Գլուխ 63

Պետք է հասկանաս քո սեփական իրադրությունը, ավելի՛ն, պետք է հստակ գիտակցես այն ուղին, որով պետ ք է ընթանաս. այլևս մի՛ սպասիր, որ Ես բացեմ քո ականջները և ամեն բան քեզ մատնացույց անեմ։ Ես Աստված եմ, որը քննում է մարդու սրտի խորքերը, Ես գիտեմ քո յուրաքանչյուր միտքն ու գաղափարը, և առավել ևս՝ հասկանում եմ քո բոլոր արարքներն ու վարքը։ Բայց արդյոք քո բոլոր արարքներն ու վարքը արժանացե՞լ են Իմ հավանությանը, և արդյոք դրանք բոլորն պարունակո՞ւմ են Իմ մտադրությունները։ Երբևէ իսկապես փնտրե՞լ ես այս հարցի պատասխանը։ Իսկապես ժամանակ հատկացրե՞լ ես սրան։ Իսկապես որևէ ջանք գործադրե՞լ ես։ Ես քեզ չեմ քննադատում. դուք պարզապես անտեսե՛լ եք այս կողմը։ Դուք մշտապես այնքան թմրած եք և ընդհանրապես հստակություն չունեք այս հարցում։ Գիտե՞ս, թե որն է սրա պատճառը։ Պատճառն այն է, որ ձեր մտքերը հստակ չեն, իսկ ձեր պատկերացումները չափազանց ամուր են արմատավորված. ավելին, դուք հաշվի չեք առնում Իմ մտադրությունները։ Ոմանք կասեն. «Ինչպե՞ս կարող ես պնդել, որ մենք հաշվի չենք առնում Քո մտադրությունները։ Մենք մշտապես փորձում ենք ընկալել Քո մտադրությունները, բայց երբեք չենք հաջողում, ուրեմն ի՞նչ պետք է անենք։ Իսկապե՞ս կարող ես ասել, որ մենք ոչ մի ջանք չենք գործադրում»։ Թույլ տուր քեզ մի հարց տալ. կհամարձակվե՞ս պնդել, որ իսկապես հավատարիմ ես Ինձ։ Եվ ո՞վ կհամարձակվի ասել, որ լիակատար հավատարմությամբ իրեն ընծայում է Ինձ։ Վախենամ՝՝ ձեզանից ոչ ոք չի կարող դա ասել, որովհետև, ավելորդ է ասել, որ ձեզանից յուրաքանչյուրն ունի իր սեփական ընտրությունները, նախասիրությունները և, առավել ևս, մտադրությունները։ Մի՛ եղեք նենգ։ Ես վաղուց արդեն լիովին հասկացել եմ ձեր սրտի խորքում եղած բոլոր մտքերը։ Դեռ պե՞տք է պարզաբանեմ սա։ Դու պետք է քեզ ավելի շատ քննես ամեն առումով (քո մտքերն ու գաղափարները, այն ամենն ինչ ասում ես, յուրաքանչյուր բառը, ինչպես նաև քո յուրաքանչյուր քայլի հետևում եղած ամեն մտադրությունն ու դրդապատճառը). այս կերպ դու ամեն առումով մուտք ձեռք կբերես։ Ավելին, կկարողանաս զինվել ամբողջական ճշմարտությամբ։

Եթե Ես ձեզ այս ամենը չասեի, դուք դեռևս թմրած կլինեիք՝ ամբողջ օրը մարմնական հաճույքների հետևից ընկած և բնավ ցանկություն չունենալով հաշվի առնելու Իմ մտադրությունները։ Ես անդադար Իմ սիրառատ ձեռքով փրկում եմ ձեզ։ Գիտե՞ք դա։ Փորձառաբար ապրե՞լ եք դա։ Ես անկեղծորեն սիրում եմ քեզ։ Կհամարձակվե՞ս ասել, որ դու էլ անկեղծորեն սիրում ես Ինձ։ Հաճախ ինքդ քեզ հարցրու. արդյոք իսկապես կարո՞ղ ես քո յուրաքանչյուր արարքն ու յուրաքանչյուր քայլը բերել Իմ առաջ՝ Իմ քննությանը։ Կարո՞ղ ես անկեղծորեն թույլ տալ, որ Ես մեկ առ մեկ քննեմ քո յուրաքանչյուր արարքն ու քայլը։ Ես ասում եմ, որ դու անառակ ես, իսկ դու դեռ պաշտպանում ես քեզ։ Իմ դատաստանը հասնում է քեզ. այժմ պետք է արթնանա՛ս և ճանաչես ճշմարտությունը։ Այն ամենն, ինչ ես ասում եմ, իրական է. Իմ բոլոր խոսքերը մատնանշում են քո ներսում եղած իրական իրադրությունը։ Ա՜խ, մարդկություն։ Որքա՜ն դժվար է քեզ հետ գործ ունենալը։ Միայն այն ժամանակ, երբ Ես մատնանշում եմ ձեր փաստացի իրադրությունը, դուք լիովին համոզվում եք։ Եթե Ես դա չանեի, դուք միշտ կառչած կմնայիք ձեր հին ճանապարհներից և ձեր մտածելակերպից՝ ենթադրելով, թե երկրի վրա ձեզնից ավելի խելացի ոչ ոք չկա։ Մի՞թե սա պարզապես ինքնարդար լինել չէ։ Մի՞թե դուք ինքնագոհ, ինքնաբավ, հպարտությամբ և ինքնահավանությամբ լցված չեք։ Այժմ արդեն պետք է ճանաչե՛ք դա։ Ձեզ խելացի կամ առանձնահատուկ մի՛ համարեք. փոխարենը՝ պետք է մշտապես գիտակցեք ձեր թերություններն ու թույլ կողմերը։ Այդպիսով Ինձ սիրելու ձեր վճռականությունը չի թուլանա, այլ, ընդհակառակը, ավելի ու ավելի կուժեղանա, իսկ ձեր սեփական իրադրությունը կշարունակի բարելավվել։ Եվ, ինչն ավելի կարևոր է, ձեր կյանքն օրեցօր ավելի մեծ առաջընթաց կունենա։

Երբ ընկալեք Իմ մտադրությունները, կսկսեք ճանաչել ինքներդ ձեզ և դրա շնորհիվ Իմ մասին ավելի լավ հասկացողություն ձեռք կբերեք ու Իմ հանդեպ ձեր համոզվածության մեջ ավելի առաջ կգնաք։ Ներկայումս, եթե որևէ մեկը չի կարողանում Իմ հանդեպ հասնել իննսուն տոկոսանոց համոզվածության և փոխարենը՝ մեկ րոպե լավ տրամադրություն ունի, հաջորդ րոպեին՝ վատ, մեկ տաք է, մեկ՝ սառը, ապա Ես ասում եմ, որ այդպիսի մարդն անկասկած պիտի մերժվի։ Մնացած տասը տոկոսն ամբողջությամբ կախված է Իմ լուսավորությունից և Իմ լուսավորումից. դրանց միջոցով մարդիկ կարող են հասնել Իմ հանդեպ հարյուր տոկոսանոց համոզվածության։ Հենց հիմա՝ այսօրվա դրությամբ, քանի՞սը կկարողանան հասնել այդպիսի հասակի։ Ես անդադար հայտնում եմ ձեզ Իմ մտադրությունները, և կյանքի զգացումը շարունակաբար հոսում է ձեր ներսում։ Այդ դեպքում ինչո՞ւ չեք գործում Հոգուն համահունչ։ Մի՞թե սխալվելուց եք վախենում։ Եթե այդպես է, ապա ինչո՞ւ ոչ մի ուշադրություն չեք դարձնում կրթմանը։ Ես ասում եմ ձեզ, որ մարդիկ չեն կարող ընկալել Իմ մտադրությունները՝ ընդամենը մեկ կամ երկու անգամ փորձելով. նրանք պետք է անցնեն որոշակի գործընթացի միջով։ Ես այս մասին բազմիցս եմ ասել, ուստի ինչո՞ւ դա չես կիրառում գործնականում։ Մի՞թե չես կարծում, որ հենց սա է անհնազանդությունը։ Ցանկանում ես ամեն ինչ ավարտել մի ակնթարթում և երբեք պատրաստ չես որևէ բանի համար ջանք գործադրել կամ ժամանակ հատկացնել։ Որքա՜ն բթամիտ, և առավել ևս՝ որքան տգետ եք։

Մի՞թե չգիտեք, որ Ես միշտ առանց մեղմացնելու եմ խոսում բաների մասին։ Այդ դեպքում ինչո՞ւ եք շարունակում այդքան բթամիտ, զգայազուրկ և տկարամիտ մնալ։ Դուք պետք է ավելի հաճախ քննեք ինքներդ ձեզ, իսկ եթե երբևէ լինի որևէ բան, որ չհասկանաք, ապա ավելի հաճախ պետք է գաք Իմ առաջ։ Ես ասում եմ ձեզ. Իմ՝ այսպես կամ այնպես խոսելու նպատակը ձեզ Իմ առաջ առաջնորդելն է։ Ինչո՞ւ, այսքան ժամանակ անց, դեռևս սա չեք գիտակցում։ Մի՞թե Իմ խոսքերն ամբողջովին շփոթեցրել են ձեզ։ Թե՞ պատճառն այն է, որ Իմ յուրաքանչյուր խոսքին լրջորեն չեք վերաբերվել։ Երբ կարդում եք դրանք, լավ ինքնաճանաչում եք ձեռք բերում, նույնիսկ ասում եք, որ Ինձ պարտական եք և չեք կարողանում ընկալել Իմ մտադրությունները։ Բայց ի՞նչ է լինում հետո։ Ասես այս ամենը ձեզ հետ ընդհանրապես կապ չունենա. ասես դուք պարզապես Աստծուն հավատացող մարդ չլինեք։ Մի՞թե պարզապես ագահորեն կլանում եք ամեն տեղեկություն՝ առանց այն մարսելու համար ձեզ ժամանակ տալու։ Երբ վայելում եք Իմ խոսքերը, դա նման է նրան, որ սլացող ձիու վրա նստած՝ միայն մի ակնթարթ հայացք եք գցում ծաղիկներին. երբեք չեք փորձում Իմ խոսքերից ընկալել Իմ մտադրությունները։ Ահա թե ինչպիսին են մարդիկ. նրանք միշտ սիրում են խոնարհ երևալ։ Այդպիսի մարդիկ ամենաատելին են։ Երբ հավաքվում են ուրիշների հետ հաղորդակցվելու, միշտ սիրում են ուրիշների առաջ պատմել իրենց ինքնաճանաչման մասին, որպեսզի բոլորը տեսնեն, թե իրենք Իմ հոգսի հանդեպ հոգատարություն ցուցաբերող մարդիկ են, մինչդեռ իրականում հիմարների մեջ ամենահիմարներն են։ (Նրանք իրենց եղբայրների և քույրերի հետ չեն հաղորդակցվում Իմ մասին իրենց ճշմարիտ ըմբռնումների կամ գիտելիքի վերաբերյալ, այլ պարզապես ցուցադրում են իրենց և պարծենում ուրիշների առաջ։ Ես ամենից շատ ատում եմ այդպիսի մարդկանց, որովհետև նրանք անարգում և նսեմացնում են Ինձ)։

Ես հաճախ Իմ ամենամեծ հրաշքները ձեզանում եմ հայտնի դարձնում։ Մի՞թե չեք տեսնում դրանք։ Այսպես կոչված «իրականությունը» կյանքով արտահայտում են նրանք, ովքեր անկեղծորեն սիրում են Ինձ։ Մի՞թե դա չեք տեսել։ Մի՞թե սա լավագույն ապացույցը չէ, որի միջոցով կարող եք ճանաչել Ինձ։ Մի՞թե սա Իմ մասին ավելի լավ վկայություն չի կրում։ Եվ, այնուամենայնիվ, դուք դա չեք ճանաչում։ Ասացե՛ք Ինձ. ո՞վ կարող է կյանքով արտահայտել իրականությունն այս սանձարձակ երկրում, որն այնքան կեղտոտ, գարշելի և ապականված է Սատանայի կողմից։ Մի՞թե բոլոր մարդիկ ապականված և դատարկ չեն։ Ամեն դեպքում, Իմ խոսքերն արդեն հասել են իրենց գագաթնակետին. դրանցից ավելի դյուրըմբռնելի խոսքեր այլևս չեն կարող լինել։ Նույնիսկ կատարյալ ապուշը կարող է կարդալ Իմ խոսքերն ու հասկանալ դրանք, ուստի մի՞թե խնդիրը պարզապես այն չէ, որ դուք ջանք չեք գործադրել։

Նախորդը. Գլուխ 61

Հաջորդը. Գլուխ 64

Եթե պատրաստ ես անհանգստություններդ գցելու Աստծու վրա և ստանալու Նրա օգնությունը, խնդրում ենք սեղմել կոճակը՝ մեր ուսումնական խմբին միանալու համար։

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Կապվիր մեզ հետ WhatsApp-ով