Գիտեի՞ր արդյոք։ Աստված մի մեծ գործ է արել մարդկանց մեջ։
Հին դարաշրջանն անցավ, և եկավ նոր դարաշրջանը։ Տարեցտարի և օրեցօր Աստված բազում գործեր կատարեց։ Նա եկավ աշխարհ և ապա հեռացավ։ Այս շրջանը կրկնվել է սերունդների ընթացքում։ Այսօր էլ, նախկինի պես, Աստված շարունակում է կատարել այն գործը, որ պարտավոր է կատարել, այն գործը, որ դեռ չի ավարտել, քանզի մինչ օրս Նա դեռ չի մտել հանգստի մեջ։ Աշխարհն արարելուց մինչ այսօր Աստված շատ գործ է կատարել։ Բայց դու գիտեի՞ր, որ այսօր Աստված կատարում է շատ ավելի մեծ գործ, քան առաջ, և Նրա գործի ծավալն ավելին է, քան նախկինում։ Ահա թե ինչու եմ ասում, որ Աստված մի մեծ գործ է արել մարդկանց մեջ։ Աստծու բոլոր գործերն առավել կարևոր են թե՛ մարդու և թե՛ Աստծու համար, քանզի Նրա գործի ամեն մի դրվագ առնչվում է մարդուն։
Քանի որ Աստծո գործը ո՛չ տեսանելի է, ո՛չ շոշափելի, և առավել ևս՝ աշխարհի համար տեսանելի չէ, ինչպե՞ս կարող է այն համարվել մեծ։ Իսկ ի՞նչը կարող է համարվել մեծ։ Անշուշտ, ոչ ոք չի կարող ժխտել, որ ինչ գործ էլ Աստված կատարի, դա կարող է համարվել մեծ։ Բայց ինչո՞ւ եմ ես այսօրվա Աստծո գործի մասին ասում, թե այն մեծ է։ Երբ ասում եմ, որ Աստված մեծ գործ է կատարել, սա անկասկած ներառում է բազմաթիվ խորհուրդներ, որոնք մարդը դեռ չի ըմբռնել։ Եկե՛ք այժմ խոսենք դրանց մասին։
Հիսուս ծնվեց մի մսուրում՝ մի այնպիսի դարաշրջանում, որն անկարող էր հանդուրժել Նրա գոյությունը. սակայն, նույնիսկ այդպես, աշխարհը չկարողացավ խոչընդոտել Նրա ուղին, և Նա Աստծու հոգածության ներքո երեսուներեք տարի ապրեց մարդկանց մեջ։ Իր կյանքի այդ բազում տարիների ընթացքում Նա ճաշակեց աշխարհի դառնությունը և համտեսեց երկրավոր թշվառ կյանքը։ Նա Իր ուսերին առավ խաչելության ծանր բեռը՝ ողջ մարդկությանը փրկագնելու համար։ Նա փրկագնեց բոլոր մեղավորներին, ովքեր ապրում էին սատանայի իշխանության ներքո, և ի վերջո, Նրա հարուցյալ մարմինը վերադարձավ Իր հանգստի վայրը։ Այժմ սկսվել է Աստծու նոր գործը, որը նշանակում է՝ նոր դարաշրջան է սկսվել։ Աստված Իր տուն է բերում փրկագնվածներին և սկսում Իր նոր փրկության գործը։ Այս անգամ փրկության գործն ավելի ամբողջական է, քան անցյալում։ Ո՛չ թե Սուրբ Հոգին է գործում մարդու մեջ՝ նրան ինքնուրույն փոխելու համար, և ո՛չ էլ Հիսուսի մարմինն է, որ հայտնվում է մարդկանց մեջ՝ այս գործը կատարելու համար, և առավել ևս՝ այս գործը չի կատարվում այլ միջոցներով։ Այլ ընդհակառակը, մարմնացյալ Աստված Ինքն է կատարում այդ գործը և Ինքն էլ ուղղորդում այն։ Նա անում է սա այս կերպ, որպեսզի մարդուն առաջնորդի դեպի նոր գործը։ Մի՞թե սա մեծ գործ չէ։ Աստված այս գործը չի կատարում մարդկության մի մասի միջոցով կամ մարգարեությունների օգնությամբ, այլ հենց Ինքն է կատարում։ Ոմանք գուցե ասեն, թե սա մեծ բան չէ և չի կարող մարդուն զմայլանք պարգևել։ Սակայն ասում եմ քեզ, որ Աստծու գործը միայն այսքանով չի սահմանափակվում. այն շատ ավելի մեծ է և առավել։
Այս անգամ Աստված գալիս է Իր գործը կատարելու ոչ թե հոգևոր մարմնով, այլ մի հասարակ մարմնավոր կերպարանքով։ Ավելին՝ դա Աստծու երկրորդ մարմնացման մարմինն է, և դա նաև այն մարմինն է, որով Աստված վերադառնում է մսեղի։ Դա շատ սովորական մսեղի է։ Նրա մեջ չես կարող տեսնել ոչինչ, որը Նրան կառանձնացներ մյուսներից, բայց Նրանից կարող ես ստանալ ճշմարտություններ, որոնք նախկինում երբեք չես լսել։ Հենց այս աննշան մսեղին է ճշմարտության մասին Աստծու բոլոր խոսքերի մարմնավորումը և վերջին օրերում Աստծու գործը կրողը, ինչպես նաև այն արտահայտությունը, որով մարդը ճանաչում է Աստծու ողջ բնույթը։ Մի՞թե իսկապես չես ուզում տեսնել երկնքի Աստծուն։ Մի՞թե իսկապես չես ուզում հասկանալ երկնքի Աստծուն։ Մի՞թե իսկապես չես ուզում տեսնել մարդկության վերջնական հանգրվանը։ Նա քեզ կպատմի այս բոլոր գաղտնիքները, գաղտնիքներ, որոնք ոչ ոք երբևէ չի կարողացել պատմել քեզ, և Նա նաև կվերցնի այն ճշմարտությունները, որոնք չես հասկանում, ու կպատմի քեզ։ Նա արքայություն տանող քո դարպասն է և քեզ նոր դարաշրջան ուղեկցողը։ Այս սովորական մսեղին պարունակում է բազմաթիվ խորհուրդներ, որոնք մարդը չի կարող ըմբռնել, և այն ամենը, ինչ Նա անում է, անըմբռնելի է քեզ համար, բայց Նրա կատարած գործի բոլոր նպատակները բավարար են, որպեսզի հնարավորություն տան քեզ տեսնելու, որ Նա, ինչպես մարդն է կարծում, պարզապես մսեղի չէ, որովհետև Նա ներկայացնում է Աստծու մտադրությունները վերջին օրերում, և Նա ներկայացնում է Աստծու հոգատարությունը մարդկության հանդեպ վերջին օրերում։ Թեև չես կարող լսել Նրա խոսքերն այնպես, ասես դրանք ցնցում են երկինքն ու երկիրը, թեև չես կարող տեսնել Նրա մեջ բոցերի պես աչքեր, և թեև չես կարող ստանալ Նրա երկաթե գավազանի կարգավարժանքը, այնուամենայնիվ, Նրա խոսքերից կարող ես լսել, որ Աստված բարկացած է, և իմանալ, որ Աստված ողորմություն է ցուցաբերում մարդկությանը, և տեսնել Աստծու արդար բնույթը, և տեսնել, թե որտեղ է Նրա իմաստությունը, և առավել ևս գնահատել Աստծու հոգատարությունը ողջ մարդկության հանդեպ։ Աստծու գործը վերջին օրերում այն է, որ մարդը երկրի վրա տեսնի երկնքում գտնվող Աստծուն՝ ապրող մարդկանց մեջ, և որ մարդը ճանաչի, հնազանդվի, երկյուղի և սիրի Աստծուն։ Ահա թե ինչու Նա վերադարձավ մսեղի երկրորդ անգամ։ Թեպետ այսօր դուք տեսնում եք Աստծուն, որ նույնն է, ինչ մարդը՝ Աստված, որ ունի քիթ և երկու աչք և ունի խիստ աննշան արտաքին, սակայն ի վերջո Աստված ձեզ ցույց կտա, որ եթե այս մարդը գոյություն չունենար, երկինքն ու երկիրը մեծ փոփոխության կենթարկվեին։ Եթե այս անձը գոյություն չունենար, երկինքը կխավարեր, երկիրը քաոսի կմատնվեր, և ողջ մարդկությունը կապրեր սովի ու համաճարակների մեջ։ Նա ձեզ ցույց կտա, որ եթե վերջին օրերի մարմնացյալ Աստված չգար ձեզ փրկելու, ապա Աստված վաղուց արդեն դժոխքում կործանած կլիներ ողջ մարդկությանը, եթե այս մարմինը չլիներ, դուք հավիտյան կմնայիք որպես ծայրագույն մեղավորներ և հավերժ կլինեիք դիակներ։ Դուք պետք է իմանաք, որ եթե այս մսեղին չլիներ, ողջ մարդկության համար անհնարին կլիներ խուսափել մեծ աղետից և անհնարին կլիներ խույս տալ այն առավել խիստ պատժից, որն Աստված սահմանել է մարդկությանը վերջին օրերում։ Եթե այս սովորական մարմինը ծնված չլիներ, դուք բոլորդ կլինեիք մի վիճակում, որտեղ կմուրայիք կյանքը՝ առանց ապրել կարողանալու, և կտենչայիք մահը՝ առանց մեռնել կարողանալու։ Եթե այս մարմինը չլիներ, ապա դուք չէիք կարողանա ստանալ ճշմարտությունը և այսօր կանգնել Աստծու գահի առջև, այլ ընդհակառակը՝ կպատժվեիք Աստծու կողմից ձեր ծանրագույն մեղքերի պատճառով։ Գիտեի՞ք արդյոք, որ եթե չլիներ Աստծու վերադարձը մարմնի մեջ, ոչ ոք փրկության հնարավորություն չէր ունենա, և եթե չլիներ այս մարմնի գալուստը, Աստված վաղուց արդեն վերջ դրած կլիներ հին դարաշրջանին։ Քանի որ սա այդպես է, մի՞թե դեռ պիտի մերժեք Աստծու երկրորդ մարմնացումը։ Եվ քանի որ դուք կարող եք այսպիսի մեծագույն բարիքներ քաղել այս հասարակ անձից, ինչո՞ւ չեք կամենում ուրախությամբ ընդունել Նրան։
Աստծու գործը մի բան է, որը չես կարող ըմբռնել։ Եթե դու չես կարող ո՛չ լիովին հասկանալ՝ արդյո՞ք քո ընտրությունը ճիշտ է, և ո՛չ էլ գիտես՝ արդյո՞ք Աստծու գործը կարող է հաջողության հասնել, ապա ինչո՞ւ չփորձես քո բախտը և տեսնես՝ արդյո՞ք այս սովորական մարդը կարող է քեզ մեծապես օգնել, և արդյոք Աստված իսկապես մեծ գործ է կատարել։ Սակայն Ես պետք է ասեմ քեզ, որ Նոյի օրերում մարդն այնքան էր տարվել ուտելով ու խմելով, ամուսնանալով ու ամուսնության տալով, որ Աստծու համար այլևս անհանդուրժելի էր դա տեսնելը, ուստի Նա մի մեծ ջրհեղեղ բերեց՝ բնաջնջելու մարդկությունը՝ խնայելով միայն Նոյի ութ հոգանոց ընտանիքը և ամեն տեսակ թռչուններն ու գազանները։ Վերջին օրերում, սակայն, Աստծու կողմից խնայվածները բոլոր նրանք են, ովքեր հավատարիմ են մնացել Նրան մինչև վերջ։ Թեպետ երկու դարաշրջանն էլ Աստծու համար անհանդուրժելի և ծայրաստիճան ապականված ժամանակներ են՝ ականատես լինելու, և երկու դարաշրջանի մարդկությունն էլ այնքան է ապականվել ու ուրանում է Աստծուն՝ որպես իր Տիրոջ, Աստված կործանեց միայն Նոյի ժամանակի մարդկանց։ Երկու դարաշրջանի մարդկությունն էլ Աստծուն մեծ վիշտ է պատճառում, սակայն մինչ օրս Աստված շարունակում է համբերատար լինել վերջին օրերի մարդկանց հանդեպ։ Ինչո՞ւ է այդպես։ Մի՞թե երբեք չեք խորհել՝ ինչո՞ւ։ Եթե դուք իսկապես չգիտեք, ապա թույլ տվեք Ինձ ասել ձեզ։ Պատճառը, որ Աստված կարողանում է շնորհ տալ վերջին օրերի մարդկանց, այն չէ, որ նրանք նվազ ապականված են, քան Նոյի ժամանակի մարդիկ, կամ որ նրանք մտադրություն ունեն ապաշխարելու Աստծու առաջ, և առավել ևս այն չէ, որ վերջին օրերի տեխնոլոգիաներն այնքան են զարգացել, որ Աստված թույլ չի տալիս Իրեն կործանել նրանց։ Այլ այն է, որ Աստված գործ ունի կատարելու վերջին օրերի մի խումբ մարդկանց մեջ, և որ Աստված մտադիր է Ինքը կատարել այդ գործն Իր մարմնացման միջոցով։ Ավելին, Աստված մտադիր է այս խմբից ընտրել մի մասին, որպեսզի նրանք դառնան Իր փրկության առարկաներն ու Իր տնօրինման ծրագրի պտուղը և այդ մարդկանց առաջնորդի դեպի հաջորդ դարաշրջան։ Հետևաբար, անկախ ամեն ինչից, Աստծու վճարած այս գինն ամբողջությամբ նախապատրաստություն է այն գործի համար, որ Նրա մարմնացյալ մարմինը կատարում է վերջին օրերում։ Փաստը, որ դուք հասել եք այսօրվան, շնորհիվ այս մարմնի է։ Պատճառը, որ դուք գոյատևելու հնարավորություն ունեք, այն է, որ Աստված ապրում է մարմնի մեջ։ Այս բոլոր օրհնությունները ձեռք են բերվել այս սովորական մարդու շնորհիվ։ Ոչ միայն սա, այլև ի վերջո բյուրավոր ազգեր պիտի երկրպագեն այս սովորական մարդուն, ինչպես նաև երախտագիտություն հայտնեն ու հնազանդվեն այս աննշան անձնավորությանը, քանզի Նրա բերած ճշմարտությունը, կյանքը և ճանապարհն են փրկել ողջ մարդկությունը, մեղմել մարդու և Աստծու միջև եղած հակամարտությունը, կարճացրել նրանց միջև եղած հեռավորությունը և կապ հաստատել Աստծու ու մարդու մտքերի միջև։ Նա է նաև, որ Աստծու համար առավել մեծ փառք է վաստակել։ Արդյո՞ք այսպիսի սովորական մարդն արժանի չէ քո վստահությանն ու երկրպագությանը։ Արդյո՞ք այսպիսի սովորական մարմինն արժանի չէ Քրիստոս կոչվելուն։ Արդյո՞ք այսպիսի սովորական մարդը չի կարող դառնալ Աստծու արտահայտությունը մարդու մեջ։ Արդյո՞ք այսպիսի անձը, որն ազատել է մարդկությանն աղետից, արժանի չէ ձեր սիրուն և Նրան մոտ լինելու ձեր փափագին։ Եթե դուք մերժում եք Նրա շուրթերից արտահայտվող ճշմարտությունները և զզվում եք ձեր մեջ Նրա գոյությունից, ապա ի՞նչ կլինի ձեզ հետ ի վերջո։
Աստծու ողջ գործը վերջին օրերում կատարվում է այս սովորական մարդու միջոցով։ Նա ամեն ինչ կշնորհի քեզ, և ավելին՝ Նա կարող է որոշել այն ամենը, ինչ վերաբերում է քեզ։ Մի՞թե այսպիսի անձը կարող է լինել այնպիսին, ինչպիսին դուք եք պատկերացնում Նրան՝ մի այնպիսի պարզ անձնավորություն, որն արժանի չէ նույնիսկ հիշատակման։ Մի՞թե Նրա ճշմարտությունը բավարար չէ ձեզ լիովին համոզելու համար։ Մի՞թե Նրա գործերը ձեր սեփական աչքերով տեսնելն անկարող է համոզել ձեզ։ Թե՞ մարդկանց Նրա առաջնորդած ճանապարհն արժանի չէ, որ դուք քայլեք դրանով։ Երբ ամեն ինչ ասված և արված է, ի՞նչն է ստիպում ձեզ հակակրանք զգալ Նրա հանդեպ, մերժել Նրան և հեռու մնալ Նրանից։ Հենց այս անձն է, որ արտահայտում է ճշմարտությունը, հենց այս անձն է, որ ապահովում է ճշմարտությունը, և հենց այս անձն է, որ ձեզ հետևելու ճանապարհ է տալիս։ Մի՞թե դուք դեռևս ի զորու չեք գտնել Աստծու գործի հետքերն այս ճշմարտությունների մեջ։ Առանց Հիսուսի գործի՝ մարդկությունը չէր կարող իջնել խաչից, բայց առանց այսօրվա մարմնացած Աստծու՝ նրանք, ովքեր իջել են խաչից, երբեք չէին կարող ստանալ Աստծու հավանությունը կամ մտնել նոր դարաշրջան։ Առանց այս սովորական մարդու գալստյան՝ դուք երբեք հնարավորություն չէիք ունենա տեսնելու Աստծու իսկական դեմքը, ոչ էլ արժանի կլինեիք դրան, քանզի դուք բոլորդ այնպիսի էակներ եք, որոնք վաղուց պետք է կործանված լինեին։ Աստծու երկրորդ մարմնացման գալստյան շնորհիվ Աստված ներել է ձեզ և ողորմածություն ցույց տվել։ Այնուամենայնիվ, այն խոսքերը, որոնք Ես պիտի թողնեմ ձեզ վերջում, դարձյալ սրանք են. այս սովորական մարդը, ով մարմնացյալ Աստված է, կենսական նշանակություն ունի ձեզ համար։ Սա այն մեծ գործն է, որ Աստված արդեն իսկ կատարել է մարդկանց շրջանում։