Տասը կառավարչական հրամանագրերը, որոնց Աստծու ընտրյալ ժողովուրդը պետք է հնազանդվի Թագավորության դարաշրջանում
1․ Մարդը չպետք է հանդգնի իրեն մեծ հռչակել և չպետք է իրեն պատվի որպես գերագույնի։ Նա Աստծուն պետք է երկրպագի և պատվի որպես գերագույնի։
2․ Արա՛ այն ամենը, ինչն օգտակար է Աստծու գործի համար, և մի՛ արա ոչինչ, որ վնասակար է Աստծու գործի շահերին։ Պաշտպանի՛ր Աստծու անունը, Աստծու վկայությունը և Աստծու գործը։
3․ Աստծու տան դրամը, նյութական առարկաները և ունեցվածքն այն բոլոր ընծաներն են, որոնք մարդը պետք է մատուցի։ Ոչ ոք, բացի քահանայից և Աստծուց, չի կարող վայելել այս ընծաները, քանզի մարդու ընծաներն Աստծու վայելքի համար են, և Աստված այդ ընծաները միայն քահանային է շնորհում՝ դրանք կիսելու համար. ուրիշ ոչ ոք որակավորված կամ իրավասու չէ դրանցից որևէ մաս վայելելու։ Մարդու բոլոր ընծաները (ներառյալ դրամն ու նյութական բաները, որոնք կարելի է վայելել) տրվում են Աստծուն, չեն տրվում մարդուն։ Ուստի մարդը չպետք է վայելի այս բաները. եթե մարդը վայելեր դրանք, ապա դա կլիներ ընծաները գողանալ։ Ամեն ոք, ով անում է սա, Հուդա է, քանզի, Տիրոջը մատնելուց զատ, Հուդան նաև գողացավ այն, ինչ դրվում էր դրամապարկի մեջ։
4. Մարդն ապականված խառնվածքներ ունի, և առավել ևս զգացմունքներ ունի։ Ուստի Աստծուն ծառայելիս խստիվ արգելվում է հակառակ սեռի երկու անդամների առանց ուղեկցության միասին աշխատել։ Յուրաքանչյուրը, ով կհայտնաբերվի նման բան անելիս, առանց բացառության կվտարվի։
5․ Մի՛ դատիր Աստծուն և մի՛ քննարկիր Աստծու հետ կապված հարցերը հենց այնպես։ Արա՛ այն, ինչ մարդը պետք է անի, և խոսի՛ր այնպես, ինչպես մարդը պետք է խոսի։ Մի՛ անցիր սահմաններն ու մի՛ խախտիր սահմանագծերը։ Հսկի՛ր քո սեփական լեզուն և զգո՛ւյշ եղիր, որտեղ էլ քայլդ դնես, որպեսզի խուսափես Աստծու բնույթը վիրավորող որևէ բան անելուց։
6․ Արա՛ այն, ինչ մարդը պետք է անի, կատարի՛ր պարտականություններդ, իրականացրո՛ւ պատասխանատվություններդ, և հավատարի՛մ մնա քո պարտավորությանը։ Քանի որ դու հավատում ես Աստծուն, պետք է քո պատշաճ բաժինը ներդնես Աստծու գործում. եթե դա չանես, ապա արժանի չես Աստծու խոսքերն ուտելու և խմելու և արժանի չես Աստծու տանը մնալու։
7․ Եկեղեցու աշխատանքում և հարցերում, Աստծուն հնազանդվելուց զատ, ամեն ինչում հետևի՛ր այն մարդու ցուցումներին, որն օգտագործվում է Սուրբ Հոգու կողմից։ Անթույլատրելի է նույնիսկ ամենափոքր խախտումը։ Բացարձակ եղի՛ր քո հնազանդության մեջ և մի՛ վերլուծիր ճիշտն ու սխալը. ճիշտ է, թե սխալ, քո գործը չէ։ Կենտրոնացիր միայն բացարձակ հնազանդության վրա։
8․ Աստծուն հավատացող մարդիկ պետք է հնազանդվեն Աստծուն և երկրպագեն Նրան, նրանք չպետք է բարձրացնեն մարդկանց, և նրանք չպետք է մեծարեն մարդկանց. չպետք է Աստծուն առաջին տեղում դնես, մարդկանց, որոնց մեծարում ես՝ երկրորդ, իսկ ինքդ քեզ՝ երրորդ տեղում։ Ոչ մի մարդ չպետք է տեղ ունենա քո սրտում, և դու չպետք է Աստծուն հավասար կամ Նրան համարժեք համարես մարդկանց, հատկապես նրանց, ում պաշտում ես։ Սա անհանդուրժելի է Աստծու համար։
9․ Եկեղեցու աշխատանքը մտքումդ պահի՛ր։ Թո՛ղ քո սեփական մսեղավոր հեռանկարները, վճռակա՛ն եղիր ընտանեկան հարցերում, ամբողջ սրտով նվիրվի՛ր Աստծու գործին և Աստծու գործը դի՛ր առաջին, իսկ սեփական կյանքդ՝ երկրորդ տեղում։ Սա է այն պարկեշտությունը, որը սուրբը պետք է ունենա։
10. Ինչ վերաբերում է քո այն հարազատներին, որոնք չեն հավատում (երեխաներդ, ամուսինդ կամ կինդ, քույրերդ, ծնողներդ և այլոք), նրանց եկեղեցի քարշ մի տուր։ Աստծու տունն անդամների պակաս չունի, և կարիք չկա անօգուտ մարդկանցով թիվ լրացնելու։ Բոլոր նրանք, ովքեր կամովին չեն հավատում, չպետք է ներս բերվեն եկեղեցի։ Այս հրամանագիրը հասցեագրված է բոլոր մարդկանց։ Դուք պետք է զսպեք միմյանց, վերահսկեք միմյանց և հիշեցնեք միմյանց այս հարցի մասին. ոչ ոք չպիտի խախտի այն։ Նույնիսկ երբ հարազատները, որոնք չեն հավատում, դժկամությամբ եկեղեցի են մտնում, նրանց չպետք է գրքեր տրամադրվեն և չպետք է նոր անուններ տրվեն․ այսպիսի մարդիկ Աստծու տնից չեն։ Անկախ ամեն ինչից՝ բոլոր այդպիսի մարդկանց պետք է արգելել մուտք գործել եկեղեցի։ Եթե դևերի ներխուժման պատճառով եկեղեցու վրա փորձանք գա, ապա դու ինքդ կվտարվես կամ քո նկատմամբ սահմանափակումներ կկիրառվեն։ Մի խոսքով, բոլորը պետք է պատասխանատվություն կրեն այս հարցի իրականացման համար, սակայն դու չպետք է անխոհեմ լինես, ոչ էլ պետք է օգտագործես այն անձնական հաշիվներ մաքրելու համար։