Քրիստոսի արտահայտումները սկզբում․ Գլուխ 88
Մարդիկ պարզապես չեն կարող պատկերացնել, թե որքան է արագացել Իմ ընթացքը։ Սա տեղի ունեցած հրաշք է, որը վեր է այն բանից, ինչ մարդն ունակ է ըմբռնելու։ Իմ ընթացքը շարունակվել է աշխարհի արարումից ի վեր, և Իմ գործը երբեք չի դադարել։ Ամբողջ տիեզերք աշխարհը փոխվում է օրեցօր, և մարդիկ նույնպես անդադար փոխվում են։ Սրանք բոլորն Իմ գործի մի մասն են, Իմ ծրագրի մի մասն են, և առավել ևս՝ պատկանում են Իմ տնօրինմանը, և ոչ մի մարդ չգիտի կամ չի հասկանում այս բաները։ Միայն երբ Ինքս եմ ասում ձեզ, միայն երբ հաղորդակցվում եմ ձեզ հետ դեմ առ դեմ, մի փոքր իմանում եք. այլապես բացարձակապես ոչ ոք չի կարող որևէ պատկերացում ունենալ Իմ տնօրինման ծրագրի նախագծի մասին։ Այսպիսին է Իմ մեծ զորությունը, և առավել ևս՝ այսպիսին են Իմ սքանչելի գործողությունները։ Սրանք բաներ են, որոնք ոչ ոք չի կարող փոխել։ Ուստի այն, ինչ ասում եմ այսօր, իրականանում է և պարզապես չի կարող փոխվել։ Մարդկային պատկերացումներն Իմ մասին ամենանվազ գիտությունն անգամ չեն պարունակում։ Դրանք բոլորն անմիտ շաղակրատանք են։ Մի՛ կարծեք, թե բավականաչափ ստացել եք և բավարարված եք։ Ասում եմ քեզ սա. դեռ շատ երկար ճանապարհ ունես անցնելո՛ւ։ Իմ ողջ տնօրինման ծրագրից գիտեք միայն մի փոքր մասը, ուստի պետք է լսեք այն և անեք այն ամենը, ինչ ասում եմ ձեզ։ Ամեն ինչում գործեք Իմ ցանկությունների համաձայն, և անշուշտ կունենաք Իմ օրհնությունները։ Ով հավատում է, կարող է ստանալ, մինչդեռ ով չի հավատում, իր մեջ իրականացած կունենա այն «ոչինչը», որ պատկերացնում էր։ Սա Իմ արդարությունն է և առավել ևս՝ Իմ մեծափառությունը, Իմ ցասումը և Իմ պատիժը։ Յուրաքանչյուր մարդու ոչ մի միտք կամ արարք չի վրիպում Ինձնից։
Իմ խոսքերը լսելիս շատերը վախենում ու դողում են և հոնքերը կիտում։ Մի՞թե իսկապես անարդար եմ վարվել քեզ հետ։ Մի՞թե մեծ կարմիր վիշապի զավակ չես։ Նույնիսկ ձևացնում ես, թե բարի ես։ Նույնիսկ ձևացնում ես, թե Իմ անդրանիկ որդին ես։ Կարծում ես՝ կո՞ւյր եմ։ Կարծում ես՝ չե՞մ կարողանում զանազանել մարդկանց։ Ես այն Աստված եմ, որ զննում է մարդկանց սրտերի խորքերը։ Սա եմ ասում Իմ որդիներին, և սա եմ ասում նաև ձեզ՝ մեծ կարմիր վիշապի զավակներիդ։ Ամեն ինչ հստակ տեսնում եմ՝ առանց նվազագույն սխալմունքի։ Ինչպե՞ս կարող եմ չիմանալ, թե ինչ եմ անում։ Դա պարզից էլ պարզ է ինձ համար։ Ինչո՞ւ եմ ասում, որ Ինքս Աստված եմ՝ տիեզերքի և բոլոր բաների Արարիչը։ Ինչո՞ւ եմ ասում, որ այն Աստվածն եմ, որ նկատում է մարդկանց սրտերի խորքերը։ Քաջատեղյակ եմ յուրաքանչյուր մարդու իրավիճակին։ Կարծում եք՝ չգիտե՞մ, թե ինչ անել կամ ինչ ասել։ Սա ձեր հոգսը չէ։ Զգո՛ւյշ եղեք, որ չտապալվեք Իմ ձեռքով․ այդպես վնաս կկրեք։ Իմ կառավարչական հրամանագրերն աններողամիտ են։ Հասկանո՞ւմ եք։ Վերոնշյալ բոլոր բաներն Իմ կառավարչական հրամանագրերի մասերն են։ Եթե որևէ հետագա խախտում գործեք այն օրվանից հետո, երբ դրանք ասում եմ ձեզ, հատուցում կլինի, որովհետև նախկինում չէիք հասկանում։
Այժմ Ես հռչակում եմ Իմ կառավարչական հրամանագրերը ձեզ համար (ուժի մեջ են մտնում հռչակման օրվանից՝ տարբեր մարդկանց տարբեր պատիժներ նշանակելով)։
Ես պահում եմ Իմ խոստումները, և ամեն ինչ Իմ ձեռքերում է. ով կասկածում է, անշուշտ կտապալվի։ Ոչ մի նկատառում չկա. նրանք անմիջապես կոչնչացվեն՝ դրանով իսկ սիրտս ազատելով ատելությունից։ (Այստեղից հաստատվում է, որ ով տապալվում է, չպետք է լինի Իմ արքայության անդամ և պետք է լինի Սատանայի հետնորդ։)
Որպես անդրանիկ որդիներ՝ պետք է պահեք ձեր սեփական դիրքը և կատարեք ձեր սեփական պարտավորությունները, այլ ոչ թե քիթներդ խոթեք ուրիշի գործերի մեջ։ Պետք է ընծայեք ձեզ Իմ տնօրինման ծրագրի համար, և ուր էլ գնաք, պետք է բարի վկայություն կրեք Ինձ համար ու փառավորեք Իմ անունը և չպետք է ամոթալի արարքներ գործեք։ Պետք է օրինակ լինեք Իմ բոլոր որդիների և Իմ ժողովրդի համար, չպետք է սանձարձակ լինեք նույնիսկ մի պահ և միշտ պետք է ներկայանաք բոլորի առջև՝ կրելով անդրանիկ որդիների ինքնությունը։ Եվ չպետք է ստրկամիտ լինեք, այլ պետք է առաջ ընթանաք գլուխներդ բարձր պահած։ Ձեզնից պահանջում եմ փառավորել Իմ անունը, ոչ թե անարգել Իմ անունը։ Նրանք, ովքեր անդրանիկ որդիներ են, յուրաքանչյուրն ունի իր առանձին գործառույթը և չի կարող ամեն ինչ անել։ Սա այն պատասխանատվությունն է, որ տվել եմ ձեզ, և այն չպետք է խուսանավել։ Պետք է նվիրվեք ձեր ամբողջ սրտով, ամբողջ մտքով և ամբողջ ուժով՝ կատարելու այն, ինչ հանձնարարել եմ ձեզ։
Այս օրվանից սկսած՝ ամբողջ տիեզերք աշխարհում Իմ բոլոր որդիներին և Իմ ողջ ժողովրդին հովվելու առաջադրանքը կատարելը կհանձնարարվի Իմ անդրանիկ որդիներին։ Եվ Ես կհանդիմանեմ նրան, ով չի կարողանա իր ամբողջ սիրտն ու միտքը նվիրել դա կատարելուն։ Սա Իմ արդարությունն է։ Ո՛չ կխնայեմ, ո՛չ մեղմ կվարվեմ նույնիսկ Իմ անդրանիկ որդիների հետ։
Եթե Իմ որդիների կամ Իմ ժողովրդի մեջ կա որևէ մեկը, որ ծաղրում և վիրավորում է Իմ անդրանիկ որդիներից մեկին, խստորեն կպատժեմ նրան, քանի որ Իմ անդրանիկ որդիները ներկայացնում են հենց Ինձ․ այն, ինչ անում են նրանց, անում են նաև Ինձ։ Սա Իմ կառավարչական հրամանագրերից ամենախիստն է։ Ես թույլ կտամ Իմ անդրանիկ որդիներին, իրենց ցանկությունների համաձայն, Իմ արդարությունը կիրառել Իմ որդիներից և Իմ ժողովրդից ցանկացածի մեկի նկատմամբ, ով կխախտի այս հրամանագիրը։
Ես աստիճանաբար կլքեմ նրան, ով թեթևամտորեն է վերաբերվում Ինձ և կենտրոնանում է միայն Իմ սննդի, հագուստի ու քնի վրա, ուշադրություն է դարձնում միայն Իմ արտաքին գործերին և անուշադրության է մատնում Իմ հոգսի հանդեպ հոգատարություն ցուցաբերելը կամ իր սեփական գործառույթները պատշաճ կերպով կատարելը։ Սա ուղղված է բոլոր նրանց, ովքեր ականջ ունեն։
Ով ավարտում է Ինձ համար ծառայություն մատուցելը, պետք է հնազանդորեն հեռանա՝ առանց աղմուկի։ Զգո՛ւյշ եղիր, այլապես գործ կունենամ քեզ հետ։ (Սա լրացուցիչ հրամանագիր է։)
Իմ անդրանիկ որդիներն այսուհետ պետք է վերցնեն երկաթե գավազանը և սկսեն գործադրել Իմ իշխանությունը՝ կառավարելու բյուրավոր ազգերին ու ժողովուրդներին, քայլելու բյուրավոր ազգերի ու ժողովուրդների մեջ և իրականացնելու Իմ դատաստանը, արդարությունը և մեծափառությունը բյուրավոր ազգերի ու ժողովուրդների մեջ։ Իմ որդիները և Իմ ժողովուրդը պետք է երկյուղեն Ինձնից, փառաբանեն Ինձ, ողջույններով ընդունեն Ինձ և անդադար փառք տան Ինձ, որովհետև Իմ տնօրինման ծրագիրն իրագործված է, և Իմ անդրանիկ որդիները կարող են թագավորել Ինձ հետ։
Սա Իմ կառավարչական հրամանագրերի մի մասն է։ Սրանից հետո, աշխատանքի առաջընթացին զուգընթաց, ավելի շատ բան կասեմ ձեզ դրանց մասին։ Վերոնշյալ կառավարչական հրամանագրերից պետք է տեսնեք այն ընթացքը, որով անում եմ Իմ գործը, ինչպես նաև, թե որ քայլին է հասել Իմ գործը։ Դրանք հաստատումն են։
Ես վաղուց արդեն դատել եմ Սատանային։ Քանի որ Իմ կամքն անխոչընդոտ է, և քանի որ Իմ անդրանիկ որդիները փառքի են արժանացել Ինձ հետ մեկտեղ, արդեն գործադրել եմ Իմ արդարությունն ու մեծափառությունն աշխարհի և սատանայական բոլոր բաների նկատմամբ։ Մատս անգամ չեմ շարժում և առհասարակ ուշադրություն չեմ դարձնում Սատանային (որովհետև դա նույնիսկ արժանի չէ Ինձ հետ զրուցելու)։ Պարզապես շարունակում եմ անել այն, ինչ ուզում եմ անել։ Իմ գործն ընթանում է սահուն՝ քայլ առ քայլ, և Իմ կամքն անխոչընդոտ է ողջ երկրով մեկ։ Սա որոշ չափով ամոթահար է արել Սատանային, և այն լիովին ոչնչացել է, բայց դա ինքնին չի համապատասխանել Իմ մտադրություններին։ Նաև թույլ եմ տալիս Իմ անդրանիկ որդիներին իրականացնել Իմ կառավարչական հրամանագրերը նրանց նկատմամբ։ Մի կողմից՝ այն, ինչ թույլ եմ տալիս Սատանային տեսնել, Իմ ցասումն է, որ իջնում է իր վրա, մյուս կողմից՝ թույլ եմ տալիս տեսնել Իմ փառքը (տեսնել, որ Իմ անդրանիկ որդիները Սատանայի նվաստացման ամենահնչեղ վկաներն են)։ Անձամբ չեմ պատժում դրան, այլ թույլ եմ տալիս Իմ անդրանիկ որդիներին իրականացնել Իմ արդարությունն ու մեծափառությունը։ Քանի որ Սատանան նախկինում չարաշահում էր Իմ որդիներին, հալածում էր Իմ որդիներին և ճնշում էր Իմ որդիներին, այսօր՝ դրա ծառայությունն ավարտվելուց հետո, թույլ կտամ Իմ հասուն անդրանիկ որդիներին վերջ տալ դրան։ Սատանան արդեն անզոր է և ընկել է։ Աշխարհի բոլոր ազգերի կաթվածահարությունը լավագույն վկայությունն է. մարդկանց կռիվները և պատերազմող երկրները Սատանայի թագավորության փլուզման ակնհայտ դրսևորումներն են։ Նախկինում ոչ մի նշան և հրաշք ցույց չտալու պատճառը Սատանային նվաստացում բերելն ու Իմ անունը քայլ առ քայլ փառավորելն էր։ Երբ Սատանայի վերջը լիովին տրվի, կսկսեմ գործադրել Իմ մեծ զորությունը․ ինչ ասում եմ, գոյության կկոչվի, և գերբնական բաները, որոնք չեն համապատասխանում մարդկային պատկերացումներին, նույնպես կիրականանան (սրանք վերաբերում են շուտով գալիք օրհնություններին)։ Քանի որ Ինքս Գործնական Աստված եմ և առանց որևէ կանոնների եմ, և քանի որ խոսում եմ Իմ տնօրինման ծրագրի փոփոխությունների համաձայն, այն, ինչ ասել եմ նախկինում, հետևաբար պարտադիր չէ, որ կիրառելի լինի ներկայում։ Մի՛ կառչեք ձեր սեփական պատկերացումներից։ Ես կանոններին հետևող Աստված չեմ. իմ մեջ ամեն ինչ ազատ է, վերանցող և լիովին արձակված։ Այն, ինչ ասվել է երեկ, գուցե այսօր հնացած է և մի կողմ նետված (այնուամենայնիվ, Իմ կառավարչական հրամանագրերը, քանի որ հռչակված են, երբեք չեն փոխվի)։ Սրանք Իմ տնօրինման ծրագրի քայլերն են։ Մի՛ կառչեք կանոններից։ Ամեն օր նոր լույս կա, և նոր հայտնություններ կան, ու դա Իմ ծրագիրն է։ Ամեն օր Իմ լույսը կհայտնվի քո մեջ, և Իմ ձայնը կարձակվի տիեզերք աշխարհին։ Հասկանո՞ւմ ես։ Սա քո պարտավորությունն է, այն պատասխանատվությունը, որ հանձնարարել եմ քեզ։ Չպետք է անտեսես այն նույնիսկ մի պահ։ Ես մինչև վերջ կօգտագործեմ այն մարդկանց, որոնց արժանի եմ համարում՝ երբեք չփոխարինելով նրանց։ Պատճառն այն է, որ Ամենակարող Աստված եմ և գիտեմ, թե որ տեսակի մարդը որ բանը պետք է անի, ինչպես նաև, թե որ տեսակի մարդն է ի վիճակի որ բանն անելու։ Սա Իմ ամենակարողությունն է։