Ամենակարողի հառաչանքը

Սրտումդ մի հսկայական գաղտնիք կա, որի մասին երբեք տեղյակ չես եղել, քանի որ ապրել ես լույսով չլուսավորված աշխարհում։ Սիրտդ ու հոգիդ հափշտակվել են չարի կողմից։ Աչքերդ ծածկված են խավարով. դու չես կարող տեսնել արևն երկնքում, չես կարող տեսնել այն շողշողացող աստղը գիշերային երկնքում։ Ականջներդ խցանված են խաբուսիկ խոսքերով. չես կարող լսել Եհովայի որոտընդոստ ձայնը, չես կարող լսել գահից հոսող շատ ջրերի ձայնը։ Դու կորցրել ես այն ամենը, ինչն իրավամբ քոնն է, կորցրել ես այն ամենը, ինչ Ամենակարողը շնորհել է քեզ։ Դու մտել ես չարչարանքի անվերջանալի ծով՝ առանց քեզ փրկելու որևէ ուժի և ողջ մնալու որևէ հույսի՝ պարզապես պայքարելով ու դեսուդեն ընկնելով... Այդ պահից սկսած՝ դատապարտված ես եղել չարչարվելու չարի կողմից՝ հեռանալով Ամենակարողի օրհնություններից, հեռանալով Ամենակարողի մատակարարումից, քայլելով անվերադարձ ճանապարհով։ Միլիոնավոր կանչերը հազիվ թե կարողանան արթնացնել քո սիրտն ու հոգին։ Դու խոր նիրհում ես չարի ձեռքերում՝ հրապուրված լինելով նրանից դեպի անսահման մի տիրույթ՝ առանց ուղղության և առանց ցուցանշանների։ Այդ ժամանակվանից ի վեր դու կորցրիր քո սկզբնական անմեղությունն ու մաքրությունը և սկսեցիր խուսափել Ամենակարողի հոգատարությունից։ Չարը քո սրտի ներսից ուղղորդում է քեզ վերաբերող ամեն ինչ և դարձել է քո կյանքը։ Դու այլևս չես վախենում նրանից, այլևս չես խուսափում նրանից կամ կասկածում նրան. փոխարենը նրան քո սրտում որպես աստծու ես վերաբերվում։ Դու սկսել ես սրբացնել ու մեծարել նրան. դու և նա դարձել եք անբաժանելի, ինչպես մարմինն ու ստվերը, և երդվել եք ապրել ու մեռնել միասին։ Դու բացարձակապես ոչինչ չգիտես այն մասին, թե իրականում որտեղից ես եկել, ինչու ես ծնվել կամ ինչու ես մեռնելու։ Ամենակարողը քեզ համար օտարական է համարվում. դու չգիտես Նրա ծագումը և առավել ևս չգիտես այն ամենը, ինչ Նա արել է քեզ համար։ Այն ամենը, ինչ գալիս է Նրանից, դու համարում ես մի բան, որի հանդեպ պետք է թշնամաբար տրամադրվել. դու չգիտես փայփայել այն և չգիտես դրա արժեքը։ Դու քայլում ես չարի կողքին՝ սկսած այն օրից, երբ ստացար Ամենակարողի մատակարարումները։ Դու քայլել ես չարի հետ հազարավոր տարիների քամու և անձրևի միջով, միացել ես նրան՝ «գործ ունենալով» այն Աստծու հետ, ով ժամանակին քո կյանքի աղբյուրն էր։ Դու չգիտես ապաշխարել, առավել ևս չգիտես, որ հասել ես կորստյան եզրին։ Մոռացել ես, որ չարը հրապուրել և տանջել է քեզ. մոռացել ես քո սկիզբը։ Այսպիսով՝ քայլ առ քայլ դու ծանր վնաս ես կրել չարի կողմից՝ ընդհուպ մինչև այսօր։ Քո սիրտն ու հոգին թմրած են ու քայքայված։ Դու դադարել ես մարդկային աշխարհի մտահոգություններից տրտնջալուց, դադարել ես մարդկային աշխարհն անարդար համարելուց, և առավել ևս քեզ այլևս չի հետաքրքրում՝ արդյոք Ամենակարողը գոյություն ունի։ Սա այն պատճառով է, որ չարին վաղուց քո ճշմարիտ հայրն ես համարել և չես կարող բաժանվել նրանից։ Սա է «գաղտնիքը» քո սրտում։

Երբ գալիս է արշալույսը, արևելքում սկսում է շողալ առավոտյան աստղը։ Սա աստղ է, որը նախկինում երբեք այնտեղ չի եղել, և այն լուսավորում է լուռ, աստղաշատ երկինքն ու վերստին վառում մարդկանց սրտերում մարած լույսերը։ Այս լույսերն այնպես են անում, որ մարդիկ այլևս միայնակ չեն լինում. դրանք լուսավորում են քեզ, և դրանք լուսավորում են ուրիշներին։ Սակայն միայն դու ես շարունակում խոր քնել մութ գիշերվա մեջ։ Դու ոչ մի ձայն չես լսում և ոչ մի լույս չես տեսնում. դու տեղյակ չես նոր երկնքի ու նոր երկրի, նոր դարաշրջանի գալստյան մասին, որովհետև հայրդ ասում է քեզ. «Զավա՛կս, վեր մի՛ կաց, դեռ վաղ է։ Եղանակը ցուրտ է, ուստի դուրս մի՛ գնա, որպեսզի սուրն ու նիզակը չխոցեն աչքերդ»։ Դու վստահում ես միայն քո հոր հորդորներին, որովհետև հավատում ես, որ միայն հայրդ է ճիշտ, քանի որ հայրդ քեզանից մեծ է և իսկապես սիրում է քեզ։ Նման հորդորներն ու նման սերը մղում են քեզ այլևս չհավատալու այն լեգենդին, թե մարդկային աշխարհում լույս կա. այլևս չհետաքրքրվելու՝ արդյոք ճշմարտությունը դեռ գոյություն ունի այս աշխարհում. այլևս հույսեր չփայփայելու Ամենակարողի կողմից փրկվելու վերաբերյալ, այլ պարզապես բավարարվելու ներկա վիճակով. այլևս չակնկալելու լույսի գալուստը, այլևս չհառելու հայացքը հորիզոնին՝ լեգենդար Ամենակարողի գալստյան համար։ Քո ընկալմամբ այն ամենը, ինչ գեղեցիկ է, չի կարող վերակենդանանալ կամ գոյություն ունենալ։ Քո աչքերում մարդկության վաղվա օրը՝ մարդկության ապագան, անհետացել ու ոչնչացվել է։ Ամբողջ ուժովդ կառչում ես քո հոր հագուստին՝ պատրաստ լինելով նեղություններ կրելու նրա կողքին, խորապես վախենալով քո ուղեկցին կորցնելուց և քո հեռավոր ճամփորդության «ուղղությունը» կորցնելուց։ Մարդկային շփոթված աշխարհը մեկը մյուսի հետևից ստեղծել է «քեզ» նմաններին, որոնցից յուրաքանչյուրն այս աշխարհում տարբեր դեր է խաղում՝ համառ հաստատակամությամբ և նույնիսկ իր կյանքի գնով հրաժարվելով զիջելուց։ Այն մեկը մյուսի հետևից ստեղծել է «մարտիկների», որոնք բացարձակապես չեն վախենում մահից։ Ավելին՝ այն խումբ առ խումբ ստեղծել է թմրած ու կաթվածահար մարդկանց, որոնք անտեղյակ են իրենց արարման նպատակից։ Ամենակարողի աչքերը զննում են յուրաքանչյուր խորապես տանջված մարդկային էակի։ Այն, ինչ Նա լսում է, տառապողների ողբն է, այն, ինչ Նա տեսնում է, տանջվածների անամոթությունն է, և այն, ինչ Նա զգում է, փրկության շնորհը կորցնող մարդկության անօգնականությունն ու սարսափն է։ Մարդկությունը մերժում է Նրա հոգատարությունը, գնում է իր սեփական ճանապարհով և փորձում է խուսափել Նրա աչքերի զննումից ու գերադասում է թշնամու կողքին ճաշակել խոր ծովի ողջ դառնությունը։ Ամենակարողի հառաչանքն այլևս չի լսվում մարդու կողմից. Ամենակարողի ձեռքերն այլևս չեն ցանկանում շոյել այս թշվառ մարդկությանը։ Կրկին ու կրկին Նա վերստին գրավում է, և կրկին ու կրկին Նա նորից կորցնում է, և այսպես կրկնվում է այն գործը, որը Նա անում է։ Այդ պահից սկսած՝ Նա հոգնածություն է զգում, Նա հոգնել է դրանից, ուստի դադարեցնում է Իր ձեռքի գործը և դադարում է մարդկանց մեջ քայլելուց... Մարդը լիովին անտեղյակ է այս փոփոխություններից որևէ մեկից, անտեղյակ է Ամենակարողի գալուց ու գնալուց, տխրությունից ու թախծից։

Այս աշխարհում ամեն բան ակնթարթորեն բյուրավոր փոփոխությունների է ենթարկվում Ամենակարողի մտքերի մեջ և Նրա աչքերի ներքո։ Այն, ինչի մասին մարդկությունը երբեք չի լսել, հանկարծ հայտնվում է, մինչդեռ այն, ինչ մարդկությունը երկար ժամանակ ունեցել է, աննկատելիորեն անհետանում է։ Ոչ ոք չի կարող ըմբռնել Ամենակարողի գտնվելու վայրը, առավել ևս, որևէ մեկը չի կարող զգալ Ամենակարողի կենսական զորության վերազանցականությունն ու մեծությունը։ Նա վերազանցական է այն բանով, որ կարող է զգալ այն, ինչ մարդը չի կարող ընկալել։ Նա մեծ է նրանով, որ Նա է այն մեկը, որ լքված է մարդկության կողմից և այնուամենայնիվ փրկում է մարդկությանը։ Նա գիտի կյանքի և մահվան իմաստը, և առավել ևս Նա գիտի, թե գոյության ինչ օրենքների պետք է հետևի Իր կողմից ստեղծված մարդկությունը։ Նա մարդկային գոյության հիմքն է, և Նա այն Փրկագնիչն է, որը նորից հարություն է տալիս մարդկությանը։ Նա ուրախ սրտերը տխուր է դարձնում, իսկ տխուր սրտերը՝ ուրախ՝ հանուն Իր գործի, հանուն Իր ծրագրի։

Մարդկությունը, շեղվելով Ամենակարողի կենսամատակարարումից, անտեղյակ է գոյության նպատակից, բայց այնուամենայնիվ վախենում է մահից։ Նրանք ոչինչ չունեն, ինչի վրա կարող են հենվել, և ոչ մի օգնություն չունեն, բայց դեռ չեն կամենում փակել իրենց աչքերը և, ճարահատյալ փորձելով կանգուն պահել հոգու գիտակցությունից զուրկ իրենց մսեղին, այս աշխարհում քարշ են տալիս իրենց նվաստ գոյությունը։ Դու ապրում ես այս ձևով՝ առանց հույսի, ինչպես մնացածն են ապրում՝ առանց նպատակի։ Միայն առասպելի Սուրբը կփրկի այն մարդկանց, որոնք հառաչում են իրենց տառապանքի ներքո և հուսահատորեն փափագում Նրա գալուստը։ Նման հավատը երկար ժամանակ չիրականացած է մնացել նրանց մոտ, ովքեր զուրկ են գիտակցությունից։ Այնուամենայնիվ, նրանք դեռ տենչում են դա։ Ամենակարողը ողորմած է այս մարդկանց հանդեպ, որոնք խորապես տառապել են. միևնույն ժամանակ Նա հակակրանք է զգում այն մարդկանց նկատմամբ, որոնք ընդհանրապես գիտակցություն չունեն, քանի որ Նա երկար պետք է սպասի, մինչև կարողանա մարդկանցից պատասխան ստանալ։ Նա ցանկանում է փնտրել, փնտրել քո սիրտն ու փնտրել քո հոգին՝ քեզ ջուր տալու և քեզ սնունդ տալու, որպեսզի արթնանաս և այլևս չծարավես և այլևս չքաղցես։ Երբ հոգնած լինես և փոքր-ինչ զգաս այս աշխարհի մռայլությունը, քեզ կորուսյալ մի՛ զգա, լաց մի՛ լինիր։ Ամենակարող Աստված՝ Պահապանը, գրկաբաց կընդունի քո գալուստն ամեն պահի։ Նա հսկելով սպասում է հենց քո կողքին։ Նա սպասում է քո վերադարձին, սպասում է այն օրվան, երբ հանկարծ կվերականգնես հիշողությունդ. երբ հասկանաս, որ Աստծուց ես գալիս և ինչ-որ անհայտ ժամանակ կորցրել ես ուղղությունդ, ինչ-որ անհայտ ժամանակ կորցրել ես գիտակցությունդ ճանապարհին և ինչ-որ անհայտ ժամանակ «հայր» ես ունեցել. և առավել ևս երբ գիտակցես, որ Ամենակարողը միշտ հսկելով սպասում է քեզ՝ երկար, շատ երկար ժամանակ սպասելով քո վերադարձին։ Նա անձկագին տենչում է՝ սպասելով անպատասխան արձագանքի։ Նրա հսկումն ամեն արժեքից առավել է և կատարվում է հանուն մարդկային սրտի և հանուն մարդկային հոգու։ Գուցե Նրա հսկելով սպասելն անժամկետ է կամ գուցե Նրա հսկելն արդեն վերջանում է։ Սակայն դու պետք է հստակ իմանաս, թե որտեղ են այժմ քո սիրտն ու հոգին։

28 Մայիսի, 2003

Նախորդը. Աստված է մարդու կյանքի աղբյուրը

Հաջորդը. Աստծու հայտնվելն ազդարարել է նոր դարաշրջանի սկիզբը

Կարգավորումներ

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Կապվիր մեզ հետ WhatsApp-ով