Իններորդ կետ. Կատարում են իրենց պարտավորությունը՝ միայն աչքի ընկնելու և իրենց սեփական շահերն ու փառասիրական ձգտումները բավարարելու համար. երբեք հաշվի չեն առնում Աստծու տան շահերը և նույնիսկ դավաճանում են այդ շահերին՝ դրանք փոխանակելով անձնական փառքի հետ (Մաս երկրորդ)

II. Հակաքրիստոսների շահերը

Այսօր կշարունակենք հաղորդակցվել հակաքրիստոսների դրսևորումների իններորդ կետի մասին։ Նրանց դրսևորումների մասին իններորդ կետը հետևյալն է՝ Կատարում են իրենց պարտավորությունը՝ միայն աչքի ընկնելու և իրենց սեփական շահերն ու փառասիրական ձգտումները բավարարելու համար. երբեք հաշվի չեն առնում Աստծու տան շահերը և նույնիսկ դավաճանում են այդ շահերին՝ դրանք փոխանակելով անձնական փառքի հետ։ Նախորդ անգամ հաղորդակցվեցինք սրա մի փոքր մասի շուրջ՝ պարզապես սկսելով մեր թեման և հաղորդակցվելով այն մասին, թե ինչ են շահերը, որն առաջին կետն է։ Երկրորդ կետի համար հաղորդակցվեցինք այն մասին, թե որոնք են մարդկանց շահերը, և որն է մարդկանց շահերի էությունը։ Երրորդ կետը, որի մասին հաղորդակցվեցինք, այն էր, թե որոնք են Աստծու շահերը, և որն է Աստծու շահերի էությունը։ Սա էր քիչ թե շատ այն երեք կետերի բովանդակությունը, որոնց շուրջ հաղորդակցվեցինք։ Այն, ինչի մասին հաղորդակցվեցինք նախորդ անգամ, ըստ էության, հասկացական ճշմարտություններ էին՝ հանգելով շահերի տարբեր տեսանկյունների սահմանմանը և մարդկանց տրամադրելով հիմնական հասկացությունների ըմբռնում։ Այս անգամ այլևս չենք խորանա վերոհիշյալ բովանդակության մեջ, քանի որ թեման, որի շուրջ կհաղորդակցվենք մեր իններորդ կետի մասին, նպատակ ունի ընդգծելու հակաքրիստոսների տարբեր դրսևորումները։ Հետևաբար այս կետի մեր հաղորդակցության մեջ կշարունակենք կենտրոնանալ հակաքրիստոսների դրսևորումների վրա։ Հիմնականում մանրամասն կվերլուծենք հակաքրիստոսների վերաբերմունքն ու վարքագիծն իրենց վերաբերող տարբեր շահերի նկատմամբ՝ փորձելով բացահայտել հակաքրիստոսների բնական էությունն ու խառնվածքը և մանրամասն վերլուծել դրանք այս տեսանկյունից։ Կսկսենք այն մասին հաղորդակցվելուց, թե հակաքրիստոսների աչքերում որոնք են իրենց շահերին վերաբերող բաները։

Հակաքրիստոսների աչքերում Աստված, Աստծու տունը և եկեղեցին լոկ պիտակներ են, գուցե ոչ ավելին, քան անուններ՝ առանց որևէ իրական արժեքի։ Հետևաբար նրանք արհամարհանքով են վերաբերվում Աստծու, Աստծու տան և եկեղեցու շահերին, և դրանք իրենց ուշադրությունից ցածր են կամ ուշադրության անարժան։ Ի հակադրություն դրա՝ հակաքրիստոսների անձնական շահերը նրանց համար առավելագույն նշանակություն ունեն։ Հետևաբար հակաքրիստոսները հաճախ դավաճանում են եկեղեցու և Աստծու տան շահերին՝ իրենց անձնական շահերի դիմաց։ Այժմ եկեք դասակարգենք և հիմնովին մանրամասն վերլուծենք, թե որ բաներն են վերաբերում հակաքրիստոսների շահերին, որպեսզի մարդկանց հստակ կարծիք հայտնենք շահերի հարցերի վերաբերյալ նրանց տեսակետների մասին։ Նախ և առաջ, անկախ նրանից, թե ինչպես են պիտակավորվում հակաքրիստոսները՝ որպես հակաքրիստոսներ, չար մարդիկ, թե անհատներ, որոնք չեն կիրառում ճշմարտությունը կամ թշնամանք են տածում դրա հանդեպ, այս տեսակի մարդիկ վակուումում չեն ապրում։ Նրանք ապրում են մսեղիում և ունեն բնականոն մարդկային կյանքի նույն կարիքները։ Հետևաբար հակաքրիստոսների պես մարդիկ, որոնք ապրում են եղբայրների և քույրերի շրջանում կամ Աստծու տան և եկեղեցու ներսում, նույնպես ունեն իրենց սեփական անվտանգությանը վերաբերող շահեր։ Սա հակաքրիստոսների շահերի մասին առաջին ենթաբաժինն է՝ նրանց սեփական անվտանգությունը։ Հակաքրիստոսների շահերի մասին երկրորդ ենթաբաժինը նրանց սեփական հեղինակությունն ու կարգավիճակն է, ինչը կապված է նրանց իշխանության հետ։ Հակաքրիստոսների շահերի մասին երրորդ ենթաբաժինը ներառում է նրանց օգուտը։ Արդյոք ավելի պա՞րզ է այս երեք ենթաբաժինների միջոցով հակաքրիստոսների շահերը մանրամասն վերլուծելը քան դրանց մասին կառուցվածք չունեցող, ուղիղ կերպով հաղորդակցվելը։ (Այո։) Եթե խնդրեմ ձեզ հաղորդակցվել այս երեք ենթաբաժինների հիման վրա, որևէ ներըմբռնում ունե՞ք։ Կարո՞ղ եք հաղորդակցվել որոշակի հասկացողության մասին։ (Գուցե կարողանամ որոշ ներըմբռնումներ քննարկել երկրորդ ենթաբաժնի վերաբերյալ, բայց այնքան էլ հստակ չեմ պատկերացնում անձնական անվտանգությունն ու օգուտը։) Լավ, մինչ Ես հաղորդակցվում եմ, կարող եք լրացնել այնտեղ, որտեղ ի վիճակի եք հստակ խոսելու, իսկ Ես կհաղորդակցվեմ այն մասին, ինչն անհասկանալի եք համարում։ Համաձա՞յն եք։ (Այո։)

Ա. Նրանց սեփական անվտանգությունը

Մեր հաղորդակցությունը կսկսենք հակաքրիստոսների շահերի առաջին ենթաբաժնից՝ նրանց սեփական անվտանգությունից։ Այս ենթաբաժնի իմաստը պետք է պարզ լինի բոլորին։ Այն վերաբերում է մարդու ֆիզիկական անվտանգությանը։ Մայրցամաքային Չինաստանում Աստծուն հավատալը նշանակում է ապրել վտանգավոր միջավայրում։ Աստծուն հետևող յուրաքանչյուր մարդ ամեն օր բախվում է մեծ կարմիր վիշապի կողմից ձերբակալվելու, դատապարտվելու և դաժան հալածանքի ենթարկվելու վտանգին։ Հակաքրիստոսները բացառություն չեն։ Թեև Աստծու տան ներսում նրանք կարող են բնորոշվել որպես հակաքրիստոսներ, մեծ կարմիր վիշապը, դաշնակցելով կրոնական աշխարհի հետ, մշտապես անում է հնարավոր ամեն ինչ՝ ճնշելու և հալածելու Աստծու եկեղեցին ու Նրա ընտրյալ ժողովրդին, և, իհարկե, հակաքրիստոսները նույնպես հայտնվում են նման միջավայրում և զերծ չեն ձերբակալության սպառնալիքից։ Հետևաբար նրանք պետք է հաճախակի բախվեն իրենց սեփական անվտանգության խնդրին։ Սա շոշափում է այն հարցը, թե ինչպես են հակաքրիստոսները վարվում իրենց սեփական անվտանգության հետ։ Այս ենթաբաժնի համար հիմնականում հաղորդակցվում ենք այն վերաբերմունքի մասին, որը հակաքրիստոսներն ունեն իրենց սեփական անվտանգության նկատմամբ։ Լավ, ի՞նչ վերաբերմունք ունեն նրանք։ (Նրանք անում են հնարավոր ամեն ինչ՝ պաշտպանելու իրենց սեփական անվտանգությունը։) Հակաքրիստոսներն անում են հնարավոր ամեն ինչ՝ պաշտպանելու իրենց անվտանգությունը։ Այն, ինչ նրանք մտածում են, հետևյալն է. «Անպայման պետք է երաշխավորեմ իմ անվտանգությունը։ Անկախ նրանից՝ ով կբռնվի, դա չպետք է ես լինեմ»։ Այս հարցում նրանք հաճախ Աստծու առջև գալիս են աղոթքով՝ աղերսելով, որ Աստված զերծ պահի իրենց փորձանքի մեջ ընկնելուց։ Նրանք կարծում են, որ անկախ ամեն ինչից, իրենք իսկապես իրականացնում են եկեղեցու առաջնորդության աշխատանքը, և որ Աստված պետք է պաշտպանի իրենց։ Հանուն իրենց սեփական անվտանգության և ձերբակալությունից խուսափելու, բոլոր հալածանքներից փախչելու և իրենց ապահով միջավայրում տեղավորելու համար հակաքրիստոսները հաճախ աղերսում և աղոթում են իրենց սեփական անվտանգության համար։ Միայն երբ բանը հասնում է իրենց սեփական անվտանգությանը, նրանք ճշմարտապես ապավինում և իրենց ընծայում են Աստծուն։ Այս հարցում նրանք իրական հավատք ունեն, և նրանց ապավինումն Աստծուն իրական է։ Նրանք միայն նեղություն են կրում աղոթելու Աստծուն՝ խնդրելով, որ Նա պաշտպանի իրենց անվտանգությունը՝ ամենևին չմտածելով եկեղեցու աշխատանքի կամ իրենց պարտավորության մասին։ Իրենց աշխատանքում անձնական անվտանգությունն այն սկզբունքն է, որն ուղղորդում է նրանց։ Եթե վայրն ապահով է, ապա հակաքրիստոսները այդ վայրը կընտրեն աշխատելու համար, և իսկապես նրանք շատ նախաձեռնող և դրական կթվան՝ ի ցույց դնելով իրենց մեծ «պատասխանատվության զգացումը» և «հավատարմությունը»։ Եթե որոշակի աշխատանք կատարելը նշանակում է, որ նրանք պետք է ռիսկի դիմեն և հավանական է, որ վտանգի կհանդիպեն, որ կբացահայտվեն մեծ կարմիր վիշապի կողմից, նրանք արդարացումներ են գտնում, հրաժարվում են դրանից և հնարավորություն են փնտրում փախչելու դրանից։ Հենց որ վտանգ է առաջանում կամ հենց որ վտանգի նշույլ է լինում, նրանք մտածում են հնարավոր ամեն միջոց՝ իրենց ազատելու և իրենց պարտավորությունը թողնելու համար՝ չհոգալով եղբայրների և քույրերի մասին և պարզապես մտահոգվելով վտանգից դուրս գալու մասին։ Նրանք գուցե արդեն մտովի պատրաստել են իրենց։ Հենց որ վտանգ հայտնվի, նրանք անմիջապես կթողնեն իրենց կատարած ողջ աշխատանքը՝ չհոգալով այն մասին, թե ինչպես է ընթանում եկեղեցու աշխատանքը, կամ այն մասին, թե ինչ վնաս կարող է այն հասցնել Աստծու տան շահերին, կամ եղբայրների և քույրերի անվտանգության մասին։ Նրանց համար կարևորը փախչելն է։ Նրանք նույնիսկ «թաքնված միջոց» ունեն՝ իրենց պաշտպանելու ծրագիր։ Հենց որ իրենց վտանգ է սպառնում կամ ձերբակալում են, նրանք ասում են այն ամենը, ինչ գիտեն՝ մաքրելով իրենց և ազատելով իրենց բոլոր պատասխանատվություններից՝ իրենց սեփական անվտանգությունը պահպանելու համար։ Սա այն ծրագիրն է, որը նրանք պատրաստ ունեն։ Այս մարդիկ չեն ցանկանում հալածանք կրել Աստծուն հավատալու համար։ Նրանք վախենում են ձերբակալվելուց, խոշտանգվելուց և դատապարտվելուց։ Փաստն այն է, որ նրանք վաղուց իրենց սրտերում տեղի են տվել Սատանային։ Նրանք սարսափում են սատանայական վարչակարգի իշխանությունից և էլ ավելի են վախենում այնպիսի բաներից, ինչպիսիք են խոշտանգումները և դաժան հարցաքննությունները, որոնք կարող են տեղի ունենալ իրենց հետ։ Հետևաբար հակաքրիստոսների դեպքում, եթե ամեն ինչ հարթ է ընթանում, և նրանց անվտանգությանը բացարձակապես ոչինչ չի սպառնում կամ դրա հետ կապված որևէ խնդիր չկա, և ոչ մի վտանգ հնարավոր չէ, նրանք կարող են նվիրաբերել իրենց եռանդն ու «հավատարմությունը» և նույնիսկ իրենց ունեցվածքը։ Բայց եթե հանգամանքները վատն են, և նրանք ցանկացած պահի կարող են ձերբակալվել Աստծուն հավատալու և իրենց պարտավորությունը կատարելու համար, և եթե Աստծու հանդեպ նրանց հավատքը կարող է հանգեցնել նրան, որ հեռացվեն իրենց պաշտոնական դիրքից կամ թողնվեն իրենց մտերիմների կողմից, ապա նրանք չափազանց զգույշ կլինեն, ո՛չ ավետարանը կքարոզեն և Աստծուն կվկայեն, ո՛չ էլ իրենց պարտավորությունը կկատարեն։ Երբ փորձանքի նշույլ է լինում, նրանք հետ են քաշվում, ինչպես կրիան, որը թաքնվում է իր պատյանում։ Երբ փորձանքի նշույլ է լինում, նրանք անմիջապես ցանկանում են եկեղեցուն վերադարձնել Աստծու խոսքերի իրենց գրքերը և Աստծուն հավատալու հետ կապված ցանկացած բան՝ իրենց ապահով և անվնաս պահելու համար։ Մի՞թե նրանք վտանգավոր չեն։ Եթե ձերբակալվեն, մի՞թե Հուդա չեն դառնա։ Հակաքրիստոսներն այնքան վտանգավոր են, որ ցանկացած պահի կարող են Հուդա դառնալ․ միշտ հավանականություն կա, որ նրանք կդավաճանեն Աստծուն։ Ավելին՝ նրանք ծայրահեղ եսասեր և արհամարհելի են։ Սա որոշվում է հակաքրիստոսների բնական էությամբ։

Ոմանք գուցե ասեն. «Գուցե այս դրսևորումներն ունեցող մարդիկ հանդիպում են միայն մեծ կարմիր վիշապի երկրում՝ Չինաստանի սոցիալական համատեքստում։ Երբ մեկնում ես արտասահման, հալածանք կամ ձերբակալություն չկա, ուստի անձնական անվտանգությունն անտեղի է դառնում։ Արդյոք դեռ կա՞ այս թեմայի կարիքը»։ Ի՞նչ եք կարծում, կա՞ դրա կարիքը։ (Այո։) Նույնիսկ արտասահմանում շատ մարդիկ, որոնք պարտավորություններ են կատարում Աստծու տանը, հաճախ են այս վարքագիծը ցուցաբերում։ Հենց որ քննարկումը վերաբերում է որոշակի երկրի քաղաքական վարչակարգի, անհավատների կամ կրոնական աշխարհի կողմից Աստծու տան դեմ ուղղված հարձակումներին, զրպարտություններին և շարժումներին, որոշ մարդիկ խոր վախ և վախկոտություն են զգում իրենց հոգու խորքում։ Նրանք նույնիսկ կարող են զգալ, որ իրենց համար ավելի լավ և ավելի ազատ կլիներ այս պահին, եթե չհավատային Աստծուն, նրանցից ոմանք ափսոսում են, որ իրենց հավատքը դրել են Աստծու վրա, իսկ իրենց սրտերում ոմանք նույնիսկ մտածում են նահանջելու մասին և հետ կանգնելու գաղափարներ են փայփայում։ Բոլոր ժամանակներում նման մարդիկ մտահոգություններ են տածում իրենց սեփական անվտանգության վերաբերյալ՝ զգալով, որ դրանից ավելի կարևոր ոչինչ չկա։ Նրանց կյանքը և նրանց սեփական անվտանգությունն առաջնային մտահոգություններն են իրենց սրտերի խորքում։ Ուստի, երբ բախվում են այն բանին, թե ինչպես են աշխարհը և ողջ մարդկությունը չարախոսում եկեղեցու և Աստծու գործի մասին, զրպարտում և դատապարտում, այս մարդիկ իրենց սրտերում չեն կանգնում Աստծու կողքին։ Փոխարենը, երբ այս բաները տեղի են ունենում, երբ նրանք լսում են ձայներ, որոնք չարախոսում են Աստծու մասին և դատապարտում, հոգու խորքում Աստծուն հակառակ են կանգնում։ Նրանք անհամբերությամբ ցանկանում են սահման գծել իրենց և Աստծու, Նրա տան և եկեղեցու միջև։ Ավելին՝ նման պահերին Աստծուն հավատալն ընդունելը նրանց համար դժվար և ցավալի խնդիր է։ Նրանք հուսահատորեն ցանկանում են ոչ մի կապ չունենալ Աստծու, Նրա տան կամ եկեղեցու հետ։ Նման ժամանակներում նրանք անհանգստություն են զգում և նույնիսկ ամաչում են ու չեն կարողանում ցույց տալ իրենց դեմքը, որ Աստծու տան անդամ են։ Մի՞թե նման մարդիկ ճշմարտապես Աստծու հետևորդներ են։ Մի՞թե նրանք ճշմարտապես լքել են ամեն ինչ՝ Աստծուն հետևելու համար։ (Ոչ։) Երբ մարդիկ հավատում են Աստծուն մայրցամաքային Չինաստանում, նրանք հաճախ են բախվում հալածանքների և ձերբակալությունների և հաճախ են հանդիպում անձնական անվտանգության խնդիրների։ Թեև արտասահմանում միջավայրն այնքան էլ դաժան չէ, մարդիկ դեռևս հանդիպում են նմանատիպ հանգամանքների։ Նրանք կրոնական աշխարհի կողմից զրպարտության ու դատապարտման են բախվում և պետք է դիմագրավեն եկեղեցու նկատմամբ տարբեր երկրների անտարբերությանը կամ չհասկանալու որոշակի հայտարարություններին։ Ոմանք շփոթված են զգում և նույնիսկ անորոշություններ ու կասկածներ ունեն այն մասին, թե արդյոք Աստծու գործն իսկական է՝ էլ ավելի կասկածի տակ դնելով Աստծու ճշմարտացիությունը։ Հետևաբար, քանի որ նրանք հաճախ են մտածում իրենց սեփական անվտանգության մասին, չեն կարողանում հաստատուն և հանգիստ սրտով կատարել իրենց պարտավորություններն Աստծու տանը։ Արդյոք այս անհատները ճշմարտապես հանձնե՞լ են իրենց կյանքն Աստծուն։ (Ոչ, չեն հանձնել։) Ոմանք նույնիսկ մտածում են. «Արտասահման գալը նշանակում է փախչել մեծ կարմիր վիշապի ճանկերից, այնպես չէ՞։ Արտասահմանում կրոնական ազատություն չկա՞։ Մի՞թե ամեն ինչ ազատ և անկաշկանդ չէ։ Քանի որ Աստված մեզ առաջնորդել է արտասահման՝ մեր պարտավորությունները կատարելու համար, ինչո՞ւ մենք դեռ պետք է բախվենք նույն դաժան պայմաններին։ Ինչո՞ւ դեռ պետք է արտասահմանում սովորենք այս դասերը և կրենք այս տառապանքը»։ Որոշ մարդիկ կասկածներ ունեն իրենց սրտերում, իսկ ոմանք ոչ միայն կասկածում են, այլև դիմադրում են՝ տածելով այնպիսի հարցեր, ինչպիսիք են. «Քանի որ դա ճշմարիտ ճանապարհն է, քանի որ դա Աստծու գործն է, ինչո՞ւ մենք, որ հավատարիմ ենք մեր պարտավորությունները կատարելիս, որ լքել ենք ամեն ինչ՝ Աստծու համար ծախսվելու, դեռ պետք է հանդուրժենք նման անհավասար վերաբերմունքն այս աշխարհում»։ Նրանք չեն հասկանում։ Քանի որ նրանք չեն հասկանում և իրենց սեփական անվտանգությունը վեր են դասում ամեն ինչից, հետևաբար, այս չհասկանալը վերածում են Աստծուն ուղղված տրտունջների և հարցադրումների։ Մի՞թե այդպես չէ։ (Այո։) Արտասահմանում որոշ մարդիկ նույնիսկ վախենում են իրենց պարտավորությունները կատարելիս ռիսկի դիմելուց։ Եթե նրանց հանձնարարվում է պարտավորություն, որը որոշակի ռիսկ է պարունակում, նրանք արդարացումներ են գտնում, ինչպես օրինակ. «Ես հարմար չեմ այս պարտավորության համար։ Իմ ընտանիքը դեռ մայրցամաքային Չինաստանում է, և եթե մեծ կարմիր վիշապն ինձ բացահայտի, մի՞թե դա ինձ համար խնդրահարույց չի լինի»։ Նրանք հրաժարվում են նման պարտավորություններ կատարելուց։ Նրանք ընտրում են իրենց պահպանելը, իրենց սեփական անվտանգությունը պաշտպանելը և իրենց կյանքը փրկելը։ Նրանք իրենց համար ելք են թողնում՝ փոխանակ լիովին նվիրաբերելու իրենց, մի կողմ դնելու ամեն ինչ և լքելու ամեն ինչ՝ իրենց պարտավորություններն ընդունելու համար։ Նրանք չեն կարողանում հասնել դրան։ Սրանք նրանց վարքագծերից մի քանիսն են, երբ խոսքը վերաբերում է իրենց սեփական անվտանգությանը։ Որոշ մարդիկ անհանգստություն են զգում իրենց սրտերում և հաճախ են աղոթում այս մասին։ Որոշ մարդիկ հաճախ վախ և վախկոտություն են զգում՝ մտածելով, որ Սատանայի ուժերը չափազանց զորավոր են, և ինչպե՞ս կարող է իրենց պես սովորական մարդը դիմակայել։ Հետևաբար նրանք հաճախ վախենում և անհանգստանում են այս մասին։ Ոմանք նույնիսկ զգում են, որ հենց իրենց ձերբակալեն, եկեղեցին կամ Աստծու տունը ոչինչ չի կարողանա անել, որ ոչ ոք արդյունավետ չի լինի, եթե ինչ-որ բան պատահի։ Ուստի նրանք կարծում են, որ ամենակարևորն իրենց պաշտպանելն է։ Հետևաբար, երբ նրանք պետք է վտանգի ենթարկեն իրենց և ռիսկային պարտավորություն ստանձնեն, թաքնվում են, և ոչ ոք չի կարողանում համոզել նրանց։ Նրանք պնդում են, որ իրավասու չեն՝ գտնելով ամեն տեսակ արդարացումներ և պատճառներ՝ հրաժարվելու Աստծու տան կողմից իրենց վստահված կարևոր պարտավորություններից։ Եթե միջավայրը լավն է, այս մարդիկ գուցե նույնիսկ բարձրախոսով կանգնեն հասարակական վայրում՝ մեծ բազմության առջև, և բղավեն. «Ես հավատում եմ Ամենակարող Աստծուն, ես Ամենակարող Աստծու եկեղեցու անդամ եմ։ Հուսով եմ, որ բոլորը կարող են գալ և ուսումնասիրել ճշմարիտ ճանապարհը»։ Նրանք կարող են դա առանց որևէ վախի անել, երբ իրենց անձնական անվտանգությունը վտանգված չէ։ Հենց որ սպառնալիքի նույնիսկ ամենաչնչին նշույլ է լինում, կամ ցանկացած իրավիճակ, որը վերաբերում է իրենց սեփական անվտանգությանը, կամ երբ հանկարծակի հանգամանքներ են ծագում, նրանց խանդավառությունն անհետանում է, նրանց «հավատարմությունը» չքանում է, և նրանց «հավատքը» մարում է։ Նրանք միայն գիտեն փախչել այս ու այն կողմ՝ միշտ փորձելով գտնել որևէ աննկատ, կուլիսային աշխատանք՝ իրականացնելու համար՝ ուրիշ մարդկանց վրա բարդելով այն առաջադրանքներն ու պարտավորությունները, որոնք պահանջում են վտանգի ենթարկել իրենց և ռիսկի դիմել։ Հենց որ միջավայրը բարելավվում է, նրանք նորից հայտնվում են բեմական խեղկատակների պես։ Ինչո՞ւ են նրանք նորից հայտնվում։ Որպեսզի սկսեն ցուցադրել իրենց, որպեսզի մարդկանց տեղյակ պահեն իրենց գոյության մասին, որպեսզի Աստծուն ցույց տան իրենց խանդավառությունը, որպեսզի Աստծուն թույլ տան տեսնել իրենց հավատարմությունն այդ պահին և միևնույն ժամանակ, որպեսզի փոխհատուցեն այն, ինչ արել են նախկինում՝ հուսահատորեն փորձելով վերականգնվել։ Սակայն փորձանքի կամ միջավայրի փոփոխության ամենաչնչին նշանի դեպքում այս մարդիկ նորից անհետանում են և թաքնվում։

Երբ ավետարանչական աշխատանքը նոր էր սկսում տարածվել, հատկապես դժվար էր ավետարանը քարոզելը։ Այդ ժամանակ շատ չէին այն մարդիկ, որոնք կարող էին քարոզել ավետարանը, իսկ նրանք, ովքեր քարոզում էին, բավականին մակերեսային էին ճշմարտության իրենց հասկացողության մեջ։ Նրանք չէին կարողանում շատ լավ զանազանել մարդկանց կրոնական պատկերացումները, և մարդկանց շահելը դժվար էր։ Ավելին՝ ավետարանը քարոզելը նույնպես ռիսկեր էր պարունակում։ Փոքր-ինչ լավ մարդկայնություն ունեցող մարդկանց հանդիպելիս նրանք առավելագույնը կհրաժարվեին ընդունել այն և դրանով կավարտեին, բայց չէին վնասի կամ վիրավորի քեզ։ Եթե պահպանեիր կապը նրանց հետ, գուցե դեռ հույս լիներ շահելու նրանց, ինչը որոշակի արդյունքներ կտար։ Սակայն երբ հանդիպում էիր չար մարդկանց կամ տարբեր հարանվանությունների պաստորների և երեցների, այս մարդիկ ոչ միայն հրաժարվում էին ընդունելուց, այլև նույնիսկ համատեղ հարձակում էին առաջնորդում, ստիպում էին քեզ խոստովանել քո մեղքերը, իսկ եթե չանեիր, կարող էին ֆիզիկական բռնության ենթարկել քեզ։ Ավելի ծանր դեպքերում նրանք կարող էին նույնիսկ հայտնել քո մասին ոստիկանությանը և քեզ բաժանմունք հանձնել՝ քեզ ենթարկելով ցանկացած պահի կալանավորվելու վտանգին։ Եկեղեցու որոշ առաջնորդողներ չէին կաշկանդվում այս հարցերից։ Նրանք շարունակում էին կատարել իրենց պարտավորությունները, երբ պետք է դա անեին, և նույնիսկ առաջնորդում էին ավետարանը քարոզելու և Աստծուն վկայելու գործում։ Սակայն որոշ այսպես կոչված առաջնորդողներ կամ այդ կեղծ առաջնորդողներն այսպես չէին գործում։ Երբ նրանք բախվում էին նման վտանգների, իրենք չէին գնում, այլ ուղարկում էին ուրիշներին։ Ես լսել եմ մի առաջնորդողի մասին, որը պարզել էր, որ ավետարանը հավանական ընդունողը որոշակի հարանվանության առաջնորդող է։ Նա մտադիր էր կազմակերպել, որ ինչ-որ մեկն ավետարանը քարոզի նրան։ Դրա շուրջ մտածելուց հետո նա չկարողացավ հարմար մարդ գտնել և մտածեց, որ ավելի տեղին է ինքնուրույն գնալ։ Սակայն նա վախենում էր վտանգից և չէր ուզում գնալ, ուստի կազմակերպեց, որ փոխարենը տասնութ կամ տասնինը տարեկան մի երիտասարդ քույր գնա։ Ի՞նչ եք կարծում։ Արդյոք նա պե՞տք է կազմակերպեր, որ այդ երիտասարդ քույրը գնար։ (Նա չպետք է դա աներ։) Ինչո՞ւ չպետք է աներ։ (Որովհետև ավետարանը հավանական ընդունողը որոշակի հարանվանության առաջնորդող էր՝ բազմաթիվ կրոնական պատկերացումներով։ Երիտասարդ քույրը փոքր հասակ ուներ, ճշմարտության մակերեսային հասկացողություն ուներ, չէր կարող հաղորդակցվել ճշմարտության մասին՝ ավետարանը հավանական ընդունողի խնդիրները լուծելու համար, և ոչ միայն գուցե չկարողանար դարձի բերել նրան, այլև ինքը կարող էր մոլորեցվել։) Հաշվի առնելով նրա տարիքը՝ որքա՞ն ճշմարտություն կարող էր իրականում հասկանալ այդ երիտասարդ քույրը։ Աստվածաշնչի որքա՞ն գիտելիք նա ուներ։ Որքա՞ն էր հավանականությունը, որ նա դարձի կբերեր այդ հարանվանության առաջնորդողին։ Հաշվի առնելով նրա տարիքը՝ նա, անշուշտ, ավետարանը քարոզելու մեծ փորձառություն չուներ։ Բացի դրանից՝ նոր էր չափահաս դարձել և փորձառություն չուներ։ Կարո՞ղ էր արդյոք թափանցել մեծահասակների պատկերացումների, գաղափարների և դժվարությունների մեջ։ (Ոչ, չէր կարող։) Անշուշտ, ոչ։ Իր տարիքում նա պարզապես ի վիճակի չէր գլուխ հանելու մեծահասակների մտքերից։ Ասե՛ք Ինձ, հաշվի առնելով նրա տարիքը, արդյոք այս երիտասարդ քույրը լավագո՞ւյն ընտրությունն էր։ (Նա լավագույն ընտրությունը չէր։) Նա լավագույն ընտրությունը չէր։ Ուստի, ուղարկելով երիտասարդ քրոջը, արդյոք այս առաջնորդողը ճի՞շտ մտադրությունն ուներ։ (Նա ճիշտ մտադրությունը չուներ։) Նա ճիշտ մտադրությունը չուներ։ Նա չպետք է ուղարկեր երիտասարդ քրոջը։ Ավելի ուշ, երբ երիտասարդ քույրը շփվեց այդ հարանվանության առաջնորդողի հետ և պարզեց, որ լավ մարդ չէ, զեկուցեց առաջնորդողին՝ արտահայտելով, որ ինքը հատկապես վախեցած է զգում և չի համարձակվում նորից գնալ։ Այս առաջնորդողը ճնշում գործադրեց նրա վրա՝ պնդելով։ «Ոչ, սա քո պարտավորությունն է, և դու պետք է գնաս»։ Երիտասարդ քույրը ստիպված արտասվեց՝ ասելով։ «Դա իմ պարտավորությունն է, և ես պետք է գնամ, բայց ես չեմ կարող գլուխ հանել դրանից, ես չեմ կարող դա անել»։ Այնուամենայնիվ, այս առաջնորդողը չզիջեց և շարունակեց ասել։ «Նույնիսկ եթե չես կարող դա անել, պետք է գնաս։ Ուրիշ ոչ ոք չկա, ուստի դա պետք է դու լինես»։ Ի՞նչ եք կարծում, ի՞նչ տեսակի առաջնորդող է նա։ Նա ոչ միայն պաշտպանեց իրեն, երբ վտանգը մոտեցավ, այլև վտանգի ենթարկեց մեկ ուրիշին, մինչ ինքը հետ քաշվեց։ Նույնիսկ այն իրավիճակներում, երբ այս երիտասարդ քույրն արտահայտեց իր անկարողությունը և նույնիսկ լաց եղավ վախից, նա դեռ համաձայն չէր։ Ի՞նչ տեսակ ստոր արարած է սա։ Արդյոք սա մա՞րդ է։ (Ոչ։) Նա մարդ չէ։ Նա չմտածեց իր եղբայրների և քույրերի անվտանգության մասին, այլ միայն իր մասին։ Նույնիսկ ուրիշների անվտանգությունը փոխանակեց իր սեփական շահի հետ, ճիշտ մոլախաղով զբաղվող այն ծնողների պես, որոնք երբ կորցնում են իրենց ողջ գումարը և ոչինչ չեն ունենում, իրենց սեփական դուստրերին որպես գրավ են առաջարկում՝ իրենց պարտքերը մարելու համար, որպեսզի կարողանան հաղթահարել դժվար ժամանակները և խուսափել աղետից՝ իրենց սեփական երջանկության դիմաց զոհաբերելով նրանց, ում ամենաշատն են սիրում։ Ի՞նչ տեսակ ստոր արարած է այս առաջնորդողը։ Արդյոք նրա մեջ մարդկայնություն մնացե՞լ է։ (Ոչ։) Նրա մեջ մարդկայնության նշույլ անգամ չկա։ Հիմնվելով այս վարքագծի վրա՝ կարո՞ղ են արդյոք նման մարդիկ բնորոշվել որպես հակաքրիստոսներ։ (Կարող են։) Միանգամայն կարող են։ Ոմանք գուցե ասեն. «Այն, ինչ նրանք անում են, հանուն եկեղեցու աշխատանքի է, ավետարանը քարոզելու համար։ Մի՞թե նրանք լավ մտադրություն չունեն։ Մի՞թե նրանք դա չեն անում Աստծու տան շահերը պաշտպանելու համար։ Ինչպե՞ս կարող են նրանք բնորոշվել որպես հակաքրիստոսներ»։ Արդյոք որևէ մեկը երբևէ մտածե՞լ է այսպես։ Կարելի՞ է արդյոք այսպիսի փաստարկ բերել։ (Ոչ, չի կարելի։) Ուստի ասե՛ք Ինձ, ո՞րն է այս խնդրի բնությունը։ (Այս առաջնորդողը երիտասարդ քրոջ կյանքն ու անվտանգությունն օգտագործեց որպես գործարք՝ հանուն իր սեփական շահերի և անվտանգության, այսինքն՝ միտումնավոր նրան անդունդը գցեց։ Հատկապես չարասիրտ մարդկայնություն ունի։) Ավելի պարզ ասած՝ այս առաջնորդողը, լիովին գիտակցելով, որ երիտասարդ քույրը բացարձակապես անկարող է կատարել այս առաջադրանքը, այդ կարգավորումն արեց իրեն պահպանելու նպատակով։ Միևնույն ժամանակ դա արեց՝ իր սեփական պարտավորությունը կատարելու համար հաշվետվություն տալու նպատակով՝ ուրիշի շահերն ու անվտանգությունն իր անձնական նպատակներին հասնելու համար զոհաբերելով։ Սա էր նրա մտադրությունը։ Նա պարզապես հաշվի չառավ, թե ով է ի վիճակի անելու այդ աշխատանքը, ով կարող է դարձի բերել այդ մարդուն, կամ ով կարող է արդյունավետորեն անել այդ աշխատանքը՝ այդ առաջադրանքի համար գտնելով լավագույն մարդուն։ Նրա գործողությունների էությունը ոչ թե իր պարտավորությունը կատարելու կամ իր հավատարմությունն ու պատասխանատվությունն իրագործելու մասին էր, այլ իր վերադասներին հաշվետվություն տալ կարողանալու և ուրիշի շահերը զոհաբերելով իրեն պահպանելու մասին՝ նույնիսկ վնաս հասցնելով ուրիշներին։ Նա գործեց այնպես, որ վնասեց ուրիշներին՝ իրեն պահպանելու և իր սեփական նպատակներին հասնելու համար. մի՞թե սա չէ դրա էությունը։ (Այո։) Սա է դրա էությունը։ Հետևաբար այս առաջնորդողի գործողությունները կարող են բնորոշվել որպես հակաքրիստոսի գործողություններ։ Մի՞թե սա չէ խնդրի արմատը։ (Այո, դա է։) Ճիշտ այդպես է։ Եթե չլինեին հարմար թեկնածուներ, և այս երիտասարդ քույրն այնտեղ չլիներ, եթե նրան ասեին, որ անձամբ գնա և դարձի բերի այդ հարանվանության առաջնորդողին, արդյոք կգնա՞ր։ Արդյոք ի վիճակի կլինե՞ր ասելու. «Եթե հարմար թեկնածուներ չկան, ես կգնամ։ Ես չեմ վախենում։ Նույնիսկ եթե դա նշանակում է իմ կյանքն այս մարդուն շահելու համար զոհաբերել, պատրաստ եմ վտանգելու այն, որովհետև սա իմ պարտավորությունն է և իմ պատասխանատվությունը»։ Կարո՞ղ էր դա անել։ (Ոչ։) Ինչո՞ւ ենք ասում, որ չէր կարող անել։ Մենք այստեղ ենթադրություններ չենք անում։ Ինչի՞ վրա ենք հիմնվում՝ ասելով, որ չէր կարող։ (Որովհետև, երբ կատարում էր իր պարտավորությունը, դա իրականում արդյունքների հասնելու և ավետարանը հավանական ընդունողին դարձի բերելու համար չէր։ Հետևաբար պարզապես ձևականություն էր անում՝ ուղարկելով երիտասարդ քրոջը։ Եթե երիտասարդ քույրն այնտեղ չլիներ, նա անձամբ չէր գնա այդ մարդուն շահելու։) Ճիշտ է, հենց այդպես էլ կլիներ։ Եթե տեսներ, որ հասանելի հարմար թեկնածուներ չկան, մի՞թե ինքը չպետք է գնար։ (Այո։) Եթե ճշմարտապես հավատարիմ լիներ իր պարտավորությանը և հաշվի չառներ իր անձնական անվտանգությունը, ապա թույլ չէր տա երիտասարդ քրոջը գնալ, ինքը կգնար։ Ուստի ո՞րն է այն խնդիրը, որն ընդգծվում է նրա անձամբ չգնալով։ (Պահպանում էր իր սեփական անվտանգությունն ու շահերը։) Ճիշտ է, հենց այդպես էլ եղավ։ Եթե ճշմարտապես հավատարիմ լիներ իր պարտավորությանը, ապա ինքը կստանձներ այդ ծանր պատասխանատվությունը։ Սակայն դա չարեց։ Փոխարենն ընտրեց ամենաանհարմար թեկնածուին՝ իր փոխարեն գնալու համար։ Դա նրա՞ մտադրությունն էր ամենաանհարմար մարդուն ամենավտանգավոր վայրն ուղարկել՝ իրեն վտանգից պաշտպանելու և իրեն պահպանելու իր սեփական նպատակին հասնելու համար։ (Այո։) Սա հակաքրիստոսների վարքագիծն է։ Սա կապված է մարդկանց տեղաբաշխելու հետ։

Մայրցամաքային Չինաստանում մեծ կարմիր վիշապը մշտապես և դաժանաբար ճնշել, ձերբակալել և հալածել է Աստծուն հավատացողներին՝ հաճախ նրանց դնելով վտանգավոր միջավայրերում։ Օրինակ՝ կառավարությունը տարբեր պատրվակներ է օգտագործում հավատացյալներին ձերբակալելու համար։ Երբ նրանք հայտնաբերում են այն տարածքը, որտեղ բնակվում է հակաքրիստոսը, ո՞րն է առաջին բանը, որի մասին հակաքրիստոսը մտածում է։ Խոսքը ոչ թե եկեղեցու աշխատանքը պատշաճ կերպով կազմակերպելու մասին է, այլ այն մասին, թե ինչպես փախչել այս վտանգավոր իրավիճակից։ Երբ եկեղեցին բախվում է ճնշումների և ձերբակալությունների, հակաքրիստոսները երբեք չեն զբաղվում հետևանքների վերացման աշխատանքով։ Նրանք կարգավորումներ չեն անում եկեղեցու էական ռեսուրսների կամ աշխատակազմի համար։ Փոխարենն արդարացումներ և պատճառներ են գտնում՝ իրենց համար անվտանգ վայր ապահովելու և դրանով ավարտելու համար։ Հենց որ նրանց անձնական անվտանգությունը երաշխավորվում է, հազվադեպ են անձամբ ներգրավվում եկեղեցու աշխատանքի, աշխատակազմի կամ ռեսուրսների կազմակերպման մեջ, ոչ էլ հարցուփորձ են անում այդ հարցի մասին կամ որևէ հատուկ կարգավորում են անում։ Սա հանգեցնում է նրան, որ եկեղեցու ռեսուրսներն ու ֆինանսները ժամանակին չեն տեղափոխվում ապահով վայրեր, և ի վերջո շատ բաներ թալանվում և տարվում են մեծ կարմիր վիշապի կողմից՝ զգալի վնասներ պատճառելով եկեղեցուն և հանգեցնելով ավելի շատ եղբայրների և քույրերի գերեվարմանը։ Սա հակաքրիստոսների՝ աշխատանքի հանդեպ պատասխանատվությունից խուսափելու արդյունքն է։ Հակաքրիստոսների սրտերի խորքում նրանց անձնական անվտանգությունը միշտ առաջնահերթություն է ստանում։ Դա նրանց սրտերում խնդիր է, որը մշտական մտահոգություն է նրանց համար։ Նրանք մտածում են. «Ես չպետք է փորձանքի մեջ ընկնեմ։ Ով էլ որ բռնվի, ես դա ինձ թույլ տալ չեմ կարող. պետք է ողջ մնամ։ Ես դեռ սպասում եմ, որ կիսեմ Աստծու փառքը, երբ Աստծու գործն ավարտվի։ Եթե ինձ բռնեն, Հուդայի պես կվարվեմ, և ինձ համար ամեն ինչ կավարտվի։ Ինձ համար լավ ելք չի լինի։ Կպատժվեմ»։ Հետևաբար, երբ գնում են նոր վայր աշխատելու, նախ ուսումնասիրում են, թե ով ունի ամենաապահով և ամենահզոր տնտեսությունը, որտեղ կարող են թաքնվել կառավարության խուզարկություններից և իրենց ապահով զգալ։ Երկրորդ՝ նրանք փնտրում են ավելի լավ կենսապայմաններ ունեցող տնտեսություններ, որտեղ ամեն ճաշի ժամանակ միս կա, ամռանը՝ օդորակիչ, իսկ ձմռանը՝ ջեռուցում։ Բացի դրանից՝ հարցուփորձ են անում, թե հավատացյալներից ով է ավելի խանդավառ և ավելի ամուր հիմք ունի, մեկը, ով կարող է պաշտպանություն ապահովել, երբ փորձանք է ծագում։ Նախ ուսումնասիրում են այս բոլոր հարցերը։ Իրենց ուսումնասիրությունից հետո հաստատվելու և որոշ մակերեսային աշխատանք կատարելու վայր են գտնում՝ նամակ ուղարկելու կամ որոշ տեղեկություններ կամ աշխատանքային կարգավորումներ բանավոր փոխանցելու համար։ Կարծում ես՝ հակաքրիստոսներն ի վիճակի՞ են աշխատանք կատարելու։ Երբ նայում ես, թե ինչպես են նրանք մանրակրկիտ և կոկիկ կերպով հաշվի առնում և կարգավորում իրենց անձնական անվտանգությունը, գուցե թվա, թե նրանք գիտեն ինչպես հատուկ աշխատանք կատարել, իրենց սրտերում նրանք գիտեն ինչպես անել դա։ Սակայն նրանց մտադրությունները ճիշտ չեն, նրանք մտածում են միայն անձնական շահի մասին և հակակրանք են տածում ճշմարտության հանդեպ։ Նույնիսկ եթե գիտեն, որ իրենց արածը հակասում է ճշմարտությանը և եսասիրական ու արհամարհելի է, պնդում են, որ գործեն իրենց ձևով և կամայականորեն ու անխոհեմաբար վարվեն։ Այն ամենը, ինչ անում են, իրենց սեփական անվտանգությունը պահպանելու համար է։ Հարմարավետ տեղավորվելուց և զգալուց հետո, որ վտանգից հեռու են, որ վտանգն անցել է, հակաքրիստոսներն անցնում են որոշ մակերեսային աշխատանք կատարելու։ Հակաքրիստոսները բավականին մանրակրկիտ են իրենց կարգավորումներում, բայց դա կախված է նրանից, թե ում հետ գործ ունեն։ Նրանք շատ ուշադիր են մտածում այն հարցերի մասին, որոնք վերաբերում են իրենց սեփական շահերին, բայց երբ խոսքը վերաբերում է եկեղեցու աշխատանքին կամ իրենց սեփական պարտավորություններին, ի ցույց են դնում իրենց եսասիրությունն ու արհամարհելիությունը և ոչ մի պատասխանատվություն չեն ցուցաբերում՝ զուրկ լինելով անգամ խղճի կամ ողջամտության նշույլից։ Հենց այս վարքագծերի պատճառով է, որ նրանք բնորոշվում են որպես հակաքրիստոսներ։ Եթե դատեինք միայն որակի հիման վրա՝ հաշվի առնելով, թե որքան լավ են նրանք մտածում և մանրակրկիտ ու կոնկրետ ծրագրեր կազմում իրենց սեփական անվտանգության համար, ապա նրանք որակի պակաս չունեն և իրենց ուսերին գլուխ ունեն։ Նրանք պետք է ի վիճակի լինեն գլուխ հանելու Աստծու տան գործից։ Այժմ, եթե դրան նրանց կարողությունից ելնելով նայես, նրանք չպետք է կոչվեն հակաքրիստոսներ, ուստի ինչո՞ւ են նրանց դեռ այդպես կոչում։ Դա որոշվում է նրանց էության հիման վրա, նրա հիման վրա, թե արդյոք նրանք կարող են ընդունել ճշմարտությունը և կիրառել այն, արդյոք նրանք մարդիկ են, որոնք ձգտում են ճշմարտությանը։ Նրանք խոհեմ և հատուկ նկատառումներ ու կարգավորումներ են անում իրենց կենսամիջավայրի, իրենց ուտելիքի ու խմելիքի և իրենց անվտանգության վերաբերյալ։ Սակայն, երբ խոսքը վերաբերում է Աստծու տան գործին, լիովին այլ մարդիկ են դառնում՝ հատկապես եսասեր և արհամարհելի՝ ոչ մի ուշադրություն չդարձնելով Աստծու մտադրություններին։ Սրանք, անշուշտ, այն մարդիկ չեն, որոնք ձգտում են ճշմարտությանը։ Հակաքրիստոսները գործ ունեն Աստծու տան գործի և Վերևի աշխատանքային կարգավորումների հետ՝ զտելով դրանք։ Նրանք ընտրողաբար զտում են այն, ինչ ցանկանում են և չեն ցանկանում անել, և այն, ինչը վերաբերում է և չի վերաբերում իրենց սեփական անվտանգությանը։ Այնուհետև նրանք որոշակի հեշտ աշխատանք են կատարում, որն իր մեջ վտանգ չի պարունակում, պարզապես խուսափելու համար, որ Վերևը չպարզի, որ իրենք արագ են ուտում և դանդաղ են աշխատում և որ չեն զբաղվում իրենց պատշաճ պարտավորություններով։ Աշխատանքը կարգավորելուց հետո նրանք երբեք չեն հարցնում կամ վերահսկում, թե ինչպես են իրականացվում հատուկ առաջադրանքները։ Օրինակ՝ Աստծու տունը հատուկ սկզբունքներ և կանոններ ունի ընծաների և տարբեր ռեսուրսների վերաբերյալ։ Ինչպես կարգավորել դրանք, որտեղ տեղադրել դրանք, ինչպես պահպանել դրանք, և ով պետք է պահպանի։ Մյուս կողմից՝ հակաքրիստոսները միայն խոսում են այս բաների մասին և հենց որ անում են կարգավորումները, ավարտված են համարում։ Անկախ նրանից՝ միջավայրը հարմար է, թե ոչ, նրանք երբեք չեն այցելում տեղանք՝ շուրջը նայելու համար։ Նրանք լոկ շարժում են իրենց շուրթերը, իսկ իրենց սրտերում չեն ընկալում և չեն հարցնում, չեն ուսումնասիրում կամ չեն հոգում, թե արդյոք Աստծու տան այս ռեսուրսների հատուկ կարգավորումները տեղին են կամ ապահով։ Ուստի հակաքրիստոսների՝ որպես առաջնորդողների պաշտոնավարման ընթացքում նրանց աշխատանքի շրջանակներում Աստծու խոսքերի որոշ գրքեր առգրավվում են չար մարդկանց կողմից։ Որոշ գրքեր բորբոսնում են ոչ պատշաճ պահպանման պատճառով, իսկ որոշ դեպքերում որոշակի գրքեր կամ ռեսուրսներ տեղադրվում են այնպիսի վայրերում, որտեղ ոչ ոք չի հոգում դրանց մասին։ Հակաքրիստոսները ոչ միայն չեն կարողանում հատուկ կարգավորումներ անել այս հարցերի համար, այլև, անշուշտ, չեն հարցնում դրանց մասին, չեն ուսումնասիրում կամ չեն հետաքրքրվում դրանց մասին։ Փոխարենը նրանք իրենց առաջադրանքը համարում են ավարտված, հենց որ անում են կարգավորումները։ Նրանք խոսում են և վերջ։ Նրանք միայն ձևականություն են անում՝ առանց որևէ իրական արդյունք փնտրելու։ Արդյոք հակաքրիստոսները հավատարմություն ցուցաբերո՞ւմ են այս վարքագծերի միջոցով։ (Ոչ։) Նրանք հավատարմություն չունեն։ Երբ խոսքը վերաբերում է եկեղեցու տարբեր ռեսուրսների կարգավորմանը, հակաքրիստոսները երբեք չեն հարցնում։ Ի՞նչ է նշանակում «երբեք չեն հարցնում»։ Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ նրանք ընդհանրապես ոչ մի կարգավորում չեն անում։ Նրանք ձևականություն են անում և կարգավորումներ են անում՝ մարդկանց աչքերին փոշի փչելու համար, որպեսզի հանկարծ որևէ մեկը չզեկուցի իրենց մասին վերադասներին։ Բայց նրանք երբեք ոչ մի հատուկ աշխատանք չեն անում։ Ինչի՞ն է վերաբերում հատուկ աշխատանքը։ Այն ներառում է որոշելը, թե որտեղ պետք է տեղադրվեն այս բաները, արդյոք դա ապահով է, թե ոչ, արդյոք ինչ-որ բան կարող է պատահել դրանց հետ, արդյոք կրծողները կարող են գալ և ծամել բաները, արդյոք դրանք կարող են հեղեղվել կամ գողացվել, արդյոք պահպանման համար պատասխանատու անհատները հարմար են և այլն։ Սակայն հակաքրիստոսները երբեք չեն հարցնում, երբեք չեն ուսումնասիրում և երբեք չեն անհանգստանում։ Իրենց սրտերում նրանք հավատում են, որ այս բաներն իրենց վայելելու համար չեն։ Նրանք չեն գնահատում դրանք և դրանց կարիքը չունեն։ Դրանք պատկանում են ուրիշ մարդկանց, Աստծու տանը և կապ չունեն իրենց հետ։ Նրանց բացարձակապես չի հետաքրքրում։ Թող անհանգստանա նա, ով ուզում է անհանգստանալ. իրենք չեն անհանգստանում։ Նրանք կարգավորում են բաները, և դրանով ամեն ինչ ավարտվում է։ Որոշ հակաքրիստոսներ նույնիսկ նեղություն չեն էլ կրում, որ կարգավորեն։ Նրանք հավատում են, որ ոչ մի պարգև չեն ստանա, նույնիսկ եթե լավ կատարեն այս աշխատանքը, և որ ոչ ոք իրենց պատասխանատվության չի ենթարկի այն վատ կատարելու համար։ Ո՞վ կզեկուցեր իրենց մասին այսպիսի չնչին բանի համար։ Արդյոք Աստված կպատժե՞ր իրենց դրա համար։ Հակաքրիստոսների վերաբերմունքն ու տեսակետն իրենց պարտավորությունների նկատմամբ հենց այդպիսին են։ Նրանք ձևականություն են անում և հարցերը լուծում են մակերեսային կերպով։ Քանի դեռ այս բաները չեն ազդում իրենց սեփական կարգավիճակի կամ անվտանգության վրա, նրանց չի հետաքրքրում՝ դրանք տնօրինվում են, թե ոչ։ Անկախ նրանից՝ այս բաները կորչում են, պակասում, թե վնասվում, դա բոլորովին կապ չունի իրենց հետ։ Հակաքրիստոսների մտքում Աստծու տան այս ռեսուրսները համարվում են հանրային սեփականություն։ Նրանք կարիք չունեն անհանգստանալու դրանց համար, կարիք չունեն ուշադրություն դարձնելու դրանց և կարիք չունեն որևէ էներգիա ծախսելու դրանք տնօրինելու համար։ Ուստի հակաքրիստոսների՝ որպես առաջնորդողների պաշտոնավարման ընթացքում իրենց պարտավորության նկատմամբ նրանց անփութության, անձնական վայելքի վրա կենտրոնանալու և հատուկ առաջադրանքներ չկատարելու պատճառով Աստծու տան տարբեր ռեսուրսներ թալանվում կամ տարվում են մեծ կարմիր վիշապի կողմից կամ առգրավվում են որոշ չար մարդկանց կողմից։ Նման դեպքերը շատ էին։ Ոմանք գուցե ասեն. «Նման թշնամական միջավայրում ո՞վ կարող էր այդքան մանրակրկիտ կերպով զբաղվել ամեն ինչով։ Ո՞վ կարող էր խուսափել մի փոքր անփութությունից կամ մի քանի սխալ թույլ տալուց»։ Արդյոք սա պարզապես մի քանի սխալ թույլ տալու մասի՞ն է։ Համարձակվում եմ ասել, որ եթե մարդիկ կարողանային կատարել իրենց պարտականությունները և հավատարմություն ցուցաբերել, այս ռեսուրսների կորուստն այդքան մեծ չէր լինի։ Այն հաստատ կնվազեր, և աշխատանքի արդյունավետությունը շատ կբարելավվեր։

Հակաքրիստոսներն Աստծուն հավատում են օրհնություններ ստանալու համար։ Նրանք երբեք չեն մտահոգվում Աստծու տան կամ Աստծու շահերի հետ կապված որևէ բանով։ Այն ամենը, ինչ անում են, պետք է պտտվի իրենց անձնական շահերի շուրջ։ Եթե Աստծու տան գործը չի ներառում իրենց անձնական շահերը, նրանք պարզապես չեն հոգում և չեն հարցնում դրա մասին։ Որքա՜ն եսասեր են։ Երբ որոշ հակաքրիստոսներ գործում էին որպես առաջնորդողներ, մեծ կարմիր վիշապը մեծ քանակությամբ ընծաներ թալանեց, որոնք գտնվում էին նրանց վերահսկողության շրջանակում, և ապշեցուցիչ քանակություն կորավ։ Բայց այս հակաքրիստոսներն ամենևին չմեղադրեցին իրենց։ Դրանից հետո նույնիսկ ասացին. «Դա միայն իմ պատասխանատվությունը չէ. ինչպե՞ս կարող է ամեն ինչ ինձ վրա բարդվել։ Բացի դրանից՝ այսպիսի իրավիճակն անխուսափելի է»։ Նրանք բացարձակապես ոչ մի զղջում չզգացին, մեղքը բարդեցին ուրիշ մարդկանց վրա և, արդարացումներով լցված, փորձեցին պաշտպանել իրենց։ Ինչպիսի՞ ստոր արարածներ են սրանք։ Մի՞թե նման մարդիկ չպետք է վտարվեն։ Մի՞թե չպետք է անիծվեն և պատժվեն։ (Այո։) Նման մեծ սխալ թույլ տալուց հետո այս հակաքրիստոսները բացարձակապես ոչ մի զղջում չունեին։ Ի՞նչ դրսևորումներ ի ցույց կդներ բնականոն մարդը, մարդկայնություն ունեցող մարդը, Աստծուն հավատարիմ մարդը կամ աստվածավախ սիրտ ունեցող մարդը, եթե իր անփութությունը հանգեցներ նրան, որ Աստծու տան նյութական միջոցները հափշտակվեին մեծ կարմիր վիշապի կողմից։ (Զղջում կզգար, կմեղադրեր իրեն և իր սրտում կզգար, որ պատշաճ կերպով չի կատարել իր պարտավորությունը։) Ի՞նչ կաներ հետո։ Կմտածեր փոխհատուցելու միջոցի մասին։ Սրտի խորքում պարտքի զգացում և զղջում կզգար՝ անկախ նրանից, թե ինչ կասեին ուրիշները, տրտունջի ոչ մի խոսք չէր ասի, չէր պաշտպանի իրեն։ Կընդուներ, որ դա իր անփութությունն է, իր հանցանքը։ Կընդուներ այն ամենը, ինչ Աստված կասեր իրեն, և այն, թե ինչպես Աստծու տունը կորոշեր վարվել իր հետ։ Ուստի ինչո՞ւ հակաքրիստոսները չեն ընդունում սա։ Ինչո՞ւ են վտարվելուց հետո դժգոհություններով լի։ Սա բացահայտում է հակաքրիստոսների բնությունը։ Այս հակաքրիստոսներն այնպիսի զգալի վնասներ հասցրին Աստծու տան գործին, ուրիշների այդքան ջանքերն իզուր անցան իրենց պարտավորություններն անտեսելու պատճառով, և այդքան ընծաներ տարվեցին մեծ կարմիր վիշապի կողմից, սակայն ոչ մի ինքնամեղադրանք, պարտքի ոչ մի զգացում չզգացին և նույնիսկ պաշտպանեցին իրենց։ Երբ Աստծու տունը զբաղվեց նրանցով, հրաժարվեցին հնազանդվելուց և ամենուր տարածեցին իրենց բացահայտ չենթարկվելը։ Ինչպիսի՞ ստոր արարածներ են սրանք։ Մի՞թե սա մահ փնտրել չէ։ (Այո։) Սա մահ փնտրել է։ Նայելով հակաքրիստոսների բուն էությանը՝ նրանց բնական էությունը ճշմարտության և Աստծու հանդեպ թշնամությունն է։ Նրանք զուրկ են մարդկայնությունից։ Նրանք կենդանի դևեր են, Սատանաներ, մարդկային կերպարանքով գազաններ։ Երբ մարդկայնություն ունեցող մարդիկ փոքր սխալ են թույլ տալիս կամ սխալ բան են ասում, ինքնակշտամբանք են զգում։ Բայց կենդանի դևերը՝ հակաքրիստոսները, չեն զգում սա։ Նույնիսկ նման ծանր սխալ թույլ տալուց հետո այդ հակաքրիստոսները ոչ մի ինքնամեղադրանք չզգացին և անգամ փորձեցին պաշտպանել իրենց։ Ուստի ի՞նչ է ճշմարտությունը նրանց համար։ Արդյոք իրենց սրտերում ընդունո՞ւմ են ճշմարտությունը։ Աստծու խոսքերը ճշմարտությունն են, և Աստված ճշմարտությունն է։ Արդյոք նրանք ընդունո՞ւմ են այս փաստը։ (Չեն ընդունում։) Հստակորեն չեն ընդունում այն։ Իրենց սրտերում իրենց համարում են ճշմարտություն, Աստված, կարծում են, որ իրենցից բացի՝ ուրիշ Աստված չկա։ Մի՞թե սրանք դևեր չեն։ (Այո։) Սրանք դևեր են, տիպիկ դևեր։ Հակաքրիստոսներն ամենևին չեն հարցնում եկեղեցու նյութական միջոցների մասին, ոչ էլ որևէ հատուկ կարգավորում են անում դրանց համար։ Բայց եթե պատահի այնպես, որ իրենք որևէ արժեքավոր բան ունենան, կարող ես վստահ լինել, որ գերազանց կերպով հոգ կտանեն դրա մասին։ Նույնիսկ քնի մեջ խոսելիս ոչ մի բառ չեն բացահայտի դրա մասին, և նույնիսկ ծեծելով չես կարող դա կորզել նրանցից։ Նրանք արտակարգ լավ են պահպանում այն։ Սակայն երբ խոսքը վերաբերում է Աստծու տան նյութական միջոցներին, նրանց վերաբերմունքը լիովին այլ է։ Իրականում նրանք այսպիսի վերաբերմունք ունեն. «Ի՞նչ կապ ունի դա ինձ հետ։ Ես չեմ վայելելու այդ նյութական միջոցը, և այն ինձ չի պատկանում։ Նույնիսկ եթե լավ հոգ տանեմ դրա մասին, գուցե մեկ ուրիշին տրվի։ Ի՞նչ օգուտ այն այդքան լավ պահպանելուց»։ Այս հարցն իրենց պարտավորությունը չեն համարում։ Մի՞թե դա մարդկայնության պակաս չէ։ (Այո։) Դա մարդկայնության պակասի դրսևորում է։ Ի՞նչ է դա կոչվում։ Կոչվում է անհուսալի լինել։ Աստված քեզ է հանձնարարել այս աշխատանքը և քեզ է տվել այն պարտավորությունները, որոնք պետք է կատարես. սա քո աշխատանքի մի մասն է։ Պետք է պատշաճ կերպով զբաղվես այս հարցերով՝ դրանք մեկ առ մեկ իրականացնելով, հետևելով Աստծու պահանջած սկզբունքներին և Աստծու տան աշխատանքային կարգավորումներին և պատշաճ կերպով կարգավորելով դրանք, այդ դեպքում քո պարտականությունը կատարված կլինի։ Բայց արդյոք հակաքրիստոսներն ունե՞ն այս մտածելակերպը կամ գաղափարը։ (Ոչ, չունեն։) Ամենևին ոչ։ Սա մարդկայնության լիակատար պակաս է։ Ո՞րն է մարդկայնության պակասի հատուկ դրսևորումը։ Դա խիղճ կամ ողջամտություն ունենալու մասին չհոգալն է, եսասեր և արհամարհելի լինելը, վստահելիության պակաս ունենալը, անհուսալի լինելը և որևէ բան հանձնարարելուն արժանի չլինելը։

Երբ խոսքը վերաբերում է եկեղեցու ներսում աշխատակազմի հարցերին, օրինակ՝ ով ինչ աշխատանք է անում և որտեղ, արդյոք պատշաճ կերպով են անում դա, արդյոք արդյունավետորեն են կատարում իրենց պարտավորությունը, արդյոք ծագել են խանգարումների կամ անհանգստությունների դեպքեր, կամ ինչպիսին են եղբայրների և քույրերի արձագանքները, հակաքրիստոսները երբեք մանրամասնորեն չեն հարցնում կամ կարգավորումներ չեն անում այս բաների վերաբերյալ։ Օրինակ՝ երբ Աստծու տունը խնդրում է նրանց տրամադրել տարբեր տեսակի տաղանդավոր անհատների, հակաքրիստոսները լոկ աչքի են անցկացնում այդ անհատների գրավոր բնութագրերը՝ առանց հատկապես պարզելու կամ հարցնելու նրանց իրավիճակների մասին, օրինակ՝ արդյոք այս անհատներն ունեն հիմք իրենց հավատքի մեջ, ինչպիսին է նրանց մարդկայնությունը, արդյոք կարող են ընդունել ճշմարտությունը, արդյոք նրանց հատուկ տաղանդներն ու տեխնիկական հմտությունները համապատասխանում են Աստծու տան պահանջած չափանիշներին և արդյոք հարմար են զարգացվելու և կարևոր պարտավորություններ ստանձնելու համար։ Հակաքրիստոսներն այս հարցերում պարզապես ձևականություն են անում՝ ցուցադրական կերպարանք ընդունելով, հակիրճ վերանայելով գրավոր բնութագրերը և վերջ։ Երբեք իրականում չեն շփվում տրամադրված անհատների հետ, ոչ էլ փնտրում են նրանց մանրամասն կամ խոր հասկացողությունը։ Արդյունքում իրենց ընտրած մարդկանց մեծ մասն ի վերջո դուրս է թողնվում, որովհետև չեն կարողանում կատարել իրենց պարտավորությունները կամ զբաղվել իրենց պատշաճ աշխատանքով։ Ինչպե՞ս են հակաքրիստոսները նայում այս իրավիճակին։ «Այնպես չէ, որ ես առաջխաղացվում եմ այս պարտավորությունները կատարելու համար։ Ես դրանցում ոչ մի մասնակցություն չունեմ։ Ի՞նչ տարբերություն, թե ով կգնա։ Քանի դեռ հաստատում եմ երաշխավորությունները և տրամադրում այս մարդկանց, նշանակում է՝ կատարում եմ իմ աշխատանքը։ Ավելին՝ առաջխաղացված անհատներն ինձ լավություն պարտք կլինեն։ Արդյոք նրանք հարմար են մշակվելու համար, թե ոչ, իմ գործը չէ»։ Եթե հակաքրիստոսներն անհամապատասխան անհատների են տրամադրում՝ խոչընդոտներ առաջացնելով Աստծու տան գործի համար, արդյոք որևէ պատասխանատվություն կրո՞ւմ են։ (Այո։) Մեծ պատասխանատվություն են կրում, բայց այս դիվային արարածներն ամենևին ոչ մի ստուգում չեն իրականացնում։ Ոմանք ասում են. «Դաժան միջավայր ունեցող որոշ վայրերում մենք չենք կարող դեմ առ դեմ շփվել մարդկանց հետ։ Ինչպե՞ս կարող ենք ստուգել նրանց»։ Անկախ նրանից՝ որքան դաժան է միջավայրը, դեռևս կան մեթոդներ և մոտեցումներ՝ այս հարցերը լուծելու համար։ Դա կախված է նրանից, թե արդյոք պատասխանատու ես և ճշմարտապես նվիրված։ Մի՞թե այդպես չէ։ (Այո։) Եթե ընծայես քո հավատարմությունն ու պատասխանատվությունը, ապա նույնիսկ եթե արդյունքն իդեալական չլինի, Աստված զննում է և գիտի դա, և պատասխանատվությունը քեզ վրա չի լինի։ Բայց եթե չընծայես քո հավատարմությունն ու պատասխանատվությունը, ապա նույնիսկ եթե ոչինչ սխալ չընթանա, և ի վերջո դա ոչ մի հետևանքի չհանգեցնի, Աստված կզննի դա։ Այս երկու մոտեցումների բնությունը տարբեր է, և Աստված տարբեր կերպ կվերաբերվի դրանց։ Հակաքրիստոսները նաև բանսարկություններ են անում, երբ խոսքը վերաբերում է մարդկանց տրամադրելուն, նրանք նաև ունեն շարժառիթներ, որոնք եսասեր և արհամարհելի են, և զուրկ են հավատարմությունից։ Անկախ նրանից, թե ինչ են անում, հակաքրիստոսներն ունեն իրենց սեփական հաշվարկները և չեն հետևում սկզբունքներին։ Ավելին՝ որպեսզի կոնկրետ աշխատանքը լավ կատարվի, պետք է ցույց տան իրենց դեմքը, ճամփորդեն՝ հանդիպելով ավելի շատ մարդկանց, դիմանան դժվարություններին և ռիսկի դիմեն։ Հենց որ ինչ-որ բան շոշափում է իրենց սեփական անվտանգության հարցը, հակաքրիստոսները նորից սկսում են հաշվարկել, և նրանց բնությունը բացահայտվում է։ Ի՞նչ է բացահայտվում։ Նրանք հավատում են, որ չափազանց շատ մարդկանց հետ շփվելը ռիսկ է իրենց սեփական անվտանգության համար և որ չեն կարող կամայականորեն կապ հաստատել մարդկանց հետ։ Հակաքրիստոսները չեն շփվում նրանց հետ, ում հետ պետք է շփվեն, և ոչ մեկի հետ չեն հանդիպում, փոխարենն ապահով ապաստարան են գտնում մնալու համար՝ թաքնվելով և պարզ առաջադրանքներից բացի ոչինչ չանելով։ Ինչ վերաբերում է նրան, թե որքան լավ են կատարվում աշխատանքի այլ տեսանկյունները, արդյոք կան մարդիկ, որոնք անհանգստություններ են առաջացնում, կամ արդյոք աշխատանքային կարգավորումները, Աստծու խոսքերի տարբեր գրքերը կամ ձայնագրված քարոզները բաշխվում են, հակաքրիստոսները երբեք հատուկ կարգավորումներ կամ հարցուփորձ չեն անում այս բաների վերաբերյալ։ Խոսքն այն մասին չէ, որ նրանք պետք է ռիսկի դիմեն, ցույց տան իրենց դեմքը և փորձանքի հանդիպեն՝ հավատարիմ համարվելու համար։ Ո՞րն է խնդիրն այստեղ։ Ո՞վ կարող է բացատրել։ (Երբ նրանք սկզբնապես սկսեցին այս աշխատանքը, երբեք չմտածեցին, թե ինչպես այն լավ անեն, կամ արդյոք երաշխավորված աշխատակազմը հարմար էր, և երբեք ամբողջ սրտով չգործեցին կամ չկատարեցին իրենց պարտականությունը։ Նրանք երբեք չմտածեցին այս բաների մասին։) Նրանք պարզապես հավատարմություն չեն ցուցաբերում։ Աստծու հանդեպ հավատարմություն ունեցող մարդկանց աշխատելու բնության և դա չունեցողների միջև տարբերություն կա։ Երբ երկուսն էլ բախվում են վտանգ պարունակող հարցերի, հավատարմություն ունեցողներն ի վերջո կարողանում են դիմակայել վտանգին և կատարել իրենց աշխատանքը՝ օգտագործելով իմաստություն և մեթոդներ՝ աշխատանքային կարգավորումներն իրականացնելու համար։ Սակայն հակաքրիստոսները չեն զբաղվում կոնկրետ աշխատանքով՝ անկախ նրանից՝ վտանգ կա, թե ոչ, և աշխատանքային կարգավորումները երբեք չեն իրականացվում նրանց կողմից։ Սա է տարբերությունը։ Հակաքրիստոսները գուցե բանավոր հարցնեն եկեղեցու իրավիճակի, տարբեր առաջադրանքների և այլնի մասին, բայց նույնիսկ նրանց հարցումները լոկ ձևականություններ են, նրանք պարզապես որոշ մակերեսային ջանքեր են գործադրում և ամենևին մանրակրկիտ չեն դրանում։ Դրսից գուցե թվա, թե կոնկրետ աշխատանք են անում, բայց իրականում նրանք չեն հասկանում աշխատանքը, նշումներ չեն անում, չեն խորհում դրա շուրջ, չեն աղոթում կամ փնտրում։ Էներգիա չեն ծախսում՝ մտածելու, թե ինչպես են առաջ ընթանում աշխատանքի տարբեր հատվածները, կամ ով է պատասխանատու այն ոլորտների համար, որտեղ գործերը լավ չեն արվում, կամ եկեղեցու որ առաջնորդողները գուցե անհամապատասխան լինեն, կամ որտեղ աշխատանքը չի իրականացվել։ Նրանք չեն մտածում այս բաների մասին, պարզապես ձևականություն են անում, և երբ խնդիրներ են բացահայտում, չեն լուծում դրանք։ Որոշ այսպես կոչված առաջնորդողներ միայն մարդկանց են հավաքում հավաքույթների համար, հարցնում են իրավիճակի մասին և վերլուծում ու ուսումնասիրում են աշխատանքը։ Հենց որ գործը ներառում է որոշակի կոնկրետ աշխատանք և պահանջում է, որ տառապեն ու գին վճարեն, ներառում է իրենց անձնական անվտանգությունը վտանգի ենթարկելը և որոշակի դժվարություն, չեն անում դա։ Այդ պահին դադարեցնում են աշխատանքը՝ առաջնահերթություն տալով ինքնապահպանմանը։ Նույնիսկ երբ գիտակցում են խնդիրները, հատուկ կարգավորումներ չեն անում։ Եթե հայտնի են իրենց հավատքով և ձերբակալվելու վտանգի տակ են, արդյոք այս առաջադրանքները հանձնարարո՞ւմ են ուրիշներին։ Ոչ, չեն հանձնարարում։ Նրանք չեն կազմակերպում, որ ուրիշներն անեն այս առաջադրանքները, և դա է խնդիրը։ Ուստի ի՞նչ էություն է բացահայտվում նման մարդկանց կողմից։ Նրանք զուրկ են հավատարմությունից, եսասեր և արհամարհելի են և ամեն ինչում հաշվի են առնում իրենց սեփական անվտանգությունը։ Երբեք չեն հարցնում, թե արդյոք Աստծու տան աշխատանքային կարգավորումներն իրականացվում են, կամ Աստծու տան գործի առաջընթացի մասին և չեն հոգում այս բաների մասին։ Նրանք չեն ընծայել իրենց հավատարմությունը և ցույց չեն տալիս իրենց հավատարմությունը։ Նրանց համար այս հարցերում ձևականություն անելը բավական է։ Սա համարում են աշխատանք կատարել։ Եթե ռիսկը փոքր է, գուցե դժկամությամբ որոշակի աշխատանք անեն։ Բայց եթե ռիսկը մեծ է, և ձերբակալվելու հավանականություն կա, չեն անի դա՝ անկախ նրանից, թե որքան վճռորոշ է առաջադրանքը։ Դա է հակաքրիստոսների էությունը։ Իրենց սրտերի խորքում, քանի դեռ իրենց շահերն ապահովված են, նրանք ունակ են դավաճանելու ցանկացած մեկին։ Նրանց շահերն իրագործվում են Աստծու տան շահերի հաշվին։ Նրանց համար իրենց շահերը գերագույնն են։ Կարո՞ղ են արդյոք հակաքրիստոսները հավատարիմ լինել, երբ պարտավորություն են ստանձնում։ (Ոչ, չեն կարող։) Հավատարմությունն անհնար է նրանց համար։ Կարո՞ղ են արդյոք հաշվի առնել իրենց եղբայրների և քույրերի կյանքն ու անվտանգությունը։ (Չեն կարող։) Երբ խոսքը վերաբերում է իրենց սեփական անվտանգությանը, հակաքրիստոսները միայն կպահպանեն իրենց՝ իրենց եղբայրներին և քույրերին գցելով կրակե անդունդը և նրանց որպես զոհաբերվող զինվորների օգտագործելով։ Դա է հակաքրիստոսների բնական էությունը։

Բացի իրենց սեփական անվտանգությունը հաշվի առնելուց՝ էլ ինչի՞ մասին են մտածում որոշ հակաքրիստոսներ։ Նրանք ասում են. «Հիմա մեր միջավայրն անբարենպաստ է, ուստի եկեք ավելի քիչ ցույց տանք մեր դեմքը և ավելի քիչ քարոզենք ավետարանը։ Այդպես ավելի քիչ հավանական է, որ կբռնվենք, և եկեղեցու աշխատանքը չի ոչնչացվի։ Եթե խուսափենք բռնվելուց, Հուդա չենք դառնա, և այնուհետև կկարողանանք մնալ ապագայում, այնպես չէ՞»։ Մի՞թե չկան հակաքրիստոսներ, որոնք նման արդարացումներ են օգտագործում՝ իրենց եղբայրներին և քույրերին մոլորեցնելու համար։ Որոշ հակաքրիստոսներ շատ են վախենում մահից և քարշ են տալիս իրենց անարգ գոյությունը։ Նաև սիրում են հեղինակություն և կարգավիճակ և պատրաստ են առաջնորդողի դերեր ստանձնելու։ Թեև նրանք գիտեն, որ «Առաջնորդողի աշխատանքը հեշտ չէ ստանձնել, եթե մեծ կարմիր վիշապը պարզի, որ ես առաջնորդող եմ դարձել, հայտնի կդառնամ, և գուցե հայտնվեմ հետախուզվողների ցուցակում, և հենց որ ինձ բռնեն, կյանքս վտանգի տակ կհայտնվի», հանուն այս կարգավիճակի օգուտներով տարվելու՝ նրանք անտեսում են այս վտանգները։ Երբ ծառայում են որպես առաջնորդողներ, միայն տարվում են իրենց մսեղավոր վայելքով և չեն զբաղվում իրական աշխատանքով։ Բացի տարբեր եկեղեցիների հետ փոքր-ինչ նամակագրություն վարելուց՝ ուրիշ ոչինչ չեն անում։ Թաքնվում են ինչ-որ տեղ և ոչ մեկի հետ չեն հանդիպում՝ իրենց մեկուսացված պահելով, և եղբայրներն ու քույրերը չգիտեն, թե ով է իրենց առաջնորդողը։ Ահա թե ինչ աստիճանի են նրանք վախենում։ Ուստի մի՞թե ճիշտ չէ ասել, որ նրանք միայն անունով են առաջնորդողներ։ (Այո։) Որպես առաջնորդողներ՝ նրանք ոչ մի իրական աշխատանքով չեն զբաղվում։ Նրանց միայն հետաքրքրում է իրենց թաքցնելը։ Երբ ուրիշները հարցնում են նրանց. «Ինչպե՞ս է առաջնորդող լինելը», կասեն. «Ես անհավանականորեն զբաղված եմ, և հանուն անվտանգության՝ ստիպված եմ անընդհատ տեղափոխվել։ Այս միջավայրն այնքան անհանգստացնող է, որ չեմ կարողանում կենտրոնանալ իմ աշխատանքի վրա»։ Նրանք միշտ զգում են, որ շատ աչքեր են հետևում իրենց, և չգիտեն, թե թաքնվելու համար որտեղ է ապահով։ Բացի ծպտվելուց, տարբեր վայրերում թաքնվելուց և մեկ վայրում չմնալուց՝ ամեն օր ոչ մի իրական աշխատանք չեն անում։ Արդյոք նման առաջնորդողներ գոյություն ունե՞ն։ (Այո։) Ի՞նչ սկզբունքների են նրանք հետևում։ Այս մարդիկ ասում են. «Խորամանկ ճագարը երեք բույն ունի։ Որպեսզի ճագարը պաշտպանվի գիշատչի հարձակումից, պետք է երեք բույն պատրաստի՝ թաքնվելու համար։ Եթե մարդը վտանգի է հանդիպում և ստիպված է փախչել, բայց թաքնվելու տեղ չունի, արդյոք դա ընդունելի՞ է։ Մենք պետք է սովորենք ճագարներից։ Աստծու ստեղծած կենդանիներն ունեն ողջ մնալու այս ունակությունը, և մարդիկ պետք է սովորեն նրանցից»։ Առաջնորդողի դերեր ստանձնելուց ի վեր նրանք սկսել են հասկանալ այս վարդապետությունը և նույնիսկ հավատում են, որ հասկացել են ճշմարտությունը։ Իրականում սարսափելի վախեցած են։ Հենց որ լսում են մի առաջնորդողի մասին, որի մասին հայտնել են ոստիկանությանը, որովհետև նրա ապրած վայրն անվտանգ չէր, կամ մի առաջնորդողի մասին, որը թիրախավորվել էր մեծ կարմիր վիշապի լրտեսների կողմից, որովհետև չափազանց հաճախ էր դուրս գալիս՝ իր պարտավորությունը կատարելու և չափազանց շատ մարդկանց հետ էր շփվում, և թե ինչպես այս մարդիկ ի վերջո ձերբակալվեցին և դատապարտվեցին, նրանք անմիջապես վախենում են։ Մտածում են. «Օ՜, ո՛չ, արդյոք ես՞ կլինեմ հաջորդը, ում կձերբակալեն։ Ես պետք է սովորեմ սրանից։ Չպետք է չափազանց ակտիվ լինեմ։ Եթե կարողանամ խուսափել եկեղեցու որոշ աշխատանքներ անելուց, չեմ անի դրանք։ Եթե կարողանամ խուսափել իմ դեմքը ցույց տալուց, չեմ անի դա։ Որքան հնարավոր է կնվազեցնեմ իմ աշխատանքը, կխուսափեմ դուրս գալուց, կխուսափեմ որևէ մեկի հետ շփվելուց և կհամոզվեմ, որ ոչ ոք չգիտի, որ ես առաջնորդող եմ։ Այս օրերին ո՞վ կարող է իրեն թույլ տալ հոգալ որևէ մեկի մասին։ Պարզապես ողջ մնալն արդեն մարտահրավեր է»։ Առաջնորդողի դերը ստանձնելուց ի վեր, բացի պայուսակ կրելուց և թաքնվելուց, նրանք ոչ մի աշխատանք չեն անում։ Ապրում են ասեղների վրա՝ մշտապես վախենալով բռնվելուց և դատապարտվելուց։ Ենթադրենք՝ լսում են, որ ինչ-որ մեկն ասում է. «Եթե բռնվես, կսպանվես։ Եթե առաջնորդող չլինեիր, եթե պարզապես սովորական հավատացյալ լինեիր, գուցե ազատ արձակվեիր միայն մի փոքր տուգանք վճարելուց հետո, բայց քանի որ առաջնորդող ես, դժվար է ասել։ Դա չափազանց վտանգավոր է։ Որոշ առաջնորդողներ կամ աշխատողներ, որոնք բռնվել են, գերադասել են մեռնել, քան որևէ տեղեկություն տալ և ծեծվելով սպանվել են ոստիկանության կողմից»։ Հենց որ նրանք լսում են, որ ինչ-որ մեկը ծեծվելով սպանվել է, նրանց վախն ուժեղանում է և էլ ավելի են վախենում աշխատելուց։ Ամեն օր միայն մտածում են այն մասին, թե ինչպես խուսափեն բռնվելուց, ինչպես խուսափեն իրենց դեմքը ցույց տալուց, ինչպես խուսափեն վերահսկվելուց և ինչպես խուսափեն իրենց եղբայրների և քույրերի հետ շփումից։ Նրանք գլուխ են կոտրում՝ մտածելով այս բաների մասին և լիովին մոռանում են իրենց պարտավորությունների մասին։ Արդյոք սրանք հավատարի՞մ մարդիկ են։ Կարո՞ղ են արդյոք նման մարդիկ գլուխ հանել որևէ աշխատանքից։ (Ոչ, չեն կարող։) Նման մարդիկ պարզապես վախկոտ են, և մենք հաստատապես չենք կարող նրանց բնորոշել որպես հակաքրիստոսների՝ հիմնվելով միայն այս դրսևորման վրա, բայց ո՞րն է այս դրսևորման բնությունը։ Այս դրսևորման էությունը չհավատացողի էությունն է։ Նրանք չեն հավատում, որ Աստված կարող է պաշտպանել մարդկանց անվտանգությունը և, անշուշտ, չեն հավատում, որ Աստծու համար ծախսվելուն նվիրվելը ճշմարտությանն անձնվիրաբար տրվելն է, և որ դա մի բան է, որին Աստված հավանություն է տալիս։ Իրենց սրտերում նրանք չեն վախենում Աստծուց։ Վախենում են միայն Սատանայից և չարասեր քաղաքական կուսակցություններից։ Չեն հավատում Աստծու գոյությանը, չեն հավատում, որ ամեն ինչ Աստծու ձեռքերում է և, անշուշտ, չեն հավատում, որ Աստված հավանություն կտա այն մարդուն, որն ամեն ինչ ծախսում է հանուն Նրա և հանուն Նրա ճանապարհին հետևելու և Նրա հանձնարարությունն ավարտելու։ Նրանք չեն կարող տեսնել սրանցից ոչ մեկը։ Ինչի՞ն են հավատում։ Հավատում են, որ եթե ընկնեն մեծ կարմիր վիշապի ձեռքը, վատ վախճան կունենան, որ կարող են դատապարտվել կամ նույնիսկ վտանգել իրենց կյանքը։ Իրենց սրտերում նրանք հաշվի են առնում միայն իրենց սեփական անվտանգությունը և ոչ թե եկեղեցու աշխատանքը։ Մի՞թե սրանք չհավատացողներ չեն։ (Այո, այդպես է։) Ի՞նչ է ասում Աստվածաշունչը։ «Ով ինձ համար կորցնի իր կյանքը, նրան կփրկեմ» (Մատթեոս 10:39)։ Արդյոք հավատո՞ւմ են այս խոսքերին։ (Ոչ, չեն հավատում։) Եթե նրանց խնդրեն ռիսկի դիմել իրենց պարտավորությունը կատարելիս, կցանկանան թաքնվել և թույլ չտալ, որ որևէ մեկը տեսնի իրենց։ Կցանկանան անտեսանելի լինել։ Ահա թե ինչ աստիճանի են վախենում։ Նրանք չեն հավատում, որ Աստված մարդու նեցուկն է, որ ամեն ինչ Աստծու ձեռքերում է, որ եթե ինչ-որ բան իսկապես սխալ ընթանա, կամ իրենք իրականում բռնվեն, դա թույլատրված է Աստծու կողմից, և որ մարդիկ պետք է հնազանդվող սրտեր ունենան։ Այս մարդիկ չունեն այդ սրտերը, այդ հասկացողությունը կամ այդ նախապատրաստությունը։ Արդյոք ճշմարտապե՞ս հավատում են Աստծուն։ (Ոչ, չեն հավատում։) Մի՞թե այս դրսևորման էությունը չհավատացողի էություն չէ։ (Այո, այդպես է։) Այդպես է։ Նման մարդիկ արտակարգ վախկոտ են, սարսափելի վախեցած և վախենում են ֆիզիկական տառապանքից և նրանից, որ իրենց հետ ինչ-որ վատ բան կպատահի։ Նրանք այնքան վախեցած են դառնում, որքան խրտնած թռչունները և այլևս չեն կարողանում կատարել իրենց աշխատանքը։ Այդ տեսակի մարդը, որի մասին ավելի վաղ խոսեցինք, պարզապես ոչ մի աշխատանք չի անում, նույնիսկ եթե ի վիճակի է անելու։ Նույնիսկ եթե գիտի, որ խնդիր կա, չի լուծի այն։ Պարզապես պաշտպանում է իրեն և հատկապես եսասեր և արհամարհելի է։ Այս երկու տեսակի մարդիկ էլ չհավատացողներ են։ Առաջին տեսակը լպրծուն և նենգ է, վախենում է դժվարությունից և հոգնածությունից, մտահոգված է իր մսեղիով և չի զբաղվում իրական աշխատանքով։ Երկրորդ տեսակը երկչոտ և վախեցած է, չի համարձակվում իրական աշխատանք կատարել և վախենում է մեծ կարմիր վիշապի կողմից բռնվելուց և հալածվելուց։ Չկա՞ արդյոք տարբերություն այս երկու տեսակի մարդկանց միջև։ (Այո։)

Գիտե՞ք արդյոք որևէ օրինակ այն մասին, թե ինչպես են հակաքրիստոսները պաշտպանում իրենց սեփական անվտանգությունը։ (Աստվա՛ծ, ես գիտեմ նման մի դեպք։ Կար մի եկեղեցի, որը բացահայտվեց մեծ կարմիր վիշապի կողմից, որովհետև այն վերահսկվում էր մի հակաքրիստոսի կողմից, որը կատաղի կերպով վատ բաներ էր անում, և առաջնորդողները, սարկավագները և մի քանի եղբայրներ ու քույրեր ձերբակալվեցին։ Այդ ժամանակ հակաքրիստոսը վախենում էր բռնվելուց։ Առանց հետևանքների վերացման աշխատանքի համար կարգավորումներ անելու՝ նա թաքնվեց մի հեռավոր վայրում։ Նույնիսկ հրաժարվեց հյուրընկալող ընտանիքի հետ մնալուց և փոխարենը պնդեց, որ ընծաներն օգտագործվեն տեղ վարձելու համար։ Քանի որ նա պատշաճ կարգավորումներ չարեց հետագա աշխատանքի համար և ժամանակին չվերացրեց թաքնված վտանգները, մի քանի եղբայրներ և քույրեր այնուհետև ձերբակալվեցին, և եկեղեցու աշխատանքը ստիպված եղավ կանգ առնել։ Պարզ է, որ հակաքրիստոսներն արտակարգ եսասեր և արհամարհելի են։ Կրտիկական պահերին միայն պաշտպանում են իրենց սեփական շահերը և ամենևին չեն պաշտպանում Աստծու տան շահերը։) Հակաքրիստոսները ծայրահեղ եսասեր և արհամարհելի են։ Չունեն ճշմարիտ հավատք Աստծու հանդեպ, առավել ևս՝ Աստծու հանդեպ հավատարմություն։ Երբ բախվում են խնդրի, միայն պաշտպանում և պահպանում են իրենց։ Նրանց համար ոչինչ ավելի կարևոր չէ, քան իրենց սեփական անվտանգությունը։ Քանի դեռ կարող են ապրել և չեն ձերբակալվի, նրանց չի հետաքրքրում, թե որքան վնաս է հասցվում եկեղեցու աշխատանքին։ Այս մարդիկ ծայրահեղ եսասեր են, ամենևին չեն մտածում եղբայրների և քույրերի կամ եկեղեցու աշխատանքի մասին, մտածում են միայն իրենց սեփական անվտանգության մասին։ Սրանք հակաքրիստոսներ են։ Ուստի, երբ նման բաներ են պատահում նրանց, ովքեր հավատարիմ են Աստծուն և ճշմարիտ հավատք ունեն Աստծու հանդեպ, ինչպե՞ս են վարվում դրանց հետ։ Ինչո՞վ է նրանց արածը տարբերվում հակաքրիստոսների արածից։ (Երբ նման բաներ են պատահում նրանց, ովքեր հավատարիմ են Աստծուն, կմտածեն ցանկացած միջոցի մասին՝ պաշտպանելու Աստծու տան շահերը, կորուստներից պաշտպանելու Աստծու ընծաները և անհրաժեշտ կարգավորումներ կանեն առաջնորդողների և աշխատողների, ինչպես նաև եղբայրների և քույրերի համար՝ կորուստները նվազագույնի հասցնելու նպատակով։ Մինչդեռ հակաքրիստոսները համոզվում են, որ նախ իրենք են պաշտպանված։ Նրանք չեն մտահոգվում եկեղեցու աշխատանքով կամ Աստծու ընտրյալ ժողովրդի անվտանգությամբ, և երբ եկեղեցին բախվում է ձերբակալությունների, դա հանգեցնում է եկեղեցու աշխատանքի կորստին։) Հակաքրիստոսները թողնում են եկեղեցու աշխատանքը և Աստծու ընծաները և չեն կազմակերպում, որ մարդիկ զբաղվեն հետևանքների վերացման աշխատանքով։ Սա նույնն է, ինչ մեծ կարմիր վիշապին թույլ տալ առգրավել Աստծու ընծաները և Նրա ընտրյալ ժողովրդին։ Մի՞թե սա Աստծու ընծաների և Նրա ընտրյալ ժողովրդի քողարկված դավաճանություն չէ։ Երբ նրանք, ովքեր հավատարիմ են Աստծուն, հստակ գիտեն, որ միջավայրը վտանգավոր է, միևնույն է, դիմակայում են հետևանքների վերացման աշխատանքն անելու ռիսկին և նվազագույնի են հասցնում Աստծու տան կորուստները՝ նախքան իրենց հեռանալը։ Նրանք առաջնահերթություն չեն տալիս իրենց սեփական անվտանգությանը։ Ասե՛ք Ինձ, մեծ կարմիր վիշապի այս չարասեր երկրում ո՞վ կարող է երաշխավորել, որ Աստծուն հավատալու և պարտավորություն կատարելու մեջ բացարձակապես ոչ մի վտանգ չկա։ Ինչ պարտավորություն էլ որ մարդը ստանձնի, այն որոշակի ռիսկ է պարունակում, սակայն պարտավորության կատարումը հանձնարարված է Աստծու կողմից, և Աստծուն հետևելիս մարդ պետք է ստանձնի իր պարտավորությունը կատարելու ռիսկը։ Մարդ պետք է իմաստություն գործադրի, և կարիք ունի միջոցներ ձեռնարկելու՝ իր անվտանգությունն ապահովելու համար, բայց չպետք է իր անձնական անվտանգությունն առաջին տեղում դնի։ Պետք է հաշվի առնի Աստծու մտադրությունները՝ առաջին տեղում դնելով Նրա տան գործը և առաջին տեղում դնելով ավետարանի տարածումը։ Աստծու հանձնարարությունն ավարտելն ամենակարևորն է, և այն առաջին տեղում է։ Հակաքրիստոսներն առաջնահերթություն են տալիս իրենց անձնական անվտանգությանը։ Հավատում են, որ ուրիշ ոչինչ կապ չունի իրենց հետ։ Չեն հոգում, երբ ինչ-որ բան է պատահում մեկ ուրիշին՝ անկախ նրանից, թե ով կարող է լինել նա։ Քանի դեռ հենց հակաքրիստոսներին ոչ մի վատ բան չի պատահում, իրենց հանգիստ են զգում։ Նրանք զուրկ են որևէ հավատարմությունից, ինչը որոշվում է հակաքրիստոսների բնական էությամբ։ Մայրցամաքային Չինաստանի միջավայրում արդյոք հնարավո՞ր է խուսափել որևէ ռիսկի դիմելուց և երաշխավորել, որ ոչ մի վատ բան չի պատահի պարտավորությունը կատարելիս։ Նույնիսկ ամենազգույշ մարդը չի կարող երաշխավորել դա։ Բայց զգուշությունն անհրաժեշտ է։ Նախապես լավ պատրաստված լինելը փոքր-ինչ կբարելավի իրավիճակը և կարող է օգնել նվազագույնի հասցնելու կորուստները, երբ ինչ-որ բան իսկապես սխալ է ընթանում։ Եթե ընդհանրապես նախապատրաստություն չկա, կորուստները զգալի կլինեն։ Կարո՞ղ եք հստակ տեսնել այս երկու իրավիճակների միջև եղած տարբերությունը։ Հետևաբար անկախ նրանից՝ դա վերաբերում է հավաքույթներին, թե որևէ տեսակի պարտավորություն կատարելուն, լավագույնը զգույշ լինելն է, և անհրաժեշտ է որոշակի կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել։ Երբ հավատարիմ մարդը կատարում է իր պարտավորությունը, կարող է փոքր-ինչ ավելի համապարփակ և հանգամանորեն մտածել։ Նա ուզում է հնարավորինս լավ կազմակերպել այս բաները, որպեսզի եթե ինչ-որ բան սխալ ընթանա, կորուստները նվազագույնի հասցվեն։ Զգում է, որ պետք է հասնի այս արդյունքին։ Նա, ով զուրկ է հավատարմությունից, չի մտածում այս բաների մասին։ Կարծում է, որ այս բաները նշանակություն չունեն, և դրանց չի վերաբերվում որպես իր պատասխանատվության կամ պարտավորության։ Երբ ինչ-որ բան սխալ է ընթանում, նա մեղքի ոչ մի զգացում չի ունենում։ Սա հավատարմության պակասի դրսևորում է։ Հակաքրիստոսները ոչ մի հավատարմություն չեն ցուցաբերում Աստծուն։ Երբ նրանց աշխատանք է հանձնարարվում, բավականին ուրախությամբ ընդունում են այն և որոշ գեղեցիկ հայտարարություններ են անում, բայց երբ վտանգ է գալիս, ամենաարագն են փախչում։ Նրանք առաջինն են վազում, առաջինն են փախչում։ Սա ցույց է տալիս, որ նրանց եսասիրությունն ու արհամարհելիությունը հատկապես ծանր են։ Նրանք պատասխանատվության կամ հավատարմության ոչ մի զգացում չունեն։ Երբ բախվում են խնդրի, միայն գիտեն ինչպես փախչել և ինչպես թաքնվել և մտածում են միայն իրենց պաշտպանելու մասին՝ երբեք հաշվի չառնելով իրենց պատասխանատվությունները կամ պարտավորությունները։ Հանուն իրենց անձնական անվտանգության՝ հակաքրիստոսները մշտապես ի ցույց են դնում իրենց եսասեր և արհամարհելի բնությունը։ Նրանք առաջնահերթություն չեն տալիս Աստծու տան աշխատանքին կամ իրենց սեփական պարտավորություններին։ Առավել ևս առաջնահերթություն չեն տալիս Աստծու տան շահերին։ Փոխարենն առաջնահերթություն են տալիս իրենց սեփական անվտանգությանը։

Արդյոք այն ենթաբաժինը, որի մասին հենց նոր հաղորդակցվեցինք, կապ չունի՞ հակաքրիստոսների տարբեր դրսևորումների հետ՝ կատարում են իրենց պարտավորությունը՝ միայն աչքի ընկնելու և իրենց սեփական շահերն ու փառասիրական ձգտումները բավարարելու համար. երբեք հաշվի չեն առնում Աստծու տան շահերը և նույնիսկ դավաճանում են այդ շահերին՝ դրանք փոխանակելով անձնական փառքի հետ։ (Այո։) Իրենց պաշտպանելու, վտանգից և ֆիզիկական տառապանքից խուսափելու համար հակաքրիստոսները ձևական վերաբերմունք են որդեգրում Աստծու տան գործի և իրենց սեփական պարտավորությունների նկատմամբ։ Նրանք պաշտոններ են զբաղեցնում՝ առանց իրական աշխատանք անելու։ Մի՞թե դա Աստծու տան շահերին դավաճանել չէ։ Մի՞թե դա Աստծու տան շահերը, Աստծու գործը և իրենց սեփական պարտականություններն անտեսելը չէ՝ անձնական անվտանգության դիմաց։ (Այո։) Այն դրսևորումները, որոնք մենք մանրամասն վերլուծեցինք այս ենթաբաժնում, լիովին մերկացնում են հակաքրիստոսների եսասեր և արհամարհելի էությունը։ Հիմնականում ինչի՞ մասին ենք հաղորդակցվել այստեղ։ Հակաքրիստոսները փորձանքի մեջ ընկնելու վախից և իրենց պահպանելու համար չեն կատարում իրենց պարտավորությունները և բացարձակապես ոչ մի հավատարմություն չեն ցուցաբերում Աստծու հանդեպ։ Արդյոք ճշմարտության որևէ իրականություն կա՞ այս դրսևորման մեջ։ Մի՞թե դա խղճի և ողջամտության կորուստ չէ։ Սա մարդկայնության լիակատար պակաս է։

Բ. Նրանց սեփական հեղինակությունն ու կարգավիճակը

Շարունակենք հաղորդակցվել երկրորդ ենթաբաժնի՝ հակաքրիստոսների սեփական հեղինակության և կարգավիճակի մասին։ Սա նույնպես ներառում է հակաքրիստոսների շահերը։ Այժմ այս երեք ենթաբաժինները, որոնք քննարկում ենք՝ հակաքրիստոսների սեփական անվտանգությունը, նրանց սեփական հեղինակությունն ու կարգավիճակը և նրանց սեփական օգուտները, բոլորն առնչվում են հակաքրիստոսների սեփական շահերին։ Արդյոք սրանք որևէ կապ ունե՞ն Աստծու տան գործի հետ։ (Այո, ունեն։) Ո՞րն է կապը։ (Հակաքրիստոսները իրենց պաշտպանելու և իրենց հեղինակությունն ու կարգավիճակը պահպանելու համար կարող են խանգարել և անհանգստացնել եկեղեցու աշխատանքը։) Հակաքրիստոսները վնասում են Աստծու տան շահերը և եկեղեցու աշխատանքը՝ իրենց սեփական շահերը պաշտպանելու համար։ Նայելով հակաքրիստոսների եսասեր և արհամարհելի բնությանը՝ ի՞նչ է փայփայում այս տեսակի մարդը՝ իր սեփական անվտանգությունը առանձնապես պաշտպանելուց բացի։ (Նա շատ է սիրում հեղինակություն և կարգավիճակ։) Ճիշտ է։ Հակաքրիստոսները շատ են սիրում հեղինակություն և կարգավիճակ։ Հեղինակությունն ու կարգավիճակը նրանց կենսական ուժն են։ Նրանք զգում են, որ կյանքն անիմաստ է առանց հեղինակության և կարգավիճակի, և եռանդ չունեն որևէ բան անելու՝ առանց հեղինակության և կարգավիճակի։ Հակաքրիստոսների համար թե՛ հեղինակությունը, թե՛ կարգավիճակը սերտորեն կապված են իրենց անձնական շահերի հետ։ Դրանք նրանց Աքիլեսյան գարշապարն են։ Ահա թե ինչու այն ամենը, ինչ անում են հակաքրիստոսները, պտտվում է կարգավիճակի և հեղինակության շուրջ։ Եթե չլինեին այս բաները, գուցե ընդհանրապես ոչ մի աշխատանք չանեին։ Անկախ նրանից՝ հակաքրիստոսները կարգավիճակ ունեն, թե ոչ, այն նպատակը, որի համար պայքարում են, այն ուղղությունը, որով ջանք են գործադրում, դեպի այս երկու բաներն է՝ հեղինակություն և կարգավիճակ։ Երբ նրանք հավատում են Աստծուն այնպիսի բռնակալական միջավայրում, ինչպիսին մայրցամաքային Չինաստանն է, հակաքրիստոսները հաշվի չեն առնում Աստծու տան շահերը՝ հանուն իրենց սեփական անվտանգության ապահովման։ Նրանց արածի մի մասն իրենց ողջ ուժով կարգավիճակի ձգտելն է՝ ամուր կառչելով իշխանությանը և վերահսկելով եկեղեցին։ Մյուս մասն այն է, որ միշտ խոսում են, աշխատում, վազվզում և տքնում են հանուն իրենց սեփական հեղինակության և կարգավիճակի։ Սա այն միջուկն է, որի շուրջ պտտվում է այն ամենը, ինչ հակաքրիստոսներն ասում և անում են։ Հակաքրիստոսները երբեք ոչ մի իրական աշխատանք չեն անում Աստծու ընտրյալ ժողովրդի կյանքի մուտքի համար և երբեք ոչ մի իրական աշխատանք չեն անում թագավորության ավետարանը տարածելու համար։ Երբ գին են վճարում, նայե՛ք, թե ինչու են գին վճարում։ Երբ բուռն կերպով որևէ հարց են քննարկում, նայե՛ք, թե ինչու են քննարկում այն։ Երբ որևէ մարդու են քննարկում կամ դատապարտում, նայե՛ք, թե ինչ մտադրություն և նպատակ ունեն։ Երբ տխրում կամ բարկանում են ինչ-որ բանից, նայե՛ք, թե ինչպիսի խառնվածք են բացահայտում։ Մարդիկ չեն կարող տեսնել մարդկանց սրտերի ներսը, բայց Աստված կարող է։ Երբ Աստված նայում է մարդկանց սրտերի ներսը, ի՞նչ է Նա օգտագործում՝ մարդկանց ասածի և արածի էությունը չափելու համար։ Նա ճշմարտությունն է օգտագործում՝ այն չափելու համար։ Մարդու աչքերում սեփական հեղինակությունն ու կարգավիճակը պաշտպանելը տեղին է։ Ուստի ինչո՞ւ է Աստծու աչքերում դա որպես հակաքրիստոսների բացահայտում և արտահայտում և որպես հակաքրիստոսների էություն բնորոշվում։ Սա հիմնված է այն ամենի շարժառիթի և դրդապատճառի վրա, ինչ հակաքրիստոսներն անում են։ Աստված զննում է նրանց արածի շարժառիթն ու դրդապատճառը և ի վերջո որոշում, որ այն ամենը, ինչ նրանք անում են, իրենց սեփական հեղինակության և կարգավիճակի համար է, այլ ոչ թե իրենց պարտավորությունը կատարելու, առավել ևս ոչ ճշմարտությունը կիրառելու և Աստծուն հնազանդվելու համար։

Հակաքրիստոսները ձգտում են հեղինակության և կարգավիճակի, ուստի, անշուշտ, նաև խոսում և աշխատում են իրենց հեղինակությունն ու կարգավիճակը պահպանելու համար։ Նրանք իրենց հեղինակությունն ու կարգավիճակն ամեն ինչից վեր են դասում։ Եթե իրենց շրջապատում ինչ-որ մեկը լավ որակ ունի և ձգտում է ճշմարտությանը, և այդ մարդը որոշակի հեղինակություն է ձեռք բերում եղբայրների և քույրերի շրջանում ու ընտրվում է որպես թիմի ղեկավար, և եղբայրներն ու քույրերն իսկապես հիանում են այդ մարդով և հավանություն տալիս նրան, հակաքրիստոսներն ինչպե՞ս կարձագանքեն։ Անշուշտ, չեն ուրախանա դրանից, և նրանց մեջ նախանձ կառաջանա։ Եթե հակաքրիստոսները նախանձ են տածում, ասե՛ք Ինձ՝ կարո՞ղ են արդյոք իրենց լավ պահել։ Մի՞թե ստիպված չեն լինի ինչ-որ բան անել դրա հետ կապված։ (Այո։) Ի՞նչ կանեն, եթե իսկապես նախանձեն այդ մարդուն։ Իրենց մտքում անպայման այսպիսի հաշվարկ կանեն. «Այս մարդը բավականին լավ որակ ունի, որոշակի հասկացողություն ունի այս մասնագիտության վերաբերյալ և ինձանից ուժեղ է։ Սա օգտակար է աստծու տան գործի համար, բայց ոչ ինձ համար։ Արդյոք կզբաղեցնի՞ իմ պաշտոնը։ Եթե մի օր իսկապես փոխարինի ինձ, մի՞թե դա խնդրահարույց չի լինի։ Պետք է կանխող կերպով գործեմ։ Եթե մի օր կարողանա ամուր կանգնել իրոտքերի վրա, ինձ համար այնքան էլ հեշտ չի լինի գլուխ հանել նրանից։ Ավելի լավ է՝ ես առաջինը հարվածեմ։ Եթե հապաղեմ և թույլ տամ, որ մերկացնի ինձ, ով գիտի, թե ինչ հետևանքներ կլինեն։ Ուստի ինչպե՞ս կարող եմ հարվածել։ Պետք է արդարացում գտնեմ, հնարավորություն գտնեմ»։ Ասե՛ք Ինձ, եթե մարդիկ ուզում են տանջել ինչ-որ մեկին, մի՞թե նրանց համար հեշտ չէ արդարացում և հնարավորություն գտնել դա անելու համար։ Ո՞րն է դևի մարտավարություններից մեկը։ (Ով իր շանը ծեծելու միտք ունի, հեշտությամբ փայտ կգտնի։) Ճիշտ այդպես, «Ով իր շանը ծեծելու միտք ունի, հեշտությամբ փայտ կգտնի»։ Սատանայի աշխարհում այսպիսի տրամաբանություն գոյություն ունի, և այսպիսի բաներ են պատահում։ Սա բացարձակապես գոյություն չունի Աստծու համար։ Հակաքրիստոսները Սատանայից են և ամենահմուտն են այս բաներն անելու մեջ։ Նրանք կխորհեն այս մասին. «Ով իր շանը ծեծելու միտք ունի, հեշտությամբ փայտ կգտնի։ Ես մեղադրանք կբարդեմ քեզ վրա, հնարավորություն կգտնեմ տանջելու քեզ, կճնշեմ քո ամբարտավանությունն ու գոռոզությունը և թույլ չեմ տա, որ եղբայրներն ու քույրերը հարգեն քեզ և հաջորդ անգամ քեզ որպես թիմի ղեկավար ընտրեն։ Այդ դեպքում դու այլևս սպառնալիք չես լինի ինձ համար, այնպես չէ՞։ Եթե դուրս թողնեմ այս հնարավոր խնդիրը և հեռացնեմ այս մրցակցին, մի՞թե հանգիստ չեմ զգա»։ Եթե նրանց մտքերն այսպես են պտտվում, կարո՞ղ են արդյոք արտաքնապես զսպել իրենց գործելուց։ Հաշվի առնելով հակաքրիստոսների բնությունը՝ կարո՞ղ են արդյոք այս գաղափարը թաղված պահել իրենց ներսում և ոչինչ չանել։ Բացարձակապես ոչ։ Նրանք անպայման միջոց կգտնեն գործելու։ Սա հակաքրիստոսների դաժանությունն է։ Նրանք ոչ միայն այդպես են մտածում, այլև ուզում են հասնել այս նպատակին։ Ուստի հուսահատորեն կխորհեն այս հարցի շուրջ՝ գլուխ կոտրելով։ Նրանք հաշվի չեն առնում Աստծու տան շահերը, ոչ էլ եկեղեցու աշխատանքն են հաշվի առնում։ Էլ ավելի քիչ են հոգում այն մասին, թե արդյոք իրենց գործողություններն ըստ Աստծու մտադրության են։ Այն ամենը, ինչի մասին մտածում են, այն է, թե ինչպես պահպանեն իրենց հեղինակությունն ու կարգավիճակը, ինչպես պաշտպանեն իրենց իշխանությունը։ Կարծում են, որ իրենց մրցակիցն արդեն սպառնալիք է դարձել իրենց կարգավիճակի համար, ուստի փորձում են հնարավորություն գտնել նրան տապալելու համար։ Երբ իմանում են, որ առանց իրենց հետ խորհրդակցելու իրենց մրցակիցը պաշտոնազրկել է մեկին, ով մշտապես ձևականորեն էր կատարում իր պարտավորությունը, դա կհամարեն կատարյալ առիթ՝ իրենց մրցակցի վրա մեղադրանք բարդելու համար։ Եղբայրների և քույրերի ներկայությամբ նրանք ասում են. «Քանի որ այսօր բոլորն այստեղ են, եկեք այս հարցն առաջ քաշենք՝ մանրամասն վերլուծելու համար։ Մի՞թե բռնապետական արարք չէ առանց թույլտվության, առանց քո գործընկերների կամ համագործակիցների հետ քննարկելու ինչ-որ մեկին պաշտոնազրկելը։ Ինչո՞ւ մարդը նման սխալ թույլ կտար։ Մի՞թե նրա խառնվածքի հետ կապված խնդիր չկա։ Մի՞թե չպետք է էտվի։ Մի՞թե եղբայրներն ու քույրերը չպետք է թողնեն նրան»։ Նրանք կառչում են այս խնդրին և ուռճացնում այն՝ իրենց մրցակցին նսեմացնելու և իրենց բարձրացնելու համար։ Իրականում իրավիճակն այդքան էլ լուրջ չէ։ Միանգամայն ընդունելի է հաղորդել թիմի անդամի պաշտոնազրկվելուց կամ նրա պարտավորության նշանակման կարգավորումից հետո, քանի դեռ այդ պաշտոնազրկումը կամ կարգավորումը համապատասխանում է սկզբունքներին։ Սակայն հակաքրիստոսներն ուռճացնում են այս խնդիրը։ Նրանք միտումնավոր հարձակվում են իրենց մրցակցի վրա և մեծարում իրենց։ Մի՞թե սա ուրիշներին տանջելու դրսևորում չէ։ Նրանք դաժանաբար էտում են իրենց մրցակցին և չափազանցված մեղադրանքներ են ներկայացնում նրա հասցեին։ Այս մասին լսելուց հետո եղբայրներն ու քույրերը մտածում են. «Ի՞նչ է կատարվում այստեղ։ Կարծես ինչ-որ բան այն չէ։ Նրանց ասածը համահունչ չէ իրականությանը։ Այն մարդը, որի պարտավորության նշանակումը կարգավորվել էր, պատասխանատվությամբ չէր կատարում իր պարտավորությունը։ Դա ընդունված փաստ է։ Նա պաշտոնազրկվել է եկեղեցու աշխատանքը պաշտպանելու համար։ Այսկերպ սեփական պարտավորությունը կատարելը լուրջ և պատասխանատու մոտեցում է և հավատարմության դրսևորում։ Ուստի ինչո՞ւ սա պիտակավորել որպես բռնապետական արարք։ Սա հստակորեն այն դեպքն է, երբ «Ով իր շանը ծեծելու միտք ունի, հեշտությամբ փայտ կգտնի»»։ Ճշմարտության որոշակի հասկացողություն և փոքր-ինչ զանազանություն ունեցող ցանկացած ոք կարող է մի հայացքից հասկանալ, որ այս հակաքրիստոսները պարզապես ցուցադրում են իրենց իշխանությունը և իրենց ազդեցությունը թափում են իրենց մրցակցի վրա։ Ինչպե՞ս է սա աշխատանքի համար պատասխանատվություն ստանձնել։ Ինչպե՞ս է սա մարդուն էտել։ Այս հակաքրիստոսները ոչնչից մեծ բան են սարքում։ Դա պարզապես վրեժխնդրություն է և անձնական վրեժ։ Սա գալիս է մարդկային կամքից և Սատանայից, սա չի գալիս Աստծուց։ Անշուշտ, սա չի բխում աշխատանքի և իրենց պարտավորությունների համար պատասխանատվություն ստանձնելու վերաբերմունքից։ Դա նրանց մտադրությունը չէ։ Հակաքրիստոսները չափազանց պարզ են բացահայտում իրենց մտադրությունները, և ոմանք կարող են տեսնել դա։ Կարո՞ղ են արդյոք հակաքրիստոսները զգալ դա։ (Այո։) Դա հակաքրիստոսների խորամանկությունն է։ Նրանք ամենահմուտն են իրենց կարգավիճակը պաշտպանելու, սոփեստության, մարդկանց շահելու և հատկապես մարդկանց սրտերի մեջ «թափանցելու» հարցում։ Նրանք մտածում են. «Ես կարող եմ թափանցել ձեր սրտերում եղած յուրաքանչյուր մտքի մեջ։ Դուք գուցե հասկանում եք ճշմարտությունը, բայց չեք կարող թափանցել իմ էության մեջ։ Ես կարող եմ թափանցել ձեր էության մեջ։ Ես կարող եմ ասել, թե ով համոզված չէ իմ ասած բաներով»։ Բայց արդյոք նրանք ասո՞ւմ են այս ամենը։ Ոչ, չեն ասում։ Նրանք որոշ հաճելի բառեր և արտահայտություններ են օգտագործում՝ բոլորին համոզելու համար, ստիպելու նրանց մտածել, որ իրենք ողջամիտ էին այդ մարդուն էտելիս։ Ի՞նչ բառեր են նրանք օգտագործում։ Ասում են. «Ես քեզ չէտեցի եսասիրական, անձնական շարժառիթով։ Իրականում մեր միջև անձնական քեն չկա։ Պարզապես, երբ դու կամայականորեն հեռացրիր այդ մարդուն իր պարտավորությունից, դա վնասեց Աստծու տան շահերը։ Կարո՞ղ եմ արդյոք աչք փակել դրա վրա։ Եթե քեզ թույլ տայի անել դա, իմ կողմից անպատասխանատու կլիներ։ Ես դա չեմ անում քեզ կամ որևէ մեկին թիրախավորելու համար։ Եթե սխալվում եմ, եղբայրներն ու քույրերը կարող են քննադատել և հանդիմանել ինձ։ Ես չեմ առաջադրվի հաջորդ ընտրություններում»։ Երբ ոմանք լսում են սա, լիովին շփոթվում են։ Մտածում են. «Կարծես թե սխալ եմ հասկացել նրան։ Նա նույնիսկ պատրաստ է չառաջադրվելու ընտրությունների ժամանակ։ Չէտեց այդ մարդուն կարգավիճակի համար մրցելու նպատակով, նրանց գործողությունը հիմնված էր եկեղեցու աշխատանքի համար պատասխանատվություն ստանձնելու վերաբերմունքի վրա։ Այստեղ ոչ մի սխալ բան չկա»։ Այս հակաքրիստոսներին հաջողվում է նորից մոլորեցնել որոշ մարդկանց։ Մի՞թե հակաքրիստոսները խորամանկ չեն։ (Այո, խորամանկ են։) Չափազանց խորամանկ են։ Կարելի է ասել, որ հակաքրիստոսները գլուխ են կոտրում, խորասուզվում են իրենց մտքերի խորքերը և կիրառում են ցանկացած անհրաժեշտ միջոց՝ հանուն իրենց հեղինակության և կարգավիճակի։ Մի այսպիսի ասացվածք կա. «Ապտակիր նրանց, հետո քաղցր արմավ առաջարկիր»։ Մի՞թե հակաքրիստոսները չեն օգտագործի այս մարտավարությունը։ Քեզ հարվածելուց հետո գուցե որոշ հաճելի խոսքեր ասեն՝ քեզ համոզելու, քեզ մխիթարելու և քեզ ստիպելու զգալ, որ իրենք անհավանականորեն հանդուրժող, համբերատար և սիրող են։ Ի վերջո դու պետք է հավանություն տաս նրանց և ասես. «Նայե՛ք, այս մարդն այնքան հստակ նպատակներ ունի իր աշխատանքում և այնքան հմուտ է դրանում։ Ինչպիսի՜ մեծ հմտություն։ Պարզ է, որ նա ունի առաջնորդողի հատկանիշներ, և մենք բոլորս մեզ անբավարար ենք զգում նրա համեմատ»։ Մի՞թե այս հակաքրիստոսներն այդ ժամանակ չեն հասել իրենց նպատակին։ Սրանք հակաքրիստոսների հնարքներն են։

Հակաքրիստոսները հատկապես նենգ և խորամանկ են։ Այն ամենը, ինչ ասում են, խստորեն մտածված է։ Ոչ ոք ավելի հմուտ չէ ձևացնելու մեջ։ Բայց հենց որ գաղտնիքը բացահայտվում է, հենց որ մարդիկ տեսնում են նրանց այնպիսին, ինչպիսին իրականում կան, հնարավոր ամեն ինչ անում են՝ արդարանալու համար և իրավիճակը շտկելու և խաբեության միջոցով գլուխն ազատելու ուղիներ են մտածում՝ որպես իրենց կերպարն ու հեղինակությունը փրկելու միջոց։ Հակաքրիստոսներն ամեն օր ապրում են միայն հեղինակության և կարգավիճակի համար, ապրում են միայն կարգավիճակի օգուտներով տարվելու համար, սա այն ամենն է, ինչի մասին նրանք մտածում են։ Նույնիսկ երբ երբեմն որոշակի չնչին դժվարություն են կրում կամ վճարում են որոշակի չնչին գին, դա կարգավիճակ և հեղինակություն ձեռք բերելու համար է։ Կարգավիճակի ձգտելը, իշխանություն ունենալը և հեշտ կյանք ունենալը կարևոր բաներ են, որոնք հակաքրիստոսները միշտ ծրագրում են Աստծուն հավատալուց հետո և չեն հանձնվում, մինչև չհասնեն իրենց նպատակներին։ Եթե նրանց չար գործերը երբևէ մերկացվում են, խուճապի են մատնվում, ասես երկինքը պատրաստվում է փուլ գալու իրենց վրա։ Չեն կարողանում ուտել կամ քնել և թվում է՝ տրանսի մեջ են, ասես տառապում են ընկճախտից։ Երբ մարդիկ հարցնում են նրանց, թե ինչ է պատահել, ստեր են հորինում և ասում. «Երեկ այնքան զբաղված էի, որ ամբողջ գիշեր չեմ քնել, ուստի շատ հոգնած եմ»։ Բայց իրականում սրա ոչ մի մասը ճիշտ չէ, դա ամբողջովին խաբեություն է։ Նրանք այսպես են զգում, որովհետև անընդհատ խորհում են. «Այն վատ բաները, որ արել եմ, մերկացվել են, ուստի ինչպե՞ս կարող եմ վերականգնել իմ հեղինակությունն ու կարգավիճակը։ Ի՞նչ միջոցներ կարող եմ օգտագործել՝ ինձ արդարացնելու համար։ Ի՞նչ տոնով կարող եմ խոսել բոլորի հետ՝ սա բացատրելու համար։ Ի՞նչ կարող եմ ասել, որպեսզի թույլ չտամ մարդկանց թափանցել իմ էության մեջ»։ Երկար ժամանակ նրանք չեն կարողանում հասկանալ, թե ինչ անել և ուստի ընկճված են։ Երբեմն նրանց աչքերը դատարկ հայացքով նայում են մի կետի, և ոչ ոք չգիտի, թե ինչին են նայում։ Խնդիրը ստիպում է նրանց գլուխ կոտրել, սպառել մտքի յուրաքանչյուր ընթացք և չցանկանալ ուտել կամ խմել։ Չնայած դրան՝ դեռ ձևացնում են, թե հոգ են տանում եկեղեցու աշխատանքի մասին և հարցնում են մարդկանց. «Ինչպե՞ս է ընթանում ավետարանչական աշխատանքը։ Որքա՞ն արդյունավետ է քարոզվում ավետարանը։ Եղբայրներն ու քույրերը վերջերս որևէ կյանքի մուտք ունեցե՞լ են։ Արդյոք որևէ մեկը խանգարումներ կամ անհանգստություններ առաջացրե՞լ է»։ Եկեղեցու աշխատանքի վերաբերյալ նրանց այս հարցումներն ուրիշների համար ցուցադրություն են։ Եթե իսկապես իմանային խնդիրների մասին, դրանք լուծելու ոչ մի միջոց չէին ունենա, ուստի նրանց հարցերը լոկ ձևականություն են՝ տրված այնպիսի տպավորություն ստեղծելու համար՝ կարծես հոգ են տանում եկեղեցու աշխատանքի համար։ Եթե ինչ-որ մեկը հաղորդեր եկեղեցու խնդիրների մասին, որպեսզի նրանք լուծեին, պարզապես կտարուբերեին իրենց գլուխները։ Ոչ մի ծրագիր չէր օգնի նրանց, և թեև կցանկանային քողարկել իրենց, չէին կարողանա և կվտանգեին մերկացվելն ու բացահայտվելը։ Սա ամենամեծ խնդիրն է, որին հակաքրիստոսները բախվում են իրենց ողջ կյանքում։ Այս պահին հակաքրիստոսները նման են տաք թավայի վրա գտնվող մրջյունի, երբեմն տարուբերելով իրենց գլուխները՝ ասես ասելով. «Սա չի կարող շարունակվել»։ Ապա ձեռքերով թփթփացնում են իրենց գլուխներին՝ ասես մտածելով. «Ինչու՞ եմ այսքան հիմար։ Ինչպե՞ս կարող էի սայթաքել այս հարցում»։ Հակաքրիստոսները չեն կարողանում ընդունել այս փաստը և կարող են միայն հառաչել։ Նրանք տքնում են, տառապում և գին են վճարում միայն իրենց սեփական հեղինակության և կարգավիճակի համար՝ տրվելով ամեն տեսակ չար գործերի՝ իրենց փառասիրական ձգտումներն ու նկրտումները բավարարելու համար։ Աստծու ընտրյալ ժողովրդի կողմից մերկացվելն անխուսափելի արդյունք է։ Մարդիկ վաղ թե ուշ անպայման կընկնեն ճշմարտությանը չձգտելու պատճառով։ Այս ասացվածքը կատարելապես իրականանում է հակաքրիստոսների վրա։ Թեև նրանք հմուտ են քողարկումների մեջ և կարող են համոզիչ կերպով խոսել ու մոլորեցնել ուրիշներին, եթե Աստծու ընտրյալ ժողովուրդը հասկանում է ճշմարտությունը և կարող է զանազանել մարդու էությունը, ապա որքան էլ խորը թաքնվեն հակաքրիստոսները կամ որքան էլ չարիք գործեն, կարող է լիովին զանազանել նրանց։ Մի քանի ասացվածք կա. «Չարի մեջ համառելը հանգեցնում է ինքնաոչնչացման» և «Կրակի հետ խաղալը կայրի քեզ»։ Սրանք բաների զարգացումը կառավարող օբյեկտիվ օրենքներ են, որոնք հաստատվել են Աստծու կողմից՝ բոլոր բաների և բոլոր իրադարձությունների զարգացման համար։ Ոչ ոք չի կարող խուսափել դրանցից։ Թեև եկեղեցու աշխատանքը շարունակվում է հակաքրիստոսների իշխանության ներքո, դրա արդյունավետությունը մեծապես նվազել է։ Որոշ կարևոր աշխատանքներ դեռևս վերահսկվում են չար անհատների կողմից, և Աստծու տան աշխատանքային կարգավորումները չեն իրականացվել։ Թեև Աստծու ընտրյալ մարդկանցից յուրաքանչյուրը կատարում է իր պարտավորությունը, ոչ մի իրական արդյունք չկա, և տարբեր առաջադրանքներ վաղուց հայտնվել են կաթվածահար վիճակում։ Ո՞րն է այս խնդիրների արմատական պատճառը։ Դա այն պատճառով է, որ հակաքրիստոսները վերահսկողություն են հաստատել եկեղեցու վրա։ Ցանկացած վայրում, որտեղ հակաքրիստոսներն իշխանություն ունեն, անկախ նրանց ազդեցության շրջանակից, նույնիսկ եթե դա ընդամենը մեկ թիմ է, նրանք կազդեն Աստծու տան գործի և Աստծու ընտրյալ ժողովրդի մի մասի կյանքի մուտքի վրա։ Եթե նրանք իշխանություն ունեն եկեղեցում, եկեղեցու աշխատանքն ու Աստծու կամքն այնտեղ խոչընդոտվում են։ Ինչո՞ւ Աստծու տան աշխատանքային կարգավորումները չեն կարող իրականացվել որոշ եկեղեցիներում։ Դա այն պատճառով է, որ հակաքրիստոսներն իշխանություն ունեն այդ եկեղեցիներում։ Ցանկացած ոք, ով հակաքրիստոս է, անկեղծորեն չի ծախսվի Աստծու համար, նրա պարտավորությունների կատարումը պարզապես ձևականությունների և ձևականություն անելու հարց կլինի։ Նրանք իրական աշխատանք չեն անի, նույնիսկ եթե առաջնորդողներ կամ աշխատողներ են և կխոսեն ու կգործեն միայն հանուն համբավի, շահի և կարգավիճակի՝ ամենևին չպաշտպանելով եկեղեցու աշխատանքը։ Ուստի ի՞նչ են անում հակաքրիստոսներն ամբողջ օրը։ Նրանք զբաղված են ներկայացումներ տալով և ցուցադրվելով։ Միայն այնպիսի բաներ են անում, որոնք վերաբերում են իրենց սեփական համբավին, շահին և կարգավիճակին։ Զբաղված են ուրիշներին մոլորեցնելով, մարդկանց ներգրավելով և երբ կուտակեն իրենց ուժը, կշարունակեն ավելի շատ եկեղեցիներ վերահսկել։ Նրանք ցանկանում են միայն որպես թագավորներ իշխել և եկեղեցին վերածել իրենց անկախ թագավորության։ Ցանկանում են միայն մեծ առաջնորդող լինել, ունենալ լիակատար, միակողմանի իշխանություն, ավելի շատ եկեղեցիներ վերահսկել։ Նրանք ամենևին չեն հոգում որևէ այլ բանի մասին։ Չեն անհանգստանում եկեղեցու աշխատանքով կամ Աստծու ընտրյալ ժողովրդի կյանքի մուտքով, առավել ևս չեն հոգում այն մասին, թե արդյոք Աստծու կամքն իրագործվում է։ Մտահոգված են միայն նրանով, թե երբ կարող են ինքնուրույն իշխանություն ունենալ, վերահսկել Աստծու ընտրյալ ժողովրդին և Աստծու հետ հավասար դիրքի վրա կանգնել։ Հակաքրիստոսների նկրտումներն ու փառասիրական ձգտումներն իսկապես հսկայական են։ Անկախ նրանից՝ որքան աշխատասեր են թվում հակաքրիստոսները, նրանք զբաղված են միայն իրենց սեփական գործերով՝ անելով այն, ինչ սիրում են անել, և այն բաներով, որոնք կապված են իրենց սեփական համբավի, շահի և կարգավիճակի հետ։ Նույնիսկ չեն մտածում իրենց պարտականությունների կամ այն պարտավորության մասին, որը պետք է կատարեն և ընդհանրապես ոչ մի պատշաճ բան չեն անում։ Ահա թե ինչպիսին են հակաքրիստոսները։ Նրանք դևեր և Սատանաներ են, որոնք խանգարում և անհանգստացնում են Աստծու գործը։

Նախկինում մի առաջնորդող կար, որին հինգ առաջադրանք էի հանձնարարել իր պաշտոնավարման ընթացքում։ Սակայն երկու ամիս անց այս հարցերից ոչ մեկը չէր իրականացվել։ Արտաքուստ թվում էր, թե առաջնորդողը պարզապես անգործ չէր նստում, բավականին զբաղված և հյուծված էր, և հազվադեպ էիր տեսնում նրան։ Ուստի ինչո՞վ էր զբաղված և ինչո՞ւ ի վիճակի չէր կատարելու իմ հանձնարարած առաջադրանքները։ Այստեղ խնդիր կար։ Առաջնորդողը չէր կատարել որոշ առաջադրանքներ, որովհետև չէր սիրում դրանք անել՝ համարելով, որ իր պարտավորություններից դուրս են։ Սա մի խնդիր էր։ Բացի դրանից՝ նա տարբեր կարծիքներ ուներ որոշ առաջադրանքների վերաբերյալ՝ միտումնավոր կերպով մի կողմ դնելով դրանք։ Կային նաև առաջադրանքներ, որոնք որոշակի մարտահրավերներ էին ներկայացնում՝ պահանջելով ուրիշների օգնությունը և լինելով փոքր-ինչ խնդրահարույց, որոնցով առաջնորդողը չէր զբաղվել։ Սրանք այն սցենարներն էին, որոնք ծագել էին։ Ուստի երկու ամիս անցավ, և ոչ մի առաջադրանք չիրագործվեց։ Ոմանք ասացին. «Հնարավո՞ր է արդյոք այս բոլոր առաջադրանքները երկու ամսվա ընթացքում ավարտել»։ Հնարավոր է, այս առաջադրանքները բոլորը կարող էին ավարտվել երկու ամսում, և այս առաջադրանքների մեծ մասը կարող էր ավարտվել մեկ կամ երկու օրվա ընթացքում, բայց առաջնորդողին չհաջողվեց իրականացնել դրանք։ Երբ մեկ ուրիշը ստանձնեց և կատարեց այս առաջադրանքները, բոլոր հինգն ավարտվեցին մեկ շաբաթվա ընթացքում։ Ի՞նչ եք կարծում, արդյոք նման առաջնորդողը պե՞տք է պաշտոնազրկվի։ (Այո։) Եթե հանդիպեք նման մեկին, ով չի իրագործում Վերևից հանձնարարված առաջադրանքներից և ոչ մեկը, բայց արտաքուստ բավականին զբաղված է թվում, ապա նա կեղծ առաջնորդող է։ Նման անհատները պետք է անհապաղ պաշտոնազրկվեն կամ դուրս թողնվեն։ Ի՞նչ եք կարծում այս սկզբունքի մասին։ (Այն լավն է։) Մի՛ նայեք նրանց արտաքին խանդավառությանը և այն փաստին, որ ամբողջ օրը բավականին զբաղված են թվում։ Իրականում նրանք ոչ մի փաստացի աշխատանք չեն անում։ Իրենց զբաղեցնում են մանրուքներով։ Ի՞նչ են անում։ Նրանց գործողությունները բաժանվում են մի քանի տարբեր կատեգորիաների։ Նախ նրանք ստանձնում են այնպիսի առաջադրանքներ, որոնք իրենց կարծիքով կարող են կատարել, որոնք ապահով են և մեծ ռիսկ չեն պարունակում։ Ի՞նչ նկատի ունեմ «մեծ ռիսկ չեն պարունակում» ասելով։ Նկատի ունեմ, որ այս առաջադրանքներն անելով՝ հեշտ է խուսափել սխալներ թույլ տալուց, նրանք ստիպված չեն լինում շփվել Վերևի հետ և կարող են խուսափել սխալ բաներ անելուց և էտվելուց։ Ավելին՝ նրանք զբաղվում են այնպիսի առաջադրանքներով, որոնցում հմուտ են, որտեղ ավելի քիչ հավանական է, որ սխալներ թույլ կտան։ Այսկերպ կարող են խուսափել պատասխանատվություն կրելուց և մեծապես պաշտպանել իրենց էտվելուց, հեռացվելուց կամ վտարվելուց։ Այս առաջադրանքները զերծ են ռիսկից և պատասխանատվություն չեն ենթադրում, ուստի նրանք կարող են արձագանքել և զբաղվել դրանցով։ Իրականում սրա մեջ թաքնված տարր կա։ Արդյոք նրանք կանեի՞ն այս առաջադրանքները, եթե կարողանային դրանք առանց որևէ մեկի տեսնելու անել։ Եթե իրենց համար անձնական օգուտ չկա, արդյոք կանեի՞ն դրանք։ Հաստատ չէին անի։ Ինչպիսի՞ առաջադրանքներ են նրանք նախընտրում։ Նախընտրում են առաջադրանքներ, որոնք համեմատաբար հեշտ են, պարզ և կարող են իրագործվել առանց չափազանց շատ տառապանքի։ Բացի դրանից՝ նրանք պատրաստ են լսելու և անգիր անելու ավելի շատ քարոզներ, որոնցով հետաքրքրված են, և որոնք համապատասխանում են իրենց պատկերացումներին։ Հենց որ հասկանան դրանք, կարող են այս քարոզներն ուրիշների հետ քննարկել՝ դա իրենց ցուցադրելու և ուրիշների հիացմունքը շահելու համար անելով։ Ավելին՝ եթե այս առաջադրանքների կատարումը թույլ է տալիս շփվել ավելի շատ մարդկանց հետ և ուրիշներին տեղյակ է պահում, որ զբաղված են աշխատանքով, որ առաջնորդողի դիրքում են և ունեն այս կարգավիճակն ու ինքնությունը, կանեն դրանք։ Նրանք այս բնության առաջադրանքներ են ընտրում։ Սակայն եթե այն աշխատանքը, որը պետք է կատարեն, բարդ է և վեր է իրենց կարողություններից, և եթե մեկ ուրիշն ավելի հմուտ է, քան իրենք, և վտանգ կա, որ ձախողվելու դեպքում կկորցնեն իրենց դեմքը, որ ուրիշներն արհամարհանքով կնայեն իրենց, ապա չեն ցանկանում անել այս առաջադրանքները։ Նրանք վախենում են ծանր աշխատանքից, հոգնածությունից և լավ չկատարելու ամոթից։ Ավելին՝ նրանք հատկապես ծույլ են և հակված են խուսափելու ծանր և աշխատատար առաջադրանքներից՝ թաքնվելով դրանցից շատ հեռու։ Փոխարենը նախընտրում են անել առաջադրանքներ, որոնք բարելավում են իրենց կերպարը, հեշտ են, որտեղ կարող են ձևականություն անել և շահել մարդկանց սրտերը՝ առանց Վերևի կողմից բացահայտվելու։ Սրանք բոլորը հակաքրիստոսների ներհատուկ գծերն են։ Երբ բանը հասնում է իրենց պարտավորությունները կատարելուն, ընտրողաբար են մոտենում։ Ունեն անձնական ընտրություններ, ծրագրեր և նույնիսկ դավեր։ Նրանք բացարձակապես պարզապես հնազանդ չեն Աստծու տան կարգավորումներին, փոխարենը կատարում են իրենց սեփական ընտրությունները։ Ինչ վերաբերում է Վերևից եկող որոշակի կարգավորումներին, եթե համաձայն չեն դրանց հետ, բացարձակապես չեն իրականացնի դրանք։ Լիովին խափանում են այս հարցերը, և եկեղեցու եղբայրներն ու քույրերը տեղյակ չեն դրանցից։ Եթե Վերևից եկող այս կարգավորումների իրականացումը հակասության մեջ մտներ որոշակի անհատների հետ կամ վիրավորեր մարդկանց, արդյոք կիրականացնեի՞ն դրանք։ Չէին իրականացնի։ Իրենց սրտերում նրանք մտածում են. «Եթե Վերևն ուզում է, որ սա արվի, չեմ անի։ Նույնիսկ եթե անեմ, պետք է անեմ Վերևի անունից՝ պնդելով, որ նրանց կողմից է հրամայվել։ Չեմ կարող ինձ թույլ տալ վիրավորել այդ մարդկանց»։ Հակաքրիստոսները խորամանկ տեսակ են, այնպես չէ՞։ Ինչ էլ որ անեն, ութ կամ տասն անգամ ծրագրում և հաշվարկում են դա, կամ նույնիսկ ավելի շատ։ Նրանց գլուխները լի են այն մասին մտքերով, թե ինչպես անեն, որ կայուն դիրքեր ունենան ամբոխի մեջ, ինչպես ունենան լավ հեղինակություն և բարձր վարկանիշ, ինչպես շահեն Վերևի բարեհաճությունը, ինչպես ստիպեն եղբայրներին և քույրերին աջակցել, սիրել և հարգել իրենց և անում են հնարավոր ամեն ինչ՝ այս արդյունքները ստանալու համար։ Ի՞նչ ճանապարհով են նրանք քայլում։ Նրանց համար Աստծու տան շահերը, եկեղեցու շահերը և Աստծու տան գործն իրենց հիմնական մտահոգությունը չեն, առավել ևս այն բաները չեն, որոնցով անհանգստանում են։ Ի՞նչ են նրանք մտածում. «Այս բաները ոչ մի կապ չունեն ինձ հետ։ Ամեն մարդ իր համար է, իսկ վերջինին թող դևը տանի։ Մարդիկ պետք է ապրեն իրենց համար և իրենց սեփական հեղինակության ու կարգավիճակի համար։ Դա գոյություն ունեցող ամենաբարձր նպատակն է։ Եթե ինչ-որ մեկը չգիտի, որ պետք է ապրի իր համար և պաշտպանի իրեն, ապա նա ապուշ է։ Եթե ինձ խնդրեին կիրառել ըստ ճշմարտության սկզբունքների և ենթարկվել Աստծուն ու Նրա տան կարգավորումներին, ապա դա կախված կլիներ նրանից, թե արդյոք դրանում որևէ օգուտ կլիներ ինձ համար, և արդյոք դա անելը որևէ առավելություն կունենար։ Եթե Աստծու տան կարգավորումներին չենթարկվելը հավանականություն է ստեղծում, որ կարող եմ հեռացվել և բաց թողնել օրհնություններ ստանալու հնարավորությունը, ապա կհնազանդվեմ»։ Այսպիսով՝ իրենց սեփական հեղինակությունն ու կարգավիճակը պաշտպանելու համար հակաքրիստոսները հաճախ ընտրում են որոշակի փոխզիջումների գնալը։ Կարելի է ասել, որ, հանուն կարգավիճակի, հակաքրիստոսներն ի վիճակի են դիմանալու ցանկացած տեսակի տառապանքի, իսկ հանուն լավ հեղինակություն ունենալու՝ ի վիճակի են վճարելու ցանկացած տեսակի գին։ «Մեծ մարդը գիտի երբ զիջի և երբ՝ ոչ» ասացվածքը ճշմարտացի է հնչում նրանց դեպքում։ Սա Սատանայի տրամաբանությունն է, այնպես չէ՞։ Սա աշխարհիկ գործելակերպի համար Սատանայի փիլիսոփայությունն է, և դա նաև Սատանայի վերապրելու սկզբունքն է։ Դա չափազանց զզվելի է։

Հակաքրիստոսներն իրենց սեփական կարգավիճակն ու հեղինակությունն ավելի կարևոր են համարում, քան որևէ այլ բան։ Այս մարդիկ ոչ միայն նենգ, խորամանկ և չարասեր են, այլև չափազանց դաժան։ Ի՞նչ են նրանք անում, երբ նկատում են, որ իրենց կարգավիճակը վտանգված է, կամ երբ կորցնում են իրենց տեղը մարդկանց սրտերում, երբ կորցնում են այս մարդկանց աջակցությունն ու սերը, երբ մարդիկ այլևս չեն մեծարում և չեն հարգում իրենց և ընկել են անպատվության մեջ։ Նրանք հանկարծակի դառնում են թշնամական։ Հենց որ կորցնում են իրենց կարգավիճակը, չեն ցանկանում կատարել որևէ պարտավորություն, այն ամենը, ինչ անում են, ձևական է, և նրանք ոչ մի հետաքրքրություն չունեն որևէ բան անելու։ Բայց սա ամենավատ դրսևորումը չէ։ Ո՞րն է ամենավատ դրսևորումը։ Հենց որ այս մարդիկ կորցնում են իրենց կարգավիճակը, և ոչ ոք չի հարգում նրանց, և ոչ ոք չի մոլորեցվում նրանց կողմից, ի հայտ են գալիս ատելությունը, նախանձը և վրեժը։ Նրանք ոչ միայն աստվածավախ սիրտ չունեն, այլև զուրկ են հնազանդության որևէ նշույլից։ Ավելին՝ իրենց սրտերում ատում են Աստծու տունը, եկեղեցին և առաջնորդողներին ու աշխատողներին, տենչում են, որ եկեղեցու աշխատանքը խնդիրների բախվի կամ կանգ առնի, ուզում են ծիծաղել եկեղեցու և եղբայրների ու քույրերի վրա։ Ատում են նաև ցանկացած մեկին, ով ձգտում է ճշմարտությանը և վախենում է Աստծուց։ Հարձակվում և ծաղրում են ցանկացած մեկին, ով նվիրված է իր պարտավորությանը և պատրաստ է գին վճարելու։ Սա հակաքրիստոսների խառնվածքն է։ Եվ մի՞թե այն դաժան չէ։ Սրանք հստակորեն չար մարդիկ են։ Հակաքրիստոսներն իրենց էությամբ չար մարդիկ են։ Նույնիսկ երբ հավաքույթներն անցկացվում են առցանց, եթե տեսնում են, որ ազդանշանը լավն է, կամացուկ անիծում են և ասում իրենց մտքում. «Հուսով եմ, որ ազդանշանը կկորչի։ Հուսով եմ, որ ազդանշանը կկորչի։ Ավելի լավ է՝ ոչ ոք չկարողանա լսել քարոզները»։ Ի՞նչ են այս մարդիկ։ (Դևեր։) Նրանք դևեր են։ Հաստատապես Աստծու տան մարդիկ չեն։ Այս տեսակի դևերն ու չար մարդիկ այսպես խառնաշփոթ են ստեղծում՝ անկախ նրանից, թե որ եկեղեցում են։ Նույնիսկ եթե զանազանող մարդիկ մերկացնում և սահմանափակում են նրանց, նրանք չեն խորհի իրենց մասին կամ չեն ընդունի իրենց սխալները։ Կկարծեն, թե դա պարզապես ակնթարթային սայթաքում էր իրենց կողմից և որ պետք է սովորեն դրանից։ Այսպիսի մարդը, ով կտրականապես հրաժարվում է ապաշխարելուց, չի հնազանդվի, անկախ նրանից՝ ով է զանազանում և մերկացնում իրեն։ Նա վրեժխնդիր կլինի այդ մարդուց։ Երբ նրանք անհարմար են զգում, չեն ցանկանում, որ եղբայրների և քույրերի համար էլ հեշտ լինի։ Իրենց սրտերում նույնիսկ գաղտնի անիծում են եղբայրներին և քույրերին՝ ցանկանալով, որ վատ բաներ պատահեն նրանց և անիծում են Աստծու տան գործը՝ ցանկանալով, որ փորձանք գա դրա վրա։ Երբ Աստծու տանը որևէ բան սխալ է ընթանում, գաղտնի ուրախանում և տոնում են՝ մտածելով։ «Հը՜մ։ Վերջապես ինչ-որ բան սխալ ընթացավ։ Այս ամենը տեղի է ունենում, որովհետև դու պաշտոնազրկեցիր ինձ։ Լավ է, որ ամեն ինչ փլուզվում է»։ Նրանք ուրախանում և հաճույք են ստանում՝ տեսնելով, թե ինչպես են ուրիշները թուլանում և բացասական դառնում, ծար ու ծանակի խոսքեր են ասում՝ մարդկանց զրպարտելու համար և նույնիսկ բացասականության և մահվան խոսքեր են տարածում՝ ասելով. «Մենք՝ հավատացյալներս, հրաժարվում ենք մեր ընտանիքներից և կարիերայից՝ մեր պարտավորությունները կատարելու և տառապանք կրելու համար։ Կարծում ես՝ Աստծու տունն իսկապե՞ս կարող է պատասխանատվություն ստանձնել մեր ապագայի համար։ Երբևէ մտածե՞լ ես այդ մասին։ Արդյոք արժե՞ այն գինը, որը մենք վճարում ենք։ Իմ առողջությունն այս պահին այնքան էլ լավ չէ, և եթե հյուծվեմ, ո՞վ հոգ կտանի իմ մասին ծերությանս ժամանակ»։ Նրանք նման բաներ են ասում, որպեսզի բոլորը բացասական զգան. միայն այդ ժամանակ ուրախ կզգան։ Մի՞թե վատ մտադրություններ չունեն, մի՞թե չարակամ և չարասիրտ չեն։ Մի՞թե նման մարդիկ չպետք է հատուցում ստանան։ (Այո, պետք է ստանան։) Ի՞նչ եք կարծում, արդյոք նման մարդիկ ճշմարտապես ունե՞ն Աստծուն իրենց սրտերում։ Կարծես թե նրանք Աստծուն ճշմարտապես հավատացողներ չեն, հիմնովին չեն հավատում, որ Աստված զննում է մարդկանց սրտերի խորքերը։ Մի՞թե նրանք չհավատացողներ չեն։ Եթե ճշմարտապես հավատային Աստծուն, ինչպե՞ս կարող էին նման բաներ ասել։ Ոմանք գուցե ասեն, որ դա այն պատճառով է, որ նրանք աստվածավախ սիրտ չունեն, արդյոք դա ճի՞շտ է։ (Ոչ, ճիշտ չէ։) Ինչո՞ւ ճիշտ չէ։ (Աստված պարզապես բացակայում է նրանց սրտերից։ Նրանք ընդդիմանում են Աստծուն։) Իրականում նրանք համարձակվում են նման բաներ ասել, որովհետև չեն հավատում Աստծու գոյությանը։ Էլ ավելի քիչ են հավատում, որ Աստված զննում է բոլորին, և չեն հավատում, որ Աստված դիտարկում է իրենց յուրաքանչյուր խոսքն ու գործը, յուրաքանչյուր միտքն ու գաղափարը։ Նրանք չեն հավատում այս բաներին, ուստի չեն վախենում և կարող են ազատորեն ու անբարեխղճորեն նման դիվային խոսքեր ասել։ Նույնիսկ անհավատները հաճախ ասում են. «Երկինքն աչքեր ունի» և «Երբ մարդը գործում է, Երկինքը դիտում է»։ Ցանկացած ոք, ով նույնիսկ փոքր-ինչ ճշմարիտ հավատք ունի, անփութորեն չէր արտասանի չհավատացողների այս դիվային խոսքերը։ Մի՞թե ծանր հետևանքներ չեն լինի այն հավատացյալների համար, որոնք այսպես են մտածում և խոսում։ Մի՞թե սրա բնությունը ծանր չէ։ Շատ ծանր է։ Այն, որ կարող են այսպես ուրանալ Աստծուն, նշանակում է, որ իսկական դևեր են և չարեր, որոնք ներթափանցել են Աստծու տուն։ Միայն դևերն ու հակաքրիստոսներն են համարձակվում բացահայտորեն աղաղակել Աստծու դեմ։ Աստծու տան շահերը ներկայացնում են Աստծու շահերը, և այն ամենը, ինչ Աստծու տունն անում է, գտնվում է Աստծու առաջնորդության, Նրա թույլտվության և Նրա ուղղորդման ներքո։ Այն սերտորեն կապված է Աստծու տնօրինման գործի հետ և չի կարող տարանջատվել դրանից։ Մարդիկ, որոնք բացահայտորեն այսպես անիծում են Աստծու տան գործը, որոնք զրպարտում են այն իրենց սրտերում և ուզում են ծիծաղել Աստծու տան վրա, որոնք ցանկանում են տեսնել, թե ինչպես են Աստծու ընտրյալ ողջ ժողովուրդը ձերբակալվում, եկեղեցու աշխատանքը լիովին կաթվածահար է լինում, և հավատացյալները երես են թեքում իրենց հավատքից, որոնք ուրախ կլինեն, երբ դա տեղի ունենա. ի՞նչ տեսակ մարդիկ են սրանք։ (Դևեր։) Նրանք դևեր են, մարմնացած չար դևեր են։ Սովորական մարդիկ ապականված խառնվածքներ ունեն, երբեմն ըմբոստ են և մի քանի փոքրիկ գաղափարներ են փայփայում, երբ իրենց բացասական և թույլ են զգում և վերջ, բայց այդքան վատը չէին լինի կամ նման չարասեր և չարասիրտ մտքեր չէին առաջացնի։ Այսպիսի էություն առկա է միայն հակաքրիստոսների և դևերի մեջ։ Երբ հակաքրիստոսներն ունենում են այս գաղափարները, արդյոք կասկածո՞ւմ են, թե գուցե սխալվում են։ (Ոչ, չեն կասկածում։) Ինչո՞ւ ոչ։ (Որովհետև այն, ինչ մտածում և ասում են, ճշմարտություն են համարում։ Նրանք չեն հավատում Աստծուն, աստվածավախ սիրտ չունեն, և նրանց բնությունն Աստծուն դիմակայելն է։) Ճիշտ այդպես, դա նրանց բնությունն է։ Ե՞րբ է Սատանան երբևէ Աստծուն որպես Աստծու վերաբերվել։ Ե՞րբ է հավատացել, որ Աստված ճշմարտությունն է։ Երբեք չի հավատացել և երբեք չի հավատա։ Հակաքրիստոսները՝ այս դևերը, նույնն են։ Նրանք Աստծուն չեն վերաբերվում որպես Աստծու կամ չեն հավատում, որ Նա ճշմարտությունն է։ Չեն հավատում, որ Աստված Նա է, ով ստեղծել է բոլոր բաները և գերիշխանություն ունի դրանց նկատմամբ։ Ահա թե ինչու կարծում են, որ ինչ էլ ասեն, ճիշտ է։ Նրանք անբարեխղճորեն այսպես են մտածում և գործում։ Սա նրանց բնությունն է։ Երբ ապականված մարդիկ նույնն են անում, ներքին բախում են ապրում։ Նրանք խիղճ և մարդկային գիտակցություն ունեն։ Նրանց խիղճը, գիտակցությունը և ճշմարտությունները, որոնք հասկանում են, ներքուստ ազդեցություն են ունենում նրանց վրա, և սա բախում է առաջացնում։ Երբ այս բախումն առաջանում է, պայքար է տեղի ունենում ճշտի և սխալի, արդարի և անարդարի, արդարադատության և չարասիրության միջև, և արդյունքը հասնում է։ Նրանք, ովքեր ձգտում են ճշմարտությանը, կանգնում են Աստծու կողքին, իսկ նրանք, ովքեր չեն ձգտում ճշմարտությանը, կանգնում են Սատանայի չարասեր ուժերի կողքին։ Այն ամենը, ինչ անում են հակաքրիստոսները, Սատանայի հետ համագործակցելն է։ Նրանք բացասականություն են դուրս թափում, ասեկոսեներ են տարածում և ծիծաղում են Աստծու տան վրա։ Անիծում և զրպարտում են Աստծու տան գործը և անիծում են եղբայրներին ու քույրերին։ Նույնիսկ հանգիստ են զգում այս ամենն անելիս՝ առանց իրենց խղճի կողմից որևէ մեղադրանքի, առանց զղջման նշույլի և հավատում են, որ իրենց գործողությունները միանգամայն ճիշտ են։ Սա լիովին բացահայտում է հակաքրիստոսների սատանայական բնությունը և բացահայտում է նրանց տգեղ դեմքերը, որոնք դիմակայում են Աստծուն։ Հետևաբար չափազանցություն չէ ասելը, որ հակաքրիստոսներն իսկական դևեր և Սատանաներ են։ Հակաքրիստոսներն ի ծնե դևեր են և բացարձակապես Աստծու փրկությունը ստացողներ չեն։ Բացարձակապես սովորական ապականված մարդկության մաս չեն։ Հակաքրիստոսները մարմնացած դևեր են, ի ծնե չար դևեր են։ Այսպիսին է իրադրությունը։

Հակաքրիստոսների հիմնական ուշադրությունը կենտրոնացած է հեղինակության և կարգավիճակի վրա։ Երբ խոսքը վերաբերում է հեղինակությանը և կարգավիճակին, որո՞նք են հակաքրիստոսների ձեռնարկած գործողությունները։ Նրանք անխղճորեն են գործում, գլուխ են կոտրում, սպառում են բոլոր մտքերը և ոչ մի գին չեն խնայում՝ իրենց սեփական հեղինակությունն ու կարգավիճակը տնօրինելու համար։ Այս երկու բաները նրանց կենսական ուժն են, նրանց ամեն ինչը։ Նրանք հավատում են, որ այս երկու բաները ստանալը նշանակում է, որ ստացել են ամեն ինչ։ Նրանց աշխարհում կա միայն կարգավիճակ, հեղինակություն և իրենց սեփական շահերը. ոչ մի այլ բան նշանակություն չունի նրանց համար։ Ուստի արդյոք օգտակա՞ր է հակաքրիստոսների պես մարդկանց հետ հաղորդակցվել ճշմարտության, մարդկայնության, արդարադատության կամ դրական բաների մասին։ (Օգտակար չէ։) Ճիշտ է, օգտակար չէ։ Դա նման է մարմնավաճառին պատմելուն, թե ինչպես առաքինի կին լինել տանը, կամ նրան առաքինի կին և մայր լինել սովորեցնելուն։ Նա չի ուզում լսել, նրան դա դուր չի գալիս և զզվելի է համարում։ Որքա՞ն զզվելի է համարում։ Հայհոյում է քեզ իր սրտում և առիթներ է փնտրում ծաղրելու քեզ, ծանակելու, հարձակվելու քեզ վրա և մեկուսացնելու քեզ։ Մեր օրերում եկեղեցում մի՞թե չկան մարդիկ, որոնք հենց որ լսում են, որ ինչ-որ մեկը հաղորդակցվում է ճշմարտության մասին, կամ այնպիսի ճշմարտությունների մասին, ինչպիսիք են Աստծու ներդաշնակեցմանն ու կարգավորումներին հնազանդվելը կամ Աստծու տան կարգավորումներին ենթարկվելը, հատկապես ըմբոստ վերաբերմունք են ցուցաբերում։ (Այո, կան։) Պետք է որ լինեն։ Դիտարկե՛ք և բացահայտե՛ք նրանց, ովքեր նման վարքագիծ են դրսևորում։ Երբ հաղորդակցվում ես Աստծու գերիշխանությանն ու կարգավորումներին հնազանդվելու անհրաժեշտության մասին, արձագանքում են ուժեղ հակակրանքով՝ մտածելով. «Ամբողջ օրն անընդհատ խոսում են աստծու կարգավորումներին հնազանդվելու մասին, ասես ամեն ինչ կարգավորված է Աստծու կողմից, և մարդիկ ընդհանրապես ոչ մի ընտրություն չունեն»։ Հենց որ հաղորդակցվում ես ճշմարտության կամ իրենց պարտավորություններում ներդաշնակորեն համագործակցելու, Աստծու մտադրությունները փնտրելու և ըստ ճշմարտության սկզբունքների գործելու անհրաժեշտության մասին, հատկապես հակակրանք են զգում և չեն ցանկանում լսել։ Նույնիսկ եթե դժկամությամբ լսում են, չեն կարողանում հանգիստ նստել, իսկ եթե ինչ-որ կերպ կարողանում են հանգիստ նստել, գրեթե հաստատ է, որ քնել են։ Երբ հաղորդակցվում ես ճշմարտության և հարցերը լուծելիս սկզբունքներին հետևելու մասին, քնկոտ են դառնում և նիրհում են։ Որոշ ժամանակ առանց ճշմարտության մասին հաղորդակցվելու, առանց էտման, լցվում են եռանդով։ Գործում են քմահաճորեն և անխոհեմաբար, միակողմանի որոշումներ են կայացնում և մի ձեռքով հեղինակություն են խլում, մինչդեռ մյուսով կարգավիճակ են զավթում։ Բոլորից բարձր են ցատկում և տարվում են ամեն տեսակ խնդիրներ հրահրելով։ Այս մարդիկ բոլորը հակաքրիստոսներ են։ Բոլորը դիմակայում են Աստծուն և ցանկացած պահի կարող են մեծ խնդիրներ ստեղծել։

Ցանկացած ոք, ով հակաքրիստոսների բնություն ունի, պետք է բնորոշվի որպես հակաքրիստոս։ Երբ նրանք ուզում են միակողմանի գործել, պետք է զսպվեն և կանգնեցվեն։ Սա կասկածից վեր է։ Ոմանք գուցե ասեն. «Իսկ եթե չկարողանա՞նք կանգնեցնել նրանց։ Ի՞նչ պետք է անենք»։ Ես ձեզ նրանց կանգնեցնելու երաշխավորված միջոց կասեմ՝ ընդամենը մեկ նախադասությամբ։ Երբ բախվում ես նման իրավիճակի, պարզապես ասա. «Եթե դադարես անխոհեմ գործելուց, միակողմանի որոշումներ կայացնելուց և վերջնական խոսքն ունենալուց, արդյոք կմեռնե՞ս»։ Ինչպե՞ս է հնչում։ (Լավ։) Ի՞նչ եք կարծում, արդյոք հակաքրիստոսն իսկապես կարո՞ղ է մեռնել, եթե նրան թույլ չտան միակողմանի գործել։ (Այո։) Ինչպե՞ս հանգեցիք այս «այո»-ին։ (Հակաքրիստոսներն իրենց բուն էությամբ այսպիսին են։ Եթե չեն կարողանում միակողմանի գործել, իրենց թշվառ են զգում և չեն կարողանում շարունակել ապրել։) Ճիշտ այդպես, նրանք հենց այդպիսին են իրենց բուն էությամբ և եթե չեն կարողանում այսպես գործել, իրենց թշվառ են զգում։ Ուստի արդյոք այս մարդիկ բնականո՞ն են։ (Ոչ։) Բնականոն չեն։ Ի՞նչ կմտածեր բնականոն մարդը։ «Եթե չեմ կարող միակողմանի գործել, ապա պարզապես կհրաժարվեմ դրանից։ Ի՞նչ դժվար բան կա դրանում։ Դա նույնիսկ հեշտացնում է կյանքս»։ Այսպես կմտածեր բնականոն մարդը։ Բայց հակաքրիստոսն իրեն թշվառ կզգա, եթե թույլ չտաս այդպես գործել։ Մի՞թե նրանց ներսում դև չի բնակվում։ (Այո։) Ուստի նրանց միակողմանի գործել թույլ չտալը կարող է նրանց մղել զգալու ասես մեռնում են։ Ի՞նչ է նշանակում այս «մեռնելը»։ Նշանակում է, որ դևը տանջում և անհանգստացնում է նրանց իրենց սրտում՝ մղելով զգալու, որ անկարող են տանել դա կամ շարունակել ապրել, ասես մահվան շեմին լինեն։ Ահա թե ինչ է դա նշանակում։ Հակաքրիստոսների, չար մարդկանց և այն դևերի համար, որոնք ձգտում են անհանգստացնելու Աստծու տան գործը, այս մեկ նախադասությունն ասելն ավելի արդյունավետ է, քան նրանց հետ որևէ ճշմարտություն քննարկելը։ Այս մեկ հայտարարությունն օգտակար է հակաքրիստոսներին, չար մարդկանց և դևերի պես մարդկանց, որոնք անհանգստացնում են Աստծու տան գործը։ Արդյոք այս մարդկանց ճշմարտությունն ասելն օգտակա՞ր է։ (Ոչ, օգտակար չէ։) «Պետք է ներդաշնակորեն համագործակցեք և կատարեք ձեր պարտավորությունն ու հարցերը լուծեք ըստ ճշմարտության սկզբունքների». երկար տարիներ այսպիսի խոսքեր են ասվել։ Արդյոք կա՞ որևէ մեկը, ով չի հասկանում կամ չի հիշում դրանք։ Պետք է որ չլինի։ Ուստի ինչո՞ւ են ոմանք դեռ միակողմանի գործում։ Սա կարող է նշանակել միայն մեկ բան։ Նրանք չեն վերահսկում իրենց։ Բնականոն մարդիկ չեն։ Նրանց մտքերն ու սրտերը չեն կարող կառավարել իրենց։ Նրանց ներսում կա մեկ այլ բան, որը կառավարում է իրենց՝ բռնի և ուժով ուղղորդելով այս կերպ գործելու, ինչը հենց Աստծու տան գործը խանգարելն ու անհանգստացնելն է, Աստծու տան գործը վնասելը և Աստծու տան շահերին վնասներ կրել տալը։ Ո՞վ կարող էր նման բաներ անել։ Միայն Սատանաներն ու դևերը։ Նրանք, ովքեր հետևում են Աստծուն՝ բնականոն մարդիկ, ճշմարիտ արարածները, նման բաներ անելու դրդապատճառ չէին ունենա։ Միայն Սատանաներն ու դևերն ունեն դրդապատճառ և միտումնավոր են անում այս բաները։ Հիշեցի՞ք այս պնդումը։ (Այո։) Այդ դեպքում այստեղ կավարտենք մեր հաղորդակցությունն այսօրվա համար։ Ցտեսությո՛ւն։

29 փետրվարի, 2020 թ.

Նախորդը. Իններորդ կետ. Կատարում են իրենց պարտավորությունը՝ միայն աչքի ընկնելու և իրենց սեփական շահերն ու փառասիրական ձգտումները բավարարելու համար. երբեք հաշվի չեն առնում Աստծու տան շահերը և նույնիսկ դավաճանում են այդ շահերին՝ դրանք փոխանակելով անձնական փառքի հետ (Մաս առաջին)

Հաջորդը. Իններորդ կետ. Կատարում են իրենց պարտավորությունը՝ միայն աչքի ընկնելու և իրենց սեփական շահերն ու փառասիրական ձգտումները բավարարելու համար. երբեք հաշվի չեն առնում Աստծու տան շահերը և նույնիսկ դավաճանում են այդ շահերին՝ դրանք փոխանակելով անձնական փառքի հետ (Մաս երրորդ)

Կարգավորումներ

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Կապվիր մեզ հետ WhatsApp-ով