անգամ չուներ։) Մի խոսքով, հակաքրիստոսները խղճի խայթ չեն զգում որևէ մեկի շահերը զոհաբերելիս իրենց սեփական հեղինակությունն ու կարգավիճակը պաշտպանելու համար։ Նույնիսկ եթե ստիպված լինեն տրորել բոլորին՝ իրենց սեփական կարգավիճակը պահպանելու համար, չեն վարանի դա անել։ Երբ խոսքը վերաբերում է իրենց հեղինակությունը և կարգավիճակը պաշտպանելուն, նրանց չի հետաքրքրում՝ ուրիշ մարդիկ կապրեն, թե կմեռնեն, իսկ Աստծու տան գործը և եկեղեցու շահերը պարզապես գոյություն անգամ չունեն նրանց մտքում և ամենևին նրանց նկատառումների շրջանակում չեն։ Այս գործողություններից կարող ենք տեսնել, որ հակաքրիստոսներն Աստծու տան մարդիկ չեն։ Նրանք անհավատներ են, որոնք սողոսկել են ներս։ Աստծու տունը նրանց տունը չէ, ուստի դրա շահերից ոչ մեկը որևէ կապ չունի նրանց հետ։ Պարզապես ուզում են հասնել իշխանություն բանեցնելու և մարդկանց վերահսկելու իրենց նպատակին և բավարարել իրենց անձնական փառասիրական ձգտումներն ու նկրտումներն Աստծու տանը։ Քանի որ սա է այն բնական էությունը, որն ունեն հակաքրիստոսները, նրանք բացարձակապես չեն ընդունի էտվելը, ոչ էլ կընդունեն ճշմարտության որևէ տեսանկյուն։
Հենց նոր մեր բերած օրինակներից կարող եք տեսնել, որ հեղինակության և կարգավիճակի ձգտելու հակաքրիստոսների փառասիրական ձգտումն ու նկրտումը բնածին են։ Հակաքրիստոսներն այդպես են ծնվում՝ այդպիսի բնական էությամբ։ Նրանք սա բացարձակապես ծնվելուց հետո չեն սովորում, և դա նրանց միջավայրի հետևանք չէ։ Ճիշտ ինչպես որոշ հիվանդ մարդիկ ծնվելուց հետո չեն հիվանդանում, այլ փոխարենը ժառանգում են դա։ Այս տեսակի հիվանդություններն անհնար է բուժել։ Հակաքրիստոսները ծնվում են հեղինակությանը և կարգավիճակի ձգտելու փառասիրական ձգտումով և ոչնչով չեն տարբերվում դևերի թագավորների վերամարմնավորումներից։ Հակաքրիստոսները հակակրանք են տածում ճշմարտության հանդեպ և ատում են այն և ամենևին չեն ընդունում Աստծու դատաստանն ու պատիժը։ Ուստի անկախ նրանից, թե ինչպիսի էտման են բախվում, նրանք չեն ընդունի դա։ Եթե սովորական եղբայր կամ քույր էտի նրանց, էլ ավելի քիչ պատրաստակամ կլինեն ընդունելու դա։ Նրանք կարծում են. «Իրավունք չունես ինձ էտելու, դու արժանի չե՛ս։ Քանի՞ օր է, ինչ հավատացյալ ես։ Երբ ես հավատացյալ դարձա, դու դեռ ծնված էլ չէիր։ Երբ ես առաջնորդող դարձա, դու դեռ չէիր էլ սկսել հավատալ աստծուն»։ Սա է այն վերաբերմունքը, որ նրանք տածում են իրենց էտող եղբայրների և քույրերի նկատմամբ։ Կենտրոնանում են որակավորումների և ավագության վրա և մերժում են այս հիմքերով էտվելը։ Ուստի կարո՞ղ են արդյոք ընդունել դա, երբ Վերևն էտում է իրենց։ Ելնելով իրենց բնական էությունից՝ դա էլ չեն ընդունի։ Թեև արտաքուստ գուցե ոչինչ չասեն, նրանց սրտերը հաստատ կդիմակայեն և կմերժեն դա։ Սա անկասկած է։ Երբ իսկապես բախվում են Վերևի էտմանը, հակաքրիստոսների ամենատարածված դրսևորումը հուսահատորեն խուսափելն ու հօգուտ իրենց վիճելն է՝ պատասխանատվությունից խուսափելու համար, նույնիսկ Վերևին ստելը և ներքևում գտնվողներից բաներ թաքցնելը, որպեսզի կարողանան անպատիժ մնալ։ Հակաքրիստոսները հաճախ օգտագործում են Վերևին ստելու և ներքևում գտնվողներից բաներ թաքցնելու մոտեցումը՝ Վերևի կողմից էտվելուց խուսափելու համար։ Օրինակ՝ եթե եկեղեցում շատ խնդիրներ կան, նրանք երբեք չեն հաղորդում դրանց մասին։ Եթե նրանց եղբայրներն ու քույրերն ուզում են հաղորդել այդ խնդիրների մասին, հակաքրիստոսները թույլ չեն տալիս նրանց, և ով էլ անում է դա, բախվում է նրանց ճնշմանն ու մեկուսացմանը։ Արդյունքում մեծամասնությունը ստիպված է լինում հեռու մնալ այն հարցերից, որոնք անձամբ իրենց վրա չեն ազդում և գործել որպես մարդկանց հաճեցնողներ։ Հակաքրիստոսները կոծկում են եկեղեցու բոլոր խնդիրները՝ դրանք լիովին գաղտնի պահելով, և թույլ չեն տալիս Վերևին միջամտել կամ հարցուփորձ անել։ Հակաքրիստոսները նաև որքան կարող են կասեցնում են Վերևի աշխատանքային կարգավորումները և չեն փոխանցում կամ իրականացնում դրանք։ Եթե Վերևի աշխատանքային կարգավորումներն ամենևին չեն ազդում իրենց անձնական հեղինակության կամ կարգավիճակի վրա, գուցե մի քանի մակերեսային հայտարարություններ անեն և ձևականություններ անեն, բայց հաստատ իրականում չեն իրականացնի դրանք։ Եթե Վերևի աշխատանքային կարգավորումները վտանգ են ներկայացնում կամ որոշակի ազդեցություն են ունենում իրենց հեղինակության և կարգավիճակի վրա, ապա հակաքրիստոսները ստիպված են մտածել։ Նրանք պետք է հաշվի առնեն, թե ինչպես գործել, ում վրա գործել և երբ գործել։ Նրանք պետք է զգուշորեն մոտենան այս բաներին՝ նորից ու նորից դրանք իրենց մտքում հաշվարկելով։ Եթե եկեղեցու աշխատանքում որոշ խնդիրներ են ի հայտ գալիս, հակաքրիստոսները գիտեն, որ հաստատ կէտվեն կամ նույնիսկ կպաշտոնազրկվեն, երբ Վերևն իմանա խնդիրների մասին, ուստի թաքցնում են խնդիրները և չեն հաղորդում դրանց մասին Վերևին։ Նրանք ամենևին չեն անհանգստանում, թե ինչ ազդեցություն կամ վնաս կբերեն այդ խնդիրներն Աստծու տան գործին, եթե չլուծվեն։ Նրանք անտարբեր են այն կորուստների նկատմամբ, որոնք կկրի Աստծու տան գործը։ Չեն մտածում, թե գործողությունների որ ընթացքն օգուտ կտա Աստծու տան գործին կամ կբավարարի Աստծուն, միայն հաշվի են առնում իրենց սեփական հեղինակությունն ու կարգավիճակը, թե ինչպես Վերևը կդիտարկի և կվերաբերվի իրենց և թե ինչպես պաշտպանեն իրենց հեղինակությունն ու կարգավիճակը, որպեսզի դրանք չտուժեն։ Սա այն ձևն է, որով հակաքրիստոսները դիտարկում են բաները և մտածում խնդիրների մասին, և դա լիովին ներկայացնում է նրանց խառնվածքը։ Հետևաբար, հակաքրիստոսները բացարձակապես ճշմարտացիորեն չեն հաղորդի այն խնդիրների մասին, որոնք գոյություն ունեն եկեղեցու ներսում կամ ծագում են իրենց աշխատանքում։ Անկախ նրանից՝ ինչ աշխատանք են կատարում, անկախ նրանից՝ ինչ դժվարությունների են բախվում, կամ եթե հանդիպում են իրավիճակների, որոնցից չգիտեն ինչպես գլուխ հանել, կամ որտեղ չգիտեն ինչ ընտրություն կատարել այդ աշխատանքն իրականացնելիս, կկոծկեն և կթաքցնեն դա՝ վախենալով, որ Վերևը կասի, թե իրենց որակը չափազանց ցածր է, կամ կիմանա իրենց իրական իրավիճակի մասին, կամ կէտի իրենց, քանի որ ժամանակին չեն զբաղվել և չեն լուծել այդ դժվարությունները կամ իրավիճակները։ Հակաքրիստոսներն անտեսում են Աստծու տան շահերը և եկեղեցու աշխատանքը՝ Վերևի կողմից էտվելուց խուսափելու համար։ Նրանք չեն վարանում զոհաբերել եկեղեցու աշխատանքն ու շահերը՝ իրենց կարգավիճակն ու ապրուստը պահպանելու համար և ապահովելու, որ Վերևն իրենց մասին լավ տպավորություն ունի։ Չեն անհանգստանում եկեղեցու աշխատանքի առաջընթացը դանդաղեցնելու կամ դրա վրա ազդելու համար, և էլ ավելի քիչ են անհանգստանում Աստծու ընտրյալ ժողովրդի կյանքի մուտքի համար։ Անկախ նրանից՝ ինչ դժվարությունների են բախվում եղբայրներն ու քույրերը, կամ ինչ խնդիրներ գոյություն ունեն նրանց կյանքի մուտքի առումով, հակաքրիստոսները չեն կարող լուծել դրանք և չեն փնտրի Վերևից։ Նրանք հստակ գիտեն, որ խնդիրները թաքցնելը և դրանք չլուծված թողնելը կդանդաղեցնի եկեղեցու աշխատանքի առաջընթացը և կազդի դրա վրա և կորուստներ կպատճառի եղբայրների և քույրերի կյանքին, բայց անտեսում են այս բաները և չեն անհանգստանում դրանց համար։ Անկախ նրանից, թե ինչ մեծ խնդիրներ են ծագում եկեղեցում, նրանք երբեք չեն հաղորդում դրանց մասին, փոխարենն անում են հնարավոր ամեն ինչ՝ դրանք կոծկելու և գաղտնի պահելու համար։ Եթե եղբայրներն ու քույրերը բացահայտում են նրանց չար գործերը և նամակներ են գրում՝ հայտնելով դրանց մասին, հակաքրիստոսներն էլ ավելի են փորձում թաքցնել և գաղտնի պահել այդ նամակները։ Ո՞րն է այդ նամակներն թաքցնելու և գաղտնի պահելու նրանց նպատակը։ Դա իրենց կարգավիճակը պահպանելն է, իրենց հեղինակությունն ու վարկանիշը պաշտպանելը և այն ամենը պահելը, ինչ ունեն այդ պահին։ Նրանց համար պաշտոնազրկվելը կամ Վերևի կողմից իրենց աշխատանքի համար ոչ պիտանի գնահատվելը նման է իրենց կյանքը կորցնելուն և մահվան դատապարտվելուն, դա նման է Աստծուն հավատալու ճանապարհի ավարտին հասնելուն։ Ուստի, անկախ ամեն ինչից, նրանք երբեք չեն փնտրում Վերևից։ Փոխարենը ուղիներ են մտածում՝ կոծկելու իրենց աշխատանքում գոյություն ունեցող բոլոր խնդիրները և թույլ չտալու Վերևին բացահայտել դրանք։ Մի՞թե նրանց այս գործելակերպը շատ արհամարհելի չէ։ Նրանք կարծում են, որ Աստծու և Վերևի աչքերում լավ առաջնորդողը պետք է լինի մեկը, ով երբեք ոչ մի խնդիր կամ դժվարություն չի ունենում, ով կարող է լավ գլուխ հանել բոլոր հարցերից և պիտանի է բոլոր տեսակի աշխատանքների համար։ Նրանք մտածում են, որ լավ առաջնորդողը երբեք չի տրտնջում դժվարություններից կամ չի փնտրում խնդիրների ժամանակ, և որ լավ առաջնորդողը բացարձակապես պետք է կատարյալ, անթերի մարդ լինի Աստծու և Վերևի մտքում, որը կարող է լավ կատարել աշխատանքը՝ առանց Վերևի կողմից էտվելու անհրաժեշտության։ Հետևաբար նրանք բուռն կերպով պաշտպանում են իրենց կարգավիճակը՝ հուսալով լավ տպավորություն թողնել Վերևի վրա և ստիպել Վերևին սխալմամբ հավատալ, որ պիտանի են իրենց աշխատանքի համար, որ կարող են ստանձնել իրենց աշխատանքը, և որ ոչ մի մեծ խնդիր չի առաջանա, և ուստի մտածել, որ կարիք չկա ուղղակիորեն հարցուփորձ անելու իրենց աշխատանքի մասին կամ ուղղություն տալու իրենց, և հաստատ կարիք չկա էտելու իրենց։ Հակաքրիստոսներն ուզում են այսպիսի պատկեր ստեղծել իրենց համար, ստիպել ուրիշներին սխալմամբ հավատալ, որ Աստված հավատում է իրենց և ամեն ինչ վստահում է իրենց, որ Նա իրենց կարևոր առաջադրանքներ է հանձնարարում և մեծ վստահություն ունի իրենց նկատմամբ, այն աստիճան, որ դժկամությամբ է էտում իրենց՝ վախենալով, որ նրանց բացասական դառնալը և ծուլանալը կազդի աշխատանքի վրա։ Հակաքրիստոսները մղում են եղբայրներին և քույրերին մտածելու, որ իրենք սիրված մարդիկ են Աստծու տանն ու եկեղեցում և կարևոր դեմքեր են Աստծու տանը։ Ինչո՞ւ են նրանք ուզում այսպիսի պատրանքի և կեղծ արտաքինի տպավորություն թողնել եղբայրների և քույրերի վրա։ Դա նրա համար է, որպեսզի կարողանան մղել մարդկանց հարգելու և երկրպագելու իրենց, որպեսզի կարողանան վայելել կարգավիճակի օգուտները եկեղեցում, ինչպես նաև բարձր կարգավիճակ և լավ վերաբերմունք այն աստիճան, որ կարողանան զբաղեցնել Աստծու տեղը։ Նրանք հաճախ եղբայրներին և քույրերին ասում են. «Աստված չի կարող անձամբ խոսել ձեզ հետ, նա չի կարող իջնել ձեր մակարդակին և անձամբ աշխատանք կատարել, և նա չէր կարող ապրել ձեր կողքին և ուղղորդել ձեզ այն բոլոր տարբեր բաներում, որոնց բախվում եք ձեր առօրյա կյանքում։ Ուստի ո՞վ կիրականացնի այս հատուկ առաջադրանքները։ Մի՞թե դա մեզ պես առաջնորդողներն ու աշխատողները չեն լինի»։ Մինչ նրանք անում են հնարավոր ամեն ինչ՝ իրենց կարգավիճակը պաշտպանելու համար, հաճախ ասում են նման բաներ և արտահայտում են այսպիսի գաղափարներ, որպեսզի եղբայրներն ու քույրերը լիովին և անկասկած հավատան և վստահեն իրենց։ Ո՞րն է նրանց այս գործելակերպի բնությունը։ Մի՞թե դա Վերևին ստելը և ներքևում գտնվող մարդկանցից բաներ թաքցնելը չէ։ (Այո։) Սա նրանց մոտեցման խելացի մասն է։ Մարդկանց մեծամասնությունը ցածր որակ ունի, չի հասկանում ճշմարտությունը, չի կարող զանազանել հակաքրիստոսներին և կարող է միայն մոլորեցվել և օգտագործվել հակաքրիստոսների կողմից։ Եթե հակաքրիստոսներն ուղղակիորեն փորձեին մոլորեցնել մարդկանց՝ ասելով. «Վերևն իսկապես հավատում է ինձ, նրանք լսում են ինձ բոլոր հարցերում», մարդիկ գուցե փոքր-ինչ զգուշանային և փոքր-ինչ զանազանություն ունենային նրանց նկատմամբ, բայց հակաքրիստոսներն այսպիսի ուղղակի ձևով չեն խոսում։ Նրանք խոսելու որոշակի ձև են օգտագործում մարդկանց մոլորեցնելու համար և մղում են նրանց սխալմամբ հավատալու, որ Վերևը պետք է որ հավատա և վստահի իրենց, որպեսզի առաջնորդության աշխատանքն իրենց վստահած լինի։ Զանազանություն չունեցող և ճշմարտությանը չձգտող տխմարները խաբվում են սրանով և հետևում են նրանց։ Եվ երբ ինչ-որ բան է պատահում, այդ տխմարները չեն աղոթում Աստծուն կամ չեն փնտրում ճշմարտությունն Աստծու խոսքերում, փոխարենը գալիս են հակաքրիստոսների առջև՝ խնդրելով հակաքրիստոսներին ցույց տալ իրենց ճանապարհը և ուղի ընտրել իրենց համար։ Սա այն նպատակն է, որին հակաքրիստոսներն ուզում են հասնել իրենց գործողություններով։ Եթե եկեղեցում չլինեն մի քանի մարդիկ, որոնք հասկանում են ճշմարտությունը, որոնք կզանազանեն և կմերկացնեն հակաքրիստոսներին, մարդկանց մեծամասնությունը կուրորեն կհավատա նրանց, կերկրպագի և կհետևի նրանց և կապրի նրանց վերահսկողության տակ։ Սա այնքա՛ն վտանգավոր է։ Եթե ինչ-որ մեկը երեք կամ հինգ տարի մոլորեցվում և վերահսկվում է հակաքրիստոսի կողմից, նրա կյանքը մեծ կորուստ կկրի։ Եթե ութ կամ 10 տարի է մոլորեցվում և վերահսկվում հակաքրիստոսի կողմից, ապա հիմնովին կկործանվի։ Նույնիսկ եթե ուզենա փրկվել, հնարավորություն չի ունենա։
Հակաքրիստոսները հաճախ մոլորեցնում են մարդկանց, գրավում և վերահսկում են նրանց՝ պնդելով, թե իրենք Աստծու տանը հանրահայտ մարդիկ են, որոնց Աստված կարևոր պաշտոնների է նշանակել, և որոնց Աստված գնահատում և վստահում է՝ ձգտելով հասնելու միշտ կարգավիճակ վայելելու և ընդմիշտ վերջին խոսքն ունենալու իրենց նպատակին։ Ինչի՞ց են հակաքրիստոսներն ամենաշատը վախենում։ Նրանք ամենաշատը վախենում են իրենց կարգավիճակը կորցնելուց և վատ համբավ ձեռք բերելուց։ Վախենում են, որ եղբայրներն ու քույրերը կմտածեն, թե իրենք չեն ձգտում ճշմարտությանը, որ շատ ցածր որակ ունեն, և որ չունեն հոգևոր հասկացողություն կամ որևէ իրական աշխատանք չեն կատարում, և որ անկարող են որևէ իրական աշխատանք կատարել։ Սրանք այն բաներն են, որոնք հակաքրիստոսներն ամենաշատն են սարսափում լսել։ Երբ հակաքրիստոսները նման պնդումներ և հայտարարություններ են լսում, խուճապի են մատնվում և նույնիսկ ջղայնանում են՝ երբեմն հասնելով այն բանին, որ հիստերիայի մեջ են ընկնում՝ ասելով. «Ես ցածր որակ ունեմ, ուստի ում կարող ես, նրա՛ն էլ օգտագործիր. միևնույն է, չեմ կարող անել այս աշխատանքը։ Մի՞թե աստված արդար չէ։ Այսքան տարի հավատացել եմ նրան, հանուն նրա հրաժարվել եմ ընտանիքիցս ու կարիերայիցս և բոլորիդ՝ իմ եղբայրների և քույրերի համար այդքան շատ ջանք եմ թափել։ Ինչո՞ւ չեք կարող գոնե մի արդար խոսք ասել իմ մասին»։ Նրանք այլևս չեն կարողանում որևէ ուշադրություն դարձնել իրենց հեղինակությանն ու կարգավիճակին, ոչ էլ փորձում են կոծկել իրենց կամ ձևացնել. նրանց տգեղությունն ամբողջությամբ ի ցույց է դրվում։ Իրենց բարկությունը դուրս թափելուց հետո սրբում են արցունքները և մտածում՝ «Օ՜, ո՛չ, ես խայտառակեցի ինձ։ Ստիպված կլինեմ վերադարձ կատարել»։ Ապա շարունակում են ձևացնել, շարունակում են սովորել լավ կարգախոսներ ու վարդապետություններ և լսել, կարդալ, քարոզել ու մոլորեցնել մարդկանց։ Նրանք զգում են, որ պետք է փրկեն իրենց հեղինակությունն ու կարգավիճակը և հուսով են, որ մի օր, երբ ընտրությունների ժամանակը գա, եղբայրներն ու քույրերը դեռ կմտածեն իրենց մասին, կհիշեն իրենց արած լավ բաները, կհիշեն իրենց վճարած գները և այն բաները, որոնք ասել են։ Սա բացարձակապես անամոթություն է, այնպես չէ՞։ Նրանց այդ հին բնությունը բոլորովին չի փոխվել, այնպես չէ՞։ Ինչո՞ւ հակաքրիստոսները երբեք չեն փոխվում։ Սա որոշվում է նրանց բնական էությամբ, նրանք չեն կարող փոխվել, նրանք պարզապես այդպիսին են։ Երբ նրանց փառասիրական ձգտումներն ու նկրտումներն ամբողջությամբ ի դերև են ելնում, նրանք հիստերիայի մեջ են ընկնում, իսկ հետո շատ ավելի լավ են պահում իրենց։ Վերջերս հարցրի, թե ինչպես են մի մարդու գործերը, և որոշ եղբայրներ ու քույրեր ասացին, որ նա շատ լավ է պահել իրեն։ Ի՞նչ էր նշանակում «լավ պահել»։ Նշանակում էր, որ վերջերս նա իրեն շատ ավելի լավ էր պահում և շատ ավելի լավ էր գործում, քան նախկինում, այլևս խնդիրներ չէր առաջացնում, չէր հարձակվում մարդկանց վրա կամ չէր մրցակցում կարգավիճակի համար և սովորում էր մարդկանց հետ ավելի մեղմ, համեստ և հանգիստ խոսել։ Եվ նա ճիշտ խոսքեր էր օգտագործում ուրիշներին օգնելու համար, իսկ իր առօրյա կյանքում հատուկ հոգատարություն և խնամք էր ցուցաբերում ուրիշ մարդկանց նկատմամբ։ Կարծես թե վերածվել էր բոլորովին նոր մարդու։ Բայց արդյո՞ք իսկապես այդպես էր։ Ոչ։ Ուստի որո՞նք էին այդ կիրառումները։ (Արտաքին լավ վարքագծեր։)
Այն բանից հետո, երբ որոշ հակաքրիստոսներ բացահայտվում են, և նրանց բոլոր չար գործերն ի հայտ են գալիս, եղբայրներին և քույրերին տեսնելիս նրանք ասում են. «Զգում եմ, որ վերջերս լուսավորություն եմ ստացել և լուսավորվել եմ աստծու կողմից և իսկապես լավ վիճակում եմ։ Խոր ատելություն եմ զգում իմ նախկին գործողությունների նկատմամբ և երբեք չեմ կարողանա մոռանալ կամ բաց թողնել այն կորուստները, որոնք պատճառեցի իմ եղբայրներին և քույրերին։ Շատ տխուր եմ»։ Սա ասելիս արտասվում են և նույնիսկ նախաձեռնություն են ցուցաբերում՝ խնդրելով եղբայրներին և քույրերին էտել իրենց՝ ասելով. «Մի՛ անհանգստացեք, որ ես թույլ եմ։ Եթե տեսնեք, որ ինչ-որ սխալ բան եմ անում, էտե՛ք ինձ, կարող եմ ընդունել դա։ Ես կարող եմ դա աստծուց ընդունել, ոչ մի ոխ չեմ պահի ձեր դեմ»։ Եղբայրների և քույրերի կողմից էտվելը համառորեն մերժելուց, դրան դիմադրելուց և դեմ դուրս գալուց, հօգուտ իրենց արդարանալուց ու վիճելուց և վրդովմունքով լի լինելուց նրանք անցել են ակտիվորեն էտվել փնտրելուն։ Սա վերաբերմունքի բավականին արագ փոփոխություն է, այնպես չէ՞։ Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ զղջում են։ Ելնելով այս վերաբերմունքից՝ կարծես թե շրջադարձ են կատարել, ուստի պետք է էտես նրանց։ Սա անելը կարող է հնարավորություն տալ նրանց գիտակցելու անցյալում իրենց թույլ տված սխալները և օգնել նրանց ճանաչելու իրենց։ Այդ պահին պետք է որոշակի անկեղծություն ցուցաբերես նրանց օգնելու համար և ասես. «Տեսնում եմ, որ վերջերս բավականին լավ ես գործում։ Քեզ հետ սրտանց եմ խոսելու։ Եթե իմ ասած որևէ բան սխալ է, և չես կարող ընդունել, ապա ուշադրություն մի՛ դարձրու դրան, եթե հավատում ես, որ իմ ասածը ճիշտ է, ապա ընդունի՛ր դա Աստծուց։ Իմ մտադրությունը քեզ օգնելն է, ոչ թե ընկած ժամանակ քեզ հարվածելը կամ քեզ վրա հարձակվելը։ Եկե՛ք բացենք մեր սրտերը միմյանց առջև և հաղորդակցվենք։ Այն ժամանակ, երբ ծառայում էիր որպես առաջնորդող, հպարտորեն քայլում էիր այս ու այն կողմ և հրաժարվում էիր սխալներդ ընդունելուց. նույնիսկ եթե արտաքուստ ընդունում էիր որոշները, իրականում սրտիդ խորքում չէիր ընդունում մեղքը, իսկ հետո, երբ բախվում էիր նույն տեսակի խնդրի, դեռ գործում էիր ճիշտ այնպես, ինչպես նախկինում։ Եկե՛ք խոսենք, օրինակ, այդ վերջին միջադեպի մասին։ Քանի որ անպատասխանատու էիր, ինչ-որ բան սխալ գնաց, և մեծ կորուստ հասցվեց Աստծու տան ունեցվածքին։ Քո անպատասխանատվությունը նաև հանգեցրեց շատ եղբայրների և քույրերի ձերբակալվելուն ու բանտարկվելուն և դրա համար գին վճարելուն։ Մի՞թե չես կարծում, որ պետք է պատասխանատվություն կրես դրա համար։ Դու էիր այդ միջադեպի անմիջական պատասխանատուն, ուստի պետք է գաս Աստծու առջև, խոստովանես մեղքերդ և ապաշխարես։ Իրականում, եթե ընդունես սխալդ, Աստված դա վատագույն դեպքում որպես հանցանք կդիտարկի, և դա չի ազդի ապագայում ճշմարտությանը քո ձգտելու վրա։ Եղբայրներն ու քույրերը նույնպես կկարողանան պատշաճ կերպով վերաբերվել քեզ և քեզ որպես Աստծու տան անդամ տեսնել։ Նրանք չեն արտաքսի քեզ կամ չեն հարձակվի քեզ վրա։ Ճիշտ է, որ մարդու հետ կապված ամեն ինչ Աստծու ձեռքերում է, բայց եթե երբեք չձգտես ճշմարտությանը, ապա Աստված հաստատ կզզվի քեզնից և կթողնի քեզ, և այդ պահին կդառնաս ոչնչացման թիրախ։ Եթե ընդունես Աստծու գործը և հնազանդվես դրան ու կարողանաս անկեղծորեն ապաշխարել, Աստված չի հիշի քո անցյալի հանցանքները, և Աստծու առջև դեռ ճշմարտությանը ձգտող մարդ կլինես։ Մենք չենք խնդրում Նրա թողությունը կամ ներումը, բայց առնվազն պետք է անենք այն, ինչ մարդիկ պետք է անեն. սա յուրաքանչյուր արարածի պարտականությունն ու պարտավորությունն է, և սա այն ճանապարհն է, որով բոլորս պետք է քայլենք»։ Սրանք ճշմարիտ խոսքեր են, այնպես չէ՞։ Դրանցում կա՞ արդյոք որևէ ծաղր կամ խորամանկություն։ Դրանցում կա՞ արդյոք որևէ հեգնանք կամ ծաղրանք։ (Ոչ։) Սրանք պարզապես սրտանց ասված բառեր են՝ ասված հանգիստ և մարդկանց օգնելու ու կերտելու սկզբունքին համահունչ։ Այս խոսքերը ճիշտ են։ Դրանցում կիրառման ուղի կա, ինչպես նաև ճշմարտություն, որը պետք է փնտրել։ Սակայն կարո՞ղ են արդյոք հակաքրիստոսներն ընդունել այս խոսքերը։ Կարո՞ղ են արդյոք ըմբռնել և կիրառել դրանք որպես ճշմարտություն։ (Չեն կարող։) Ինչպե՞ս կարձագանքեն այս խոսքերին։ «Նույնիսկ հիմա բոլորդ պարզապես շարունակում եք կառչել իմ սխալին՝ հրաժարվելով բաց թողնել այն, հը՞։ Նույնիսկ աստված չի հիշում մարդկանց հանցանքները, ուստի ինչո՞ւ եք միշտ փնտրում իմը։ Ասում եք, որ ուզում եք սրտանց խոսել ինձ հետ և որ օգնում եք ինձ։ Ի՞նչ տեսակ օգնություն է սա։ Սա ակնհայտորեն անցյալի վրա կենտրոնանալու և ինձ պատասխանատվության ենթարկելու փորձ է։ Դուք պարզապես փորձում եք ինձ մղել պատասխանատվություն ստանձնելու, այնպես չէ՞։ Մի՞թե միայն ես եմ պատասխանատու այդ միջադեպի համար։ Ամեն ինչ աստծու ձեռքերում է, ինչը նշանակում է, որ նա է պատասխանատուն։ Երբ այդ միջադեպը տեղի ունեցավ, ինչո՞ւ աստված մեզ որևէ ակնարկ չարեց դրա մասին։ Մի՞թե դա աստծու կողմից չի կազմակերպվել։ Դե ուրեմն ինչպե՞ս կարող եք ինձ մեղադրել»։ Սա նրանց՝ իրենց մտքերն արտահայտելն է, այնպես չէ՞։ Որտե՞ղ է նրանց խնդիրը։ Արտաքուստ թվում էր, թե նրանք շրջադարձ են կատարել և ավելի խոնարհ են դարձել, թվում էր, թե շատ ավելի լավ են պահում իրենց, քան նախկինում, ասես այլևս չեն ձգտում կարգավիճակի և հեղինակության և ասես կարող են հանգիստ նստել, խոսել ինչ-որ մեկի հետ և սրտանց զրուցել։ Ուստի ինչպե՞ս են դեռևս ի վիճակի նման բան ասելու։ Ի՞նչ խնդիր կարելի է տեսնել սրանում։ (Նրանց գործելաձևը պարզապես պատրանք էր, որն իրենք ստեղծել էին, որպեսզի կարողանային վերադարձ կատարել։) Ուրիշ ի՞նչ։ (Նրանք բոլորովին ճշմարտապես չեն ճանաչում իրենց, և դրանք իրական ապաշխարության դրսևորումներ չեն։ Դրանք պարզապես մի տեսակ կեղծավոր կիրառում են։ Երբ ուրիշ մարդիկ հաղորդակցվում են նրանց հետ իրենց խնդիրների մասին, դեռևս անկարող են ընդունելու ճշմարտությունը։ Ակնհայտ է, որ նրանց բնական էությունը թշնամական է ճշմարտության նկատմամբ։) Երկու կետ շատ պարզ է սրանում։ Նախևառաջ, երբ հակաքրիստոսը կորցնում է իր կարգավիճակը, նրա վիճակներից մեկն այն է, որ «Քանի դեռ կյանք կա, հույս կա»։ Նա միշտ պատրաստ է վերադարձ կատարելու։ Երկրորդ կետն այն է, որ ինչ վերաբերում է այն սխալ ուղուն, որի վրա նախկինում գտնվում էին, և այն հանցանքներին, որոնք գործել են, հակաքրիստոսները բացարձակապես երբեք անկեղծորեն չեն ինքնաքննի։ Նրանք չեն ընդունի իրենց սխալները կամ չեն ընդունի ճշմարտությունը, առավել ևս չեն հասկանա իրենց էությունն իրենց չարագործության փաստերից կամ չեն հասկանա, թե ինչպես կիրառել ըստ ճշմարտության։ Երբ պաշտոնազրկվում են և կորցնում են իրենց կարգավիճակը, նրանք չեն մտածում. «Կոնկրետ ի՞նչ եմ սխալ արել։ Ինչպե՞ս պետք է ապաշխարեմ։ Եթե նման բան նորից պատահի, ինչպե՞ս պետք է վարվեմ, որպեսզի համապատասխանեմ Աստծու մտադրությանը»։ Նրանք չունեն իրենց շրջելու այս վերաբերմունքը։ Նույնիսկ եթե էտվում են և նույնիսկ եթե պաշտոնազրկվում են, միևնույն է, հետ չեն դառնա և չեն ձգտի ճշմարտությանը, չեն փնտրի կիրառման ուղի կամ չեն փոխի իրենց ձգտման ուղղությունը։ Անկախ նրանից՝ որքան մեծ կորուստներ են բերում Աստծու տանը և անկախ նրանից՝ որքան մեծ անկում են ապրում, երբեք չեն խոստովանի իրենց մեղքերը։ Նրանց ձախողումները չեն ստիպի նրանց ձգտել ճշմարտությանը և փնտրել այն հաջորդող ժամանակահատվածում։ Փոխարենը կհաշվարկեն, թե կոնկրետ ինչ կարող են անել՝ ամեն ինչ փրկելու և իրենց կորցրած կարգավիճակը վերադարձնելու համար։ Սրանք են այդ երկու կետերը։ Առաջինը մի տեսակի վիճակ է, որը նրանք ունենում են իրենց կարգավիճակը կորցնելուց հետո, որն անընդհատ պատրաստ է վերադարձ կատարելու։ Երկրորդ կետը նրանց՝ այն սխալ ուղին ընդունելը կամ հասկանալը մերժելն է, որի վրա գտնվում էին։ Այս երկրորդ կետի շրջանակում այն սխալ ուղին չհասկանալը, որի վրա գտնվում էին, դրա մի մասն է։ Բացի դրանից՝ նրանք բացարձակապես անկեղծորեն չեն ապաշխարի, ոչ էլ կընդունեն ճշմարտությունը և հաստատ չեն փոխհատուցի Աստծու տանը հասցրած վնասը զղջացող սրտերով։ Բացարձակապես չեն մտածի, թե ինչպես վերափոխվել, թե ինչպես ճշմարտությանը չձգտող մարդկանցից դառնալ ճշմարտությանը ձգտող և այն կիրառող մարդիկ։ Այս երկու կետերն ակնհայտ են դարձնում, որ հակաքրիստոսները հակակրանք են տածում ճշմարտության հանդեպ և իրենց բնությամբ չարասեր են։ Նրանք հատկապես լավ են քողարկվում և հարմարվում իրենց միջավայրին՝ քամելեոնների պես։ Նրանք անկայուն էություն ունեն, և իրենց սրտերի խորքում կարգավիճակի նրանց ձգտումը և նրանց փառասիրական ձգտումներն ու նկրտումները երբեք չեն թուլանում, ոչ էլ երբևէ կփոխվեն։ Ոչ ոք չի կարող փոխել այդ մարդկանց։ Նայելով այս դրսևորումներին՝ ո՞րն է այս տեսակի մարդու բնական էությունը։ Հակաքրիստոսը եղբայր կամ քո՞ւյր է։ Հակաքրիստոսն իրական մա՞րդ է։ (Ոչ։) Եթե այս մարդկանց որպես եղբայրներ և քույրեր եք տեսնում, մի՞թե դա չի նշանակում, որ լրջորեն հիմար եք։ Այս դրսևորումները հակաքրիստոսի էության մերկացումներն են։ Երբ հակաքրիստոսները կարգավիճակ չեն ունենում, սա այն վիճակն է, որում նրանք գտնվում են։ Նրանց սրտերի հաշվարկները, այն, ինչ բացահայտում են, և թե ինչպես են արտաքուստ գործում, և այն վերաբերմունքը, որն ունեն իրենց սրտերի խորքում ճշմարտության և իրենց հանցանքների նկատմամբ, այսպիսին են, և նրանց տեսակետը չի փոխվի։ Անկախ նրանից՝ որքան ես հաղորդակցվում ճշմարտության շուրջ կամ խոսում կիրառման ճիշտ, դրական ուղիների մասին, երբեք իսկապես չեն ընդունի դա իրենց հոգու խորքում։ Փոխարենը կդիմադրեն դրան։ Նույնիսկ կմտածեն. «Դե, ես այլևս կարգավիճակ չունեմ, ուստի իմ ասածը հաշիվ չէ։ Այլևս ոչ ոք չի աջակցում ինձ։ Դուք պարզապես ուզում եք ծաղրել ինձ և դաս տալ ինձ։ Դու իրավունք ունե՞ս ինձ դաս տալու։ Ի՞նչ ես կարծում, ո՞վ ես դու։ Երբ ես առաջնորդող դարձա, դու դեռ չէիր սովորել քայլել։ Մի՞թե ինձնից չես սովորել այն մի քանի բաները, որոնց մասին խոսում ես։ Եվ փորձում ես ինձ դա՞ս տալ։ Դու իսկապես չգիտե՛ս քո տեղը տիեզերքում»։ Նրանք կարծում են, որ մարդիկ պետք է որոշակի ավագություն ունենան՝ իրենց էտելու, իրենց հետ խոսելու, զրուցելու կամ սրտանց խոսելու համար։ Ի՞նչ տեսակ մարդիկ են սրանք։ Միայն հակաքրիստոսներն են ունակ նման բաներ ասելու։ Բնականոն մարդիկ և նրանք, ովքեր ամոթի զգացում և փոքր-ինչ ողջամտություն ունեն, երբեք չէին ասի այս բաները։ Եթե ինչ-որ մեկը քարոզ է կարդում ձեզ, հանգիստ սրտանց զրուցում է ձեզ հետ և մատնանշում է ձեր ունեցած խնդիրներն ու որոշ առաջարկություններ է անում, կկարողանայիք արդյո՞ք ընդունել սա։ Թե՞ կունենայիք նույն մտածելակերպը, ինչ հակաքրիստոսը։ Օրինակ՝ ենթադրենք, որ 10 տարի հավատացյալ ես եղել, բայց երբեք չես ծառայել որպես առաջնորդող։ Մեկ ուրիշն ընդամենը երկու տարի է հավատում, բայց քեզնից բարձր կարգավիճակ ունի, և դու վշտանում ես դրանից։ Ենթադրենք՝ 20 տարի հավատացել ես Աստծուն նախքան ի վերջո շրջանի առաջնորդող դառնալը։ Մեկ ուրիշն ընդամենը հինգ տարի հավատալուց հետո տարածաշրջանի առաջնորդող է դառնում և սկսում է առաջնորդել քեզ, և քեզ համար դժվար է ընդունել դա։ Եթե էտում է քեզ, անհարմար ես զգում, և նույնիսկ եթե իրավացի է քեզ էտելիս, միևնույն է, չես ուզում ընդունել դա։ Երբևէ ունեցե՞լ եք այսպիսի վերաբերմունք կամ դրսևորումներ։ (Այո)։ Սա հակաքրիստոսի խառնվածք է։ Կարծում ես, որ միայն հակաքրիստոսնե՞րն ունեն հակաքրիստոսի խառնվածք։ Յուրաքանչյուր ոք, ով ունի հակաքրիստոսի խառնվածք, վտանգի մեջ է. նա կարող է բռնել հակաքրիստոսի ուղին, և այս խառնվածքը կարող է կործանել նրան։ Այդպես է։ Երբ հաղորդակցվում ենք հակաքրիստոսի էության մասին և մանրամասն վերլուծում ենք այն, սա ներառում է նաև այն մարդկանց, որոնք ունեն հակաքրիստոսի խառնվածք։ Կասեի՞ք որ սրանում ներառված մարդիկ փոքրամասնություն կամ մեծամասնություն են։ Թե՞ սա ներառում է բոլորին։ (Բոլորին է ներառում։) Ճիշտ է, որովհետև հակաքրիստոսի խառնվածքը Սատանայի բնույթն է, և բոլոր ապականված մարդիկ ունեն Սատանայի բնույթը։ Այժմ փոքր-ինչ հաղորդակցվել ենք այն թեմայի մասին, թե ինչպես են հակաքրիստոսները վերաբերվում էտվելուն։ Ավելի մանրամասնելու համար կարելի է որոշ կոնկրետ օրինակներ բերել։ Դա կթողնեմ ձեզ, որպեսզի հաղորդակցվեք ձեր հավաքույթների ժամանակ։ Հաղորդակցվելիս միշտ մի՛ խոսեք այն մասին, թե ինչպիսին են ուրիշ մարդիկ։ Իհարկե, ուրիշների դրսևորումների մասին հաղորդակցվելն անխուսափելի է, բայց հիմնականում պետք է հաղորդակցվեք ձեր սեփական դրսևորումների մասին։ Եթե կարողանաք ձեր մեջ գտնել որոշ դրսևորումներ կամ մերկացումներ, որոնք կապված են հակաքրիստոսի խառնվածքի հետ, դա օգտակար և նպաստավոր կլինի ձեր ինքնաճանաչողության համար և կօգնի ձեզ ազատվելու այդ խառնվածքից։
Նախկինում հաղորդակցվել ենք հակաքրիստոսի խառնվածքի տարբեր դրսևորումների թեմայի շուրջ։ Այժմ ի վիճակի՞ եք արդյոք ձեզ դրանց հետ համեմատել։ Կարողացել եք արդյո՞ք որոշակի հասկացողություն ձեռք բերել։ Կարո՞ղ եք լուծել որոշ իրական խնդիրներ։ Անկախ նրանից՝ ձեր ապականված խառնվածքների որ տեսանկյունն եք փոխում, այդ ամենն իրագործվում է ճշմարտությունը հասկանալու, ինքներդ ձեզ ճշմարտության հետ համեմատելու և ապա ինքներդ ձեզ ճանաչելու հիման վրա։ Հետևաբար ապականված խառնվածքի տարբեր դրսևորումները զանազանել և մանրամասն վերլուծել կարողանալն այն ուղին է, որով պետք է քայլեք, երբ խոսքը վերաբերում է ինքներդ ձեզ ճանաչելուն և խառնվածքի փոփոխության հասնելուն։ Արդեն հասկացե՞լ եք այս կետը։ Ձեզանից ոմանք գուցե չեն հասկացել և մտածում են. «Դուք միշտ հաղորդակցվում եք այս չնչին թեմաների և բաների շուրջ։ Դուք երբեք չեք խոսում որոշ խոր ճշմարտությունների մասին կամ որևէ խոր առեղծված չեք բացահայտում։ Սա այնքա՛ն ձանձրալի և տաղտկալի է։ Ի՞նչ կապ ունեն այն բաները, որոնց մասին հաղորդակցվում եք, մեր՝ երկնքի թագավորություն մտնելու, մեծ օրհնություններ ստանալու և ապագայում կատարելագործվելու հետ»։ Այս մարդիկ երբեք չեն հասկանում։ Նրանք քնկոտ են դառնում, երբ լսում են այս բաները։ Հոգևոր հասկացողություն չունեցող մարդիկ չեն ընկալում դա, չեն հասկանում մարդկային տարբեր վիճակները, որոնց յուրաքանչյուր ճշմարտություն շոշափում է, կամ տարբեր ճշմարտությունների միջև եղած հարաբերությունները։ Նրանք այս բաները չեն հասկանում։ Որքան ավելի մանրամասն բացատրություն ես տալիս նրանց, այնքան ավելի են շփոթվում և այնքան ավելի քիչ են ընկալում, ուստի միշտ քնկոտ են դառնում։ Երբ հավաքույթը նոր է սկսվում, նրանք երգում և պարում են և չեն քնկոտանում՝ անկախ նրանից, թե որքան ձանձրալի կամ կրկնվող են կանոններն ու արարողությունները։ Սակայն հենց որ հաղորդակցվում ես ճշմարտության և մարդկանց տարբեր վիճակների մասին, սկսում են նիրհել։ Ի՞նչ է կատարվում այն մարդկանց հետ, որոնք միշտ այդպես քնկոտ են դառնում։ Մի՞թե նրանք չեն բացահայտվել։ Սա ճշմարտությունը չսիրելու դրսևորում է, այնպես չէ՞։ Երբ խոսքը վերաբերում է կյանքի մուտքի հետ կապված տարբեր ճշմարտությունների մանրամասներին, ճշմարտությանն անկեղծորեն ձգտող և որոշակի որակ ունեցող մարդիկ որքան շատ են լսում դրանց մասին, այնքան ավելի լավ են հասկանում դրանք, մինչդեռ նրանք, ովքեր չեն սիրում ճշմարտությունը և չունեն հոգևոր հասկացողություն, որքան շատ են լսում դրանց մասին, այնքան ավելի են շփոթվում։ Որքան շատ են լսում, այնքան ավելի ձանձրալի են համարում դրանք, և անկախ նրանից՝ որքան են լսում, միևնույն է, նույն կերպ են զգում՝ չեն կարողանում դրանցում ուղի լսել։ Նրանք զգում են, որ կյանքի մուտքի հետ կապված հարցերն իրականում այնքան էլ բարդ չեն, ուստի կարիք չկա այդքան շատ հաղորդակցվել դրանց շուրջ։ Այսպիսին են հոգևոր հասկացողություն չունեցող մարդիկ։ Խառնվածքի փոփոխությունը բազմաթիվ ճշմարտություններ է ներառում։ Եթե իրենց խառնվածքները փոխելուն ձգտելու ճանապարհին մարդիկ ժամանակ և ջանք չեն ծախսում յուրաքանչյուր ճշմարտության վրա, չեն հասնում յուրաքանչյուր ճշմարտության հասկացողության, ըմբռնման և ճանաչման և չեն գտնում կիրառման ուղի, ապա բացարձակապես չեն կարողանա մտնել որևէ ճշմարտության մեջ։ Ո՞րն է այն ուղին, որով մարդիկ կարող են ճանաչել Աստծուն։ Դա բոլոր տարբեր ճշմարտությունները հասկանալու և դրանց մեջ մտնելու միջոցով է. սա միակ ուղին է։ Ավելին՝ յուրաքանչյուր ճշմարտություն ինչ-որ տեսություն կամ գիտելիքի կամ փիլիսոփայության տեսակ չէ։ Այն կապված է մարդկանց կյանքի և նրանց գոյության վիճակի, այն վիճակների հետ, որոնցում գտնվում են, և այն բաների հետ, որոնց մասին մտածում են ամեն օր, և այն տարբեր մտքերի, գաղափարների, մտադրությունների ու վերաբերմունքների հետ, որոնք արտադրում են իրենց ապականված էությունների տիրապետության տակ։ Ուստի սրանք են այն թեմաները, որոնց մասին խոսում ենք։ Երբ պարզես այս թեմաները, դրանք քեզ հետ կապես, գտնես կիրառման սկզբունքները և ճանաչես այն տարբեր վիճակներն ու տեսակետները, որոնք արտադրում են քո տարբեր խառնվածքները, իսկապես հասկացած կլինես դրանց հետ կապված ճշմարտությունները և միայն այդ ժամանակ կկարողանաս ճշգրտորեն կիրառել ըստ ճշմարտության սկզբունքների։ Եթե միայն տառացիորեն ես հասկանում բառերը և երբ տեսնում ես հակաքրիստոսների եսասիրության և արհամարհելիության Աստծու մերկացումը, մտածում ես. «Հակաքրիստոսները եսասեր և արհամարհելի են, բայց ես ինքս բավականին անշահախնդիր եմ, ես շատ սեր ունեմ տալու, հանդուրժող եմ, ծնվել եմ գիտնականների ընտանիքում, բարձրագույն կրթություն եմ ստացել և կրել եմ հայտնի դեմքերի ու գլուխգործոցների ազդեցությունը, ես եսասեր մարդ չեմ»։ Արդյոք այս բաներն ասելը ճշմարտությունն ընդունե՞լ է նշանակում։ Արդյոք դա ինքդ քեզ ճանաչե՞լն է։ Բավականին ակնհայտ է, որ չես հասկանում այս որոշակի ճշմարտությունը կամ այն տարբեր վիճակները, որոնք ընդգրկված են այս որոշակի ճշմարտության մեջ։ Երբ հասկանաս Աստծու կողմից ասված և մերկացված տարբեր վիճակները, որոնք ընդգրկված են որոշակի ճշմարտության մեջ, և կարողանաս համեմատել քեզ դրանց հետ ու գտնել կիրառման ճշգրիտ սկզբունքները, բռնած կլինես ճշմարտությունը կիրառելու ուղին և մտած կլինես ճշմարտության իրականության մեջ։ Եթե չես արել սա, ապա պարզապես վարդապետություն ես հասկացել, չես հասկացել ճշմարտությունը։ Ճիշտ ինչպես այն թեման, որի մասին հենց նոր խոսեցինք, թե ինչպես են հակաքրիստոսները վերաբերվում էտվելուն։ Այն տարբեր վիճակները, դրսևորումները և մերկացումները, որոնց շուրջ հաղորդակցվեցինք, բոլորը կապված են հակաքրիստոսի բնական էության և խառնվածքի հետ։ Սրանցից քանի՞սն ես հասկանում։ Դրանցից քանիսի՞ հետ ես համեմատվել։ Արդյոք այս թեմայի մեջ պարունակվող հայտարարությունները, մանրամասները և վիճակները, որոնք ընկալել ես, ուրիշ մարդկա՞նց են վերաբերում, թե՞ քեզ։ Ինքդ որևէ կապ ունե՞ս այս վիճակների հետ։ Իսկապե՞ս կապել ես դրանք քեզ հետ, թե՞ պարզապես դժկամությամբ ընդունել և համաձայնել ես դրանց հետ։ Սա կախված է քո ըմբռնումից և ճշմարտության նկատմամբ քո վերաբերմունքից։ Այս վիճակները քեզ հետ կապելը պարզապես նախապայման է, որպեսզի կարողանաս կիրառել ճշմարտությունը։ Դա չի նշանակում, որ արդեն սկսել ես կիրառել այն։ Սակայն եթե այս վիճակները չես կարող կապել քեզ հետ, ապա բացարձակապես ոչ մի կապ չես ունենա ճշմարտությունը կիրառելու հետ։ Այդ դեպքում, երբ քարոզներ ես լսում, ի՞նչ կլսես։ Պարզապես կձևացնես, կթվա, թե հավատում ես Աստծուն, բայց իրականում չես կիրառի ըստ Նրա խոսքերի և չես կարողանա մտնել Նրա խոսքերի իրականության մեջ։ Պարզապես կլինես աշխարհիկ մարդ, մատուցվող առարկա, հակադրող կերպար։ Ինչ վերաբերում է նրան, թե ինչպես պետք է համեմատեք ձեզ այս վիճակների հետ և ինչպես պետք է մանրամասն վերլուծեք այն տարբեր վիճակները, որոնք վերաբերում են Իմ ասած բաներին, սա կախված է ձեր սեփական գիտելիքից։ Այն ամենը, ինչ կարող եմ անել, ձեզ այս խոսքերն ասելն ու ձեզ այս խոսքերով ապահովելն է, մնացածի համար ինքներդ պետք է ջանք գործադրեք։ Կարող եք ընդունել այս խոսքերը, թե ոչ, կախված է ձեր վերաբերմունքից։ Որոշ մարդիկ կարծրացած են իրենց սրտերում, նրանք միշտ ձևացնում են և փորձում են պաշտպանել իրենց կարգավիճակն ու հեղինակությունը։ Նրանք հստակորեն խնդիրներ ունեն, բայց չեն կարողանում տեսնել այդ խնդիրները և չեն ընդունում դրանք և նույնիսկ իրենց վրա են վերցնում ուրիշներին մերկացնելն ու մանրամասն վերլուծելը։ Արդյունքում այդ մյուս մարդիկ ի վերջո օգուտ են քաղում դրանից, մինչդեռ իրենք ոչինչ ձեռք չեն բերում։ Այս մարդիկ հիմարներ են, այնպես չէ՞։ Սա հիմար վարքագիծ է։ Քարոզներ լսելու իմաստն ուրիշ մարդկանց զանազանել սովորելը չէ, ոչ էլ ուրիշ մարդկանց փոխարեն լսելն է, դա նրա համար է, որ ինքդ կարողանաս լսել ասվածը և ձեռք բերել այն։ Դու լսում ես Աստծու խոսքերը, ճշմարտությունը և քարոզները և այդ ամենից հասկանում ես ճշմարտությունը, ձեռք ես բերում կյանքը և խառնվածքի վերափոխման ես հասնում։ Արդյոք սա որևէ կապ ունի՞ ուրիշ մարդկանց հետ։ Այս խոսքերը կապված են քեզ հետ։ Եթե որդեգրես այսպիսի վերաբերմունք, ապա այս խոսքերը գուցե կարողանան փոխել քեզ, դառնալ քո իրականությունը և հնարավորություն տալ քեզ հասնելու խառնվածքի փոփոխության։
Այս առաջին թեմայում խոսեցինք այն տարբեր դրսևորումների մասին, թե ինչպես են հակաքրիստոսները վերաբերվում էտվելուն։ Մի կողմից՝ այս թեմայի մասին հաղորդակցվելն օգնում է բոլորիդ հասկանալու, թե ինչպիսի վերաբերմունք ունեն հակաքրիստոսները և նրանց բնական էության մերկացումներն այս հարցի առնչությամբ, մյուս կողմից՝ այն ձեզ որոշակի դրական ուղղորդում և նախազգուշացումներ է տալիս։ Դուք ինքներդ կարող եք հաղորդակցվել մնացած խնդիրների մասին և լուծել դրանք. դրանք ձեր սեփական գործերն են։
2. Ինչպես են հակաքրիստոսները վերաբերվում իրենցից ուժեղներին
Երբ խոսքը վերաբերում է իրենց սեփական հեղինակությունն ու կարգավիճակը պաշտպանելու հակաքրիստոսների ցանկությանը, նրանք ոչ միայն ի ցույց են դնում և բացահայտում իրենց բնական էությունը, երբ էտվում են, հակաքրիստոսները բազմաթիվ այլ տեսակի իրավիճակների և հարցերի են բախվում։ Հետևաբար երկրորդ թեման, որի շուրջ կհաղորդակցվենք, այն է, թե ինչպես են հակաքրիստոսները պահպանում իրենց կարգավիճակն ու հեղինակությունը մարդկանց խմբերում։ Մարդկանց խմբում գտնվելիս հակաքրիստոսներն ի՞նչ վարքագիծ են ցուցաբերում, որը կարող է ցույց տալ, որ այն ամենում, ինչ նրանք անում են, փորձում են պաշտպանել իրենց սեփական հեղինակությունն ու կարգավիճակը։ Այս թեման պա՞րզ է, թե՞ ոչ։ Դրա շրջանակը մե՞ծ է, թե՞ փոքր։ Ներկայացուցչակա՞ն է, թե՞ ոչ։ (Ներկայացուցչական է։) Այս թեման ուղղակիորեն կապված է հակաքրիստոսների բնական էության հետ։ Ի՞նչ դրսևորումներ են ի ցույց դնում հակաքրիստոսները՝ մարդկանց խմբերում ապրելիս։ Ինչպիսի՞ վերաբերմունք են դրսևորում և ի՞նչ գործողությունների են դիմում՝ իրենց հեղինակությունն ու կարգավիճակը պաշտպանելու համար։ Նախևառաջ, եթե հակաքրիստոսները կարգավիճակ չունեն, արդյոք դեռ հակաքրիստոսնե՞ր են։ (Այո։) Պետք է հստակ հասկացողություն ունենաք այս հասկացության վերաբերյալ։ Մի՛ կարծեք, թե միայն կարգավիճակ ունեցող մարդիկ կարող են ունենալ հակաքրիստոսների էությունը և լինել հակաքրիստոսներ, կամ որ կարգավիճակ չունեցող սովորական մարդիկ հակաքրիստոսներ չեն։ Շրջանակն իրականում բավականին մեծ է։ Ցանկացած մարդ, որն ունի հակաքրիստոսների էությունը, դեռևս հակաքրիստոս է, անկախ նրանից՝ ունի կարգավիճակ, թե ոչ, և արդյոք առաջնորդող է, թե սովորական հավատացյալ։ Սա որոշվում է իր էությամբ։ Ուստի ի՞նչ դրսևորումներ են ի ցույց դնում հակաքրիստոսների էություն ունեցող մարդիկ, երբ սովորական հետևորդներ են։ Բնական էության ո՞ր բացահայտումներն են ծառայում որպես բավարար ապացույց, որ նրանք, փաստորեն, հակաքրիստոսներ են։ Նախ եկեք նայենք, թե ինչպես են նրանք ապրում մարդկանց խմբերում, ինչպես են վերաբերվում ուրիշներին և վարվում բաների հետ, և այն վերաբերմունքին, որը տածում են ճշմարտության նկատմամբ։ Այն, ինչի մասին ամենաշատը պետք է հաղորդակցվենք, այն չէ, թե ինչ են ուտում հակաքրիստոսները, ինչ են հագնում, որտեղ են բնակվում կամ ինչպես են տեղաշարժվում, այլ այն, թե խմբերում գտնվելիս ինչպես են պաշտպանում իրենց հեղինակությունն ու կարգավիճակը։ Նույնիսկ եթե նրանք սովորական հավատացյալներ են, միևնույն է, մշտապես փորձում են պաշտպանել իրենց հեղինակությունն ու կարգավիճակը, մշտապես այս տեսակի խառնվածք և էություն են բացահայտում և անում են այս տեսակի բաներ։ Հետևաբար սա հնարավորություն է տալիս մեզ մեկ քայլ առաջ գնալու հակաքրիստոսների խառնվածքի և էության մեր հասկացողության մեջ։ Անկախ նրանից՝ հակաքրիստոսներն ունեն կարգավիճակ, թե ոչ, և անկախ նրանից՝ երբ կամ որտեղ են նրանք, հակաքրիստոսների խառնվածքն ու էությունը միշտ բացահայտվում և դրսևորվում են նրանց մեջ։ Սա չի սահմանափակվում որևէ տարածությամբ, աշխարհագրությամբ կամ մարդկանցով, իրադարձություններով և բաներով։
Երբ հակաքրիստոսները պարտավորություն են կատարում, անկախ նրանից, թե դա ինչ է, և անկախ այն խմբից, որում գտնվում են, ցուցաբերում են վարքագծի հստակ ձև, այն է՝ ամեն ինչում միշտ ցանկանում են աչքի ընկնել և ցուցադրել իրենց, միշտ հակված են կաշկանդելու մարդկանց և վերահսկելու նրանց, միշտ ցանկանում են առաջնորդել մարդկանց և թելադրել իրենց կանոնները, միշտ ցանկանում են ուշադրության կենտրոնում լինել, միշտ ցանկանում են մարդկանց հայացքները և ուշադրությունը գրավել իրենց վրա և հիացմունք են ցանկանում բոլորից։ Երբ հակաքրիստոսները միանում են որևէ խմբի, անկախ դրա թվաքանակից, թե ովքեր են խմբի անդամները, կամ ինչ մասնագիտություն կամ ինքնություն ունեն, հակաքրիստոսները նախ գնահատում են իրավիճակը՝ տեսնելու, թե ով է ազդեցիկ և աչքի ընկնող, ով է պերճախոս, ով է տպավորիչ և ով է որակավորված կամ ունի հեղինակություն։ Գնահատում են, թե ում կարող են հաղթել և ում չեն կարող, ինչպես նաև ով է իրենցից գերազանց և ով է ստորադաս։ Սրանք առաջին բաներն են, որոնց նրանք նայում են։ Իրավիճակն արագ գնահատելուց հետո սկսում են գործել՝ առայժմ մի կողմ դնելով և անտեսելով նրանց, ովքեր իրենցից ցածր են։ Նախ գնում են նրանց մոտ, ում գերադաս են համարում, ովքեր որոշակի հեղինակություն և կարգավիճակ ունեն, կամ նրանց մոտ, ովքեր շնորհներ և տաղանդ ունեն։ Սրանք այն մարդիկ են, որոնց հետ նախ չափվում են։ Եթե այս մարդկանցից որևէ մեկը հարգվում է եղբայրների և քույրերի կողմից, կամ երկար ժամանակ հավատացել է Աստծուն և լավ համբավ ունի, ապա դառնում է հակաքրիստոսների նախանձի թիրախը և, իհարկե, դիտվում է որպես մրցակից։ Այնուհետև հակաքրիստոսները լուռ համեմատում են իրենց այս մարդկանց հետ, որոնք ունեն հեղինակություն, որոնք ունեն կարգավիճակ և որոնք արժանանում են եղբայրների և քույրերի հիացմունքին։ Նրանք սկսում են մտորել նման մարդկանց մասին՝ քննելով, թե ինչ կարող են անել և ինչին են տիրապետել, և ինչու են ոմանք հարգում նրանց։ Հետևելով և դիտարկելով՝ հակաքրիստոսները գիտակցում են, որ այս մարդիկ փորձագետներ են որոշակի մասնագիտության մեջ, ինչպես նաև այն փաստը, որ բոլորը բարձր են գնահատում նրանց, քանի որ ավելի երկար են հավատացել Աստծուն և կարող են կիսվել որոշակի փորձառական վկայությամբ։ Հակաքրիստոսները նման մարդկանց համարում են «որս» և ճանաչում են որպես հակառակորդներ և ապա գործողությունների ծրագիր են կազմում։ Ի՞նչ գործողությունների ծրագիր։ Նրանք նայում են այն կողմերին, որտեղ չեն համապատասխանում իրենց հակառակորդներին, և ապա սկսում են աշխատել այդ կողմերի վրա։ Օրինակ՝ եթե նրանց պես լավ չեն տիրապետում որոշակի մասնագիտության, կուսումնասիրեն այդ մասնագիտությունը՝ ավելի շատ գրքեր կարդալով, ավելի շատ փնտրելով ամեն տեսակ տեղեկատվություն և ավելի շատ խոնարհաբար խնդրելով ուրիշներին սովորեցնել իրենց։ Նրանք կմասնակցեն այդ մասնագիտությանը վերաբերող ամեն տեսակ աշխատանքի՝ աստիճանաբար փորձ կուտակելով և զարգացնելով իրենց սեփական ուժը։ Եվ երբ հավատում են, որ ունեն կապիտալ՝ իրենց հակառակորդների հետ մրցելու համար, հաճախ առաջ են գալիս՝ արտահայտելու իրենց սեփական «փայլուն տեսակետները», և հաճախ միտումնավոր հերքում և նսեմացնում են իրենց հակառակորդներին՝ նրանց անհարմար դրության մեջ դնելու և նրանց անունները ցեխոտելու համար, և դրանով իսկ ընդգծում են, թե որքան խելացի և արտասովոր են իրենք և ճնշում են իրենց հակառակորդներին։ Պարզատես մարդիկ կարող են տեսնել այս բոլոր բաները, միայն նրանք, ովքեր հիմար ու տգետ են և զանազանություն չունեն, չեն կարող։ Մարդկանց մեծամասնությունը պարզապես տեսնում է հակաքրիստոսների խանդավառությունը, նրանց ձգտումը, նրանց տառապանքը, գին վճարելը և արտաքին լավ վարքագիծը, բայց իրական վիճակը թաքնված է հակաքրիստոսների սրտերի խորքում։ Ո՞րն է նրանց հիմնական նպատակը։ Դա կարգավիճակ ձեռք բերելն է։ Այն թիրախը, որի վրա կենտրոնացած է նրանց ողջ աշխատանքը, նրանց ողջ տքնությունը և նրանց վճարած ողջ գինը, այն բանն է իրենց սրտերում, որն ամենաշատն են պաշտում՝ կարգավիճակն ու իշխանությունը։
Որպեսզի իշխանություն և կարգավիճակ ձեռք բերեն, առաջին բանը, որ հակաքրիստոսներն անում են եկեղեցում, ուրիշ մարդկանց վստահությունն ու հարգանքը շահելու փորձն է, որպեսզի կարողանան ավելի շատ մարդկանց համոզել և այնպես անել, որ նրանցից շատերը հարգեն և երկրպագեն իրենց՝ դրանով իսկ հասնելով եկեղեցում վերջնական խոսքն ասելու և իշխանություն ունենալու իրենց նպատակին։ Երբ խոսքը վերաբերում է իշխանություն ձեռք բերելուն, նրանք ամենահմուտն են ուրիշ մարդկանց հետ մրցելու և պայքարելու հարցում։ Նրանք, ովքեր ձգտում են ճշմարտությանը, ովքեր հեղինակություն ունեն եկեղեցում և ովքեր սիրված են եղբայրների և քույրերի կողմից, նրանց հիմնական հակառակորդներն են։ Ցանկացած մարդ, որը սպառնալիք է ներկայացնում նրանց կարգավիճակին, նրանց հակառակորդն է։ Նրանք անվարան մրցում են իրենցից ուժեղների հետ և մրցում են իրենցից թույլերի հետ՝ առանց որևէ խղճահարություն զգալու։ Նրանց սրտերը լի են մրցելու և պայքարելու փիլիսոփայություններով։ Նրանք կարծում են, որ եթե մարդիկ չմրցեն և չպայքարեն, չեն կարողանա որևէ օգուտ ստանալ, և որ ստանալ իրենց ուզած բաները կարող են միայն մրցելով և պայքարելով։ Որպեսզի կարգավիճակ ձեռք բերեն և մարդկանց խմբում գերակա դիրք գրավեն, նրանք անում են հնարավոր ամեն ինչ՝ ցանկացածի հետ մրցելու համար, և չեն խնայում ոչ մի մարդու, որը սպառնալիք է ներկայացնում իրենց կարգավիճակին։ Անկախ նրանից՝ ում հետ են շփվում, այդ շփումները լի են մրցակցությամբ և պայքարով, և շարունակում են մրցել և պայքարել մինչև ծերություն։ Հաճախ ասում են. «Կարո՞ղ էի հաղթել այդ մարդուն, եթե պայքարեի նրա դեմ»։ Ով պերճախոս է և կարող է խոսել տրամաբանական, կառուցվածքային և համակարգված ձևով, դառնում է նրանց նախանձի և ընդօրինակման թիրախը։ Ավելին՝ դառնում է նրանց հակառակորդը։ Ով ձգտում է ճշմարտությանը և ունի հավատք և ի վիճակի է հաճախակի օգնելու և աջակցելու եղբայրներին ու քույրերին և հնարավորություն է տալիս նրանց դուրս գալու բացասականությունից և թուլությունից, նույնպես դառնում է նրանց հակառակորդը, ինչպես և ցանկացած մարդ, որը հմուտ է որոշակի մասնագիտության մեջ և որոշ չափով հարգված է եղբայրների և քույրերի կողմից։ Ով արդյունքների է հասնում իր աշխատանքում և արժանանում է Վերևի ճանաչմանը, բնականաբար էլ ավելի մեծ հակառակորդ է դառնում նրանց համար։ Որո՞նք են հակաքրիստոսների կարգախոսները, անկախ նրանից, թե որ խմբում են գտնվում։ Կիսվե՛ք ձեր մտքերով։ (Ուրիշ մարդկանց և Երկնքի հետ պայքարելն անվերջ զվարճանքի աղբյուր է։) Մի՞թե սա խելագարություն չէ։ Սա խելագարություն է։ Ուրիշներ կա՞ն։ (Աստվա՛ծ, մի՞թե նրանք չեն մտածում. «Ամբողջ տիեզերքում միայն իմ կարծիքն ու ներկայությունն են հեղինակավոր»։ Այսինքն՝ նրանք ուզում են լինել ամենաբարձրը, և անկախ նրանից, թե ում հետ են, միշտ ուզում են գերազանցել նրանց։) Սա նրանց գաղափարներից մեկն է։ Ուրիշնե՞ր։ (Աստվա՛ծ, ես մտածեցի երեք բառի մասին. «Հաղթողը թագավոր է»։ Կարծում եմ, որ նրանք միշտ ուզում են գերազանցել ուրիշներին և աչքի ընկնել՝ անկախ նրանից, թե որտեղ են, և ձգտում են լինել ամենաբարձրը։) Այն, ինչի մասին խոսեցիք, մեծ մասամբ գաղափարների տեսակներ են. փորձե՛ք օգտագործել վարքագծի մի տեսակ՝ նրանց նկարագրելու համար։ Հակաքրիստոսները պարտադիր չէ, որ ցանկանան զբաղեցնել ամենաբարձր դիրքը, անկախ նրանից, թե որտեղ են գտնվում։ Երբ գնում են որևէ վայր, ունեն խառնվածք և մտածելակերպ, որոնք ստիպում են նրանց գործել։ Ի՞նչ մտածելակերպ է սա։ «Ես պետք է մրցե՛մ։ Մրցե՛մ։ Մրցե՛մ» մտածելակերպն է։ Ինչո՞ւ երեք «մրցեմ», ինչո՞ւ ոչ մեկ «մրցեմ»։ (Մրցակցությունը դարձել է նրանց կյանքը, դա այն է, ինչով ապրում են։) Սա նրանց խառնվածքն է։ Նրանք ծնվել են մի խառնվածքով, որը խիստ ամբարտավան է և դժվար զսպվող, այսինքն՝ նրանք իրենց համարում են անգերազանցելի և չափազանց եսակենտրոն են։ Ոչ ոք չի կարող զսպել նրանց այս անհավանական ամբարտավան խառնվածքը։ Իրենք նույնպես չեն կարող վերահսկել այն։ Ուստի նրանց կյանքն ամբողջովին պայքարի և մրցակցության մասին է։ Ինչի՞ համար են պայքարում և մրցում։ Բնականաբար նրանք մրցում են համբավի, շահի, կարգավիճակի, հեղինակության և իրենց սեփական շահերի համար։ Անկախ նրանից՝ ինչ մեթոդներ պետք է օգտագործեն, քանի դեռ բոլորը հնազանդվում են իրենց, և քանի դեռ օգուտներ և կարգավիճակ են ձեռք բերում իրենց համար, հասել են իրենց նպատակին։ Մրցելու նրանց կամքը ժամանակավոր զվարճանք չէ։ Դա մի տեսակ խառնվածք է, որը գալիս է սատանայական բնությունից։ Դա նման է մեծ կարմիր վիշապի խառնվածքին, որը պայքարում է Երկնքի դեմ, պայքարում է երկրի դեմ և պայքարում է մարդկանց դեմ։ Այժմ երբ հակաքրիստոսները պայքարում և մրցում են ուրիշների հետ եկեղեցում, ի՞նչ են ուզում։ Անկասկած, նրանք մրցում են հեղինակության և կարգավիճակի համար։ Բայց եթե կարգավիճակ են ձեռք բերում, ի՞նչ օգուտ նրանց դրանից։ Ի՞նչ օգուտ, եթե ուրիշները լսում են, հիանում և երկրպագում են իրենց։ Հակաքրիստոսներն իրենք անգամ չեն կարող բացատրել սա։ Իրականում նրանք սիրում են վայելել հեղինակությունն ու կարգավիճակը, որպեսզի բոլորը ժպտան իրենց և իրենց դիմավորեն շողոքորթությամբ ու քծնանքով։ Ուստի ամեն անգամ, երբ հակաքրիստոսը գնում է եկեղեցի, անում է մեկ բան՝ պայքարում և մրցում է ուրիշների հետ։ Նույնիսկ եթե իշխանություն և կարգավիճակ է շահում, կանգ չի առնում։ Իր կարգավիճակը պաշտպանելու և իր իշխանությունն ապահովելու համար շարունակում է պայքարել և մրցել ուրիշների հետ։ Նա դա կանի մինչև մեռնելը։ Ուստի հակաքրիստոսների փիլիսոփայությունն է. «Քանի դեռ ողջ ես, մի՛ դադարիր պայքարելուց»։ Եթե նման չար մարդ գոյություն ունի եկեղեցում, արդյոք կանհանգստացնի՞ եղբայրներին և քույրերին։ Օրինակ՝ ենթադրենք, որ բոլորը հանգիստ ուտում և խմում են Աստծու խոսքերը և հաղորդակցվում են ճշմարտության շուրջ, և մթնոլորտը խաղաղ է, իսկ տրամադրությունը՝ հաճելի։ Այդ ժամանակ հակաքրիստոսը կեռա դժգոհությունից։ Կնախանձի ճշմարտության շուրջ հաղորդակցվողներին և կատի նրանց։ Նա կսկսի հարձակվել և դատել նրանց։ Մի՞թե սա չի խանգարի խաղաղ մթնոլորտին։ Նա չար մարդ է, որը եկել է անհանգստացնելու և զզվեցնելու ուրիշներին։ Ահա թե ինչպիսին են հակաքրիստոսները։ Երբեմն հակաքրիստոսները չեն ձգտում ոչնչացնելու կամ հաղթելու նրանց, ում հետ մրցում են և ում ճնշում են։ Քանի դեռ նրանք հեղինակություն, կարգավիճակ, սնափառություն և հպարտություն են ձեռք բերում, և այնպես են անում, որ մարդիկ հիանան իրենցով, հասել են իրենց նպատակին։ Մրցելիս նրանք մի տեսակ հստակ սատանայական խառնվածք են բացահայտում։ Ի՞նչ խառնվածք է սա։ Այն, որ անկախ նրանից, թե որ եկեղեցում են հայտնվում, միշտ ուզում են մրցել և պայքարել ուրիշ մարդկանց հետ, միշտ ուզում են մրցել համբավի, շահի և կարգավիճակի համար և զգում են, որ հասել են իրենց նպատակին միայն այն ժամանակ, երբ եկեղեցին հայտնվում է խառնաշփոթի և իրարանցման մեջ, երբ կարգավիճակ են ձեռք բերել, և բոլորը զիջում են իրենց։ Սա հակաքրիստոսների բնությունն է, այսինքն՝ նրանք օգտագործում են մրցակցությունը և պայքարը՝ իրենց նպատակներին հասնելու համար։
Ո՞րն է հակաքրիստոսների կարգախոսը՝ անկախ նրանից, թե որ խմբում են գտնվում։ «Ես պետք է մրցե՛մ։ Մրցե՛մ։ Մրցե՛մ։ Պետք է մրցեմ՝ ամենաբարձրն ու մեծագույնը լինելու»։ Սա հակաքրիստոսների խառնվածքն է։ Ուր էլ գնան, մրցում են և փորձում են հասնել իրենց նպատակներին։ Նրանք սատանայի ծառաներն են և խանգարում են եկեղեցու գործին։ Հակաքրիստոսների խառնվածքն այսպիսին է։ Նրանք սկսում են նրանից, որ շուրջբոլորն են նայում եկեղեցում՝ տեսնելու, թե ով է երկար տարիներ հավատացել Աստծուն և կապիտալ ունի, ով որոշակի շնորհներ կամ տաղանդներ ունի, ով է օգտակար եղել եղբայրներին և քույրերին իրենց կյանքի մուտքի հարցում, ով ունի ավելի մեծ հեղինակություն, ով ունի ավագություն, ում մասին են լավ խոսում եղբայրների և քույրերի շրջանում, ով ունի ավելի շատ դրական բաներ։ Այդ մարդիկ պետք է լինեն իրենց մրցակիցները։ Մի խոսքով, ամեն անգամ, երբ հակաքրիստոսները մարդկանց խմբում են, միշտ անում են հետևյալը՝ մրցում են կարգավիճակի համար, մրցում են լավ հեղինակության համար, մրցում են հարցերում վերջնական խոսքն ասելու և խմբում որոշումներ կայացնելու իրավունքի համար, ինչը երջանկացնում է իրենց, երբ ձեռք են բերում։ Արդյոք նրանք ի վիճակի՞ են իրական աշխատանք կատարելու այս բաները ձեռք բերելուց հետո։ Բացարձակապես ոչ, նրանք չեն մրցում և պայքարում իրական աշխատանք կատարելու համար, նրանց նպատակը բոլորին գերազանցելն է։ «Ինձ չի հետաքրքրում՝ ուզում ես զիջել ինձ, թե ոչ, կապիտալի առումով ես մեծագույնն եմ, խոսելու հմտությունների առումով՝ լավագույնը, իսկ շնորհների և տաղանդների առումով՝ ամենաշատն ունեմ»։ Անկախ ոլորտից՝ միշտ ուզում են մրցել առաջին տեղի համար։ Եթե եղբայրներն ու քույրերն իրենց որպես վերակացուներ են ընտրում, նրանք կմրցեն իրենց գործընկերների հետ՝ վերջին խոսքն ասելու և որոշումներ կայացնելու իրավունք ունենալու համար։ Եթե եկեղեցին նրանց որոշակի աշխատանք է հանձնարարում, կպնդեն, որ իրենք թելադրեն կանոնները, թե ինչպես պետք է այն իրականացվի։ Նրանք կցանկանան ձգտել, որ իրենց ասած ամեն ինչ և իրենց կայացրած բոլոր որոշումները հաջողության հասնեն և իրականություն դառնան։ Եթե եղբայրներն ու քույրերն ընդունեն մեկ ուրիշի գաղափարը, արդյոք նրանք կհանդուրժե՞ն դա։ (Ոչ։) Դա անախորժություն է նշանակում։ Եթե չլսես նրանց, դաս կտան քեզ, կստիպեն զգալ, որ չես կարող գոյատևել առանց իրենց և ցույց կտան քեզ, թե ինչ հետևանքներ կլինեն, եթե չենթարկվես իրենց։ Ահա թե որքան ինքնահավան, գարշելի և անխոհեմ է հակաքրիստոսների խառնվածքը։ Նրանք ո՛չ խիղճ ունեն, ո՛չ ողջամտություն, ո՛չ էլ նույնիսկ ճշմարտության նշույլ։ Հակաքրիստոսի գործողություններում և արարքներում կարելի է տեսնել, որ նրա արածը զուրկ է բնականոն մարդու ողջամտությունից և թեև նրա հետ կարելի է հաղորդակցվել ճշմարտության շուրջ, նա չի ընդունում այն։ Որքան էլ ճիշտ լինի այն, ինչ ասում ես, դա չի անցնում նրա մոտ։ Միակ բանը, որին սիրում է ձգտել, հեղինակությունն ու կարգավիճակն են, որոնք պաշտում է։ Քանի դեռ կարող է վայելել կարգավիճակի օգուտները, գոհ է։ Սա, ըստ նրա, իր գոյության արժեքն է։ Անկախ նրանից՝ մարդկանց որ խմբում է գտնվում, պետք է մարդկանց ցույց տա իր տված «լույսն» ու «ջերմությունը», իր տաղանդները, իր եզակիությունը։ Եվ քանի որ հավատում է, որ յուրահատուկ է, բնականաբար մտածում է, որ իրեն պետք է ավելի լավ վերաբերվեն, քան սովորական մարդկանց, որ պետք է ստանա մարդկանց աջակցությունն ու հիացմունքը, որ մարդիկ պետք է հարգեն իրեն, երկրպագեն իրեն, կարծում է, որ այս ամենն իրեն հասանելիքն է։ Մի՞թե նման մարդիկ լկտի և անամոթ չեն։ Մի՞թե խնդիր չէ նման մարդկանց ներկայությունը եկեղեցում։ Երբ ինչ-որ բան է պատահում, առողջ դատողությունն ասում է, որ մարդիկ պետք է լսեն նրան, ով ճիշտ է խոսում, հնազանդվեն նրան, ով առաջարկ է անում, որն օգտակար է Աստծու տան գործին, և ընդունեն այն մարդու առաջարկը, որն ըստ ճշմարտության սկզբունքների է։ Եթե հակաքրիստոսներն ասում են մի բան, որը համահունչ չէ սկզբունքներին, մյուսները գուցե չլսեն իրենց կամ չընդունեն իրենց առաջարկը։ Այդ դեպքում ի՞նչ կանեն հակաքրիստոսները։ Կշարունակեն փորձել պաշտպանել և արդարացնել իրենց և ուղիներ կմտածեն ուրիշներին համոզելու համար և եղբայրներին ու քույրերին կմղեն լսելու իրենց և ընդունելու իրենց առաջարկը։ Չեն մտածի, թե դա ինչ ազդեցություն կարող է ունենալ եկեղեցու գործի վրա, եթե իրենց առաջարկն ընդունվի։ Սա նրանց նկատառումների շրջանակում չէ։ Ո՞րն է միակ բանը, որ հաշվի կառնեն։ «Եթե իմ առաջարկը չընդունվի, որտե՞ղ կկարողանամ ցույց տալ երեսս։ Ուստի պետք է մրցեմ և ձգտեմ, որ իմ առաջարկն ընդունվի»։ Ամեն անգամ, երբ ինչ-որ բան է պատահում, նրանք այսպես են մտածում և գործում։ Երբեք չեն ինքնաքննում՝ արդյոք դա համահունչ է սկզբունքներին, թե ոչ և երբեք չեն ընդունում ճշմարտությունը։ Սա հակաքրիստոսների խառնվածքն է։
Ո՞րն է հակաքրիստոսների ողջամտության լիակատար բացակայության հիմնական դրսևորումը։ Նրանք կարծում են, որ շնորհներ ունեն, որ ունակ են, լավ որակ ունեն, և որ ուրիշ մարդիկ պետք է երկրպագեն ու աջակցեն իրենց, և որ պետք է Աստծու տան կողմից կարևոր դիրքում դրվեն։ Ավելին՝ կարծում են, որ Աստծու տունը պետք է ընդունի և խթանի իրենց առաջ քաշած բոլոր առաջարկներն ու գաղափարները, և եթե Աստծու տունը չի ընդունում դրանք, շատ են բարկանում, հակադրվում են Աստծու տանը և հաստատում են իրենց սեփական անկախ թագավորությունները։ Մի՞թե հակաքրիստոսների խառնվածքի և էության այս բացահայտումը խաթարող և խանգարող բաներ չի առաջացնում եկեղեցում։ Կարելի է ասել, որ հակաքրիստոսների բոլոր գործողությունները խաթարող և խանգարող հսկայական բաներ են առաջացնում եկեղեցու գործի և Աստծու ընտրյալ ժողովրդի կյանքի մուտքի համար։ Երբ հակաքրիստոսները մրցում են եկեղեցու առաջնորդող լինելու պաշտոնների և Աստծու ընտրյալ ժողովրդի շրջանում հեղինակության համար, օգտագործում են հնարավոր ամեն միջոց՝ ուրիշների վրա հարձակվելու և իրենց բարձրացնելու համար։ Նրանք չեն մտածում, թե որքան վատ վնաս կարող են հասցնել Աստծու տան գործին և Աստծու ընտրյալ ժողովրդի կյանքի մուտքին։ Միայն հաշվի են առնում, թե արդյոք իրենց փառասիրական ձգտումներն ու նկրտումները կարող են բավարարվել, և արդյոք իրենց սեփական կարգավիճակն ու հեղինակությունը կարող են ապահովվել։ Եկեղեցիներում և Աստծու ընտրյալ ժողովրդի շրջանում նրանց դերը դևերի, չարերի և Սատանայի ծառաների դերն է։ Նրանք բացարձակապես այն մարդիկ չեն, որոնք անկեղծորեն հավատում են Աստծուն, ոչ էլ Աստծու հետևորդներ են, ուր մնաց թե ճշմարտությունը սիրող և ընդունող մարդիկ լինեն։ Երբ իրենց մտադրություններն ու նպատակները դեռ չեն իրագործվել, երբեք չեն ինքնաքննում և չեն ճանաչում իրենց, երբեք չեն ինքնաքննում, թե արդյոք իրենց մտադրություններն ու նպատակները համահունչ են ճշմարտությանը, երբեք չեն փնտրում, թե ինչպես քայլել ճշմարտությանը ձգտելու ճանապարհով՝ փրկության հասնելու համար։ Մտքի հնազանդ վիճակով չէ, որ նրանք հավատում են Աստծուն և ընտրում այն ուղին, որով պետք է գնան։ Փոխարենը գլուխ են կոտրում՝ մտածելով. «Ինչպե՞ս կարող եմ հայտնվել առաջնորդողի կամ աշխատողի պաշտոնում։ Ինչպե՞ս կարող եմ մրցել եկեղեցու առաջնորդողների և աշխատողների հետ։ Ինչպե՞ս կարող եմ մոլորեցնել և վերահսկել աստծու ընտրյալ ժողովրդին և քրիստոսին վերածել լոկ ձևական ղեկավարի։ Ինչպե՞ս կարող եմ ինձ համար տեղ ապահովել եկեղեցում։ Ինչպե՞ս կարող եմ երաշխավորել, որ ամուր հենարան ունեմ եկեղեցում և կարգավիճակ եմ ձեռք բերում, երաշխավորել, որ հաջողության կհասնեմ և չեմ ձախողվի, և ի վերջո կհասնեմ աստծու ընտրյալ ժողովրդին վերահսկելու և իմ սեփական թագավորությունը հաստատելու իմ նպատակին»։ Սրանք այն բաներն են, որոնց մասին հակաքրիստոսները մտածում են գիշեր ու զօր։ Ի՞նչ խառնվածք և բնություն է սա։ Օրինակ՝ երբ սովորական եղբայրներն ու քույրերը վկայության հոդվածներ են գրում, մտածում են, թե ինչպես հավատարմորեն գրավոր արտահայտեն իրենց փորձառություններն ու հասկացողությունը։ Ուստի աղոթում են Աստծու առջև՝ հուսալով, որ Նա իրենց ավելի շատ լուսավորություն կշնորհի ճշմարտության վերաբերյալ և հնարավորություն կտա ավելի մեծ և ավելի խոր հասկացողություն ձեռք բերելու դրա մասին։ Մինչդեռ երբ հակաքրիստոսներն են հոդվածներ գրում, գլուխ են կոտրում՝ մտորելով, թե ինչպես գրեն այնպես, որ ավելի շատ մարդիկ հասկանան իրենց, իմանան իրենց մասին և հիանան իրենցով, և դրանով իսկ ավելի շատ մարդկանց մտքում կարգավիճակ ձեռք բերեն։ Նրանք ցանկանում են օգտագործել այս ամենասովորական, չնչին բանը՝ իրենց համբավը մեծացնելու համար։ Նրանք չեն կարող բաց թողնել նույնիսկ այսպիսի հնարավորությունը։ Ինչպիսի՞ մարդիկ են նրանք։ Որոշ հակաքրիստոսներ, տեսնելով, որ ուրիշները կարող են փորձառական վկայության հոդվածներ գրել, ցանկանում են գրել մի բան, որն ավելի հիանալի է, քան որևէ մեկի փորձառական վկայությունը՝ փորձելով նրանց հետ մրցել կարգավիճակի և հեղինակության համար։ Եվ այսպես հորինում են պատմություններ և գրագողություն անում։ Նույնիսկ համարձակվում են այնպիսի բան անել, ինչպիսին են կեղծ վկայություն տալն է։ Որպեսզի անուն ստեղծեն իրենց համար, ավելի շատ մարդկանց մղեն իմանալու իրենց մասին և տարածեն իրենց անունը, հակաքրիստոսները չեն վարանում ամեն տեսակ ամոթալի բաներ անել։ Նրանք բաց չեն թողնի նույնիսկ ամենափոքր հնարավորությունը՝ հայտնի դառնալու, կարգավիճակ ձեռք բերելու և մարդկանց խմբում հարգված լինելու ու առանձնհատուկ հարգանքի արժանանալու համար։ Ո՞րն է առանձնահատուկ հարգանքի արժանանալու նպատակը։ Ի՞նչ հետևանքների և նպատակների են ցանկանում հասնել հակաքրիստոսները։ Հակաքրիստոսներն ուզում են, որ ուրիշներն իրենց որպես արտասովոր մարդկանց տեսնեն, մարդկանց, որոնք ավելի վեհանձն են, քան որևէ մեկը, և որոնք գերազանցում են որոշակի ոլորտներում։ Նրանք ուզում են լավ տպավորություն թողնել ուրիշների մտքերում՝ խոր տպավորություն, և նույնիսկ աստիճանաբար մղել ուրիշ մարդկանց նախանձելու, հիանալու և հարգելու իրենց։ Իրենց ողջ ուժով այս նպատակին հասնելու համար պայքարելիս նրանք նաև շարունակում են քայլել նույն ճանապարհով, ինչ նախկինում։
Անկախ նրանից՝ մարդկանց որ խմբում են նրանք, անկախ նրանից՝ ձևացնում են, թե տքնում, այն, ինչ թաքնված է հակաքրիստոսների սրտերի խորքում, լոկ կարգավիճակի համար ցանկություն է։ Էությունը, որը նրանք բացահայտում և դրսևորում են, լոկ պայքար և մրցակցություն է։ Անկախ նրանից, թե ինչ են անում հակաքրիստոսները, նրանք մրցում են ուրիշների հետ կարգավիճակի, հեղինակության և շահերի համար։ Դրա ամենատարածված դրսևորումը բարի համբավի, լավ գնահատականի և մարդկանց մտքում կարգավիճակի համար մրցելն է, որպեսզի մարդիկ հարգեն և երկրպագեն իրենց և պտտվեն ու կենտրոնանան իրենց շուրջը։ Սա այն ուղին է, որով հակաքրիստոսները քայլում են, սա այն է, ինչի համար հակաքրիստոսները մրցում են։ Որքան էլ որ Աստծու խոսքերը դատապարտեն և մանրամասն վերլուծեն այս բաները, հակաքրիստոսները չեն ընդունի ճշմարտությունը, չեն ընդունի Աստծու խոսքերի դատաստանն ու պատիժը և չեն հրաժարվի այս բաներից, որոնք դատվում և դատապարտվում են Աստծու կողմից։ Ընդհակառակը, որքան շատ է Աստված մերկացնում այս բաները, այնքան ավելի խորամանկ են դառնում հակաքրիստոսները։ Նրանք ավելի քողարկված և լպրծուն միջոցների են դիմում այս բաներին ձգտելու համար, որպեսզի մարդիկ չկարողանան տեսնել, թե ինչ են նրանք անում և սխալմամբ կարծեն, թե նրանք հրաժարվել են այս բաներից։ Որքան շատ է Աստված մերկացնում այս բաները, այնքան ավելի շատ են հակաքրիստոսներն ուղիներ գտնում ավելի խոտոր ու խելացի մեթոդների դիմելու համար դրանց ձգտելու և դրանք ձեռք բերելու նպատակով։ Ավելին՝ նրանք բարեհունչ բառեր են օգտագործում՝ իրենց թաքնված դրդապատճառները քողարկելու համար։ Մի խոսքով՝ հակաքրիստոսները բացարձակապես չեն ընդունում ճշմարտությունը, չեն ինքնաքննում իրենց վարքագիծը կամ չեն գալիս Աստծու առջև աղոթելու և ճշմարտությունը փնտրելու։ Ընդհակառակը, իրենց սրտերում է՛լ ավելի դժգոհ են Աստծու մերկացումից և դատաստանից այն աստիճան, որ թշնամական վերաբերմունք են ցուցաբերում այս բաների նկատմամբ։ Նրանք ոչ միայն չեն թողնում հեղինակության և կարգավիճակի իրենց ձգտումը, այլև է՛լ ավելի են փայփայում այս բաները և ուղիներ են մտածում այս ձգտումը թաքցնելու և քողարկելու համար և թույլ չտալու, որ մարդիկ թափանցեն դրա էության մեջ և նկատեն դա։ Անկախ իրավիճակից՝ հակաքրիստոսները ոչ միայն չեն կիրառում ճշմարտությունը, այլև երբ նրանց իրական դեմքը բացահայտվում է, այսինքն՝ երբ պատահաբար բացահայտում են իրենց այս փառասիրական ձգտումներն ու նկրտումները, ավելի շատ են անհանգստանում, որ ուրիշները կհասկանան իրենց էությունը և իրական դեմքը՝ հիմնվելով Աստծու խոսքերի և ճշմարտության վրա, ուստի փորձում են քողարկել դա և անում են հնարավոր ամեն ինչ՝ արդարացնելու իրենց։ Ո՞րն է սա քողարկելու նրանց նպատակը։ Դա իրենց կարգավիճակն ու հեղինակությունը կորուստներ կրելուց պաշտպանելն է և իրենց ուժերը հաջորդ պայքարի համար պահպանելը։ Սա հակաքրիստոսների էությունն է։ Անկախ նրանից՝ երբ, կամ ինչպիսին է իրավիճակը, նրանց անձնական վարքի նպատակներն ու ուղղությունը չեն փոխվի, չեն փոխվի նաև նրանց նպատակներն իրենց կյանքի ընթացքում, կամ նրանց գործողությունների հիմքում ընկած սկզբունքները, կամ նրանց սրտերի խորքում կարգավիճակի ձգտելու ցանկությունը, փառասիրական ձգտումն ու նպատակը։ Նրանք ոչ միայն հնարավոր ամեն ինչ կանեն կարգավիճակ ձեռք բերելու համար, այլև կմեծացնեն իրենց ջանքերը՝ այն ստանալու համար։ Որքան շատ է Աստծու տունը հաղորդակցվում ճշմարտության շուրջ, այնքան ավելի խելամտորեն նրանք կխուսափեն որոշ ակնհայտ վարքագծեր և դրսևորումներ ցուցաբերելուց, որոնք ուրիշները կարող են հասկանալ և զանազանել։ Նրանք կանցնեն մեկ այլ տեսակի մեթոդի և դառնորեն լաց կլինեն, երբ ընդունեն իրենց սխալները և դատապարտեն իրենց՝ շահելով մարդկանց համակրանքը, այնպես անելով, որ նրանք սխալմամբ հավատան, որ իրենք ապաշխարել և փոխվել են, և մարդկանց համար ավելի դժվարացնելով իրենց զանազանելը։ Ի՞նչ է հակաքրիստոսների այս էությունը։ Մի՞թե այն փոքր-ինչ անազնիվ չէ։ (Այդպես է։) Երբ մարդիկ այսքան անազնիվ են, նրանք դևեր են։ Կարո՞ղ են արդյոք դևերն իսկապես ապաշխարել։ Կարո՞ղ են արդյոք իսկապես մի կողմ դնել կարգավիճակի ձգտելու իրենց փառասիրական ձգտումն ու նկրտումը։ Դևերն ավելի շուտ կմեռնեն, քան մի կողմ կդնեն այս փառասիրական ձգտումը։ Անկախ նրանից, թե ինչպես ես նրանց հետ հաղորդակցվում ճշմարտության շուրջ, անօգուտ կլինի, նրանք մի կողմ չեն դնի այդ փառասիրական ձգտումը։ Եթե այս իրավիճակում տանուլ տան պայքարը և մերկացվեն եղբայրների և քույրերի կողմից, միևնույն է, կշարունակեն պայքարել և մրցել կարգավիճակի, հեղինակության, վերջին խոսքն ասելու և որոշումներ կայացնելու իրավունքի համար, երբ անցնեն հաջորդ խմբին։ Նրանք կմրցեն այս բաների համար։ Անկախ նրանից, թե ինչպիսին է իրավիճակը, կամ մարդկանց որ խմբում են իրենք գտնվում, սկզբունքը, որին միշտ հետևում են, մրցելն է. «Միայն ե՛ս կարող եմ առաջնորդել. ոչ ոք չի կարող առաջնորդել ինձ»։ Նրանք բացարձակապես չեն ցանկանում սովորական հետևորդներ լինել կամ ընդունել ուրիշ մարդկանց առաջնորդությունը կամ օգնությունը։ Սա հակաքրիստոսների էությունն է։
Եկեղեցում կա՞ն արդյոք այնպիսիք, ովքեր երկար տարիներ հավատացել են Աստծուն, սակայն ամենևին չեն ձգտում ճշմարտությանը և միշտ ձգտում են կարգավիճակի և հեղինակության։ Որո՞նք են նման մարդկանց դրսևորումները։ Կասեի՞ք, որ մարդիկ, որոնք միշտ ի ցույց են դնում իրենց, ովքեր հակված են ինքնատիպ մտքեր հայտնելու և ճոռոմ գաղափարներ արտահայտելու, նման մարդիկ են։ Ի՞նչ բաներ են նրանք հաճախ անում։ (Ինչ-որ մեկն արտահայտում է իր տեսակետը, և մյուս բոլորին այն ճիշտ է թվում, բայց ցույց տալու համար, թե որքան փայլուն է ինքը, այս մարդը հանդես է գալիս այլ տեսակետով, որը մարդկանց է՛լ ավելի ճիշտ կթվա, և որը կհերքի առաջին մարդու տեսակետը՝ դրանով իսկ ցույց տալով, թե որքան փայլուն է ինքը։) Սա կոչվում է իրենց ցույց տալ։ Նրանք մերժում են ուրիշ մարդկանց տեսակետները և ապա հանդես են գալիս իրենց սեփական յուրահատուկ հեռանկարով, որը նույնիսկ իրենք չեն համարում իրատեսական կամ հիմնավոր. սոսկ մի կարգախոս, սակայն պետք է մարդկանց ցույց տան, թե որքան փայլուն են իրենք, և այնպես անեն, որ բոլորը լսեն իրենց։ Նրանք միշտ պետք է տարբերվեն, միշտ պետք է ինքնատիպ մտքեր հայտնեն, նրանք միշտ ճոռոմ գաղափարներ են արտահայտում, և անկախ նրանից, թե որքան իրագործելի և կիրառելի է այն, ինչ ասում են ուրիշները, պետք է դեմ քվեարկեն և տարբեր պատճառներ ու արդարացումներ գտնեն՝ ուրիշ մարդկանց տեսակետները մերժելու համար։ Սրանք այն մարդկանց ամենատարածված վարքագծերն են, որոնք փորձում են ինքնատիպ մտքեր հայտնել և ճոռոմ գաղափարներ արտահայտել և անկախ նրանից՝ որքան ճիշտ կամ տեղին են եղել ինչ-որ մեկի գործողությունները, նրանք կպաշտոնազրկեն և կանտեսեն նրանց։ Թեև հստակ գիտեն, որ այս մարդը տեղին է գործել, միևնույն է, ասում են, որ նրա գործողությունները տեղին չէին, և այնպես են ներկայացնում, ասես իրենք կարող էին ավելի լավ աշխատանք կատարել, և որ իրենք բացարձակապես չեն զիջում այդ մարդուն։ Նման մարդիկ կարծում են, որ ոչ ոք այնքան լավը չէ, որքան իրենք, որ իրենք բոլոր առումներով ավելի լավն են, քան ուրիշները։ Նրանց համար այն ամենը, ինչ ուրիշներն ասում են, սխալ է։ Ուրիշ մարդիկ անարժեք են, իսկ իրենք լավն են բոլոր առումներով։ Նույնիսկ եթե սխալ բան անեն և էտվեն, չեն ցանկանա հնազանդվել, ամենևին չեն ընդունի ճշմարտությունը և կարող են նաև մի կույտ արդարացումներով հանդես գալ, որոնք ուրիշներին կմղեն մտածելու, թե իրենք սխալ թույլ չեն տվել, և որ չպետք է էտվեին։ Մարդիկ, որոնք սիրում են ինքնատիպ մտքեր հայտնել և ճոռոմ գաղափարներ արտահայտել, այսպես ամբարտավան և ինքնարդար են։ Իրականում այս մարդկանց ճնշող մեծամասնությունը զուրկ է իրական տաղանդից և չի կարող որևէ բան լավ անել, ինչ էլ որ նրանք անում են, լիակատար խառնաշփոթի է վերածվում։ Բայց նրանք ինքնագիտակցություն չունեն և կարծում են, թե ավելի լավն են, քան ուրիշները, և համարձակվում են միջամտել ու ներգրավվել այն ամենի մեջ, ինչ անում են ուրիշները, և շարունակում են ճոռոմ գաղափարներ արտահայտել՝ միշտ ցանկանալով, որ ուրիշները հարգեն և լսեն իրենց։ Անկախ նրանից՝ ինչպիսին է իրավիճակը, կամ որ խմբում են գտնվում, նրանք միայն ցանկանում են, որ ուրիշները ծառայեն և լսեն իրենց։ Նրանք չեն ցանկանում ծառայել կամ լսել որևէ մեկին։ Մի՞թե սրանք հակաքրիստոսներ չեն։ Ահա թե որքան ամբարտավան և ինքնարդար են հակաքրիստոսները։ Ահա թե որքան զուրկ են ողջամտությունից։ Նրանք խոսում են միայն ճշմարտանման վարդապետությունների մասին, և եթե ուրիշները մատնանշում են իրենց սխալները, պետք է խեղաթյուրեն բառերն ու տրամաբանությունը և խոսեն կեղծ, բարեհունչ ձևով, որպեսզի այնպես անեն, որ մարդիկ զգան, թե իրենք ճիշտ են։ Անկախ նրանից, թե որքան ճիշտ է մեկ ուրիշի կարծիքը, հակաքրիստոսները պերճ խոսելաձևի կդիմեն, որպեսզի այն սխալ հնչի, և այնպես կանեն, որ բոլորն ընդունեն իրենց սեփական կարծիքը։ Հակաքրիստոսներն այս տեսակի մարդիկ են, չափազանց ունակ են մոլորեցնելու ուրիշներին, կարող են մոլորեցնել նրանց այն աստիճան, որ նրանք հայտնվեն շփոթության մեջ, կորցնեն կողմնորոշումը և այլևս չտարբերեն ճիշտն ու սխալը։ Ի վերջո բոլոր նրանք, ովքեր զուրկ են զանազանությունից, լիովին կմոլորեցվեն և գերի կվերցվեն այս հակաքրիստոսների կողմից։ Եկեղեցիների մեծ մասում կան մարդիկ, որոնք այսպես մոլորեցնում են ուրիշներին։ Երբ Աստծու ընտրյալ ժողովուրդը հաղորդակցվում է ճշմարտության մասին կամ բաժին հանում իր փորձառական վկայությունից, հակաքրիստոսները միշտ ոտքի են կանգնում և արտահայտում իրենց սեփական տեսակետները։ Նրանք չեն բացում իրենց սրտերը՝ անկեղծորեն հաղորդակցվելու իրենց փորձառական գիտելիքի մասին։ Փոխարենը միշտ մատնանշում են բաներ և քննադատական, անպատասխանատու դիտողություններ են անում ուրիշ մարդկանց փորձառական գիտելիքի վերաբերյալ՝ ի ցույց դնելու համար, թե որքան խելացի են իրենք և հասնելու ուրիշների կողմից հարգված լինելու իրենց նպատակին։ Հակաքրիստոսներն ամենահմուտն են բառերի և վարդապետությունների մասին խոսելու հարցում։ Նրանք երբեք չեն կարող ճշմարիտ փորձառական վկայություն տալ և երբեք չեն խոսում ինքնաճանաչողության մասին։ Փոխարենը միշտ խնդիրներ են փնտրում ուրիշ մարդկանց մեջ և մեծ աղմուկ են բարձրացնում դրանց շուրջ։ Երբեք չես տեսնի, որ հակաքրիստոսները բաց մտքով ընդունեն ուրիշ մարդկանց կարծիքները կամ նախաձեռնողաբար հաղորդակցվեն իրենց սեփական ապականված խառնվածքների մասին և մերկացնեն իրենց ուրիշների առջև։ Հաստատ նրանց չես տեսնի հաղորդակցվելիս այն մասին, թե ինչ սխալ և անհեթեթ տեսակետներ են ունեցել և ինչպես են փոխել դրանք, և բացարձակապես չես լսի, որ ընդունեն իրենց թույլ տված սխալները կամ իրենց թերությունները… Անկախ նրանից, թե որքան երկար են հակաքրիստոսները շփվում ուրիշների հետ, միշտ այնպես են անում, որ ուրիշ մարդիկ զգան, որ իրենք որևէ ապականություն չունեն, որ ծնվել են կատարյալ և սուրբ, և որ ուրիշները պետք է երկրպագեն իրենց։ Մարդիկ, որոնք իսկապես ողջամտություն ունեն, չեն ցանկանում, որ ուրիշները հարգեն կամ երկրպագեն իրենց։ Եթե ուրիշ մարդիկ իսկապես հարգում և երկրպագում են իրենց, դա ամոթալի են համարում, որովհետև գիտեն, որ իրենք ապականված խառնվածքներով ապականված մարդիկ են և որ չունեն ճշմարտության իրականությունները։ Նրանք գիտեն իրենց սեփական չափը, ուստի ինչ ապականություն էլ որ դրսևորեն և ինչ սխալ տեսակետներ էլ որ ունենան, կարող են անկեղծորեն հաղորդակցվել այս բաների մասին և ուրիշներին տեղյակ պահել դրանց մասին, և դա անելիս իրենց շատ հանգիստ, ազատագրված և երջանիկ են զգում։ Ամենևին չեն զգում, որ դա անելը դժվար է։ Նույնիսկ եթե ուրիշ մարդիկ դատում են իրենց, արհամարհանքով են նայում իրենց, հիմար են անվանում կամ բանի տեղ չեն դնում են, նրանք շատ չեն տխրում։ Ընդհակառակը, զգում են, որ դա շատ բնականոն է և կարող են ճիշտ մոտենալ դրան։ Քանի որ մարդիկ ապականված խառնվածքներ ունեն, բնականաբար ապականություն կդրսևորեն։ Անկախ նրանից՝ ընդունում ես, թե ոչ, դա փաստ է։ Եթե կարող ես ճանաչել քո սեփական ապականությունը, դա լավ բան է, և է՛լ ավելի լավ է, եթե ուրիշները կարողանան հստակ տեսնել այն, այդկերպ չեն երկրպագի կամ հարգի քեզ։ Մարդիկ, որոնք հասկանում են ճշմարտությունը և փոքր-ինչ ողջամտություն ունեն, կարող են բացել իրենց սրտերը և հաղորդակցվել իրենք իրենց ճանաչելու շուրջ։ Նրանք դա դժվար չեն համարում։ Բայց դա շատ դժվար է հակաքրիստոսների համար։ Մաքուր կերպով բացվողներին նրանք ապուշներ են համարում, իսկ ովքեր խոսում են իրենց ինքնաճանաչողության մասին և ազնվորեն են խոսում, հիմարներ են համարում։ Հետևաբար հակաքրիստոսները լիովին արհամարհանքով են նայում այդ մարդկանց։ Եթե ինչ-որ մեկը կարող է հասկանալ ճշմարտությունը, և բոլորը հատկապես հավանություն են տալիս նրան, հակաքրիստոսներն այդ մարդուն իրենց աչքի փուշը կհամարեն և կդատեն ու կդատապարտեն նրան։ Նրանք կհերքեն այդ մարդու ունեցած ճիշտ կիրառումներն ու դրական բաները և այնպես կանեն, որ դրանք որպես սխալ և խեղաթյուրված հասկացողություն հնչեն։ Անկախ նրանից, թե ով է եկեղեցու կամ եղբայրների ու քույրերի համար օգտակար ինչ-որ բան անում, հակաքրիստոսներն ուղիներ կմտածեն նրան նվաստացնելու, ծաղրելու և ձեռք առնելու համար։ Անկախ նրանից, թե որքան լավն էր նրա արածը, կամ որքան օգուտ տվեց մարդկանց, հակաքրիստոսները չեն համարի, որ այն արժանի է հիշատակման և կնսեմացնեն ու կնվազեցնեն՝ փոքրացնելով այն աստիճան, որ լիովին անարժեք թվա։ Մինչդեռ եթե հակաքրիստոսները փոքր-ինչ լավ բան են անում, կանեն հնարավոր ամեն ինչ՝ այն չափազանցնելու և մեծացնելու համար, որպեսզի բոլորը տեսնեն, իմանան, որ իրենք են արել, և որ դա իրենց արժանիքն է, որպեսզի եղբայրներն ու քույրերը հատուկ հարգանքով վերաբերվեն իրենց, անընդհատ հիշեն իրենց, շատ երախտապարտ զգան իրենց հանդեպ և հիշեն իրենց լավ կողմերը։ Բոլոր հակաքրիստոսներն ունակ են այսպես վարվելու, ինչպես և նրանք, ովքեր հակաքրիստոսների խառնվածք ունեն։ Այս առումով հակաքրիստոսները չեն տարբերվում կեղծավոր փարիսեցիներից։ Իրականում ավելի վատն են, քան նրանք։ Սրանք հակաքրիստոսների ամենատարածված և ակնհայտ տիպիկ դրսևորումներն են։
Ի՞նչ վերաբերմունք են տածում հակաքրիստոսները բաներ անելիս։ Նրանք ուզում են ուրիշների ներկայությամբ լավ բաներ անել և ուզում են գաղտնի վատ բաներ անել։ Նրանք ուզում են, որ բոլորն իմանան իրենց արած լավ բաների մասին և ուզում են կոծկել բոլոր վատ բաները, որպեսզի ոչ ոք չիմանա դրանց մասին, այն աստիճան, որ դրա մասին ոչ մի բառ դուրս չգա, և իրենց պարտավորված են զգում անելու հնարավոր ամեն ինչ՝ դրանք թաքցնելու համար։ Հակաքրիստոսների այս խառնվածքը գարշելի է, այնպես չէ՞։ Ո՞րն է հակաքրիստոսների այսպես վարվելու նպատակը։ (Իրենց հեղինակությունն ու կարգավիճակը պաշտպանելն է։) Ճիշտ է։ Արտաքնապես թվում է, թե նրանք չեն մրցում կարգավիճակի համար կամ որևէ բան չեն ասում հանուն կարգավիճակի, բայց այն ամենը, ինչ անում և ասում են, իրենց կարգավիճակը պաշտպանելու և պահպանելու համար է, և բարձր հեղինակություն ու բարի համբավ ունենալու համար է։ Երբեմն նրանք նույնիսկ պայքարում են խմբում կարգավիճակ ունենալու համար՝ թույլ չտալով, որ որևէ մեկը տեսնի, որ իրենք դա անում են։ Նույնիսկ եթե ինչ-որ մեկին երաշխավորում են, այսինքն՝ անում են մի քանի բան, որ պետք է անեն, ուզում են այնպես անել, որ իրենց երաշխավորած անձը շատ երախտապարտ զգա իրենց հանդեպ, և այնպես անել, որ նա իմանա, որ այդ պարտավորությունը կատարելու հնարավորությունն ունեցել է միայն իրենց երաշխավորության շնորհիվ։ Հակաքրիստոսները երբեք բաց չեն թողնի այդպիսի հնարավորությունը։ Նրանք մտածում են. «Թեև ես երաշխավորեցի քեզ, միևնույն է, քո առաջնորդողն եմ, ուստի չես կարող գերազանցել ինձ»։ Հակաքրիստոսների կիրքը կարգավիճակի և հեղինակության հանդեպ բավականին ակնհայտ է։ Կարգավիճակի համար մրցելու և այն պաշտպանելու համար նրանք չեն անտեսում որևէ մեկի ոչ մի հայացք կամ ոչ մի անզգույշ բառ, ուր մնաց թե որևէ անկյունում տեղի ունեցող որևէ բան։ Հակաքրիստոսները նկատում են այս բոլոր բաները՝ մեծ թե փոքր, և ուրիշ մարդկանց ասած բառերը նորից ու նորից պտտվում են իրենց մտքում։ Ո՞րն է սա անելու նրանց նպատակը։ Բամբասե՞լ են սիրում։ Ոչ, պարզապես ուզում են այս ամենի մեջ իրենց սեփական կարգավիճակը պաշտպանելու ուղի և հնարավորություն գտնել։ Նրանք չեն ցանկանում, որ իրենց կարգավիճակը կամ անունը կորուստներ կրի ակնթարթային անփութության կամ անզգուշության պատճառով։ Հանուն կարգավիճակի նրանք սովորել են, թե ինչպես «խորամուխ լինել» ամեն ինչի մեջ։ Երբ որևէ եղբայր կամ քույր ասում է մի բան, որն իրենց կարծիքով անհարգալից է, կամ արտահայտում է կարծիք, որը հակասում է իրենց սեփական կարծիքին, մի կողմ չեն դնում դա, լուրջ են ընդունում՝ իրականացնելով մանրամասն հետազոտություն և խորը վերլուծություն, և ապա գտնում են համապատասխան արձագանք՝ նրանց ասածի հետ գործ ունենալու համար, այն աստիճան, որ իրենց կարգավիճակն ամուր հաստատվի բոլորի մտքում և բացարձակապես անսասան լինի։ Այն պահին, երբ իրենց անունը վնասվում է, կամ լսում են որոշ բառեր, որոնք վնասակար են դրան, նրանք արագորեն կհայտնաբերեն աղբյուրը և կփորձեն գտնել արդարացումներ ու պատճառաբանություններ, որոնցով կփրկեն իրենց հեղինակությունը։ Հետևաբար, անկախ նրանից, թե ինչ պարտավորություններ են կատարում հակաքրիստոսները, անկախ նրանից՝ գործում են որպես առաջնորդողներ և աշխատողներ, թե ոչ, յուրաքանչյուր բան, որով զբաղեցնում են իրենց, և յուրաքանչյուր բառ, որ արտահայտում են, հանուն իրենց կարգավիճակի է և չի կարող տարանջատվել իրենց շահերը պաշտպանելու ցանկությունից։ Հակաքրիստոսների սրտերի խորքում բացարձակապես գոյություն չունի ճշմարտությունը կիրառելու կամ Աստծու տան շահերը պաշտպանելու որևէ հասկացություն։ Հետևաբար հակաքրիստոսների էությունը կարելի է ճշգրտորեն սահմանել հետևյալ կերպ՝ նրանք Աստծու թշնամիներն են՝ դևերի և Սատանաների մի ոհմակ, որոնք եկել են անհանգստացնելու, խաթարելու և ոչնչացնելու Աստծու տան գործը։ Նրանք Սատանայի ծառաներն են, այն մարդիկ չեն, որոնք հետևում են Աստծուն, ոչ էլ Աստծու տան անդամներ են, ոչ էլ Աստծու փրկության օբյեկտներն են։
Արդյոք ներգործվե՞լ եք այն բաներից որևէ մեկից, որոնց մասին հաղորդակցվել ենք այսօր։ Ո՞ր մասը ներգործեց ձեզ վրա։ (Վերջին մասը, այսինքն՝ երբ Աստված մանրամասն վերլուծեց հակաքրիստոսների մրցակցային բնությունը։) Լավ բան չէ միշտ մրցելը։ Այս վարքագիծը կապված է հակաքրիստոսների և կործանման հետ։ Դա լավ ուղի չէ։ Ի՞նչ պետք է անեն մարդիկ, երբ ունեն այս դրսևորումներն ու բացահայտումները։ Ի՞նչ ընտրություն պետք է կատարեն։ Ինչպե՞ս պետք է խուսափեն այս բաներից։ Սրանք այն խնդիրներն են, որոնց մասին մարդիկ հիմա պետք է ամենաշատը մտածեն և խորհեն, և դրանք նաև խնդիրներ են, որոնց մարդիկ ամեն օր բախվում են։ Թե ինչպես կարող են զերծ մնալ մրցելուց, երբ ինչ-որ բան է պատահում, և ինչպես պետք է լուծեն իրենց սրտի ցավն ու անհանգստությունը մրցելուց հետո, խնդիր է, որին պետք է առերեսվի յուրաքանչյուր մարդ։ Մարդիկ ապականված խառնվածքներ ունեն, ուստի բոլորը մրցում են հեղինակության, շահի և պատվի համար, և նրանց համար դժվար է զերծ մնալ մրցելուց։ Այդ դեպքում, եթե մարդը չի մրցում, արդյոք դա նշանակո՞ւմ է, որ ազատվել է հակաքրիստոսների խառնվածքից և էությունից։ (Ոչ, դա լոկ մակերեսային երևույթ է։ Եթե նրանց ներքին խառնվածքը չի լուծվում, ապա հակաքրիստոսների ուղիով քայլելու խնդիրը չի կարող լուծվել։) Ուստի ինչպե՞ս կարող է լուծվել հակաքրիստոսների ուղիով քայլելու խնդիրը։ (Մի կողմից՝ մարդը պետք է գիտելիք ունենա այս հարցի վերաբերյալ և գա Աստծու առջև՝ աղոթելու, երբ կարգավիճակի համար պայքարելու մտքեր ու գաղափարներ է բացահայտում։ Ավելին՝ պետք է բացվի և բացահայտի իրեն եղբայրների և քույրերի առջև, և ապա գիտակցաբար ապստամբի այս սխալ մտքերի ու գաղափարների դեմ։ Պետք է նաև խնդրի, որ Աստված դատի, պատժի, էտի և կարգավարժի իրեն։ Այդ ժամանակ կկարողանա բռնել ճիշտ ուղին։) Դա բավականին լավ պատասխան է։ Սակայն դրան հասնելը հեշտ չէ։ Հատկապես նրանց համար, ովքեր չափազանց շատ են սիրում հեղինակությունն ու կարգավիճակը, դրան հասնելն է՛լ ավելի դժվար է։ Հեղինակությունն ու կարգավիճակը մի կողմ դնելը հեշտ չէ, մարդիկ կարող են դրան հասնել միայն ճշմարտությանը ձգտելով։ Միայն ճշմարտությունը հասկանալով՝ նրանք կարող են ճանաչել իրենց, հստակ տեսնել համբավի, շահի և կարգավիճակի ձգտելու ունայնությունը և հստակ տեսնել մարդկության ապականության ճշմարտությունը։ Միայն այն ժամանակ, երբ մարդիկ իսկապես ճանաչեն իրենց, կկարողանան թողնել կարգավիճակն ու հեղինակությունը։ Հեշտ չէ ազատվել ապականված խառնվածքներից։ Եթե ընդունել ես, որ չունես ճշմարտությունը, որ չափազանց շատ թերություններ ունես և որ չափազանց շատ ապականություն ես դրսևորում, սակայն ջանք չես գործադրում ճշմարտությանը ձգտելու համար և քողարկում ես քեզ ու կեղծավորությամբ ես զբաղվում՝ այնպես անելով, որ մարդիկ սխալմամբ հավատան, թե կարող ես անել ամեն ինչ, ապա դա քեզ վտանգի կենթարկի, և վաղ թե ուշ կգա մի ժամանակ, երբ պատին կբախվես ու կընկնես։ Պետք է ընդունես, որ չունես ճշմարտությունը և բավականաչափ խիզախ լինես՝ իրականությանն առերեսվելու համար։ Դու թուլություններ ունես, ապականություն ես դրսևորում և ամեն տեսակ թերություններ ունես։ Սա բնականոն է, որովհետև սովորական մարդ ես, գերմարդ կամ ամենակարող չես, և պետք է ընդունես դա։ Երբ ուրիշ մարդիկ արհամարհում կամ ծաղրում են քեզ, անմիջապես հակակրանքով մի՛ արձագանքիր, որովհետև նրանց ասածը տհաճ է, կամ մի՛ դիմադրիր դրան, որովհետև քեզ ունակ և կատարյալ ես համարում. սա չպետք է լինի քո վերաբերմունքը նման բառերի նկատմամբ։ Ինչպիսի՞ն պետք է լինի քո վերաբերմունքը։ Պետք է ինքդ քեզ ասես. «Ես ունեմ իմ թերությունները, իմ մեջ ամեն ինչ ապականված և արատավոր է, և ես պարզապես սովորական մարդ եմ։ Չնայած որ ինձ արհամարհում և ծաղրում են, արդյոք դրանում որևէ ճշմարտություն կա՞։ Եթե նրանց ասածի մի մասը ճշմարիտ է, ապա պետք է ընդունեմ այն Աստծուց»։ Եթե ունես այս վերաբերմունքը, դա ապացույց է, որ ի վիճակի ես ճիշտ վարվելու կարգավիճակի, հեղինակության և այն բանի հետ, թե ինչ են ասում ուրիշները քո մասին։ Կարգավիճակն ու հեղինակությունը հեշտությամբ մի կողմ չեն դրվում։ Նրանց համար, ովքեր որոշ չափով շնորհալի են, ունեն որոշակի որակ կամ ունեն որոշակի աշխատանքային փորձ, այս բաները մի կողմ դնելն է՛լ ավելի դժվար է։ Թեև նրանք երբեմն կարող են պնդել, թե մի կողմ են դրել դրանք, իրենց սրտերում չեն կարող դա անել։ Հենց որ իրավիճակը թույլ տա, և հնարավորություն ունենան, կշարունակեն պայքարել համբավի, շահի և կարգավիճակի համար, ինչպես նախկինում, որովհետև բոլոր ապականված մարդիկ սիրում են այս բաները, պարզապես նրանք, ովքեր չունեն շնորհներ կամ տաղանդներ, կարգավիճակի ձգտելու փոքր-ինչ ավելի թույլ ցանկություն ունեն։ Նրանք, ովքեր ունեն գիտելիք, տաղանդ, լավ արտաքին կամ հատուկ կապիտալ, հեղինակության և կարգավիճակի հատկապես ուժեղ ցանկություն ունեն, այն աստիճան, որ լի են այս փառասիրական ձգտումով և նկրտումով։ Սա ամենադժվար բանն է, որը նրանք կարող են մի կողմ դնել։ Երբ կարգավիճակ չունեն, նրանց ցանկությունը սաղմնային փուլում է։ Հենց որ կարգավիճակ են ձեռք բերում, երբ Աստծու տունը նրանց որևէ կարևոր առաջադրանք է հանձնարարում, և հատկապես, եթե երկար տարիներ աշխատել են և ունեն մեծ փորձ ու կապիտալ, ցանկությունն այլևս սաղմնային չէ, այլ արդեն արմատավորվել է, ծաղկել և պատրաստվում է պտուղ տալու։ Եթե մարդը մեծ բաներ անելու, հայտնի դառնալու, որևէ մեծ գործիչ դառնալու մշտական ցանկություն և փառասիրական ձգտում ունի, ապա հենց որ մեծ չարիք գործի, և դրա հետևանքներն ուժի մեջ մտնեն, լիովին վերջացած կլինի և դուրս կթողնվի։ Ուստի նախքան սա մեծ աղետի կհանգեցնի, նա պետք է ժամանակին շտկի իրավիճակը, քանի դեռ ժամանակ կա։ Երբ որևէ բան ես անում, ինչ համատեքստում էլ որ լինի, պետք է փնտրես ճշմարտությունը, կիրառես ազնիվ և Աստծուն հնազանդվող մարդ լինելը և մի կողմ դնես կարգավիճակի ու հեղինակության ձգտումը։ Երբ կարգավիճակի համար մրցելու մշտական միտք և ցանկություն ունես, պետք է գիտակցես, թե ինչ հակառակ հետևանքների կհանգեցնի այսպիսի վիճակը, եթե չլուծվի։ Ապա պետք է ժամանակ չկորցնես ճշմարտությունը փնտրելու հարցում, լուծես կարգավիճակի համար մրցելու քո ցանկությունը, քանի դեռ այն սաղմնային փուլում է, և փոխարինես ճշմարտությունը կիրառելով։ Երբ կիրառես ճշմարտությունը, կարգավիճակի համար մրցելու քո ցանկությունն ու փառասիրական ձգտումը կնվազեն, և չես անհանգստացնի եկեղեցու աշխատանքը։ Այսպիսով՝ քո գործողությունները կհիշվեն և հավանության կարժանանան Աստծու կողմից։ Ուստի ի՞նչ եմ փորձում շեշտել։ Հետևյալը՝ պետք է ազատվես քո նկրտումներից և փառասիրական ձգտումներից, նախքան դրանք կծաղկեն, պտուղ կտան և կհանգեցնեն մեծ աղետի։ Եթե չլուծես դրանք, քանի դեռ սաղմնային փուլում են, մեծ հնարավորություն բաց կթողնես, իսկ երբ դրանք հանգեցնեն մեծ աղետի, չափազանց ուշ կլինի լուծելու համար։ Եթե զուրկ ես նույնիսկ մսեղիի դեմ ապստամբելու վճռականությունից, քեզ համար շատ դժվար կլինի ոտք դնել ճշմարտությանը ձգտելու ճանապարհին, եթե համբավի, շահի և կարգավիճակի քո ձգտման մեջ բախվես անհաջողությունների և ձախողման և խելքի չգաս, ապա դա վտանգավոր է։ Հավանականություն կա, որ դուրս կթողնվես։ Երբ նրանք, ովքեր սիրում են ճշմարտությունը, իրենց հեղինակության և կարգավիճակի առումով բախվում են մեկ կամ երկու ձախողման և անհաջողության, կարող են հստակ տեսնել, որ համբավը, շահն ու կարգավիճակն ամենևին արժեք չունեն։ Նրանք ի վիճակի են լիովին լքելու կարգավիճակն ու հեղինակությունը և վճռելու, որ նույնիսկ եթե երբեք կարգավիճակ չունենան, միևնույն է, կշարունակեն ձգտել ճշմարտությանը և պատշաճ կերպով կատարել իրենց պարտավորությունը և բաժին հանել իրենց փորձառական վկայությունից և դրանով իսկ հասնել Աստծու համար վկայություն կրելու արդյունքին։ Նույնիսկ երբ սովորական հետևորդներ են, միևնույն է, ունակ են հետևելու մինչև բուն վերջը, և միակ բանը, որ ուզում են, Աստծու հավանությունը ստանալն է։ Միայն սրանք են ճշմարտությունն անկեղծորեն սիրող և վճռականություն ունեցող մարդիկ։ Աստծու տունը դուրս է թողել բազմաթիվ հակաքրիստոսների և չար մարդկանց, և ոմանք, ովքեր ձգտում են ճշմարտությանը, տեսնելով հակաքրիստոսների ձախողումը, խորհում են այն ուղու մասին, որով գնացին այդ մարդիկ, և նաև ինքնաքննում ու ճանաչում իրենց։ Դրանից հասկացողություն են ձեռք բերում Աստծու մտադրության վերաբերյալ, վճռում են լինել սովորական հետևորդներ և կենտրոնանում են ճշմարտությանը ձգտելու և իրենց պարտավորությունը լավ կատարելու վրա։ Նույնիսկ եթե Աստված ասում է, որ նրանք ծառայություն մատուցողներ են կամ ստոր ոչնչություններ, դա նրանց համար ընդունելի է։ Նրանք պարզապես կփորձեն լինել ստոր մարդիկ և փոքր, աննշան հետևորդներ Աստծու աչքում, ովքեր ի վերջո Աստծու կողմից կկոչվեն չափանիշին համապատասխանող արարածներ։ Նման մարդիկ լավն են և նրանք են, ում Աստված հավանություն է տալիս։
Աստված սիրում է այն մարդկանց, որոնք ձգտում են ճշմարտությանը, և այն, ինչ Նա ամենաշատն է ատում մարդկանց արարքներում, համբավին, շահին և կարգավիճակին ձգտելն է։ Որոշ մարդիկ իսկապես փայփայում են կարգավիճակն ու հեղինակությունը, խորապես կապված են դրանց և չեն կարողանում հրաժարվել դրանցից։ Միշտ զգում են, որ առանց կարգավիճակի և հեղինակության՝ ապրելու մեջ ուրախություն կամ հույս չկա, որ այս կյանքում հույս կա միայն այն ժամանակ, երբ ապրում են հանուն կարգավիճակի և հեղինակության, և նույնիսկ եթե փոքր-ինչ համբավ ունեն, կշարունակեն պայքարել՝ երբեք չհանձնվելով։ Եթե այս միտքն ու տեսակետն ունես, եթե սիրտդ լի է նման բաներով, ապա անկարող ես սիրել ճշմարտությունը և ձգտել դրան, Աստծուն հավատալու հարցում զուրկ ես ճիշտ ուղղությունից ու նպատակներից և անկարող ես ձգտել ինքնաճանաչողության, ազատվել ապականությունից և կյանքով արտահայտել մարդկային կերպարը։ Պարտավորությունը կատարելիս բարձիթողի ես անում ամեն ինչ, զուրկ ես պատասխանատվության որևէ զգացումից և բավարարվում ես միայն չարիք չգործելով, անհանգստություն չառաջացնելով և չհեռացվելով։ Կարո՞ղ են արդյոք նման մարդիկ չափանիշին համապատասխանող կերպով կատարել իրենց պարտավորությունը։ Եվ կարո՞ղ են արդյոք փրկվել Աստծու կողմից։ Անհնար է։ Երբ գործում ես հանուն հեղինակության և կարգավիճակի, նույնիսկ մտածում ես. «Քանի դեռ արածս չար գործ չէ և անհանգստություն չի հանդիսանում, ապա նույնիսկ եթե շարժառիթս սխալ է, ոչ ոք չի կարող տեսնել դա կամ դատապարտել ինձ»։ Չգիտես, որ Աստված զննում է ամեն ինչ։ Եթե չես ընդունում կամ կիրառում ճշմարտությունը և արհամարհանքով մերժվում ես Աստծու կողմից, ապա քեզ համար ամեն ինչ վերջացած է։ Բոլոր նրանք, ովքեր աստվածավախ սիրտ չունեն, իրենց խելացի են համարում, իրականում նույնիսկ չգիտեն, թե երբ են վիրավորել Նրան։ Որոշ մարդիկ հստակ չեն տեսնում այս բաները։ Նրանք մտածում են. «Ես հեղինակության և կարգավիճակի եմ ձգտում միայն այն բանի համար, որ ավելին անեմ, ավելի շատ պատասխանատվություն ստանձնեմ։ Դա խաթարում կամ անհանգստություն չի առաջացնում եկեղեցու աշխատանքի համար և հաստատ չի վնասում Աստծու տան շահերը։ Դա մեծ խնդիր չէ։ Ես պարզապես սիրում եմ կարգավիճակը և պաշտպանում եմ իմ կարգավիճակը, բայց դա չար արարք չէ»։ Արտաքնապես նման ձգտումը կարող է չար արարք չթվալ, բայց ի վերջո ինչի՞ է այն հանգեցնում։ Արդյոք նման մարդիկ ձեռք կբերե՞ն ճշմարտությունը։ Արդյոք կհասնե՞ն փրկության։ Բացարձակապես ոչ։ Հետևաբար հեղինակության և կարգավիճակի ձգտելը ճիշտ ուղի չէ, այն տանում է ճշմարտությանը ձգտելուն ճիշտ հակառակ ուղղությամբ։ Մի խոսքով, անկախ նրանից, թե որն է քո ձգտման ուղղությունը կամ նպատակը, եթե չես խորհում կարգավիճակի և հեղինակության ձգտելու մասին, և եթե քեզ համար շատ դժվար է մի կողմ դնել դա, ապա դա կազդի քո կյանքի մուտքի վրա։ Քանի դեռ կարգավիճակը տեղ ունի քո սրտում, այն լիովին ունակ կլինի վերահսկելու քո կյանքի ուղղությունն ու քո ձգտման նպատակը և ազդելու դրանց վրա, և այդ դեպքում քեզ համար շատ դժվար կլինի մտնել ճշմարտության իրականության մեջ, ուր մնաց թե հասնես քո խառնվածքի փոփոխություններին, իսկ թե արդյոք ի վերջո կկարողանաս արժանանալ Աստծու հավանությանը, իհարկե, ինքնին հասկանալի է։ Ավելին, եթե երբեք ի վիճակի չլինես թողնելու կարգավիճակի քո ձգտումը, դա կազդի պարտավորությունդ չափանիշին համապատասխանող կերպով կատարելու ունակությանդ, ինչը քեզ համար շատ կդժվարացնի չափանիշին համապատասխանող արարած դառնալը։ Ինչո՞ւ եմ ասում սա։ Աստված ոչինչ այնքան չի ատում, որքան այն, երբ մարդիկ ձգտում են կարգավիճակի, որովհետև կարգավիճակի ձգտելը Սատանայի բնույթ է, դա սխալ ուղի է, ծնվել է Սատանայի ապականությունից, մի բան է, որը դատապարտվում է Աստծու կողմից, և հենց այն բանն է, որն Աստված կդատի և կմաքրագործի։ Աստված ոչինչ այնքան չի ատում, որքան այն, երբ մարդիկ ձգտում են կարգավիճակի, և սակայն դու դեռ համառորեն մրցում ես կարգավիճակի համար, համառորեն փայփայում և պաշտպանում ես՝ միշտ փորձելով վերցնել այն քեզ համար։ Մի՞թե այս ամենի մեջ Աստծուն հակադրվելու որոշակի հատկանիշ չկա։ Կարգավիճակն Աստծու կողմից չի սահմանվել մարդկանց համար, Աստված մարդկանց ապահովում է ճշմարտությամբ, ճանապարհով և կյանքով, որպեսզի նրանք ի վերջո դառնան չափանիշին համապատասխանող արարած, փոքր և աննշան արարած, այլ ոչ թե մեկը, ով ունի կարգավիճակ ու հեղինակություն և հարգված է հազարավոր մարդկանց կողմից։ Ուստի, անկախ նրանից, թե որ տեսանկյունից է դիտարկվում, կարգավիճակի ձգտելը, այն կործանման տանող ճանապարհ է։ Անկախ նրանից, թե որքան խելամիտ է կարգավիճակի ձգտելու քո արդարացումը, այս ուղին, միևնույն է, սխալ է և հավանության չի արժանանում Աստծու կողմից։ Անկախ նրանից, թե որքան ես ջանում կամ որքան մեծ գին ես վճարում, եթե կարգավիճակ ես ցանկանում, Աստված այն քեզ չի տա, եթե Աստված չտա քեզ, կձախողվես այն ձեռք բերելու համար պայքարում, և եթե շարունակես պայքարել, միայն մեկ ելք կլինի՝ կբացահայտվես և դուրս կթողնվես, կհայտնվես կործանման տանող ճանապարհին։ Հասկանո՞ւմ ես սա։
7 մարտի, 2020 թ.