Գլուխ 23
Երբ հնչում է Իմ ձայնը, երբ աչքերս կրակ են արձակում, Ես զննում եմ ողջ երկիրը, դիտարկում եմ ողջ տիեզերքը։ Ողջ մարդկությունն աղոթում է Ինձ, ապավինում է Ինձ, աղերսում է Ինձ վերջ տալ բարկությանս և երդվում է այլևս չապստամբել Իմ դեմ։ Բայց սա այլևս անցյալը չէ․ ներկան է։ Ո՞վ կարող է ետ դարձնել Իմ վճռականությունը։ Մի՞թե մարդկանց սրտերում եղած աղերսանքները կամ նրանց բերանների խոսքերը։ Ո՞վ է ի վիճակի եղել գոյատևելու մինչև հիմա, եթե ոչ Իմ շնորհիվ։ Ո՞վ է գոյատևում միայն Իմ բերանի խոսքերով։ Ո՞վ չի զննվում Իմ աչքով։ Իրականացնում եմ Իմ նոր գործը ողջ երկրի վրա, և ո՞վ է երբևէ կարողացել խուսափել դրանից։ Կարո՞ղ են լեռները խույս տալ դրանից իրենց բարձրության շնորհիվ։ Կարո՞ղ են ջրերն իրենց անծայրածիր մեծությամբ ետ մղել այն։ Իմ ծրագրում երբեք հեշտությամբ բաց չեմ թողել որևէ բան, և ուստի երբեք չի եղել որևէ մարդ կամ որևէ բան, որը խույս է տվել Իմ ձեռքի ներդաշնակեցումից։ Այսօր Իմ սուրբ անունը գովաբանվում է ողջ մարդկության մեջ, և կրկին բողոքի խոսքեր են բարձրանում Իմ դեմ ողջ մարդկության մեջ, և երկրի վրա Իմ լինելու մասին լեգենդները լայն տարածում ունեն ողջ մարդկության մեջ։ Չեմ հանդուրժում, որ մարդիկ դատեն Ինձ, ոչ էլ հանդուրժում եմ, որ բաժանեն Իմ մարմինը, և առավել ևս չեմ հանդուրժում նրանց հայհոյանքներն Իմ դեմ։ Քանի որ երբեք ճշմարտապես չի ճանաչել Ինձ, մարդը միշտ ընդդիմացել և խաբել է Ինձ՝ չկարողանալով փայփայել Իմ Հոգին կամ բարձր գնահատել Իմ խոսքերը։ Նրա յուրաքանչյուր արարքի ու գործողության և այն վերաբերմունքի համար, որ ունի Իմ հանդեպ, տալիս եմ մարդուն իրեն հասանելի «վարձատրությունը»։ Եվ այսպես, բոլոր մարդիկ գործում են՝ աչքի առաջ ունենալով իրենց վարձատրությունը, և ոչ մեկը երբեք չի արել որևէ գործ, որը ներառում է անձնազոհություն։ Մարդկային էակները չեն կամենում անձնուրաց նվիրում ցուցաբերել, այլ փոխարենը հաճույք են ստանում այն վարձատրություններից, որոնք կարելի է ստանալ ոչնչի դիմաց։ Թեև Պետրոսն իրեն նվիրեց Իմ առաջ, դա ոչ թե հանուն վաղվա վարձատրության էր, այլ այսօրվա ճանաչողության համար։ Մարդկությունը երբեք ճշմարտապես շփման մեջ չի եղել Ինձ հետ, այլ նորից ու նորից ձևականորեն է գործ ունեցել Ինձ հետ՝ մտածելով դրանով իսկ առանց ջանքի շահել Իմ գովասանքը։ Ես զննել եմ մարդու սրտի խորքերը, ուստի դրա ամենախորքերում հայտնաբերել եմ «մեծ հարստությունների հանք», մի բան, որի մասին անգամ մարդն ինքը դեռ տեղյակ չէ, սակայն նոր բացահայտում եմ արել։ Եվ այսպես, միայն երբ տեսած են լինում «իրեղեն ապացույց», մարդկային էակները դադարեցնում են իրենց արհեստական խոնարհությունը և, ափերը պարզած, ընդունում են իրենց իսկ անմաքրությունը։ Մարդկանց մեջ կա շատ ավելի նոր բան, որը սպասում է՝ «քամեմ» այն՝ ողջ մարդկության լիակատար վայելքի համար։ Ամենևին չդադարեցնելով Իմ գործը մարդու գերբեռնվածության պատճառով՝ էտում եմ նրան Իմ սկզբնական ծրագրի համաձայն։ Մարդը նման է պտղատու ծառի․ առանց էտելու ծառը չի կարողանա պտուղ տալ, և ի վերջո այն ամենը, ինչ մարդ տեսնում է, չորացած ճյուղեր ու ընկած տերևներ են, և ոչ մի պտուղ չի ընկնում գետնին։
Օրեցօր Ես զարդարում եմ Իմ թագավորության «ներքին սենյակը», և ոչ ոք երբեք հանկարծակի չի ներխուժել Իմ «աշխատասենյակ»՝ խաթարելու Իմ գործը։ Բոլոր մարդիկ ջանք չեն խնայում Ինձ հետ համագործակցելու համար՝ խորապես վախենալով «պաշտոնազրկվելուց» և «իրենց դիրքը կորցնելուց» ու դրանով իսկ իրենց կյանքում փակուղի մտնելուց, որտեղ գուցե անգամ ընկնեն այն «անապատը», որը գրավել է Սատանան։ Մարդու վախերի պատճառով ամեն օր մխիթարում եմ նրան, ամեն օր ոգեշնչում եմ նրան սիրել և, ավելին, ուղեցույց եմ տալիս նրան իր առօրյա կյանքում։ Կարծես մարդիկ բոլորը նորածին մանուկներ լինեն. եթե նրանց կաթ չտան, շուտով կմահանան և այլևս չեն երևա։ Երբ մարդկությունն աղաղակում է Ինձ, գալիս եմ մարդու աշխարհ, և անմիջապես մարդկությունն ապրում է լույսի աշխարհում՝ այլևս չփակվելով մի «սենյակում», որտեղից աղոթում է երկնքին։ Հենց որ տեսնում են Ինձ, մարդիկ Ինձ խոսելու հնարավորություն չեն տալիս՝ նախքան իրենց սրտերում կուտակված «դժգոհությունները» թափելը, բացելով իրենց բերաններն Իմ առաջ՝ աղերսելու, որ ուտելիք գցվի իրենց մեջ։ Բայց հետո նրանք դառնում են զուսպ և անվախ ու այլևս ոչինչ չեն խնդրում Ինձնից, այլ խոր քուն են մտնում կամ էլ, ուրանալով Իմ գոյությունը, գնում են զբաղվելու իրենց գործերով։ Մարդկության «լքելու» մեջ ակնհայտորեն երևում է, թե ինչպես են մարդկային էակները «զգացմունքներից» զուրկ և իրականացնում են իրենց «անաչառ արդարադատությունն» Իմ հանդեպ։ Ուստի, տեսնելով մարդուն իր անվայելուչ վիճակում, լուռ հեռանում եմ և այլևս հեշտությամբ ցած չեմ գա նրա լուրջ կանչերով։ Առանց իր իմացության մարդու անհանգստություններն օրեցօր աճում են, և այսպես, իր տքնաջան աշխատանքի թոհուբոհի մեջ, երբ հանկարծ հայտնաբերում է Իմ գոյությունը, նա Ինձ խոսելու հնարավորություն չի տալիս՝ նախքան դարձածալերիցս բռնելը և Ինձ որպես հյուր իր տուն ուղեկցելը։ Բայց, թեև նա կարող է ճոխ ճաշկերույթ դնել Իմ վայելքի համար, երբեք Ինձ յուրային չի համարել՝ փոխարենը վերաբերվելով Ինձ որպես հյուրի՝ Ինձնից մի փոքր օգնություն ստանալու համար։ Եվ այսպես, այս ժամանակ մարդն առանց ձևականությունների Իմ առաջ է ներկայացնում իր խղճուկ իրադրությունը՝ հուսալով ստանալ Իմ «ստորագրությունը», և, իր բիզնեսի համար վարկի կարիք ունեցողի պես, ողջ ուժով «զբաղվում» է Ինձնով։ Նրա յուրաքանչյուր շարժման և ժեստի մեջ տեսա մարդու մտադրության մի նշույլ․ կարծես, նրա կարծիքով, չգիտեմ ինչպես կարդալ մարդու խոսքերն ու արտահայտությունները կամ ինչպես դիտարկել մարդու սրտի ամենախորքերը։ Եվ այսպես, մարդն Ինձ է վստահում երբևէ իր ունեցած յուրաքանչյուր հանդիպման յուրաքանչյուր փորձառություն՝ առանց որևէ բան բաց թողնելու, և դրանից հետո Իմ առաջ է դնում իր պահանջները։ Ատում եմ մարդու յուրաքանչյուր արարքն ու գործողությունը։ Մարդկության մեջ երբեք չի եղել ոչ մեկը, ով արել է այնպիսի գործ, որը սիրում եմ․ կարծես մարդկությունը միտումնավոր թշնամանում է Ինձ հետ և նպատակաուղղված գրավում է Իմ բարկությունը․ նրանք բոլորն Իմ առջև շարքով ետ ու առաջ են անում՝ հետևելով իրենց սեփական կամքին Իմ աչքերի առաջ։ Մարդկության մեջ չկա ոչ մեկը, ով ապրում է հանուն Ինձ, և հետևաբար ողջ մարդկային ցեղի գոյությունը չունի ոչ արժեք, ոչ էլ իմաստ՝ պատճառ դառնալով, որ մարդկությունն ապրի անլցնելի դատարկության մեջ։ Նույնիսկ այդ դեպքում մարդկությունը դեռ հրաժարվում է արթնանալ, բայց շարունակում է ապստամբել Իմ դեմ՝ համառելով իր ունայնության մեջ։
Իրենց անցած բոլոր փորձությունների մեջ մարդկային էակները երբեք չեն համապատասխանել Իմ մտադրություններին։ Իրենց անսրտության և անարդարության պատճառով մարդիկ նպատակ չունեն վկայություն կրել Իմ անվան համար, փոխարենն «այլ ճանապարհով են վազում»՝ ապավինելով Ինձ ապրուստի համար։ Մարդու սիրտը լիովին չի դառնում դեպի Ինձ, և ուստի Սատանան ամայացնում է նրան, մինչև որ նա վերածվում է վերքերի կույտի՝ կեղտով ծածկված մարմնով։ Բայց մարդը դեռ չի գիտակցում, թե որքան զզվելի է դրա դեմքը․ ողջ ընթացքում նա շարունակել է մեծարել Սատանային Իմ թիկունքում։ Այս պատճառով բարկությամբ մարդուն ցած եմ գցում անհատակ անդունդը՝ այնպես անելով, որ նա երբեք չկարողանա ազատել ինքն իրեն։ Նույնիսկ այդ դեպքում իր խղճուկ ողբի մեջ մարդը, միևնույն է, հրաժարվում է բարեփոխել իր միտքը՝ համառորեն կոփելով իրեն, որ դիմակայի Ինձ, և հուսալով դրանով իսկ կամովին բորբոքել Իմ զայրույթը։ Նրա արածի պատճառով վերաբերվում եմ նրան որպես մեղավորի, ինչպիսին նա է, և զրկում եմ նրան Իմ գրկի ջերմությունից։ Ի սկզբանե հրեշտակները ծառայել են Ինձ և հնազանդվել են Ինձ առանց փոփոխության կամ դադարի, բայց մարդը միշտ արել է ճիշտ հակառակը, կարծես նա ոչ թե Ինձնից է եկել, այլ ծագել է Սատանայից։ Հրեշտակներն իրենց համապատասխան տեղերում բոլորն Ինձ են տալիս իրենց նվիրվածությունը․ նրանք չեն սասանվում Սատանայի ուժերից և միայն կատարում են իրենց պարտավորությունը։ Ջրվելով և սնվելով հրեշտակների կողմից՝ Իմ բոլոր որդիները և Իմ ժողովուրդը մեծանում են ուժեղ և առողջ․ նրանցից ոչ մեկը թույլ կամ անառողջ չէ։ Սա Իմ գործն է, Իմ հրաշքը։ Մինչ թնդանոթների համազարկերը մեկը մյուսի հետևից ազդարարում են Իմ թագավորության հիմնադրումը, հրեշտակները, քայլելով ռիթմիկ նվագակցությամբ, գալիս են Իմ ամբիոնի առաջ՝ ենթարկվելու Իմ զննությանը, որովհետև նրանց սրտերը զերծ են անմաքրությունից ու կուռքերից, և նրանք չեն խուսափում Իմ զննությունից։
Երբ հողմը ոռնում է, երկինքներն ակնթարթորեն, անհետաձգելի կերպով իջնում են ցած՝ խեղդելով ողջ մարդկությանը, այնպես որ նրանք այլևս ի վիճակի չեն կանչելու Ինձ այնպես, ինչպես ցանկանում են։ Առանց իմանալու՝ ողջ մարդկությունը խորտակվել է։ Ծառերը քամուց ետ ու առաջ են օրորվում, ժամանակ առ ժամանակ լսվում է ճյուղերի կոտրվելու ձայնը, և բոլոր չորացած տերևները քշվում են։ Երկիրը հանկարծակի ամայի և դատարկ է թվում, ու մարդիկ ամուր գրկում են իրար՝ պատրաստվելով այն աղետին, որը հետևում է աշնանը՝ ցանկացած պահի նրանց հարվածելու համար։ Բլուրների վրայի թռչուններն այս ու այն կողմ են թռչում, կարծես ինչ-որ մեկին լացով պատմում են իրենց վիշտը։ Լեռնային քարանձավներում առյուծները մռնչում են՝ վախից մարդկանց մազերը բիզ-բիզ կանգնեցնելով, և կարծես չարագուշակ մի զգացում կա՝ մարդկության ելքի կանխազգացում։ Չկամենալով թույլ տալ, որ տնօրինեմ իրենց այնպես, ինչպես կամենում եմ` բոլոր մարդիկ լուռ աղոթում են երկնքի «Իշխանին»։ Բայց ինչպե՞ս կարող է հողմը կասեցվել փոքրիկ առվակում հոսող ջրի ձայնով։ Ինչպե՞ս կարող է այն հանկարծակի կանգ առնել մարդկանց աղաչանքների ձայնից։ Ինչպե՞ս կարող է որոտը զսպել իր սրտի զայրույթը մարդու երկչոտության պատճառով։ Մարդը քամուց ետ ու առաջ է օրորվում․ նա այս ու այն կողմ է վազում՝ անձրևից թաքնվելու համար, և Իմ բարկության մեջ մարդկային էակները դողում ու սարսափում են՝ խորապես վախենալով, որ Իմ ձեռքը կդնեմ նրանց մարմինների վրա, կարծես հրացանի փող լինեմ՝ միշտ ուղղված մարդու կրծքին, և կրկին կարծես նա Իմ թշնամին է, ու այնուամենայնիվ նա Իմ ընկերն է։ Մարդը երբեք չի հայտնաբերել Իմ ճշմարիտ մտադրություններն իր համար, երբեք չի հասկացել Իմ ճշմարիտ նպատակները, և ուստի անգիտակցաբար նա հանցանք է գործում Իմ դեմ, անգիտակցաբար դիմադրում է Ինձ և այնուամենայնիվ, անկախ իր կամքից, նաև տեսել է Իմ սերը։ Մարդու համար դժվար է տեսնել Իմ դեմքն Իմ բարկության մեջ։ Թաքնված եմ Իմ բարկության սև ամպերի մեջ և կանգնած եմ որոտի ճայթյունների մեջ, ողջ տիեզերքի վրա՝ Իմ ողորմությունը ցած ուղարկելով մարդուն։ Քանի որ մարդը չի ճանաչում Ինձ, չեմ հանդիմանում նրան Իմ մտադրությունը չհասկանալու անկարողության համար։ Մարդկային էակների աչքերում ժամանակ առ ժամանակ թափում եմ Իմ բարկությունը, ժամանակ առ ժամանակ ցույց եմ տալիս Իմ ժպիտը, բայց նույնիսկ երբ տեսնում է Ինձ, մարդը երբեք ճշմարտապես չի տեսել Իմ ողջ բնույթը և դեռևս անկարող է լսել շեփորի քաղցրահունչ ձայնը, քանզի չափազանց թմրած է դարձել։ Կարծես Իմ պատկերը գոյություն ունի մարդու հիշողություններում, իսկ Իմ կերպարանքը՝ նրա մտքերում։ Սակայն մինչև մեր օրերը մարդկության առաջընթացի ընթացքում երբեք չի եղել մի մարդ, որ ճշմարտապես տեսել է Ինձ, որովհետև մարդու ուղեղը չափազանց աղքատացած է։ Չնայած նրան, որ մարդը «մանրամասն վերլուծել է» Ինձ, քանի որ նրա գիտությունն այդքան անբավարար է զարգացած, նրա գիտական հետազոտությունը դեռևս ոչ մի արդյունք չի տվել։ Եվ այսպես, «Իմ պատկերի» թեման միշտ կատարելապես դատարկ է եղել, և չկա մեկը, որ լրացնի այն, ոչ ոք չկա, որ գերազանցի համաշխարհային ռեկորդը, քանզի ներկայում նույնիսկ մարդկության՝ իր հենարանի պահպանումն արդեն անգնահատելի մխիթարություն է մեծ դժբախտության մեջ։
1992 թ. Մարտի 23