Գլուխ 22

Մարդն ապրում է լույսի մեջ, սակայն չգիտի լույսի արժեքը։ Նա անտեղյակ է լույսի էությանն ու լույսի աղբյուրին, և ավելին՝ թե ում է պատկանում լույսը։ Երբ Ես լույս եմ շնորհում մարդկանց մեջ, անմիջապես դիտարկում եմ մարդկանց մեջ եղած իրադրությունները․ լույսի շնորհիվ բոլոր մարդիկ փոխվում ու աճում են և թողել են խավարը։ Նայում եմ տիեզերքի յուրաքանչյուր անկյան և տեսնում, որ լեռները պարուրված են մշուշով, որ ջրերը սառել են ցրտից, և որ լույսի գալստյան պատճառով մարդիկ նայում են Արևելք, որպեսզի գուցե ավելի արժեքավոր մի բան հայտնաբերեն, սակայն նրանք մնում են անընդունակ մեգի մեջ հստակ ուղղություն զանազանելու։ Քանի որ ողջ աշխարհը ծածկված է մշուշով, երբ նայում եմ ամպերի միջից, երբեք չի լինում մի մարդ, որը հայտնաբերում է Իմ գոյությունը։ Մարդը երկրի վրա ինչ-որ բան է փնտրում․ կարծես կեր է հայթայթում․ կարծես մտադիր է սպասել Իմ գալստյանը, սակայն չգիտի Իմ օրը և կարող է միայն հաճախ նայել Արևելքում շողացող լույսի նշույլին։ Իմ բյուրավոր ընտրյալ մարդկանց մեջ փնտրում եմ նրանց, ովքեր ճշմարտապես համապատասխանում են Իմ մտադրություններին։ Քայլում եմ Իմ բյուրավոր ընտրյալ մարդկանց մեջ և ապրում եմ նրանց մեջ, բայց մարդը երկրի վրա ապահով ու անվնաս է, և ուստի չկա մեկը, ով ճշմարտապես համապատասխանում է Իմ մտադրություններին։ Մարդիկ չգիտեն՝ ինչպես հաշվի առնել Իմ մտադրությունները, նրանք չեն կարող տեսնել Իմ գործողությունները, և նրանք չեն կարող շարժվել լույսի ներսում ու լուսավորվել լույսով։ Թեև մարդը ժամանակին թանկ էր գնահատում Իմ խոսքերը, նա անկարող է թափանցել Սատանայի դավերի մեջ. քանի որ մարդու հասակը չափազանց փոքր է, նա ի վիճակի չէ անելու այն, ինչ իր սիրտն է ցանկանում։ Մարդը երբեք անկեղծորեն չի սիրել Ինձ։ Երբ Ես բարձրացնում եմ նրան, նա իրեն անարժան է զգում, բայց դա նրան չի ստիպում փորձել բավարարել Ինձ։ Նա պարզապես իր ձեռքերում է պահում այն «կարգավիճակը», որը Ես տվել եմ իրեն, և մանրակրկիտ զննում է այն. փոխարենը նա շարունակում է տարված մնալ իր կարգավիճակի օգուտներով՝ Իմ հաճելիության հանդեպ անտարբեր։ Մի՞թե սա մարդու թերությունը չէ։ Երբ լեռները շարժվում են, կարո՞ղ են շրջանցել քեզ՝ հանուն քո կարգավիճակի։ Երբ ջրերը հոսում են, կարո՞ղ են կանգ առնել մարդու կարգավիճակի առջև։ Կարո՞ղ են արդյոք երկինքն ու երկիրը շրջվել մարդու կարգավիճակի պատճառով։ Ես բազմիցս ողորմություն եմ ցուցաբերել մարդուն, սակայն ոչ ոք չի փայփայել կամ թանկ գնահատել դա։ Նրանք պարզապես դա լսել են որպես պատմություն կամ կարդացել են որպես վեպ։ Մի՞թե Իմ խոսքերն իսկապես չեն դիպչում մարդու սրտին։ Մի՞թե Իմ արտահայտումներն իսկապես ոչ մի ազդեցություն չունեն։ Մի՞թե ոչ ոք չի հավատում Իմ գոյությանը։ Մարդը չի սիրում ինքն իրեն. փոխարենը նա միավորվում է Սատանայի հետ՝ Ինձ վրա հարձակվելու համար, և Սատանային օգտագործում է որպես «ունեցվածք», որով ծառայում է Ինձ։ Ես կթափանցեմ Սատանայի բոլոր դավերի մեջ, որպեսզի այսուհետ երկրի մարդիկ այլևս չմոլորվեն նրանով, և որպեսզի նրանք չհակադրվեն Ինձ դրա գոյության պատճառով։

Թագավորության մեջ Ես Թագավոր եմ, բայց Ինձ որպես դրա Թագավոր վերաբերվելու փոխարեն՝ մարդն Ինձ վերաբերվում է որպես «Փրկչի, որ իջել է երկնքից»։ Արդյունքում տենչում է, որ իրեն ողորմություն տամ, և չի ձգտում Ինձ ճանաչելուն։ Այնքան շատերն են մուրացկանների պես աղերսել Իմ առաջ․ այնքան շատերն են բացել իրենց «պարկերն» Իմ առաջ և աղաչել Ինձ, որ իրենց սնունդ տամ՝ գոյատևելու համար. այնքան շատերն են քաղցած գայլերի պես ագահ աչքերը սևեռել Ինձ վրա՝ երանի տալով, որ կարողանային խժռել Ինձ և լցնել իրենց փորերը. այնքան շատերն են լռությամբ խոնարհել իրենց գլուխներն իրենց հանցանքների պատճառով և ամոթ զգացել՝ աղոթելով Իմ գթասրտության համար կամ հոժարակամ ընդունելով Իմ հանդիմանությունը։ Երբ արձակում եմ Իմ արտահայտումները, մարդու տարբեր տգեղ վիճակներն ի հայտ են գալիս իրենց ողջ տարօրինակ ձևերով, և նրա ճշմարիտ կերպարանքը բացահայտվում է լույսի մեջ, ու շողացող լույսի մեջ մարդն անկարող է ներել ինքն իրեն։ Ուստի նա շտապում է Իմ առաջ՝ խոնարհվելու և խոստովանելու իր մեղքերը։ Մարդու «ազնվության» պատճառով նրան մեկ անգամ ևս բարձրացնում եմ փրկության կառքի վրա, և ուստի նա երախտապարտ է Ինձ ու սիրող հայացք է գցում Ինձ վրա։ Սակայն նա դեռևս մտադիր չէ ճշմարտապես ապաստանել Իմ մեջ և իր սիրտը լիովին չի տվել Ինձ։ Նա պարզապես պարծենում է Ինձնով, սակայն ճշմարտապես չի սիրում Ինձ, քանզի իր միտքը չի դարձրել դեպի Ինձ․ նրա մարմինն Իմ առաջ է, սակայն նրա սիրտն Իմ թիկունքում է։ Քանի որ մարդը չափազանց անտեղյակ է՝ ինչպես վարվի, և նա ոչ մի հետաքրքրություն չունի Իմ առաջ գալու, նրան համապատասխան աջակցություն եմ տրամադրում, որպեսզի գուցե դառնա դեպի Ինձ՝ իր մոլոր ճանապարհներում իր համառ հաստատակամության միջից։ Սա ճիշտ այն ողորմությունն է, որ տալիս եմ մարդուն, և այն մեթոդը, որով ջանում եմ փրկել նրան։

Տիեզերքի բոլոր մարդիկ տոնում են Իմ օրվա գալուստը, և հրեշտակները քայլում են Իմ ընտրյալ մարդկանց մեջ։ Երբ Սատանան անհանգստություն է առաջացնում, հրեշտակները երկնքում իրենց ծառայության պատճառով միշտ օգնում են Իմ ժողովրդին։ Հրեշտակները չեն մոլորվում դևի կողմից մարդկային թուլության պատճառով, այլ խավարի ուժերի հարձակման պատճառով է՛լ ավելի են ջանում մշուշի միջով փորձառաբար ապրել մարդու կյանքը։ Իմ բոլոր ընտրյալ մարդիկ տեղի են տալիս Իմ անվան տակ, և երբեք ոչ ոք ոտքի չի կանգնում՝ բացահայտորեն Ինձ հակառակվելու համար։ Հրեշտակների գործի շնորհիվ մարդն ընդունում է Իմ անունը, և բոլորն Իմ գործի հոսքի մեջ են։ Աշխարհն ընկնո՛ւմ է։ Բաբելոնը կաթվածահա՛ր է։ Օ՜, կրոնակա՛ն աշխարհ։ Ինչպե՞ս կարող է այն չոչնչացվել երկրի վրա Իմ իշխանության կողմից։ Ո՞վ է դեռ համարձակվում ապստամբել Իմ դեմ և հակառակվել Ինձ։ Դպիրնե՞րը։ Բոլոր կրոնական պաշտոնյանե՞րը։ Երկրի վրայի ղեկավարներն ու իշխանություննե՞րը։ Հրեշտակնե՞րը։ Ո՞վ չի տոնում Իմ մարմնի կատարելությունն ու լիությունը։ Իմ բյուրավոր ընտրյալ մարդկանց մեջ ո՞վ անդադար գովերգեր չի երգում, և ո՞վ անսահման երջանիկ չէ Իմ պատճառով։ Ապրում եմ մեծ կարմիր վիշապի որջի երկրում, սակայն դա չի դրդում Ինձ դողալ վախից կամ փախչել, քանզի նրա բոլոր մարդիկ արդեն սկսել են ատել նրան։ Երբեք ոչինչ չի կատարել իր «պարտավորությունը» վիշապի առաջ հանուն վիշապի․ փոխարենը՝ բոլոր բաները գործում են այնպես, ինչպես հարմար են համարում, և յուրաքանչյուրը գնում է իր սեփական ճանապարհով։ Ինչպե՞ս կարող են երկրի վրայի պետությունները չկորչել։ Ինչպե՞ս կարող են երկրի վրայի պետությունները չընկնել։ Ինչպե՞ս կարող է Իմ ժողովուրդը չցնծալ։ Ինչպե՞ս կարող են նրանք ուրախությամբ չերգել։ Մի՞թե սա մարդու գործն է։ Մի՞թե դա մարդու ձեռքի գործն է։ Մարդուն տվեցի նրա գոյության հիմքը և ապահովեցի նրան նյութական բաներով, սակայն նա դժգոհ է իր ներկայիս հանգամանքներից և խնդրում է մտնել Իմ թագավորություն։ Բայց ինչպե՞ս կարող է նա այդքան հեշտությամբ մտնել Իմ թագավորություն՝ առանց գին վճարած լինելու, չկամենալով մատուցել իր անձնուրաց նվիրումը։ Մարդուց որևէ բան ետ պահանջելու փոխարեն՝ պահանջներ եմ դնում նրա առաջ, որպեսզի երկրի վրա Իմ թագավորությունը լցվի փառքով։ Մարդն Իմ կողմից ուղղորդվել է դեպի ներկա դարաշրջան, նա գոյություն ունի այս իրադրությունում և ապրում է Իմ լույսի ուղղորդման մեջ։ Եթե այդպես չլիներ, երկրի վրայի մարդկանցից ո՞վ կիմանար իր հեռանկարները։ Ո՞վ կհասկանար Իմ մտադրությունները։ Ես ավելացնում եմ Իմ պայմանները մարդու պահանջներին․ մի՞թե սա համահունչ չէ բնության օրենքներին։

Երեկ ապրում էիք քամու և անձրևի մեջ, այսօր մտել եք Իմ թագավորություն և դարձել դրա ժողովուրդը, իսկ վաղը կվայելեք Իմ օրհնությունները։ Ո՞վ է երբևէ պատկերացրել նման բաներ։ Որքա՞ն նեղություն և դժվարություն փորձառաբար կապրեք ձեր կյանքում՝ արդյոք գիտե՞ք։ Ես առաջ եմ ընթանում քամու և անձրևի միջով ու տարին տարու հետևից անցկացրել եմ մարդկանց մեջ և ժամանակի ընթացքում հասել եմ մինչև մեր օրերը։ Մի՞թե սրանք հենց Իմ տնօրինման ծրագրի քայլերը չեն։ Ո՞վ է երբևէ ավելացրել Իմ ծրագրին։ Ո՞վ կարող է խուսափել Իմ ծրագրի քայլերից։ Ապրում եմ հարյուր միլիոնավոր մարդկանց սրտերում, Ես Թագավոր եմ հարյուր միլիոնավոր մարդկանց մեջ և մերժվել ու զրպարտվել եմ հարյուր միլիոնավոր մարդկանց կողմից։ Իմ պատկերը ճշմարտապես մարդու սրտում չէ։ Մարդն Իմ փառավոր դեմքը միայն աղոտ կերպով է նկատում Իմ խոսքերում, բայց իր մտքերի անհանգստության պատճառով չի վստահում իր սեփական զգացմունքներին․ նրա սրտում կա միայն մի մշուշոտ «Ես», բայց այն երկար չի մնում այնտեղ։ Եվ այսպես, նրա սերն Իմ հանդեպ նույնպես այսպիսին է․ նրա սերն Իմ առաջ հայտնվում է ընդհատումներով, կարծես յուրաքանչյուր մարդ սիրեր Ինձ իր սեփական խառնվածքի համաձայն, կարծես նրա սերը թարթեր ու անհետանար տեսադաշտից մշուշոտ լուսնի լույսի տակ։ Այսօր միայն Իմ սիրո շնորհիվ է, որ մարդը մնում է և բարեբախտություն է ունեցել վերապրելու։ Եթե այդպես չլիներ, մարդկանցից ո՞վ իր հյուծված մարմնի պատճառով չէր տապալվի լազերով։ Մարդը դեռևս չի ճանաչում ինքն իրեն։ Նա ցուցադրում է իրեն Իմ առաջ և պարծենում է Իմ թիկունքում, սակայն ոչ ոք չի համարձակվում հակառակվել Ինձ Իմ առաջ։ Սակայն մարդը չգիտի այն հակառակության իմաստը, որի մասին խոսում եմ․ փոխարենը՝ շարունակում է փորձել հիմարացնել Ինձ և շարունակում է բարձրացնել ինքն իրեն․ մի՞թե սրանով նա բացահայտորեն չի հակառակվում Ինձ։ Ես հանդուրժում եմ մարդու թուլությունը, բայց ամենևին ներողամիտ չեմ նրա իսկ ստեղծած հակառակության հանդեպ։ Թեև նա գիտի դրա իմաստը, չի կամենում գործել այս իմաստի համաձայն և պարզապես գործում է ըստ իր նախասիրությունների՝ փորձելով խաբել Ինձ։ Ամեն ժամանակ Ես պարզորոշ ցույց եմ տալիս Իմ բնույթն Իմ խոսքերում, սակայն մարդը չի հաշտվում պարտության հետ․ միևնույն ժամանակ, նա բացահայտում է իր խառնվածքը։ Իմ դատաստանի մեջ մարդը լիովին կհամոզվի, և Իմ հանդիմանության մեջ նա ի վերջո կյանքով կարտահայտի Իմ պատկերը և կդառնա Իմ դրսևորումը երկրի վրա։

22 մարտի, 1992 թ.

Նախորդը. Գլուխ 21

Հաջորդը. Գլուխ 23

Կարգավորումներ

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Կապվիր մեզ հետ WhatsApp-ով