Գլուխ 13
Իմ խոսքերի և արտահայտումների ներսում թաքնված են Իմ բազմաթիվ մտադրությունները, սակայն մարդիկ դրանց մասին ոչինչ չգիտեն և չեն հասկանում. նրանք շարունակում են արտաքուստ ընկալել Իմ խոսքերը և արտաքուստ հետևել դրանց ու չեն կարողանում հասկանալ Իմ սիրտը կամ Իմ խոսքերի միջից ներըմբռնել Իմ մտադրությունները։ Թեև Ես հստակ եմ դարձնում Իմ խոսքերը, ո՞վ է հասկանում դրանք։ Ես մարդու աշխարհ եկա Սիոնից։ Քանի որ Ես բնականոն մարդկայնություն և մարդկային մաշկ եմ հագել, մարդիկ պարզապես արտաքուստ են ճանաչում Իմ կերպարանքը, բայց չգիտեն այն կյանքը, որն Իմ ներսում է, ոչ էլ Հոգու Աստծուն են ճանաչում, այլ գիտեն միայն մսեղիի մարդուն։ Մի՞թե Գործնական Աստված Ինքն արժանի չէ, որ փորձեք ճանաչել Նրան։ Մի՞թե Գործնական Աստված Ինքն արժանի չէ, որ ջանք գործադրեք՝ «մանրամասն վերլուծելու» Նրան։ Ես ատում եմ ողջ մարդկային ցեղի ապականությունը, բայց ըմբռնումով եմ մոտենում նրանց թուլությանը։ Ես նաև էտում եմ ողջ մարդկային ցեղի հին բնությունը։ Որպես Չինաստանում Իմ ժողովրդի անդամներ՝ մի՞թե նույնպես մարդկային ցեղի մի մասը չեք։ Իմ բոլոր մարդկանց մեջ և Իմ բոլոր որդիների մեջ, այսինքն՝ նրանց մեջ, ում Ես ընտրել եմ ողջ մարդկային ցեղից, դուք ամենաստորին խմբին եք պատկանում։ Այդ պատճառով Ես ամենաշատ էներգիան եմ ծախսել ձեզ վրա, ամենամեծ ջանքը։ Մի՞թե դեռ չեք գնահատում այն երանավետ կյանքը, որը վայելում եք այսօր։ Մի՞թե դեռ կարծրացնում եք ձեր սրտերը՝ Իմ դեմ ըմբոստանալու և ամեն ինչ ձեր ձևով անելու համար։ Եթե չլինեին Իմ շարունակական ողորմությունն ու գթասրտությունը, ողջ մարդկությունը վաղուց գերի կընկներ Սատանային և կվերածվեր «համեղ պատառների» նրա բերանում։ Այսօր բոլոր մարդկանց մեջ Ինձ համար անկեղծորեն ծախսվողները և Ինձ անկեղծորեն սիրողները դեռևս այնքան հազվադեպ են, որ կարելի է մատների վրա հաշվել։ Մի՞թե այսօրվա «Իմ ժողովուրդ» կոչումը կարող է լինել ձեր անձնական սեփականությունը։ Մի՞թե քո խիղճը պարզապես սառույցի պես սառել է։ Իսկապե՞ս արժանի ես դառնալու իմ պահանջած ժողովուրդը։ Վերհիշե՛ք անցյալը և նորից նայեք այսօրվան. ձեզնից ո՞վ է բավարարել Իմ սիրտը։ Ձեզնից ո՞վ է անկեղծորեն հաշվի առել Իմ մտադրությունները։ Եթե Ես չհուշեի ձեզ, դեռ արթնացած չէիք լինի, այլ կմնայիք ասես սառած և դարձյալ՝ ասես ձմեռային քնի մեջ։
Ալեկոծվող ալիքների մեջ մարդիկ տեսնում են Իմ ցասումը, մութ ամպերի խառնաշփոթի մեջ նրանք խուճապահար են ու սարսափած և չգիտեն ուր փախչել, ասես վախենալով, որ որոտն ու անձրևը կքշեն-կտանեն իրենց։ Ապա, երբ պտտվող ձնաբուքն անցնում է, երբ նրանք հիանում են բնության գեղեցիկ տեսարանով, նրանց տրամադրությունը դառնում է հանգիստ ու թեթև։ Բայց նման պահերին նրանցից ո՞վ է երբևէ փորձառաբար ապրել այն անսահման սերը, որ Ես տածում եմ մարդկության հանդեպ։ Նրանց սրտերում միայն Իմ կերպարանքն է, բայց ոչ Իմ Հոգու էությունը։ Մի՞թե մարդը բացահայտորեն չի դիմադրում Ինձ։ Երբ փոթորիկն անցնում է, ողջ մարդկությունն ասես նորոգված լինի. ասես նեղությունների միջով զտվելուց հետո վերագտել են լույսն ու կյանքը։ Մի՞թե դուք նույնպես Իմ հասցրած հարվածներին դիմանալուց հետո բարեբախտություն չունեցաք հասնելու այսօրվան։ Բայց երբ այսօրն անցնի և վաղը գա, կկարողանա՞ք արդյոք պահպանել այն մաքրությունը, որը հաջորդեց հեղեղին։ Ի վիճակի կլինե՞ք արդյոք պահպանելու այն հավատարմությունը, որը հաջորդեց ձեր զտմանը։ Ի վիճակի կլինե՞ք պահպանելու այսօրվա հնազանդությունը։ Կարո՞ղ է արդյոք ձեր հավատարմությունն անփոփոխ մնալ։ Մի՞թե սա մարդու կատարելու կարողությունից վեր պահանջ է։ Ես ամեն օր ապրում եմ մարդկության շրջանում և մարդկության հետ միասին գործում նրանց մեջ, սակայն ոչ ոք երբեք չի նկատել դա։ Եթե չլիներ Իմ Հոգու ուղղորդումը, ողջ մարդկային ցեղից ո՞վ դեռ գոյություն կունենար ներկա դարաշրջանում։ Երբ Ես ասում եմ, որ ապրում և գործում եմ մարդկանց հետ միասին, մի՞թե չափազանցնում եմ։ Անցյալում Ես ասել եմ. «Ես ստեղծեցի մարդկությանը և ուղղորդեցի ողջ մարդկությանն ու հրամայեցի ողջ մարդկությանը». մի՞թե իրականում այդպես չէր։ Հնարավո՞ր է, որ այս բաների վերաբերյալ ձեր փորձառությունը բավարար չէ։ Լոկ «ծառայություն մատուցող» արտահայտությունը կպահանջեր ձեր ողջ կյանքը՝ այն մեկնաբանելու համար։ Առանց փաստացի փորձառության՝ մարդ արարածը երբեք չի ճանաչի Ինձ. նա երբեք ի վիճակի չի լինի ճանաչելու Ինձ Իմ խոսքերի միջոցով։ Այսօր, սակայն, Ես անձամբ եմ եկել ձեր մեջ. մի՞թե սա ավելի օգտակար չի լինի ձեր հասկացողության համար։ Մի՞թե Իմ մարմնացումը նաև փրկություն չէ ձեզ համար։ Եթե Ես անձամբ չիջնեի մարդու աշխարհ, ողջ մարդկային ցեղը վաղուց տոգորված կլիներ պատկերացումներով, ինչը նշանակում է Սատանայի սեփականությունը դառնալ, քանի որ այն, ինչին հավատում ես, սոսկ Սատանայի պատկերն է և բացարձակապես ոչ մի կապ չունի Իր՝ Աստծու հետ։ Մի՞թե սա Իմ փրկությունը չէ։
Երբ Սատանան գալիս է Իմ առջև, Ես չեմ ընկրկում նրա մոլեգնածությունից, ոչ էլ վախենում եմ նրա սոսկալիությունից. Ես պարզապես անտեսում եմ այն։ Երբ Սատանան փորձում է Ինձ, Ես տեսնում եմ նրա դավադրության էությունը՝ ստիպելով նրան ամոթահար և նվաստացած հեռանալ։ Երբ Սատանան կռվում է Ինձ հետ և փորձում խլել Իմ ընտրյալ մարդկանց, Ես վճռորոշ ճակատամարտ եմ մղում նրա դեմ Իմ մսեղիում, և Իմ մսեղիում Ես պահպանում և հովվում եմ Իմ մարդկանց, որպեսզի նրանք հեշտությամբ չընկնեն կամ չմոլորվեն և ճանապարհի ամեն մի քայլափոխին առաջնորդում եմ նրանց։ Իսկ երբ Սատանան պարտված նահանջի, Ես փառք ձեռք բերած կլինեմ Իմ մարդկանցից, և Իմ մարդիկ գեղեցիկ ու հնչեղ վկայություն կրած կլինեն Ինձ համար։ Հետևաբար, Ես կվերցնեմ Իմ տնօրինման ծրագրի հակադրող կերպարներին և մեկընդմիշտ կնետեմ անհատակ անդունդը։ Սա է Իմ ծրագիրը. սա է Իմ գործը։ Քո կյանքում կարող է գալ մի օր, երբ կբախվես նման իրավիճակի. հոժարակամ կերպով քեզ թույլ կտա՞ս գերի ընկնել Սատանային, թե՞ թույլ կտաս, որ Ես քեզ ձեռք բերեմ։ Սա քո սեփական ճակատագիրն է և պետք է ուշադիր մտածես դրա մասին։
Թագավորությունում կյանքը մարդկանց և Իր՝ Աստծու կյանքն է։ Ողջ մարդկությունը գտնվում է Իմ հոգատարության և պաշտպանության ներքո, և բոլորը մեծ կարմիր վիշապի դեմ կենաց ու մահու կռվի մեջ են ներգրավված։ Այս վերջնական ճակատամարտում հաղթելու համար, մեծ կարմիր վիշապին վերջ տալու համար բոլոր մարդիկ պետք է իրենց ողջ էությունը մատուցեն Ինձ Իմ թագավորության մեջ։ Այստեղ հիշատակված «թագավորությունը» վերաբերում է այն կյանքին, որն ապրվում է աստվածայնության անմիջական կառավարման ներքո, որտեղ յուրաքանչյուրն անմիջականորեն ստանում է Իմ հովվությունն ու Իմ կրթումը, այնպես որ նրանց կյանքը, թեև դեռ երկրի վրա, ասես երկնքում լինի. կյանքի ճշմարիտ իրականացում երրորդ երկնքում։ Թեև Ես Իմ մսեղիում եմ, չեմ կրում մսեղիի սահմանափակումները։ Այնքան շատ անգամներ եմ Ես եկել մարդկանց մեջ՝ լսելու նրանց աղոթքները, և այնքան շատ անգամներ եմ Ես, քայլելով մարդկանց մեջ, վայելել նրանց գովաբանությունները. թեև մարդիկ երբեք տեղյակ չեն եղել Իմ գոյության մասին, Ես դեռ այսկերպ շարունակում եմ Իմ գործը։ Իմ բնակատեղն այնտեղ է, որտեղ Ես թաքնված եմ։ Այնուամենայնիվ, Իմ բնակատեղում Ես հաղթել եմ Իմ բոլոր թշնամիներին. Իմ բնակատեղում Ես երկրի վրա ապրելու իրական փորձառություն եմ ձեռք բերել. Իմ բնակատեղում Ես դիտարկում եմ մարդու ամեն մի խոսքն ու գործողությունը և հսկում ու ղեկավարում ողջ մարդկային ցեղը։ Եթե մարդկությունը կարողանար հաշվի առնել Իմ մտադրությունները՝ դրանով իսկ բավարարելով Իմ սիրտը և Ինձ հաճույք պատճառելով, ապա Ես անշուշտ կօրհնեի ողջ մարդկությանը։ Մի՞թե սա չէ Իմ մտադրությունը մարդկության համար։
Երբ մարդկությունը գտնվում է անգիտակից վիճակում, միայն Իմ որոտի ձայներն են արթնացնում նրանց իրենց երազներից։ Իսկ երբ բացում են իրենց աչքերը, այս սառը ճառագայթման պոռթկումները ցավեցնում են շատերի աչքերը, այնպես որ նրանք կորցնում են կողմնորոշումը և չգիտեն՝ որտեղից են եկել և ուր են գնում։ Մարդկանց մեծ մասը տապալվում է լազերից և փլվում փոթորկի տակ, նրանց մարմինները քշվում են հորդացող հեղեղներից՝ ոչ մի հետք չթողնելով։ Ողջ մնացածները լույսի մեջ վերջապես կարողանում են հստակորեն տեսնել Իմ դեմքը և միայն այդ ժամանակ են ինչ-որ բան իմանում Իմ արտաքին կերպարանքի մասին, այնպես որ այլևս չեն համարձակվում ուղիղ նայել Իմ դեմքին՝ խորապես վախենալով, որ Ես ևս մեկ անգամ Իմ հանդիմանությունն ու անեծքները կբերեմ նրանց մսեղիի վրա։ Այնքան շատ մարդիկ աղաղակում են և դառնորեն լաց լինում, այնքան շատերը վհատված են, այնքան շատերը գետեր են կազմում իրենց արյունով, այնքան շատերը դիակներ են դառնում՝ աննպատակ քշվելով այս ու այն կողմ, այնքան շատ մարդիկ, գտնելով իրենց սեփական տեղը լույսի մեջ, հանկարծակի սրտի սուր ցավ են զգում և արցունք թափում իրենց երկար տարիների տառապանքի համար։ Այնքան շատ մարդիկ, լույսից հարկադրված, խոստովանում են իրենց անմաքրությունը և վճռում ուղղվել։ Այնքան շատ մարդիկ, կուրանալով, արդեն կորցրել են ապրելու ուրախությունը և հետևաբար, միտք չունեն նկատելու լույսը և այսպիսով՝ շարունակում են լճանալ՝ սպասելով իրենց վախճանին։ Եվ այնքան շատ մարդիկ բարձրացնում են կյանքի առագաստները և լույսի ուղղորդմամբ անհամբերությամբ սպասում են իրենց վաղվա օրվան... Այսօր մարդկության մեջ ո՞վ գոյություն չունի այս վիճակում։ Ո՞վ գոյություն չունի Իմ լույսի մեջ։ Նույնիսկ եթե ուժեղ ես, կամ թեև կարող ես թույլ լինել, ինչպե՞ս կարող ես խուսափել Իմ լույսի գալուց։
1992 թ. մարտի 10