Գլուխ 69
Երբ Իմ մտադրություններն ի հայտ են գալիս, ով համարձակվի դիմադրել, և ով համարձակվի դատել կամ կասկածել, անմիջապես կվերցանեմ նրան։ Այսօր, ով չի գործում Իմ մտադրությունների համաձայն կամ ով սխալ է մեկնաբանում Իմ մտադրությունները, պետք է դուրս թողնվի և վտարվի Իմ թագավորությունից։ Իմ թագավորության մեջ ուրիշ ոչ ոք չկա։ Բոլորն Իմ որդիներն են՝ այն մարդիկ, որոնց սիրում եմ, և որոնք հաշվի են առնում Ինձ։ Ավելին՝ նրանք են, ովքեր գործում են Իմ խոսքի համաձայն և ի զորու են զորությամբ թագավորելու՝ Իմ անունից դատելու բյուրավոր ազգերին ու մարդկանց։ Ավելին՝ նրանք մի խումբ անդրանիկ որդիների են, որոնք անմեղ են ու աշխույժ, պարզասիրտ ու բաց, և՛ ազնիվ, և՛ իմաստուն։ Իմ մտադրությունները բավարարվում են ձեր մեջ, և այն, ինչ կամենում եմ անել, կատարվում է ձեր մեջ՝ առանց սխալի, լիովին բաց ու հայտնի։ Նրանց, ովքեր սխալ նպատակներ ու մտադրություններ ունեն, սկսել եմ դուրս թողնել, և հերթով, մեկը մյուսի հետևից, պիտի ընկնեն։ Մեկ առ մեկ պիտի կործանեմ նրանց, և նրանք ի զորու չեն լինի գոյատևել. և այս ամենը վերաբերում է նրանց ոգուն, հոգուն և մարմնին։
Հստա՛կ տեսեք, թե ինչ է անում Իմ ձեռքը. հանձնարարություններ է վստահում աղքատներին, հոգ է տանում և պաշտպանում նրանց, ովքեր սիրում են Ինձ, փրկում է տգետներին ու նախանձախնդիրներին, որոնք չեն խաթարում Իմ տնօրինությունը, պատժում է նրանց, ովքեր դիմակայում են Ինձ, և նրանց, ովքեր ակտիվորեն չեն համագործակցում Ինձ հետ։ Այս բոլոր բաները կհաստատվեն մեկ առ մեկ՝ համաձայն Իմ արտահայտումների։ Արդյոք դու նա՞ ես, ով իսկապես սիրում է Ինձ։ Արդյոք նա՞ ես, ով անձնվիրաբար ծախսվում է Ինձ համար։ Արդյոք նա՞ ես, ով լսում է Իմ խոսքը և կիրառում դրան համապատասխան։ Արդյոք նա՞ ես, ով Իմ դեմ է, թե՞ նա ես, ով համատեղելի է Ինձ հետ։ Հոգուդ խորքում հստակ պատկերացում ունե՞ս այս բաների մասին։ Կարո՞ղ ես պատասխանել Իմ ասած բաներից յուրաքանչյուրին։ Եթե չես կարող, ապա դու մեկն ես, որը խանդավառությամբ ձգտում է, բայց չի հասկանում Իմ մտադրությունները։ Այդպիսի մարդիկ շատ հեշտությամբ կխաթարեն Իմ տնօրինությունը և սխալ կմեկնաբանեն Իմ մտադրությունները։ Եթե նրանք նույնիսկ մի պահ սխալ մտադրություն ունենան, կենթարկվեն Իմ հեռացմանն ու ոչնչացմանը։
Իմ մեջ կան անվերջանալի խորհուրդներ, որոնք անըմբռնելի են։ Դրանք մեկ առ մեկ կբացահայտեմ մարդկանց՝ Իմ ծրագրի համաձայն։ Այսինքն՝ դրանք կհայտնեմ Իմ անդրանիկ որդիներին։ Նրանց, ովքեր անհավատներ են և դիմակայում են Ինձ, պարզապես թույլ կտամ գնալ հոսանքով. ի վերջո, սակայն, Ես պետք է հասկացնեմ նրանց, որ Ես եմ մեծափառությունն ու դատաստանը։ Այսօրվա անհավատները գիտեն միայն այն, ինչ կատարվում է իրենց աչքի առաջ, սակայն չգիտեն Իմ մտադրությունները։ Միայն Իմ որդիները՝ այն մարդիկ, որոնց սիրում եմ, գիտեն և հասկանում են Իմ մտադրությունները։ Իմ որդիների համար Ես բացահայտորեն հայտնված եմ. Սատանայի համար Ես մեծափառություն և դատաստան եմ, և խոսք անգամ լինել չի կարող որևէ թաքնված բանի մասին։ Այս օրերին միայն Իմ անդրանիկ որդիներն են արժանի իմանալու Իմ մտադրությունները. ուրիշ ոչ ոք որակավորված չէ, և այս ամենը նախասահմանել էի արարչագործությունից առաջ։ Վաղուց պատշաճ կերպով սահմանել էի, թե ով կօրհնվի, և ով պատուհասի կարժանանա։ Հստակ գիտեի սա, և այսօր այն արդեն լիովին բացահայտվել է. նրանք, ովքեր օրհնված են, սկսել են վայելել իրենց օրհնությունները, մինչդեռ նրանք, ովքեր պատուհասի են արժանանում, սկսել են աղետ կրել։ Նրանք, ովքեր չեն ցանկանում պատուհասի արժանանալ, այնուամենայնիվ կարժանանան, քանի որ սա է այն, ինչ սահմանել եմ, և ինչ կարգավորել են Իմ կառավարչական հրամանագրերի ձեռքերը։ Հատկապես ինչպիսի՞ մարդն է օրհնվում, և ինչպիսի՞ մարդն է պատուհասի արժանանում։ Արդեն բացահայտել եմ այս բաները․ սա խորհուրդ չէ ձեզ համար, այլ լիովին բացահայտ է. նրանք, ովքեր ընդունում են Ինձ, բայց ունեն սխալ մտադրություններ, նրանք, ովքեր ընդունում են Ինձ, բայց չեն ձգտում, նրանք, ովքեր ճանաչում են Ինձ, բայց չեն հնազանդվում Ինձ, նրանք, ովքեր զբաղվում են խոտորությամբ ու նենգությամբ՝ Ինձ խաբելու համար, նրանք, ովքեր կարդում են Իմ խոսքերը, բայց դրանից հետո լցվում են բացասական հոգեվիճակով, և նրանք, ովքեր չեն ճանաչում իրենք իրենց, ովքեր չգիտեն, թե ինչ են իրենք, ովքեր իրենց մեծ են համարում և ենթադրում են, թե հասել են հասունության (Սատանայի օրինակը)՝ բոլոր այդպիսի մարդիկ պատուհասի են արժանանալու։ Նրանք, ովքեր ընդունում են Ինձ, և ում մտադրություններն Ինձ համար են (և եթե նրանք խաթարումներ են առաջացնում, չեմ հիշի նրանց հանցանքները, բայց նրանց մտադրությունը պետք է ճիշտ լինի, և նրանք պետք է միշտ զգույշ, ուշադիր լինեն և ոչ անառակ, և նրանք պետք է միշտ Ինձ լսելու ու Ինձ հնազանդվելու կամք ունենան). նրանք, ովքեր մաքուր են ու պարզասիրտ, նրանք, ովքեր բաց են, նրանք, ովքեր ազնիվ են, նրանք, ովքեր չեն կաշկանդվում որևէ մարդով, իրադարձությամբ կամ բանով, և նրանք, ովքեր արտաքուստ մանկան պես են՝ չնայած կյանքում հասուն լինելուն՝ սրանք են Իմ սիրելիները, Իմ օրհնությունների առարկաները։ Այժմ ձեզանից յուրաքանչյուրը պետք է զբաղեցնի իր պատշաճ տեղը՝ իր վիճակի համաձայն։ Կիմանաս՝ արդյոք օրհնվա՞ծ ես, թե՞ պատուհասի ես արժանանում. կարիք չկա, որ դա պարզ ասեմ։ Նրանք, ովքեր օրհնված են, պետք է ցնծան և ուրախ լինեն, մինչդեռ նրանք, ովքեր պատուհասի են արժանանում, չպետք է վշտանան։ Երկուսն էլ կարգավորվել են Իմ ձեռքով, թեև չպետք է տրտնջաս Ինձնից. դա Ինձ հետ ակտիվ համագործակցության քո իսկ պակասն է, ինչպես նաև քո ձախողումը՝ հասկանալու, որ Ես այն Աստվածն եմ, որը զննում է մարդու սրտի խորքերը։ Սա է այն, ինչ նախասահմանել եմ, և դու վնասել ես ինքդ քեզ՝ քո իսկ մանր խորամանկությամբ. ի՛նքդ ես սա բերել քո գլխին։ Քո՝ հանդերձյալ Հադես ընկնելը անարդարությո՛ւն չէ քո հանդեպ։ Սա քո վախճանն է. սա քո ելքն է։
Օրհնվա՛ծ անդրանիկ որդիներ։ Արագ ոտքի՛ կանգնեք և ցնծացե՛ք։ Արագ ոտքի՛ կանգնեք և գովաբանե՛ք։ Այսուհետ այլևս դառնություն և տառապանք չի լինի. ամեն ինչ մեր ձեռքում է։ Յուրաքանչյուր ոք, ով Ինձ հետ մեկ սիրտ և միտք ունի, մի մարդ է, որին սիրում եմ, և ստիպված չի լինի աղետ կրել։ Ինչ էլ որ լինի քո սրտի ցանկությունը, անպայման կիրագործեմ այն (թեև այն չի կարող կամայական լինել). սա է այն, ինչ անում եմ։