Գլուխ 102
Ես խոսել եմ որոշ չափով, և Իմ գործը հասել է որոշակի կետի. ձեզանից յուրաքանչյուրը պետք է ընկալի Իմ մտադրությունները և տարբեր չափերով ի վիճակի լինի հաշվի առնելու Իմ հոգսը։ Այժմ այն շրջադարձային կետն է, երբ մսեղին անցում է կատարում դեպի հոգևոր ոլորտ՝ դուք դարաշրջանների միջով անցնող կարապետներն եք, տիեզերական մարդիկ, որոնք շրջում են տիեզերքով և երկրի ծայրերով։ Ինձ համար ամենաթանկն եք, նրանք եք, ում սիրում եմ։ Կարելի է ասել, որ Ես ձեզանից բացի ոչ ոքի չեմ սիրում, որովհետև Իմ սրտի ողջ արյունը եղել է հանուն ձեզ։ Մի՞թե դուք դա չգիտեք։ Ինչո՞ւ ստեղծեցի բոլոր բաները։ Ինչո՞ւ գործի դրեցի դրանք, որպեսզի ծառայեն ձեզ։ Այս բոլոր գործողությունները ձեր հանդեպ Իմ սիրո արտահայտություններն էին։ Լեռները և լեռներում եղած բոլոր բաները, երկիրը և երկրի վրա եղած բոլոր բաները գովաբանում և փառավորում են Ինձ՝ քանի որ ձեռք եմ բերել ձեզ։ Ճշմարտապես, ամեն բան իրագործվել է։ Ավելին՝ ամեն բան լիովին իրագործվել է։ Հնչեղ վկայություն եք կրել Ինձ համար և Ինձ համար ամոթահար եք արել դևերին ու Սատանային։ Ինձնից դուրս գտնվող բոլոր մարդիկ, իրադարձություններն ու բաները ենթարկվում են Իմ իշխանությանը, և բոլորը՝ Իմ տնօրինման ծրագրի ավարտի շնորհիվ, դասակարգվում են ըստ իրենց տեսակի։ (Իմ ժողովուրդը պատկանում է Ինձ, իսկ Սատանայի տեսակը հանձնվում է կրակի լճին, անհատակ անդունդին, որտեղ նրանք հավերժ կողբան և ընդմիշտ կկորչեն։) Երբ խոսում եմ «կործանվելու» և «այդ ժամանակից ի վեր նրանց ոգին, հոգին և մարմինը վերցնելու» մասին, նկատի ունեմ նրանց Սատանային հանձնելը և թույլ տալը, որ նրանք ոտնահարվեն։ Այլ կերպ ասած՝ բոլոր նրանք, ովքեր Իմ տնից չեն, կկործանվեն և կդադարեն գոյություն ունենալ։ Սա չի նշանակում, ինչպես մարդիկ են պատկերացնում, թե նրանք այլևս չեն լինի։ Կարելի է նաև ասել, որ Ինձնից դուրս ամեն բան Իմ աչքում գոյություն չունի, և սա է կործանման ճշմարիտ իմաստը։ Մարդկանց աչքին այս բաները դեռևս գոյություն ունեցող են թվում, բայց Իմ տեսանկյունից դրանք վերածվել են ոչնչի և հավիտյան կկործանվեն։ (Շեշտը դրվում է նրանց վրա, ում վրա չեմ գործում, և ովքեր Ինձնից դուրս են։) Ինչպես էլ որ մարդիկ մտածեն, չեն կարող հասկանալ սա, և որքան էլ նայեն դրան, չեն կարող թափանցել դրա մեջ։ Մարդիկ չեն կարող հստակ հասկանալ, քանի դեռ լուսավորություն չեմ բերում նրանց, չեմ լուսավորում և հստակորեն դա նրանց ցույց չեմ տալիս։ Ավելին՝ նրանք բոլորն ավելի ու ավելի են մշուշվում դրա վերաբերյալ՝ զգալով ավելի մեծ դատարկություն և առավել ևս զգալով, որ հետևելու ուղի չկա․ նրանք գրեթե նման են մեռած մարդկանց։ Հենց հիմա մարդկանց մեծամասնությունը (նկատի ունեմ բոլորին՝ բացի անդրանիկ որդիներից) այս իրադրության մեջ է։ Այս բաները Ես նշել եմ այնպիսի հստակությամբ, սակայն այս մարդիկ ոչ մի արձագանք չունեն և դեռևս հոգ են տանում իրենց մսեղավոր վայելքների մասին։ Ուտում են ու հետո քնում, քնում են ու հետո ուտում։ Չեն խորհում Իմ խոսքերի շուրջ։ Նույնիսկ երբ եռանդով են լցվում, դա միայն որոշ ժամանակով է․ դրանից հետո մնում են նույնը, ինչպիսին կային՝ լիովին անփոփոխ, կարծես բնավ չեն էլ լսել Ինձ։ Սրանք տիպիկ, անօգուտ մարդիկ են, որոնք հոգսի նվազագույն զգացում անգամ չունեն․ նրանք ամենաակնհայտ ձրիակերներն են։ Հետագայում մեկ առ մեկ կլքեմ նրանց։ Անհամբեր մի՛ եղեք։ Մեկ առ մեկ նրանց հետ կուղարկեմ անհատակ անդունդ։ Սուրբ Հոգին երբեք չի գործել նման մարդկանց վրա, և այն ամենը, ինչ նրանք անում են, բխում է իրենց ստացած շնորհներից։ Երբ խոսում եմ շնորհների մասին, ի նկատի ունեմ, որ սրանք կյանք չունեցող մարդիկ են, որոնք Իմ ծառայությունն անողներն են․ Ես նրանցից ոչ մեկին չեմ ուզում և դուրս կթողնեմ նրանց (բայց հենց հիմա նրանք դեռ մի փոքր օգտակար են)։ Դու, որ ծառայություն անող ես, լսի՛ր։ Մի՛ մտածիր, թե Իմ կողմից քեզ օգտագործելը նշանակում է, որ բարեհաճորեն եմ նայում քեզ։ Դա այդքան պարզ չէ։ Եթե ուզում ես, որ բարեհաճորեն նայեմ քեզ, ապա պետք է լինես մեկը, ում արժանի եմ համարել, և ում անձամբ եմ կատարելագործում։ Սա է այն տեսակի մարդը, ում սիրում եմ։ Նույնիսկ եթե մարդիկ ասեն, որ սխալ եմ թույլ տվել, երբեք չեմ դրժի Իմ խոսքը։ Գիտե՞ս սա։ Նրանք, ովքեր ծառայություն են մատուցում, ընդամենը խոշոր եղջերավոր անասուններ են ու ձիեր։ Ինչպե՞ս կարող են նրանք Իմ անդրանիկ որդիները լինել։ Մի՞թե դա անհեթեթություն չէր լինի։ Մի՞թե դա բնության օրենքների խախտում չէր լինի։ Ով որ ունի Իմ կյանքն ու Իմ որակը, նրանք Իմ անդրանիկ որդիներն են։ Սա ողջամիտ բան է․ ոչ ոք չի կարող հերքել դա։ Պետք է այդպես լինի, հակառակ դեպքում չէր լինի մեկը, ով կարող էր խաղալ այս դերը, և ոչ ոք, ով կարող էր փոխարինել դրան։ Սա զգացմունքներից դրդվելով արվող բան չէ, քանզի Ես Ինքը՝ արդար Աստվածն եմ, Ինքը՝ սուրբ Աստվածն եմ, և Ինքը՝ մեծափառ Աստվածն եմ, Ով վիրավորանք չի՛ հանդուրժում։
Այն ամենը, ինչ անհնար է մարդկանց համար, Ինձ համար ընթանում է հարթ և ազատ։ Ոչ ոք չի կարող կանգնեցնել դա, և ոչ ոք չի կարող փոխել դա։ Այս աշխարհն իր ողջ հսկայականությամբ լիովին Իմ ձեռքերում է, էլ չասած փոքրիկ դև Սատանայի մասին։ Եթե չլիներ Իմ տնօրինման ծրագիրը, և եթե չլինեին Իմ անդրանիկ որդիները, վաղուց ոչնչացրած կլինեի այս չար, անառակ հին դարաշրջանը, որը ներծծված է մահվան գարշահոտով։ Սակայն գործում եմ չափավորված կերպով և թեթևամտորեն չեմ խոսում։ Հենց որ մի բան եմ ասում, այն կիրագործվի, եթե անգամ այն չիրագործվեր, դրանում անշուշտ կլիներ Իմ իմաստության մի կողմը, որն անպայման կիրագործեր ամեն բան Ինձ համար և ճանապարհ կհարթեր Իմ գործողությունների համար։ Դա նրանից է, որ Իմ խոսքերն Իմ իմաստությունն են՝ Իմ խոսքերն ամեն ինչ են։ Մարդիկ հիմնովին չեն հասկանում և չեն կարողանում ըմբռնել դրանք։ Հաճախ եմ հիշատակում «կրակի լիճը»։ Ի՞նչ է դա նշանակում։ Ինչո՞վ է այն տարբերվում կրակով և ծծմբով լճից։ Կրակով և ծծմբով լիճը վերաբերում է Սատանայի ազդեցությանը, մինչդեռ կրակի լիճը՝ Սատանայի իշխանության տակ գտնվող ողջ աշխարհին։ Աշխարհում յուրաքանչյուր ոք կրակի լճում այրման առարկա է (այսինքն՝ նրանք ավելի ու ավելի են ապականվում, և երբ նրանց ապականությունը հասնի որոշակի մակարդակի, նրանք մեկ առ մեկ կոչնչացվեն Իմ կողմից, ինչը կարող եմ հեշտությամբ անել՝ Ինձնից պահանջվում է միայն մեկ բառ արտաբերել)։ Որքան մեծ է Իմ ցասումը, այնքան ավելի բարձր են բոցավառվում կրակները ողջ կրակի լճում։ Սա վերաբերում է նրան, թե ինչպես են մարդիկ ավելի ու ավելի չար դառնում։ Իմ ցասումի ժայթքման ժամանակը կլինի նաև այն ժամանակը, երբ կրակի լիճը կպայթի՝ այսինքն՝ դա կլինի այն ժամանակը, երբ ողջ տիեզերական աշխարհը կոչնչացվի։ Այդ օրը Իմ թագավորությունը լիովին կիրագործվի երկրի վրա, և նոր կյանք կսկսվի։ Սա մի բան է, որը շուտով կիրականանա։ Իմ խոսելուն պես բոլորի աչքի առաջ ամեն բան կիրականանա։ Սա հարցի մարդկային տեսակետն է, բայց Իմ աչքերում բաներն արդեն նախապես ավարտվել են, որովհետև Ինձ համար ամեն բան հեշտ է։ Ես խոսում եմ, և կատարվում է, Ես հրամայում եմ, և հաստատվում է։
Ամեն օր ուտում եք Իմ խոսքերը, վայելում Իմ տաճարի պարարտությունը, խմում Իմ կյանքի գետի ջրից և քաղում Իմ կյանքի ծառի պտուղը։ Ուրեմն ի՞նչ է Իմ տաճարի պարարտությունը։ Ի՞նչ է Իմ կյանքի գետի ջուրը։ Ի՞նչ է կյանքի ծառը։ Ի՞նչ է կյանքի ծառի պտուղը։ Թեև այս արտահայտությունները կարող են սովորական լինել, դրանք, այնուամենայնիվ, անհասկանալի են բոլոր մարդկանց համար, որոնք բոլորը շփոթված են։ Անպատասխանատու կերպով են արտասանում դրանք, օգտագործում՝ անխոհեմաբար և կիրառում՝ պատահականորեն։ Տաճարի պարարտությունը չի վերաբերում ոչ Իմ խոսքերին, ոչ էլ այն շնորհին, որը շնորհում եմ ձեզ։ Ուրեմն իրականում ի՞նչ է այն նշանակում։ Դարերի ընթացքում երբեք չի եղել որևէ մեկը, ով բավականաչափ բախտավոր լիներ՝ վայելելու Իմ տաճարի պարարտությունը։ Միայն վերջին օրերին, Իմ անդրանիկ որդիների մեջ, մարդիկ կարող են տեսնել, թե ինչ է Իմ տաճարի այս պարարտությունը։ Այս արտահայտության մեջ «տաճարը» վերաբերում է Իմ անձին. այն վերաբերում է Սիոն լեռանը՝ Իմ բնակավայրին։ Առանց Իմ թույլտվության ոչ ոք չի կարող մտնել այնտեղ կամ դուրս գալ այնտեղից։ Ինչի՞ն է վերաբերում «պարարտությունը»։ Այն վերաբերում է մարմնի մեջ Ինձ հետ թագավորել կարողանալու օրհնությանը։ Ընդհանուր առմամբ, սա վերաբերում է մարմնի մեջ Ինձ հետ թագավորել կարողանալու՝ անդրանիկ որդիների օրհնությանը, և սա դժվար չէ հասկանալ։ Կյանքի գետի ջուրն ունի երկու իմաստ. առաջինը վերաբերում է կենդանի ջրին, որը հոսում է Իմ որովայնից, այսինքն՝ յուրաքանչյուր խոսքին, որը դուրս է գալիս Իմ բերանից. երկրորդը՝ Իմ գործողությունների հետևում եղած իմաստությանն ու ռազմավարությանը, ինչպես նաև նրան, ինչ եմ Ես, և ինչ ունեմ։ Իմ խոսքերը պարունակում են անվերջանալի, թաքնված խորհուրդներ (և այն, որ խորհուրդներն այլևս թաքնված չեն, նշվում է ի հակադրություն անցյալի, բայց երբ համեմատվում են ապագայում տեղի ունենալիք հրապարակային հայտնության հետ, դրանք դեռևս թաքնված են։ Այստեղ «թաքնված լինելը» բացարձակ չէ՝ այն հարաբերական է։) Այլ կերպ ասած՝ կյանքի գետի ջուրը մշտահոս է։ Իմ մեջ կա անսահման իմաստություն, և ավելին՝ այն, ինչ Ես եմ, և այն, ինչ Ես ունեմ, վեր են նրանից, ինչ մարդիկ կարող են հստակ տեսնել. այսինքն՝ կյանքի գետի ջուրը մշտահոս է։ Մարդկային տեսանկյունից գոյություն ունեն բազմաթիվ տեսակի նյութական ծառեր, բայց ոչ ոք երբեք չի տեսել կյանքի ծառը։ Սակայն, չնայած այսօր դա տեսնելուն, մարդիկ դեռ չեն ճանաչում այն, և այնուամենայնիվ, նույնիսկ խոսում են կյանքի ծառի պտուղն ուտելու մասին։ Դա իսկապես ծիծաղելի է։ Նրանք կուտեին առանց տարբերակելու։ Ինչո՞ւ եմ ասում, որ այսօր մարդիկ տեսնում են, բայց չեն ճանաչում այն։ Ինչո՞ւ եմ Ես դա ասում։ Հասկանո՞ւմ եք Իմ խոսքերի իմաստը։ Այսօրվա Գործնական Աստված Ինքն այն անձն է, որը Ես եմ, և Նա է կյանքի ծառը։ Ինձ չափելու համար մի՛ օգտագործեք մարդկային պատկերացումները։ Արտաքուստ ծառի նման չեմ, բայց գիտե՞ս արդյոք, որ իրականում Ես եմ կյանքի ծառը։ Իմ յուրաքանչյուր շարժումը, Իմ խոսքն ու Իմ պահվածքը կյանքի ծառի պտուղն են, և դրանք Իմ անձն են. դրանք այն են, ինչ Իմ անդրանիկ որդիները պետք է ուտեն, ուստի, ի վերջո, միայն Իմ անդրանիկ որդիները և Ես ճիշտ նույնը կլինենք։ Նրանք ի վիճակի կլինեն կյանքով արտահայտելու Ինձ և վկայություն կրելու Ինձ համար։ (Սրանք բաներ են, որոնք տեղի կունենան այն բանից հետո, երբ մտնենք հոգևոր ոլորտ։ Միայն մարմնի մեջ կարող ենք լինել ճիշտ նույնը. մսեղիում կարող ենք միայն մոտավորապես նույնը լինել, բայց դեռ ունենք մեր սեփական նախասիրությունները։)
Իմ մեծ զորությունը կբացահայտեմ ոչ միայն Իմ անդրանիկ որդիների մեջ, այլ առավել ևս բյուրավոր ազգերի և մարդկանց վրա նրանց կառավարման միջոցով։ Սրանք Իմ գործի քայլերն են։ Այժմ վճռորոշ պահն է, և ավելին՝ հիմա շրջադարձային կետն է։ Երբ ամեն բան իրագործվի, կտեսնեք, թե ինչ են անում Իմ ձեռքերը, և կտեսնեք, թե ինչպես եմ ծրագրում ու տնօրինում՝ սակայն սա մշուշոտ բան չէ։ Աշխարհի յուրաքանչյուր երկրի զարգացումների լույսի ներքո՝ դա շատ հեռու չէ՝ դա մի բան է, որը մարդիկ չեն կարող պատկերացնել, և առավել ևս՝ չեն կարող կանխատեսել։ Բացարձակապես չպետք է լինեք անզգույշ կամ անփույթ, որպեսզի բաց չթողնեք օրհնվելու և վարձատրվելու հնարավորությունը։ Թագավորության հեռանկարը տեսանելի է, և ողջ աշխարհն աստիճանաբար ընկնելով մահանում է։ Անհատակ անդունդից և կրակով ու ծծմբով լճից հնչում են ողբի ձայների պոռթկումներ՝ սարսափեցնելով մարդկանց և ստիպելով վախենալ ու թաքնվելու տեղ չգտնել։ Ով ընտրվում է Իմ անունով և ապա դուրս թողնվում, կհայտնվի անհատակ անդունդում։ Այսպիսով, ինչպես բազմիցս ասել եմ, անհատակ անդունդը կնետեմ նրանց, ում պետք է դուրս թողնեմ։ Երբ ողջ աշխարհը կործանվի, այն ամենը, ինչ ոչնչացվել է, կընկնի կրակով ու ծծմբով լիճը։ Այլ կերպ ասած՝ այս բաները կրակի լճից կտեղափոխվեն կրակով ու ծծմբով լիճը։ Այդ ժամանակ յուրաքանչյուր ոք սահմանված կլինի կա՛մ հավերժական կործանման (նկատի ունեմ բոլոր նրանց, ովքեր Ինձնից դուրս են), կա՛մ հավերժական կյանքի (նկատի ունեմ բոլոր նրանց, ովքեր Իմ մեջ են)։ Այդժամ Ես և Իմ անդրանիկ որդիները դուրս կգանք թագավորությունից և կմտնենք հավերժություն։ Սա մի բան է, որը կիրականանա հետագայում․ նույնիսկ եթե հիմա ասեի ձեզ, չէիք հասկանա։ Կարող եք միայն հետևել Իմ առաջնորդությանը, քայլել Իմ լույսի ներքո, ուղեկցել Ինձ Իմ սիրո մեջ, վայելք ապրել Ինձ հետ Իմ տան մեջ, իշխանություն ունենալ Ինձ հետ Իմ թագավորությունում և կառավարել Ինձ հետ բյուրավոր ազգերին ու մարդկանց՝ Իմ իշխանության ներքո։ Այն ամենը, ինչ նկարագրեցի վերևում, կազմում է այն անվերջանալի օրհնությունները, որոնք շնորհում եմ ձեզ։