Օրենքի դարաշրջանի գործը

Այն գործը, որ Եհովան կատարեց իսրայելացիների մեջ, մարդկության մեջ հաստատեց Աստծու երկրային ծագման վայրը, որը նաև այն սուրբ վայրն էր, որտեղ Նա ներկա էր։ Նա Իսրայելի ժողովրդին ընդունեց որպես Իր գործի շրջանակ։ Սկզբում Նա չգործեց Իսրայելից դուրս։ Իր գործի շրջանակը նեղացնելու համար Նա համապատասխան մարդկանց ընտրեց։ Իսրայելի երկիրն այն վայրն է, որտեղ Աստված ստեղծեց Ադամին ու Եվային, և այդ տեղի փոշուց Եհովան ստեղծեց մարդուն։ Այս վայրը դարձավ երկրի վրա Նրա գործի հենակետը։ Իսրայելացիները Նոյի հետնորդներն էին, ինչպես նաև Ադամի հետնորդները, և երկրի վրա Եհովայի գործի մարդկային հիմնադիրներն էին։

Այդ ժամանակ Իսրայելում Եհովայի գործի նշանակությունը, նպատակն ու քայլերը ողջ երկրի վրա Իր գործն իրականացնելն էր, որը, Իսրայելը որպես կենտրոն ունենալով, տարածվեց հեթանոս ազգերի մեջ։ Սա այն սկզբունքն է, ըստ որի Նա գործում է տիեզերքում՝ սկսելով որոշակի կետից՝ ամբողջը շարժելու համար, և ապա ընդլայնելով Իր գործը, մինչև տիեզերքի բոլոր մարդիկ ընդունեն Իր ավետարանը։ Առաջին իսրայելացիները Նոյի հետնորդներն էին։ Այդ մարդիկ ունեին միայն Եհովայի շունչը և գիտեին, թե ինչպես հոգալ կյանքի հիմնական կարիքները, բայց չգիտեին, թե ինչպիսի Աստված էր Եհովան, չգիտեին մարդու հանդեպ Նրա մտադրությունները և առավել ևս չգիտեին, թե մարդն ինչպես պետք է երկյուղի Արարչից։ Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք կային կանոններ, արդյոք կային օրենքներ, կամ արդյոք կար պարտավորություն, որն արարածները պետք է կատարեին Արարչի համար, Ադամի հետնորդները ոչինչ չգիտեին այս բաների մասին։ Նրանց իմացածն այն էր, որ ամուսինը պետք է քրտինք թափի և տքնի՝ իր ընտանիքն ապահովելու համար, իսկ կինը պետք է հնազանդվի իր ամուսնուն և շարունակի Եհովայի ստեղծած մարդկային ցեղը։ Այլ կերպ ասած՝ նման մարդիկ, որոնք ունեին միայն Եհովայի շունչն ու Նրա կյանքը, ոչինչ չգիտեին այն մասին, թե ինչպես հետևել Աստծու օրենքներին կամ ինչպես բավարարել Արարչին։ Նրանք չափազանց քիչ էին հասկանում։ Ուստի, թեև նրանց սրտերում չկար խոտորություն կամ նենգություն, և հազվադեպ էր լինում նախանձ ու վեճ, այնուամենայնիվ, ճանաչողություն կամ հասկացողություն չունեին Եհովայի՝ Արարչի մասին։ Մարդու այս նախնիները գիտեին միայն ուտել Եհովայի բաները և վայելել Եհովայի բաները, բայց չգիտեին երկյուղել Եհովայից։ Նրանք չգիտեին, որ Եհովան Նա էր, ում պետք է ծնկաչոք երկրպագեին։ Ուստի ինչպե՞ս կարող էին արարածներ կոչվել։ Այդ դեպքում մի՞թե «Եհովան Արարիչն է» և «Նա ստեղծեց մարդկությանը, որպեսզի մարդկությունը դրսևորի Նրան, փառավորի Նրան և ի վիճակի լինի ներկայացնելու Նրան» խոսքերն իզուր ասված չէին լինի։ Ինչպե՞ս կարող էին Եհովայի հանդեպ երկյուղած սրտեր չունեցող մարդիկ Նրա փառքի վկայությունը դառնալ։ Ինչպե՞ս կարող էին դառնալ Նրա փառքի դրսևորումը։ Այդ դեպքում Սատանան՝ չարը, չէ՞ր կառչի Եհովայի «Ես մարդկությանն Իմ պատկերով ստեղծեցի» խոսքերին։ Այս խոսքերն այդ դեպքում չէի՞ն դառնա Եհովայի՝ մարդկությանը ստեղծելու ամոթի խարան։ Գործի այս փուլն ավարտելու համար մարդկությանը ստեղծելուց հետո Եհովան չհրահանգեց կամ չուղղորդեց նրանց Ադամից մինչև Նոյ ընկած ժամանակահատվածում, այլ պաշտոնապես սկսեց ուղղորդել իսրայելացիներին՝ Նոյի հետնորդներին, այսինքն՝ Ադամի հետնորդներին, այն բանից հետո, երբ ջրհեղեղը ոչնչացրեց աշխարհը։ Նա գործեց և խոսքեր ասաց Իսրայելում՝ ուղղորդելով Իսրայելի ողջ ժողովրդին նրանց կյանքի ընթացքում՝ Իսրայելի ամբողջ երկրով մեկ։ դրանով իսկ ցույց տալով մարդուն, որ Եհովան ոչ միայն ի վիճակի էր շունչ փչելու նրա մեջ, որպեսզի նա կյանք ունենա Եհովայից և կյանքի կոչվի հողի փոշուց ու դառնա արարված մարդկային էակ, այլև որ Եհովան կարող էր նաև մոխրացնել մարդկությանը, անիծել մարդկությանը և օգտագործել Իր գավազանը՝ մարդկությանը կառավարելու համար։ Այդպես էլ մարդը տեսավ, որ Եհովան կարող էր ուղղորդել մարդու կյանքը երկրի վրա և խոսել ու գործել մարդկանց մեջ՝ ըստ ցերեկվա և գիշերվա ժամերի։ Նա այս գործը կատարեց միայն նրա համար, որպեսզի բոլոր արարածներին հնարավորություն տա հասկանալու, որ մարդն ի սկզբանե առաջացել է այն փոշուց, որը Եհովան վերցրել էր գետնից, և, ավելին, որ մարդը ստեղծվել էր Եհովայի կողմից։ Սա դեռ ամենը չէ։ Նա նախ Իր գործը կատարեց Իսրայելում առավել ևս նրա համար, որ Իսրայելից դուրս գտնվող բոլոր ժողովուրդներին և ազգերին (իրականում նրանք Իսրայելից դուրս չէին, այլ ավելի շուտ հեթանոս ժողովուրդներ և ազգեր էին, որոնք ճյուղավորվել էին իսրայելացիներից, սակայն որոնց նախնիները դեռ Ադամն ու Եվան էին) հնարավորություն տա ընդունելու Եհովայի ավետարանն Իսրայելից, որպեսզի տիեզերքի բոլոր արարածները կարողանան երկյուղել Եհովայից և պատվել Նրան որպես մեծագույնի։ Եթե Եհովան սկզբում չգործեր Իսրայելում, այլ փոխարենը, մարդկությանը ստեղծելով, պարզապես թույլ տար նրանց անհոգ կյանքով ապրել երկրի վրա, ապա այդ դեպքում, հաշվի առնելով մարդու մսեղիի բնությունը (բնությունը նշանակում է, որ մարդը երբեք չի կարող իմանալ այն բաները, որոնք չի կարող տեսնել, ինչը նշանակում է, որ նա չէր իմանա, որ Եհովան է ստեղծել մարդկությանը, առավել ևս չէր իմանա, թե ինչու է Եհովան ստեղծել մարդկությանը), նա երբեք չէր իմանա, որ Եհովան է ստեղծել մարդկությանը, և երբեք չէր իմանա, որ Նա է բոլոր բաների Տերը։ Եթե մարդկությանը ստեղծելուց և երկրի վրա դնելուց հետո Եհովան պարզապես թափ տար Իր ձեռքերն ու հեռանար՝ փոխանակ որոշ ժամանակ մնալու մարդկանց մեջ և ուղղորդում ապահովելու նրանց, ապա ողջ մարդկությունը ոչնչի կվերածվեր։ Նույնիսկ երկինքներն ու երկիրը և բոլոր բաները, որոնք Նա ստեղծեց, մարդկության հետ միասին, կվերածվեին ոչնչի և կդառնային Սատանայի կողմից ոտնատակ տրվելու վայր։ Այդ դեպքում Եհովայի ցանկությունը, որ «Երկրի վրա, այսինքն՝ Իր արարչագործության մեջ, Նա կարող է ունենալ կանգնելու վայր՝ այլ կերպ ասած՝ սուրբ վայր», կփշրվեր։ Եվ այսպես՝ մարդկությանը ստեղծելուց հետո Նա մարդկության միջից մարդուն ուղղորդեց իր կյանքում, և Նա մարդկության միջից խոսեց մարդու հետ. այս ամենը Նրա ցանկությունն իրականացնելու, ինչպես նաև Նրա ծրագիրն իրագործելու համար էր։ Նա Իր գործն Իսրայելում կատարեց միայն այն ծրագիրն իրագործելու համար, որը կազմել էր նախքան բոլոր բաներն Իր ստեղծելը, և հետևաբար նախ իսրայելացիների մեջ Իր գործելը և բոլոր բաներն Իր ստեղծելը չէին հակասում միմյանց, այլ երկուսն էլ արվել էին հանուն Իր տնօրինման, հանուն Իր գործի, հանուն Իր փառքի և հանուն Իր՝ մարդկությանը ստեղծելու իմաստը խորացնելու։ Նա երկրի վրա մարդկության կյանքն ուղղորդեց Նոյից հետո երկու հազար տարի՝ բոլոր մարդկանց հնարավորություն տալով հասկանալու, թե ինչպես երկյուղել Եհովայից՝ բոլոր բաների Տիրոջից, հասկանալու, թե ինչպես վարել իրենց կյանքը և ինչպես ապրել, և էլ ավելին՝ հասկանալու, թե ինչպես վկայություն կրել Եհովայի համար, հնազանդվել Նրան և երկյուղել Նրանից, նույնիսկ գովաբանել Նրան՝ թմբուկներ զարկելով, ինչպես արեցին Դավիթն ու նրա քահանաները։

Նախքան այն երկու հազար տարին, որոնց ընթացքում Եհովան կատարեց Իր գործը, մարդիկ ոչինչ չգիտեին, և գրեթե բոլորն ընկել էին այլասերվածության մեջ այն աստիճան, որ նախքան ջրհեղեղով աշխարհի կործանումը բոլոր մարդիկ դարձել էին ցանկասեր ու ապականված և Եհովային ամենևին չունեին իրենց սրտերում, էլ չասած՝ Նրա ճանապարհը։ Երբեք չէին հասկանում, թե ինչ գործ էր Եհովան անելու, և չունեին ողջամտություն, առավել ևս՝ ճանաչողություն։ Պարզապես շնչող մեքենաների պես էին և լիովին անտեղյակ էին մարդուց, Աստծուց, բոլոր բաներից, կյանքից և այլն։ Նրանք երկրի վրա օձի պես գայթակղելու շատ գործեր արեցին և շատ բաներ ասացին, որոնք վիրավորանք էին Եհովայի հանդեպ, բայց քանի որ անտեղյակ էին, Եհովան չպատժեց նրանց, ոչ էլ կարգավարժեց նրանց։ Միայն այն բանից հետո, երբ ջրհեղեղը ոչնչացրեց աշխարհը, երբ Նոյը 601 տարեկան էր, Եհովան պաշտոնապես հայտնվեց Նոյին և ուղղորդեց նրան ու նրա ընտանիքին՝ ուղղորդելով ջրհեղեղից հետո ողջ մնացած թռչուններին ու գազաններին, ինչպես նաև Նոյին և նրա հետնորդներին, մինչև Օրենքի դարաշրջանի ավարտը՝ ընդհանուր առմամբ 2500 տարի։ Նա գործում էր Իսրայելում, այսինքն՝ պաշտոնապես գործում էր ընդհանուր առմամբ 2000 տարի, և միաժամանակ գործում էր Իսրայելում ու դրանից դուրս 500 տարի, միասին՝ 2500 տարի։ Այս ժամանակահատվածում Նա իսրայելացիներին ասաց, որ Եհովային ծառայելու համար պետք է տաճար կառուցեն, քահանայական հանդերձներ հագնեն և լուսաբացին բոբիկ քայլեն տաճար, որպեսզի իրենց կոշիկները չպղծեն Եհովայի տաճարը, և այդպիսով՝ կրակ չիջնի իրենց վրա տաճարի գագաթից ու չայրի իրենց մինչև մահ։ Բոլորը կատարեցին իրենց պարտավորությունները և հնազանդվեցին Եհովայի կարգավորումներին։ Նրանք աղոթում էին Եհովային տաճարում, և Եհովայի հայտնությունը ստանալուց հետո, այսինքն՝ այն բանից հետո, երբ Եհովան խոսում էր, նրանք այնուհետև առաջնորդում էին ժողովրդին և տեղեկացնում նրանց, որ պետք է երկյուղեն Եհովայից՝ իրենց Աստծուց։ Եվ Եհովան նրանց ասաց, որ պետք է տաճար կառուցեն և զոհասեղան շինեն, և Եհովայի ժամանակ, այսինքն՝ Եհովայի Պասեքին, պետք է անդրանիկ հորթեր ու գառներ պատրաստեն և դրանք զոհասեղանի վրա մատուցեն՝ Եհովային ծառայելու համար, որպեսզի զսպի նրանց և մղի Եհովայից երկյուղող սրտեր ունենալու՝ օգտագործելով այն, թե արդյոք պահպանում էին այս օրենքը, գնահատելու համար, թե արդյոք հավատարիմ էին Եհովային։ Եհովան նաև նրանց համար սահմանեց Շաբաթը. այսինքն՝ Նա բոլոր բաների Իր ստեղծման յոթերորդ օրը դարձրեց Շաբաթ։ Նա Շաբաթվան հաջորդող օրը նշանակեց որպես առաջին օր՝ մի օր, որպեսզի նրանք գովաբանեն Եհովային, զոհեր մատուցեն Նրան և թմբուկներ զարկեն ու քնար նվագեն Նրա համար։ Այդ օրը Եհովան համախմբեց բոլոր քահանաներին և բաժանեց զոհասեղանի վրայի զոհերը, որպեսզի ժողովուրդն ուտի՝ թույլ տալով նրանց վայելել Եհովայի զոհասեղանի զոհերը։ Եվ Եհովան ասաց, որ նրանք օրհնված են, որ բաժին ունեն Իր հետ, և որ նրանք Իր ընտրյալ ժողովուրդն են (ինչն այն ուխտն էր, որը Եհովան կնքեց իսրայելացիների հետ)։ Ահա թե ինչու մինչ օրս Իսրայելի ժողովուրդը դեռ ասում է, որ Եհովան միայն իրենց Աստված է և ոչ թե հեթանոսների Աստված։

Օրենքի դարաշրջանի ընթացքում Եհովան բազմաթիվ պատվիրաններ սահմանեց Մովսեսի համար, որպեսզի նա փոխանցի այն իսրայելացիներին, որոնք հետևեցին նրան Եգիպտոսից դուրս գալիս։ Այդ ժամանակ այս պատվիրանները Եհովան շնորհեց իսրայելացիներին, և դրանք ոչ մի կապ չունեին եգիպտացիների հետ։ Դրանք նախատեսված էին իսրայելացիներին զսպելու համար։ Նա օգտագործեց պատվիրանները՝ նրանց պահանջներ ներկայացնելու համար՝ արդյոք պահպանում էին Շաբաթը, արդյոք պատվում էին իրենց ծնողներին, արդյոք երկրպագում էին կուռքերի և այլն։ Սրանք այն սկզբունքներն էին, որոնցով նրանք դատվում էին որպես մեղավոր կամ արդար կոչվում։ Նրանց մեջ կային ոմանք, ում վրա իջավ Եհովայի կրակը, ոմանք, ովքեր քարկոծվեցին մինչև մահ, և ոմանք, ովքեր ստացան Եհովայի օրհնությունը, և այս ամենը որոշվում էր ըստ այն բանի, թե արդյոք նրանք հնազանդվում էին այս պատվիրաններին, թե ոչ։ Նրանք, ովքեր չէին պահում Շաբաթը, քարկոծվում էին մինչև մահ։ Այն քահանաների վրա, որոնք չէին պահում Շաբաթը, իջնում էր Եհովայի կրակը։ Նրանք, ովքեր չէին պատվում իրենց ծնողներին, նույնպես քարկոծվում էին մինչև մահ։ Այս ամենը հավանության էր արժանանում Եհովայի կողմից։ Եհովան Իր պատվիրաններն ու օրենքներն ամբողջությամբ հաստատեց նրա համար, որպեսզի, երբ Նա առաջնորդեր նրանց իրենց կյանքում, ժողովուրդը լսեր Իր խոսքը, հնազանդվեր Իր խոսքին և չըմբոստանար Իր դեմ։ Նա օգտագործեց այս օրենքները՝ նորածին մարդկային ցեղը վերահսկողության տակ պահելու համար, որպեսզի հիմք դնի Իր ապագա գործի համար։ Եվ այսպես, հիմնվելով այն գործի վրա, որը Եհովան կատարեց, առաջին դարաշրջանը կոչվեց Օրենքի դարաշրջան։ Թեև Եհովան շատ խոսքեր ասաց և շատ գործ կատարեց, Նա միայն դրականորեն ուղղորդեց ժողովրդին՝ ուղղորդելով այս անտեղյակ մարդկանց սովորելու, թե ինչպես վարվել, սովորելու, թե ինչպես ապրել, և հասկանալու Եհովայի ճանապարհը։ Մեծ մասամբ Նրա կատարած գործն այն էր, որ մղի ժողովրդին հավատարիմ մնալու Իր ճանապարհին և հետևելու Իր օրենքներին։ Գործը կատարվում էր այն մարդկանց վրա, որոնք մակերեսորեն էին ապականված. խոսք անգամ չէր կարող լինել խառնվածքի որևէ փոփոխության մասին, և խոսք անգամ չէր կարող լինել կյանքի որևէ առաջընթացի մասին։ Նա պարզապես զսպում էր մարդկանց և վերահսկում նրանց՝ մղելով պահպանելու օրենքները։ Այդ ժամանակվա իսրայելացիների համար Եհովան լոկ Աստված էր տաճարում, և Նա նաև Աստված էր երկնքում։ Նա ամպի սյուն էր, կրակի սյուն։ Այն ամենը, ինչ Եհովան պահանջում էր նրանցից, հնազանդվելն էր[ա] այն բանին, ինչ մարդիկ այսօր գիտեն որպես օրենքներ և պատվիրաններ, կարելի է նույնիսկ ասել՝ կանոններ, որովհետև այն, ինչ Եհովան արեց, նախատեսված չէր նրանց փոխելու համար, այլ նրանց ավելի շատ բաներ շնորհելու համար, որոնցով մարդը պետք է զինված լիներ, և անձամբ նրանց ասելու այդ բաները, որովհետև ստեղծվելուց հետո մարդը պարզապես չուներ ոչինչ, որը պետք է ունենար։ Եվ այսպես՝ Եհովան շնորհեց նրանց այն բաները, որոնք մարդը պետք է ունենար երկրի վրա իր կյանքի համար՝ հնարավորություն տալով Իր ուղղորդած մարդկությանը գերազանցելու իր նախնիներին՝ Եվային և Ադամին, որովհետև այն, ինչ Եհովան շնորհեց նրանց, գերազանցում էր այն, ինչ Նա սկզբում շնորհել էր Եվային և Ադամին։ Անկախ ամեն ինչից՝ այն գործը, որ Եհովան կատարեց Իսրայելում, միայն մարդուն ուղղորդելու և մարդուն Արարչին ճանաչել տալու համար էր։ Դա ո՛չ նվաճում էր, ո՛չ էլ փոփոխություն, այլ լոկ ուղղորդում։ Սա Օրենքի դարաշրջանում Եհովայի գործի ամբողջությունն է։ Դա Իսրայելի ողջ երկրում Նրա գործի նախապատմությունն է, իրական պատմությունը, էությունը։ Դա նաև Նրա վեց հազար տարվա գործի սկիզբն է՝ մարդուն Եհովայի ձեռքի վերահսկողության տակ պահելը։ Սրանից ավելի շատ գործ ծնվեց Նրա վեցհազարամյա տնօրինման ծրագրում։

Ծանոթագրություններ.

ա. Բնագիր տեքստում «հնազանդվելն էր» արտահայտությունը բացակայում է։

Նախորդը. Ավետարանի տարածման աշխատանքը նաև մարդու փրկության աշխատանքն է

Հաջորդը. Փրկագնության դարաշրջանի գործի իրական պատմությունը

Կարգավորումներ

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Կապվիր մեզ հետ WhatsApp-ով