Ինչպես պետք է առաջնորդներն ու աշխատողները կատարեն եկեղեցու աշխատանքը (3)
Վերադաս եղբոր հաղորդակցությունը – 5-ը հունվարի, 2026թ. (Մաս 5)
Հարց 3․ Ինչպե՞ս կարող են մարդիկ դառնալ մեկ սիրտ ու մեկ միտք և ներդաշնակորեն համագործակցել իրենց գործընկերների հետ պարտավորությունը կատարելիս, այլ ոչ թե յուրաքանչյուրն անի ամեն ինչ իր սեփական ձևով։
Պատասխան․ Այս հարցը վերաբերում է կյանքի մուտքին։ Եթե մարդիկ իսկապես կարողանան դառնալ մեկ սիրտ ու մեկ միտք և ներդաշնակորեն համագործակցել այլոց հետ, մի՞թե չեն մտել ճշմարտության իրականության մեջ։ (Այո։) Սա է ճշմարտության իրականության մեջ մտնելը։ Եթե մարդն ասում է, որ տիրապետում է ճշմարտության իրականությանը, բայց չի կարող լինել մեկ սիրտ ու մեկ միտք կամ ներդաշնակորեն համագործակցել որևէ մեկի հետ, արդյո՞ք իսկապես տիրապետում է ճշմարտության իրականությանը։ (Ոչ։) Նրա պնդումը կեղծ է։ Ասացե՛ք ինձ, կարո՞ղ են կեղծ առաջնորդողներն ու հակաքրիստոսները ներդաշնակորեն համագործակցել այլոց հետ։ Կարո՞ղ են ապականված խառնվածքներով ապրող մարդիկ ներդաշնակորեն համագործակցել այլոց հետ։ (Ոչ։) Հենց որ մարդիկ հստակ տեսնեն այս ամենը, մի՞թե չեն կարողանա հստակ տեսնել, թե ինչու չեն կարող ներդաշնակորեն համագործակցել այլոց հետ։ (Այո։) Այն փաստը, որ մարդիկ չեն կարող ներդաշնակորեն համագործակցել այլոց հետ, ցույց է տալիս, որ ունեն ապականված խառնվածքներ։ Եթե մարդիկ ունեն ապականված խառնվածքներ, կարո՞ղ են սկսել ապրել խղճով և ողջամտությամբ։ (Ոչ։) Ապականված խառնվածքներով ապրող մարդիկ չեն կարող սկսել ապրել խղճով և ողջամտությամբ, չեն կարող սկսել խոսել կամ գործել ողջամտությամբ, ոչ էլ՝ գործել այնպես, ինչպես ուրիշներն են համարում տեղին։ Հետևաբար, չեն կարող սկսել ներդաշնակորեն համագործակցել այլոց հետ։ Այսպիսին են ապականված խառնվածքներով ապրելու հետևանքները։ Եթե մարդիկ հստակ տեսնում են այս հարցը, պետք է մտածեն ապականված խառնվածքներով ապրելու խնդիրը լուծելու ճանապարհների մասին։ Հետևաբար, ինչպե՞ս կարող է լուծվել այս խնդիրը։ Այն պետք է լուծվի՝ ճշմարտությունը փնտրելով, Աստծու խոսքերի դատաստանն ու հանդիմանությունն ընդունելով և ինքն իրեն ճշմարտապես ճանաչելով։ Պետք է իմանաս, թե ինչու չես կարողանում ներդաշնակորեն համագործակցել այլոց հետ։ Որովհետև ապականված մարդկությունը խորապես այնքա՜ն ամբարտավան ու ինքնարդար է, որ բոլորն իրենց համարում են մյուսներից լավն ու գերազանց և վերևից են նայում բոլոր մյուսներին։ Միշտ զգում են, որ ճիշտ են և ուզում են, որ ուրիշները լսեն իրենց, իսկ եթե ուրիշները չեն լսում իրենց, դժգոհ են դառնում։ Ավելին, մարդկանց մեծամասնությունը բարձր պահանջներ չունի իր համար, մինչդեռ ուրիշներ նկատմամբ նրանց պահանջները շատ բարձր ու խիստ են։ Սա հանգեցնում է այլոց հետ ներդաշնակորեն համագործակցելու անկարողության։ Մի՞թե սա ապականված խառնվածքի դրսևորում չէ։ Մի՞թե սա ամբարտավան խառնվածքի պատճառով չէ։ (Այդպես է։) Ամբարտավանության այս ապականված խառնվածքը վերահսկում է քեզ՝ մղելով վերևից նայել բոլոր մյուսներին և միշտ զգալ, որ բնե ավելի գերազանց ես և լավը, քան ուրիշները։ Հետևաբար, անկախ նրանից, թե ում հետ ես համագործակցում, միշտ ուզում ես, որ լսեն քեզ, անեն ամեն ինչ քո ձևով, ընդունեն առաջնորդությունդ և հնազանդվեն քեզ։ Հենց որևէ մեկը չի լսում քեզ, չի հնազանդվում կամ չի ընդունում առաջնորդությունդ, խարխլում ես նրան և դադարում ես համագործակցել նրա հետ պարտավորությունդ կատարելիս։ Սա ամբարտավան խառնվածքի դրսևորում է։ Նման ապականված խառնվածքի մեջ թաղվելով՝ մարդիկ ոչ մի կերպ չեն կարողանում դառնալ մեկ սիրտ և մեկ միտք կամ ներդաշնակորեն համագործակցել այլոց հետ։ Ապա ո՞ւմ հետ կարող են ընդհանուր լեզու գտնել։ Իրենց ամուսնո՞ւ (կնոջ) հետ։ (Ոչ։) Իսկ ի՞նչ կասեք իրենց ծնողների կամ երեխաների մասին։ (Ոչ։) Ապրելով ապականված խառնվածքներով՝ մարդիկ ոչ մեկի հետ ընդհանուր լեզու չեն գտնում և ոչ մեկի հետ չեն կարողանում մերվել։ Ուստի ինչպե՞ս կարելի է լուծել այս ապականված խառնվածքների խնդիրը։ Դա անելու համար պահանջվում է, որ մարդիկ ճանաչեն իրենք իրենց։ Մարդը պետք է գիտակցի, որ չի տիրապետում ճշմարտության իրականությանը, որ լցված է ապականված խառնվածքներով և ապրում է դրանցով, որ ընդհանրապես չունի խիղճ, ողջամտություն կամ մարդկայնություն, և որ մարդ չէ, այլ՝ դև ու Սատանա։ Երբ մարդիկ իսկապես գիտակցեն, որ դևեր և Սատանաներ են, մի՞թե շատ ավելի լավ չի լինի, երբ հաջորդ անգամ փորձեն համագործակցել և շփվել այլոց հետ։ Նրանք կասեն․ «Այս մարդն ինձանից գերազանց է, իսկ այն մարդն ինձանից լավն է։ Եթե այլոց ասածը ճիշտ է, կլսեմ և կընդունեմ այն»։ Եթե մարդիկ այսպիսի մտածելակերպ ունենան, մի՞թե չեն կարողանա մեծ մասամբ հասնել ներդաշնակ համագործակցության։ (Կարող են։) Երբ երկու հոգի համագործակցում են պարտավորություն կատարելիս, եթե յուրաքանչյուրն ուզում է, որ մյուսը լսի իրեն, ապա ներդաշնակ համագործակցության հնարավոր չէ հասնել։ Եթե կողմերից մեկը հասկանում է ճշմարտությունը և ճանաչում է իրեն, կկարողանա լսել մյուսի առաջարկությունները։ Կասի․ «Եթե ասածդ ճիշտ է, կլսեմ, իսկ եթե ոչ, չեմ դիմադրի կամ հակառակվի քեզ, փոխարենը կլինեմ համբերատար, ըմբռնող և հանդուրժող»։ Մի՞թե այս կերպ հնարավոր չէ հասնել ներդաշնակ համագործակցության։ (Հնարավոր է։) Դրան մեծ մասամբ կարելի է հասնել այս կերպ։ Եթե երկուսն էլ հասկանում են ճշմարտությունը և ճանաչում են իրենց, և երկուսն էլ կարող են ապստամբել մսեղիի դեմ ու հնազանդվել ճշմարտությանը, մի՞թե ավելի հեշտ չի լինի հասնել ներդաշնակ համագործակցության։ Ավելի հեշտ կլինի։ Հետևաբար, ներդաշնակորեն համագործակցելու անկարողության խնդրի լուծումը պահանջում է մարդկանցից փնտրել ճշմարտությունը, ընդունել Աստծու խոսքերի դատաստանն ու հանդիմանությունը և հասնել ինքնաճանաչողության։ Հենց որ մարդիկ կարողանան իսկապես ճանաչել իրենց, ներդաշնակ համագործակցության հասնելու անկարողության խնդրը կլուծվի։ Ուստի երբ չես կարողանում ներդաշնակորեն համագործակցել այլոց հետ և միշտ ուզում ես, որ հնազանդվեն քեզ, պետք է խորհրդածես և ճանաչես ինքդ քեզ․ «Ինչո՞ւ եմ պահանջում ուրիշներից, որ հնազանդվեն ինձ։ Ի՞նչ իրավունքով եմ պահանջում ուրիշներից, որ հնազանդվեն ինձ։ Մի՞թե ես նույնպես դև չեմ։ Ինչո՞ւ չգիտեմ սեփական չափս»։ Եթե շարունակես նման խորհրդածությունը, կկարողանաս հասնել իսկական ճանաչողության։ Որքան շատ ճանաչես ինքդ քեզ, այնքան շատ կատես՝ մինչև այն աստիճան, որ կցանկանաս ապտակել ինքդ քեզ։ Ապա երբ նորից համագործակցես ուրիշների հետ, ներդաշնակությունը հեշտությամբ կգա։ Ճշմարտությունը կիրառելն իրականում շատ պարզ է։ Եթե չես կարողանում կիրառել ճշմարտությունը, աղոթի՛ր այսպես․ «Աստվա՜ծ, ես միշտ պահանջում եմ, որ ուրիշները հնազանդվեն ինձ։ Իսկապես ամբարտավան եմ և զուրկ ողջամտությունից։ Աստվա՜ծ, պատրաստ եմ նախ սովորել հնազանդվել ուրիշներին։ Եթե ուրիշների ասածը ճիշտ է և համապատասխանում է ճշմարտությանը, լիովին կհնազանդվեմ։ Եթե ուրիշների ասածը չի համապատասխանում ճշմարտությանը, չեմ վիճի նրանց հետ։ Եթե կարող են ընդունել առաջարկությունները, կհաղորդակցվեմ նրանց հետ, եթե չեն կարող, կլինեմ ըմբռնող, հանդուրժող և համբերատար և չեմ հակառակվի նրանց»։ Եթե ունես նման վճռականություն, մի՞թե աստիճանաբար չես կարողանա ներդաշնակորեն համագործակցել այլոց հետ։ Ասա՛ ինձ, պա՞րզ է ճշմարտությունը կիրառելը։ (Այո։)
Հարց 4․ Եկեղեցու որոշ առաջնորդողներ չեն ցանկանում զարգացնել նոր հավատացյալներին։ Միշտ ասում են, որ նոր հավատացյալների հասակը չափազանց փոքր է, և որ չեն ցանկանում կատարել իրենց պարտավորությունները։ Թեև համաձայնում են զարգացնել որոշ նոր հավատացյալների, շատ չանցած սկսում են պատրվակներ գտնել՝ մերժելու այս առաջադրանքը՝ երկար ժամանակ եկեղեցուն թողնելով առանց զարգացնելու որևէ մեկի։ Ինչպե՞ս պետք է հաղորդակցվենք նրանց հետ՝ մարդկանց զարգացնելու աշխատանքն առաջ տանելու համար։
Պատասխան․ Ինչ վերաբերում է մարդկանց զարգացնելու աշխատանքն անելուն, նախ պետք է հստակ զանազանես, թե ում կարելի է զարգացնել և ում՝ ոչ, ում կարելի է հեշտությամբ զարգացնել արդյունքների հասնելու համար, և ով արդյունքների չի հասնի, նույնիսկ եթե զարգացվի։ Այս ամենը հստակ զանազանելուց հետո, նայի՛ր այն ոլորտներին, որոնցում այս մարդիկ հարմար են զարգացվելու համար, և ապա հաղորդակցվի՛ր համապատասխան ճշմարտությունների մասին նրանց հետ՝ օգնելու կատարել այդ պարտավորությունը։ Եթե ինչ-որ մեկը հարմար է ավետարան քարոզելու համար, նրանց հետ պետք է նախ հաղորդակցվենք տեսիլքների վերաբերյալ ճշմարտությունների մասին, որպեսզի հստակ հասկանան տեսիլքների ճշմարտությունները և իմանան, թե ինչու մարդիկ պետք է հավատան Ամենակարող Աստծուն, կատարեն իրենց պարտավորությունները և տարածեն վերջին օրերում Ամենակարող Աստծու գործն ու վկայեն դրա մասին։ Այսպիսով հոգսի զգացում կունենան ավետարանը քարոզելու պարտավորության հանդեպ։ Եթե հստակ չեն հասկանում ճշմարտությունը և չեն հասկանում պարտավորություն կատարելու նշանակությունը, այլ պարզապես ստիպում ես լսել քեզ և գնալ ավետարան քարոզելու, ապա անկախ նրանից, թե ինչ ես ասում, ոչ մի արդյունքի չես հասնի, որովհետև նրանց սրտերում դիմակայություն կլինի։ Եթե հստակ չեն հասկանում ճշմարտությունը, նրանց մտքերն ու տեսակետները տարբեր կլինեն այն մարդկանց մտքերից ու տեսակետներից, որոնք ակտիվորեն կատարում են իրենց պարտավորությունները, և նրանց ընտրած ճանապարհները նույնպես տարբեր կլինեն։ Անգամ չեն կարողանա որևէ ընդհանուր լեզու գտնել այլոց հետ, ուստի ոչ մի հնարավորություն չի լինի դառնալու մեկ սիրտ և մեկ միտք նրանց հետ իրենց պարտավորություններում։ Հետևաբար, մարդկանց զարգացնելու համար նախ պետք է հաղորդակցվես ճշմարտության մասին, որպեսզի բոլորը հասնեն միասնության ճշմարտության իրենց ըմբռնման և գիտելիքի մեջ։ Այս կերպ, երբ կատարեն իրենց պարտավորությունները, կլինեն ընդհանուր մտքեր, տեսակետներ, սկզբունքներ և ճանապարհներ։ Բացի այդ, թեև ոմանք ձգտում են ճշմարտությանը, եթե չզարգացնես նրանց կամ չհաղորդակցվես ճշմարտության սկզբունքների մասին նրանց հետ, արդյո՞ք կկարողանան կատարել իրենց պարտավորությունները։ Անգամ չեն իմանա, թե ինչ պարտավորություն պետք է կատարեն։ Նույնիսկ եթե կատարեն պարտավորություն՝ առանց ճշմարտության սկզբունքներն ըմբռնելու և դեռ հակված լինելով գործելու անխոհեմաբար՝ սեփական կամքի համաձայն, արդյո՞ք կկարողանան լավ կատարել իրենց պարտավորությունը։ (Ոչ։) Անկախ նրանից, թե ինչ պարտավորություն են կատարում մարդիկ, պետք է ուսուցում անցնեն։ Եթե ուսուցում չանցնեն և չըմբռնեն համապատասխան ճշմարտության սկզբունքներն ու մասնագիտական հմտությունները, անկասկած արդյունքների չեն հասնի։ Հետևաբար, մարդկանց զարգացնելիս չափազանց կարևոր է նախ լավ ջրել նրանց ճշմարտությամբ։
Ուստի, ինչպե՞ս պետք է ջրես այս մարդկանց ճշմարտությամբ։ Պետք է ջրես նրանց այն ճշմարտություններով, որոնք համապատասխանում են իրենց հարմար պարտավորության տեսակին։ Եթե ինչ-որ մեկը հարմար է՝ զարգացվելու որպես առաջնորդող կամ աշխատող, պետք է ջրես նրան ճշմարտության այն սկզբունքներով, որոնք վերաբերում են եկեղեցու աշխատանքի կատարմանը, որպեսզի հստակ հասկանա ճշմարտության այս սկզբունքներն ու կարողանա կատարել եկեղեցու աշխատանքը հոգսի զգացումով և առաջ շարժվելու ուղիով։ Եթե մարդը հարմար է՝ զարգացվելու ավետարան քարոզելու համար, պետք է սկսես նրան ջրել տեսիլքների վերաբերյալ ճշմարտություններով, որպեսզի հստակ հասկանա տեսիլքների ճշմարտությունները և ավետարանը քարոզելու ու Աստծուն վկայելու նշանակությունը։ Այս կերպ հոգսի զգացում ձեռք կբերի ավետարանը քարոզելու հանդեպ, և պատրաստ կլինի կատարելու այս պարտավորությունը։ Այս հիմքի վրա, եթե այնուհետև ջրես նրան ավետարանը քարոզելու համար պահանջվող ճշմարտություններից մի քանիսով, առաջ շարժվելու ուղի կունենա այս պարտավորության մեջ, և կկարողանա արդյունքների հասնել։ Երբ մարդիկ հստակ հասկանում են ճշմարտությունը, ուժ կունենան և կհասնեն արդյունքների իրենց պարտավորություններում։ Ճշմարտությունը մարդկանց կյանքն է, ճշմարտությունը մարդկանց ուժն է, և ճշմարտությունը մարդկանց առաջ շարժվելու ուղին է։ Երբեք չպետք է մոռանաք սա։ Եթե մարդիկ չեն հասկանում ճշմարտությունը, ապա նրանցից որևէ պարտականություն կատարել պահանջելը արդյունք չի տա, որովհետև չունեն անհրաժեշտ վճռականությունն ու հասակը։ Ասա՛ ինձ, ինչպես է, որ մարդիկ կարողանում են հավատալ Ամենակարող Աստծուն։ Պատճառն այն է, որ նրանք բացահայտել են՝ Ամենակարող Աստծու բոլոր խոսքերը ճշմարտությունն են, և որ միայն ճշմարտությունը կարող է փրկել մարդկանց։ Ահա թե ինչու են հավատում։ Սակայն, երբ մարդիկ նոր են սկսում հավատալ, նրանք պարզապես ընդունում են, որ Ամենակարող Աստծու խոսքերը ճշմարտությունն են, բայց դեռ շատ բան չեն հասկանում ճշմարտության մասին։ Եթե պահանջես, որ պարտավորություն կատարեն այս ժամանակ, ի վիճակի չեն լինի դա անել։ Այն մի փոքր ճշմարտությունը, որ հասկանում են, բավարար է՝ հնարավորություն տալու նրանց ընդունել Ամենակարող Աստծուն և չուրանալ Աստծուն, և սա արդեն իսկ բավականին լավ է։ Եթե նաև ուզում ես, որ պատրաստակամ կերպով կատարեն պարտավորություն և լավ կատարեն այն, ապա չափազանց շատ բան ես պահանջում նրանցից։ Հետևաբար, եթե ուզում ես զարգացնել մարդկանց, պետք է ավելի շատ ջրես նրանց, հաղորդակցվես ճշմարտության մասին նրանց հետ և հնարավորություն տաս նրանց հասկանալու ավելի մանրամասն ճշմարտություններ։ Այս կերպ նրանք ուղի կունենան, որով կկարողանան կատարել իրենց պարտավորությունը։ Ասա՛ ինձ, կարո՞ղ են մարդիկ ծառայել Աստծուն, եթե չեն հասկանում ճշմարտությունը։ Կարո՞ղ են ծառայել Աստծուն առանց կյանքի մուտքի։ Կարո՞ղ են ծառայել Աստծուն առանց իրենց ճանաչելու։ Կարո՞ղ են ծառայել Աստծուն առանց ճշմարիտ փոփոխությունների իրենց ապականված խառնվածքներում։ (Ոչ։) Կրոնական աշխարհում կան շատ մարդիկ, որոնք ծառայում են Աստծուն, սակայն դիմակայում են Նրան։ Ի՞նչն է սրա պատճառը։ Սա տեղի է ունենում, որովհետև չեն ճանաչում իրենց, նրանց կյանքի բնույթն ընդհանրապես չի փոխվել, և իրենց ամբողջ աշխատանքն անում են ապականված խառնվածքների հիման վրա։ Հետևաբար, բոլորը ծառայում են Աստծուն, և այնուամենայնիվ դիմակայում են Նրան։ Հենց որ հստակ տեսնես այս հարցը, քեզ համար պարզ կլինի, թե ինչպես զարգացնել մարդկանց։ Մարդկանց զարգացնելու բանալին նրանց ճշմարտությունը հասկանալու հնարավորություն տալն է։ Հենց որ մարդիկ հասկանան ճշմարտությունը, հավատ կունենան՝ կատարելու իրենց պարտավորությունները։ Կզգան՝․ «Շատ ժամանակ չի մնացել պարտավորությունս կատարելու համար։ Պետք է հաշվի առնեմ Աստծու մտադրությունները, լքեմ ամեն ինչ, և տամ իմ ամբողջը՝ ծախսվելու Աստծու համար»։ Սա այն է, ինչ ձեռք է բերվում, երբ մարդիկ հասկանում են ճշմարտությունը։ Ոչ մի դժվարություն չի կարող կանգնեցնել նրանց. անգամ չեն վախենում մահից, և ի վիճակի են վտանգելու իրենց կյանքը՝ ծախսվելու Աստծու համար։ Նայի՛ր «Իմ ուշացած վկայությունը» ֆիլմի գլխավոր հերոսին։ Երբ նրան առաջին անգամ ձերբակալեցին, չկարողացավ դիմանալ տանջանքներին, որոնց բախվեց, թուլացավ, և չկարողացավ հաստատուն մնալ վկայության մեջ։ Այս պատճառով տասը տարի ծախսեց՝ զինելով իրեն ճշմարտությամբ։ Ավելի ուշ, երբ գնաց ավետարան քարոզելու մի եղբոր հետ, որոշ կրոնավոր մարդիկ ոստիկանություն կանչեցին՝ նրանց ձերբակալելու համար։ Թեև եղբայրն ուզում էր փախչել, գլխավոր հերոսը չփախավ։ Հետո, երբ ոստիկանությունը հարցաքննեց նրան, քաջություն ունեցավ հերքելու նրանց և մերկացնելու Կոմունիստական կուսակցության չարասեր էությունը։ Ինչպե՞ս ստացվեց, որ քաջություն ունեցավ դա անելու։ Պատճառն այն էր, որ տասը տարի ծախսել էր՝ զինելով իրեն ճշմարտությամբ։ Պատրաստ էր վտանգելու կյանքը՝ Աստծու համար վկայություն կրելու, Աստծու հանդեպ իր պարտքը փոխհատուցելու համար։ Նա պատրաստված եկավ։ Սպասում էր հենց այս օրվան։ Առանց այդ տասը տարվա նախապատրաստման արդյոք քաջություն կունենա՞ր դա անելու։ (Ոչ։) Ինչո՞ւ էր նրա եղբայրը վախենում և ուզում փախչել։ Մի՞թե պատճառն այն չէր, որ զուրկ էր հասակից և վախենում էր մահից։ Գլխավոր հերոսը գերադասեց նահատակվել, քան փոխզիջման գնալ մեծ կարմիր վիշապի հետ։ Սա ճշմարտությունն էր, որը դարձավ նրա կյանքը, ինչը նշանակում է, որ խոսքերը դարձան հավատք, և խոսքերը դարձան կյանք։ Հետևաբար, ճշմարտությունն ուժ է, և ճշմարտությունը կյանք է։ Եթե հստակ հաղորդակցվես ճշմարտության մասին, մարդիկ պատրաստ կլինեն տալու իրենց ամբողջը՝ ծախսվելու Աստծու համար։
Այս հարցում նաև նշվում է, որ որոշ առաջնորդողներ և աշխատողներ չեն ցանկանում զարգացնել նոր հավատացյալների։ Ինչպե՞ս պետք է լուծվի այս խնդիրը։ Այն պետք է լուծվի ճշմարտության մասին հաղորդակցվելու միջոցով։ Նախ պետք է առաջնորդողներին ու աշխատողներին հասկացնես, թե ինչու պետք է զարգացնեն նոր հավատացյալների։ Եթե չզարգացնենք նոր հավատացյալներին, մի՞թե նրանց առաջընթացը դանդաղ չի լինի։ Եթե զարգացնենք նրանց կամ հստակ չհաղորդակցվենք ճշմարտության մասին նրանց հետ, արդյո՞ք կլքեն ամեն ինչ՝ ծախսվելու Աստծու համար։ Եթե հավատքի մեջ ապավինեն միայն իրենց, գուցե ստիպված լինեն հավատալ ութ, տասը կամ անգամ քսան տարի, նախքան կկարողանան լքել ամեն ինչ։ Այդ դեպքում ե՞րբ կկարողանան ձեռք բերել ճշմարտությունը։ Մի՞թե սա չի ուշացնում և կործանում նրանց։ Ժամանակն այժմ ոչ մեկի չի սպասում, ուստի եկե՛ք չանենք բաներ, որոնք վնասում են մարդկանց։ Հետևաբար, եթե ուզում ես, որ առաջնորդողներն ու աշխատողները հաշվի առնեն Աստծու մտադրություններն ու անեն առավելագույնը մարդկանց զարգացնենք աշխատանքում, պետք է հստակ հաղորդակցվես ճշմարտության մասին՝ ստիպելով նրանց հասկանալ մարդկանց զարգացնելու նշանակությունը և այն, որ տաղանդավոր մարդկանց չզարգացնելն ուշացնում ու խոչընդոտում է Աստծու տան գործը։ Հենց որ իսկապես հասկանան այս ամենը, պատրաստ կլինեն ջանք գործադրել մարդկանց զարգացնելու հարցում։ Իրականում, անկախ նրանից, թե ինչ պարտավորություն է, եթե մարդիկ հստակ չեն հասկանում ճշմարտությունը, հոգսի զգացում չեն ունենա այն կատարելիս։ Մարդիկ շատ եռանդուն են, երբ գործում են հանուն մսեղիի, բայց ընդհանրապես եռանդ չունեն, երբ ինչ-որ բան են անում Աստծու համար։ Կարծես ափիոն ծխած լինեն. բոլորը թմրած են ու թույլ։ Երբ բախվում են մի փոքր դժվարության, բողոքում են դժվարությունից և դադարում են կատարել իրենց պարտավորությունը։ Սա ցույց է տալիս, որ չեն հասկանում ճշմարտությունը և զուրկ են հասակից։ Ուստի ինչպե՞ս կարելի է լուծել այս խնդիրը։ Աստծու ընտրյալ մարդիկ, որոնք մասնակցել են այս տարվա Ամանորի էստրադային ցուցադրության նկարահանմանը, փորձառություն ունեն այս առումով։ Երբ բախվել են դժվարությունների, անընդհատ աղոթել են։ Ոմանք ասել են․ «Աստվա՛ծ, օրհներգեր երգելը չափազանց դժվար է։ Ծեր եմ և չեմ կարող սովորել։ Խնդրու՜մ եմ, ուղղորդի՜ր ինձ»։ Մյուսներն ասել են․ «Աստվա՜ծ, այսօր եղանակը չափազանց վատ է, և չենք կարող ծրագրի համար նկարահանումներ անել։ Խնդրու՜մ ենք, օգնի՜ր մեզ»։ Երբ բախվել են դժվարությունների, այսպես աղոթել են Աստծուն։ Աստված գործել է, ու նրանք տեսել են, որ իրենց դժվարությունները լուծվել են։ «Արթնացա, և հանկարծ ամեն ինչ կարգավորվեց։ Հանկարծ իմացա, թե ինչպես երգել այս երգը։ Ի՞նչ պատահեց։ Աստծու արարքներն իսկապես հրաշալի են»։ «Մեր աղոթելուց շատ չանցած՝ երկինքը պարզվեց, և կարողացանք նկարահանել։ Աստված իսկապես ամենակարող է։ Աստված գերիշխանություն ունի ամեն ինչի նկատմամբ։ Ամեն ինչ Աստծու ձեռքերում է։ Մենք աղոթեցինք և ապավինեցինք Աստծուն, և Աստված անմիջապես գործեց»։ Որոշ եղբայրներ ու քույրեր ասացին այնպիսի բաներ, ինչպիսիք են․ «Աստված հենց մեր կողքին է։ Թեև աչքերով չտեսա Աստծուն, տեսա Աստծուն գործելիս։ Իսկապես զգացի Աստծուն ճիշտ մեր կողքին այնքա՜ն հստակ և այնքա՜ն պարզ։ Ինձ համար այնքա՜ն մեծ պատիվ է կարողանալ հետևել Ամենակարող Աստծուն։ Ի՜նչ ուրախություն է։ Զուր չեմ ապրել իմ այս կյանքը»։ Ինչո՞ւ կարողացան ասել սա։ Որովհետև իսկապես փորձառաբար ապրեցին Աստծու արարքները։ Ասացե՛ք ինձ, արդյո՞ք նրանց ձեռքբերումներն այս պարտավորությունը կատարելիս մեծ էին։ (Այո։) Ի՞նչ ձեռք բերեցին։ Տեսան, որ Ամենակարող Աստված ճշմարիտ Աստվածն է՝ Արարչի մարմնացած մսեղին, որը կենդանի կերպով ապրում է մարդկանց մեջ։ Անկախ նրանից, թե որ երկրում են Աստծու ընտրյալ մարդիկ կատարում իրենց պարտավորությունները, կամ որ երկրում են աղոթում և ապավինում Աստծուն, բոլորն էլ կարող են տեսնել Աստծուն գործելիս, և բոլորը կարող են զգալ, որ Աստված իրենց կողքին է։ Արդյո՞ք այս ձեռքբերումը մի բան է, որին մարդիկ կարող են հասնել պարզապես քարոզներ լսելով։ (Ոչ։) Մարդիկ չեն կարող ձեռք բերել այս ամենը պարզապես քարոզներ լսելով։ Անկախ նրանից, թե որքան երկար են լսում, ձեռք չեն բերի այս ամենը։ Միայն իրենց պարտավորությունները կատարելիս իրականում դժվարությունների բախվելով և իրականում Աստծուն աղոթելով ու Նրան ապավինելով՝ կարող են փորձառաբար ապրել Սուրբ Հոգու գործը և ունենալ այս ձեռքբերումները։ Ասացե՛ք ինձ, արդյո՞ք կարևոր է պարտավորություն կատարելը։ (Այո։) Եթե մարդիկ կենտրոնանան Աստծուն աղոթելու, Նրան ապավինելու և իրենց պարտավորությունները կատարելիս Աստծու գործը փորձառաբար ապրելու վրա, կկարողանան տեսնել, թե ինչպես է գործում Սուրբ Հոգին և զգալ, որ Աստված հենց իրենց կողքին է՝ թույլ տալով անձամբ փորձառաբար ապրել սա հստակ և պարզ։ Ճիշտ ինչպես այն ժամանակ, երբ Հոբը լսեց Աստծուն խոսելիս, ի՞նչ ասաց նա։ «Սրանից առաջ ես ականջներովս էի լսել քո մասին, բայց հիմա աչքերս տեսան քեզ» (Հոբ 42:5)։ Արդյոք Հոբի աչքերն իսկապես տեսա՞ն Աստծուն։ Ոչ, չտեսան։ Նա միայն լսեց Աստծուն խոսելիս մրրիկի մեջ, սակայն ասաց, որ տեսել է Աստծուն սեփական աչքերով։ Արդյոք սա ճի՞շտ է։ (Այո։) Մի՞թե Աստծու խոսքերը լսելը հավասարազոր չէ Աստծուն տեսնելուն։ Հոբն Աստծուն տեսավ ոչ թե աչքերով, այլ՝ սրտով։ Երբ մարդու ականջները լսում են Աստծու խոսքերը, նրա սիրտը տեսնում է Աստծուն, և նրա սիրտը դեմառդեմ է Աստծու հետ։ Այս հասկացողությունն այնքան ճիշտ է։ Քո պարտավորության մեջ շատ հարցերում Աստծուն՝ աղոթելով և Աստծու գործը փորձառաբար ապրելով, կարող ես անձամբ փորձառաբար ապրել այն, որ Ամենակարող Աստված ճշմարիտ Աստվածն է։ Սա միանգամայն ճշմարիտ է։ Հետևաբար, պարտավորության կատարումից ստացված ձեռքբերումները հսկայական են։ Անկախ նրանից, թե որքան երկար ես կատարում պարտավորությունդ, լինի դա մի քանի օր, թե մի քանի ամիս, քանի դեռ աղոթում ես Աստծուն, փորձառաբար ապրում ես Աստծու գործը, տեսնում ես Աստծուն գործելիս և տեսնում ես, որ Աստված հայտնվում է քեզ, ձեռք կբերես գիտելիք Աստծու մասին։ Եթե մարդիկ կարող են նման մեծ ձեռքբերումներ ունենալ իրենց պարտավորությունների միջոցով, մի՞թե չեն զարգացնի ճշմարիտ հավատք առ Աստված։ (Այո։) Եթե չկատարեին իրենց պարտավորությունը, կարո՞ղ էին ունենալ նման փորձառական ձեռքբերումներ։ Կարո՞ղ էին ունենալ նման գնահատական և գիտելիք։ Կարո՞ղ էին զարգացնել հավատք։ (Ոչ։) Նման ձեռքբերումներն առաջանում են միայն պարտավորություն կատարելու միջոցով։ Թեև կարող է թվալ, որ գումար չենք վաստակում մեր պարտավորությունները կատարելով, իրականում ձեռք ենք բերում և՛ ճշմարիտ գիտելիք Աստծու մասին, և՛ ճշմարիտ հավատք Նրա հանդեպ։ Գիտե՞ս, թե որքան մեծ օրհնություն կարող են բերել քեզ այս ձեռքբերումները։ Կարող ես ստանալ և՛ ճշմարտությունը, և՛ փրկության հասնելու հույսը։ Ի՞նչ գին կարող էիր սահմանել նման օրհնության համար։ (Նման օրհնությունն անգին է։) Բայց կարող ես ձեռք բերել այս օրհնությունը՝ կատարելով պարտավորությունդ Աստծու տանը։ Մարդիկ ձեռք են բերում այն՝ Աստծուն աղոթելով ու Նրան ապավինելով և իրենց պարտավորությունների ընթացքում Աստծու գործը փորձառաբար ապրելով։ Այսպես է գործում Սուրբ Հոգին։ Կարո՞ղ են մարդիկ ձեռք բերել այս օրհնությունն առանց պարտավորություն կատարելու։ (Ոչ։) Հետևաբար, առաջնորդողներն ու աշխատողները պետք է պատշաճ կերպով ջրեն և զարգացնեն նոր հավատացյալներին՝ հնարավորություն տալով նրանց հնարավորինս շուտ արմատներ գցելու ճշմարիտ ճանապարհին, հասկանալու ճշմարտությունը և կատարելու իրենց պարտավորությունները։ Եթե գտնես լավ որակ ունեցող մեկին, որը հատկապես լուսավորվում է Աստծու խոսքերը լսելիս, որը հասկանում է այն ամենը, ինչի մասին հաղորդակցվում ես, և որն արագ է ըմբռնում ճշմարտությունը, ապա սա Աստծու ոչխարներից մեկն է։ Պետք է կենտրոնանաս նրան ջրելու և զարգացնելու վրա, և հենց որ հասկանա ճշմարտությունը, շուտով կկարողանա պարտավորություն կատարել։ Եթե կան մարդիկ, որոնք, անկախ նրանից, թե ինչպես ես հաղորդակցվում ճշմարտության մասին, չեն կարողանում ըմբռնել այն և ոչ մի արձագանք չեն տալիս դրան, և անգամ շփոթվում են ու դառնում քնկոտ, երբ չափազանց շատ ես հաղորդակցվում, ապա դժվար է ասել, թե արդյոք նրանք Աստծու ոչխարներն են։ Նման մարդկանց ջրելը չպետք է լինի հիմնական ուշադրության կենտրոնում։ Սակայն, նաև չպետք է կայացնենք վճիռներ նրանց վերաբերյալ։ Ի վերջո, ի՞նչ կլինի, եթե ավելի ուշ արթնանան և ձգտեն ճշմարտությանը։ Սա միանգաոմայն հնարավոր է։ Մի խոսքով, եթե տեսնես նոր հավատացյալների, որոնք առանձնապես եռանդուն են Աստծու հանդեպ իրենց հավատքի մեջ և կենտրոնանում են ճշմարտությանը ձգտելու վրա, պետք է պատշաճ կերպով ջրես նրանց՝ հնարավորություն տալով հասկանալու ճշմարտությունը։ Ինչ ուժեղ կողմեր էլ ունենան և ինչ պարտավորության համար էլ հարմար լինեն, պետք է զարգացնենք նրանց՝ կատարելու տվյալ տեսակի պարտավորությունը։ Որոշ մարդիկ ունեն համեմատաբար լավ հոգևոր հասկացողություն և Աստծու խոսքերի մաքուր ըմբռնում, կարող են կիսվել գործնական գիտելիքով և շատ լավ են խորհրդածում ու ճանաչում իրենց։ Նման մարդիկ հարմար են զարգացվելու որպես առաջնորդողներ և աշխատողներ։ Եթե կարողանան ճանաչել իրենց, կունենան ճշմարիտ ապաշխարություն, իսկ իրենց որոշակի խորությամբ ճանաչելը կարող է հանգեցնել կյանքի բնույթի փոփոխության։ Նման մարդիկ կարող են մեծապես օրհնվել Աստծու կողմից։ Աստված պարգևում է նրանց ճշմարտություն և կյանք, և նրանք կարող են վկայություն կրել Աստծու համար ու առաջնորդել մարդկանց դեպի ճշմարտության իրականությունը։ Հետևաբար, նրանք, որոնք բավարար խորությամբ ճանաչում են իրենց, լավագույն թեկնածուներն են առաջնորդողներ և աշխատողներ լինելու համար։ Նման մարդիկ ամենատաղանդավորներն են։ Որոշ մարդիկ ի ծնե պերճախոս են և հմուտ խոսքի մեջ, ուստի նրանք կարող են զարգացվել՝ ավետարան քարոզելու և վկայությամբ կիսվելու համար։ Որոշ մարդիկ, թեև անշնորհք են խոսքի մեջ, բոլորովին անփույթ չեն իրենց աշխատանքում և հմտություն ունեն այն ամենի հանդեպ, ինչին ձեռնամուխ են լինում։ Նման մարդիկ հարմար են կարգավորելու եկեղեցու ընդհանուր գործերը։ Որոշ մարդիկ հասկանում են օրենքն ու կառավարական կանոնակարգերը և հատուկ հմտություն ունեն արտաքին գործերի հարցում։ Նման մարդիկ հարմար են արտաքին գործերի աշխատանքի համար։ Կարո՞ղ եք մարդկանց գնահատել այս կերպ։ (Այո։) Եթե կարողանաք գնահատել մարդկանց այս կերպ, ճանապարհ կունենաք մարդկանց զարգացնելու համար։ Մարդկանց զարգացնելը նշանակում է զարգացնել նրանց պարտավորության այն տեսակի մեջ, որը հարմար է կատարելու Աստծու տանը՝ հիմնվելով իրենց ուժեղ կողմերի վրա։ Իսկ, եթե որոշ մարդիկ միշտ մտածում են զուգընկեր գտնելու մասին, կարո՞ղ են արդյոք զարգացվել։ (Ոչ, եթե միշտ մտածում են զուգընկեր գտնելու մասին, ապա անտեսում են իրենց պատշաճ առաջադրանքները։) Տեր Հիսուսն ասել է․ «Բայց վա՜յ հղիներին ու ստնտուներին այդ օրերին» (Մատթեոս 24:19)։ Թեև ժամադրվելը մեղք չէ, բայց այն ուշացնում է մարդկանց կյանքի աճը և փրկության ու կատարելության նրանց հասնելը։ Մի՞թե սա վայ չէ։ Վերջին օրերում Տիրոջը դիմավորելու և Ամենակարող Աստծու գործն ընդունելու հնարավորությունը կյանքում մեկ անգամ է տրվում։ Եթե զուգընկեր գտնելու ջանքերի պատճառով մարդը տրամադրված չէ ձգտելու ճշմարտությանը կամ կատարելու իր պարտավորությունը և ի վերջո չի կարողանում ձեռք բերել ճշմարտությունը կամ հասնել փրկության, ապա կործանում է իր ապագան և գեղեցիկ նշանակության վայրը։ Սա վայ է։ Եթե գտնես, որ որոշ մարդիկ հասկանում են բոլոր ճշմարտությունները, բայց միշտ մտածում են զուգընկեր գտնելու մասին, դեռ կհաղորդակցվե՞ս ճշմարտության մասին նրանց հետ՝ նրանց օգնելու համար։ (Ոչ, չեմ օգնի. թույլ կտամ կայացնել իրենց սեփական որոշումը։) Ճիշտ է։ Եթե նման մարդիկ հասկանում են ամեն ինչ, բայց պարզապես չեն կիրառում ճշմարտությունը, ապա ոչ ոք չի կարող օգնել նրանց։