Քրիստոսը դատաստանի գործը կատարում է ճշմարտությամբ
Վերջին օրերի գործն ամեն ինչ ըստ իր տեսակի դասակարգելու գործն է, և Աստծու տնօրինման ծրագիրն ավարտելու գործն է, որովհետև ժամանակը մոտ է, և Աստծու օրը եկել է։ Բոլոր նրանք, ովքեր մուտք են գործում Իր արքայություն, նրանք, ովքեր մինչև վերջ հավատարիմ են մնում, Աստված բերում է Իր՝ Աստծու դարաշրջան։ Սակայն մինչև Ինքն Աստծու դարաշրջանի գալուստը` Աստծու գործը մարդու արարքները քննելը չէ, ոչ էլ մարդու կյանքի մասին հարցնելը, այլ մարդու ըմբոստությունը դատելն է, որովհետև Աստված պիտի մաքրագործի բոլոր նրանց, ովքեր գալիս են Իր գահի առաջ։ Բոլորը, ովքեր մինչ այս օրը հետևել են Աստծու հետքերին, նրանք են, որ գալիս են Աստծու գահի առաջ, և այսպիսով՝ յուրաքանչյուր մարդ, որն ընդունում է վերջին Աստծու գործը, Աստծու մաքրագործման առարկան է։ Այլ կերպ ասած՝ յուրաքանչյուր ոք, ով ընդունում է Աստծու վերջին գործը, Աստծու դատաստանի առարկան է։
Անցյալում ասված «Աստծու տան մեջ սկսվող դատաստանի» մեջ «դատաստան» բառը վերաբերում է այն դատաստանին, որն Աստված այսօր իրականացնում է վերջին օրերին Իր գահի առաջ եկողների նկատմամբ։ Գուցե կան մարդիկ, որոնք կարծում են, թե երբ վերջին օրերը գան, Աստված երկինքներում մեծ սեղան կդնի, որի վրա սպիտակ սփռոց կլինի փռված, ապա կնստի մեծ գահին, և բոլոր մարդիկ կծնկեն գետնին. Նա կմերկացնի յուրաքանչյուրի մեղքերը և դրանով կորոշի՝ արդյոք այդ մարդը պետք է բարձրանա երկինք, թե ուղարկվեն ցած՝ կրակի ու ծծմբի լիճը և նման այլ գերբնական պատկերացումներ։ Անկախ նրանից, թե ինչ է մարդը պատկերացնում՝ դա չի կարող փոխել Աստծու գործի էությունը։ Մարդու երևակայությունները միայն նրա մտածողության ստեղծածն են․ դրանք ծագում են մարդու ուղեղից՝ ամփոփված և իրար միացված այն ամենից, ինչ մարդը տեսել ու լսել է։ Ուստի ասում եմ՝ որքան էլ հրաշալի լինեն մարդու պատկերացումները, դրանք միայն ծաղրանկարներ են և ի վիճակի չեն փոխարինելու Աստծու գործի ծրագիրը։ Ի վերջո, մարդիկ բոլորն ապականվել են Սատանայի կողմից, ուստի ինչպե՞ս կարող էին նրանք ըմբռնել Աստծու մտքերը։ Մարդիկ Աստծու դատաստանի գործը պատկերացնում են որպես մի արտառոց բան։ Նրանք բոլորը հավատում են, որ քանի որ Աստված Ինքն է անում դատաստանի գործը, ապա այս գործը պետք է լինի ամենահսկայական մասշտաբի, պետք է անըմբռնելի լինի աշխարհի մարդկանց համար և պետք է հնչի ողջ երկինքներում ու ցնցի երկիրը. հակառակ դեպքում, ինչպե՞ս այն կարող էր լինել Աստծու դատաստանի գործը։ Մարդիկ հավատում են, որ քանի որ սա դատաստանի գործն է, ապա Աստված գործելիս պետք է հատկապես ազդեցիկ և հատկապես վեհաշուք լինի Իր կեցվածքում, իսկ դատվողները պետք է արտասվելով ողբան և ծնկաչոք ներում աղերսեն։ Նման տեսարաններն, անշուշտ, դիտարժան կլինեին և, անշուշտ, խորապես ցնցող կլինեին… Բոլորն Աստծու դատաստանի գործը պատկերացնում են որպես հրաշալի մի բան։ Սակայն գիտե՞ս արդյոք, որ այն ժամանակ, երբ Աստված վաղուց ի վեր սկսել է Իր դատաստանի գործը մարդկանց մեջ, շարունակում ես ննջել քո հարմարավետ բնում։ Որ այն ժամանակ, երբ կարծում ես, թե Աստծու դատաստանի գործը պաշտոնապես սկսվել է, կլինի այն ժամանակը, երբ Աստված արդեն նորոգած կլինի երկինքն ու երկիրը։ Այդ պահին, թերևս, նոր միայն հասկացած կլինես կյանքի իմաստը, բայց Աստծու՝ պատժի անողոք գործը քեզ՝ դեռևս խորը քնի մեջ գտնվողիդ, կբերի դժոխք։ Այդ պահին հանկարծակի կգիտակցես և կհասկանաս, որ Աստծու դատաստանի գործը վաղուց ի վեր ավարտվել է։
Եկեք չվատնենք մեր թանկարժեք ժամանակն ու այլևս չխոսենք այս գարշելի ու զզվելի թեմաների մասին։ Եկեք փոխարենը խոսենք այն մասին, թե ի՞նչ է դատաստանը։ Երբ լսում ես «դատաստան» բառը, պետք է հիշես այն խոսքերը, որ Եհովան ասաց՝ հստակ կերպով սովորեցնելու համար մարդկանց բոլոր տեղերում, և պետք է հիշես այն խոսքերը, որ Հիսուսն ասաց՝ հանդիմանելու փարիսեցիներին։ Թեև այդ խոսքերը խիստ էին, դրանք Աստծու դատաստանը չէին մարդու նկատմամբ․ դրանք պարզապես խոսքեր էին, որ Աստված ասաց տարբեր հանգամանքներում, այսինքն՝ տարբեր համատեքստերում։ Այս խոսքերը նման չեն այն խոսքերին, որ վերջին օրերի Քրիստոսն ասում է՝ մարդուն դատելու համար։ Վերջին օրերի Քրիստոսը տարբեր ճշմարտությունների միջոցով է ուսուցանում մարդուն, մերկացնում մարդու բուն էությունը և մանրամասն վերլուծում նրա խոսքերն ու արարքները։ Այս խոսքերը պարունակում են տարբեր ճշմարտություններ, ինչպիսին է մարդու պարտավորությունը, թե ինչպե՞ս պետք է մարդը ենթարկվի Աստծուն, ինչպե՞ս պետք է մարդը հավատարիմ լինի Աստծուն, ինչպե՞ս պետք է մարդը կյանքով արտահայտի բնականոն մարդկայնությունը, ինչպես նաև Աստծու իմաստությունն ու Աստծու բնույթը։ Այս խոսքերը բոլորն ուղղված են մարդու բուն էությանը և ուղղված են մարդու ապականված խառնվածքին։ Մասնավորապես այն խոսքերը, որոնք մերկացնում են, թե ինչպես է մարդը լքում Աստծուն, առավել ևս ուղղված են այն բանին, թե ինչպես է մարդը էապես Սատանայի մարմնավորումը և ուղղված են այն բանին, թե ինչպես է մարդը էապես Աստծուն հակառակող թշնամական ուժ։ Աստված Իր դատաստանի գործը չի կատարում՝ ընդամենը մի քանի բառով ասելով այն ամենը, ինչ կարելի է ասել մարդու բնության մասին. այլ երկարաժամկետ կերպով մերկացնում և էտում։ Այս բոլոր տարբեր բացահայտման և էտման եղանակները չեն կարող փոխարինվել սովորական խոսքերով․ դրա փոխարեն օգտագործվում է այն ճշմարտությունը, որը մարդը բացարձակապես չունի, որպեսզի իրականացվի այս մերկացման և էտման աշխատանքը։ Միայն այսպիսի մեթոդները կարող են կոչվել դատաստան. միայն այս տեսակ դատաստանը կարող է ենթարկեցնել մարդուն, կարող է մարդուն լիովին համոզել Աստծու հարցում և, ավելին, հնարավորություն տալ նրան ձեռք բերելու ճշմարիտ ճանաչողություն Աստծու մասին։ Այն, ինչ բերում է դատաստանի գործը, մարդու՝ Աստծու ճշմարիտ դեմքի ճանաչումն է. այն, ինչ բերում է, մարդու՝ իր սեփական ըմբոստության ճշմարտության հասկացողությունն է։ Դատաստանի գործը հնարավորություն է տվել մարդուն մեծ հստակություն ձեռք բերելու Աստծու մտադրությունների վերաբերյալ, մեծ հստակություն՝ Աստծու գործի նպատակի վերաբերյալ, և մեծ ըմբռնում՝ այն խորհուրդների վերաբերյալ, որոնք նա ի վիճակի չէ հասկանալու։ Այն նաև հնարավորություն է տվել մարդուն ճանաչելու և գիտակցելու իր ապականված էությունն ու իր ապականության արմատը, և հնարավորություն է տվել մարդուն բացահայտելու իր տգեղ դեմքը։ Գործի այս արդյունքները բոլորն առաջ են գալիս դատաստանի գործի միջոցով, քանզի դատաստանի գործի էությունն իրականում Աստծու ճշմարտությունը, ճանապարհը և կյանքը բոլոր Նրան հավատացողների առջև բացելու գործն է։ Այս գործն Աստծու կողմից կատարվող դատաստանի գործն է։ Եթե այս ճշմարտությունները կարևոր չես համարում, եթե միշտ փորձում ես խուսափել այս ճշմարտություններից և միշտ փորձում ես այս ճշմարտություններից դուրս նոր ելք փնտրել, ապա Ես ասում եմ, որ դու նողկալի մեղավոր ես։ Եթե դու հավատում ես Աստծուն, բայց չես որոնում ճշմարտությունը և չես փնտրում Աստծու մտադրությունները, չես սիրում այն ճանապարհը, որը քեզ ավելի մոտեցնում է Աստծուն, ապա ես ասում եմ՝ դու այն մարդն ես, որը փորձում է փախչել դատաստանից, և դու մի խամաճիկ ու դավաճան ես, որ փախչում է Մեծ Սպիտակ Գահից։ Աստված չի խնայի որևէ ապստամբի, ով փախչում է Նրա աչքերի տակից։ Այսպիսի մարդիկ կստանան է՛լ ավելի ծանր պատիժ։ Նրանք, ովքեր գալիս են Աստծու առաջ՝ ստանալու Նրա դատաստանը, և բացի դրանից՝ մաքրագործվել են, հավիտյան կապրեն Աստծու արքայությունում։ Իհարկե, սա մի բան է, որ վերաբերում է ապագային։
Դատաստանի գործն Աստծու սեփական գործն է, ուստի այն բնականաբար պետք է կատարվի հենց Աստծու կողմից․ մարդը չի կարող կատարել այն Նրա փոխարեն։ Քանի որ դատաստանը ճշմարտության օգտագործումն է՝ մարդկությանը նվաճելու համար, անվիճելի է, որ Աստված դեռևս հայտնվում է մարդկանց մեջ մարմնացած կերպարանքով՝ այս գործը կատարելու համար։ Այսինքն՝ վերջին օրերի Քրիստոսը կօգտագործի ճշմարտությունը՝ ամենուրեք մարդկանց ուսուցանելու համար, և ողջ ճշմարտությունը հստակորեն կներկայացնի բոլոր տեղերում գտնվող գտնվող մարդկանց։ Սա Աստծու դատաստանի գործն է։ Շատերն իրենց շատ անհարմար են զգում Աստծու երկրորդ մարմնացման վերաբերյալ, քանի որ բոլոր մարդկանց համար դժվար է հավատալ, որ Աստված մսեղի կդառնար՝ դատաստանի գործն անելու համար։ Այնուամենայնիվ, Ես պետք է ասեմ քեզ, որ Աստծու գործը հաճախ շատ ավելին է, քան մարդու ակնկալիքները, և մարդկային ուղեղի համար դժվար է ընդունել այն։ Քանզի մարդիկ ընդամենը որդեր են երկրի վրա, մինչդեռ Աստված Գերագույնն է, ով լցնում է տիեզերքը. մարդու ուղեղը նման է գարշահոտ ջրի փոսի և միայն որդեր է բազմացնում, մինչդեռ Աստծու մտքերով ղեկավարվող գործի յուրաքանչյուր փուլ Աստծու իմաստության բյուրեղացումն է։ Մարդը միշտ փորձում է մրցել Աստծու հետ, ինչին Ես ասում եմ, որ ակնհայտ է, թե ի վերջո ով կտուժի։ Ես հորդորում եմ ձեզանից յուրաքանչյուրին իրեն ոսկուց ավելի արժեքավոր չհամարել։ Եթե ուրիշները կարող են ընդունել Աստծու դատաստանը, ինչո՞ւ դու չես կարող։ Որքանո՞վ ես ուրիշներից բարձր դասվում։ Եթե ուրիշները կարող են խոնարհել իրենց գլուխները ճշմարտության առաջ, ինչո՞ւ դու էլ չես կարող։ Աստծու գործն անողոք է։ Նա չի կրկնի դատաստանի գործը քո ունեցած «ներդրման» պատճառով, և դու սրտամաշ զղջում կապրես՝ նման լավ հնարավորություն բաց թողնելու համար։ Եթե չես հավատում Իմ խոսքերին, ապա պարզապես սպասի՛ր, որ երկնքի այդ մեծ սպիտակ գահը «դատի» քեզ։ Պետք է իմանաս, որ իսրայելացիները բոլորը լքեցին Հիսուսին, և նրանք բոլորն ուրացան Հիսուսին, և այնուամենայնիվ, Հիսուսի՝ մարդկության փրկագնման փաստը, միևնույն է, տարածվեց ողջ տիեզերքում և մինչև երկրի ծայրերը։ Արդյո՞ք սա մի փաստ չէ, որ Աստված վաղուց իրականացրել է։ Եթե դու դեռ սպասում ես, որ Հիսուսը քեզ բարձրացնի երկինք, ապա Ես ասում եմ՝ դու անպետք պնդաճակատ մարդ ես։ Հիսուսը չի ճանաչի այնպիսի կեղծ հավատացյալի, ինչպիսին դու ես, որ անհավատարիմ է ճշմարտությանը և միայն օրհնություններ է որոնում։ Ընդհակառակը, Նա անողորմաբար քեզ կգցի կրակի լիճը, որտեղ դու կվառվես տասնյակ հազարավոր տարիներ։
Թե ինչ է դատաստանը, ինչ է ճշմարտությունը՝ հիմա հասկանո՞ւմ ես այս երկուսը։ Եթե այո, ապա խորհուրդ եմ տալիս քեզ հնազանդորեն ընդունել դատաստանը։ Հակառակ դեպքում երբեք հնարավորություն չես ունենա հավանության արժանանալու Աստծու կողմից, և երբեք հնարավորություն չես ունենա Նրա կողմից տարվելու Նրա թագավորություն։ Նրանք, ովքեր միայն ընդունում են դատաստանը, բայց երբեք չեն կարող մաքրագործվել, այսինքն՝ նրանք, ովքեր փախչում են դատաստանի գործի ընթացքում, հավերժ կարհամարհվեն Աստծու կողմից։ Նրանց մեղքերն ավելի ծանր են և ավելի բազմաթիվ, քան փարիսեցիներինը, քանի որ նրանք դավաճանել են Աստծուն և ըմբոստանում են Աստծու դեմ։ Այս մարդիկ, որոնք արժանի չեն անգամ տքնելու, կստանան ավելի խիստ պատիժ, պատիժ, որն, ավելին, հավերժական է։ Աստված չի խնայի ոչ մի դավաճանի, որը ժամանակին Իրեն,հավատարմություն է դավանել բայց հետո դավաճանել է Իրեն։ Նման մարդիկ հատուցում կստանան թե՛ շնչի, թե՛ հոգու և թե՛ մարմնի պատժի միջոցով։ Մի՞թե սա հենց Աստծու արդար բնույթի դրսևորում չէ։ Մի՞թե սա հենց Աստծու նպատակը չէ մարդուն դատելիս և մարդուն մերկացնելիս։ Նրանց, ովքեր բազմաթիվ չար գործեր են կատարում դատաստանի ժամանակաշրջանում, Աստված հանձնում է չար դևերի խմբերով բնակեցված մի վայր և թույլ է տալիս, որ այդ չար դևերը ոչնչացնեն նրանց մսեղին այնպես, ինչպես կամենում են, և այդ մարդկանց մսեղին դիակների գարշահոտություն է արձակում։ Այսպիսին է նրանց արժանի հատուցումը։ Այդ անհավատարիմ կեղծ հավատացյալների, կեղծ առաքյալների և կեղծ աշխատողների տարբեր մեղքերն Աստված մեկ առ մեկ գրանցում է նրանց գրանցամատյաններում, և երբ ժամանակը գա, Նա գցում է նրանց անմաքուր հոգիների մեջ՝ թույլ տալով, որ այդ անմաքուր հոգիներն ըստ քմահաճույքի ապականեն նրանց ողջ մարմինները, անում է այնպես, որ նրանք երբեք չկարողանան վերամարմնավորվել, և անում է այնպես, որ նրանք երբեք այլևս չկարողանան տեսնել լույսը։ Այն կեղծավորներին, որոնք որոշ ժամանակ ծառայություն են մատուցում, բայց մինչև վերջ հավատարիմ չեն մնում, Աստված դասում է չար մարդկանց շարքին՝ թույլ տալով նրանց չար մարդկանց հետ թավալվել ցեխի մեջ և միասին չարագործների խառնամբոխ կազմել, և ի վերջո Աստված կբնաջնջի նրանց։ Նրանց, ովքեր երբեք հավատարիմ չեն եղել Քրիստոսին կամ երբեք որևէ ջանք չեն գործադրել, Աստված մի կողմ է նետում և երբեք ոչ մի ուշադրություն չի դարձնում նրանց, իսկ դարաշրջանի փոփոխության ժամանակ Նա կբնաջնջի նրանց բոլորին, որպեսզի նրանք այլևս գոյություն չունենան երկրի վրա, էլ չասած՝ Աստծու թագավորություն մուտք գործելու մասին։ Նրանց, ովքեր երբեք անկեղծ չեն եղել Նրա հանդեպ, այլ փոխարենը պարզապես ձևականորեն են գործ ունեցել Նրա հետ, քանի որ այլ ելք չեն ունեցել, Աստված դասում է Իր մարդկանց համար ծառայություն մատուցողների շարքին։ Նման մարդկանց միայն մի փոքր մասը ողջ կմնա, մինչդեռ մեծամասնությունը կոչնչացվի նրանց հետ միասին, որոնց տքնությունը նույնիսկ չի համապատասխանում չափանիշին։ Ի վերջո բոլոր նրանց, ովքեր նույն սիրտը և միտքն ունեն, ինչ Աստված, Աստծու մարդկանց և որդիներին, և նրանց, ովքեր Աստծու կողմից նախասահմանված են քահանաներ լինելու, Աստված կտանի Իր թագավորություն։ Այս ամենն Աստծու գործի միջոցով ձեռք բերված բյուրեղացումն է։ Իսկ նրանք, ովքեր չեն կարող դասվել Աստծու կողմից սահմանված որևէ կարգի մեջ, բոլորը կդասվեն անհավատների շարքում, և դուք հաստատ կարող եք պատկերացնել, թե ինչպիսին կլինի նրանց ելքը։ Ես արդեն ասել եմ ձեզ այն ամենը, ինչ պետք է ասեի․ ձեր ընտրած ճանապարհը միայն ձեր ընտրությունն է։ Այն, ինչ դուք պետք է հասկանաք, սա է․ Աստծու գործը երբեք չի սպասում այն մարդուն, որը չի կարող համաքայլ գնալ Նրա հետ, և Աստծու արդար բնույթը գթություն չի ցուցաբերում ոչ մի անձի հանդեպ։