Աստծու գործի տեսիլքը (3)

Աստված առաջին անգամ մսեղի դարձավ Սուրբ Հոգու բեղմնավորելու միջոցով, և սա կապված էր այն գործի հետ, որը Նա մտադիր էր անել։ Շնորհքի դարաշրջանը Հիսուսի անունով սկսվեց։ Երբ Հիսուսը սկսեց իրականացնել Իր սպասավորությունը, Սուրբ Հոգին սկսեց վկայել Հիսուսի անվան մասին, և Եհովայի անունն այլևս չէր հիշատակվում. փոխարենը Սուրբ Հոգին նոր գործը նախաձեռնեց գլխավորապես Հիսուսի անվան ներքո։ Նրան հավատացողների վկայությունը Հիսուս Քրիստոսի համար էր կրվում, և գործը, որ նրանք կատարում էին, նույնպես Հիսուս Քրիստոսի համար էր։ Հին Կտակարանի Օրենքի դարաշրջանի ավարտը նշանակում էր, որ գլխավորապես Եհովայի անվան ներքո կատարվող գործն ավարտվել էր։ Դրանից հետո Աստծու անունն այլևս Եհովա չէր. փոխարենը Նա Հիսուս կոչվեց, և այդ պահից Սուրբ Հոգին սկսեց գործը գլխավորապես Հիսուսի անվան ներքո։ Ուստի այսօր դեռ ուտում և խմում եք Եհովայի խոսքերը և դեռ Օրենքի դարաշրջանի գործը չեք կիրառում բաների վրա. մի՞թե չես կիրառում կանոնները։ Մի՞թե չես մնացել անցյալում։ Այժմ գիտեք, որ վերջին օրերը եկել են։ Մի՞թե հնարավոր է, որ երբ Հիսուսը գա, դեռ Հիսուս կկոչվի։ Եհովան Իսրայելի ժողովրդին ասաց, որ Մեսիան է գալու, և այնուամենայնիվ, երբ Նա եկավ, ոչ թե Մեսիա կոչվեց, այլ Հիսուս։ Հիսուսն ասաց, որ Ինքը նորից է գալու և որ այնպես է գալու, ինչպես որ հեռացել է։ Սրանք Հիսուսի խոսքերն էին, բայց տեսա՞ր այն ճանապարհը, որով Հիսուսը հեռացավ։ Հիսուսը հեռացավ՝ սպիտակ ամպին հեծնած, բայց հնարավո՞ր է արդյոք, որ Նա անձամբ մարդու մեջ վերադառնա սպիտակ ամպի վրա։ Եթե այդպես լիներ, մի՞թե Նա դեռ Հիսուս չէր կոչվի։ Երբ Հիսուսը կրկին գա, դարաշրջանն արդեն փոխված կլինի, ուստի հնարավո՞ր է արդյոք, որ Նա դեռ Հիսուս կոչվի։ Աստված միայն «Հիսուս» անունո՞վ կարող է ճանաչվել։ Մի՞թե նոր դարաշրջանում Նրան չի կարելի նոր անունով կոչել։ Կարո՞ղ են արդյոք մեկ անձի պատկերը և մեկ հատուկ անունը Աստծուն Իր ամբողջականության մեջ ներկայացնել։ Յուրաքանչյուր դարաշրջանում Աստված նոր գործ է կատարում և նոր անունով կոչվում. ինչպե՞ս կարող էր Նա նույն գործը տարբեր դարաշրջաններում կատարել։ ինչպե՞ս կարող էր կառչել հնին։ Հիսուսի անունը վերցված էր հանուն փրկագնման գործի, հետևաբար արդյոք Նա դեռ նույն անունո՞վ կկոչվի, երբ վերադառնա վերջին օրերին։ Դեռ կկատարի՞ փրկագնման գործը։ Ինչո՞ւ է այնպես, որ Եհովան և Հիսուսը մեկ են, բայց տարբեր դարաշրջաններում տարբեր անուններով են կոչվում։ Մի՞թե պատճառն այն չէ, որ Նրանց գործի դարաշրջանները տարբեր են։ Կարո՞ղ է արդյոք մեկ անունն Աստծուն Իր ամբողջականության մեջ ներկայացնել։ Քանի որ այդպես է, Աստված տարբեր դարաշրջաններում պետք է տարբեր անուններով կոչվի, և Նա այդ անունը պետք է օգտագործի՝ դարաշրջանը փոխելու և դարաշրջանը ներկայացնելու համար։ Որովհետև ոչ մի անուն լիովին չի կարող ներկայացնել Իրեն՝ Աստծուն, և յուրաքանչյուր անուն միայն ի վիճակի է ներկայացնելու Աստծու բնույթը, որը բնորոշ է որոշակի դարաշրջանի. այն միայն պետք է ներկայացնի Նրա գործը։ Հետևաբար, Աստված կարող է ընտրել ցանկացած անուն, որը սազում է Իր բնույթին, որպեսզի ներկայացնի ամբողջ դարաշրջանը։ Անկախ նրանից՝ Եհովայի դարաշրջանն է, թե Հիսուսի դարաշրջանը, յուրաքանչյուր դարաշրջան ներկայացվում է մի անունով։ Շնորհքի դարաշրջանն ավարտվել է, վերջին դարաշրջանը եկել է, և Հիսուսն արդեն եկել է։ Ինչպե՞ս կարող է Նա դեռևս Հիսուս կոչվել։ Ինչպե՞ս կարող է Նա դեռևս գալ մարդկանց մեջ Հիսուսի պատկերով։ Մի՞թե մոռացել ես, որ Հիսուսն ընդամենը նազովրեցու պատկեր էր։ Մի՞թե մոռացել ես, որ Հիսուսը միայն մարդկության Փրկագնիչն էր։ Ինչպե՞ս կարող էր Նա Իր վրա վերցնել վերջին օրերին մարդուն նվաճելու և կատարելագործելու գործը։ Հիսուսը հեռացավ սպիտակ ամպին հեծնած. սա փաստ է, բայց ինչպե՞ս կարող էր Նա սպիտակ ամպով վերադառնալ մարդկանց մեջ և դեռևս Հիսուս կոչվել։ Եթե Նա իսկապես ամպի վրա գար, ինչպե՞ս մարդը չէր ճանաչի Նրան։ Մի՞թե ամբողջ աշխարհի մարդիկ չէին ճանաչի Նրան։ Այդ դեպքում մի՞թե միայն Հիսուսը չէր լինի Աստված։ Այդ դեպքում Աստծու պատկերը կլիներ հրեայի արտաքինով և, ավելին, հավիտյան նույնը կմնար։ Հիսուսն ասաց, որ Ինքը կգա այնպես, ինչպես հեռացել է, բայց գիտե՞ս Նրա խոսքերի ճշմարիտ իմաստը։ Մի՞թե հնարավոր է, որ Նա ձեր այս խմբին դա ասաց։ Այն ամենը, ինչ գիտես, այն է, որ Նա կգա այնպես, ինչպես հեռացավ՝ ամպին հեծնած, բայց արդյո՞ք հստակ գիտես, թե ինչպես է Աստված Ինքը կատարում Իր գործը։ Եթե իսկապես ի վիճակի լինեիր տեսնելու, այդ դեպքում ինչպե՞ս պետք է բացատրել Հիսուսի ասած խոսքերը։ Նա ասաց. «Երբ մարդու Որդին գա վերջին օրերին, Նա Ինքը չի իմանա, հրեշտակները չեն իմանա, երկնքի պատգամաբերները չեն իմանա, և ողջ մարդկությունը չի իմանա»։ Միայն Հայրը կիմանա, այսինքն՝ միայն Հոգին կիմանա։ Նույնիսկ մարդու Որդին Ինքը չգիտի, բայց դու ի վիճակի՞ ես տեսնելու և իմանալու։ Եթե ընդունակ լինեիր իմանալու և քո սեփական աչքերով տեսնելու, մի՞թե այս խոսքերն իզուր ասված չէին լինի։ Իսկ ի՞նչ ասաց Հիսուսն այն ժամանակ։ «Բայց այդ օրվա ու ժամի մասին ոչ ոք չգիտի՝ ո՛չ երկնքի հրեշտակները, ո՛չ էլ Որդին, այլ միայն Հայրը։ Մարդու Որդու գալուստը կլինի Նոյի օրերի պես, …Ուստի դուք էլ պատրաստ եղեք։ Քանզի մարդու Որդին կգա այն ժամին, երբ չեք սպասում»։ Երբ այդ օրը գա, մարդու Որդին Ինքը չի իմանա դա։ Մարդու Որդին վերաբերում է Աստծու մարմնացած մսեղիին՝ բնականոն և սովորական մարդուն։ Նույնիսկ մարդու Որդին Ինքը չգիտի, ուստի ինչպե՞ս կարող ես դու իմանալ։ Հիսուսն ասաց, որ Ինքը կգա այնպես, ինչպես հեռացել էր։ Երբ Նա գալիս է, նույնիսկ Ինքը չգիտի, ուստի կարո՞ղ է նախապես տեղեկացնել քեզ։ Ի վիճակի՞ ես տեսնելու Նրա գալուստը։ Մի՞թե դա կատակ չէ։ Ամեն անգամ, երբ Աստված գալիս է երկիր, Նա փոխում է Իր անունը, Իր սեռը, Իր պատկերը և Իր գործը. Նա չի կրկնում Իր գործը։ Նա Աստված է, ով միշտ նոր է և երբեք չի հնանում։ Երբ Նա նախկինում եկավ, Նրան Հիսուս էին կոչում. կարո՞ղ է Նա դեռևս Հիսուս կոչվել այս անգամ, երբ կրկին գա։ Երբ Նա նախկինում եկավ, արական սեռի էր. կարո՞ղ է այս անգամ կրկին արական սեռի լինել։ Երբ Նա եկավ Շնորհքի դարաշրջանում, Իր գործը խաչին գամվելն էր. երբ Նա կրկին գա, կարո՞ղ է դեռևս փրկագնել մարդկությանը մեղքից։ Կարո՞ղ է կրկին խաչին գամվել։ Մի՞թե դա Իր գործը կրկնելը չէր լինի։ Մի՞թե չգիտեիր, որ Աստված միշտ նոր է և երբեք չի հնանում։ Կան այնպիսիք, ովքեր ասում են, թե Աստված հավիտյան անփոփոխ է։ Դա ճիշտ է, բայց նշանակում է, որ Աստծու բնույթը և Նրա էությունն անփոփոխ են։ Նրա անվան և գործի փոփոխությունները չեն ապացուցում, որ Նրա էությունը փոխվել է. այլ կերպ ասած՝ Աստված միշտ Աստված կլինի, և դա երբեք չի փոխվի։ Եթե ասում ես, որ Աստծու գործն անփոփոխ է, ապա հնարավոր կլինե՞ր արդյոք, որ Նրա վեցհազարամյա տնօրինման ծրագիրն ավարտին հասներ։ Դու միայն գիտես, որ Աստված հավիտյան անփոփոխ է, բայց գիտե՞ս արդյոք, որ Աստված միշտ նոր է և երբեք չի հնանում։ Եթե Աստծու գործը երբեք չփոխվեր, կարո՞ղ էր Նա առաջնորդել մարդկությանը մինչև մեր օրերը։ Եթե Աստված հավիտյան անփոփոխ լիներ, ինչո՞ւ Նա արդեն իսկ կատարեց երկու դարաշրջանների գործը։ Նրա գործը երբեք չի դադարում առաջ ընթանալուց, ինչը նշանակում է, որ Նրա բնույթն աստիճանաբար բացահայտվում է մարդուն, և բացահայտվողը Նրա ներհատուկ բնույթն է։ Սկզբում Աստծու բնույթը թաքնված էր մարդուց, Նա երբեք բացեիբաց Իր բնույթը չէր բացահայտել մարդուն, և մարդը պարզապես ոչ մի գիտություն չուներ Նրա մասին։ Այդ պատճառով Նա օգտագործում է Իր գործը՝ Իր բնույթն աստիճանաբար մարդուն բացահայտելու համար, բայց այսկերպ գործելը չի նշանակում, որ Աստծու բնույթն ամեն դարաշրջանում փոխվում է։ Այնպես չէ, որ Աստծու բնույթն անընդհատ փոխվում է, որովհետև Նրա մտադրությունները են մշտապես փոխվում։ Ավելի շուտ, քանի որ Նրա գործի դարաշրջանները տարբեր են, Աստված վերցնում է Իր ներհատուկ բնույթն իր ամբողջության մեջ և քայլ առ քայլ այն բացահայտում է մարդուն, որպեսզի մարդը կարողանա ճանաչել Իրեն։ Բայց սա ամենևին ապացույց չէ, որ Աստված ի սկզբանե չունի որոշակի բնույթ, և որ Նրա բնույթն աստիճանաբար փոխվել է դարաշրջանների անցնելուն զուգընթաց. նման հասկացողությունը թյուր կլիներ։ Աստված մարդուն բացահայտում է Իր ներհատուկ և որոշակի բնույթը՝ այն, ինչ Նա է, և դա անում է դարաշրջանների անցնելուն համապատասխան. մեկ դարաշրջանի գործը չի կարող արտահայտել Աստծու ողջ բնույթը։ Եվ այսպես՝ «Աստված միշտ նոր է և երբեք չի հնանում» խոսքերը վերաբերում են Նրա գործին, իսկ «Աստված հավիտյան անփոփոխ է» խոսքերը վերաբերում են նրան, ինչ Աստված ներհատուկ կերպով ունի և է։ Անկախ ամեն ինչից՝ դու չես կարող վեց հազար տարվա գործը սահմանափակել մեկ կետում կամ պարփակել մեռած բառերով։ Այսպիսին է մարդու տգիտությունը։ Աստված այնքան պարզ չէ, որքան մարդն է պատկերացնում, և Նրա գործը չի կարող հապաղել որևէ մեկ դարաշրջանում։ Եհովան, օրինակ, չի կարող միշտ ներկայացնել Աստծու անունը. Աստված կարող է նաև Իր գործն անել Հիսուսի անվան տակ։ Սա նշան է, որ Աստծու գործը միշտ առաջ է ընթանում։

Աստված միշտ Աստված է, և Նա երբեք Սատանա չի դառնա։ Սատանան միշտ Սատանա է, և նա երբեք Աստված չի դառնա։ Աստծու իմաստությունը, Աստծու սքանչելիությունը, Աստծու արդարությունը և Աստծու մեծափառությունը երբեք չեն փոխվի։ Նրա էությունը և այն, ինչ Նա ունի և է, երբեք չեն փոխվի։ Սակայն ինչ վերաբերում է Նրա գործին, այն միշտ առաջ է ընթանում, միշտ ավելի է խորանում, քանզի Նա միշտ նոր է և երբեք չի հնանում։ Ամեն դարաշրջանում Աստված նոր անուն է ընդունում, ամեն դարաշրջանում Նա նոր գործ է անում, և ամեն դարաշրջանում Նա թույլ է տալիս Իր արարածներին տեսնել Իր նոր մտադրությունները և նոր բնույթը։ Եթե նոր դարաշրջանում մարդիկ չկարողանային տեսնել Աստծու նոր բնույթի արտահայտությունը, մի՞թե նրանք հավիտյան խաչին չէին գամի Նրան։ Եվ այդպես վարվելով՝ մի՞թե նրանք չէին սահմանափակի Աստծուն։ Եթե Աստված մսեղի դառնար միայն որպես տղամարդ, մարդիկ Նրան կբնորոշեին որպես տղամարդ, որպես տղամարդկանց Աստված և երբեք չէին հավատա, որ Նա կանանց Աստված է։ Այդ ժամանակ տղամարդիկ կհամարեին, որ Աստված նույն սեռն ունի, ինչ տղամարդիկ, որ Աստված տղամարդկանց գլուխն է. բայց ի՞նչ կլիներ կանանց հետ։ Սա անարդար է. մի՞թե սա կողմնակալ վերաբերմունք չէ։ Եթե այդպես լիներ, ապա բոլոր նրանք, ում Աստված փրկեր, Իր պես տղամարդիկ կլինեին, և ոչ մի կին չէր փրկվի։ Երբ Աստված ստեղծեց մարդկությանը, Նա ստեղծեց Ադամին և ստեղծեց Եվային։ Նա ոչ միայն Ադամին ստեղծեց, այլև և՛ արու, և՛ էգ ստեղծեց Իր պատկերով։ Աստված ոչ միայն տղամարդկանց Աստված է, նաև կանանց Աստված է։ Աստված գործի նոր փուլ է մտնում վերջին օրերին։ Նա է՛լ ավելին կհայտնի Իր բնույթից, և դա չի լինի Հիսուսի ժամանակվա ողորմությունն ու սիրառատ բարությունը։ Քանի որ Նա նոր գործ ունի անելու, այս նոր գործը կուղեկցվի նոր բնույթով։ Ուստի, եթե այս գործն արվեր Հոգու կողմից՝ եթե Աստված մսեղի չդառնար, և փոխարենը Հոգին ուղղակիորեն որոտի միջոցով խոսեր, այնպես որ մարդը Նրա հետ շփվելու ոչ մի միջոց չունենար, արդյոք մարդը կկարողանա՞ր ճանաչել Նրա բնույթը։ Եթե գործն անողը միայն Հոգին լիներ, ապա մարդն Աստծու բնույթը ճանաչելու ոչ մի միջոց չէր ունենա։ Մարդիկ կարող են իրենց սեփական աչքերով տեսնել Աստծու բնույթը միայն այն ժամանակ, երբ Նա մսեղի է դառնում, երբ Խոսքը հայտնվում է մսեղիում, և Նա արտահայտում է Իր ողջ բնույթը մսեղիի միջոցով։ Աստված իսկապես և ճշմարտապես ապրում է մարդկանց մեջ։ Նա ձև և պատկեր ունի. մարդը կարող է փաստացիորեն առնչվել Նրա բնույթի հետ, առնչվել նրա հետ, ինչ Նա ունի և է. միայն այսկերպ մարդը կարող է ճշմարտապես ճանաչել Նրան։ Միևնույն ժամանակ, Աստված նաև ավարտել է այն գործը, որում «Աստված տղամարդկանց Աստված է և կանանց Աստված», և իրագործել է Իր ողջ գործը մսեղիում։ Նա ոչ մի դարաշրջանում չի կրկնօրինակում գործը։ Քանի որ վերջին օրերը եկել են, Նա կանի Իր վերջին օրերի գործը և կբացահայտի ողջ բնույթը, որն Իրենն է վերջին օրերին։ Վերջին օրերի մասին խոսելը մեկ այլ դարաշրջանի է վերաբերում, որի մասին Հիսուսն ասաց, որ անպայման կբախվեք աղետի և կբախվեք երկրաշարժերի, սովերի ու համաճարակների, ինչը ցույց կտա, որ դա նոր դարաշրջան է և այլևս Շնորհքի հին դարաշրջանը չէ։ Ենթադրենք, ինչպես մարդիկ են ասում, Աստված հավիտյան անփոփոխ է, Նրա բնույթը միշտ ողորմած և սիրող է, որ Նա սիրում է մարդուն ինչպես Իրեն, և Նա բոլորին փրկություն է առաջարկում ու երբեք չի ատում մարդուն, արդյոք Նրա գործը երբևէ կկարողանա՞ր ավարտվել։ Երբ Հիսուսը եկավ և գամվեց խաչին՝ Իրեն բոլոր մեղավորների համար զոհաբերելով և Իրեն զոհասեղանին ընծայելով, Նա արդեն ավարտել էր փրկագնման գործը և ավարտին էր հասցրել Շնորհքի դարաշրջանը։ Ուստի ո՞րը կլիներ այդ դարաշրջանի գործը վերջին օրերին կրկնելու իմաստը։ Մի՞թե նույն բանն անելը Հիսուսի գործի ժխտում չէր լինի։ Եթե Աստված չաներ խաչելության գործը, երբ եկավ այս փուլում, այլ մնար սիրող և ողորմած, կկարողանա՞ր արդյոք ավարտին հասցնել դարաշրջանը։ Կարո՞ղ էր արդյոք սիրող և ողորմած Աստված ավարտին հասցնել դարաշրջանը։ Դարաշրջանն ավարտելու Իր վերջնական գործում Աստծու բնույթը հանդիմանության և դատաստանի բնույթ է, որում Նա բացահայտում է այն ամենը, ինչ անարդար է, հրապարակայնորեն դատում է բյուրավոր մարդկանց և կատարելագործում է նրանց, ովքեր անկեղծորեն սիրում են Իրեն։ Միայն այսպիսի բնույթը կարող է ավարտին հասցնել դարաշրջանը։ Վերջին օրերն արդեն եկել են։ Բոլոր բաները դասակարգվում են ըստ իրենց տեսակի և բաժանվում են տարբեր կատեգորիաների՝ իրենց տարբեր հատկանիշների հիման վրա։ Սա ճիշտ այն ժամանակն է, երբ Աստված բացահայտում է մարդկանց ելքերն ու նշանակության վայրերը։ Եթե մարդիկ փորձառաբար չապրեն հանդիմանություն և դատաստան, ապա նրանց ըմբոստությունն ու անարդարությունը չեն կարող մերկացվել։ Միայն հանդիմանության և դատաստանի միջոցով կարող են բացահայտվել բոլոր բաների ելքերը։ Մարդիկ ցույց են տալիս, թե իրականում ինչ են իրենք, միայն այն ժամանակ, երբ հանդիմանվում և դատվում են։ Չարը կդրվի չարի հետ, բարին՝ բարու, և բոլոր մարդիկ կդասակարգվեն ըստ իրենց տեսակի։ Հանդիմանության և դատաստանի միջոցով կբացահայտվեն բոլոր բաների ելքերը, որպեսզի չարը պատժվի, իսկ բարին՝ վարձատրվի, և բյուրավոր մարդիկ հանձնվեն Աստծու տիրակալությանը։ Այս ողջ գործը պետք է իրագործվի արդար հանդիմանության և դատաստանի միջոցով։ Քանի որ մարդկանց ապականությունը հասել է իր գագաթնակետին, և նրանց ըմբոստությունը չափազանց ծանր է, միայն Աստծու արդար բնույթը, որը հիմնականում բաղկացած է հանդիմանությունից և դատաստանից և բացահայտվում է վերջին օրերին, կարող է լիովին փոխակերպել մարդկանց և ավարտուն դարձնել նրանց և բացահայտել չարը, և բոլոր անարդարներն այսպիսով խստորեն կպատժվեն։ Ուստի այսպիսի բնույթը տոգորված է դարաշրջանի նշանակությամբ։ Աստծու բնույթը բացահայտվում և հայտնի է դարձվում յուրաքանչյուր նոր դարաշրջանի գործի համար։ Այնպես չէ, որ Աստված Իր բնույթը բացահայտում է կամայականորեն և առանց նշանակության։ Ենթադրենք՝ մարդկանց ելքերը բացահայտելու վերջին օրերին Աստված մարդկանց դեռևս սիրեր անսահման ողորմությամբ և սիրառատ բարությամբ և շարունակեր սիրող լինել նրանց հանդեպ՝ նրանց արդար դատաստանի չենթարկելով, այլ, ավելի շուտ, նրանց հանդեպ ներողամտություն, համբերություն և թողություն ցուցաբերելով, և նրանց ներելով, որքան էլ ծանր լինեին նրանց մեղքերը՝ առանց արդար դատաստանի նշույլի անգամ։ Այդ դեպքում ե՞րբ Աստծու ողջ տնօրինումը երբևէ ավարտին կհասցվեր։ Ե՞րբ այսպիսի բնույթը կկարողանար առաջնորդել մարդկանց դեպի մարդկության համապատասխան նշանակության վայրը։ Սա կարելի է նմանեցնել դատավորի, որը միշտ սիրող է մարդկանց հանդեպ՝ սիրող դատավորի՝ բարի դեմքով և մեղմ սրտով, որը սիրում է մարդկանց՝ անկախ նրանից, թե ինչ հանցագործություններ են նրանք կատարել, և սեր ու համբերատարություն է ցուցաբերում նրանց հանդեպ՝ անկախ նրանից, թե ովքեր են նրանք։ Ե՞րբ նման դատավորը երբևէ կկարողանար արդար վճիռ կայացնել։ Վերջին օրերին միայն արդար դատաստանը կարող է դասակարգել մարդկանց ըստ իրենց տեսակի և նրանց նոր ոլորտ բերել։ Այսպիսով՝ ողջ դարաշրջանն ավարտին է հասցվում Աստծու՝ դատաստանի և հանդիմանության արդար բնույթի միջոցով։

Աստծու գործը Նրա ողջ տնօրինման ընթացքում միանգամայն պարզ է. Շնորհքի դարաշրջանը Շնորհքի դարաշրջանն է, իսկ վերջին օրերը վերջին օրերն են։ Բոլոր դարաշրջանների միջև կան հստակ տարբերություններ, քանզի յուրաքանչյուր դարաշրջանում Աստված անում է գործ, որը ներկայացնում է այդ դարաշրջանը։ Որպեսզի վերջին օրերի գործն արվի, պետք է լինեն այրում, դատաստան, հանդիմանություն, ցասում և կործանում՝ դարաշրջանն ավարտին հասցնելու համար։ Վերջին օրերը վերաբերում են վերջին դարաշրջանին։ Վերջին դարաշրջանի ընթացքում մի՞թե Աստված ավարտին չի հասցնի դարաշրջանը։ Դարաշրջանն ավարտելու համար Աստված Իր հետ պետք է հանդիմանություն և դատաստան բերի։ Միայն այսկերպ Նա կարող է ավարտին հասցնել դարաշրջանը։ Հիսուսը փնտրում էր, որ մարդը շարունակի ողջ մնալ և ապրել, և որ նա գոյություն ունենա ավելի լավ ձևով։ Նա փնտրում էր փրկել մարդուն մեղքից, կանխել նրա շարունակական անկումը այլասերվածության մեջ և նրա ապրելը հանդերձյալ աշխարհում ու դժոխքում, և, փրկելով մարդուն հանդերձյալ աշխարհից ու դժոխքից, թույլ տալ նրան շարունակել ապրել։ Հիմա վերջին օրերը եկել են։ Աստված կոչնչացնի մարդուն և լիովին կկործանի մարդկային ցեղը, այսինքն՝ կփոխակերպի մարդկության ըմբոստությունը։ Այս պատճառով անհնար կլիներ, որ Աստված անցյալի ողորմած և սիրող բնույթով ավարտեր դարաշրջանը կամ Իր վեցհազարամյա տնօրինման ծրագիրը պտղաբեր դարձներ։ Ամեն դարաշրջան առանձնանում է Աստծու բնույթի հատուկ ներկայացմամբ, և ամեն դարաշրջան պարունակում է գործ, որն Աստված պետք է անի։ Ուստի յուրաքանչյուր դարաշրջանում Իր՝ Աստծու կողմից արված գործը պարունակում է Նրա ճշմարիտ բնույթի արտահայտությունը, և թե՛ Նրա անունը, թե՛ Նրա արած գործը դարաշրջանի հետ միասին փոխվում են։ Դրանք բոլորը նոր են։ Օրենքի դարաշրջանի ընթացքում մարդկությանն ուղղորդելու գործն արվեց Եհովայի անվան տակ, և գործի առաջին փուլը նախաձեռնվեց երկրի վրա։ Այս փուլում գործը բաղկացած էր տաճարի և զոհասեղանի կառուցումից, օրենքի օգտագործումից՝ Իսրայելի ժողովրդին ուղղորդելու համար, և Իսրայելի ժողովրդի մեջ աշխատելուց։ Ուղղորդելով Իսրայելի ժողովրդին՝ Նա երկրի վրա Իր գործի համար հիմք դրեց։ Այս հիմքից Իր գործը տարածեց Իսրայելից դուրս, ինչը նշանակում է, որ, սկսելով Իսրայելից, Նա Իր գործը տարածեց դեպի դուրս, այնպես որ հետագա սերունդներն աստիճանաբար իմացան, որ Եհովան Աստված է, և որ Եհովան է ստեղծել երկինքներն ու երկիրը և բոլոր բաները, և որ Եհովան է ստեղծել բոլոր արարածներին։ Նա Իր գործը տարածեց Իսրայելի ժողովրդի միջոցով դեպի դուրս՝ նրանցից անդին։ Իսրայելի երկիրը Եհովայի գործի առաջին սուրբ վայրն էր երկրի վրա, և հենց Իսրայելի երկրում էր, որ Աստված առաջին անգամ գործ իրականացրեց երկրի վրա։ Դա Օրենքի դարաշրջանի գործն էր։ Շնորհքի դարաշրջանի ընթացքում Հիսուսն այն Աստված էր, ով փրկեց մարդուն։ Այն, ինչ Նա ուներ և էր, շնորհ էր, սիրառատ բարություն, ողորմություն, համբերատարություն, համբերություն, խոնարհություն, սեր և ներողամտություն, և ուստի Նրա արած գործի մեծ մասը մարդու փրկագնման համար էր։ Նրա բնույթը ողորմության և սիրառատ բարության բնույթ էր, և քանի որ Նա ողորմած և սիրող էր, պետք է խաչին գամվեր մարդու համար, որպեսզի ցույց տար, որ Աստված սիրում է մարդուն ինչպես Իրեն, այնքան շատ, որ ընծայեց Ինքն Իրեն Իր ամբողջության մեջ։ Շնորհքի դարաշրջանի ընթացքում Աստծու անունը Հիսուս էր, այսինքն՝ Աստված Աստված էր, ով փրկեց մարդուն, և ողորմած ու սիրող Աստված էր։ Աստված մարդու հետ էր։ Նրա սերը, Նրա ողորմությունը և Նրա փրկությունն ուղեկցում էին յուրաքանչյուր մարդու։ Միայն Հիսուսի անունը և Նրա ներկայությունն ընդունելով՝ մարդն ի վիճակի եղավ խաղաղություն և ուրախություն ձեռք բերելու, ստանալու Նրա օրհնությունը, Նրա հսկայական ու բազմաթիվ շնորհները և Նրա փրկությունը։ Հիսուսի խաչելության միջոցով բոլոր նրանք, ովքեր հետևեցին Նրան, փրկություն ստացան, և նրանց մեղքերը ներվեցին։ Շնորհքի դարաշրջանի ընթացքում Հիսուսն Աստծու անունն էր։ Այլ կերպ ասած՝ Շնորհքի դարաշրջանի գործն արվեց հիմնականում Հիսուսի անվան տակ։ Շնորհքի դարաշրջանի ընթացքում Աստված կոչվում էր Հիսուս։ Նա նոր գործի փուլ ստանձնեց Հին Կտակարանից անդին, և Նրա գործն ավարտվեց խաչելությամբ։ Սա Նրա գործի ամբողջությունն էր։ Հետևաբար, Օրենքի դարաշրջանում Աստծու անունը Եհովա էր, իսկ Շնորհքի դարաշրջանում Աստծուն ներկայացնում էր Հիսուսի անունը։ Վերջին օրերի ընթացքում Նրա անունն Ամենակարող Աստված է՝ Ամենակարողը, ով Իր զորությունն օգտագործում է՝ մարդուն ուղղորդելու, մարդուն նվաճելու և մարդուն ձեռք բերելու համար՝ դարաշրջանը վերջնականապես ավարտին հասցնելով։ Յուրաքանչյուր դարաշրջանում, Իր գործի յուրաքանչյուր փուլում Աստծու բնույթն ակնհայտ է։

Սկզբում, Հին Կտակարանի Օրենքի դարաշրջանի ընթացքում մարդուն ուղղորդելը նման էր երեխայի կյանքն ուղղորդելուն։ Ամենավաղ մարդկությունը նոր էր ծնվել Եհովայից. Նրանք իսրայելացիներն էին։ Նրանք ոչ մի հասկացողություն չունեին, թե ինչպես վախենալ Աստծուց կամ ինչպես ապրել երկրի վրա։ Ինչը նշանակում է, որ Եհովան ստեղծեց մարդկությանը, այսինքն՝ ստեղծեց Ադամին և Եվային, բայց նրանց չտվեց այն կարողությունը, որպեսզի հասկանան, թե ինչպես վախենալ Եհովայից կամ հետևել Եհովայի կանոնադրություններին երկրի վրա։ Առանց Եհովայի անմիջական ուղղորդման՝ ոչ ոք չէր կարող ուղղակիորեն իմանալ սա, քանզի սկզբում մարդը չուներ այս կարողությունը։ Մարդը միայն գիտեր, որ Եհովան Աստված է, բայց թե ինչպես վախենալ Նրանից, ինչպիսի վարքագիծը կարող էր կոչվել Նրանից վախենալ, ինչպիսի մտքով պետք է մարդը վախենար Նրանից, կամ ինչ ընծայեր՝ ի նշան Նրանից վախենալու, մարդը բացարձակապես գաղափար չուներ։ Մարդը միայն գիտեր վայելել այն, ինչ կարելի էր վայելել Եհովայի ստեղծած բոլոր բաների մեջ, բայց թե ինչպես պետք է մարդն ապրեր երկրի վրա, որպեսզի փաստացիորեն արժանի լիներ «արարած» կոչմանը, մարդը լիովին անտեղյակ էր դրանից։ Առանց մեկի, ով կհրահանգեր նրանց, առանց մեկի, ով անձամբ կուղղորդեր նրանց, այս մարդկությունը երբեք պատշաճ մարդկային կյանք չէր վարի, այլ միայն թաքուն գերի կպահվեր Սատանայի կողմից։ Եհովան ստեղծեց մարդկությանը, այսինքն՝ ստեղծեց մարդկության նախնիներին՝ Եվային և Ադամին, բայց նրանց չշնորհեց որևէ լրացուցիչ ինտելեկտ կամ իմաստություն։ Թեև նրանք արդեն ապրում էին երկրի վրա, գրեթե ոչինչ չէին հասկանում։ Եվ այսպես՝ Եհովայի գործը մարդկությանը ստեղծելիս միայն կիսով չափ էր ավարտված, ոչ թե լիովին ավարտուն էր։ Նա միայն կավից մարդու նմուշ էր ձևավորել և նրան տվել Իր շունչը, բայց մարդուն չէր շնորհել բավարար վճռականություն՝ Իրենից վախենալու համար։ Սկզբում մարդը չուներ Նրա հանդեպ վախի կամ սարսափի սիրտ։ Մարդը միայն գիտեր լսել Նրա խոսքերը, բայց անտեղյակ էր երկրի վրա կյանքի հիմնական գիտելիքներից և մարդկային կյանքի բնականոն կանոններից։ Եվ այսպես՝ թեև Եհովան ստեղծեց տղամարդուն և կնոջը և ավարտեց յոթ օրվա նախագիծը, ամենևին չավարտեց մարդու արարումը, քանզի մարդն ընդամենը արտաքին պատյան էր և զուրկ էր մարդ լինելու իրականությունից։ Մարդը միայն գիտեր, որ Եհովան էր ստեղծել մարդկությանը, բայց գաղափար անգամ չուներ, թե ինչպես պահպանել Եհովայի խոսքերը կամ կանոնադրությունները։ Եվ այսպես, մարդկության ի հայտ գալուց հետո Եհովայի գործն ավարտված չէր։ Նա դեռ պետք է լիովին ուղղորդեր մարդկությանը՝ գալու Իր առջև, որպեսզի կարողանային միասին ապրել երկրի վրա և վախենալ Իրենից, և որպեսզի Իր ուղղորդմամբ կարողանային մտնել երկրի վրա բնականոն մարդկային կյանքի ճիշտ ուղու վրա։ Միայն այսկերպ լիովին ավարտվեց այն գործը, որը հիմնականում իրականացվել էր Եհովայի անվան տակ. այսինքն՝ միայն այսկերպ լիովին ավարտին հասավ աշխարհը ստեղծելու Եհովայի գործը։ Եվ այսպես՝ ստեղծելով մարդկությանը՝ Նա պետք է մի քանի հազար տարի ուղղորդեր մարդկության կյանքը երկրի վրա, որպեսզի մարդկությունը պահպաներ Նրա հրամանագրերն ու կանոնադրությունները և մասնակցեր երկրի վրա բոլոր բնականոն մարդկային գործունեություններին։ Միայն այդ ժամանակ Եհովայի գործը լիովին ավարտվեց։ Նա այս գործը ստանձնեց մարդկությանը ստեղծելուց հետո և շարունակեց այն մինչև Հակոբի ժամանակները, երբ Հակոբի տասներկու որդիներին դարձրեց Իսրայելի տասներկու ցեղերը։ Այդ ժամանակից ի վեր Իսրայելի բոլոր մարդիկ Նրա կողմից երկրի վրա պաշտոնապես առաջնորդվողներր դարձան, և Իսրայելը դարձավ այն հատուկ վայրը երկրի վրա, որտեղ Նա արեց Իր գործը։ Եհովան այս մարդկանց դարձրեց մարդկանց առաջին խումբը, որոնց վրա պաշտոնապես արեց Իր գործը երկրի վրա, և Իսրայելի ողջ երկիրը դարձրեց Իր գործի սկզբնակետը, որտեղից է՛լ ավելի մեծ գործ իրականացրեց, որպեսզի երկրի վրա Իրենից ծնված բոլոր մարդիկ իմանային՝ ինչպես վախենալ Իրենից և ինչպես ապրել երկրի վրա։ Եվ այսպես, իսրայելացիների գործերը դարձան օրինակ, որին պետք է հետևեին հեթանոս ազգերի մարդիկ, և այն, ինչ ասվեց Իսրայելի ժողովրդի մեջ, դարձան խոսքեր, որոնք պետք է լսեին հեթանոս ազգերի մարդիկ։ Քանզի նրանք առաջինն էին, որ ստացան Եհովայի օրենքներն ու պատվիրանները, ինչպես նաև առաջինն էին, որ իմացան՝ ինչպես վախենալ Եհովայի ճանապարհից։ Նրանք մարդկային ցեղի նախնիներն էին, որոնք գիտեին Եհովայի ճանապարհը, ինչպես նաև Եհովայի ընտրած մարդկային ցեղի ներկայացուցիչներն էին։ Երբ Շնորհքի դարաշրջանը եկավ, Նա այլևս մարդուն այսկերպ չուղղորդեց։ Մարդը մեղանչել էր և հանձնվել մեղքին, ուստի Նա սկսեց մարդուն փրկել մեղքից։ Այսկերպ մարդուն հանդիմանեց այնպես, որ նա հիմնովին փրկվեց մեղքից։ Վերջին օրերին մարդն այլասերվածության իր ներկայիս աստիճանին է իջել։ Այսպիսով՝ այս փուլի գործն իրականացվում է դատաստանի և հանդիմանության միջոցով. միայն այսկերպ կարող է գործն իրագործվել։ Սա մի քանի դարաշրջանների գործն է եղել։ Աստված օգտագործում է Իր անունը, Իր գործը և Աստծու տարբեր պատկերները՝ դարաշրջանը դարաշրջանից բաժանելու և դրանց միջև անցում կատարելու համար. Աստծու անունը և Նրա գործը ներկայացնում են Նրա դարաշրջանը և Նրա գործն ամեն դարաշրջանում։ Ենթադրենք՝ Աստծու գործն ամեն դարաշրջանում միշտ նույնն է և միշտ նույն անունով է կոչվում, մարդն ինչպե՞ս կճանաչեր Նրան։ Աստված պետք է կոչվի Եհովա, և բացի Եհովա կոչվող Աստծուց՝ ցանկացած մեկը, ով այլ անունով է կոչվում, Աստված չէ։ Կամ էլ Աստված կարող է լինել միայն Հիսուսը, և բացի Հիսուսի անունից՝ Նա որևէ այլ անունով չի կարող կոչվել։ Հիսուսից զատ՝ Եհովան Աստված չէ, և Ամենակարող Աստված էլ Աստված չէ։ Այն, ինչին մարդը հավատում է, սա է. «Ճիշտ է, որ Աստված ամենակարող է, բայց Աստված Աստված է, ով մարդու հետ է։ Նա պետք է կոչվի Հիսուս, քանզի Աստված մարդու հետ է»։ Սրան հավատալը կանոններին հետևելն է և Աստծուն որոշակի շրջանակում սահմանափակելը։ Ուստի, ամեն դարաշրջանում այն գործը, որն Աստված անում է, այն անունը, որով Նա կոչվում է, և այն պատկերը, որը Նա ընդունում է՝ այն գործը, որն անում է ամեն փուլում ընդհուպ մինչև այսօր, չեն հետևում ոչ մի կանոնի և բացարձակապես ոչ մի սահմանափակման ենթակա չեն։ Նա Եհովան է, բայց նաև Հիսուսը, ինչպես նաև Մեսիան և Ամենակարող Աստված։ Նրա գործը կարող է աստիճանական փոխակերպման ենթարկվել՝ Նրա անվան համապատասխան փոփոխություններով։ Ոչ մի եզակի անուն չի կարող լիովին ներկայացնել Նրան, բայց բոլոր անունները, որոնցով Նա կոչվում է, ի վիճակի են ներկայացնելու Նրան, և այն գործը, որն անում է ամեն դարաշրջանում, ներկայացնում է Նրա բնույթը։ Ենթադրենք՝ երբ վերջին օրերը գան, այն Աստված, ում տեսնում ես, դեռևս Հիսուսն է, և սպիտակ ամպին է հեծնած, և դեռևս ունի Հիսուսի արտաքինը, և այն խոսքերը, որոնք Նա ասում է, դեռևս Հիսուսի խոսքերն են. «Պետք է սիրեք ձեր մերձավորին, ինչպես ինքներդ ձեզ։ Պետք է ծոմ պահեք և աղոթեք։ Սիրեք ձեր թշնամիներին։ Սիրեք ձեր թշնամիներին այնքան, որքան փայփայում եք ձեր սեփական կյանքը։ Համբերատարություն ցուցաբերեք և եղեք համբերատար ու խոնարհ։ Պետք է այս բոլոր բաներն անեք, նախքան կկարողանաք դառնալ Իմ աշակերտները։ Եվ այս բոլոր բաներն անելով՝ կարող եք մտնել Իմ թագավորությունը»։ Մի՞թե սա չէր պատկանի Շնորհքի դարաշրջանի գործին։ Մի՞թե այն, ինչ Նա ասում է, չէր լինի Շնորհքի դարաշրջանի ճանապարհը։ Ինչպե՞ս կզգայիք, եթե լսեիք այս խոսքերը։ Մի՞թե չէիք զգա, որ դա դեռևս Հիսուսի գործն է։ Մի՞թե դրա կրկնօրինակումը չէր լինի։ Կարո՞ղ էր արդյոք մարդը վայելք գտնել դրանում։ Դուք կզգայիք, որ Աստծու գործը կարող է միայն մնալ այնպես, ինչպես հիմա է, և այլևս առաջ չընթանալ։ Նա միայն այսքան զորություն ունի, և այլևս անելու նոր գործ չկա, և Իր զորությունը հասցրել է իր սահմանագծին։ Երկու հազար տարի առաջ Շնորհքի դարաշրջանն էր, և երկու հազար տարի անց Նա դեռևս քարոզում է Շնորհքի դարաշրջանի ճանապարհը և դեռևս ստիպում է մարդկանց ապաշխարել։ Մարդիկ կասեին. «Աստված, միայն այսքան զորություն ունես։ Հավատում էի, որ այնքան իմաստուն ես, սակայն միայն համբերատարություն գիտես և մտահոգված ես միայն համբերությամբ։ Միայն գիտես՝ ինչպես սիրել Քո թշնամուն, և ուրիշ ոչինչ»։ Մարդիկ Աստծուն կսահմանափակեին Շնորհքի դարաշրջանում՝ միշտ հավատալով, որ Նա սիրող և ողորմած է։ Կարծում ես՝ Աստծու գործը միշտ նույն հին հողի վրայո՞վ է քայլելու։ Եվ այսպես՝ Իր գործի այս փուլում Նա չի գամվի խաչին, և այն ամենը, ինչ տեսնում և շոշափում եք, լիովին տարբեր կլինի այն ամենից, ինչ պատկերացրել կամ լսել եք։ Այսօր Աստված գործ չի ունենում փարիսեցիների հետ, ոչ էլ թույլ է տալիս, որ աշխարհն իմանա, իսկ Նրան ճանաչողներից միայն դուք եք, որ հետևում եք Նրան, քանզի Նա կրկին չի գամվի խաչին։ Շնորհքի դարաշրջանի ընթացքում Հիսուսը բացահայտորեն քարոզում էր ողջ երկրով մեկ՝ հանուն Իր ավետարանի աշխատանքի։ Նա գործ ունեցավ փարիսեցիների հետ՝ հանուն խաչելության գործի. եթե գործ չունենար փարիսեցիների հետ, և իշխանության գլուխ կանգնածները երբեք չճանաչեին Նրան, ինչպե՞ս կարող էր դատապարտվել և ապա դավաճանվել ու գամվել խաչին։ Եվ այսպես՝ Նա գործ ունեցավ փարիսեցիների հետ՝ հանուն խաչելության։ Այսօր Նա Իր գործը ծածուկ է անում՝ փորձություններից խուսափելու համար։ Աստծու երկու մարմնացումներում գործը և նշանակությունը տարբեր են, և միջավայրը նույնպես տարբեր է, ուստի ինչպե՞ս կարող էր Նրա արած գործը լիովին նույնը լինել։

Կարո՞ղ էր արդյոք Հիսուսի անունը՝ «Աստված մեզ հետ», ներկայացնել Աստծու բնույթն իր ամբողջության մեջ։ Կարո՞ղ էր լիովին արտահայտել Աստծուն։ Եթե մարդն ասում է, որ Աստված կարող է միայն Հիսուս կոչվել և որևէ այլ անուն չի կարող ունենալ, քանի որ Աստված չի կարող փոխել Իր բնույթը, այս խոսքերն իսկապես աստվածհայհոյություն են։ Հավատո՞ւմ ես, որ միայն Հիսուս անունը՝ Աստված մեզ հետ, կարող է ներկայացնել Աստծուն Իր ամբողջության մեջ։ Աստված կարող է բազմաթիվ անուններով կոչվել, բայց այս բազմաթիվ անունների մեջ չկա մեկը, որն ի վիճակի լինի Աստծուն ամբողջությամբ ամփոփելու, չկա մեկը, որ կարողանա լիովին ներկայացնել Աստծուն։ Եվ այսպես՝ Աստված բազմաթիվ անուններ ունի, բայց այս բազմաթիվ անունները չեն կարող լիովին արտահայտել Աստծու բնույթը, քանզի Աստծու բնույթն այնքան հարուստ է, որ պարզապես գերազանցում է մարդու՝ այն ճանաչելու կարողությունը։ Մարդու համար ոչ մի միջոց չկա լիովին ամփոփելու Աստծուն՝ օգտագործելով մարդկության լեզուն։ Մարդկությունը միայն սահմանափակ բառապաշար ունի, որով կարող է ամփոփել Աստծու բնույթի մասին իր ողջ իմացածը՝ մեծ, վեհանձն, սքանչելի, անըմբռնելի, գերագույն, սուրբ, արդար, իմաստուն և այլն։ Այս սահմանափակ բառապաշարն անկարող է նկարագրել այն քիչը, որ մարդը տեսել է Աստծու բնույթից։ Ժամանակի ընթացքում շատ ուրիշներ ավելացրին բառեր, որոնք, իրենց կարծիքով, ավելի լավ էին կարողանում նկարագրել իրենց սրտերում առկա խանդավառությունը. Աստված այնքա՜ն մեծ է։ Աստված այնքա՜ն սուրբ է։ Աստված այնքա՜ն հաճելի է։ Այսօր մարդկային նման ասույթները հասել են իրենց գագաթնակետին, սակայն մարդը դեռևս անկարող է հստակորեն արտահայտել ինքն իրեն։ Եվ այսպես՝ Աստված բազմաթիվ անուններ ունի մարդու աչքերում, բայց և այնպես չունի մեկ անուն, և սա այն պատճառով է, որ Աստծու էությունն այնքան առատ է, բայց մարդու լեզուն այնքան աղքատ է։ Սոսկ մեկ որոշակի բառը կամ անունը չի կարող ներկայացնել Աստծուն Իր ամբողջության մեջ, ուստի կարծում ես, որ Նրա անունը կարո՞ղ է հաստատուն լինել։ Աստված այնքան մեծ է և այնքան սուրբ. մի՞թե Նրան թույլ չես տա ամեն դարաշրջանում փոխել Իր անունը։ Ուստի ամեն դարաշրջանում, որում Աստված անձամբ է անում Իր սեփական գործը, Նա օգտագործում է անուն, որը համապատասխանում է դարաշրջանին՝ ամփոփելու համար այն գործը, որը Նա մտադիր է անել։ Նա օգտագործում է այդ որոշակի անունը, որն ունի այդ դարաշրջանի նշանակությունը՝ ներկայացնելու Իր բնույթն այդ դարաշրջանում։ Սա Աստված է, ով օգտագործում է մարդկության լեզուն՝ արտահայտելու Իր սեփական բնույթը։ Այդուհանդերձ, շատ մարդիկ, որոնք հոգևոր փորձառություններ են ունեցել և անձամբ են տեսել Աստծուն, այնուամենայնիվ զգում են, որ այս մեկ որոշակի անունն անկարող է ներկայացնել Աստծուն Իր ամբողջության մեջ. ավա՜ղ, սրան հնարավոր չէ օգնել. ուստի մարդն այլևս որևէ անունով չի դիմում Աստծուն, այլ պարզապես Նրան «Աստված» է կոչում։ Կարծես մարդու սիրտը լի է սիրով և միևնույն ժամանակ պաշարված է հակասություններով, քանզի մարդը չգիտի՝ ինչպես բացատրել Աստծուն։ Այն, ինչ Աստված է, այնքան առատ է, որ պարզապես նկարագրելու ոչ մի միջոց չկա։ Չկա ոչ մի եզակի անուն, որը կարող է ամփոփել Աստծու բնույթը, և չկա ոչ մի եզակի անուն, որը կարող է նկարագրել այն ամենը, ինչ Աստված ունի և է։ Եթե ինչ-որ մեկն Ինձ հարցնի. «Ճիշտ ի՞նչ անուն ես օգտագործում», Ես նրան կասեմ. «Աստված Աստված է»։ Մի՞թե դա լավագույն անունը չէ Աստծու համար։ Մի՞թե դա Աստծու բնույթի լավագույն ամփոփումը չէ։ Քանի որ այդպես է, ինչո՞ւ եք այդքան ջանք գործադրում՝ քննելու Աստծու անունը։ Ինչո՞ւ պետք է միշտ գլուխ կոտրեք՝ հանուն մի անվան հրաժարվելով ուտելիքից և քնից։ Կգա օրը, երբ Աստված չի կոչվի Եհովա, Հիսուս կամ Մեսիա. Նա պարզապես Արարիչը կլինի։ Այդ ժամանակ բոլոր անունները, որոնք Նա վերցրել է երկրի վրա, կավարտվեն, քանզի Նրա գործը երկրի վրա ավարտված կլինի, որից հետո Նրա անուններն այլևս չեն լինի։ Երբ բոլոր բաները գան Արարչի տիրակալության ներքո, Նա խիստ համապատասխան, սակայն անավարտ անվան ի՞նչ կարիք ունի։ Արդյո՞ք հիմա դեռևս քննում ես Աստծու անունը։ Դեռևս համարձակվո՞ւմ ես ասել, որ Աստված միայն Եհովա է կոչվում։ Արդյո՞ք դեռևս համարձակվում ես ասել, որ Աստված կարող է միայն Հիսուս կոչվել։ Ի վիճակի՞ ես կրելու Աստծու դեմ աստվածհայհոյության մեղքը։ Պետք է իմանաս, որ Աստված ի սկզբանե անուն չուներ։ Նա վերցրեց միայն մեկ կամ երկու, կամ շատ անուններ, քանի որ գործ ուներ անելու և պետք է տնօրիներ մարդկությանը։ Ինչ անունով էլ որ Նա կոչվի, մի՞թե Ինքն ազատորեն չի ընտրել այն։ Մի՞թե Նա քո՝ արարածի կարիքը կունենար՝ այն որոշելու համար։ Անունը, որով Աստված կոչվում է, համապատասխանում է այն բանին, ինչ մարդն ի վիճակի է ընկալելու, մարդկության լեզվին, բայց այս անունը մի բան չէ, որը մարդը կարող է հորինել։ Դու միայն կարող ես ասել, որ երկնքում Աստված կա, որ Նա Աստված է կոչվում, որ Նա Աստված Ինքն է՝ մեծ զորությամբ, ով այնքան իմաստուն է, այնքան վեհ, այնքան սքանչելի, այնքան խորհրդավոր և այնքան ամենակարող, և այդժամ այլևս ոչինչ չես կարող ասել. այս քիչն այն ամենն է, ինչ կարող ես իմանալ։ Քանի որ այդպես է, կարո՞ղ է արդյոք միայն Հիսուսի անունը ներկայացնել Իրեն՝ Աստծուն։ Երբ վերջին օրերը գան, թեև դեռևս Աստված է Իր գործն անողը, Նրա անունը պետք է փոխվի, քանզի այլ դարաշրջան է։

Քանի որ Աստված մեծագույնն է ողջ տիեզերքում և վերին ոլորտում, կարո՞ղ էր արդյոք լիովին բացատրել Ինքն Իրեն՝ օգտագործելով մսեղիի պատկերը։ Աստված հագնում է այս մսեղին՝ Իր գործի մի փուլն անելու համար։ Մսեղիի այս պատկերում ոչ մի հատուկ նշանակություն չկա, այն ոչ մի առնչություն չունի դարաշրջանների անցնելու հետ, ոչ էլ որևէ կապ ունի Աստծու բնույթի հետ։ Ինչո՞ւ Հիսուսը թույլ չտվեց, որ Իր պատկերը մնա։ Ինչո՞ւ թույլ չտվեց, որ մարդը նկարի Իր պատկերը, որպեսզի այն փոխանցվի հետագա սերունդներին։ Ինչո՞ւ թույլ չտվեց, որ մարդիկ ճանաչեն, որ Իր պատկերն Աստծու պատկերն էր։ Թեև մարդու պատկերը ստեղծվել է Աստծու պատկերով, հնարավոր կլինե՞ր արդյոք, որ մարդու արտաքին տեսքը ներկայացներ Աստծու վեհ պատկերը։ Երբ Աստված մսեղի է դառնում, պարզապես իջնում է երկնքից մի որոշակի մսեղիի մեջ։ Մսեղիի մեջ իջնողը Նրա Հոգին է, որի միջոցով Նա անում է Հոգու գործը։ Հոգին է, որ արտահայտվում է մսեղիում, և Հոգին է, ով անում է Իր գործը մսեղիում։ Մսեղիում արված գործը լիովին ներկայացնում է Հոգուն, և մսեղին գործի համար է, բայց դա չի նշանակում, որ մսեղիի պատկերը փոխարինում է հենց Աստծու ճշմարիտ պատկերին. սա չէ Աստծու՝ մսեղի դառնալու նպատակը կամ նշանակությունը։ Նա միայն նրա համար է մսեղի դառնում, որ Հոգին կարողանա բնակվելու վայր գտնել, որը սազում է Իր Գործին, որպեսզի կարողանա իրականացնել մսեղիում Իր գործը, և որպեսզի մարդիկ կարողանան տեսնել Իր գործերը, հասկանալ Իր բնույթը, լսել Իր խոսքերը և ճանաչել Իր գործի սքանչելիությունը։ Նրա անունը ներկայացնում է Իր բնույթը, Նրա գործը ներկայացնում է Իր ինքնությունը, բայց Նա երբեք չի ասել, որ Իր հայտնվելը մսեղիում ներկայացնում է Իր պատկերը. դա ընդամենը մարդու պատկերացումն է։ Եվ այսպես՝ Աստծու մարմնացման կարևոր տեսանկյուններն են Նրա անունը, Նրա գործը, Նրա բնույթը և Նրա սեռը։ Սրանք օգտագործվում են՝ ներկայացնելու Նրա տնօրինումն այս դարաշրջանում։ Նրա հայտնվելը մսեղիում ոչ մի առնչություն չունի Նրա տնօրինման հետ՝ լինելով միայն հանուն այդ ժամանակ Նրա գործի։ Սակայն անհնար է, որ մարմնացած Աստված չունենա որոշակի արտաքին տեսք, ուստի համապատասխան ընտանիք է ընտրում՝ Իր արտաքինը որոշելու համար։ Եթե Աստծու արտաքինը տեսքը ներկայացուցչական նշանակություն ունենար, ապա բոլոր նրանք, ովքեր Նրա նման կանոնավոր դիմագծեր ունեն, նույնպես կներկայացնեին Աստծուն։ Մի՞թե դա անուղղելի սխալ չէր լինի։ Հիսուսի դիմանկարը նկարվել է մարդու կողմից, որպեսզի մարդը կարողանա երկրպագել Նրան։ Այն ժամանակ Սուրբ Հոգին ոչ մի հատուկ հրահանգ չտվեց, ուստի մարդն այդ երևակայական դիմանկարը փոխանցեց մինչև այսօր։ Իրականում, համաձայն Աստծու սկզբնական մտադրության, մարդը չպետք է դա աներ։ Միայն մարդու նախանձախնդրությունն է պատճառ դարձել, որ Հիսուսի դիմանկարը մնա մինչև այսօր։ Աստված Հոգի է, և մարդը երբեք ընդունակ չի լինի ամփոփելու Նրա ճշգրիտ պատկերը։ Նրա պատկերը կարող է ներկայացվել միայն Նրա բնույթով։ Ինչ վերաբերում է Նրա քթի, բերանի, աչքերի և մազերի տեսքին, սրանք բաներ են, որոնք չես կարող ամփոփել։ Երբ հայտնությունը եկավ Հովհաննեսին, նա տեսավ մարդու Որդու պատկերը. Նրա բերանից սուր երկսայրի թուր էր դուրս գալիս, Նրա աչքերը կրակի բոցերի պես էին, Նրա գլուխն ու մազերը բրդի պես ճերմակ էին, Նրա ոտքերը փայլեցված բրոնզի պես էին, և Նրա կրծքի շուրջ ոսկե գոտի կար։ Թեև նրա խոսքերը չափազանց վառ էին, Աստծու պատկերը, որը նա նկարագրեց, արարածի պատկեր չէր։ Նրա տեսածը միայն տեսիլք էր և ոչ թե նյութական աշխարհից մարդու պատկեր։ Հովհաննեսը տեսիլք էր տեսել, բայց չէր տեսել, թե իրականում ինչ տեսք ուներ Աստված։ Աստծու մարմնացած մսեղիի պատկերը, լինելով արարածի պատկեր, անկարող է ներկայացնել Աստծու բնույթն իր ամբողջության մեջ։ Երբ Եհովան ստեղծեց մարդկությանը, Նա ասաց, որ Իր իսկ պատկերով արեց դա ու արու և էգ ստեղծեց։ Այդ ժամանակ Նա ասաց, որ արու և էգ ստեղծեց Աստծու պատկերով։ Թեև մարդու պատկերն Աստծու պատկերի նմանությունն ունի, սա չի կարող մեկնաբանվել այնպես, որ մարդու արտաքին տեսքն Աստծու պատկերն է։ Ոչ էլ մարդկության լեզուն կարող ես օգտագործել՝ լիովին ամփոփելու Աստծու պատկերը, քանզի Աստված այնքա՜ն վեհ է, այնքա՜ն մեծ, այնքա՜ն սքանչելի և անըմբռնելի։

Երբ Հիսուսը եկավ Իր գործն անելու, դա Սուրբ Հոգու ղեկավարման ներքո էր. Նա այնպես արեց, ինչպես Սուրբ Հոգին էր ուզում և ոչ Հին Կտակարանի Օրենքի դարաշրջանի կամ Եհովայի գործի համաձայն։ Թեև այն գործը, որը Հիսուսը եկավ անելու, Եհովայի օրենքներին կամ Եհովայի պատվիրաններին հետևելը չէր, Նրա աղբյուրը մեկն էր և նույնը։ Այն գործը, որը Հիսուսն արեց, ներկայացնում էր Հիսուսի անունը և ներկայացնում էր Շնորհքի դարաշրջանը. ինչ վերաբերում է Եհովայի արած գործին, այն ներկայացնում էր Եհովային և ներկայացնում էր Օրենքի դարաշրջանը։ Նրա գործը մեկ Հոգու գործն էր երկու տարբեր դարաշրջաններում։ Հիսուսի արած գործը կարող էր ներկայացնել միայն Շնորհքի դարաշրջանը, իսկ Եհովայի արած գործը կարող էր ներկայացնել միայն Հին Կտակարանի Օրենքի դարաշրջանը։ Եհովան միայն ուղղորդեց Իսրայելի և Եգիպտոսի ժողովրդին և Իսրայելից դուրս գտնվող բոլոր ազգերին։ Երբ Հիսուսը գործում էր Նոր Կտակարանի Շնորհքի դարաշրջանի ընթացքում, Աստված Հիսուսի անունով հանդես եկավ՝ գործ անելու և դարաշրջանն ուղղորդելու համար։ Եթե ասես, որ Հիսուսի գործը հիմնված էր Եհովայի գործի վրա, որ Նա ոչ մի նոր գործ չսկսեց, և որ այն ամենը, ինչ Նա արեց, Եհովայի խոսքերի, Եհովայի գործի և Եսայայի մարգարեությունների համաձայն էր, ապա Հիսուսը մարմնացած Աստված չէր լինի։ Եթե Նա Իր գործն այսկերպ իրականացրած լիներ, առաքյալ կլիներ կամ Օրենքի դարաշրջանի աշխատող։ Եթե քո ասածի պես է, ապա Հիսուսը չէր կարող դարաշրջան սկսել, ոչ էլ կարող էր որևէ այլ գործ անել։ Նույն կերպ, Սուրբ Հոգին պետք է հիմնականում Իր գործն աներ Եհովայի միջոցով, և բացի Եհովայի միջոցով անելուց՝ Սուրբ Հոգին չէր կարող որևէ նոր գործ անել։ Մարդու համար սխալ է Հիսուսի գործն այսկերպ հասկանալը։ Եթե մարդը հավատում է, որ Հիսուսի արած գործն արվել է Եհովայի խոսքերի և Եսայայի մարգարեությունների համաձայն, ապա Հիսուսը մարմնացած Աստվա՞ծ էր, թե՞ մարգարեներից մեկը։ Համաձայն այս տեսակետի՝ Շնորհքի դարաշրջան չէր լինի, և Հիսուսը մարմնացած Աստված չէր լինի, քանզի այն գործը, որը Նա արեց, չէր կարող ներկայացնել Շնորհքի դարաշրջանը և կարող էր միայն Հին Կտակարանի Օրենքի դարաշրջանը ներկայացնել։ Նոր դարաշրջան կարող էր լինել միայն այն ժամանակ, երբ Հիսուսը եկավ նոր գործ անելու, նոր դարաշրջան սկսելու, Իսրայելում նախկինում արված գործը ճեղքելու և Իր գործն իրականացնելու ոչ թե համաձայն Իսրայելում Եհովայի արած գործի, կամ Նրա հին կանոնների, կամ որևէ կանոն կիրառելով, այլ, ավելի շուտ, անելու այն նոր գործը, որը պետք է աներ։ Աստված Ինքն է գալիս դարաշրջանը սկսելու, և Աստված Ինքն է գալիս դարաշրջանն ավարտին հասցնելու։ Մարդն անկարող է անել դարաշրջանը սկսելու և դարաշրջանն ավարտելու գործը։ Եթե Հիսուսն Իր գալուց հետո ավարտին չհասցներ Եհովայի գործը, ապա դա ապացույց կլիներ, որ Նա լոկ մարդ էր և անկարող էր ներկայացնել Աստծուն։ Հենց այն պատճառով, որ Հիսուսը եկավ և ավարտեց Եհովայի գործը, շարունակեց Եհովայի գործը և, ավելին, իրականացրեց Իր սեփական գործը՝ նոր գործ, դա ապացուցում է, որ սա նոր դարաշրջան էր, և որ Հիսուսն Աստված Ինքն էր։ Նրանք արեցին գործի երկու որոշակիորեն տարբեր փուլեր։ Մի փուլն իրականացվեց տաճարում, իսկ մյուսն իրականացվեց տաճարից դուրս։ Մի փուլը մարդու կյանքն օրենքի համաձայն ուղղորդելն էր, իսկ մյուսը՝ մեղքի զոհ մատուցելը։ Գործի այս երկու փուլերը նկատելիորեն տարբեր էին. սա նոր դարաշրջանը բաժանում է հնից, և միանգամայն ճիշտ է ասել, որ դրանք երկու տարբեր դարաշրջաններ են։ Նրա գործի տեղանքը տարբեր էր, և Նրա գործի բովանդակությունը տարբեր էր, և Նրա գործի նպատակը տարբեր էր։ Ուստի, դրանք կարող են բաժանվել երկու դարաշրջանների. Նոր և Հին Կտակարանները վերաբերում են նոր և հին դարաշրջաններին։ Երբ Հիսուսը եկավ, չգնաց տաճար, ինչն ապացուցում է, որ Եհովայի դարաշրջանն ավարտվել էր։ Նա չմտավ տաճար, քանի որ Եհովայի գործը տաճարում ավարտվել էր և կարիք չկար այն նորից անելու, և նորից անելը կնշանակեր կրկնել այն։ Միայն տաճարից դուրս գալով, նոր գործ սկսելով և տաճարից դուրս նոր ուղի բացելով՝ Նա ի վիճակի եղավ Աստծու գործը հասցնելու իր գագաթնակետին։ Եթե Նա դուրս չգար տաճարից՝ Իր գործն անելու, Աստծու գործը կլճանար տաճարի հիմքերի վրա, և երբեք ոչ մի նոր փոփոխություն չէր լինի։ Եվ այսպես, երբ Հիսուսը եկավ, չմտավ տաճար և Իր գործը չարեց տաճարում։ Նա Իր գործն արեց տաճարից դուրս և, առաջնորդելով աշակերտներին, ազատորեն կատարեց Իր գործը։ Աստծու հեռանալը տաճարից՝ Իր գործն անելու համար, նշանակում էր, որ Աստված նոր ծրագիր ուներ։ Նրա գործը պետք է իրականացվեր տաճարից դուրս, և այն պետք է լիներ նոր գործ, որն անկաշկանդ էր իր իրականացման ձևի առումով։ Հենց որ Հիսուսը եկավ, ավարտին հասցրեց Եհովայի գործը Հին Կտակարանի դարաշրջանի ընթացքում։ Թեև Նրանք երկու տարբեր անուններով էին կոչվում, նույն Հոգին էր, որ իրագործեց գործի երկու փուլերը, և արված գործը շարունակական էր։ Քանի որ անունը տարբեր էր, և գործի բովանդակությունը տարբեր էր, դարաշրջանը տարբեր էր։ Երբ Եհովան եկավ, Եհովայի դարաշրջանն էր, իսկ երբ Հիսուսը եկավ, Հիսուսի դարաշրջանն էր։ Եվ այսպես, ամեն գալով՝ Աստված մի անունով է կոչվում, որը մի դարաշրջան է ներկայացնում, և նոր ուղի է բացում. և յուրաքանչյուր նոր ուղու համար նոր անուն է ընդունում։ Այս ամենը ցույց է տալիս, որ Աստված միշտ նոր է և երբեք չի հնանում, և որ Նրա գործը երբեք չի դադարում առաջ ընթանալուց։ Պատմությունը միշտ առաջ է շարժվում, և Աստծու գործը միշտ առաջ է շարժվում։ Որպեսզի Նրա վեցհազարամյա տնօրինման ծրագիրը հասնի իր ավարտին, այն պետք է շարունակի առաջ ընթանալ։ Ամեն օր Նա պետք է նոր գործ անի, ամեն տարի Նա պետք է նոր գործ անի. պետք է նոր ուղիներ բացի, նոր դարաշրջաններ սկսի և ավելի նոր ու ավելի մեծ գործ սկսի։ Այս ամենի հետ մեկտեղ Նա նոր անուններ և նոր գործ է բերում։ Ամեն պահ Աստծու Հոգին նոր գործ է անում՝ երբեք չկառչելով հին ճանապարհներին կամ կանոններին։ Նրա գործը երբևէ կանգ չի առել, այլ իրականանում է ամեն անցնող պահի հետ։ Եթե ասում ես, որ Սուրբ Հոգու գործը հավիտյան անփոփոխ է, ապա ինչո՞ւ Եհովան քահանաներին խնդրեց ծառայել Իրեն տաճարում, սակայն Հիսուսը, ում մասին մարդիկ ասում էին, որ քահանայապետ է և Դավթի տնից, երբ եկավ, չմտավ տաճարը՝ չնայած այն փաստին, որ քահանայապետ և մեծ Թագավոր էր կոչվում։ Եվ ինչո՞ւ Նա զոհեր չմատուցեց։ Տաճարը մտնելը կամ տաճարը չմտնելը՝ այս ամենը մի՞թե հենց Իր՝ Աստծու գործը չէ։ Եթե ինչպես մարդն է պատկերացնում, Հիսուսը կրկին գա և վերջին օրերին դեռևս Հիսուս կոչվի և դեռևս գա սպիտակ ամպի վրա՝ իջնելով մարդկանց մեջ Հիսուսի պատկերով. մի՞թե դա Նրա գործի կրկնությունը չէր լինի։ Արդյոք Սուրբ Հոգին ունա՞կ է կառչելու հնին։ Այն ամենը, ինչին մարդը հավատում է, պատկերացումներ է, և այն ամենը, ինչ մարդը հասկանում է, ըստ բառացի իմաստի է, ինչպես նաև ըստ իր պատկերացումների. Դրանք չեն համապատասխանում Սուրբ Հոգու գործի սկզբունքներին և չեն համընկնում Աստծու մտքերի հետ. Աստված այդ կերպ չէր գործի։ Աստված այնքան տգետ և հիմար չէ, և Նրա գործն այնքան պարզ չէ, որքան պատկերացնում ես։ Համաձայն մարդկանց պատկերացումների՝ Հիսուսն ամպին հեծնած կգա և կիջնի ձեր մեջ։ Դուք կտեսնեք Նրան, ով, ամպին հեծնած, կասի ձեզ, որ Ինքը Հիսուսն է։ Դուք կտեսնեք նաև մեխերի հետքերը Նրա ձեռքերին և կիմանաք, որ Նա Հիսուսն է։ Եվ Նա կրկին կփրկի ձեզ և կլինի ձեր հզոր Աստված։ Կփրկի ձեզ, ձեզ նոր անուն կշնորհի և ձեզնից յուրաքանչյուրին կտա սպիտակ քար, որից հետո ձեզ թույլ կտրվի մտնել երկնքի թագավորություն և ընդունվել երկինք։ Մի՞թե նման համոզմունքները մարդու պատկերացումները չեն։ Աստված մարդու պատկերացումների համաձա՞յն է գործում, թե՞ մարդու պատկերացումներին հակառակ։ Մի՞թե մարդու պատկերացումները բոլորը Սատանայից չեն բխում։ Մի՞թե մարդն ամբողջությամբ չի ապականվել Սատանայի կողմից։ Եթե Աստված Իր գործն աներ մարդու պատկերացումների համաձայն, մի՞թե այդ ժամանակ Սատանա չէր դառնա։ Մի՞թե նույն տեսակից չէր լինի, ինչ արարածները։ Քանի որ արարածներն այժմ այնքան են ապականվել Սատանայի կողմից, և մարդը դարձել է Սատանայի մարմնավորումը, եթե Աստված գործեր Սատանայի բաների համաձայն, մի՞թե այդ ժամանակ դաշնակից չէր լինի Սատանայի հետ։ Ինչպե՞ս կարող է մարդը հասկանալ Աստծու գործը։ Ուստի Աստված երբեք չէր գործի մարդու պատկերացումների համաձայն և երբեք չէր գործի այն եղանակներով, որոնք պատկերացնում ես։ Հնարավոր է՝ ասես, որ Աստված Ինքն ասաց, որ կգա ամպի վրա։ Ճիշտ է, որ Աստված Ինքն ասաց, բայց մի՞թե չգիտես, որ ոչ մի մարդ չի կարող հասկանալ Աստծու խորհուրդները։ Մի՞թե չգիտես, որ ոչ մի մարդ չի կարող բացատրել Աստծու խոսքերը։ Առանց կասկածի նշույլի վստա՞հ ես, որ լուսավորություն ես ստացել և լուսավորվել ես Սուրբ Հոգու կողմից։ Անշուշտ, այնպես չէր, որ Սուրբ Հոգին հրահանգեց քեզ նման ուղիղ ձևով։ Սուրբ Հոգի՞ն էր, որ հրահանգեց քեզ, թե՞ քո սեփական պատկերացումներն առաջնորդեցին այդպես մտածելու։ Կարող ես ասել. «Սա ասվել է հենց Իր՝ Աստծու կողմից»։ Բայց մենք չենք կարող օգտագործել մեր սեփական պատկերացումներն ու մտքերը՝ Աստծու խոսքերը չափելու համար։ Ինչ վերաբերում է Եսայայի ասած խոսքերին, կարո՞ղ ես բացարձակ վստահությամբ բացատրել նրա խոսքերը։ Համարձակվո՞ւմ ես բացատրել նրա խոսքերը։ Քանի որ չես համարձակվում բացատրել Եսայայի խոսքերը, ինչո՞ւ ես համարձակվում բացատրել Հիսուսի խոսքերը։ Ո՞վ է ավելի մեծ՝ Հիսո՞ւսը, թե՞ Եսայան։ Քանի որ պատասխանը Հիսուսն է, ինչո՞ւ ես բացատրում Հիսուսի ասած խոսքերը։ Աստված նախապես կպատմե՞ր քեզ Իր գործի մասին։ Ոչ մի արարած չի կարող իմանալ, նույնիսկ երկնքի պատգամաբերները, ոչ էլ մարդու Որդին, ուստի ինչպե՞ս կարող ես դու իմանալ։ Մարդը չափազանց պակասավոր է։ Այժմ ձեզ համար կարևորն այն է, որ գործի երեք փուլերն իմանաք։ Եհովայի գործից մինչև Հիսուսի գործը և Հիսուսի գործից մինչև այժմյան փուլը՝ այս երեք փուլերը մի չկտրվող թելով կապում են Աստծու տնօրինման ամբողջ տիրույթը, և դրանք բոլորը մեկ Հոգու գործն են։ Աշխարհի ստեղծումից ի վեր Աստված միշտ մարդկությանը տնօրինելու վրա է աշխատել։ Նա Սկիզբն է և Վերջը, Նա Առաջինն է և Վերջինը, և Նա Մեկն է, ով սկսում է դարաշրջանը և Մեկը, ով ավարտին է հասցնում դարաշրջանը։ Գործի երեք փուլերը տարբեր դարաշրջաններում և տարբեր վայրերում, անկասկած, մեկ Հոգու գործն են։ Բոլոր նրանք, ովքեր բաժանում են այս երեք փուլերը, դիմակայում են Աստծուն։ Այժմ հօգուտ քեզ պետք հասկանաս, որ առաջին փուլից մինչ այսօր ողջ գործը մեկ Աստծու գործն է՝ մեկ Հոգու գործը։ Դրանում ոչ մի կասկած չի կարող լինել։

Նախորդը. Աստծու գործի տեսիլքը (2)

Հաջորդը. Աստվածաշնչի մասին (1)

Եթե պատրաստ ես անհանգստություններդ գցելու Աստծու վրա և ստանալու Նրա օգնությունը, խնդրում ենք սեղմել կոճակը՝ մեր ուսումնական խմբին միանալու համար։

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Կապվիր մեզ հետ WhatsApp-ով