Դու պետք է փնտրես Քրիստոսի հետ համատեղելի լինելու ճանապարհը

Ես մեծ աշխատանք եմ կատարել մարդկանց մեջ, որի ընթացքում նաև բազմաթիվ խոսքեր եմ արտահայտել։ Այդ խոսքերն ամբողջությամբ մարդու փրկության համար են և արտահայտվել են, որպեսզի մարդը կարողանա համատեղելի դառնալ Ինձ հետ։ Սակայն Ինձ հետ համատեղելի միայն քչերին եմ ձեռք բերել երկրի վրա և ուստի ասում եմ, որ մարդը չի փայփայում Իմ խոսքերը, որովհետև համատեղելի չէ Ինձ հետ։ Այսպիսով՝ գործը, որը կատարում եմ Ես, պարզապես նրա համար չէ, որպեսզի մարդը երկրպագի Ինձ. առավել կարևորն այն է, որ մարդը կարողանա համատեղելի լինել Ինձ հետ։ Ապականության ենթարկված մարդիկ ապրում են Սատանայի թակարդում. բոլորն ապրում են մսեղիում, ապրում են եսասիրական ցանկություններով, և չկա նույնիսկ մեկը նրանց մեջ, որ Ինձ հետ համատեղելի լինի։ Նրանք, ովքեր ասում են, թե համատեղելի են Ինձ հետ, բոլորը երկրպագում են մշուշոտ կուռքերի։ Թեև Իմ անունը սուրբ են կոչում, նրանք քայլում են Ինձ հակառակ ճանապարհով, և նրանց խոսքերը լի են ամբարտավանությամբ ու ինքնավստահությամբ։ Պատճառն այն է, որ նրանք իրենց էությամբ Ինձ հակառակ են և անհամատեղելի Ինձ հետ։ Նրանք ամեն օր Աստվածաշնչում որոնում են Իմ հետքերը և պատահականորեն գտնում «հարմար» հատվածներ, որոնք անվերջ կարդում են և արտասանում որպես սուրբ գրություններ։ Նրանք ո՛չ գիտեն ինչպես համատեղելի լինել Ինձ հետ և ո՛չ էլ հասկանում են, թե ինչ է նշանակում Ինձ հակառակ լինելը։ Նրանք պարզապես կուրորեն կարդում են սուրբ գրությունները։ Նրանք սահմանափակում են մի մշուշոտ աստծու, որին երբեք չեն տեսել և, ըստ էության, չեն էլ կարող տեսնել, Աստվածաշնչի սահմաններում և իրենց հարմար պահին վերցնում են Աստվածաշունչը և կարդում այն։ Նրանք հավատում են Իմ գոյությանը միայն Աստվածաշնչի սահմաններում և Ինձ նույնացնում են Աստվածաշնչի հետ․ առանց Աստվածաշնչի Ես չկամ, և առանց Ինձ՝ չկա Աստվածաշունչը։ Նրանք ուշադրություն չեն դարձնում Իմ գոյությանը կամ Իմ գործերին, այլ փոխարենը՝ ծայրահեղ և առանձնահատուկ ուշադրություն են դարձնում Սուրբ Գրքի յուրաքանչյուր բառին։ Շատ շատերն անգամ հավատում են, որ Ես չպետք է անեմ որևէ բան, ինչ ուզում եմ, եթե դա կանխագուշակված չէ Սուրբ Գրքում։ Նրանք չափազանց մեծ նշանակություն են տալիս Սուրբ Գրքին։ Կարելի է ասել, որ նրանք բառացի խոսքերն այն աստիճանի կարևոր են համարում, որ Աստվածաշնչի տողերն օգտագործում են Իմ ասած յուրաքանչյուր խոսքը չափելու և Ինձ դատապարտելու համար։ Նրանց փնտրածն Ինձ հետ համատեղելիության, ոչ էլ ճշմարտության հետ համատեղելիության ճանապարհը չէ, այլ Աստվածաշնչի բառերին համապատասխանելու ճանապարհը, և նրանք հավատում են, որ այն ամենը, ինչը չի համապատասխանում Աստվածաշնչին, առանց բացառության Իմ գործը չէ։ Մի՞թե այդպիսի մարդիկ փարիսեցիների «հլու-հնազանդ» ժառանգները չեն։ Հրեա փարիսեցիները Մովսեսի օրենքն օգտագործեցին Հիսուսին դատապարտելու համար։ Նրանք չէին փնտրում այն ժամանակվա Հիսուսի հետ համատեղելիություն, այլ օրենքի յուրաքանչյուր դրույթին այնքան լուրջ էին վերաբերվում, որ՝ մեղադրելով Նրան Հին Կտակարանի օրենքին չհետևելու և Մեսիան չլինելու համար, վերջիվերջո խաչեցին անմեղ Հիսուսին։ Ո՞րն էր նրանց բուն էությունը։ Մի՞թե այն չէր, որ նրանք չէին փնտրում ճշմարտության հետ համատեղելիության ճանապարհը։ Նրանք ուշադրություն էին դարձնում միայն Սուրբ Գրքի յուրաքանչյուր բառին՝ անտեսելով Իմ մտադրությունները և Իմ գործի քայլերն ու մեթոդները։ Նրանք ճշմարտությունը փնտրող մարդիկ չէին, այլ մարդիկ, որոնք համառորեն կառչած էին բառերից․ նրանք Աստծուն հավատացող մարդիկ չէին, այլ Աստվածաշնչին հավատացող։ Սրաթափանց ասած՝ նրանք Աստվածաշնչի պահապան շներ էին։ Աստվածաշնչի շահերը պաշտպանելու, Աստվածաշնչի արժանապատվությունը պահպանելու և Աստվածաշնչի հեղինակությունը պաշտպանելու համար նրանք նույնիսկ ողորմած Հիսուսին խաչեցին։ Այդ ամենը նրանք արեցին միայն Աստվածաշունչը պաշտպանելու և Աստվածաշնչի յուրաքանչյուր բառի դիրքը մարդկանց սրտերում պահպանելու համար։ Այդպիսով նրանք նախընտրեցին հրաժարվել իրենց իսկ ապագայից և ձեռք չբերել մեղքի զոհը՝ Հիսուսին մահվան դատապարտելու համար, ով չէր համապատասխանում Սուրբ Գրքի հրամանագրերին։ Մի՞թե նրանք բոլորը Սուրբ Գրքի յուրաքանչյուր բառի ստրկամիտներ չէին։

Իսկ ի՞նչ ասել այսօրվա մարդկանց մասին։ Երկինք մտնելու և շնորհ ստանալու համար նրանք ավելի շուտ կնախընտրեն այս աշխարհից վտարել Քրիստոսին, որ եկել էր ճշմարտությունն արտահայտելու։ Նրանք ավելի շուտ ամբողջությամբ կուրանան ճշմարտության գալուստը՝ Աստվածաշնչի շահերը պաշտպանելու համար, և ավելի շուտ, մսեղի վերադարձած Քրիստոսին նորից խաչը կհանեն, որպեսզի ապահովեն Աստվածաշնչի հավիտենական գոյությունը։ Ինչպե՞ս կարող է մարդը ստանալ Իմ փրկությունը, երբ նրա սիրտն այդքան չարասիրտ է, և նրա բնությունն այդքան թշնամական է Ինձ։ Ես ապրում եմ մարդկանց մեջ, սակայն մարդը չգիտի Իմ գոյությունը։ Երբ Իմ լույսը սփռում եմ մարդու վրա, նա դեռ անտեղյակ է Իմ գոյությանը։ Երբ Իմ ցասումն եմ թափում մարդու վրա, նա առավել ևս ուրանում է Իմ գոյությունը։ Մարդը փնտրում է բառերի և Աստվածաշնչի հետ համատեղելիություն, սակայն ոչ մեկը չի գալիս Իմ առաջ՝ ճշմարտության հետ համատեղելիության ճանապարհը փնտրելու։ Մարդը դեպի երկինք հայացքով է Ինձ նայում և առանձնահատուկ ուշադրություն է դարձնում Իմ գոյությանը երկնքում, սակայն ոչ ոք հոգ չի տանում Իմ մասին՝ մսեղիում, որովհետև Ես՝ մարդկանց մեջ ապրողս, չափազանց աննշան եմ։ Նրանք, ովքեր միայն Աստվածաշնչի բառերի հետ համատեղելիություն են որոնում և նրանք, ովքեր միայն վերացական աստծու հետ համատեղելիություն են փնտրում, Իմ աչքին անարգ տեսարան են։ Պատճառն այն է, որ նրանք երկրպագում են մեռած բառերին և մի աստծու, որը կարող է նրանց անհամար հարստություն տալ․ երկրպագում են մի աստծու, որը պատրաստ է իրեն մարդու ողորմածությանը հանձնել՝ մի աստծու, որը գոյություն չունի։ Այդ դեպքում ի՞նչ կարող են նման մարդիկ ստանալ Ինձնից։ Մարդը պարզապես չափազանց ստոր է խոսքերի համար։ Ինչպե՞ս կարող են Ինձ հետ համատեղելի լինել նրանք, ովքեր Ինձ հակառակվում են, ովքեր Ինձնից անսահման պահանջներ ունեն, ովքեր ճշմարտության հանդեպ սեր չունեն, ովքեր ապստամբ են Իմ դեմ։

Նրանք, ովքեր Իմ դեմ են, Ինձ հետ համատեղելի չեն։ Ինչպես նաև նրանք, ովքեր չեն սիրում ճշմարտությունը։ Իմ դեմ ապստամբողներն առավել ևս Իմ դեմ են և Ինձ հետ անհամատեղելի։ Բոլոր նրանց, ովքեր Ինձ հետ համատեղելի չեն, Ես հանձնում եմ չարի ձեռքը, թողնում եմ նրանց չարի ապականությանը, նրանց ազատություն եմ տալիս բացահայտելու իրենց չար գործերը և վերջապես նրանց հանձնում եմ, որպեսզի չարը նրանց կուլ տա։ Ես չեմ մտահոգվում, թե քանի մարդ է Ինձ երկրպագում, այսինքն՝ Ինձ չի հետաքրքրում, թե քանի մարդ է հավատում Ինձ։ Ինձ համար կարևոր է միայն այն, թե քանիսն են Ինձ հետ համատեղելի։ Քանի որ բոլոր նրանք, ովքեր Ինձ հետ համատեղելի չեն, չար են, ովքեր դավաճանում են Ինձ և Իմ թշնամիներն են։ Ես Իմ տանը չեմ «մեծարի» Իմ թշնամիներին։ Նրանք, ովքեր Ինձ հետ համատեղելի են, հավիտյան կծառայեն Ինձ Իմ տանը, իսկ նրանք, ովքեր Ինձ հակառակում են, հավիտյան կկրեն Իմ պատիժը։ Նրանք, ովքեր միայն Աստվածաշնչի խոսքերի մասին են հոգ տանում և չեն հետաքրքրվում ո՛չ ճշմարտությամբ, ո՛չ էլ Իմ հետքերը որոնելով, նրանք Իմ դեմ են, որովհետև սահմանափակում են Ինձ Աստվածաշնչի շրջանակներով, Ինձ պարփակում են Աստվածաշնչի սահմանների մեջ, և դա Իմ դեմ ծայրահեղ հայհոյանք է։ Ինչպե՞ս կարող են նման մարդիկ գալ Իմ առաջ։ Նրանք ուշադրություն չեն դարձնում ո՛չ Իմ գործերին, ո՛չ Իմ մտադրություններին, ո՛չ էլ ճշմարտությանը, այլ բառերին՝ սպանող բառերին։ Ինչպե՞ս կարող են նման մարդիկ Ինձ հետ համատեղելի լինել։

Ես այնքա՜ն շատ խոսքեր եմ արտահայտել, նաև արտահայտել Իմ մտադրություններն ու Իմ բնույթը, սակայն մարդիկ, միևնույն է, անկարող են ճանաչել և հավատալ Ինձ։ Կամ կարելի է ասել՝ մարդիկ դեռևս անկարող են հնազանդվել Ինձ։ Ո՞վ է Ինձ հետ համատեղելի այն ամենքից, որ ապրում են Աստվածաշնչով, ապրում են օրենքով, ապրում են խաչի վրա, ապրում են կանոններով, ապրում են այսօրվա Իմ կատարած գործի մեջ։ Դուք միայն մտածում եք որոշ օրհնություններ և վարձատրություններ ստանալու մասին, բայց երբեք չեք խորհել այն մասին, թե իրականում ինչպես լինել Ինձ հետ համատեղելի կամ ինչպես կանխել ինքներդ ձեզ՝ Ինձ հակառակվելուց։ Ես այսքան հիասթափված եմ ձեզանից, քանզի Ես ձեզ այնքան շատ բան եմ շնորհել, սակայն ձեզանից այնքան քիչ եմ ստացել։ Ձեր խաբեությունը, ձեր ամբարտավանությունը, ձեր ագահությունը, ձեր անհեթեթ ցանկությունները, ձեր դավաճանությունը, ձեր անհնազանդությունը. սրանցից ո՞րը կարող է վրիպել Իմ հայացքից։ Դուք Ինձ մակերեսորեն եք վերաբերվում, փորձում եք Ինձ խաբել, պատվազրկել, շողոքորթել Ինձ, կորզել Իմ զոհաբերություններն Ինձնից։ Ինչպե՞ս կարող էին նման չար գործերը խուսափել Իմ պատժից։ Այս բոլոր չար գործերն Իմ նկատմամբ ձեր թշնամանքի ապացույցն են, ինչպես նաև ապացույցն են, որ Ինձ հետ համատեղելի չեք։ Ձեզնից ուրաքանչյուրը հավատում է, թե շատ համատեղելի է Ինձ հետ, բայց եթե դա իսկապես այդպես է, ո՞ւմ կվերաբերեին դա փաստող անբեկանելի ապացույցները։ Դուք կարծում եք, թե վերին աստիճանի անկեղծ և հավատարիմ եք Ինձ։ Դուք կարծում եք, թե այնքա՜ն բարեսիրտ ու այնքա՜ն կարեկցող եք, և որ Ինձ այնքա՜ն բան եք նվիրաբերել։ Կարծում եք, թե Ինձ համար չափից ավելի գործ եք կատարել։ Բայց երբևիցէ ձեր այդ կարծիքները քննե՞լ եք ձեր գործողությունների լույսի ներքո։ Ասում եմ՝ դուք չափազանց ամբարտավան եք, չափազանց ագահ, չափազանց ձևական. ձեր հնարքները, որոնցով փորձում եք Ինձ հիմարացնել, շատ հմուտ են, և դուք ունեք մեծաթիվ ստոր մտադրություններ ու մեթոդներ։ Մինչդեռ ձեր հավատարմությունը չափազանց փոքր է, ձեր անկեղծությունը` չնչին, և առավել ևս՝ դուք զուրկ եք խղճից։ Դուք չափազանց չարասիրտ եք, և ոչ ոքի չեք խնայում, նույնիսկ՝ Ինձ։ Դուք Իմ առջև փակում եք դուռը՝ հանուն ձեր երեխաների, ձեր ամուսնու կամ ձեր ինքնապահպանման։ Դուք Իմ մասին չէ, որ մտահոգվում եք, այլ ձեր ընտանիքի, երեխաների, ձեր դիրքի, ձեր ապագայի և ձեր սեփական հաճույքի մասին։ Երբևէ մտածե՞լ եք Իմ մասին՝ խոսելիս կամ գործելիս։ Ցուրտ օրերին ձեր մտքերը ձեր երեխաների, ամուսնու, կնոջ կամ ծնողների մասին են։ Կիզիչ օրերին էլ Ես տեղ չունեմ ձեր մտքերում։ Քո պարտավորությունը կատարելիս մտածում ես քո անձնական շահի մասին, քո անձնական անվտանգության, քո ընտանիքի անդամների մասին։ Ի՞նչ ես երբևէ արել Ինձ համար։ Երբևէ մտածե՞լ ես Իմ մասին։ Երբևէ արե՞լ ես հնարավոր ամեն ինչ՝ Ինձ և Իմ գործի համար։ Ու՞ր է ապացույցը, որ Ինձ հետ համատեղելի ես։ Ու՞ր է Ինձ քո հավատարմության իրողությունը։ Ու՞ր է Ինձ քո հնազանդության իրողությունը։ Երբևէ քո մտադրությունները միտված եղե՞լ են Իմ օրհնությունները ստանալուն։ Դուք բոլորդ փորձում եք Ինձ հիմարացնել։ Բոլորդ խաբում եք Ինձ։ Դուք խաղում եք ճշմարտության հետ, թաքցնում եք ճշմարտության գոյությունը և դավաճանում ճշմարտության էությանը։ Քանզի դուք այսպես եք հակառակվում Ինձ, ի՞նչ է սպասում ձեզ ապագայում։ Դուք միայն վերացական աստծու հետ համատեղելիություն եք փնտրում և միայն վերացական հավատքի հետևից եք գնում, սակայն դուք Քրիստոսի հետ համատեղելի չեք։ Այդպիսի չար գործերի համար չե՞ք կրելու արդյոք արժանի պատիժը չար մարդկանց հետ միասին։ Այդ ժամանակ դուք կհասկանաք, որ ոչ մի մարդ, որը Քրիստոսի հետ համատեղելի չէ, չի կարող փախչել զայրույթի օրից, և ձեզ պարզ կդառնա, թե ինչ տեսակի պատիժ է սպասում նրանց, ովքեր հակառակվում են Քրիստոսին։ Երբ այդ օրը գա, ձեր երազանքները, թե օրհնվելու եք Աստծուն հավատալու համար և երկինք մտնելու թույլտվություն եք ստանալու, հօդս կցնդեն։ Սակայն այնպես չի լինի այն մարդկանց հետ, ովքեր համատեղելի են Քրիստոսի հետ։ Թեև նրանք շատ բան են կորցրել, թեև նրանք շատ դժվարություններ են կրել, նրանք կստանան այն ամբողջ ժառանգությունը, որ Ես շնորհել եմ մարդկությանը։ Ի վերջո, դուք կհասկանաք, որ միայն Ես եմ արդար Աստվածը, և միայն Ես եմ կարող մարդուն հասցնել իր գեղեցիկ նշանակության վայրին։

Նախորդը. Շատերն են կանչված, բայց քչերն են ընտրված

Հաջորդը. Դու իրո՞ք Աստծուն հավատացողներից ես

Կարգավորումներ

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Կապվիր մեզ հետ WhatsApp-ով