Ինչպես պետք է առաջնորդներն ու աշխատողները կատարեն եկեղեցու աշխատանքը (3)
Վերադաս եղբոր հաղորդակցությունը – 5-ը հունվարի, 2026թ. (Մաս 1)
Այսօրվա հավաքույթին եկեք միանգամից անցնենք հարցերին։ (Լավ։)
Հարց 1. Ինչպե՞ս կարելի է լավ կատարել եկեղեցին ջրելու հիմնական աշխատանքը։ Որո՞նք են կիրառման կոնկրետ սկզբունքները։
Պատասխան. Եկեղեցին ջրելն այնպիսի աշխատանք է, որն ուղղակիորեն կապված է Աստծուն ծառայելու հետ։ Ի՞նչ հիմնական արդյունքի պետք է հասնի Աստծուն ծառայելը։ Աստծու ընտրյալ մարդկանց Աստծու առաջ բերելու։ Ի՞նչ է նշանակում Աստծու ընտրյալ մարդկանց բերել Աստծու առաջ։ Դա նշանակում է հնարավորություն տալ Աստծու ընտրյալ մարդկանց հասկանալու ճշմարտությունը, ճանաչելու իրենց ապականված խառնվածքներն ու Աստծու բնույթը, մինչև ի վերջո կարողանան հնազանդվել և երկրպագել Աստծուն։ Սա է Աստծու ընտրյալ մարդկանց Աստծու առաջ բերելու իրական նշանակությունը։ Ոմանք ասում են. «Մի՞թե մենք մարդկանց չենք բերում Աստծու առաջ՝ ավետարան քարոզելով»։ Երբ քարոզում ես ավետարանը և հաղորդակցվում մարդկանց հետ ճշմարտության մասին՝ մղելով նրանց շրջվել դեպի Ամենակարող Աստված, դա համարվում է մարդկանց Աստծու առաջ բերել։ Սակայն կա՞ արդյոք տարբերություն սրա և մարդկանց Աստծու առաջ իսկապես բերելու միջև, որպեսզի նրանք կարողանան հնազանդվել և երկրպագել Աստծուն։ (Այո’։) Մի՞թե այս երկու երևույթների միջև տարբերությունը շատ մեծ չէ։ (Մեծ է։) Երբ ինչ-որ մեկին ավետարանն ես քարոզում, և նա սկսում է հավատալ Ամենակարող Աստծուն, սա միայն առաջին քայլն է՝ նրան Աստծու առաջ բերելու՝ դեպի Ամենակարող Աստված մղելու։ Բայց արդյոք նա կարող է հնազանդվել և երկրպագել Ամենակարող Աստծուն, դժվար է ասել։ Շատ մարդիկ կան, որոնք սկսել են հավատալ Ամենակարող Աստծուն, բայց արդյո՞ք նրանք իրապես եկել են Աստծու առաջ։ Արդյոք իրապես գիտե՞ն ինչպես ապավինել Աստծուն ու հայացքն ուղղել դեպի Նա։ Արդյոք իրապես ունե՞ն աստվածավախ սիրտ։ Արդյոք իրապես կարո՞ղ են հնազանդվել Աստծու բոլոր ներդաշնակեցումներին և կարգավորումներին։ Արդյոք իրապես կարո՞ղ են հոգով և ճշմարտությամբ երկրպագել Աստծուն։ Արդյոք իրապես կարո՞ղ են ապրել Աստծու խոսքերով, ամեն ինչում կիրառել ճշմարտությունն ու Աստծուն պատվել՝ որպես բարձրագույնի։ Նրանք շատ հեռու են այս ամենից։ Հետևաբար ավետարանը քարոզելը միայն մղում է մարդկանց շրջվել դեպի Ամենակարող Աստված. այն դեռ չի հասնում նրանց իսկապես Աստծու առաջ բերելու արդյունքին։ Աստված պահանջում է, որ Իրեն ծառայողներն Իր ընտրյալ մարդկանց բերեն Իր առաջ։ Պետք է կարողանաս առաջնորդել Աստծու ընտրյալ մարդկանց՝ ուտելու և խմելու Աստծու խոսքերը, որպեսզի նրանք կարողանան հասկանալ ճշմարտությունը, ճանաչել իրենց ապականված խառնվածքներն ու իրենց բնական էությունը։ Նաև պետք է առաջնորդես Աստծու ընտրյալ մարդկանց՝ ընդունելու Աստծու դատաստանը, հանդիմանությունը, էտումը, փորձություններն ու զտումը և ի վերջո հասնելու կյանքի խառնվածքի փոփոխության։ Միայն այն ժամանակ, երբ մարդկանց խառնվածքները փոխվեն, նրանք կարող են իսկապես հնազանդվել Աստծուն և երկրպագել Նրան հոգով ու ճշմարտությամբ։ Միայն երբ քո կատարած աշխատանքով հասնես նման արդյունքների, իսկապես մարդկանց բերած կլինես Աստծու առաջ։ Ապա ասա՛ ինձ, արդյոք հակաքրիստոսը կարո՞ղ է իր աշխատանքով մարդկանց բերել Աստծու առաջ։ (Ո՛չ։) Ինչո՞ւ ոչ։ (Հակաքրիստոսը ճիշտ մարդ չէ և իր աշխատանքով մարդկանց բերում է իր առաջ։) Հիմնական պատճառն այն է, որ հակաքրիստոսը չունի ճշմարտության իրականությունը։ Նա չգիտի, թե ինչ է ճշմարտությունը, ոչ էլ գիտի, թե ինչ է նշանակում ճանաչել ինքն իրեն։ Հետևաբար ի վիճակի չէ կիրառելու ճշմարտությունը, հնազանդվելու կամ երկրպագելու Աստծուն և ունակ է ցանկացած պահի դավաճանելու և դիմակայելու Աստծուն։ Ուստի պարզապես անհնար է, որ նա Աստծու ընտրյալ մարդկանց առաջնորդի դեպի ճշմարտության իրականությունը, ինչպես նաև անհնար է, որ Աստծու ընտրյալ մարդկանց բերի Աստծու առաջ։ Եթե Աստծու ընտրյալ մարդիկ չմտնեն ճշմարտության իրականություն, նրանք ցանկացած պահի և ցանկացած վայրում հակված կլինեն դավաճանելու Աստծուն կամ նույնիսկ հեռանալու իրենց հավատքից։ Ճիշտ այնպես, ինչպես կան շատ մարդիկ, որոնք ընդունեցին Աստծու վերջին օրերի գործը՝ լսելով ավետարանի աշխատողների կողմից հաղորդակցված տեսիլքների ճշմարտությունը, բայց որոշ ժամանակ եկեղեցական կյանքով ապրելուց հետո հեռացան։ Ինչո՞ւ է այսպես։ Պատճառն այն է, որ ավետարանի աշխատողները նրանց իրապես չբերեցին Աստծու առաջ։ Թեև նրանք խոսքով ընդունեցին Ամենակարող Աստծուն՝ որպես վերադարձած Տեր Հիսուս, սակայն իրենց սրտում ամենևին վստահ չէին Ամենակարող Աստծու հարցում։ Նրանք չընդունեցին ճշմարտությունը կամ չգիտեին, թե ինչ է ճշմարտությունը, և առավել ևս՝ ձեռք չբերեցին ճշմարտությունը։ Եթե մարդիկ ձեռք չեն բերում Ամենակարող Աստծու խոսքերը` որպես իրենց կյանք, և, ավելին, չեն մտնում ճշմարտության իրականություն, ի՞նչ հետևանքներ կլինեն։ (Դեռևս հակված կմնան Աստծուն դավաճանելուն։) Թեև այսօր նրանք կարող են ընդունել Ամենակարող Աստծուն՝ որպես ճշմարիտ Աստված, վաղը կարող են դավաճանել Աստծուն և հեռանալ իրենց հավատքից, եթե հանդիպեն որևէ խնդրի։ Արդյոք սա ճի՞շտ չէ։ (Ճիշտ է։) Ճիշտ այդպես էլ մայրցամաքային Չինաստանում կան շատ մարդիկ, որոնք տասը կամ քսան տարի հավատացել են Ամենակարող Աստծուն, բայց հանկարծ մի օր ձերբակալվում են մեծ կարմիր վիշապի կողմից և դաժանաբար խոշտանգվում։ Ի վերջո ի՞նչ է տեղի ունենում։ Նրանց մեծ մասը դավաճանում է Աստծուն և ստորագրում «Երեք հայտարարությունները»։ Ինչպե՞ս է պատահում, որ այս մարդիկ տասը կամ քսան տարի Նրան հավատալուց հետո դեռևս ունակ են դավաճանելու Աստծուն։ Արդյոք նրանք իրապես եկե՞լ են Աստծու առաջ։ Արդյոք նրանք իրապես ճանաչո՞ւմ են Աստծուն։ Ո՛չ։ Նրանք չեն արմատավորվել Ամենակարող Աստծու խոսքերում, ինչը նշանակում է, որ չեն արմատավորվել ճշմարիտ ճանապարհի մեջ։ Ձեռք չեն բերել կյանք։ Եթե մարդիկ հավատում են Աստծուն, բայց ձեռք չեն բերում կյանք, կարո՞ղ են դիմակայել Սատանայի գայթակղություններին։ Կարո՞ղ են դիմակայել խոշտանգումների տանջանքին։ Կարո՞ղ են դիմակայել կյանքի և մահվան փորձությանը։ (Ո՛չ։) Նրանք ի վիճակի չեն դիմակայելու սրանցից և ոչ մեկին։ Ուստի, երբ մեծ գայթակղությունների են հանդիպում, չեն կարողանում հաստատուն կանգնել։ Որոշ մարդիկ ձերբակալվելուց հետո ստորագրում են «Երեք հայտարարությունները» և դավաճանում Աստծուն։ Ասա՛ ինձ, ինչո՞ւ են այս մարդիկ ստորագրում «Երեք հայտարարությունները»։ Արդյոք իսկապես ուրանո՞ւմ են Աստծուն իրենց սրտերում։ Ո՛չ։ Իրենց սրտերում ընդունում են Ամենակարող Աստծուն՝ որպես ճշմարիտ Աստված։ Ապա ինչո՞ւ են ստորագրում «Երեք հայտարարությունները»։ (Վախենում են մահից։) Նրանց՝ Աստծուն ուրանալու պատճառը հենց մահվան վախն է։ Ապականված մարդկության ամենաճակատագրական արատը մահվան վախն է։ Երբ նրանց կյանքին վտանգ է սպառնում, երբ ինչ-որ բան կենաց և մահու հարց է դառնում, մարդիկ ընտրում են քարշ տալ իրենց խղճուկ գոյությունը և այդպիսով ստորագրում են «Երեք հայտարարությունները» ու փոխզիջման գնում Սատանայի հետ։ Մի՞թե սա Աստծուն դավաճանել չէ։ (Այդպես է։) Իսկ մեծ կարմիր վիշապի կողմից ձերբակալվածների թվում կա՞ն այնպիսիք, որոնք հաստատուն են կանգնում իրենց վկայության մեջ։ (Այո'։) Որոշ մարդիկ գերադասում են մահը «Երեք հայտարարությունները» ստորագրելուց։ Նրանցից ոմանք ծեծվելով սպանվում են, ոմանք էլ` ծանր դատավճիռներ ստանում։ Այն պահից ի վեր, երբ Աստված սկսեց հայտնվել և գործել, Ամենակարող Աստծու Եկեղեցում առնվազն երեք հարյուր մարդ նահատակվել է։ Անկախ նրանից, թե ինչպես է ՉԿԿ-ի ոստիկանությունը ծեծի ենթարկում կամ խոշտանգում նրանց, նրանք հրաժարվում են ստորագրել «Երեք հայտարարությունները» կամ ուրանալ Աստծուն, ուստի հալածվելով սպանվում են։ Նրանք նահատակվում են։ Կան նաև այնպիսիք, որոնք, թեև ծեծվելով չեն սպանվում, սակայն դատապարտվում են երկար տարիների ազատազրկման․ ոմանք հինգ, յոթ կամ նույնիսկ ավելի քան տասը տարի ժամկետով։ Նույնիսկ հիմա դեռ շատ մարդիկ պահվում են բանտերում։ Ինչ վերաբերում է նրանց, ովքեր ստորագրում են «Երեք հայտարարությունները» և դավաճանում Աստծուն, ազատ են արձակվում մեծ կարմիր վիշապի կողմից։ Նրանց մսեղին ազատ է և այլևս չի տառապում, բայց արդյոք նրանց սրտերը զգո՞ւմ են ազատություն, խաղաղություն կամ ուրախություն։ (Ո՛չ։) Ապա ի՞նչ են զգում իրենց սրտերում։ (Ցավ և տանջանք։ Տառապում են կենդանի դժոխքում։) Նրանք ճաշակել են, թե ինչ է նշանակում, երբ կյանքը մահից վատ է, և նրանց սրտերում խորը տանջանք է տիրում։ Կան նույնիսկ այնպիսիք, որոնք այլևս չեն ուզում ապրել՝ զգալով, որ այլևս երես չունեն Աստծու առաջ կանգնելու, և որ ավելի լավ կլիներ՝ մեռնեին։ Ուրեմն ինչո՞ւ ստորագրեցիր «Երեք հայտարարությունները»։ Եթե իսկապես վտանգեիր կյանքդ վկայությանդ մեջ, հաստատուն կանգնելու համար նույնիսկ եթե ծեծվելով սպանվեիր, արժեր այդպես վարվել։ Հաղթանակած կլինեիր Սատանային։ Հիմա քանի որ ստորագրել ես «Երեք հայտարարությունները» և դավաճանել Աստծուն, ճաշակել ես՝ ինչ ասել է՝ երբ կյանքը մահից վատ է, և հիմա նոր միայն զղջում ես։ Բայց արդեն չափազանց ուշ է։ Աստծուն դավաճանողները բացահայտվում և դուրս են թողնվում։ Նրանց ելքը դժոխք գնալն ու պատիժ կրելն է, և որքան էլ մեծ լինի նրանց զղջումը, անօգուտ է։ Ասա՛ ինձ, ինչո՞ւ են այս մարդիկ այնուամենայնիվ դավաճանում Աստծուն տասը կամ քսան տարի Նրան հավատալուց հետո։ Ո՞րն է պատճառը։ (Նրանք ձեռք չեն բերել ճշմարտությունը։) Պատճառը հենց այն է, որ ճշմարտությունը որպես կյանք ձեռք չեն բերել և ճշմարիտ հավատք չունեն առ Աստված։ Եթե իրենց ունեցած այն փոքր հավատքով որևէ մեծ գայթակղՍության չեն բախվում, և նրանց կյանքին վտանգ չի սպառնում, դեռ կարող են հավատալ ու հետևել Աստծուն։ Բայց հենց որ նրանց կյանքին վտանգ է սպառնում, և մահվան վտանգ է լինում, դադարում են հավատալ Աստծուն և դավաճանում են Նրան։ Ահա թե ինչ է նշանակում ճշմարիտ հավատք չունենալ։ Վերջին օրերի Իր գործի այս փուլում Աստծու չափանիշը մարդկանց համար այն է, որ առնվազն հասնեն Հոբի հավատքին։ Պետք է կարողանաս վտանգել կյանքդ՝ Աստծուն հետևելու համար։ Եթե չես կարող, ապա հավատքդ չի համապատասխանում չափանիշին։ Հետևաբար Աստծուն մեր ծառայության մեջ մի՞թե մարդկանց Նրա առաջ բերելը պարզ հարց է։ Որքա՞ն աշխատանք պետք է անես` մարդկանց ճշմարտության իրականություն բերելու համար։ Որքա՞ն աշխատանք պետք է անես, որպեսզի օգնես մարդկանց ունենալ ճշմարիտ հավատք առ Աստված, լիովին հնազանդվել Աստծուն և Աստծու բոլոր ներդաշնակեցումներին ու կարգավորումներին։ Սրան հասնելը պարզ բան չէ։ Աշխատանքիդ ընթացքում պետք է նաև բազմիցս փորձառաբար ապրես դատաստան, հանդիմանություն, փորձություններ, զտում, խրատում, կարգավարժանք, էտման բազմաթիվ փուլեր, ինչպես նաև շատ ձախողումներ ու անկումներ։ Միայն այդ ժամանակ կյանքդ կարող է աճել, և կկարողանաս ստանձնել Աստծու հանձնարարությունն ու կատարել Աստծու կամքը։ Այս ամենին հնարավոր չէ հասնել՝ առանց երկար տարիների ջանքերի։ Պետք է հստակ հասկանաք այս հարցը։ Մի՛ ասեք. «Ես հիմա առաջնորդող կամ աշխատող եմ, և իմ աշխատանքը, որը կատարում եմ, Աստծուն ծառայելն է, որը մարդկանց Աստծու առաջ բերելն է։ Քանի դեռ թույլ կամ բացասական չեմ, չեմ հանձնվում և չեմ դավաճանում Աստծուն, ուրեմն կատարում եմ Աստծու կամքը»։ Արդյոք սա ճի՞շտ է։ (Ո՛չ։) Նման կերպ մտածելն իսկապես մակերեսային է։ Աստծուն ծառայելու հարցում տեսակետդ չափազանց պարզունակ է։ Հիշի՛ր, եթե եկեղեցու աշխատանքը կատարելիս չես հասկանում շատ ճշմարտություններ, միանգամայն անհնար է Աստծու ընտրյալ մարդկանց բերել Աստծու առաջ, և Աստծուն ծառայելու մասին խոսք անգամ լինել չի կարող։
Ամանորյա վերջին բազմաժանր ծրագիրը բավականին լավն էր։ Հարցազրույցի ժամանակ տարբեր երկրներից ներկայացմանը մասնակցած եղբայրներն ու քույրերը բոլորն ի սրտե խոսեցին և պատմեցին իրենց իրական փորձառությունների մասին։ Բոլորն անձամբ փորձառաբար ապրեցին Սուրբ Հոգու գործը և զգացին, որ Աստված հենց իրենց կողքին է, նաև զգացին՝ երբ մարդիկ անկեղծորեն աղոթում և ապավինում են Աստծուն, Սուրբ Հոգին իսկապես գործում է՝ առաջնորդելու նրանց և հավատք ու ուժ է տալիս։ Որոշ եղբայրներ և քույրեր նաև ականատես եղան Աստծու հրաշալի գործերին։ Օրինակ, երբ Ավստրալիայից եղբայրներն ու քույրերը նկարահանում էին իրենց ծրագիրը, հուժկու փոթորիկ սկսվեց։ Նրանց աղոթքի և Աստծուն ապավինելու շնորհիվ եղանակն արագորեն արևոտ ու պայծառ դարձավ։ Ուրախությամբ շնորհակալություն հայտնեցին Աստծուն ու արագորեն ավարտեցին ծրագրի նկարահանումը։ Տեսան Աստծու հրաշալի գործերն ու իրենց սրտերում ասացին. «Ամենակարող Աստծուն հավատալը ճիշտ ընտրություն է։ Ամենակարող Աստված ճշմարիտ Աստվածն է։ Երբ մարդիկ հանդիպում են դժվարությունների ու աղոթում Ամենակարող Աստծուն, Աստված իսկապես կարող է օգնել նրանց՝ հաղթահարելու իրենց դժվարություններն ու լուծելու իրենց խնդիրները։ Աստված իսկապես մարդու հետ է, և Սուրբ Հոգին իսկապես մեծ գործ է անում»։ Այս ծրագրի նկարահանման միջոցով բոլորը փորձառություն ձեռք բերեցին, և այդ փորձառությունները բոլորն էլ բավականին լավն էին։ Կային նաև ներկայացման մասնակիցներ, որոնք, թեև հարցազրույց չտվեցին, բայց իրենք էլ ունեին նման փորձառություններ։ Սա միանգամայն ճիշտ է։ Ընդամենը մի ծրագիր նկարահանելով և մի փոքր ծախսվելով Աստծու համար՝ մարդիկ անձամբ փորձառաբար ապրեցին Աստծու մեծ զորությունը, Աստծու ներկայությունը, Աստծու շնորհն ու օրհնությունները և Աստծու սերը, ինչպես նաև անձամբ փորձառաբար ապրեցին Սուրբ Հոգու գործը։ Այս կերպ մի՞թե մարդկանց հավատքն ավելի ու ավելի չմեծացավ։ Մի՞թե նրանք ճշմարիտ հավատք չզարգացրին։ (Այդպես է։) Հենց որ ունենաս ճշմարիտ հավատք, կսկսես մտնել կյանքի փորձառության մեջ։ Եթե կարողանաս փնտրել ճշմարտությունը՝ լուծելու պարտավորությունդ կատարելիս հանդիպող բազմաթիվ դժվարություններն ու խոչընդոտները, ավելի շատ գիտելիք կունենաս Աստծու մասին, իսկ կյանքիդ աճը կնմանվի քնջութի ցողունի, որը ծաղկում է հանգույց առ հանգույց՝ աստիճանաբար ավելի վեր բարձրանալով։ Որքան շատ փորձառություն են մարդիկ ձեռք բերում, այնքան ավելի շատ են ճանաչում Աստծուն։ Որքան շատ փորձառություն են ձեռք բերում, այնքան ավելի շատ կարող են դեմառդեմ հանդիպել Աստծուն։ Որքան շատ փորձառություն են ձեռք բերում, այնքան ավելի շատ հավատք են ունենում առ Աստված։ Որքան շատ փորձառություն են ձեռք բերում, այնքան ավելի շատ են ազատվում իրենց ապականված խառնվածքներից, և այնքան ավելի շատ են հնազանդվում Աստծուն։ Աստիճանաբար ձեռք են բերում ճշմարտությունը, և նրանց խառնվածքը փոխվում է։ Ահա թե ինչ է նշանակում կատարյալ դարձվել Աստծու կողմից։ Աստծու կողմից կատարյալ դարձվելուց հետո մարդիկ ձեռք են բերում Աստծու մասին ճշմարիտ գիտելիք, կարող են լիովին հնազանդվել Աստծուն և ունենում են աստվածավախ սիրտ։ Կարո՞ղ են արդյոք նման մարդիկ խուսափել չարից։ (Այո։) Չարից խուսափելը հեշտ է դառնում։ Եթե պարտավորությունը կատարելիս որոշ դժվարությունների բախվեն, արդյո՞ք այնուամենայնիվ բացասական կդառնան։ (Ոչ։) Եթե հանդիպեն մեկին, որը խանգարում և անհանգստացնում է եկեղեցու աշխատանքը, կկարողանա՞ն արդյոք զանազանել, մերկացնել և կանգնեցնել այդ ամենը։ (Այո։) Երբ մարդիկ հասկանում են ճշմարտությունը, այս բոլոր դժվարություններն ու խնդիրները լուծվում են։ Հետևաբար, Աստծու գործը փորձառաբար ապրելու և կյանքի աճի հասնելու բանալին պարտավորությունը կատարելն է։ Եթե չես կատարում պարտավորությունդ, Աստծու գործը, որը կարող ես փորձառաբար ապրել, շատ քիչ կլինի, իսկ Աստծու գործերը, որոնք կարող ես տեսնել, նույնպես շատ սահմանափակ կլինեն։ Եթե շատ քիչ ես փորձառաբար ապրում Աստծու գործը և Նրա արարքներից շատ քչերն ես տեսնում, ապա ձեռքբերումներդ չափազանց քիչ կլինեն, և քեզ համար շատ դժվար կլինի հասկանալ կամ ձեռք բերել ճշմարտությունը։ Ինչպես տեսնում ես, ներկայացմանը մասնակցած եղբայրներն ու քույրերն իսկապես ականատես եղան Աստծու գործերին՝ ծրագրի նկարահանման ժամանակ փորձառաբար ապրելով Աստծու գործը։ Նրանք հասկացան, որ Աստված իսկապես լսում է մարդկանց աղոթքները։ Ամեն անգամ, երբ մարդիկ անկեղծորեն աղոթում և ապավինում են Աստծուն, Աստված գործում է՝ վերացնելով բազմաթիվ դժվարություններ նրանց համար, ուժ տալով և առաջնորդելով առաջ։ Աստծու գործն այնքա՜ն իրական է և գործնական։ Մարդիկ ունեն նման գիտելիք։ Մի՞թե այն ձեռք չի բերվում պարտավորությունը կատարելու և Աստծու գործը փորձառաբար ապրելու միջոցով։ (Այդպես է։) Արդյո՞ք նրանք, ովքեր չեն կատարում իրենց պարտավորությունը, ունեն նման ձեռքբերումներ։ Ոչ։ Հետևաբար, որքան շատ ես կատարում պարտավորությունդ, այնքան ավելի շատ հնարավորություններ կունենաս՝ փորձառաբար ապրելու Աստծու գործը, այնքան ավելի շատ կկարողանաս տեսնել Աստծու գործերը, այնքան ավելի շատ կճանաչես Աստծու բնույթը, այնքան ավելի խորը կճանաչես քո սեփական ապականված խառնվածքները, այնքան ավելի շատ ապականված խառնվածքներից կկարողանաս ազատվել։ Ի վերջո, Աստծու հանդեպ հնազանդությունդ կմեծանա, և աստվածավախ սիրտդ նույնպես կաճի։ Այդ ժամանակ քեզ համար հեշտ կլինի վախենալ Աստծուց, խուսափել չարից, բացարձակապես հնազանդվել Աստծուն, և ոչ մի դժվարություն չի կարողանա կանգնեցնել քեզ փակուղու առաջ։ Ահա թե ինչպես է աճում մարդու հոգևոր կյանքը։ Որքան շատ ես փորձառաբար ապրում Աստծու գործը, այնքան ավելի արագ է աճում կյանքդ։ Որքան քիչ ես փորձառաբար ապրում Աստծու գործը, այնքան ավելի դանդաղ է աճում կյանքդ։ Եթե Աստծուն հավատում ես միայն ազատ ժամանակ, և ցերեկը զբաղված ես գումար վաստակելու համար աշխատելով, իսկ գիշերն այլևս ուժ չես ունենում, ապա ինչպե՞ս կարող ես կատարել պարտավորությունդ։ Պարզապես գոյատևում ես։ Թեև ասում ես, որ հավատում ես Ամենակարող Աստծուն, իրականում պարզապես օրերդ լցնում ես առօրյա գործերով։ Մի՞թե սա ժամանակի վատնում չէ։ (Այդպես է։) Սա ժամանակի վատնում է, և կյանքդ չի աճի։