Ինչպես պետք է առաջնորդներն ու աշխատողները կատարեն եկեղեցու աշխատանքը (3)
Վերադաս եղբոր հաղորդակցությունը – 5-ը հունվարի, 2026թ. (Մաս 3)
Հարց 2․ Ինչպե՞ս պետք է զանազանեմ՝ Աստծուն ծառայում եմ Աստծու պահանջների, թե՞ իմ սեփական գաղափարների համաձայն։
Պատասխան․ Նոր հավատացյալներն իսկապես չեն կարող հստակ տեսնել այս հարցը։ Իսկ կրոնավոր մարդիկ կարո՞ղ են հստակ տեսնել այն։ (Ոչ։) Այնքա՜ն շատ կրոնավոր պաստորներ, երեցներ և աստվածաբաններ կան, որոնք չեն կարող հստակ տեսնել այս հարցը։ Նույնիսկ եթե հարյուր տարի հավատային Տիրոջը կրոնական աշխարհում, միևնույն է, չէին կարողանա հստակ տեսնել, թե ինչ է նշանակում ծառայել Աստծուն։ Ասացե՛ք ինձ, Պողոսը գիտե՞ր, թե ինչ է նշանակում ծառայել Աստծուն։ (Ոչ։) Ինչո՞ւ եք հենց այդպես ասում։ Նա Տեր Հիսուսին հավատում էր միայն խոսքով, բայց չէր տարածում և փորձառաբար չէր ապրում Տեր Հիսուսի խոսքերը։ Այն պահից, երբ սկսեց հավատալ Տիրոջը, մինչև իր նահատակությունը, երբեք չի տարածել Տեր Հիսուսի խոսքերը, և նրա թղթերում չի արձանագրվել Տեր Հիսուսի խոսքերի և ոչ մի հատված։ Հետևաբար, Պողոսը չգիտեր, թե ինչ է նշանակում ծառայել Աստծուն։ Ապա արդյո՞ք Նա, Ում Պողոսը ծառայում էր, իրականում Տեր Հիսուսն էր։ Նախկինում չէինք կարողանում հստակ տեսնել այս հարցը, բայց այժմ Ամենակարող Աստծու խոսքերի բացահայտման միջոցով, կարող ենք։ Նա ծառայում էր անորոշ Աստծու, այլ ոչ թե Տեր Հիսուսին։ Այսօր նույնպես կան բավականին շատ մարդիկ, որոնք միայն անվանապես են հավատում Ամենակարող Աստծուն, բայց իրենց սրտերում հավատում են իրենց պատկերացումների, այլ ոչ թե իրական Ամենակարող Աստծուն։ Իրական Ամենակարող Աստվածը մարմնացած Գործնական Աստվածն է։ Սա լիովին ճշմարիտ է։ Բացի բնականոն մարդկայնության արտաքին պատյանից՝ մարմնացած Աստվածն ամբողջապես աստվածային է։ Նրա ասած շատ խոսքեր և արած շատ գործեր գալիս են Սուրբ Հոգուց։ Սրա մեջ առեղծվածներ կան։ Թեև այն ամենը, ինչ Նա անում է Իր բնականոն մարդկայնության մեջ, թվում է սովորական ու բնականոն և բնականոն մարդկայնության դրսևորում է, այն ամբողջապես նախագծված ու կարգավորված է Աստծու կողմից, և դրա մեջ խոր իմաստ կա։ Բայց երբ մարդիկ տեսնում են, որ մարմնացած Աստվածը խոսում և գործում է, հաճախ զգում են, որ Նրա խոսքն ու գործողությունները չափազանց մարդկային, սովորական ու բնականոն են, ուստի հակված են պատկերացումներ ունենալու։ Ուրեմն, պատկերացումներ կունենայի՞ր Աստծու Հոգու արարքների վերաբերյալ։ (Մենք նույնպես կունենայինք, որովհետև չենք ճանաչում Աստծուն։) Ապա ասացե՛ք ինձ, արդյոք մարդիկ ավելի շատ պատկերացումներ ունենում են Աստծու Հոգու արարքների՞, թե՞ մարմնացած Աստծու արարքների վերաբերյալ։ (Մարմնացած Աստծու։) Սխալ է։ Իրականում դա նույնն է։ Աստծու Հոգու արարքներում ավելի շատ առեղծվածներ կան։ Աստծու մտքերն ավելի խորն են, քան մարդու մտքերը, և Աստծու ճանապարհներն ավելի խորն են, քան մարդու ճանապարհները։ Աստծու Հոգու արած բաները, որոնք անըմբռնելի են մարդու համար, շատ ավելին են, քան մարմնացած Աստծու արածները․ հարյուր անգամ, հազար անգամ, տասը հազար անգամ ավելի։ Հետևաբար, մարդիկ ավելի շատ պատկերացումներ ունեն Աստծու Հոգու արարքների վերաբերյալ։ Որոշ մարդիկ ասում են․ «Երբ Աստված մարմնանում է գործելու համար, մարդկանց համար ավելի հեշտ է պատկերացումներ ունենալ։ Մարմնացած Աստվածը խոսում և գործում է բնականոն ու գործնական կերպով։ Խոսելիս և գործելիս Նա ճիշտ սովորական մարդու տեսք ունի, և դա ամբողջապես բնականոն մարդկայնության դրսևորումներն են։ Պարզապես անհնար է տեսնել, թե ինչպես է աստվածայնությունը գործում։ Ինչպե՞ս կարող էին մարդիկ պատկերացումներ չունենալ։ Ինչպե՞ս կարող է Աստված ճիշտ մարդու պես խոսել։ Սա անհնար է դարձնում, որ մենք հավատանք, թե Նա Աստված է»։ Հետևաբար, մարդիկ զգում են, որ գործելու համար Աստծու մարմնանալն ավելի է հեշտացնում պատկերացումներ ունենալը, քան Աստծու Հոգու գործելը։ Մի՞թե սրանք մարդու պատկերացումներն ու երևակայությունները չեն։ Սատանան և տարբեր չար ոգիներ ի սկզբանե երրորդ երկնքում էին, ուստի ասացե՛ք ինձ, արդյոք ունեի՞ն պատկերացումներ Աստծու վերաբերյալ։ (Այո։) Աստծու կողմից ցած նետվեցին օդային տիրույթ ճիշտ այն պատճառով, որ չափազանց շատ պատկերացումներ ունեին Աստծու վերաբերյալ։ Սատանան և նրան հետևող հրեշտակները բոլորն էլ չար ոգիներ են։ Այն գիտելիքն ու ներըմբռնումը, որ ունեն, շատ ավելի մեծ են, քան մերը, որ մահկանացու մսեղիից ենք։ Այդուհանդերձ, նույնիսկ նրանք չեն կարողանում ըմբռնել Աստծուն։ Շատ լուրջ պատկերացումներ ունեն Աստծու վերաբերյալ, և Աստծու հանդեպ նրանց դիմակայությունը նույնպես կատաղի է։ Հետևաբար, եթե մի օր մարդիկ տեսնեին Աստծու Հոգու գործելը, նույնիսկ եթե տեսնեին Աստծուն երրորդ երկնքում գործելիս, միևնույն է, ի վիճակի չէին լինի ըմբռնել դա և պատկերացումներ կունենային։ Գուցե նույնիսկ դիմակայեին Աստծուն ճիշտ չար ոգիների և Սատանայի պես։ Մի՞թե դա այդպես չէ։ (Այդպես է։) Ուրեմն, անկախ նրանից, թե Աստված ինչ է ասում կամ անում, մարդիկ իրենց պատկերացումներում և երևակայություններում մշտապես մտածում են․ «Ես պետք է կարողանամ ըմբռնել և լիովին հասկանալ այն բաները, որ Աստված անում է, և այն խոսքերը, որ Նա ասում է, նախքան կճանաչեմ Նրան որպես Աստված ու կընդունեմ Նրա արարքներն ու խոսքերը։ Եթե չկարողանամ ըմբռնել կամ հասկանալ այս բաները, չեմ կարող ընդունել դրանք կամ հնազանդվել, և կմերժեմ դրանք։ Չեմ ճանաչի, որ Նա Աստված է»։ Այս տեսակետը ճի՞շտ է։ (Ոչ։) Ինչո՞ւ ոչ։ (Այս տեսակետն ունեցող մարդիկ զուրկ են ողջամտությունից և չեն կանգնում արարածի դիրքում։) Եթե մարդիկ նման մտքեր ունեն, ապա խնդիրներ կունենան և չեն կարողանա ընդունել ճշմարտությունը կամ հնազանդվել Աստծուն։ Հետևաբար, Աստծու վերջին օրերի գործի նպատակներից մեկն այն է, որ անկախ նրանից, թե որքան շատ բան գիտես Աստծու մասին, պետք է զբաղեցնես քո պատշաճ տեղը՝ որպես արարած։ Պետք է հնազանդվես այն ամենին, ինչ անում է Արարիչը, և ինչը դու հասկանում և ըմբռնում ես։ Ինչ վերաբերում է այն բաներին, որոնք չես հասկանում կամ ըմբռնում, նույնիսկ նրանց, որոնք ամենաքիչն են համապատասխանում պատկերացումներիդ, նույնպես պետք է սովորես հնազանդվել։ Ուստի ինչպե՞ս կարելի է դրան հասնել։ Ինչպե՞ս կարող ես հնազանդության հասնել այն հարցերում, որոնք չես հասկանում։ Սա պահանջում է, որ մարդիկ հասկանան ճշմարտությունը և սկսեն երկյուղել Աստծուց և խուսափել չարից։ Հենց որ մարդն ունենա աստվածավախ սիրտ, նույնիսկ եթե չըմբռնի կամ չհասկանա այն, ինչ Աստված անում է, դեռ կկարողանա հնազանդվել։ Երբ մարդիկ հասկանում են ճշմարտությունը և կարող են երկյուղել Աստծուց, նշանակում է, որ նրանց հոգևոր կյանքն աճել է։ Այս հոգևոր կյանքը և՛ սիրում, և՛ երկյուղում է Աստծուց։ Հետևաբար, մարդիկ, որոնք տիրապետում են այս հոգևոր կյանքին, բոլորն ունեն աստվածավախ և աստվածասեր սիրտ։ Սա ճշմարիտ է։ Եթե մարդն ունի Աստծուն սիրող և Նրանից երկյուղող սիրտ, չարիք չի գործի և չի դիմակայի Աստծուն։ Ապա աստվածավախ սիրտ չունեցող մարդիկ ամենից շատ ո՞ր սխալն են հակված գործելու։ Նրանք ներքուստ մշտապես ապրում են իրենց ապականված խառնվածքներով։ Երբ բախվում են այնպիսի իրողությունների, որոնք չեն համապատասխանում իրենց պատկերացումներին, չեն կարողանում ընդունել կամ հնազանդվել դրանց։ Ասում են․ «Սա բոլորովին չի համապատասխանում իմ պատկերացումներին։ Չեմ կարողանում ըմբռնել այն և ուստի չեմ ընդունի ու չեմ հնազանդվի»։ Մի՞թե սա սատանայական խառնվածք չէ։ (Այդպես է։) Սա Սատանայի ամբարտավան խառնվածք է։ Այս ամբարտավան խառնվածքը կարող է քեզ դարձնել ամբարտավան և ինքնարդար, այնպես, որ հրաժարվես զիջել որևէ մեկին։ Այն դրդում է քեզ դիմակայել ու դավաճանել Աստծուն, և ի վերջո կկործանի քեզ։ Անթիվ մարդիկ են ձախողվել սրա պատճառով։ Հետևաբար, Աստծո կողմից մարդկանցից մշտապես պահանջվող ինքնաճանաչման պատճառն այն է, որ միայն իրենց իսկապես ճանաչելով մարդիկ կարող են հասնել խառնվածքի փոփոխության։ Խառնվածքի փոփոխության հասնելու միակ ճանապարհն ինքն իրեն ճանաչելն է։
Ինչ՞ աստիճանի պետք է մարդիկ ճանաչեն իրենց, որպեսզի համարվեն Աստծու պահանջները բավարարած և երաշխավորվի, որ ոչ մի հանգամանքում չեն դիմակայի Աստծուն։ Ի՞նչ են ասում Աստծու խոսքերն այս մասին։ Աստված ասում է. «Աստծու գործը կավարտվի, երբ մարդիկ իրենց որպես դժոխքի որդիներ տեսնեն» (Խոսքը, հ. 1, Աստծու հայտնվելը և գործը։ «Աստծու խոսքերը ողջ տիեզերքին» գլխի խորհուրդների բացահայտումը, գլուխ 30)։ Սա ամենախոր ճշմարտություններից մեկն է։ Ինքն իրեն ճանաչելը և Աստծուն ճանաչելն ամենախոր ճշմարտություններն են։ Երբ մարդիկ գիտակցեն, որ դժոխքի որդիներ են, կերկյուղեն Աստծուց, կհնազանդվեն և այլևս չեն դիմակայի Նրան։ Աստված նաև բացահայտեց մարդկության էությունը, երբ ասաց. «Մարդիկ ոչ այլ ինչ են, եթե ոչ Իմ թշնամիները։ Մարդիկ են այն չար արարածները, որոնք հակառակվում և ապստամբում են Իմ դեմ։ Մարդիկ ոչ այլ ինչ են, եթե ոչ Իմ կողմից անիծված չարի ժառանգները» (Խոսքը, հ. 1, Աստծու հայտնվելը և գործը։ Ինչ է նշանակում իսկական մարդ լինելը)։ Կարո՞ղ են արդյոք մարդիկ ըմբռնել Աստծու այս խոսքերում արտահայտված մերկացումը։ Եթե լիովին ըմբռնես այս խոսքերը և կարողանաս ընդունել, որ Սատանայի հետնորդն ես, որ դև ես և Սատանա ես, ապա ճանաչել ես քեզ՝ որպես դժոխքի որդի։ Ուստի արդյոք համարձակվո՞ւմ եք ընդունել, որ Սատանայի հետնորդներ եք, որ դևեր եք և Սատանաներ եք։ (Այո։) Եթե իսկապես այսչափ ճանաչես քեզ, կիմանաս, թե իրականում ինչ է մարդը, և կկարողանաս ի սրտե ընդունել, որ դև ես և Սատանա ես։ Այդ ժամանակ կկարողանաս լիովին անձնատուր լինել Աստծու ներդաշնակեցումներին, և նույնիսկ եթե մեռնես թագավորություն մտնելուց մեկ օր առաջ, միևնույն է, կկարողանաս հնազանդվել և փառաբանել Աստծուն։ Կկարողանաս հնազանդվել՝ անկախ նրանից, թե ինչպես կմեռնես։ Ես նախկինում ասել եմ սա. «Երբ գրեթե ավարտած լինեմ այն գործը, որն Աստված հանձնարարել է ինձ, կհնազանդվեմ այն մահվանը, որն Աստված որոշել է ինձ համար։ Սա Աստծու արդարությունն է։ Բայց եթե մեռնեմ նախքան Աստծու հանձնարարությունը կատարելը, կլցվեմ ափսոսանքով և կզգամ, որ հուսախաբ եմ արել Աստծուն»։ Այս պահի դրությամբ գրեթե ավարտել եմ Աստծու հանձնարարությունը։ Երբ մի փոքր ավելի ջրեմ Աստծու ընտրյալ մարդկանց տարբեր երկրներում՝ հնարավորություն տալով նրանց հասկանալու ճշմարտությունը և մտնելու ճշմարտության իրականության մեջ, կնշանակի, որ ավարտել եմ Աստծու հանձնարարությունը։ Այդ ժամանակ Աստված կարող է թույլ տալ ինձ մեռնել այնպես, ինչպես Ինքը հարմար կգտնի։ Սա իմ հասկացողությունն է։ Հետևաբար, երբ մարդիկ իսկապես գիտակցեն, որ դժոխքի որդիներ են, այլևս շռայլ ցանկություններ չեն ունենա Աստծու հանդեպ։ Արդյոք դեռ կցանկանա՞ն մտնել երկնքի թագավորություն և որպես թագավորներ իշխել ու իշխանություն բանեցնել Աստծու հետ։ (Ոչ։) Երբ մարդիկ իսկապես ճանաչում են իրենց, զգում են, որ արժանի չեն մտնելու երկնքի թագավորություն, և այլևս ոչ մի պահանջ չեն ունենում իրենց ելքի ու վերջնական հանգրվանի վերաբերյալ։ Ինչո՞ւ է այսպես։ (Որովհետև իսկապես ճանաչում են իրենց և տեսել են իրենց էությունը։) Սա ինքնաճանաչման միջոցով ձեռք բերված արդյունքն է։ Երբ նոր էի սկսել հավատալ Տիրոջը, ինչ-որ մեկն ինձ հարցրեց. «Դու հավատում ես Տիրոջը։ Ասա՛ ինձ, ի՞նչ է դևը»։ Հիմնվելով Աստվածաշնչի խոսքերի վրա՝ ասացի. «Դևերը չար ոգիներն են»։ Բայց պատասխանեց. «Մարդը դև է»։ Երբ լսեցի սա, մտածեցի, որ դա այնքան գործնական է։ Ես չէի գիտակցել սա, բայց Սուրբ Հոգին օգտագործեց մի մարդու՝ ինձ այս փաստը հասկացնելու համար։ Այսքան տարիներ Աստծուն հավատալուց և որոշ ճշմարտություններ հասկանալուց հետո ավելի հստակ եմ տեսնում այս հարցը։ Այն պնդումը, որ «Մարդը դև է», այնքան գործնական է։ Մենք պետք է ճանաչենք մեզ այս աստիճանի։ Միայն երբ իսկապես ընդունենք, որ դևեր ենք, կկարողանանք ազատվել մեր ապականված խառնվածքներից և մաքրագործվել։ Որոշ մարդիկ ասում են. «Աստված արտահայտում է ճշմարտությունը և անում է փրկության գործը՝ մեզ հնարավորություն տալու ճանաչել մեզ և ազատվել մեր ապականված խառնվածքներից։ Արդյո՞ք դա նշանակում է, որ ազատվել ենք դժոխքից։ Արդյո՞ք սա նշանակում է, որ ձեռք ենք բերել հավերժական կյանքը, որն Աստված խոստացել է մեզ»։ Այդ դեպքում, արդյո՞ք մարդիկ պետք է ձգտեն հավերժական կյանքի՝ Աստծու հանդեպ իրենց հավատքի մեջ։ (Այո։) Արդյոք հակասություն կա՞ մարդկանց ինքնաճանաչման հնարավորություն տվող Աստծու գործի և մարդկանց՝ դժոխքից ազատվելու ու հավերժական կյանք ձեռք բերելու ձգտման միջև։ (Չկա։ Եթե մարդիկ ուզում են ազատվել դժոխքից և ձեռք բերել հավերժական կյանք, պետք է նախ իսկապես ճանաչեն իրենց։) Որոշ մարդիկ գուցե ասեն. «Դուք ճանաչում եք ձեզ՝ որպես դևեր և Սատանաներ, ուստի եթե ես նույնպես ասեմ, որ դև եմ և Սատանա եմ, արդյո՞ք չեմ ճանաչել ինքս ինձ։ Արդյո՞ք չեմ կարող այս դեպքում ձեռք բերել հավերժական կյանք»։ Եթե ուրիշները ճանաչում են իրենց՝ որպես դևեր և Սատանաներ և պարզապես հետևում են օրինակին, արդյո՞ք սա ճշմարիտ գիտություն է։ (Ոչ։) Մի՞թե սա նմանակում չէ։ Այս խոսքերն ասելիս ուրիշներին ընդօրինակելն անօգուտ է և չի համարվում ինքն իրեն իսկապես ճանաչել։ Ուստի ինչպե՞ս կարող է մարդն իսկապես ճանաչել իրեն՝ որպես դև, որպես Սատանա և որպես դժոխքի որդի։ (Ինքն իրեն ճանաչելով Աստծու դատաստանի և հանդիմանության խոսքերի միջոցով, ինչպես նաև փաստերի մերկացման միջոցով։) Սա պահանջում է, որ մարդը ձգտի ճշմարտությանը։ Ճշմարտությանը ձգտելով, երբ ավելի շատ ճշմարտություններ հասկանաս, ի վիճակի կլինես լիովին ըմբռնելու քո ապականված խառնվածքը և ապականված էությունը։ Երբ լիովին ըմբռնես ինքդ քեզ, կզգաս, որ արժանի չես երկնքի թագավորություն մտնելուն, արժանի չես Աստծու պարգևած օրհնությունները ստանալուն և արժանի չես Աստծու այսքա՜ն շատ սերն ստանալուն։ Աստծու տանը կա մի օրհներգ, որը կոչվում է «Աստվա՛ծ, ես անարժան եմ Քո սիրուն»։ Այս երգը համեմատաբար շատ դիտումներ ունի։ Ինչո՞ւ է այդպես։ Որովհետև, երբ մարդիկ տեսնում են վերնագիրը, մտածում են․ «Ինչո՞ւ են ասում, որ արժանի չեն Աստծու սիրուն։ Ո՞վ կարող է այսքան խոնարհ լինել»։ Ուստի ուզում են լսել։ Արդյունքում, աստիճանաբար ավելի շատ մարդիկ են լսում այն, և որքան շատ են լսում, այնքան ավելի են զգում՝ «Ինչպե՞ս կարող են այն խոսքերը, թե «մարդն արժանի չէ Աստծու սիրուն», այսքան գործնական լինել։ Ինչպե՞ս հասկացան այս բաները։ Սրանք պարզապես հենց այնպես ասված լավ հնչող խոսքեր չեն։ Առանց ճշմարիտ ճանաչողության ոչ ոք չէր կարող ասել այս բաները»։ Յուրաքանչյուր ոք, ով լսում է այս երգը, այսպես է զգում և երգը համարում է գործնական, որովհետև դրանք ի սրտե խոսքեր են՝ ասված մեկի կողմից, ով իսկապես ճանաչում է իրեն։ Հետևաբար, ինքն իրեն ճանաչելը չափազանց վճռորոշ է։ Ժամանակը սպառվում է, և մարդիկ պետք է շտապեն ձգտել ճշմարտությանը և հասնել ճշմարիտ ինքնաճանաչողության։ Եթե մարդը բավականաչափ խորությամբ չի ճանաչում իրեն, ապա չի կարող ազատվել իր ապականված խառնվածքից։ Այդ դեպքում մարդը կարող է դեռ ապստամբել Աստծու դեմ, դիմակայել Նրան, և դեռևս շռայլ ցանկություններ ու անհիմն պահանջներ ունենալ Աստծու հանդեպ, ինչի պատճառով մեծ վտանգ կա, որ դուրս կթողնվի։ Եթե մարդիկ հասկանան ճշմարտությունը և իսկապես ճանաչեն իրենց, ողջամտություն կունենան և ոչ մի պահանջ չեն ունենա Աստծուց։ Կգիտակցեն, որ արժանի չեն վայելելու Աստծու սերն ու շնորհը, և որ միայն պիտանի են հնազանդ կերպով լինելու Աստծու ստրուկները և մատուցելու իրենց ծառայությունը։ Նույնիսկ պատրաստ կլինեն զոհել իրենց կյանքը։ Կզգան՝ «Թեև մարդու կյանքն ու սերն անարժեք են Աստծու աչքերում, սա միակ արժեքավոր բանն է, որ ունենք, ուստի պետք է շտապենք և այն մատուցենք Աստծուն։ Սա այն ողջամտությունն է, որը մենք՝ որպես արարածներ, պետք է ունենանք»։ Երբ մարդիկ իսկապես ճանաչում են իրենց, կարող են նման խոսքեր ասել։ Աստծու խոսքերը նշում են Պետրոսի աղոթքը. «Աստվա՛ծ, ես ոչինչ չունեմ, բացի այս կյանքից։ Թեպետ այն Քեզ համար այնքան էլ արժեքավոր չէ, ես ցանկանում եմ այն նվիրել Քեզ։ Թեպետ մարդիկ արժանի չեն սիրելու Քեզ, և նրանց սերն ու սրտերն անարժեք են, ես հավատում եմ՝ Դու գիտես մարդկանց մտադրությունները։ Եվ թեև մարդկանց մսեղին չի ընդունվում Քո կողմից, ես ցանկանում եմ, որ Դու ընդունես իմ սիրտը» (Խոսքը, հ. 1, Աստծու հայտնվելը և գործը։ Ինչպես Պետրոսը ճանաչեց Հիսուսին)։ Այն, որ Պետրոսը կարողացավ նման արժեքավոր խոսքեր ասել, ինքնաճանաչողության արդյունքն է։ Նա կարողացավ ասել սա միայն այն բանից հետո, երբ հասկացավ շատ ճշմարտություններ, շարունակ ճանաչեց իրեն այն աստիճան, որ հստակ հասկացավ իր բնական էությունը և հասավ Աստծու հանդեպ բացարձակ հնազանդության։ Մարդիկ չեն կարող ասել այս ամենը՝ առանց փորձառության որոշակի շեմի հասնելու։ Թեև Հոբը նույնպես ասաց նման մի բան, բայց չխոսեց այս հարցի մասին այնքան հանգամանորեն, որքան Պետրոսը։ Պետրոսը կարող էր ասել այնպիսի արժեքավոր խոսքեր, ինչպիսիք են՝ «սիրտս և կյանքս Աստծուն նվիրելը»։ Ասացե՛ք ինձ, քանի՞ մարդ կարող է իր սիրտն ու կյանքը նվիրել Աստծուն։ Նրանք, ովքեր չեն ճանաչում իրենց, չեն կարող։ Նույնիսկ եթե քարոզես նրանց երեք օր և երեք գիշեր, նրանք, ովքեր չեն ճանաչում իրենց, միևնույն է, ի վիճակի չեն դա անելու։ Ինչո՞ւ է այսպես։ Որովհետև չեն ճանաչում իրենց։ Չգիտեն իրենց սեփական չափը, ոչ էլ գիտեն, թե իրականում ինչ է իրենց էությունը, ուստի չեն կարող ասել այս ամենը։ Եթե այս ամենն ասես նոր հավատացյալներին, նրանք հակված են սայթաքելու, որովհետև չեն կարող ըմբռնել դրանք։ Սրա պատճառն այն է, որ այս հարցը կյանքի ամենախոր ճանապարհն է, և ինքնաճանաչողությունն ի վերջո պետք է հանգեցնի այս արդյունքին։ Երբ մարդիկ ճանաչում են իրենց այս աստիճանի, վերադառնում են իրենց պատշաճ տեղը։ Գիտակցում են, որ ընդամենը փոքրիկ արարածներ են և ուրիշ ոչինչ, և որ անարժեք են Աստծու աչքերում։ Այս կետում մարդիկ ձեռք են բերում ողջամտություն և կարող են հնազանդվել Արարչին մարդկային դիրքից։ Կարող են մինչև վերջ հասնել անվերապահ հնազանդության՝ անկախ նրանից, թե ինչպես է Արարիչը ներդաշնակեցնում և կարգավորում հարցերը, և անկախ նրանից, թե Արարչի արարքները որքան քիչ են համապատասխանում մարդկային պատկերացումներին։ Նույնիսկ եթե Աստված պահանջեր, որ մեռնեն, ի վիճակի կլինեին լիակատար հնազանդության։ Ասացե՛ք ինձ, եթե Աստված Պետրոսին դժոխք ուղարկեր, արդյո՞ք կփառաբաներ Աստծուն։ (Այո։) Այդ դեպքում ինչի՞ վրա հիմնված կլիներ նրա կողմից Աստծուն փառաբանելը։ Արդյո՞ք Աստծուն նրա փառաբանելը կլիներ իր կամքին հակառակ։ (Ոչ։) Դա կլիներ ճշմարիտ փառաբանություն իր սրտի խորքից։ Այսպիսով, ինքն իրեն իսկապես ճանաչելու միջոցով ձեռք բերված արդյունքը հիրավի հսկայական է։ Մարդիկ, ովքեր չեն ճանաչում իրենց, չեն կարող իրապես փառաբանել Աստծուն, ոչ էլ կարող են իրապես հնազանդվել Աստծուն։ Եթե մարդիկ չեն ճանաչում իրենց, այն խառնվածքը, որը դրսևորում են, դա ամբարտավանություն և ինքնահավանություն է, առանց չնչին իսկ ողջամտության։ Այդպիսի մարդիկ ամենաանողջամիտ և ամբարտավան մարդիկ են։ Կենդանի դևեր ու Սատանաներ են։ Մի՞թե սա ճիշտ չէ։ (Այդպես է։) Եթե մարդը, որքան էլ խոսի, պարզապես չի խոսում ինքնաճանաչողության մասին, և չի բացվում ու հաղորդակցվում այն մասին, թե ինչպես է դրսևորում ապականություն, թե ինչ ապականված խառնուրդներ, մտադրություններ ու ցանկություններ կան իր խոսքերում ու գործերում, կամ ինչ խոտորություն ու նենգություն ունի և այլն, եթե ընդհանրապես չի խոսում իր այս ապականված խառնվածքների մասին, և փոխարենը քողարկում ու թաքցնում է դրանք, ասես պաշտպանում է իր անձնական կյանքը՝ թույլ չտալով որևէ մեկին իմանալ դա, կարո՞ղ է արդյոք այդպիսի մարդը ձեռք բերել ճշմարտությունը։ (Ոչ։) Նման մարդիկ երբեք բացեիբաց չեն խոսում իրենց ապականության դրսևորումների, մտադրությունների կամ խառնուրդների մասին։ Եթե դառնան առաջնորդողներ կամ աշխատողներ, արդյո՞ք կարող են Աստծու ընտրյալ մարդկանց բերել Աստծու առաջ։ (Ոչ, նրանք մարդկանց կբերեն իրե՛նց առաջ։) Ապա արդյո՞ք նման մարդիկ Պողոսի տեսակից են։ (Այո։) Պողոսի տեսակի մարդիկ հակաքրիստոսներ են։ Հակաքրիստոսները երբեք չեն ճանաչում իրենց։ Ապա կարո՞ղ ենք ասել, որ բոլոր նրանք, ովքեր չեն ճանաչում իրենց, հակաքրիստոսներ են, նույն հին Սատանաներն ու դևերը, և որ մնում են լիովին անփոփոխ։ (Այո։) Նախկինում ասել եմ, որ հակաքրիստոսին զանազանելու ամենապարզ միջոցը տեսնելն է, թե արդյոք նա ճանաչում է իրեն։ Եթե երբեք չի խոսում ինքն իրեն ճանաչելու մասին և փոխարենը միայն բառեր ու վարդապետություններ է խոսում՝ ինքն իրեն բարձրացնելու ու ցուցադրվելու համար՝ բերելով մարդկանց իր առաջ, ապա հարյուր տոկոսով հակաքրիստոս է։ Սա հակաքրիստոսներին զանազանելու ամենաճշգրիտ մեթոդն է։ Մարդուն որպես կեղծ առաջնորդող զանազանելը նույնպես հիմնված է այն բանի վրա, թե արդյոք նա ճանաչում է իրեն։ Եթե երբեք չի խոսում ինքնաճանաչողության մասին և չի կարողանում իրական աշխատանք կատարել, ապա կեղծ առաջնորդող է, փարիսեցի։ Հակաքրիստոսներին և կեղծ առաջնորդողներին կարելի է զանազանել՝ հիմնվելով նրա վրա, թե արդյոք ճանաչում են իրենց։ Կարո՞ղ եք հիմա զանազանել այս մարդկանց։ (Այո։) Այս Ամանորի էստրադային ցուցադրության վերաբերյալ զեկույցում հարցազրույց վերցրին մի քանի եղբայրներից ու քույրերից։ Նրանցից ոմանք ասացին բաներ, որոնք շատ գործնական էին և ի սրտե։ Ասում եմ, որ այս եղբայրներն ու քույրերը բավականին լավն են։ Կարողանում են լինել պարզ ու բաց, և ի սրտե խոսում ու պատմում են իրենց իսկ ապականության դրսևորումների մասին։ Այսպիսով նրանք կարող են ստանալ Աստծու օրհնությունները և մտնել ճշմարտության իրականության մեջ։ Սակայն, որոշ մարդիկ միայն վարդապետություններ ու կարգախոսներ էին ասում։ Այն, ինչ ասում էին, հնչում էր գեղեցիկ, վեհ և տպավորիչ, բայց իրականում ընդհանրապես չխոսեցին ինքնաճանաչողության մասին, ոչ էլ խոսեցին իրենց թուլությունների ու ապականության մասին։ Նման մարդիկ կեղծավորներ են և ի վերջո գուցե քայլեն հակաքրիստոսի ճանապարհով։ Հետևաբար, մարդու ասած խոսքերից կարելի է տեսնել, թե ինչպիսի մարդ է նա։ Բայց ամեն դեպքում, այս ծրագրի նկարահանման միջոցով մարդիկ անձամբ փորձառաբար ապրել են Սուրբ Հոգու գործը։ Սա լավ է նոր հավատացյալների համար, և դա կյանքի մուտքի սկիզբն է։ Որոշ մարդիկ սկսել են փորձառաբար ապրել Աստծու գործը այս միջոցով և սկսել են աղոթել Աստծուն ու խոսել ի սրտե։ Այս եղբայրների ու քույրերի փորձառությունները թանկարժեք են։ Եթե կարողանան շարունակել ձգտել ճշմարտությանը և այս կերպ փորձառաբար ապրել Աստծու գործը, մեծ հույս կունենան հասնելու փրկության։ Նրանք, ովքեր ընդհանրապես չեն խոսում ինքն իրենց ճանաչելու մասին, ընդհանրապես չեն բացվում իրենց ապականության դրսևորումների մասին, և միշտ իրենց դնում են պատվանդանի վրա՝ որպես առաջնորդող կամ աշխատող՝ կարծելով, թե իրենք բավականին լավն են և ավելի բարձր են, քան որևէ այլ մեկը, խնդիրներ ունեն։ Իսկական փարիսեցիներ են և քայլում են փարիսեցիների ձախողման ճանապարհով։ Նման մարդիկ ի վերջո միայն կանիծվեն ու կպատժվեն Աստծու կողմից, ինչպես փարիսեցիները։ Ճիշտ ինչպես Տեր Հիսուսն ասաց․ «Ով բարձրացնում է իր անձը, կխոնարհվի, և ով խոնարհեցնում է իր անձը, կբարձրացվի» (Մատթեոս 23:12)։ Սա Աստծու խոսքն է, որը վաղուց սահմանվել է Աստծու կողմից։