Գլուխ 6
Նրբազգա՛ց եղեք հոգու բաների հանդեպ, ուշադի՛ր եղեք Իմ խոսքի հանդեպ և իրապես ունա՛կ եղեք Իմ Հոգին ու Իմ մսեղավոր անձը, և Իմ խոսքն ու Իմ մսեղավոր անձը անբաժանելի ամբողջություն համարելու, որպեսզի բոլոր մարդիկ կարողանան բավարարել Ինձ Իմ ներկայության մեջ։ Ես ոտք եմ դրել այն ամենի վրա, ինչ կա, նայել եմ տիեզերքի ընդարձակ տարածություններին և քայլել եմ բոլոր մարդկանց մեջ՝ ճաշակելով մարդկանց շրջանում եղած քաղցրությունն ու դառնությունը, սակայն մարդը երբեք իսկապես չի ճանաչել Ինձ, երբեք ուշադրություն չի դարձրել Ինձ վրա Իմ ճամփորդությունների ժամանակ։ Քանի որ Ես լուռ էի և երբեք գերբնական արարքներ չէի գործում, ոչ ոք երբեք իսկապես չտեսավ Ինձ։ Այսօրվա օրը նման չէ անցյալին. Ես պիտի անեմ բաներ, որոնք չեն տեսնվել արարչագործության ժամանակներից ի վեր, պիտի խոսեմ խոսքեր, որոնք չեն լսվել դարերի ընթացքում, քանզի պահանջում եմ, որ բոլոր մարդիկ ճանաչեն Ինձ մսեղիում։ Սրանք Իմ տնօրինման քայլերն են, բայց մարդը չնչին գաղափար անգամ չունի։ Թեև պարզորեն եմ խոսել, մարդիկ մնում են շփոթված. դժվար է հասկացնել նրանց։ Մի՞թե սա մարդու նվաստությունը չէ։ Մի՞թե սա հենց այն չէ, ինչ Ես ցանկանում եմ շտկել։ Տարիներ շարունակ Ես ոչինչ չէի անում մարդու մեջ. տարիներ շարունակ, չնայած Իմ մարմնացած մսեղիի հետ անմիջական շփման մեջ լինելուն, ոչ ոք երբեք Իմ աստվածայնությունից անմիջականորեն բխող արտահայտումները չլսեց։ Այսպիսով՝ մարդիկ անխուսափելիորեն Իմ մասին ճանաչողության պակաս ունեն, թեև դա չի ազդել դարերի ընթացքում Իմ հանդեպ նրանց ունեցած սիրո վրա։ Սակայն այսօր Ես անասելի քանակությամբ գործ եմ կատարել ձեզ վրա՝ գործ, որն անըմբռնելի և հրաշալի է, և Ես շատ խոսքեր եմ ասել։ Եվ այնուամենայնիվ, նման հանգամանքներում դեռ կան շատերը, որոնք ուղղակիորեն դիմակայում են Ինձ Իմ ներկայության մեջ։ Այժմ Ես մի քանի օրինակ բերեմ քեզ։
Ամեն օր մշուշոտ աստծու ես աղոթում՝ փորձելով ընկալել Իմ մտադրությունները և կյանքի զգացում ստանալ։ Սակայն, երբ բախվում ես Իմ խոսքերին, այլ կերպ ես նայում դրանց. Իմ խոսքերն ու Հոգին համարում ես մեկ ամբողջություն, սակայն մի կողմ ես շպրտում Իմ մսեղավոր անձը՝ հավատալով, որ այն անձը, որը Ես եմ, հիմնովին անկարող է նման խոսքեր արտաբերել, և որ դրանք Իմ Հոգին է ուղղորդում։ Ինչպիսի՞ն է քո հասկացողությունը նման հանգամանքների վերաբերյալ։ Դուք որոշ չափով հավատում եք Իմ խոսքերին, սակայն տարբեր աստիճանի լրջության պատկերացումներ ունեք այն մսեղիի հանդեպ, որով Ես զգեստավորել եմ Ինձ։ Դու ամեն օր ուսումնասիրում ես այն և ասում. «Ինչո՞ւ է Նա բաներն այդկերպ անում։ Արդյո՞ք դրանք իսկապես Աստծուց են գալիս։ Անհնար է։ Նա շատ չի տարբերվում ինձնից. Նա նույնպես բնականոն, սովորական մարդ է»։ Ինչպե՞ս կարելի է բացատրել այդպիսի հանգամանքները։
Ձեզանից ո՞վ չունի վերոհիշյալը։ Ո՞վ չունի այս բաները։ Թվում է՝ դրանք այնպիսի բաներ են, որոնց կառչում ես անձնական ունեցվածքի պես՝ երբեք չկամենալով բաց թողնել։ Առավել ևս չես փնտրում քո իսկ նախաձեռնությամբ քրտնաջան աշխատելը. փոխարենը սպասում ես, որ Ես Ինքս անեմ դա։ Ճիշտն ասած՝ չփնտրող ոչ մի մարդ հեշտությամբ չի ճանաչում Ինձ։ Սրանք դատարկ խոսքեր չեն, որոնք Ես սովորեցնում եմ ձեզ։ Քանզի Ես կարող եմ քո տեղեկության համար մեկ այլ տեսանկյունից մեկ այլ օրինակ բերել քեզ։
Պետրոսին հիշատակելիս մարդիկ անվերջ լավ բաներ են ասում նրա մասին։ Նրանք անմիջապես հիշում են այն երեք անգամները, երբ նա ուրացավ Աստծուն, թե ինչպես փորձեց Աստծուն՝ ծառայություն մատուցելով Սատանային, թե ինչպես ի վերջո գլխիվայր խաչվեց Աստծու համար և այլն։ Հիմա Ես կկենտրոնանամ ձեզ համար նկարագրելու վրա, թե ինչպես Պետրոսը ճանաչեց Ինձ, և ինչպիսին եղավ նրա վերջնական ելքը։ Պետրոսը լավ որակ ուներ, բայց նրա հանգամանքները նման չէին Պողոսի հանգամանքներին. Նրա ծնողները հալածում էին Ինձ, նրանք չար դևեր էին, որոնց տիրել էր Սատանան, և, որպես արդյունք, Աստծու մասին ոչինչ չսովորեցրին Պետրոսին։ Պետրոսը խելացի էր, օժտված և փոքր տարիքից ծնողները խենթի պես սիրում էին նրան։ Սակայն չափահաս դառնալով՝ դարձավ նրանց թշնամին, որովհետև երբեք չդադարեց Իմ մասին ճանաչողությանը ձգտելուց և հետագայում երես թեքեց նրանցից։ Պատճառն այն էր, որ ամենից առավել նա հավատում էր, որ երկինքներն ու երկիրը և բոլոր բաները Ամենակարողի ձեռքերում են, և որ բոլոր դրական բաները գալիս են Աստծուց և անմիջականորեն բխում են Նրանից՝ առանց Սատանայի կողմից մշակվելու։ Պետրոսի ծնողների հակադրությունը նրան Իմ սիրառատ բարության և ողորմության ավելի մեծ ճանաչողություն տվեց՝ դրանով իսկ է՛լ ավելի բորբոքելով Ինձ փնտրելու նրա ցանկությունը։ Նա կենտրոնանում էր ոչ միայն Իմ խոսքերն ուտելու և խմելու վրա, այլև ավելին՝ Իմ մտադրություններն ընկալելու վրա և մշտապես զգոն սիրտ էր պահպանում։ Որպես արդյունք՝ նա միշտ շատ զգայուն էր իր հոգում և հետևաբար, այն ամենում, ինչ անում էր, համապատասխանում էր Իմ մտադրություններին։ Սովորաբար նա ուշադրություն էր դարձնում անցյալում ձախողված մարդկանցից դասեր քաղելուն՝ ինքն իրեն խթանելու համար՝ խորապես վախենալով, որ ինքն էլ ձախողման մեջ ծուղակը կընկնի։ Նաև կարևորում էր դարերի ընթացքում Աստծուն սիրած բոլոր մարդկանց հավատն ու սերը յուրացնելը։ Այսկերպ՝ ոչ միայն բացասական տեսանկյուններից, այլ շատ ավելի կարևոր է՝ դրական տեսանկյուններից, նա ավելի արագ աճեց, այնպես որ դարձավ Իմ ներկայությամն մեջ ամենաշատ ճանաչողություն ունեցող անձը։ Ուստի դժվար չէ պատկերացնել, թե ինչպես իր ունեցած ամեն ինչ դրեց Իմ ձեռքերի մեջ, թե ինչպես թողեց նույնիսկ ուտելիքի, հագուստի, քնի և ապրելու վայրի վերաբերյալ որոշումներ կայացնելը և փոխարենը վայելեց Իմ հարստությունը՝ ամեն ինչում Ինձ բավարարելու հիման վրա։ Ես նրան ենթարկեցի անթիվ փորձությունների, և, իհարկե, նա տանջվեց մինչև մահվան շեմը, բայց այս հարյուրավոր փորձությունների մեջ ոչ մի անգամ չկորցրեց հավատն Իմ հանդեպ կամ հիասթափություն չզգաց Ինձնից։ Նույնիսկ երբ Ես ասացի, որ լքել եմ նրան, միևնույն է, չվհատվեց կամ չհիասթափվեց և շարունակեց սիրել Ինձ գործնական կերպով՝ անցյալի կիրարկման սկզբունքների համաձայն։ Ես նրան ասացի, որ հավանություն չեմ տա, թեև սիրում էր Ինձ, որ ի վերջո նրան կգցեմ Սատանայի ձեռքը։ Բայց նման փորձությունների մեջ՝ փորձություններ, որոնք չհասան նրա մարմնին, բայց խոսքերից էին, դեռ աղոթում էր Ինձ և ասում. «Աստվա՛ծ։ Երկինքների ու երկրի և բոլոր բաների մեջ կա՞ արդյոք որևէ մարդ, որևէ բան կամ որևէ իրադարձություն, որը Քո՝ Ամենակարողիդ ձեռքերում չէ։ Երբ Դու ողորմած ես իմ հանդեպ, իմ սիրտը մեծապես ցնծում է Քո ողորմությամբ։ Երբ Դու դատում ես ինձ, որքան էլ անարժան լինեմ, ես ավելի մեծ չափով եմ զգում Քո գործերի խորությունը, որովհետև Դու լի ես իշխանությամբ և իմաստությամբ։ Թեև իմ մարմինը նեղություն է կրում, իմ հոգին մխիթարված է։ Ինչպե՞ս կարող եմ չգովաբանել Քո իմաստությունը ու գործերը։ Նույնիսկ եթե մեռնեի Քեզ ճանաչելուց հետո, ինչպե՞ս կարող էի դա չանել ուրախությամբ և հոժարությամբ։ Ամենակարո՛ղ։ Դու իսկապե՞ս չես ցանկանում ինձ թույլ տալ տեսնել Քեզ։ Իսկապե՞ս անարժան եմ ստանալու Քո դատաստանը։ Կարո՞ղ է արդյոք իմ մեջ լինել մի բան, որը Դու չես ցանկանում տեսնել»։ Նման փորձությունների ժամանակ, թեև Պետրոսն ի վիճակի չէր ճշգրտորեն ընկալելու Իմ մտադրությունները, ակնհայտ էր, որ հպարտ էր և պատիվ էր համարում Իմ կողմից օգտագործվելը (նույնիսկ եթե դա նշանակեր ստանալ Իմ դատաստանը, որպեսզի մարդիկ կարողանային տեսնել Իմ մեծափառությունն ու ցասումը), և որ չէր վշտանում այս փորձություններից։ Իմ առջև նրա հավատարմության պատճառով և նրան Իմ օրհնելու պատճառով նա հազարավոր տարիներ օրինակ և նմուշ է եղել մարդու համար։ Մի՞թե սա հենց այն չէ, ինչ պետք է ընդօրինակեք։ Երկար ու լրջորեն մտածե՛ք այն մասին, թե ինչու Ես այսքան երկար պատմեցի Պետրոսի մասին. սրանք պետք է լինեն այն սկզբունքները, որոնցով գործում եք։
Թեև քիչ մարդիկ են ճանաչում Ինձ, Ես Իմ բարկությունը չեմ թափում մարդու վրա, քանզի մարդիկ չափազանց շատ պակասություններ ունեն, և նրանց համար դժվար է հասնել այն մակարդակին, որը Ես պահանջում եմ իրենցից։ Ուստի Ես հազարավոր տարիներ ներողամտություն եմ ցուցաբերել մարդու հանդեպ՝ ընդհուպ մինչև այսօր, սակայն հուսով եմ, որ Իմ ներողամտության պատճառով մեղմ չեք գտնվի ինքներդ ձեր հանդեպ. դուք պետք է ճանաչեք Ինձ և Պետրոսի միջոցով ձգտեք Ինձ. Պետրոսի բոլոր սխրանքներից պետք է հայտնություններ ստանաք, որոնք գերազանցում են նախկինում եղած ցանկացած հայտնություն, և այդպիսով՝ հասնեք այնպիսի բարձունքների, որոնց մարդը նախկինում երբեք չի հասել։ Ողջ տիեզերքում և երկնակամարում, երկինքների ու երկրի և բոլոր բաների մեջ, երկրի վրա և երկինքներում եղող բոլոր բաներն իրենց ողջ ուժն ընծայում են Իմ գործի վերջին փուլի համար։ Դուք հաստա՞տ չեք ցանկանում լինել հանդիսատեսներ՝ ղեկավարվելով Սատանայի ուժերի կողմից։ Սատանան մշտապես ներկա է՝ կլանելով մարդկանց սրտերում առկա Իմ մասին ճանաչողությունը, ցույց տալով իր ատամները և ճոճելով ճանկերն իր մահվան վերջին հոգեվարքում։ Արդյոք ցանկանո՞ւմ եք այդ ժամանակ զոհ դառնալ նրա դավերին։ Ցանկանո՞ւմ եք կործանել ձեր ողջ կյանքն այն ժամանակ, երբ Իմ գործը վերջնականապես ավարտվում է։ Արդյոք սպասո՞ւմ եք, որ Ես ևս մեկ անգամ ցուցաբերեմ Իմ ներողամտությունը։ Իմ մասին ճանաչողությանը ձգտելն առանցքային է, բայց կիրարկումը շեշտելն անփոխարինելի է։ Իմ խոսքերն ուղղակիորեն հայտնվում են ձեզ, և Ես հուսով եմ, որ կարող եք հետևել Իմ ուղղորդմանը և այլևս ոչինչ չծրագրել կամ չհուսալ ինքներդ ձեզ համար։
1992 թ. փետրվարի 27