Գլուխ 29
Այն օրը, երբ բոլոր բաները վերակենդանացան, Ես եկա մարդու մեջ և հիանալի օրեր ու գիշերներ անցկացրեցի նրա հետ։ Միայն այս պահին է մարդը փոքր-ինչ զգում Իմ մատչելիությունը, և քանի որ նրա շփումն Ինձ հետ ավելի հաճախակի է դառնում, տեսնում է այն, ինչ ունեմ և եմ. արդյունքում որոշակի ճանաչողություն է ձեռք բերում Իմ մասին։ Բոլոր մարդկանց մեջ ես բարձրացնում եմ Իմ գլուխը և նայում, և նրանք բոլորը տեսնում են Ինձ։ Սակայն, երբ աղետ է պատահում աշխարհին, նրանք անմիջապես անհանգստանում են, և Իմ պատկերն անհետանում է նրանց սրտերից. աղետի գալստից խուճապահար՝ նրանք անտեսում են Իմ հորդորները։ Ես շատ տարիներ եմ անցկացրել մարդու մեջ, սակայն նա միշտ անտեղյակ է մնացել և երբեք չի ճանաչել Ինձ։ Այսօր Իմ իսկ բերանով եմ նրան ասում այս մասին, որպեսզի բոլոր մարդիկ գան Իմ առջև՝ Ինձնից որևէ բան ստանալու համար, բայց նրանք դեռ հեռու են մնում Ինձնից, ուստի չեն ճանաչում Ինձ։ Երբ Իմ ոտնահետքերն անցնեն ողջ տիեզերքով և մինչև երկրագնդի ծայրերը, մարդը կսկսի խորհրդածել իր մասին, և բոլոր մարդիկ կգան Ինձ մոտ, կխոնարհվեն Իմ առջև ու կերկրպագեն Ինձ։ Դա կլինի այն օրը, երբ ես փառք ձեռք կբերեմ՝ Իմ վերադարձի օրը, ինչպես նաև Իմ հեռանալու օրը։ Այժմ սկսել եմ Իմ գործը ողջ մարդկության մեջ՝ տիեզերքում պաշտոնապես ծավալելով Իմ տնօրինման ծրագրի վերջին մասը։ Եթե որևէ մեկը դեռևս անզգույշ է, ցանկացած պահի կընկնի անողոք հանդիմանության մեջ։ Սա այն պատճառով չէ, որ Ես անգութ եմ. ավելի շուտ, դա Իմ տնօրինման ծրագրի մի քայլն է. ամեն ինչ պետք է ընթանա Իմ ծրագրի քայլերի համաձայն, և ոչ մի մարդ չի կարող փոխել դա։ Երբ Ես պաշտոնապես սկսում եմ Իմ գործը, բոլոր մարդիկ շարժվում են այնպես, ինչպես Ես եմ շարժվում, այնպես որ տիեզերքի մարդիկ զբաղված են լինում Ինձ հետ միասին, ողջ տիեզերքը «ցնծության» վիճակում է, և մարդն առաջ է մղվում Իմ կողմից։ Արդյունքում, նույնիսկ մեծ կարմիր վիշապն ինքը Իմ կողմից գցվում է անկարգության և շփոթված անորոշության վիճակի մեջ և ծառայում է Իմ գործին, և, չնայած դժկամությանը, ի վիճակի չէ հետևելու իր իսկ ցանկություններին, նա այլ ելք չունի, քան «թույլ տալ, որ ներդաշնակեցնեմ այնպես, ինչպես կամենում եմ»։ Իմ բոլոր ծրագրերում մեծ կարմիր վիշապն Իմ հակադրությունն է, Իմ թշնամին, սակայն նաև Իմ «ծառան» է. որպես այդպիսին՝ երբեք չեմ թուլացրել Իմ «պահանջները» նրա նկատմամբ։ Հետևաբար, Իմ գործի վերջին փուլը՝ Իմ մարմնացման գործը, ավարտվում է նրա տանը. սա ավելի նպաստավոր է, որպեսզի մեծ կարմիր վիշապը պատշաճ կերպով ծառայություն մատուցի Ինձ, ինչի միջոցով կնվաճեմ նրան և կավարտեմ Իմ ծրագիրը։ Մինչ գործում եմ, բոլոր հրեշտակներն Ինձ հետ միասին սկսում են վճռորոշ ճակատամարտը և որոշում են բավարարել Իմ մտադրությունները վերջին փուլում, որպեսզի երկրի վրայի մարդիկ հրեշտակների պես հանձնվեն Իմ առջև, և Ինձ հակառակելու ոչ մի ցանկություն չունենան, և չանեն ոչինչ, որ դավաճանում է Ինձ։ Սա է Իմ գործի դինամիկան տիեզերքում։
Մարդկանց մեջ Իմ գալստյան նպատակն ու կարևորությունը ողջ մարդկությանը փրկելն է, ողջ մարդկությանը վերադարձնելը Իմ տուն, երկինքն ու երկիրը վերամիավորելը և մարդուն մղելը՝ փոխանցելու «ազդանշանները» երկնքի և երկրի միջև, քանզի այդպիսին է մարդու ներհատուկ գործառույթը։ Այն ժամանակ, երբ ստեղծեցի մարդկությանը, բոլոր բաները պատրաստել էի մարդկության համար, իսկ ավելի ուշ թույլ տվեցի, որ մարդկությունը, Իմ պահանջների համաձայն, ստանա այն հարստությունները, որոնք տվեցի նրան։ Ուստի ասում եմ, որ Իմ ուղղորդման ներքո է, որ ողջ մարդկությունը հասել է այսօրվան։ Եվ սա Իմ ամբողջ ծրագիրն է։ Ողջ մարդկության մեջ անթիվ մարդիկ գոյություն ունեն Իմ սիրո պաշտպանության ներքո, և անթիվ մարդիկ ապրում են Իմ ատելության հանդիմանության տակ։ Թեև մարդիկ բոլորն աղերսում են Ինձ, նրանք դեռևս ի վիճակի չեն փոխելու իրենց ներկա հանգամանքները. հենց որ կորցնում են հույսը, միայն կարող են թույլ տալ, որ բնությունն իր հունով ընթանա, և դադարել Իմ դեմ ըմբոստանալուց, քանզի սա այն ամենն է, ինչ մարդը կարող է անել։ Ինչ վերաբերում է մարդու կյանքի այժմյան վիճակին, մարդը դեռ չի գտել իրական կյանքը, նա դեռ չի թափանցել աշխարհի անարդարության, ամայության և թշվառ պայմանների մեջ. և ուստի, եթե չլիներ աղետի գալուստը, մարդկանց մեծամասնությունը դեռ կգրկեր բնությունը և դեռ կգրավվեր «կյանքի» համերով։ Մի՞թե սա աշխարհի իրականությունը չէ։ Մի՞թե սա փրկության ձայնը չէ, որ հնչեցնում եմ մարդուն։ Ինչո՞ւ մարդկության մեջ ոչ ոք երբեք ճշմարտապես չի սիրել Ինձ։ Ինչո՞ւ է մարդն Ինձ միայն հանդիմանության և փորձությունների մեջ սիրում, սակայն ոչ ոք չի սիրում Ինձ, երբ Իմ պաշտպանության ներքո է։ Ես բազմիցս Իմ հանդիմանությունն եմ պարգևել մարդկությանը։ Նրանք նայում են դրան, բայց հետո անտեսում են և չեն ուսումնասիրում ու խորհում դրա շուրջ այդ ժամանակ, և ուստի այն ամենը, ինչ գալիս է մարդու վրա, անողոք դատաստան է։ Սա Իմ գործելու եղանակներից միայն մեկն է, բայց այն դեռևս նրա համար է, որ փոխի մարդուն և նրան մղի Ինձ սիրելու։
Ես իշխում եմ թագավորությունում և, առավել ևս, իշխում եմ ողջ տիեզերքում. և՛ թագավորության Թագավորն եմ, և՛ տիեզերքի Գլուխը։ Այսուհետ կհավաքեմ բոլոր նրանց, ովքեր ընտրյալ մարդիկ չեն, և կսկսեմ Իմ գործը հեթանոսների մեջ, և ողջ տիեզերքին կհայտարարեմ Իմ կառավարչական հրամանագրերը, որպեսզի սահուն կերպով սկսեմ Իմ գործի հաջորդ քայլը։ Ես հանդիմանություն կօգտագործեմ՝ Իմ գործը հեթանոսների մեջ տարածելու համար, այսինքն՝ «ուժ» կգործադրեմ բոլոր նրանց դեմ, ովքեր հեթանոսներ են։ Բնականաբար, այս գործը կիրականացվի միևնույն ժամանակ, ինչ Իմ գործն Իմ ընտրյալ մարդկանց մեջ։ Երբ Իմ ժողովուրդը որպես թագավորներ իշխանություն բանեցնի երկրի վրա, դա կլինի նաև այն օրը, երբ երկրի վրայի բոլոր մարդիկ նվաճված կլինեն, և առավել ևս, դա կլինի այն ժամանակը, երբ Ես կհանգստանամ. և միայն այդ ժամանակ կհայտնվեմ բոլոր նրանց, ովքեր նվաճվել են։ Ես հայտնվում եմ սուրբ թագավորությանը և Ինձ թաքցնում կեղտի երկրից։ Բոլոր նրանք, ովքեր նվաճվել են և հնազանդ դարձել Իմ առջև, ի վիճակի են իրենց իսկ աչքերով տեսնելու Իմ դեմքը և իրենց իսկ ականջներով լսելու Իմ ձայնը։ Սա վերջին օրերում ծնվածների օրհնությունն է, Իմ կողմից կանխորոշված օրհնությունն է և անփոփոխելի է որևէ մարդու կողմից։ Այսօր Ես այսպես եմ գործում հանուն ապագայի գործի։ Իմ ողջ գործը փոխկապակցված է, դրա մեջ ամենուր կանչ և արձագանք կա. երբեք ոչ մի քայլ հանկարծակի չի դադարել, և երբեք ոչ մի քայլ որևէ այլ քայլից անկախ չի իրականացվել։ Մի՞թե այդպես չէ։ Մի՞թե անցյալի գործն այսօրվա գործի հիմքը չէ։ Մի՞թե անցյալի խոսքերն այսօրվա խոսքերի նախակարապետը չեն։ Մի՞թե անցյալի քայլերն այսօրվա քայլերի սկզբնաղբյուրը չեն։ Երբ պաշտոնապես բացում եմ մագաղաթը, դա այն ժամանակն է, երբ տիեզերքի մարդիկ հանդիմանվում են, երբ ամբողջ աշխարհի մարդիկ ենթարկվում են փորձությունների, և դա Իմ գործի գագաթնակետն է. բոլոր մարդիկ ապրում են առանց լույսի երկրում, և բոլոր մարդիկ ապրում են իրենց միջավայրի առաջացրած սպառնալիքների մեջ։ Այլ կերպ ասած՝ դա այն կյանքն է, որը մարդը երբեք փորձառաբար չի ապրել արարչագործության ժամանակներից մինչև ներկա օրերը, և դարերի ընթացքում ոչ ոք երբեք այսպիսի կյանք չի «վայելել», և ուստի Ես ասում եմ, որ արել եմ մի գործ, որը նախկինում երբեք չի արվել։ Սա իրերի իրական վիճակն է, և սա է ներքին իմաստը։ Քանի որ Իմ օրը մոտենում է ողջ մարդկությանը, քանի որ այն հեռու չի թվում, այլ հենց մարդու աչքի առջև է, արդյունքում ո՞վ չէր վախենա։ Եվ ո՞վ չէր ուրախանա դրանով։ Բաբելոնի կեղտոտ քաղաքը վերջապես հանդիպել է իր վերջին օրվան. մարդը վերամիավորվել է բոլորովին նոր աշխարհի հետ, և երկինքն ու երկիրը փոխվել և նորացվել են։
Երբ հայտնվում եմ բյուրավոր ազգերին և մարդկանց, սպիտակ ամպերը խառնվում են երկնքում և պատում Ինձ։ Այդպես էլ երկրի վրայի թռչուններն են երգում և ուրախությունից պարում Ինձ համար՝ ընդգծելով մթնոլորտը երկրի վրա և այդպիսով պատճառ դառնալով, որ երկրի վրայի բոլոր բաները կենդանանան, այլևս «դանդաղորեն դեպի ներքև չսահեն», այլ փոխարենն ապրեն կենսունակության մթնոլորտում։ Երբ ամպերի մեջ եմ, մարդն աղոտ կերպով նշմարում է Իմ դեմքը և Իմ աչքերը, և այդ ժամանակ փոքր-ինչ վախ է զգում։ Անցյալում նա լեգենդներում Իմ մասին պատմական արձանագրություններ է լսել, և արդյունքում միայն կիսով չափ է հավատում և կիսով չափ է կասկածում Ինձ։ Չգիտի, թե որտեղ եմ, կամ թե ճիշտ որքան մեծ է Իմ դեմքը. ծովի պես լա՞յն է, թե՞ կանաչ արոտավայրերի պես անծայրածիր։ Ոչ ոք չգիտի այս բաները։ Միայն այն ժամանակ, երբ մարդն այսօր տեսնում է Իմ դեմքն ամպերի մեջ, զգում է, որ լեգենդի Ես-ն իրական է, և ուստի փոքր-ինչ ավելի բարեհաճ է տրամադրվում Իմ հանդեպ, և միայն Իմ գործերի շնորհիվ է, որ նրա հիացմունքն Իմ հանդեպ փոքր-ինչ ավելի է մեծանում։ Բայց մարդը դեռ չի ճանաչում Ինձ և Իմ միայն մեկ մասն է տեսնում ամպերի մեջ։ Դրանից հետո Ես մեկնում եմ Իմ բազուկները և դրանք ցույց տալիս մարդուն։ Մարդն ապշում է և ձեռքերով փակում իր բերանը՝ խորապես վախենալով Իմ ձեռքով տապալվելուց և ուստի փոքր-ինչ վախ է ավելացնում իր հիացմունքին։ Մարդն իր աչքերը հառում է Իմ յուրաքանչյուր շարժմանը՝ խորապես վախենալով, որ կտապալվի Իմ կողմից, երբ ուշադրություն չդարձնի. սակայն Ես չեմ կաշկանդվում մարդու՝ Ինձ նայելու պատճառով և շարունակում եմ անել Իմ ձեռքերի գործը։ Միայն Իմ արած բոլոր գործերի մեջ է, որ մարդը որոշակի բարեհաճություն ունի Իմ հանդեպ և այդպիսով՝ աստիճանաբար գալիս է Իմ առջև՝ Ինձ հետ շփվելու համար։ Երբ Իմ ամբողջության մեջ բացահայտվեմ մարդուն, մարդը կտեսնի Իմ դեմքը, և այնուհետև այլևս չեմ թաքնվի կամ չեմ ծածկի Ինձ մարդուց։ Տիեզերքի ներսում հրապարակավ կհայտնվեմ բոլոր մարդկանց, և բոլոր նրանք, ովքեր մսից ու արյունից են, կտեսնեն Իմ բոլոր գործերը։ Բոլոր նրանք, ովքեր հոգուց են, անշուշտ խաղաղությամբ կբնակվեն Իմ տանը և հաստատապես հիանալի օրհնություններ կվայելեն Ինձ հետ միասին։ Բոլոր նրանք, ում մասին հոգ եմ տանում, անշուշտ կխուսափեն հանդիմանությունից և հաստատապես կխուսափեն հոգու ցավից ու մարմնի տանջանքից։ Ես հրապարակավ կհայտնվեմ բյուրավոր մարդկանց և որպես Թագավոր իշխանություն կբանեցնեմ, որպեսզի դիակների հոտն այլևս չտարածվի տիեզերքում. դրա փոխարեն, Իմ թարմ բուրմունքը կտարածվի ողջ աշխարհում, քանի որ Իմ օրը մոտենում է, մարդն արթնանում է, երկրի վրա ամեն ինչ կարգի է բերված, և երկրի գոյատևման օրերն այլևս չկան, քանզի Ես ժամանել եմ։
1992 թ. ապրիլի 6