Ինչպես պետք է առաջնորդներն ու աշխատողները կատարեն եկեղեցու աշխատանքը (2)

Վերադաս եղբոր հաղորդակցությունը. 5-ը դեկտեմբերի, 2025թ. (Մաս 6)

Ինչպե՞ս է ձևավորվում լավ եկեղեցական կյանքը։ (Լավ եկեղեցական կյանքը կարող է ձևավորվել միայն այն ժամանակ, երբ եկեղեցում իշխանություն ունենան ճշմարտությունը հասկացող և դրան ձգտող մարդիկ, իսկ չար մարդիկ սահմանափակված լինեն։) Ճի՛շտ է։ Լավ եկեղեցական կյանքը ձեռք է բերվում եկեղեցում ճիշտ մարդկանց և ճշմարտությանը ձգտողների իշխանություն ունենալու, ինչպես նաև չար մարդկանց վերահսկողության տակ պահելու միջոցով։ Կա՞ն արդյոք բացառություններ։ Օրինակ՝ ոմանք ասում են․ «Լավ եկեղեցական կյանքը բնականաբար ստեղծվում է եկեղեցու հիմնադրումից հետո»։ Արդյո՞ք այս պնդումը հիմնավոր է։ (Ո՛չ։) Ասացե՛ք ինձ, ինչպե՞ս կարող է սառը ջրով լի կաթսան վերածվել եռման ջրի։ Պետք է տաքացվի։ Կարո՞ղ է այն ինքնիրեն եռալ՝ առանց տաքացվելու։ (Ո՛չ։) Լավ եկեղեցական կյանքը նույնպես հենց այնպես ինքնաբերաբար չի առաջանում։ Այն ձեռք է բերվում ճշմարտությունը սիրող Աստծու ընտրյալ բոլոր մարդկանց ջանքերի շնորհիվ։ Այն չի կարող ձեռք բերվել առանց բոլորի ջանքերի, առանց չափանիշին համապատասխանող աշխատողների և առաջնորդողների առաջնորդության, ինչպես նաև առանց Աստծու ընտրյալ մարդկանց համագործակցության, ովքեր սիրում են ճշմարտությունը։ Որոշ առաջնորդողներ և աշխատողներ չեն կարողանում սա հստակ տեսնել։ Կարծում են, թե լավ եկեղեցական կյանքը ինքնաբերաբար է առաջանում, ուստի երբ տեսնում են, որ ուրիշներն ունեն լավ եկեղեցական կյանք, բողոքում են, որ Աստված չի օրհնում իրենց եկեղեցին։ Նրանք չեն նկատում, որ լավ եկեղեցական կյանքը ստեղծվում է Աստծո ընտրյալ ժողովրդի միջոցով, ովքեր ձգտում են ճշմարտությանը՝ համագործակցելով մեկ սրտով և մտքով։ Ասացե՛ք ինձ, եթե ճշմարտությանը ձգտող մարդիկ չմիավորվեին՝ սահմանափակելու չար մարդկանց, արդյո՞ք չար մարդիկ իրենց կամքով կիջնեին պատմության ասպարեզից։ Ինքնակամ կդադարեի՞ն արդյոք չարիք գործել։ (Ո՛չ։) Այդ դեպքում ի՞նչ հանգամանքներում չար մարդիկ լավ կվարվեն, հնազանդ կլինեն և կպահպանեն կանոնները։ (Լավ կվարվեն միայն այն ժամանակ, երբ ճշմարտությանը ձգտող մարդիկ սահմանափակեն նրանց։) Պարզապես խորհե՛ք ձեր սեփական եկեղեցու վիճակի շուրջ և հստակորեն կտեսնեք այս հարցերը։ Որպեսզի եկեղեցին ունենա լավ եկեղեցական կյանք, պետք է բավարարի երկու պայման․ նախ պետք է ունենա մի քանի լավ առաջնորդող և աշխատող։ Եթե եկեղեցին չունենա ճշմարտությանը ձգտող և սկզբունքները պահպանող առաջնորդողներ ու սարկավագներ, ապա չի ունենա լավ եկեղեցական կյանք։ Երկրորդ՝ բացասական անհատները պետք է սահմանափակվեն։ Եթե եկեղեցում գտնվող չհավատացողները և չար մարդիկ չսահմանափակվեն, ապա այդ եկեղեցին նույնպես չի ունենա լավ եկեղեցական կյանք։ Պե՞տք է արդյոք այս երկու պայմանը բավարարել լավ եկեղեցական կյանք ունենալու համար։ (Այո՛։) Այդ դեպքում ի՞նչ տեսակի մարդկանցից է կազմված եկեղեցին։ Եթե չես կարողանում սա հստակ տեսնել, ապա չես կարողանա լավ կատարել եկեղեցու աշխատանքը։ Ոմանք ասում են․ «Եկեղեցին կազմված է Աստծուն հավատացող մարդկանցից, և եկեղեցում բոլորն Աստծու ընտրյալ մարդիկ են»։ Արդյո՞ք այս պնդումը հիմնավոր է։ Սա դատարկ վարդապետություն է և հիմնավոր չէ՛։ Ինչո՞ւ ենք ասում, որ այն հիմնավոր չէ։ Եթե եկեղեցում բոլորն Աստծու ընտրյալ մարդիկ լինեին, ապա ինչպե՞ս կարող էին դեռևս հայտնվել հակաքրիստոսներ և չար մարդիկ։ Ինչպե՞ս կարող էին հայտնվել չար ոգիներ և չհավատացողներ։ Արդյո՞ք հակաքրիստոսները, չար մարդիկ, չար ոգիները և չհավատացողներն իսկապես այն մարդկանց թվում են, ում Աստված նախասահմանել է՝ բաժին ունենալու թագավորության մեջ։ Բացարձակապես ո՛չ։ Այդ դեպքում ինչպե՞ս են նրանք մտել եկեղեցի։ Աստծուն հավատալուց հետո ոմանք ասում են․ «Օ՜, եթե ես մտնում եմ երկնքի թագավորություն, պետք է նաև որդուս տանեմ երկնքի թագավորություն» կամ ասում են․ «Եթե ես մտնում եմ երկնքի թագավորություն, պետք է նաև ծնողներիս տանեմ երկնքի թագավորություն»։ Ուստի քարշ են տալիս իրենց հարազատներին ու ընկերներին, և այսպես այս չարերը հայտնվում են եկեղեցում։ Իհարկե, նրանք հայտնվում են եկեղեցում տարբեր պատճառներով ու տարբեր հանգամանքներում և դա անում են տարբեր միջոցներով։ Ոմանք դա անում են պարզապես իրարանցում ստեղծելու համար, ոմանք՝ հետաքրքրասիրությունից դրդված, իսկ ոմանք էլ՝ օրհնություններ ստանալու մտադրությամբ։ Կարճ ասած՝ բոլորն իրենց սեփական մտադրություններով ու նպատակներով են հայտնվում եկեղեցում, և նրանք բոլորը չար մարդիկ են։ Այդ դեպքում քանի՞ տեսակ կա այս չարերից, որոնք սողոսկում են եկեղեցի։ Մի տեսակը չհավատացողներն են։ Նրանք գիտեն, որ սա ճշմարիտ ճանապարհն է, բայց չեն սիրում ճշմարտությունը և սողոսկում են եկեղեցի պարզապես օրհնություններ ստանալու համար։ Մեկ այլ տեսակ չար մարդիկ են, մյուսը՝ չար ոգիները, ևս մեկը՝ ճշմարտությունն ատող դևերը, իսկ մյուսն էլ՝ առանց հոգու մեռած մարդիկ են։ Բոլորը չար են, որոնք սողոսկել են եկեղեցի և իրապես չեն պատկանում Աստծու տանը։ Ուստի, հիմնվելով այս փաստի վրա՝ քանի՞ տեսակի մարդկանցից է կազմված եկեղեցին։ Մի տեսակն Աստծուն անկեղծորեն հավատացող մարդիկ են՝ նրանք, ովքեր սիրում են ճշմարտությունը և ազնիվ են։ Մեկ այլ տեսակ ցածր որակ ունեցող մարդիկ են, որոնք, այնուամենայնիվ, սիրում են հավատալ Աստծուն և ի բնե ցանկանում են հավատալ Նրան ու քայլել ճիշտ ուղիով։ Թեև նման մարդիկ շատ լավ որակ չունեն, փոքր-ինչ թերի են ճշմարտության հարցում և չեն կարողանում ձեռք բերել ճշմարտությունը, այնուամենայնիվ անկեղծորեն հավատում են Աստծուն։ Եվս մեկ տեսակ չհավատացողներն են, որոնք միանում են եկեղեցուն պարզապես ելք գտնելու համար։ Զգում են, որ հասարակության մեջ չափազանց շատ վատ մարդիկ կան, և, լինելով անօգնական ու չունենալով հենարան, միշտ ենթարկվում են դավերի ու խաբվում։ Նաև զգում են, որ Աստծուն հավատացողները մեծամասամբ լավ մարդիկ են․ բավականին պարզասիրտ են, իրենց դեմ դավեր չեն նյութի, չեն վնասի կամ խարդախությամբ չեն խլի իրենց փողերը։ Ուստի այս չհավատացողները կարծում են, որ եկեղեցուն միանալը կարող է որոշակի ելք ապահովել իրենց համար և գուցե նույնիսկ հնարավորություն տա ապրուստ տնտեսել։ Հենց այս նպատակով է, որ հայտնվում են եկեղեցում։ Այս մարդիկ հավատում են Աստծուն պարզապես ելք գտնելու համար։ Բնավ հետաքրքրված չեն ճշմարտությամբ։ Նրանք անհավատներ են։ Մեկ այլ տեսակ էլ չար մարդիկ ու հակաքրիստոսներն են, որոնք միանում են եկեղեցուն պաշտոնյաներ դառնալու և իշխանության իրենց ցանկությունը բավարարելու համար։ Այս մարդիկ միշտ ցանկացել են պաշտոնյաներ դառնալ հասարակության մեջ, բայց այս հասարակությունն անարդար է։ Նրանք չունեն փող կամ ազդեցություն, ուստի չեն կարողանում պաշտոնյաներ դառնալ, և նրանց պաշտոնեական կարիերան երբեք սահուն չի ընթանում։ Տեսնելով, որ Աստծուն հավատացողներից շատերը հասարակության մեջ կարգավիճակ չունեցող պարզասիրտ մարդիկ են՝ կարծում են, թե քանի որ մի փոքր տաղանդ ունեն, իրենց համար հեշտ կլինի առաջնորդող դառնալ եկեղեցում, և եթե իսկապես առաջնորդող են դառնում, դա նշանակում է, որ պաշտոնյա են դարձել։ Միանում են եկեղեցուն պարզապես պաշտոնյաներ դառնալու համար։ Այս տեսակի մարդը հավատում է Աստծուն պարզապես իր փառասիրական ձգտումներն ու նկրտումները բավարարելու համար։ Եկեղեցի մտնելուն պես ամեն ջանք գործադրում է համբավի, շահի և կարգավիճակի հասնելու համար, որպեսզի մարդիկ հարգեն ու երկրպագեն իրեն։ Այդպես վարվելով՝ խաթարումներ և անհանգստություններ է բերում եկեղեցու աշխատանքին և Աստծու ընտրյալ մարդկանց կյանքի մուտքին։ Նրանք եկեղեցի սողոսկած չար մարդիկ ու հակաքրիստոսներն են։ Արդյո՞ք սրանք են Աստծուն հավատացող մարդկանց հիմնական տեսակները։ (Այո՛։) Ապա այս տեսակի մարդկանցից որո՞նց է Աստված ուզում փրկել։ Որո՞նք ի վերջո դուրս կթողնվեն։ Ո՞ւմ վրա պետք է առաջնորդողներն ու աշխատողները կատարեն իրենց աշխատանքը։ Սրանք այն սկզբունքներն են, որոնց առաջնորդողներն ու աշխատողները պետք է տիրապետեն։ Եկեղեցու աշխատանքը կատարելիս ո՞ւմ վրա ես կենտրոնացնում աշխատանքդ։ Ճշմարտության մասին հաղորդակցվելիս ո՞ւմ վրա ես կենտրոնանում։ Ո՞ւմ հետ ճշմարտության մասին հաղորդակցվելն արդյունքներ կտա և ո՞ւմ հետ ճշմարտության մասին հաղորդակցվելը ոչ մի արդյունքի չի բերի։ Եթե սրտումդ հստակ չես հասկանում այս բաները, չես կարողանա լավ կատարել եկեղեցու աշխատանքը։ Եկեղեցու որոշ առաջնորդողներ պնդում են, որ պետք է ապավինել սիրուն` ճշմարտությանը չձգտող մարդկանց օգնելու և աջակցելու համար։ Ամեն օր կարդում են Աստծու խոսքերը, ճշմարտության մասին հաղորդակցվում ճշմարտությանը չձգտող այս մարդկանց հետ և աջակցում նրանց այն աստիճան, որ անտեսում են անգամ ուտելն ու քնելը։ Նրանք կարծում են, որ սա սեր է, և որ այսպես վարվելն առավելագույնս համահունչ է Աստծու մտադրություններին և առավելագույնս հաշվի է առնում դրանք։ Արդյունքում, մի քանի ամիս ինչ-որ մեկին ջրելուց հետո, այդ մարդը կշտանում է նրանից ու ասում ճշմարտությունը․ «Դադարե՛ք ձեր ջանքերը վատնել ինձ վրա։ Ես չե՛մ սիրում ճշմարտությունը։ Շարունակ Աստծու խոսքերն եք կարդում ինձ համար և խանգարում իմ բազմաթիվ գործերին։ Շտապե՛ք և գնացե՛ք գտեք ճշմարտությանը ձգտող մարդկանց ու ձեր աշխատանքը կատարեք նրանց վրա»։ Երբ նրանք ասում են սա, մի՞թե դևը ցույց չի տալիս իր իրական դեմքը։ Եթե առաջնորդողը կամ աշխատողն այս խոսքերը լսելուց հետո միայն գիտակցում է․ «Ուրեմն նա չի սիրում ճշմարտությունը, այդ դեպքում մի՞թե նրան ջրելը, աջակցելը և նրա վրա այդքան աշխատանք կատարելն իզուր չէին»։ Մի՞թե այս առաջնորդողը կամ աշխատողը բթամիտ չէ։ (Այդպես է՛։) Նա նույնիսկ չգիտի՝ արդյոք ինչ-որ մեկը սիրում է ճշմարտությունը, թե ոչ։ Այդքա՜ն բթամիտ են։ Որպես առաջնորդող՝ պետք է ջրես այն մարդկանց, որոնք սիրում են ճշմարտությունը և ձգտում դրան, պետք է ջրես նրանց, ում Աստված նախասահմանել և ընտրել է, և ջրես այն մարդկանց, ում Աստված ուզում է փրկել։ Եթե լավ ջրես այս մարդկանց՝ օգնելով նրանց ձեռք բերել ճշմարտությունը և հասնել փրկության, ապա կատարած կլինես քո հիմնական առաքելությունը։ Եթե ջրես միայն ճշմարտությունը չսիրող մարդկանց` եկեղեցի սողոսկած չարերին, ապա նույնիսկ եթե տասը տարի էլ ջրես նրանց, ոչ մի արդյունքի չես հասնի։ Միաժամանակ, Աստծու ճշմարիտ ընտրյալ մարդկանց լրջորեն ջրած չես լինի։ Առանց լավ ջրում ստանալու նրանք ստիպված են հույսը դնել իրենց վրա վեր ձգտելու և փնտրելու համար, ուստի այն, ինչի մեջ կարող են մուտք գործել, շատ սահմանափակ է։ Ուրեմն մի՞թե այս կերպ աշխատանքդ կատարելով՝ չես կասեցնում նրանց կյանքը։ Ճշմարտությանն իսկապես ձգտողներին և Աստծու կողմից նախասահմանված ու ընտրված մարդկանց մի կողմ ես նետում ու անտեսում՝ դրանով իսկ խոչնդոտելով նրանց կյանքի աճին, սակայն ողջ էներգիադ և սերդ ծախսում ես եկեղեցի սողոսկած չարերի վրա։ Մի՞թե այս կերպ աշխատանքդ կատարելն իզուր ջանք չէ։ Որտե՞ղ են քո բարի գործերը։ Դու ամենաբթամիտ տեսակի առաջնորդողն ես, ինչպես նաև կեղծ առաջնորդողի մի տեսակ։ Կեղծ առաջնորդողի ամենաակնհայտ դրսևորումն իրական աշխատանք չկատարելն է։ Թեև այս տեսակի կեղծ առաջնորդողն իսկապես աշխատանք կատարում է, բայց բթամիտ է և աշխատում է սխալ մարդկանց վրա։ Մարդիկ, ում վրա աշխատում է, այն մարդիկ չեն, ում Աստված ուզում է փրկել, այլ նրանք են, ում Աստված ուզում է դուրս թողնել։ Ասացե՛ք ինձ, արդյո՞ք նման առաջնորդողները կույր են։ (Այո՛։) Կա՞ն արդյոք նման առաջնորդողներ և աշխատողներ հիմա։ Որքան քիչ է ինչ-որ մեկը սիրում կամ ձգտում ճշմարտությանը, այնքան շատ են պնդում ջրել նրան։ Կարծում են, թե սա Աստծու մտադրությունն է, և որ միայն այս մարդկանց ջրելով են սեր դրսևորում։ Մի՞թե նման մտքեր ունեցող մարդիկ հիմար չեն։ Երբ նման մարդիկ են առաջնորդում եկեղեցին, դա նման է կույրը կույրին առաջնորդելուն։ Երկուսն էլ փոսը կընկնեն։ Եթե առաջնորդողներն ու աշխատողները չ կարողանան զանազանել՝ ում է Աստված ուզում փրկել և ում է Աստված ուզում դուրս թողնել, ապա իրենց աշխատանքում անշուշտ անընդհատ իզուր բաներ կանեն և կզբաղվեն անշնորհակալ գործերով։ Արդյունքում, իրենց էներգիան սխալ ուղղությամբ կգործադրեն և կխոչնդոտ են եկեղեցու աշխատանքին։ Ուստի, ի՞նչ աշխատանք պետք է կատարեն իսկապես խորաթափանց և խելացի առաջնորդողներն ու աշխատողները։ Պետք է կենտրոնանան եկեղեցում գտնվող այն մարդկանց վրա, որոնք ձգտում են ճշմարտությանը, և ապա ամեն օր ջրեն և ապահովեն նրանց։ Մեկ-երկու կամ երկու-երեք տարի նրանց ջրելուց հետո այս մարդիկ հիմք կդնեն և մուտք կգործեն ճշմարտության իրականություն, իսկ առաջնորդողները կատարած կլինեն իրենց հիմնական առաքելությունը։ Ինչ վերաբերում է նրանց, ովքեր չեն սիրում ճշմարտությունը և հակակրանք են տածում ճշմարտության հանդեպ, ապա եթե դժվարություններ ունենան և գան քեզ մոտ, ասա՛ նրանց, որ աղոթեն Աստծուն և կարդան Աստծու խոսքերը դրանք ինքնուրույն լուծելու համար։ Ժամանակ մի՛ վատնիր նրանց վրա։ Նրանք չեն սիրում ճշմարտությունը, ուստի որքան էլ ճշմարտության մասին հաղորդակցվես նրանց հետ, իզուր կլինի։ Եթե նաև չարիք գործեն, անհանգստացնեն եկեղեցու աշխատանքը և համառորեն հրաժարվեն ապաշխարել, ապա ապացույցնե՛ր հավաքիր ու վտարի՛ր նրանց։ Միայն ճշմարտությունը չսիրող և ճշմարտության հանդեպ հակակրանք տածող մարդկանց հետ այս կերպ վարվելով՝ առաջնորդողներն ու աշխատողները կարող են համարվել իմաստուն, հավատարիմ և խորաթափանց ծառաներ։

Ուստի կարո՞ղ եք արդյոք այս կերպ աշխատել։ Կարո՞ղ եք զանազանել՝ եկեղեցում ով կարող է փրկվել և ում է վիճակված դուրս թողնվել։ (Որոշ չափով կարող ենք զանազանել սա։) Սրա վերաբերյալ որոշ լրացուցիչ մանրամասներ կան, եկե՛ք հաղորդակցվենք դրանց մասին։ Ինչպե՞ս զանազանել՝ արդյոք անձն այն մարդկանցից է, ում Աստված ուզում է փրկել։ Պետք է կարողանաս զանազանել՝ արդյոք նա մեկն է ով ընդունում է ճշմարտությունը։ Ինչպիսի՞ խառնվածքներն են թույլ տալիս մարդուն ընդունել ճշմարտությունը, և ինչպիսի՞ խառնվածքներն են անկարող դարձնում ընդունել այն։ Ինչպիսի՞ խառնվածքներն են ստիպում չկիրարկել ճշմարտությունը նույնիսկ այն հասկանալու դեպքում, և ինչպիսի՞ խառնվածքներն են ստիպում ձգտել ճշմարտությանը նույնիսկ այն չհասկանալու դեպքում։ Նաև այն, թե ինչպիսի՞ մարդն ամենայն հավանականությամբ կդառնա կեղծ առաջնորդող, և ինչպիսի՞ մարդն ամենայն հավանականությամբ կդառնա հակաքրիստոս։ Պետք է կարողանաս զանազանել այս բոլոր բաները։ Միայն այս հարցերի շուրջ հանգամանորեն խորհելուց հետո կարող ես հստակորեն տեսնել՝ եկեղեցում ով կարող է փրկվել և ում է վիճակված դուրս թողնվել, և ապա կիմանաս՝ ինչպես կատարել եկեղեցու աշխատանքը։ Առաջնորդողներն ու աշխատողները նախ պետք է տիրապետեն այս հարցերին և իմանան՝ ինչպես դիտարկել և զանազանել մարդկանց։ Եթե առաջնորդողներն ու աշխատողները որակի պակաս ունեն և չեն կարողանում հստակորեն տեսնել տարբեր տեսակի մարդկանց, ապա անպայման աշխատանքը շփոթված կերպով կկատարեն և լավ արդյունքների չեն հասնի։ Դա նման է կյանքի ընկեր փնտրելուն։ Եթե չես կարողանում մարդկանց հստակ տեսնել, ի՞նչ սխալ թույլ կտաս։ Անկասկած, կընտրես սխալ մարդու։ Եթե պատահաբար ընտրես չար մարդու, փորձանքի մեջ կընկնես, և ողջ կյանքդ կարող է նույնիսկ կործանվել։ Տեսնո՞ւմ ես, եթե կյանքի ընկեր փնտրելիս չես կարողանում մարդկանց հստակ տեսնել, հետևանքների մասին մտածելն անգամ սարսափելի է։ Նմանապես, եթե եկեղեցու առաջնորդողը չգիտի՝ ինչպես դիտարկել և զանազանել մարդկանց, հետևանքները նույնպես աներևակայելի են։ Կարո՞ղ ենք արդյոք սա ասել։ (Այո՛։) Որպես առաջնորդողներ և աշխատողներ՝ պետք է հաճախ հաղորդակցվեք մարդկանց դիտարկելու և զանազանելու թեմաների շուրջ։ Օրինակ՝ ինչպիսի՞ մարդկանց է Աստված փրկում։ Պետք է մի քանի հոգու որպես կոնկրետ օրինակներ բերես և խորհես, թե նրանցից ով կարող է փրկվել։ Եթե իսկապես բացահայտես, որ ինչ-որ մեկն ազնիվ մարդ է, և որ կիրարկում է ճշմարտությունը, երբ հասկանում է այն, ապա երաշխավորված է, որ կկարողանա փրկության հասնել։ Մեկ այլ օրինակ՝ ինչպե՞ս կիրարկել ազնիվ մարդ լինելը։ Որո՞նք են սկզբունքները։ Ազնիվ մարդ լինելու համար նախևառաջ չես կարող ստել։ Պետք է ասես ճշմարտությունը։ Այդ դեպքում ի՞նչ է նշանակում ասել ճշմարտությունը։ Տեր Հիսուսն ասել է. «Բայց ձեր խոսքը թող լինի՝ այն՝ այո, և ոչը՝ ոչ, որովհետև դրանից ավելին չարից է» (Մատթեոս 5.37)։ Ի՞նչ է նշանակում «դրանից ավելին» այստեղ։ Դա նշանակում է, որ խոսքերդ խեղաթյուրված են, և դու նենգորեն ես վարվում։ Ակնհայտորեն բավարար կլիներ պարզապես փաստերի համաձայն ասել «այո» կամ «ոչ», բայց փոխարենը շատ ավելին ես ասում։ Քո ասած ավելորդ բաներն ասվում են ինքդ քեզ համար, և ասվում են քո սեփական նպատակներին հասնելու համար։ Միայն փաստերի համաձայն խոսողներն են ազնիվ մարդիկ։ Եթե փաստերից զատ մի քանի ավելորդ բառ ավելացնես, ապա այդ բառերը խեղաթյուրված կլինեն ստերով, եսասիրական շարժառիթներով, մանր խարդավանքներով ու խորամանկ մեթոդներով, և դրանով իսկ ի հայտ կգա սատանայական նենգ խառնվածք։ Ավելի վաղ, երբ ավարտեցի ազնիվ մարդ լինելու ճշմարտության մասին հաղորդակցվելը, ինչ-որ մեկն ինձ ասաց․ «Եղբա՛յր, այն խոսքերը, որ քիչ առաջ ասացի քեզ, սուտ էին։ Ասելուց հետո զգացի, որ ինչ-որ բան այն չէ, և հիմա պետք է ուղղեմ դրանք։ Իրականում այսպես է եղել...»։ Ինչպիսի՞ մարդը կարող է նման բաներ ասել։ Այն մարդը, որը կիրարկում է ճշմարտությունը, երբ հասկանում է այն։ Երբ ավարտում ես ազնիվ մարդ լինելու ճշմարտության մասին հաղորդակցվելը, անմիջապես սկսում է խորհրդածել իր մասին․ «Կայի՞ն արդյոք ստեր իմ ասածի մեջ։ Եթե այո, ապա պետք է արագ ընդունեմ և ուղղեմ դրանք»։ Նման մարդիկ կիրարկում են ճշմարտությունը, երբ հասկանում են այն։ Նրանք պարզ են ու ազնիվ և ճիշտ այն մարդիկ են, ում Աստված փրկում է։ Ապա ինչպիսի՞ մարդկանց Աստված չի փրկում։ Այն մարդկանց, որոնց, հետ երբ ավարտում ես ազնիվ մարդ լինելու ճշմարտության մասին հաղորդակցվելը, մտածում են իրենք իրենց․ «Միայն հիմարը ազնիվ մարդ կլիներ։ Ուզում ես, որ հիմա՞ր լինեմ, բայց չեմ լսելու քեզ»։ Սա բարձրաձայն չի ասում, բայց, ելնելով նրանից, թե ինչ է մտածում իր սրտում, արդյո՞ք ընդունում է ճշմարտությունը։ (Չի ընդունում ճշմարտությունը։) Ապա ի՞նչ վերաբերմունք ունի նա ճշմարտության նկատմամբ։ Նրա վերաբերմունքը ճշմարտության նկատմամբ այն նսեմացնելու, արհամարհելու, դրան վերևից նայելու և հայհոյելու վերաբերմունք է։ Ճշմարտության հանդեպ նման վերաբերմունքով կարո՞ղ է արդյոք դեռ ձեռք բերել ճշմարտությունը։ Արդյո՞ք նա այն մարդն է, ում Աստված ուզում է փրկել։ (Ո՛չ։) Ինչի՞ հիման վրա ես որոշում, որ նա այն մարդը չէ, ում Աստված ուզում է փրկել։ (Ճշմարտության նկատմամբ նրա ունեցած վերաբերմունքի հիման վրա։) Ուստի դեռևս պե՞տք է կենտրոնանաս նրան ջրելու վրա։ Արդյո՞ք նա դեռ քո աշխատանքի հիմնական կենտրոնն է։ (Ո՛չ։) Ահա թե ինչպես պետք է դիտարկես մարդկանց։ Պետք է դիտարկես ճշմարտության նկատմամբ նրանց վերաբերմունքը՝ հիմնվելով կոնկրետ հարցերի վրա։ Օրինակ՝ երբ սովորական հավաքների ժամանակ հաղորդակցվում և քարոզում եք, կամ երբ ուրիշները կիսվում են փորձառական վկայություններով, որոնք բավականին լավ և գործնական են, պետք է դիտարկես բոլորի դրսևորած վերաբերմունքը՝ ի պատասխան դրան։ Եթե միշտ այս կերպ դիտարկես, աստիճանաբար հստակորեն կտեսնես բոլորի վերաբերմունքը ճշմարտության նկատմամբ։ Ժամանակի ընթացքում կկարողանաս տեսնել՝ արդյոք իսկապես սիրում և ընդունում են ճշմարտությունը, թե՞ հակակրանք են տածում դրա հանդեպ և ատում այն։ Երբ դիտարկես սա, կկարողանաս որոշել՝ արդյոք նրանք այն մարդկանցից են, ում Աստված կփրկի, և արդյոք կարող են փրկության հասնել՝ ելնելով ճշմարտության նկատմամբ նրանց վերաբերմունքից։ Մի՞թե սա այն չէ, ինչին պետք է տիրապետեն առաջնորդողներն ու աշխատողները։ (Այդպե՛ս է։) Առաջնորդողներն ու աշխատողները պետք է հստակորեն տեսնեն եկեղեցում գտնվող յուրաքանչյուր մարդու։ Եթե սրտումդ չես հասկանում կամ ճիշտ չես ընկալում յուրաքանչյուրի վերաբերմունքը ճշմարտության և Աստծու նկատմամբ, ապա անպայման աշխատանքդ կկատարես շփոթված, աննպատակ կերպով։ Նայի՛ր, թե ինչպես եմ կատարում իմ աշխատանքը։ Ճշմարտությանը ձգտող մարդիկ, առաջնորդողներն ու աշխատողները, լիաժամկետ իրենց պարտավորությունը կատարողները և կարևոր պարտավորություններ կատարողները իմ աշխատանքի կենտրոնում են։ Սակայն, իրականում Ես չեմ ջրում նրանց, ովքեր պարտավորություն չեն կատարում, և նրանց, ովքեր նախկինում լիաժամկետ կատարում էին իրենց պարտավորությունը, բայց դուրս թողնվեցին։ Այդ մարդկանց առաջնորդելը հանձնել եմ առաջնորդողներին և աշխատողներին։ Իմ աշխատանքի հիմնական նպատակն է պատշաճ կերպով առաջնորդել, մատակարարել և ջրել այն մարդկանց, ովքեր անկեղծորեն հետևում են Աստծուն և իրենց պարտավորությունը կատարում են լիաժամկետ։ Սա իմ հիմնական պարտավորությունն ու իմ պատասխանատվությունն է։ Ուստի, որպես առաջնորդող կամ աշխատող, դու նույնպես պետք է հստակ գիտակցես՝ որն է քո հիմնական պարտավորությունը և որն է քո ամենակարևոր աշխատանքը։ Պետք է սովորես հստակ առաջնահերթություններ սահմանել։ Որո՞նք են այն մարդիկ, որոնք քո աշխատանքի կենտրոնում են։ Այդ մարդկանցից ովքե՞ր են առաջին, երկրորդ և երրորդ տեղում։ Պետք է ճշգրիտ որոշես այս շրջանակը և բացարձակապես երբեք չշեղվես դրանից։ Ապա պետք է աշխատանքդ հատուկ ուղղես այս մարդկանց։ Ինչ վերաբերում է այս շրջանակից դուրս գտնվողներին, ապա նրանք այն մարդիկ չեն, ում Աստված կփրկի, ուստի պետք չէ նրանց ուշադրություն դարձնել։ Սակայն, եթե նրանք չարիք գործեն և անհանգստացնեն եկեղեցու աշխատանքը, Աստծու տունն ունի կառավարչական հրամանագրեր։ Նրանք, ովքեր պետք է հեռացվեն կամ վտարվեն, պետք է հեռացվեն կամ վտարվեն, իսկ նրանք, ովքեր պետք է պաշտոնազրկվեն, պետք է պաշտոնազրկվեն։ Այսուհետ պետք է անընդհատ ջրեք և մատակարարեք ճշմարտությանը ձգտողներին։ Ինչ վերաբերում է նրանց, ովքեր չեն ձգտում ճշմարտությանը, ապա ձեզ պետք չէ ուշադրություն դարձնել նրանց։ Խնայե՛ք ձեր էներգիան ճշմարտությանը ձգտողների համար, լա՞վ։ (Լա՛վ։) Այսպես վարվելը քեզ դարձնում է իմաստուն և խորաթափանց ծառա։ Մենք Պետք է ձգտենք իմաստուն և խորաթափանց ծառաներ լինել։ Մեր աշխատանքում պետք է սկզբունքներ ունենանք։ Պետք է իմանանք՝ ով է մեր աշխատանքի կենտրոնում, ովքեր են այն մարդիկ, ում Աստված դուրս է թողնում, ով է անփրկելի, ում է Աստված մի կողմ դրել, ում է Աստված ուզում կատարյալ դարձնել, ում է Աստված ուզում փրկել, և ովքեր են տքնողները։ Պետք է հստակ գիտակցես այս ամենը։ Բացի այդ, պետք է տիրապետես մանրամասներին, թե որ ճշմարտությունների մասին պետք է հաղորդակցվես ճշմարտությանը ձգտող մարդկանց հետ, որ ճշմարտությունների մասին պետք է հաղորդակցվես տքնողների հետ, և ինչ տարբեր պահանջներ են կիրառվում տարբեր մարդկանց նկատմամբ։ Երբ տիրապետես այս մանրամասներին, կունենաս սկզբունքներ եկեղեցում գտնվող յուրաքանչյուր տեսակի մարդու հետ վարվելու համար։ Իմանալը, թե ով որ դասին է պատկանում և ինչպես պետք է վարվել նրանց հետ, նշանակում է, որ կաշխատես սկզբունքային կերպով և Աստծու մտադրություններին համահունչ։

Անցյալ տարի Չինաստանի մայրցամաքային մասում գտնվող մի եկեղեցում տեղի ունեցավ մարդկանց մոլորեցնել փորձող կեղծ քրիստոսի հետ կապված մի միջադեպ, և որոշ մարդիկ իսկապես մոլորեցվեցին այս կեղծ քրիստոսի կողմից ու հեռացան։ Ես ասացի, որ սա լավ բան է։ Եկեղեցին մաքրվում էր այս կեղծ քրիստոսի միջոցով, ուստի չխոսեցի այն մասին, թե ինչպես վարվել կամ կանգնեցնել նրանց։ Ինչո՞ւ ոչինչ չասացի։ Որովհետև Աստծու գործը մոտենում է ավարտին, և բոլոր տեսակի մարդիկ բացահայտվել են։ Կարո՞ղ են արդյոք ճշմարտությունն անկեղծորեն սիրող մարդիկ մոլորեցվել ու հեռանալ կեղծ քրիստոսի կողմից։ Ո՛չ։ Ապա ի՞նչ տեսակի մարդիկ կարող են մոլորեցվել ու հեռանալ։ Բթացած մարդիկ, որոնք երկար տարիներ հավատացել են Աստծուն, սակայն բնավ չեն հասկանում ճշմարտությունը։ Նույնիսկ եթե այս մարդիկ կեղծ քրիստոսների և հակաքրիստոսների կողմից չմոլորեցվեին ու չհեռանային, կարո՞ղ էին արդյոք ձգտել ճշմարտությանը, եթե մնային եկեղեցում։ Կարո՞ղ են քարոզել ավետարանը։ Կարո՞ղ են տքնել։ Չեն կարող ո՛չ ավետարան քարոզել, ո՛չ էլ լավ տքնել, ուստի ի՞նչ դեր կարող են խաղալ եկեղեցում։ Բոլորովին ոչ մի դեր չեն կարող խաղալ։ Ապա մի՞թե լավ չէ, երբ նման մարդիկ մոլորեցվում են ու հեռանում։ (Լավ է։) Ուստի Ես պարզապես անտեսեցի այս հարցը։ Ավելի քան մեկ տասնամյակ առաջ, երբ կեղծ քրիստոսներ ու հակաքրիստոսներ հայտնվեցին եկեղեցում և մոլորեցրին մարդկանց, ես մի աշխատանքային կարգավորում հրապարակեցի։ Եթե լոկ մեկ կամ երկու տարի Աստծուն հավատացող մարդիկ են մոլորեցվում, առաջնորդողներն ու աշխատողները կարող են փորձել փրկել նրանց։ Բայց առաջնորդողներն ու աշխատողները պետք է հրաժարվեն յուրաքանչյուրից, ով հինգ տարի կամ ավելի է հավատում Աստծուն և մոլորեցվել ու հեռացել է…և ոչ ոքի չի թույլատրվում փորձել փրկել նրան։ Սա այն պատճառով է, որ այս մարդիկ չունեն հոգևոր հասկացողություն, և Աստծու հանդեպ նրանց հավատը բթացած է։ Լավ է, որ նման մարդիկ հեռանան եկեղեցուց։ Աստծու տանը մեզ պետք չեն մարդիկ, որոնք այստեղ են պարզապես թվաքանակ ապահովելու համար։ Ի՞նչ եք կարծում այս աշխատանքային կարգավորման մասին։ (Լա՛վն է։ Համահունչ է Աստծու մտադրություններին։) Ինչո՞ւ է այն համահունչ Աստծու մտադրություններին։ (Եղբա՛յր, դու արել ես կարգավորումը՝ ելնելով նրանից, թե ինչպիսի մարդկանց է Աստված փրկում և ինչպիսի մարդկանց է դուրս թողնում։ Այն համապատասխանում է ճշմարտության սկզբունքներին։) Նորմալ է, որ մեկ կամ երկու տարի Աստծուն հավատացող մարդիկ չեն հասկանում ճշմարտությունը և մոլորեցվում են։ Միգուցե անկեղծորեն հավատում են Աստծուն, և պարզապես հոգևոր հասակի փոքր լինելու և ճշմարտությունը չհասկանալու պատճառով են մոլորցեվում։ Ճիշտ և տեղին է, փորձելը փրկել նրանց։ Սա պատասխանատվություն է, որը պետք է կատարենք։ Բայց եթե հինգ տարի Աստծուն հավատացող մեկն իսկապես հոգևոր հասկացողություն ունենար, նա պետք է որ հասկացած լիներ որոշ ճշմարտություններ, և կեղծ քրիստոսների ու հակաքրիստոսների համար բացարձակապես անհնար կլիներ մոլորեցնել նրան և դրդել հեռանալու։ Ուստի, եթե հինգ տարի կամ ավել Աստծուն հավատացող մարդիկ դեռ կարող են մոլորեցվել կեղծ քրիստոսների և հակաքրիստոսների կողմից ու հեռանալ, կարիք չկա փորձելու փրկել նրանց։ Ինչո՞ւ եմ ասում, որ կարիք չկա փորձելու փրկել նրանց։ Որովհետև այս տեսակի մարդը պետք է դուրս թողնվի։ Նրանք մի քանի տարի հավատացել են Աստծուն, բայց ոչինչ ձեռք չեն բերել և ոչ մի ճշմարտություն չեն հասկանում։ Նրանք Դևեր և Սատանաներ են, և ահա թե ինչու կարող են մոլորեցվել կեղծ քրիստոսների և հակաքրիստոսների կողմից ու հեռանալ։ Եթե նման մարդիկ ուզում են հեռանալ եկեղեցուց, մի՛ կանգնեցրեք նրանց։ Մենք պետք է նույնիսկ ուրախությամբ ճանապարհենք նրանց։ Ի՞նչ եք կարծում նման մարդկանց նկատմամբ այս վերաբերմունքի մասին։ (Լա՛վ է։) Բայց արդյո՞ք այսպես կվարվեիք։ Այսպես չէիք վարվի։ Որոշ մարդիկ նույնիսկ դատեցին ինձ՝ ասելով․ «Աշխատանքային կարգավորումն ասում է, որ կարիք չկա փրկելու նրանց, ովքեր հինգ տարի կամ ավել հավատացել են Աստծուն և մոլորեցվել են կեղծ քրիստոսների և հակաքրիստոսների կողմից ու հեռացվել։ Սա սիրո պակաս է»։ Հինգ տարի Աստծուն հավատալուց հետո մարդիկ արդեն պետք է հիմք գցած լինեին ճշմարիտ ճանապարհի մեջ։ Եթե հիմք են գցել և դեռ կարող են մոլորեցվել ու հեռանալ, ո՞րն է խնդիրը։ Ասում են, թե նման մարդկանց փրկել չփորձելը սիրո պակաս է։ Արդյո՞ք այս պնդումը ճիշտ է։ (Ո՛չ։) Ինչո՞ւ այն ճիշտ չէ։ (Դևերին սիրելը ճշմարիտ սեր չէ։ Դա կույր սեր է, հիմար սեր։) Ասացե՛ք ինձ՝ արդյո՞ք հնարավոր կլիներ կայացնել այս որոշումն՝ առանց որևէ մեկի կողմից դատվելու։ Ինչ-որ մեկն անպայման կդատեր ինձ։ Բայց քանի որ ես հստակորեն տեսա, որ այս հարցը նման կերպ կարգավորելը համապատասխանում է սկզբունքներին և համահունչ է Աստծու մտադրություններին, համարձակվեցի անել դա և չվախեցա ուրիշների կողմից դատվելուց։ Հետևաբար, անկախ նրանից, թե ինչ եք անում, պետք է հստակորեն տեսնեք, թե ինչպես վարվել որ համապատասխանի սկզբունքներին և համահունչ լինի Աստծու մտադրություններին։ Եթե հստակորեն տեսնես, որ այդպես վարվելը համապատասխանում է սկզբունքներին, չես վախենա, որ ուրիշները կդատեն քեզ, երբ գործես։ Եթե չկարողանաս հստակորեն տեսնել և պարզապես կուրորեն գործես այնպես, ինչպես ուզում ես, չես կարողանա ամուր կանգնել, երբ ուրիշները դատեն քեզ։ Դիրքորոշում չես ունենա և չես իմանա՝ ինչ անել, իսկ դա շատ խնդրահարույց կլինի։ Ուստի, Աստծուն հավատալու և Նրան ծառայելու համար պետք է բավարար չափով ճշմարտություններ հասկանաս և կարողանաս հստակորեն տեսնել բաները։ Եթե չես կարողանում հստակորեն տեսնել բաները, հեշտ չի լինի գործել սկզբունքորեն և այնպես, որ համահունչ լինի Աստծու մտադրություններին։ Չես կարողանա հասնել դրան։ Որոշ ժամանակ առաջ մի կեղծ քրիստոս հայտնվեց մի երկրի եկեղեցում և մոլորեցրեց մարդկանց։ Ես ասացի չինացի այն մարդկանց, որոնք վերահսկում էին աշխատանքը․ «Ոչ ոք չպետք է միջամտի սրան։ Եկե՛ք պարզապես սպասենք, տեսնենք ու հասկանանք, թե այս կեղծ քրիստոսը որքան կարող է մոլորեցնել մարդկանց և ինչ կանեն տեղական եկեղեցու առաջնորդողներն ու աշխատողները։ Սա մեզ ցույց կտա տեղական եկեղեցու առաջնորդողների և աշխատողների հոգևոր հասակը»։ Մի քանի ամիս անց, երբ կրկին վերադարձա այս հարցին, այս կեղծ քրիստոսն ինքնիրեն անհետացել էր, իսկ մոլորեցված ու հեռացած այն մի քանի մարդկանցից ոմանք բավականին զղջում էին։ Տեսնո՞ւմ ես՝ որոշ բաների դեպքում պարզապես թո՛ղ, որ իրենց բնականոն հունով ընթանան, սպասի՛ր ու տե՛ս, ու դասե՛ր քաղի՛ր դրանցից։ Դա իսկապես լավ բան է։ Կրկին մտածի՛ր այս մասին․ ինչպիսի՞ մարդիկ կարող են մոլորեցվել ու հեռանալ։ Ճշմարտությանը չձգտող և բթացած կերպով հավատացող մարդիկ կարող են մոլորեցվել ու հեռանալ։ Ապա արդյո՞ք Աստված թույլ է տալիս, որ նրանք մոլորեցվեն ու հեռանան։ (Այո՛։) Աստված թույլ է տալիս, որ մոլորեցվեն ու հեռանան, ուստի մի՞թե լավ չէ, որ հեռանում են եկեղեցուց։ Երբ դևերը հեռանում են եկեղեցուց, դա լավ բան է։ Դա մի բան է, որն արժե տոնել։ Ի՞նչ եք կարծում։ Արդյո՞ք ես նույն կերպ եմ դիտարկում բաները, ինչպես դուք։ (Ո՛չ։) Երբեմն այն, թե ինչպես եմ անում բաները, չի համապատասխանում մարդկանց պատկերացումներին։ Ի՞նչ է կատարվում այստեղ։ (Եղբա՛յր, դու հասկանում ես ճշմարտությունը և կարողանում ես հստակորեն տեսնել բաները։ Մենք Դիտարկում ենք դրանք մեր սեփական պատկերացումների ու երևակայությունների հիման վրա։ Ահա թե ինչու ենք կարծում, որ այն, թե ինչպես ես անում բաները, չի համապատասխանում մեր պատկերացումներին։) Երբ ես բաներ եմ անում, պարզապես դրանք անում եմ ցանկացած ձևով, որը համապատասխանում է սկզբունքներին և համահունչ է Աստծու մտադրություններին։ Երբեք չեմ հետևում կանոններին։

Կապվիր մեզ հետ WhatsApp-ով