Գլուխ 110

Երբ ամեն ինչ հայտնի դառնա, դա կլինի այն ժամանակը, երբ կհանգստանամ, և առավել ևս, երբ ամեն ինչ իր տեղում կլինի։ Ես անձամբ եմ կատարում Իմ սեփական գործը, Ես Ինքս եմ ներդաշնակեցնում և կարգավորում ամեն ինչ։ Երբ դուրս գամ Սիոնից և երբ վերադառնամ, և երբ Իմ անդրանիկ որդիներն ավարտուն դարձվեն Իմ կողմից, իրագործած կլինեմ Իմ մեծ գործը։ Մարդկանց պատկերացումներում արված բանը պետք է տեսանելի և շոշափելի լինի, բայց Իմ տեսանկյունից՝ ամեն ինչ ավարտուն է այն պահին, երբ ծրագրում եմ դա։ Սիոնն Իմ բնակավայրն է և Իմ նշանակության վայրը։ Այնտեղ է, որ բացահայտում եմ Իմ ամենակարողությունը, և այնտեղ է, որ Իմ անդրանիկ որդիներն ու Ես կկիսենք Մեր երջանկությունը որպես ընտանիք։ Այնտեղ կապրեմ նրանց հետ հավիտյանս հավիտենից։ Սիո՛ն, այդ գեղեցիկ վայրը, որին մարդիկ փափագում են։ Անթիվ մարդիկ են ձգտել Սիոնին դարերի և սերունդների ընթացքում, բայց ի սկզբանե ոչ մի մարդ մուտք չի գործել այնտեղ։ (Անցյալ դարերի սրբերից և մարգարեներից ոչ մեկը մուտք չի գործել Սիոն՝ այն պատճառով, որ ընտրում եմ Իմ անդրանիկ որդիներին վերջին օրերին, և նրանք բոլորը ծնվում են այս ժամանակահատվածում։ Սրանում Իմ ողորմությունը և Իմ շնորհքը, որոնց մասին խոսել եմ, ավելի ակնհայտ են դառնում։) Յուրաքանչյուր ոք, ով այժմ անդրանիկ որդի է, Ինձ հետ մուտք կգործի Սիոն և կվայելի այդ օրհնությունը։ Ես որոշակի չափով բարձրացնում եմ Իմ անդրանիկ որդիներին, որովհետև նրանք ունեն Իմ որակն ու Իմ փառավոր պատկերը, և որովհետև նրանք ի վիճակի են վկայություն կրելու Ինձ համար, փառավորելու Ինձ և կյանքով արտահայտելու Ինձ, և առավել ևս՝ որովհետև նրանք ի վիճակի են պարտության մատնելու Սատանային և նվաստացնելու մեծ կարմիր վիշապին։ Պատճառն այն է, որ Իմ անդրանիկ որդիներն անապակ կույսեր են։ Նրանք են, ում սիրում եմ, և նրանք են, ում ընտրել եմ և ում բարեհաճությամբ եմ վերաբերվել։ Նրանց բարձրացնելու պատճառն այն է, որ նրանք կարող են կանգնել իրենց դիրքերում և ի վիճակի են ծառայելու Ինձ խոնարհաբար ու աննկատ և հզոր վկայություն են Ինձ համար։ Ես Իմ ողջ եռանդը ծախսել եմ Իմ անդրանիկ որդիների վրա և մանրակրկիտ կերպով դասավորել եմ բոլոր տեսակի մարդկանց, իրադարձություններ ու բաներ, որպեսզի ծառայություն մատուցեն նրանց։ Ի վերջո այնպես կանեմ, որ բոլորը տեսնեն Իմ ողջ փառքն Իմ անդրանիկ որդիների միջոցով, և այնպես կանեմ, որ բոլորը լիովին համոզվեն Ինձանում նրանց շնորհիվ։ Չեմ ստիպի ոչ մի դևի և չեմ վախենում նրանց սանձարձակությունից կամ անխոհեմությունից, քանզի ունեմ վկայություն և ունեմ իշխանություն Իմ ձեռքերում։ Հիմա լսե՛ք Ինձ, Սատանայի՛ ծնունդներ։ Իմ արտաբերած յուրաքանչյուր խոսքի և արած ամեն բանի նպատակն Իմ անդրանիկ որդիներին կատարելագործելն է։ Ուստի պետք է ականջ դնես Իմ հրամաններին և ենթարկվես Իմ անդրանիկ որդիներին, հակառակ դեպքում գործ կունենամ քեզ հետ և կմատնեմ քեզ անհապաղ կործանմա՛ն։ Իմ անդրանիկ որդիներն արդեն սկսել են իրագործել Իմ կառավարչական հրամանագրերը, որովհետև միայն նրանք են արժանի բարձրացնելու Իմ գահը։ Ես արդեն օծել եմ նրանց։ Նրանք, ովքեր չեն ենթարկվում Իմ անդրանիկ որդիներին, անշուշտ լավը չեն և, անկասկած, ուղարկվել են մեծ կարմիր վիշապի կողմից՝ Իմ տնօրինման ծրագիրը խաթարելու համար։ Նման սրիկաները պետք է անմիջապես դուրս շպրտվեն Իմ տնից։ Չեմ ուզում, որ նման բաներն Ինձ համար ծառայություն մատուցեն։ Նրանք հավիտյան կկորչեն, և դա տեղի կունենա շատ շուտով՝ առանց հապաղելու։ Նրանք, ովքեր Իմ ծառայության մեջ են, պետք է արդեն ստացած լինեն Իմ համաձայնությունը։ Նրանք պետք է լինեն հնազանդ և ենթարկվող՝ առանց մտածելու այն գնի մասին, որը գուցե ստիպված լինեն վճարել։ Եթե նրանք ըմբոստ են, ապա արժանի չեն Ինձ ծառայություն մատուցելու։ Ինձ պետք չեն նման արարածներ։ Նրանք պետք է շտապեն և հեռանան այստեղից։ Բացարձակապես չե՛մ ուզում նրանց։ Հիմա պետք է հստակ հասկանաք սա։ Նրանք, ովքեր ծառայություն են մատուցում Ինձ համար, պետք է դա լավ անեն և ոչ մի խնդիր չառաջացնեն։ Եթե զգում ես, որ անհույս ես և սկսում ես խնդիրներ առաջացնել, ապա առանց վարանելու վերջ կտամ քեզ։ Ձեզանից նրանք, ովքեր Իմ ծառայության մեջ են, հստակ հասկանո՞ւմ են դա։ Սա Իմ կառավարչական հրամանագիրն է։

Ինձ համար վկայություն կրելն Իմ անդրանիկ որդիների պարտավորությունն է, ուստի Ես չեմ պահանջում, որ որևէ բան անեք Ինձ համար։ Ես գոհ կլինեմ, քանի դեռ պատշաճ կերպով կատարում եք ձեր պարտավորությունները և վայելում եք այն օրհնությունները, որոնք Ես շնորհում եմ ձեզ։ Երբ Ես շրջեցի ողջ տիեզերքով և մինչև երկրի ծայրերը, ընտրեցի Իմ անդրանիկ որդիներին և ավարտուն դարձրի նրանց։ Սա մի բան է, որը Ես ավարտել եմ նախքան աշխարհն ստեղծելը։ Մարդկության մեջ ոչ ոք չգիտի սա, բայց Իմ գործն իրագործվեց հենց այսպես՝ լռության մեջ։ Այս փաստը համահունչ չէ մարդկային պատկերացումներին։ Սակայն փաստերը մնում են փաստեր, և ոչ ոք չի կարող փոխել դրանք։ Թե՛ մեծ, թե՛ փոքր դևերի իրական կերպարանքները բացահայտվել են իրենց քողարկումների տակից, և նրանք տարբեր աստիճաններով ենթարկվել են Իմ պատժին։ Իմ գործի մեջ քայլեր կան, և Իմ խոսքերում իմաստություն կա։ Իմ գործողություններից և խոսքերից որևէ բան տեսե՞լ եք։ Մի՞թե Ես պարզապես գործում և խոսում եմ։ Մի՞թե Իմ խոսքերը լոկ խիստ են, դատող կամ մխիթարող։ Դա չափազանց պարզունակ է, բայց մարդկության համար նույնիսկ սա տեսնել կարողանալն արդեն իսկ հեշտ բան չէ։ Իմ խոսքերում կա ոչ միայն իմաստություն, դատաստան, արդարություն, մեծափառություն և մխիթարություն, այլև ավելին՝ դրանք պարունակում են այն, ինչ Ես ունեմ և եմ։ Իմ խոսքերից յուրաքանչյուրը մի խորհուրդ է, որը չի կարող բացահայտվել մարդկության կողմից։ Իմ խոսքերը միանգամայն անըմբռնելի են մարդկանց համար, և թեև խորհուրդները բացահայտվել են, բայց դրանք դեռևս դուրս են մարդկության երևակայության և հասկացողության սահմաններից՝ ելնելով մարդկության կարողություններից։ Ինձ համար ամենահեշտ հասկանալի խոսքը մարդկանց համար ամենադժվար հասկանալի բանն է, ուստի Իմ և նրանց միջև տարբերությունը նման է երկնքի և երկրի միջև եղած տարբերությանը։ Ահա թե ինչու Ես ցանկանում եմ ամբողջովին կերպարանափոխել Իմ անդրանիկ որդիներին և այնպես անել, որ նրանք լիովին մտնեն մարմնի մեջ։ Ապագայում նրանք ոչ միայն մսեղիից կմտնեն մարմնի մեջ, այլև կկերպարանափոխվեն տարբեր աստիճաններով՝ դրա ներսում գտնվելիս։ Սա Իմ ծրագիրն է։ Դա մի բան է, որը մարդիկ չեն կարող անել, և ավելին՝ անելու ոչ մի ճանապարհ չունեն։ Ուստի, նույնիսկ եթե Ես սա մանրամասնորեն բացատրեի ձեզ, միևնույն է՝ չէիք հասկանա։ Կարող էիք միայն մտնել գերբնականի զգացողության մեջ։ Պատճառն այն է, որ Ես Ինքը՝ իմաստուն Աստվածն եմ։

Երբ տեսնում եք խորհուրդներ, բոլորդ ինչ-որ կերպ արձագանքում եք։ Թեև հոգու խորքում չեք ընդունում կամ չեք ճանաչում այս խորհուրդները, բայց շուրթերով ընդունում եք դրանք։ Այսպիսի մարդիկ ամենանենգն են, և երբ Ես բացահայտեմ խորհուրդները, մեկ առ մեկ դուրս կթողնեմ ու կլքեմ նրանց։ Սակայն այն ամենն, ինչ Ես անում եմ, արվում է քայլերով։ Ես հապշտապ չեմ գործում, ոչ էլ կուրորեն եզրակացություններ եմ անում։ Պատճառն այն է, որ Ես ունեմ աստվածային բնույթ։ Մարդիկ բացարձակապես ի վիճակի չեն հստակ տեսնելու, թե ինչ եմ անում ներկայումս կամ թե ինչ եմ անելու Իմ հաջորդ քայլում։ Միայն երբ ասում եմ մեկ քայլի խոսքերը, Իմ գործելակերպն Ինձ հետ մեկ քայլ առաջ է շարժվում։ Ամեն ինչ տեղի է ունենում Իմ խոսքերում և ամեն ինչ բացահայտվում է Իմ խոսքերում, ուստի ոչ ոք չպետք է այնքան անհամբեր լինի, որ չկարողանա սպասել։ Ինձ պատշաճ կերպով ծառայություն մատուցելը բավարար է։ Դարերից առաջ Ես մարգարեություն արեցի թզենու մասին, բայց դարերի ընթացքում ոչ ոք չտեսավ թզենին և ոչ ոք չկարողացավ բացատրել այն, և թեև այս եզրույթը հիշատակվել էր ավելի վաղ փառաբանություններում, բայց ոչ ոք չգիտեր դրա ճշմարիտ իմաստը։ Այս եզրույթը, ինչպես «մեծ աղետները», անհասկանալի և անըմբռնելի է մարդկանց համար և նաև մի խորհուրդ է, որը Ես երբեք չեմ բացահայտել մարդկությանը։ Մարդիկ կարծում էին, որ թզենին հավանաբար պտղատու ծառի լավ տեսակ է, կամ գուցե, մի քայլ առաջ գնալով, այն վերաբերում է սրբերին։ Սակայն այս մեկնաբանությունները դեռ շատ հեռու էին այս խոսքերի ճշմարիտ իմաստից։ Ես կասեմ դա ձեզ, երբ բացեմ Իմ մագաղաթը վերջին օրերին։ («Մագաղաթը» վերաբերում է Իմ բերանից ելած բոլոր խոսքերին՝ այն խոսքերին, որոնք ասում եմ վերջին օրերին։ Դրանք բոլորն Իմ մագաղաթի բովանդակությունն են։) «Թզենին» վերաբերում է Իմ կառավարչական հրամանագրերին՝ դրանցից յուրաքանչյուրին։ Բայց սա դրա նշանակության միայն մի մասն է։ Թզենու բողբոջելը վերաբերում է Իմ՝ մսեղիում գործել և խոսել սկսելուն, բայց Իմ կառավարչական հրամանագրերը դեռ հայտնի չէին դարձել (և սա այն պատճառով է, որ այն ժամանակ Իմ անունը դեռ չէր վկայվել, և ոչ ոք չգիտեր Իմ կառավարչական հրամանագրերի մասին)։ Երբ Իմ անունը վկայվի և հռչակվի, երբ փառաբանվի բոլոր մարդկանց կողմից, և երբ Իմ կառավարչական հրամանագրերն արդյունքի հասնեն, դա կլինի այն ժամանակը, երբ թզենին պտուղ կտա։ Սա ամբողջական բացատրությունն է՝ առանց որևէ բան բաց թողնելու։ Ամեն ինչ բացահայտված է այստեղ։ (Ես ասում եմ սա, որովհետև Իմ նախորդ խոսքերում կար մի մաս, որը դեռ լիովին չէի բացահայտել։ Ուստի պետք է սպասեիք և փնտրեիք համբերատարությամբ։)

Երբ Ես ավարտուն դարձնեմ անդրանիկ որդիներին, կբացահայտեմ Իմ ողջ փառքը և Իմ ամբողջական կերպարանքը տիեզերք աշխարհին։ Սա կարվի մարմնով, և դա կլինի բյուրավոր մարդկանցից վեր՝ Իմ իսկ անձով։ Դա կլինի Իմ Սիոն լեռան վրա և Իմ փառքի մեջ, և առավել ևս՝ բոլոր ցնծության բացականչությունների ներքո։ Ի հակադրություն սրա, Իմ թշնամիները կնահանջեն Իմ շրջապատից՝ իջնելով անհատակ անդունդը և կրակի ու ծծմբի լիճը։ Այն, ինչ մարդիկ այսօր պատկերացնում են, սահմանափակ է և չի համապատասխանում Իմ սկզբնական մտադրությանը։ Սա է պատճառը, որ Ես ամեն օր թիրախավորում եմ մարդկանց պատկերացումներն ու մտքերը, երբ խոսում եմ։ Կգա մի օր (մարմնի մեջ մտնելու օրը), երբ Իմ ասած խոսքերը լիովին համապատասխան կլինեն ձեզ, և բացարձակապես ոչ մի դիմադրություն ցույց չեք տա։ Այդ ժամանակ այլևս չեք ունենա ձեր մտքերը, և ապա Ես կդադարեմ արտահայտումներ անել։ Քանի որ այլևս չեք ունենա ձեր սեփական մտածողությունը, Ես պարզապես ուղղակիորեն լուսավորություն կբերեմ ձեզ։ Սա այն օրհնությունն է, որը կվայելեն անդրանիկ որդիները, և սա ճիշտ այն ժամանակն է, երբ նրանք որպես թագավորներ իշխանություն կունենան Ինձ հետ միասին։ Մարդկային էակները չեն հավատում այն բաներին, որոնք չեն կարող պատկերացնել, և նույնիսկ եթե կան ոմանք, ովքեր հավատում են, նրանք դա անում են միայն այն պատճառով, որ հատուկ լուսավորվել են Իմ կողմից։ Հակառակ դեպքում, ոչ ոք չէր հավատա, և սա մի բան է, որը պետք է փորձառաբար ապրել։ (Եթե մարդիկ չանցնեին այս քայլի միջով, Իմ մեծ զորությունը չէր կարող բացահայտվել դրանում, և սա նշանակում է, որ լոկ Իմ խոսքերի արտաբերման միջոցով Ես ազատում եմ մարդկանց իրենց պատկերացումներից։ Ուրիշ ոչ ոք չի կարող անել այս գործը, և ոչ ոք չի կարող փոխարինել Ինձ։ Ես Միակն եմ, ով կարող է ավարտել դա։ Սակայն դա բացարձակ չէ։ Ես պետք է անեմ այս գործը մարդկանց միջոցով։) Մարդիկ եռանդով են լցվում Իմ խոսքերը լսելուց հետո, բայց ի վերջո բոլորը նահանջում են։ Նրանք չեն կարող չանել դա։ Սրա մեջ կան խորհուրդներ, որոնք մարդիկ չեն կարող ըմբռնել։ Ոչ ոք չի կարող պատկերացնել, թե ինչ է տեղի ունենալու։ Ես թույլ կտամ ձեզ տեսնել սա այն ամենում, ինչ բացահայտում եմ։ Դրա միջոցով ակնհայտ կդառնա Իմ այս խոսքերի ճշմարիտ իմաստը։ «Ես արմատախիլ կանեմ բոլոր նրանց, ովքեր պիտանի չեն Ինձ համար»։ Իմ անդրանիկ որդիներն ունեն բազմազան դրսևորումներ, ինչպես և Իմ թշնամիները։ Նրանք բոլորը կբացահայտվեն ձեզ՝ մեկ առ մեկ։ Հիշե՛ք։ Յուրաքանչյուր ոք, բացի անդրանիկ որդիներից, ունի չար ոգիների գործը։ Նրանք բոլորը Սատանայի ծառաներ են։ (Այս ամենը շուտով կբացահայտվի հերթով, բայց կան ոմանք, ովքեր պետք է ծառայություն մատուցեն մինչև վերջ, և ուրիշներ, ովքեր միայն որոշակի ժամանակահատված պետք է ծառայություն մատուցեն։) Իմ խոսքերի գործի ներքո բոլորը ցույց կտան իրենց իրական կերպարանքները։

Յուրաքանչյուր երկիր, յուրաքանչյուր վայր և յուրաքանչյուր հարանվանություն վայելում է Իմ անվան հարստությունը։ Քանի որ աղետները ներկայումս հասունանում են և Իմ ձեռքերում են, և պատրաստվում եմ աստիճանաբար թափել դրանք, բոլորը հրատապ կերպով փնտրում են ճշմարիտ ճանապարհը և կփնտրեն այն նույնիսկ ամեն գնով։ Ամեն ինչում ունեմ Իմ ժամանակը։ Երբ էլ ասեմ, որ այն կավարտվի, այն կավարտվի հենց այդ պահին՝ րոպեի և նույնիսկ վայրկյանի ճշգրտությամբ։ Ոչ ոք չի կարող խոչընդոտել կամ կանգնեցնել դրան։ Ի վերջո, մեծ կարմիր վիշապն Իմ պարտված թշնամին է։ Այն ծառայություն մատուցող է Ինձ համար և անում է այն ամենը, ինչ ասում եմ նրան՝ առանց նվազագույն դիմակայության։ Այն իրապես Իմ եզն է, Իմ ձին։ Երբ Իմ գործն ավարտվի, կգցեմ դրան անհատակ անդունդը և կրակի և ծծմբի լիճը (խոսքը վերաբերում է նրանց, ովքեր կորչում են)։ Կորչողները ոչ միայն կճաշակեն մահը, այլև խստորեն կպատժվեն Ինձ հալածելու համար։ Սա այն գործն է, որը կշարունակեմ անել ծառայություն մատուցողների միջոցով։ Այնպես կանեմ, որ Սատանաները կոտորեն և ոչնչացնեն իրենք իրենց՝ լիովին բնաջնջելով մեծ կարմիր վիշապի սերունդներին։ Սա Իմ գործի մի մասն է։ Դրանից հետո կշրջվեմ դեպի հեթանոս ազգերը։ Սրանք են Իմ գործի քայլերը։

Նախորդը. Գլուխ 109

Հաջորդը. Գլուխ 112

Եթե պատրաստ ես անհանգստություններդ գցելու Աստծու վրա և ստանալու Նրա օգնությունը, խնդրում ենք սեղմել կոճակը՝ մեր ուսումնական խմբին միանալու համար։

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Կապվիր մեզ հետ WhatsApp-ով