Գլուխ 7
Արևմտյան բոլոր ճյուղերը պետք է լսեն Իմ ձայնը․
Անցյալում հավատարի՞մ եք եղել Ինձ։ Լսե՞լ եք Իմ բարի խորհուրդները։ Արդյոք ձեր հույսերն իրակա՞ն են և ոչ մշուշոտ։ Մարդու հավատարմությունը, մարդու սերը, մարդու հավատը․ չկա ոչինչ՝ Ինձնից եկողից բացի, չկա ոչինչ՝ Իմ շնորհածից բացի։ Ի՛մ ժողովուրդ, երբ լսում եք Իմ խոսքերը, հասկանո՞ւմ եք Իմ մտադրությունները։ Տեսնո՞ւմ եք Իմ սիրտը։ Չնայած այն փաստին, որ անցյալում ծառայության ուղու վրա ունեցել եք վերելքներ ու վայրէջքներ, առաջընթացներ ու արգելքներ՝ ժամանակ առ ժամանակ սայթաքելու հավանականությամբ, և երբեմն նույնիսկ Ինձ դավաճանելու վտանգ, գիտեի՞ք արդյոք, որ ամեն պահի Ես շարունակ փրկում էի ձեզ։ Որ ամեն պահի շարունակ հնչեցնո՞ւմ էի Իմ ձայնը՝ ձեզ կանչելու և փրկելու համար։ Այնքա՜ն շատ անգամներ ընկել եք Սատանայի ցանցերը, այնքա՜ն շատ անգամներ խճճվել եք մարդու ծուղակներում, այնքա՜ն շատ անգամներ հրաժարվել եք սեփական «ես»-ը մի կողմ դնելուց և ընկել եք միմյանց հետ անվերջանալի վեճերի մեջ։ Այնքա՜ն շատ անգամներ ձեր մարմինները եղել են Իմ տանը, մինչդեռ ձեր սրտերը հնարավոր չէր տեսնել։ Այնուամենայնիվ, այնքա՜ն շատ անգամներ մեկնել եմ Իմ փրկող ձեռքը՝ ձեզ նեցուկ լինելու համար, և այնքա՜ն շատ անգամներ ձեր մեջ գցել եմ ողորմության հատիկներ։ Այնքա՜ն շատ անգամներ ի վիճակի չեմ եղել տանելու տառապանքից հետո ձեր թշվառությունը, այնքա՜ն շատ անգամներ... Գիտե՞ք սա։
Այսօր, սակայն, Իմ պաշտպանության ներքո վերջապես հաղթահարել եք բոլոր դժվարությունները, և Ես ուրախանում եմ ձեզ հետ միասին․ սա Իմ իմաստության բյուրեղացումն է։ Այնուամենայնիվ, հաստատապես հիշե՛ք սա։ Ո՞վ է ընկել, մինչ դուք ինքներդ մնացել եք ամուր։ Ո՞վ է եղել ամուր՝ առանց երբևէ թուլության պահեր ունենալու։ Մարդկանց մեջ ո՞վ է վայելել որևէ օրհնություն, որն Ինձնից չի եկել։ Ո՞վ է փորձառաբար ապրել որևէ նեղություն, որն Ինձնից չի եկել։ Մի՞թե բոլոր նրանք, ովքեր սիրում են Ինձ, ստանում են միայն «օրհնություններ»։ Մի՞թե նեղությունները եկան Հոբի վրա, որովհետև նա դիմակայեց Ինձ՝ Ինձ սիրելու փոխարեն։ Մի՞թե Պողոսին հաջողվեց հավատարմությամբ ծառայել Ինձ Իմ ներկայությամբ, որովհետև նա ի վիճակի էր անկեղծորեն սիրելու Ինձ։ Թեև ամուր պահում եք Իմ վկայությունը, կարո՞ղ է ձեր մեջ լինել մեկը, ում վկայությունն առանց խառնուրդների է և մաքուր ոսկու պես։ Արդյոք մարդու հավատարմությունը ճշմարի՞տ է։ Ես վայելք եմ ստանում ձեր «վկայությունից», և սա չի հակասում ձեր «հավատարմությանը», որովհետև երբեք շատ բան չեմ պահանջել որևէ մեկից։ Ելնելով Իմ ծրագրի հիմքում ընկած սկզբնական մտադրությունից՝ բոլորդ կլինեիք «խոտանված ապրանքներ»՝ չափանիշներին չհամապատասխանող։ Մի՞թե սա այն չէ, ինչի մասին ասացի ձեզ՝ որպես «ողորմության հատիկներ գցել»։ Արդյոք այն, ինչ տեսնում եք, Իմ փրկությո՞ւնն է։
Բոլորդ պետք է մտովի հետ գնաք և վերհիշեք․ Իմ տուն ձեր վերադարձից հետո ձեզնից ո՞վ հաշվի չառավ իր շահերն ու կորուստները և դրա փոխարեն ճանաչեց Ինձ այնպես, ինչպես Պետրոսն արեց։ Անգիր գիտեիք Աստվածաշնչի մակերեսային մասերը, բայց արդյոք յուրացրի՞ք դրա էությունը։ Որպես այդպիսին, դու դեռ կառչած էիր քո «կապիտալից» և հրաժարվեցիր գործնականում սեփական «ես»-դ մի կողմ դնելուց։ Երբ արտահայտում արեցի, երբ խոսեցի ձեզ հետ դեմ առ դեմ, ձեզնից ո՞վ երբևէ վայր դրեց իր փակ մագաղաթը՝ ընդունելու Իմ բացահայտած կյանքի խոսքերը։ Չարժևորեցիք Իմ խոսքերը, ոչ էլ թանկ փայփայեցիք դրանք։ Փոխարենը՝ դրանք օգտագործեցիք ձեր «թշնամիների» վրա գնդացրի պես կրակելու համար՝ ձեր սեփական դիրքը պահպանելու նպատակով, բայց ամենևին մտադրություն չունեիք ընդունելու Իմ դատաստանը և ճանաչելու Ինձ։ Ձեզնից յուրաքանչյուրն իր սլաքն ուղղեց մեկ ուրիշի վրա. բոլորդ «անեսասեր» էիք և ամեն իրավիճակում «մտածում էիք ուրիշների համար»։ Մի՞թե ճիշտ այսպիսին չէիք երեկ։ Իսկ այսօ՞ր։ Ձեր «հավատարմությունը» մի փոքր աճել է, և բոլորդ մի փոքր ավելի փորձառու և հասուն եք. սրա պատճառով Իմ հանդեպ ձեր «երկյուղը» երեք աստիճանով բարձրացել է, և ոչ ոք «թեթևամտորեն չի գործում»։ Ինչո՞ւ եք գտնվում մշտական բացասականության այս վիճակի մեջ։ Ինչո՞ւ ձեր մեջ երբեք դրական բաներ չեն գտնվում։ Ո՜վ Իմ ժողովուրդ։ Անցյալը վաղուց չքացել է. այլևս չպետք է կառչեք դրանից։ Երեկ ամուր կանգնած լինելով՝ այսօր պետք է ցույց տաս Ինձ քո ճշմարիտ հավատարմությունը. ավելին՝ վաղը պետք է գեղեցիկ վկայություն կրես Ինձ համար, և ապագայում կժառանգես Իմ օրհնությունները։ Սա է այն, ինչ պետք է հասկանաք։
Թեև ներկա չեմ ձեր առջև, Իմ Հոգին անշուշտ շնորհ կպարգևի ձեզ։ Հուսով եմ՝ բարձր կգնահատեք Իմ օրհնությունները և Իմ օրհնությունների միջոցով ի վիճակի կլինեք ճանաչելու ինքներդ ձեզ։ Դրանք մի՛ ընդունեք որպես ձեր կապիտալ. փոխարենը՝ պետք է օգտագործեք Իմ խոսքերը՝ լրացնելու այն, ինչ պակասում է ձեր մեջ, և սրանից քաղեք ձեր դրական տարրերը։ Սա է Իմ ուղե՛րձը ձեզ։
1992 թ. Փետրվարի 28