Ինչպես պետք է առաջնորդներն ու աշխատողները կատարեն եկեղեցու աշխատանքը (3)
Վերադաս եղբոր հաղորդակցությունը – 5-ը հունվարի, 2026թ. (Մաս 2)
Այժմ ունե՞ս ուղի, որով կարող ես լավ կատարել եկեղեցին ջրելու հիմնական աշխատանքը։ Նախ, պետք է պատշաճ կերպով փորձառաբար ապրես Աստծու գործը։ Երբ Աստծու գործը փորձառաբար ապրես այն աստիճան, որ Աստծու մասին ունենաս ճշմարիտ գիտելիք և ճանաչես նաև քո ապականված խառնվածքն ու բնական էությունը, քեզ համար հեշտ կլինի Աստծու ընտրյալ մարդկանց առաջնորդել դեպի ճշմարտության իրականությունը։ Եթե մարդն ընդհանրապես փորձառաբար չի ապրել Աստծու գործը, այսինքն երբեք փորձառաբար չի ապրել Աստծու խոսքերի դատաստանն ու հանդիմանությունը, ոչ էլ էտվել է, կարո՞ղ է արդյոք նման մարդը գործել որպես առաջնորդող՝ Աստծու ընտրյալ մարդկանց ճշմարտության իրականության մեջ բերելու համար։ (Ոչ, որովհետև նա կյանքի փորձառություն չունի։) Ի՞նչ է նշանակում կյանքի փորձառություն։ (Սա վերաբերում է այն գործընթացին, որով մարդը հասնում է իր ապականված խառնվածքի ճշմարիտ փոփոխությանը՝ փորձառաբար ապրելով Աստծու խոսքերի դատաստանն ու հանդիմանությունը։ Սա է կյանքի փորձառությունը։) Կյանքի փորձառությունն այն է, երբ մարդը, փորձառաբար ապրելով Աստծու գործը և հասկանալով ճշմարտությունը, ձեռք է բերում ճշմարիտ գիտելիք իր ապականված խառնվածքի և բնական էության մասին, ձեռք է բերում ճշմարիտ գիտելիք Աստծու մասին և ի վերջո ի վիճակի է լինում ազատվել իր ապականված խառնվածքից, կիրառել ճշմարտությունը, հնազանդվել Աստծուն, ստանձնել Աստծու հանձնարարությունը և հնչեղ վկայություն կրել Աստծու համար։ Երբ մարդը փորձառաբար ապրում է Աստծու գործը և հասնում նման արդյունքների, այսպիսով նա ձեռք է բերել կյանքի փորձառություն և լիովին մտել ճշմարտության իրականության մեջ։ Երբ մարդը կարողանում է մտնել ճշմարտության իրականության մեջ, նրա հոգևոր կյանքը կարող է աճել։ Կարող ես ճանաչել Աստծուն, երկյուղել Աստծուց, հնազանդվել Աստծուն և երկրպագել Աստծուն․ դու դարձել ես այդպիսի մարդ։ Սրանք բոլորն այն արդյունքներ են, որոնք ձեռք են բերվում Աստծու խոսքերի դատաստանն ու հանդիմանությունը փորձառաբար ապրելու միջոցով։ Առանց նման կյանքի փորձառության այս արդյունքներին հնարավոր չէ հասնել։ Ասա՛ ինձ, կարո՞ղ է արդյոք այն մարդը, որն ընդհանրապես չի ճանաչում ինքն իրեն, կյանքով արտահայտել ճշմարտության իրականությունը։ (Ոչ։) Արդյոք այն մարդը, որն ընդհանրապես չի ճանաչում ինքն իրեն, ունի՞ կյանքի փորձառություն։ (Ոչ։) Սակայն կան շատ մարդիկ, որոնք, չնայած կարողանում են շատ լավ խոսել հոգևոր տեսությունների մասին և բառային մակարդակով միանգամայն ճիշտ են թվում, ունեն մի լուրջ խնդիր. նրանք ընդհանրապես չեն խոսում ինքնաճանաչողության մասին։ Ընդհանրապես չեն խոսում իրենց ունեցած ապականված խառնվածքների, իրենց ներսում առկա ըմբոստության, իրենց ունեցած նողկալի մտադրությունների ու նպատակների կամ Աստծու դեմ իրենց կողմից արվող ըմբոստ արարքների մասին։ Ընդհանրապես չեն խոսում այս մասին, փոխարենը, որպես գաղտնիք, թաքցնում են դրանք իրենց սրտերում և ոչ ոքի առաջ չեն անկեղծանում։ Ասա՛ ինձ, եթե նման մարդն առաջնորդող դառնա և ամեն օր քարոզի կրոնական պաստորի պես՝ լի բառերով և վարդապետություններով, ի՞նչ հետևանքներ կունենա սա։ Կկարողանա՞ արդյոք նա մարդկանց բերել Աստծու առաջ։ (Ոչ, նա մարդկանց կբերի իր առաջ։) Նա մարդկանց բերում է իր առաջ, և այս առումով ճիշտ Պողոսի նման է։ Պողոսն իր առաջ բերեց նրանց, ովքեր հավատում էին Տեր Հիսուսին։ Նա երբեք չմեծարեց կամ չվկայեց Տեր Հիսուսի մասին, առավել ևս չտարածեց Տեր Հիսուսի խոսքերը կամ չվկայեց դրանց մասին։ Փոխարենը նա անընդհատ պարծենում էր և վկայում իր մասին, որպեսզի մարդիկ ակնածանքով նայեն և երկրպագեն իրեն՝ ապարդյուն հույս ունենալով մարդկանց սրտերում զբաղեցնել Տեր Հիսուսի տեղը։ Նա նույնիսկ ասաց. «Արդարև, ինձ համար կյանքը Քրիստոսն է, և մեռնելը՝ շահ» (Փիլիպեցիներին 1:21)։ Սրանով նա նկատի ուներ. «Տեր Հիսուսը, որին դուք հավատում եք, համբարձվել է երկինք, և հիմա երկրի վրա քարոզողն ու գործողը ես եմ՝ Պողոսս։ Բավական է, որ դուք հավատաք ինձ»։ Մի՞թե սա այն չէր, ինչ նկատի ուներ Պողոսը։ (Այդպես է։) Սա հանգեցրեց այն բանին, որ մարդիկ ակնածանքով նայեցին և երկրպագեցին նրան, և նա մարդկանց բերեց ոչ թե Աստծու, այլ իր առաջ։ Սա է հակաքրիստոսի կողմից մարդկանց առաջնորդելու հետևանքը։ Ուրեմն ո՞րն է այն հիմնական ապացույցը, որը վկայում է, որ Պողոսը հակաքրիստոս էր։ (Նա միայն վկայում էր իր մասին և երբեք չէր մեծարում Աստծուն կամ վկայում Նրա մասին։) Ի՞նչ կոնկրետ փաստով է հիմնավորվում այն, որ Պողոսը միայն վկայում էր իր, այլ ոչ թե Աստծու մասին։ (Նա երբեք չտարածեց Տեր Հիսուսի խոսքերը կամ չվկայեց դրանց մասին։) Թեև Պողոսը հավատում էր Տեր Հիսուսին, նա իր թղթերում տարածե՞ց Տեր Հիսուսի ասած գեթ մեկ խոսք։ (Ոչ։) Նա միայն հռչակեց «Տեր Հիսուս» անունը՝ «Տեր Հիսուս» երկու բառը, բայց երբեք չտարածեց Տեր Հիսուսի ասած խոսքերը։ Ուրեմն, Նոր Կտակարանի գրառումներում ո՞ր առաքյալները տարածեցին Տեր Հիսուսի խոսքերը։ Չորս Ավետարանների հեղինակները և Պետրոսը արեցին դա։ Ինչ վերաբերում է մյուս առաքյալների խոսքերին, քանի որ դրանք գրված չեն Աստվածաշնչում, մեզ հայտնի չէ։ Մինչդեռ Աստվածաշունչն արձանագրում է Պողոսի կողմից եկեղեցիներին գրված այնքան շատ թղթեր, սակայն դրանցում չկա գեթ մեկ նախադասություն, որը տարածի Տեր Հիսուսի ասած խոսքերը։ Պողոսը երբեք չի ասել. «Տեր Հիսուսը մի անգամ ասաց այսինչ բանը, և մենք պետք է ընդունենք Տեր Հիսուսի ասած այս խոսքերը մեր սրտերում և ուշադիր խորհենք դրանց շուրջ, որպեսզի դրանցից իմանանք, որ Տեր Հիսուսը միակ ճշմարիտ Աստվածն է»։ Պողոսի թղթերում նման բան չկա։ Նույնիսկ եթե Պողոսի թղթերը կարդաս տասնյակ կամ հարյուրավոր անգամներ, չես գտնի, որ նա տարածած լինի Տեր Հիսուսի ասած գեթ մեկ խոսք կամ վկայած լինի դրա մասին, առավել ևս մեջբերած լինի Տեր Հիսուսի ասած գեթ մեկ խոսք։ Ասա՛ ինձ, արդյոք սա լու՞րջ խնդիր է։ Որքա՞ն լուրջ է այն։ (Դա ուղղակիորեն Աստծուն դիմակայելն է և Աստծուն թշնամի լինելը։) Պողոսը երբեք չտարածեց Տեր Հիսուսի խոսքերը, ինչը ցույց է տալիս, որ Տեր Հիսուսի ասած խոսքերը և կատարած գործը ոչ մի տեղ չունեին Պողոսի սրտում։ Կարելի է նաև ասել, որ Տեր Հիսուսը տեղ չուներ Պողոսի սրտում։ Պողոսը ոչ միայն երբեք չտարածեց Տեր Հիսուսի խոսքերը, այլև չունեցավ Տեր Հիսուսի խոսքերը փորձառաբար ապրելու որևէ ճշմարիտ վկայություն, ուստի արդյոք նա որևէ գիտելիք ունե՞ր Տեր Հիսուսի մասին։ (Ոչ։) Պողոսն ընդհանրապես չէր ճանաչում Տեր Հիսուսին, ուստի արդյո՞ք նրա կողմից Տեր Հիսուսի անվան փառաբանումն անկեղծ էր։ (Ոչ, նա Տիրոջ անունը հռչակում էր միայն խոսքերով։ Նա կեղծավոր էր։) Նա մոլորեցնում էր մարդկանց՝ Տեր Հիսուսի անունը փառաբանելու պատրվակով։ Քանի որ Տեր Հիսուսը հայտնվեց նրան երկնքից եկող մեծ լույսով և տապալեց, նա չհամարձակվեց ուրանալ Տեր Հիսուսի անունը, բայց ոչ մի գիտելիք չուներ ո՛չ Տեր Հիսուսի աստվածային էության, ո՛չ էլ Տեր Հիսուսի ասած խոսքերի կամ կատարած գործի մասին։ Տեր Հիսուսը նրա սրտում բնավ տեղ չուներ, և սա լուրջ խնդիր էր։ Անկասկած, մարդիկ, որոնք չեն ճանաչում Աստծուն, կդավաճանեն և կդիմակայեն Նրան։ Ապա արդյո՞ք նրանք, ովքեր հիմա հավատում են Ամենակարող Աստծուն, ճանաչում են Աստծուն։ Ինչի՞ հիման վրա է մարդկանց մեծամասնությունը հավատում Աստծուն։ Նրանք ընդունում են Ամենակարող Աստծուն՝ հիմնվելով Ամենակարող Աստծու անվան վերաբերյալ Աստծու խոսքերի վկայության վրա։ Բայց եթե մարդիկ չեն ընդունում, փորձառաբար չեն ապրում կամ չեն կիրառում Ամենակարող Աստծու արտահայտած բոլոր ճշմարտությունները, կարո՞ղ են արդյոք ճանաչել Ամենակարող Աստծուն։ Չեն կարող։ Ապա ինչի՞ հիման վրա ես ասում, որ հավատում և ընդունում ես Ամենակարող Աստծուն։ Արդյոք ունե՞ս որևէ վկայություն։ Ասում ես, թե ծառայում ես Ամենակարող Աստծուն, բայց կոնկրետ ինչպե՞ս ես ծառայում Ամենակարող Աստծուն։ Կարո՞ղ ես Քրիստոսի հետ մեկ սիրտ և միտք ունենալ։ Ունե՞ս կիրառման ուղի, որով կարող ես Քրիստոսի հետ մեկ սիրտ և միտք ունենալ։ Եթե ուղի չունես, մի՞թե պարզապես դատարկ խոսքեր չես խոսում։ (Այո։) Ապա ո՞րն է կիրառման ուղին այս արդյունքներին հասնելու համար։ Դա Ամենակարող Աստծու խոսքերի վրա ջանք թափելն է։ Պետք է գիտակցես, որ Ամենակարող Աստծու խոսքերը ճշմարտությունն են և մարդու կյանքի իրականությունը։ Երբ հասկանաս ճշմարտությունը և կյանքով արտահայտես Աստծու խոսքերի իրականությունը, սրտումդ այլևս ոչ մի պատկերացում, խոչընդոտ կամ ըմբոստություն չես ունենա Աստծու հանդեպ, և սիրտդ համատեղելի կլինի Աստծու հետ։ Քրիստոսի հետ մեկ սիրտ և միտք կունենաս, և այս կերպ ձեռք կբերվես Աստծու կողմից։ Պողոսն այնքան շատ թղթեր գրեց, բայց երբևէ ո՛չ հիշատակեց Տեր Հիսուսի ասած խոսքերը, ո՛չ էլ Տեր Հիսուսի խոսքերի վերաբերյալ իր փորձառական հասկացողությունը։ Ո՞րն է այս խնդրի բնույթը։ Նա վկայում էր իր մասին, ինքն իրեն մեծարում և ի ցույց դնում։ Մի՞թե սա ճիշտ չէ։ (Ճիշտ է։) Պողոսը միայն անվանապես էր հավատում Տեր Հիսուսին, բայց երբեք չվկայեց, որ Տեր Հիսուսի ասած խոսքերը ճշմարտությունն են։ Նա երբեք ուշադրություն չդարձրեց Տեր Հիսուսի խոսքերին, չտարածեց դրանք կամ չվկայեց դրանց մասին, ինչպես նաև երբևէ չընդունեց, փորձառաբար չապրեց և չկիրառեց դրանք։ Իր սրտում նա մերժեց Տեր Հիսուսի խոսքերը։ Ուստի ասա՛ ինձ, մի՞թե նա իր սրտում թշնամական վերաբերմունք չուներ Տեր Հիսուսի հանդեպ։ (Այո։) Հետևաբար, Պողոսն այնպիսի մարդ էր, որը ծառայում էր Տիրոջը, բայց դիմակայում էր Նրան։ Նա չէր կարող հաշտվել Տեր Հիսուսի հետ։ Տեր Հիսուսին հավատալու նրա վերջնական նպատակը Տեր Հիսուսին փոխարինելն էր, որպեսզի մարդիկ բոլորը հավատային, հետևեին իրեն և կարդային իր խոսքերը։ Պողոսը գայլի հավակնություններ ուներ։ Նա չափազանց չարասիրտ էր և նենգ։ Նա չարասիրտ գայլ էր։ Սա էր նրա իրական դեմքը։ Բայց կարո՞ղ են արդյոք կրոնական աշխարհի մարդիկ ճանաչել Պողոսի իրական դեմքը։ Նրանցից և ոչ ոք չի կարող։ Անկախ նրանից, թե քանի տարի են հավատացել Տիրոջը, նույնիսկ մի ամբողջ կյանք հավատալուց հետո նրանք չեն կարող տեսնել Պողոսի իրական դեմքը։ Ո՞րն է խնդիրն այստեղ։ (Կրոնավոր մարդիկ ձեռք չեն բերել ճշմարտությունը։) Եթե մարդիկ չեն հասկանում ճշմարտությունը, նրանք զանազանելու ունակություն չունեն։ Սա ապացուցում է, որ մարդիկ չեն կարող ձեռք բերել ճշմարտությունը և կյանքը՝ պարզապես Աստվածաշունչ կարդալով։ Աստվածաշնչում Աստծու խոսքերը շատ սահմանափակ են։ Կարդալով այդ մի քանի խոսքերը՝ մարդիկ կարող են առավելագույնը հավատալ Աստծու գոյությանը, բայց չեն կարող հասնել Աստծու բնույթի ճանաչողությանը կամ ունենալ աստվածավախ սիրտ։ Բացառություն են կազմում բացառիկ խիղճ և ողջամտության տեր մարդիկ, որոնք գուցե մի փոքր աստվածավախություն զարգացնեն՝ տեսնելով, թե ինչպես են Աստվածաշնչում մարդիկ պատժվում Աստծուն դիմակայելու հետևանքով, կամ ինչ-որ բան սովորեն Աբրահամի և Հոբի պատմություններից։ Բայց նման մարդիկ շատ հազվադեպ են հանդիպում և իրականում գրեթե չկան։ Հետևաբար, եթե կրոնական աշխարհի մարդիկ չեն ընդունում Աստծու վերջին օրերի գործը և վերջին օրերում Աստծու արտահայտած ճշմարտություններն ու պարզապես կառչում են Աստվածաշնչի այդ մի քանի խոսքերից, ապա նրանցից և ոչ ոք չի կարողանա հասկանալ ճշմարտությունը, ձեռք բերել ճշմարիտ զանազանելու ունակություն, զարգացնել ճշմարիտ աստվածավախ սիրտ կամ հնչեղ վկայություն կրել Աստծու համար։ Սա փաստ է։
Ասա՛ ինձ, հաշվի առնելով այն, որ Աբրահամն ու Հոբը ծնվել էին Օրենքի դարաշրջանում և չէին հասկանում շատ ճշմարտություններ, ինչպե՞ս պատահեց, որ նրանք կարողացան զորեղ և հնչեղ վկայություն կրել Աստծու համար։ Որովհետև նրանց մարդկայնությունը մեծ էր։ Նրանց մարդկայնությունը բնականոն մարդկայնության օրինակելի դրսևորում է։ Նրանք ունեին խիղճ և ողջամտություն և ի բնե ընդունում էին Աստծու գոյությունը։ Թեև չէին հասկանում շատ ճշմարտություններ, ունեին աստվածավախ սիրտ։ Նրանց ասած խոսքերից շատերը վկայություն էին, ինչպես նաև վկայություն էին նրանց արած քայլերից շատերը։ Սա բավարար է ապացուցելու, որ նրանք վախենում էին Աստծուց, խուսափում չարից և հնազանդվում Աստծու ներդաշնակեցումներին ու կարգավորումներին։ Ապա ինչո՞ւ է վերջին օրերի մարդկանց անհրաժեշտ հասկանալ շատ ճշմարտություններ, որպեսզի կարողանան պարզապես մի փոքր կիրառել այն։ Ինչո՞ւ են նրանք դառնում բացասական և թույլ, հենց որ բախվում են ամենաչնչին դժվարությանն իրենց պարտավորություններում։ Երբ նրանց պարտավորություններում դժվարություններ չկան, և օրերն ուղեկցվում են շնորհով, մարդիկ կարողանում են իրենց ստիպել գոնե մի փոքր բան անել։ Բայց եթե ամեն օր բախվում են դժվարությունների, այնքան բացասական են դառնում, որ կոտրվում են ու հանձնվում։ Ինչո՞ւ է այսպես։ Դրա պատճառն այն է, որ վերջին օրերի մարդիկ խորապես ապականված են։ Նրանք շատ հեռու են Աբրահամից ու Հոբից, նաև շատ հեռու են Նոյից։ Ասա՛ ինձ, արդյո՞ք Նոյը երբևէ քարոզներ լսել էր։ (Ոչ։) Նոյը նույնիսկ Հին Կտակարանը չուներ, բայց երբ Աստված հայտնվեց և խոսեց նրա հետ՝ խնդրելով նրան կառուցել տապանը, նա ստանձնեց այսպիսի մեծ հանձնարարություն։ Մի՞թե սա մի բան է, որը սովորական մարդը կարող էր անել։ (Ոչ։) Բոլոր մարդիկ իրենց կյանքում ունեն ծրագրած անելիքներ։ Երբ Աստված խնդրեց Նոյին կառուցել տապանը, մի՞թե այն ծրագրերը, որոնք նա ի սկզբանե ուներ իր կյանքի համար, չխաթարվեցին։ (Այո։) Կարո՞ղ էր արդյոք սովորական մարդը մի կողմ դնել իր անձնական ծրագրերը և ընդունել Աստծու հանձնարարությունը՝ երբ բախվում է սրան։ Դա հեշտ չէ անել։ Բայց Նոյը կարողացավ ընդունել Աստծուց այսպիսի մեծ հանձնարարություն, նույնիսկ հրաժարվեց իր կյանքի վերաբերյալ ունեցած ծրագրերից և ընտրեց հնազանդվել Աստծուն ու ականջ դնել Աստծու խոսքերին։ Ի՞նչ եք մտածում Նոյի հնազանդության մասին։ (Նա լավ հնազանդվեց։) Արդյո՞ք Աստված վճարեց Նոյին տապանը կառուցելու համար։ (Ոչ։) Արդյո՞ք Աստված օրհնեց նրան ավելի շատ նյութական հարստությամբ։ (Ոչ։) Ապա ինչպե՞ս Նոյին հաջողվեց համառել հարյուր քսան տարի, մինչև տապանն ավարտվեց։ Ինչպե՞ս նա համառեց։ Տապան կառուցելը նման չէր մեր օրերում Աստծու մասին վկայող փոքրիկ ծրագիր նկարահանելուն, որը կարելի է ավարտել մեկ կամ երկու ամսում։ Այդ առաջադրանքն ավարտելու համար պահանջվեց հարյուր քսան տարվա համառություն, սակայն Նոյն այնքան մեծ հավատք ուներ, որ համառեց։ Նրա երեխաներն ու կինը հավանաբար հարցրել են նրան. «Դու ստանձնել ես տապան կառուցելու նման մեծ գործ՝ առանց անգամ ընտանիքի հետ քննարկելո՞ւ։ Եթե գնանք տապան կառուցելու, մի՞թե ստիպված չենք լինի մի կողմ դնել մեր բոլոր ծրագրերը»։ Ի՞նչ կասեր Նոյը սա լսելիս․ «Աստված պատվիրել է տապան կառուցել։ Աստված ունի ծրագիր՝ ոչնչացնելու այս չարասեր և ապականված մարդկությանը, և Նա ուզում է, որ մենք շտապենք և տապան կառուցենք՝ դրա մեջ տեղավորելու բոլոր տեսակի կենդանի արարածներին։ Սա Աստծու հանձնարարությունն է։ Եթե մենք չընդունենք այս հանձնարարությունը, Աստված ուրիշներին կբարձրացնի դա անելու համար, և երբ ժամանակը գա, մենք կոչնչացվենք Աստծուն չհնազանդվելու համար»։ Մի՞թե նա այսպես չէր ասի։ (Կասեր։) Ասա՛ ինձ, եթե Նոյը չընդուներ Աստծու հանձնարարությունը, արդյոք Աստված ուրիշ մեկին կընտրե՞ր։ (Այո։) Նա հաստատ կընտրեր։ Ճիշտ ինչպես այն դեպքում, երբ Աստված կանչեց Մովսեսին՝ իսրայելացիներին Եգիպտոսից դուրս բերելու համար. եթե Մովսեսը չընդուներ Աստծու կանչը, Աստված ուրիշ մեկին կգտներ, քանզի երբ Աստված ինչ-որ բան է անում, Նա չի հանձնվում, մինչև այն չիրագործվի։ Ուստի, երբ Աստծու հանձնարարությունը դրվեց Նոյի վրա, Նոյն ասաց. «Քանի որ Աստված ինձ պատվիրել է տապան կառուցել, ես տապան կկառուցեմ։ Մի կողմ կդնեմ իմ ընտանեկան կյանքը, մսեղավոր վայելքները և մնացած ամեն ինչ։ Կապրեմ իմ կյանքը բացառապես այս տապանը կառուցելու և Աստծու հանձնարարությունն ավարտելու համար»։ Սա ճշմարիտ հավատք է։ Մեր օրերում, Աստծու վերջին օրերի գործն ընդունելուց հետո, շատ մարդիկ ուզում են փրկվել և մտնել երկնքի թագավորություն, բայց չեն կարողանում լքել ամեն ինչ՝ Աստծուն հետևելու համար։ Երբ Աստծու հանձնարարությունը դրվում է նրանց վրա, նրանք չեն ընդունում այն և տարբեր պատճառներ են հորինում մերժելու ՝ ասելով. «Օ՜, ես չեմ կարող գնալ՝ կատարելու իմ պարտավորությունը, դեռ պետք է ապրեմ իմ կյանքը։ Տանը ծնողներ, ամուսին և երեխաներ ունեմ։ Եթե հեռանամ իմ պարտավորությունը կատարելու, ո՞վ հոգ կտանի նրանց մասին»։ Մյուսներն ասում են. «Ես դեռ ուզում եմ մի երկու տարի պաշտոնյա լինել» կամ «Ես դեռ ուզում եմ գիտական աստիճան ստանալ»։ Բոլոր մարդիկ ունեն իրենց սեփական ծրագրերն ու կարգավորումները. նրանք պարզապես չեն ցանկանում ընդունել Աստծու հանձնարարությունը կամ ծախսվել Աստծու համար։ Ասա՛ ինձ, կարո՞ղ են արդյոք նման մարդիկ խուսափել մեծ արհավիրքներից և ողջ մնալ։ (Ոչ։) Եթե մարդիկ չեն ընդունում Աստծու հանձնարարությունը և դեռ ցանկանում են խուսափել մեծ արհավիրքներից, ապա նրանք երազում են։ Պետք է հստակ տեսնեք այս հարցը, ունենալու համար այն հավատքը, որով կթողնեք ամեն ինչ և կընդունեք Աստծու հանձնարարությունը։ Նոյը հստակ տեսավ այս հարցը։ Նա ասաց. «Եթե ես չընդունեմ Աստծու հանձնարարությունը, դրանով մերժած ու դավաճանած կլինեմ Աստծուն և կոչնչացվեմ ու կպատժվեմ։ Նման բան չի լինի։ Պետք է լսեմ Աստծու խոսքերը և հնազանդվեմ Աստծուն։ Ես ընտրում եմ ընդունել Աստծու հանձնարարությունը»։ Աստծու հանձնարարությունն ընդունելու նրա ընտրությունը հավատքի արտահայտություն էր։ Նա իր սրտում վստահ էր, թե ինչ հետևանքներ կունենա Աստծու հանձնարարությունը չընդունելը։ Ուստի Նոյը գործեց մեծ ողջամտությամբ՝ իմանալով, թե ինչ պետք է արվի։ Ապա ասա՛ ինձ, որքա՞ն ժամանակ է մնացել այն մարդկանց, որոնք նոր են ընդունել Ամենակարող Աստծուն, փորձառաբար ապրելու Աստծու գործը։ (Շատ ժամանակ չկա, ընդամենը մի քանի տարի։) Ապա ինչո՞ւ մարդիկ դեռևս ի վիճակի չեն բաց թողնելու այն ամենը, ինչ ունեն։ Ինչո՞ւ նրանք դեռևս ի վիճակի չեն լքելու ամեն ինչ՝ Աստծուն հետևելու համար։ Դրա պատճառն այն է, որ մարդիկ հիմար են և չեն կարողանում հստակ տեսնել իրողությունները։ Նոյը համառեց հարյուր քսան տարի և ի վերջո կառուցեց տապանը՝ ավարտելով Աստծու հանձնարարությունը, և միայն դրանից հետո կարողացավ խուսափել աշխարհը ոչնչացնող ջրհեղեղի աղետից և ողջ մնալ։ Եթե նա չընդուներ Աստծու հանձնարարությունը և չկառուցեր տապանը, ապա նա նույնպես կմահանար այդ ջրհեղեղի ժամանակ։ Դու ընդունել ես Ամենակարող Աստծուն, բայց չես կարողանում լքել ամեն ինչ՝ Աստծուն հետևելու համար. սրա հետևանքներն աներևակայելի կլինեն։ Թեև մեզանից ոչ ոք հստակ չգիտի, թե երբ վրա կհասնեն մարդկությանը ոչնչացնող մեծ արհավիրքները, դատելով աշխարհի վիճակից, ենթադրվում է, որ դա կլինի մեկ կամ երկու տարվա ընթացքում։ Շատ գիտնականներ հայտնաբերել են, որ մեծ թվով ստորջրյա հրաբուխներ սկսել են ժայթքել, նաև հայտնաբերել են, որ ցամաքային հրաբուխները նույնպես պատրաստվում են ժայթքել։ Եթե այս բոլոր հրաբուխները ժայթքեն, մի՞թե երկիրը չի ենթարկվի աշխարհացունց փոփոխությունների։ (Այո։) Մեծ երկրաշարժեր ևս հնարավոր են։ Որտե՞ղ կթաքնվես այն ժամանակ։ Եթե թաքնվես քարանձավում, լեռները կփլուզվեն և կճզմեն քեզ։ Որևէ տեղ թաքնվելն անօգուտ կլինի։ Հենց որ վրա հասնեն մարդկությանը ոչնչացնող մեծ արհավիրքները, դրանք երկիրը ցնցող և աղետալի փոփոխություններ կբերեն այս աշխարհին։ Սակայն այս վճռորոշ պահին, թեև ոմանք քաջատեղյակ են, որ Աստծու գործը փորձառաբար ապրելու քիչ հնարավորություններ են մնացել, դեռևս զբաղված են զուգընկեր փնտրելով, իրենց մսեղիի համար ապագա կերտելով և կարգավիճակի օգուտներին տրվելով, և չեն ցանկանում ծախսվել Աստծու համար։ Այս մարդիկ տեղյակ չեն, թե որքան քիչ ժամանակ է մնացել ճշմարտությանը ձգտելու համար։ Եթե չօգտագործեն մնացած այն քիչ ժամանակը ճշմարտությանը ձգտելու համար, նրանց համար շատ դժվար կլինի ձեռք բերել ճշմարտությունը և հասնել փրկության։ Եթե երբեք չձգտեն ճշմարտությանը, ի վերջո կարող են միայն դուրս թողնվել։ Ճշմարտությանը ձգտելն այժմ հրատապ հարց է։ Պետք է օգտագործես պարտավորությունդ կատարելու հնարավորությունը, ջերմեռանդորեն աղոթես Աստծուն և լիովին փորձառաբար ապրես Աստծու գործը, որպեսզի կարողանաս հասկանալ և ձեռք բերել ճշմարտությունը։ Բազմաժանր ծրագրի փորձերի ընթացքում տարբեր երկրներից Աստծու ընտրյալ մարդիկ փորձառաբար ապրեցին Աստծու գործը և որոշ ձեռքբերումներ ունեցան։ Նրանք նաև բախվեցին որոշ դժվարությունների։ Օրինակ, որոշ վայրերում եղանակը վատ էր, և որոշ երգեր դժվար էր երգել։ Այս դժվարություններին բախվելիս նրանք նաև թուլության պահեր ունեցան՝ ասելով. «Բազմաժանր ծրագրի օրը մոտենում է, սակայն մենք դեռևս բախվում ենք այնպիսի մեծ դժվարությունների, որոնք չենք կարողանում լուծել։ Ե՞րբ կկարողանանք ավարտել ծրագրի նկարահանումը»։ Նման պահերին նրանք աղոթում և ապավինում էին Աստծուն։ Նրանց աղոթելուց հետո Աստված գործեց, նրանց դժվարությունները լուծվեցին, և շուտով ավարտեցին ծրագրի նկարահանումը։ Այս փորձառության մեջ նրանք փորձառաբար ապրեցին, որ Աստված իսկապես ամենակարող է և գործնական։ Ոմանք ասացին. «Աստծու գործի այս փորձառության միջոցով ես զգում եմ, որ Ամենակարող Աստված ճշմարիտ Աստվածն է, և որ Ամենակարող Աստված կենդանի և իրական Աստված է։ Երբ մենք աղոթում և ապավինում ենք Աստծուն, Աստված գործում և առաջնորդում է մեզ։ Աստված հենց մեր կողքին է և հետևում է մեզ։ «Աստված հետևում է, թե ինչ են անում մարդիկ» արտահայտությունը միանգամայն ճիշտ է»։ Մյուսներն ասացին. «Ամենակարող Աստված Աստծու Հոգու մարմնացումն է։ Ամենակարող Աստված արտահայտել է այնքան շատ ճշմարտություններ՝ մեզ մաքրագործելու և մեղքի կապանքներից փրկելու համար։ Վերջապես գտել եմ ճշմարիտ ճանապարհը և իրապես դիմավորել եմ Տիրոջը»։ Արդյո՞ք արժեքավոր է, մարդկանց համար ունենալ նման փորձառական հասկացողություն։ (Այո։) Չափազանց արժեքավոր է, որ մարդիկ ունենան նման փորձառական հասկացողություն։ Նրանք առնվազն վստահ են դարձել Ամենակարող Աստծու հարցում, այլևս ոչ մի կասկած չունեն, և այժմ ավելի շատ հավատք ունեն՝ հետևելու Աստծուն և ծախսվելու Աստծու համար։ Ցավալի է, որ շատերը դեռևս մսեղավոր վայելք են փնտրում և չեն կարողանում լքել ամեն ինչ՝ Աստծու համար ծախսվելու նպատակով։ Ասա՛ ինձ, կարո՞ղ են արդյոք նման մարդիկ ունենալ փորձառական վկայություն։ Արդյո՞ք նրանց համար հեշտ է ձեռք բերել ճշմարտությունը։ (Ոչ։) Մարդկանց համար չափազանց դժվար է ձեռք բերել ճշմարտությունը, եթե նրանք չեն կարողանում ծախսվել Աստծու համար։
Առաջին հարցն է. «Ինչպե՞ս կարելի է լավ կատարել եկեղեցին ջրելու հիմնական աշխատանքը»։ Այս հարցը տվող մարդն իր պարտավորության մեջ հոգսի զգացում ունի և ցանկանում է լավ կատարել Աստծու հանձնարարած աշխատանքը։ Սա հավատքի մարդ է։ Ուրեմն, ինչպե՞ս կարող է մարդը լավ կատարել այս աշխատանքը։ Նա պետք է կենտրոնանա ճշմարտության իրականության մեջ մտնելու վրա։ Կոնկրետ ինչի՞ վրա պետք է կենտրոնանա։ Պետք է կենտրոնանա Աստծու գործը փորձառաբար ապրելու և ամեն օր իր պարտավորությունը կատարելիս, ինչպես նաև ուրիշների հետ ամենօրյա շփումներում դրսևորած ապականության մասին խորհելու վրա։ Օրինակ, պետք է խորհես, թե արդյոք ստեր կամ անձնական մտադրություններ ու նպատակներ կային խառնված այն խոսքերին, որոնք այսօր ասացիր ուրիշներին։ Երբ այսպես խորհես և հայտնաբերես, որ իսկապես դրսևորել ես նման ապականություն, ապա պետք է աղոթես Աստծուն, փնտրես ճշմարտությունը և իմանաս, թե ինչու ես դրսևորել այն, և թե ինչ մտադրություններ են ղեկավարել քո խոսքերը։ Եթե որոշ չափով մտել ես ինքնաճանաչողության մեջ, և հավաքույթի ժամանակ պատահաբար կարդում ես Աստծու խոսքերի մի հատված, որը վերաբերում է քո վիճակին, կարող ես բացվել և հաղորդակցվել. «Ես դրսևորեցի այսինչ ապականությունը, ասացի այսինչ ստերը և ունեի այսինչ մտադրությունները եղբայրներիս ու քույրերիս հետ խոսելիս։ Իմ ներսում այսինչ խնդիրներն ունեմ։ Ահա թե ինչպես քողարկեցի ինձ և խաբեցի ուրիշներին, և ահա թե ինչպես խոսեցի, որպեսզի մարդիկ ակնածանքով նայեն ինձ։ Հստակորեն պետք է ասեի դա, բայց խուսափեցի բուն թեմայից և միայն հաճելի բաներ ասացի...»։ Սա լսելուց հետո բոլորը կասեն. «Լսելով, թե ինչպես ես այսպես հաղորդակցվում, ես նույնպես գիտակցում եմ, որ ունեմ այսպիսի ապականված խառնվածք։ Նույնպես խոսում եմ այս մտադրությամբ և նույնպես այսպես ստում եմ։ Այն փորձառությունը, որով այսօր կիսվեցիր, իսկապես լավն է։ Դա օգնություն և հիշեցում է ինձ համար, և այն օգնեց ինձ մի փոքր ճանաչել ինքս ինձ»։ Ասա՛ ինձ, արդյո՞ք լավ է այսպես հաղորդակցվելը։ (Այո, դա բավականին գործնական է և կարող է մարդկանց առաջընթացի ուղի տալ։) Երբ այսպես խոսում ես քո փորձառական հասկացողության մասին, եղբայրներն ու քույրերը նույնպես կարող են ճանաչել իրենց և կրթվել։ Ահա թե ինչ է նշանակում մարդկանց առաջնորդել դեպի ճշմարտության իրականություն։ Ոմանք ասում են. «Արդյո՞ք մարդկանց դեպի ճշմարտության իրականություն առաջնորդելը պարզապես նշանակում է բացեիբաց խոսել քո դրսևորած նենգ խառնվածքի մասին»։ Սա միայն մեկ կողմն է։ Իրականում, այն փորձառությունները, որոնց մասին կարող ես հաղորդակցվել, չեն սահմանափակվում միայն այս մեկ կողմով. կան շատ ուրիշներ։ Օրինակ, երբ բախվում ես մի դժվարության, որը չես կարողանում լուծել, աղոթելու, Աստծուն ապավինելու ու ճշմարտությունը փնտրելու միջոցով գտնում ես կիրառման ուղի, և խնդիրն ի վերջո լուծվում է, այս տեսակի փորձառության շուրջ հաղորդակցվելը նույնպես մարդկանց առաջնորդում է դեպի ճշմարտության իրականությունը։ Մեկ այլ օրինակ. երբ գործում ես առանց սկզբունքի, և ճշմարտությունը փնտրելուց ու խնդրի այս կողմը մերկացնող Աստծու խոսքերը կարդալուց հետո գիտակցում ես, որ ամբողջովին ապրում ես սատանայական փիլիսոփայություններով և գործում ես՝ հիմնվելով քո սեփական մանր ծրագրերի ու հնարքների վրա։ Ձեռք ես բերում ինքնաճանաչողություն, սկսում ես կիրառել ճշմարտությունը և գործել սկզբունքների համաձայն։ Այս տեսակի փորձառության շուրջ հաղորդակցվելը նույնպես մարդկանց առաջնորդում է դեպի ճշմարտության իրականություն։ Մի խոսքով, քանի դեռ հասկանում ես ճշմարտությունը՝ փորձառաբար ապրելով Աստծու գործը, կարող ես բացեիբաց խոսել և հաղորդակցվել եղբայրների ու քույրերի հետ ցանկացած տեսակի փորձառական վկայության շուրջ։ Սա վկայություն կրելն է, և այս կերպ կարող ես մարդկանց բերել դեպի ճշմարտության իրականություն։ Ասա՛ ինձ, արդյո՞ք այս փորձառական վկայությունները շատ ավելի լավն են, քան Պողոսի թղթերում պարունակվող այն խոսքերը։ (Այո։) Թեև Պողոսը կարող էր մեծամտորեն խոսել քարոզելիս, արդյո՞ք նա ուներ նման փորձառական վկայություններ։ Չուներ։ Թեև այս վկայությունները, որոնցով մենք կիսվում ենք, փոքր են թվում, և մեր պերճախոսության մակարդակն այնքան բարձր չէ, որքան այդ գրական գործիչներինը, Աստված մեր այս վկայությունները լավն է համարում, հավանություն է տալիս դրանց ու գոհ է դրանցից։ Աստված ուշադրություն չի դարձնում նրան, թե որքան պերճախոս է մարդկանց լեզուն կամ որքան հաճելի են հնչում նրանց խոսքերը։ Դրանք բոլորը քողարկումներ են, որոնք Աստված չի հավանում և ատում է։ Աստված պահանջում է, որ մարդիկ խոսեն ի սրտե, խոսեն առօրյա լեզվով և կիսվեն իրական փորձառական վկայություններով։ Եթե այս կերպ կիրառես, քո կիրառումը կարժանանա Աստծու հավանությանը։ Ուստի, «Ինչպե՞ս կարելի է լավ կատարել եկեղեցին ջրելու հիմնական աշխատանքը» հարցն այժմ լուծվա՞ծ է։ (Այո։) Եկեղեցին ջրելը նշանակում է հաղորդակցվել քո ճշմարիտ հասկացողության և գործնական փորձառությունների մասին։ Երբեք մեծամտորեն մի՛ խոսիր, բառեր ու վարդապետություններ կամ փուչ տեսություններ մի՛ դատարկաբանիր. դա ամենամեծ արգելքն է եկեղեցին ջրելիս։ Պարզապես խոսի՛ր ի սրտե և ճշմարտացիորեն խոսի՛ր այնպիսի հարցերի մասին, ինչպիսիք են՝ ինչպես ես խորհում ինքդ քո մասին, ինչպես ես ճանաչում ինքդ քեզ և ինչպես ես ապավինում Աստծուն՝ խնդիրները լուծելու համար։ Եթե շարունակես խոսել այս գործնական փորձառությունների մասին, աստիճանաբար եղբայրներին ու քույրերին կբերես ճշմարտության իրականություն։ Ի վերջո ի՞նչ արդյունք կտա սա։ Քո եղբայրներն ու քույրերը բոլորը կկարողանան խորհել և ճանաչել իրենց։ Եթե մեկը գիտակցի, որ մի օր ինչ-որ մեկին ասած իր նախադասության մեջ կեղծիք կար, ապա նա բացեիբաց կխոսի բոլորի առաջ. «Այն, ինչ ես ասացի, աղավաղված էր։ Դա սուտ էր։ Թույլ տվեք ուղղել այն և ասել ճշմարտությունը»։ Ասա՛ ինձ, արդյո՞ք լավ է, որ մարդիկ միշտ բացեն իրենց սրտերը և այսպես խոսեն ինքնաճանաչողության մասին։ (Այո։) Մի անգամ ինչ-որ մեկն ինձ որոշ բաներ ասաց, իսկ հաջորդ օրը եկավ ինձ մոտ՝ իր սիրտը բացելու՝ ասելով. «Այն, ինչ երեկ ասացի քեզ, կեղծ էր։ Այսօր կուղղեմ դա և նորից ինչպես հարկն է կասեմ»։ Ես պատասխանեցի. «Պարզ ու բաց լինելու և ինքդ քեզ ճանաչելու քո կարողությունը ցույց է տալիս, որ մանրակրկիտ փորձառություն ունես։ Եթե կենտրոնանաս հարցերը փորձառաբար ապրելու և այսպես կիրառելու վրա, երաշխավորված է, որ կդառնաս ազնիվ մարդ»։ Ճշմարտությանը ձգտելը պետք է այսպես կիրառվի։ Ահա թե ինչ է նշանակում քայլել ճշմարտությանը ձգտելու և ճշմարտության իրականության մեջ մտնելու ճանապարհով։ Դա միանգամայն ճիշտ է։ Եթե եկեղեցին ջրողները կարողանան Աստծու ընտրյալ մարդկանց դնել այս ուղու վրա, ապա նրանց աշխատանքն արդյունքներ կտա, և նրանք լավ կատարած կլինեն իրենց հիմնական աշխատանքը։