Ինչպես պետք է առաջնորդներն ու աշխատողները կատարեն եկեղեցու աշխատանքը (2)
Վերադաս եղբոր հաղորդակցությունը. 5-ը դեկտեմբերի, 2025թ. (Մաս 4)
Այսօր հաղորդակցվեցինք այն մասին, թե ինչպես կարող են առաջնորդողներն ու աշխատողները լավ կատարել եկեղեցու գործը։ Ինչպե՞ս է այս թեման, որի շուրջ հաղորդակցվում ենք։ (Լա՛վ է։) Առաջնորդողների և աշխատողների գործին վերաբերող շատ թեմաներ կան, և այնքան շատ բան կա ասելու։ Նախ խոսենք ավելի կարևոր ու վճռորոշ սկզբունքների մասին, իսկ որոշ մանրամասների մասին կխոսենք ավելի ուշ։ Ինչո՞ւ են կեղծ առաջնորդողներ ու հակաքրիստոսներ հայտնվում առաջնորդողների և աշխատողների մեջ։ Շատ կեղծ առաջնորդողներ ու հակաքրիստոսներ հավատացել են Աստծուն բավականին երկար տարիներ։ Ոմանք հավատացել են յոթ կամ ութ տարի, իսկ ոմանք՝ տասը կամ քսան։ Նրանցից ոչ մեկը նոր հավատացյալ չէ, նրանք լսել են բազմաթիվ քարոզներ ու կարդացել Աստծու բազում խոսքեր։ Ուրեմն ինչո՞ւ են առաջնորդողներ և աշխատողներ դառնալուց հետո սկսում քայլել հակաքրիստոսի ուղիով։ Ո՞րն է այստեղ խնդիրը։ Որտե՞ղ է թաքնված խնդրի արմատը։ (Խնդիրը նրանց բնության մեջ է։) Օրինակ վերցրեք Պողոսին։ Ինչո՞ւ նա չվկայեց Տեր Հիսուսին, այլ փոխարենը՝ ինքն իրեն։ Ինչո՞ւ չտարածեց Տեր Հիսուսի խոսքերը, այլ փոխարենը պարզապես հռչակեց Տեր Հիսուսի անունն ու բավարարվեց դրանով։ Երբեք չտարածեց Տեր Հիսուսի խոսքերը, երբեք չխոսեց Տեր Հիսուսի խոսքերի վերաբերյալ իր փորձառական հասկացողության մասին և երբեք չընդունեց Տեր Հիսուսի խոսքերը՝ որպես ճշմարտություն, ճանապարհ ու կյանք։ Դա նշանակում է, որ խնդիր կա՝ նրա անցած ճանապարհի հետ կապված, և դա լուրջ խնդիր է։ Եթե չհաղորդակցվենք այս մասին կամ չփնտրենք դրա արմատական պատճառը, մարդկանց համար հեշտ չի լինի գիտակցել սա։ Ուրեմն ասացե՛ք ինձ, որտե՞ղ է թաքնված խնդրի արմատը։ (Նրանց բնությունը չի սիրում ճշմարտությունը, և նրանք երբեք չեն կիրարկում ճշմարտությունը։ Եթե մեկը սիրում է ճշմարտությունը կամ ձգվում է դեպի դրական բաներ, կկարողանա կիրարկել ճշմարտությունը և փորձառաբար ապրելով Աստծու գործը՝ աստիճանաբար կզարգացնի աստվածավախ սիրտ։ Բայց քանի որ չեն սիրում ճշմարտությունը, ոչ էլ փորձառաբար ապրում կամ կիրարկում են ճշմարտությունը, ի վերջո քայլում են սխալ ճանապարհով։ Այս ամենն առաջացել է նրանց բնությունից։) Խնդիրն այն է, որ նրանց բնական էությունը չի սիրում ճշմարտությունը։ Սա ճի՛շտ է։ Ապա, հաշվի առնելով այն, որ չեն սիրում ճշմարտությունը, արդյո՞ք երբևէ առնչվել են ճշմարտությանը։ Արդյո՞ք երբևէ լսել են ճշմարտությունը։ (Առնչվել են դրան։) Նրանք առնչվել ու լսել են ճշմարտությունը, ուրեմն ինչո՞ւ չեն ընդունում այն, այլ փոխարենը դիմակայում են դրան։ Ո՞րն է այստեղ խնդիրը։ (Ճշմարտության հանդեպ ատելությունը։) Նրանք ոչ միայն չեն սիրում ճշմարտությունը, այլև ատում են այն և այդ պատճառով կարող են դիմակայել Աստծուն։ Եթե չատեին ճշմարտությունը, այլ պարզապես չսիրեին այն, ապա ճիշտ անհավատների պես կլինեին, որոնք անում են Աստծու հետ չառնչվող բաներ։ Բայց այն, ինչ անում են, առնչվում է Աստծուն և թշնամական է Աստծու նկատմամբ, ինչը ցույց է տալիս, որ նրանք Աստծուն դիմակայող մարդիկ են։ Պարզապես նայե՛ք, թե որքան դաժան էր Պողոսն այն ժամանակ, երբ դիմակայում և դատապարտում էր Աստծուն։ Կարող էր հալածել Տեր Հիսուսին և մոլեգնորեն ձերբակալել Տեր Հիսուսի աշակերտներին։ Միանշանակ չար մարդ էր, չար դև էր։ Ուրեմն, հիմա կարո՞ղ եք հստակորեն տեսնել կեղծ առաջնորդողների և հակաքրիստոսների բնական էությունը։ Ի՞նչ արդյունքի ենք ուզում հասնել՝ նրանց բնական էության մասին հաղորդակցվելով և այն մանրամասն վերլուծելով։ (Հիմնական ցանկալի արդյունքն այն է, որ այն օգնի մեզ զանազանություն ձեռք բերել և խուսափել կեղծ առաջնորդողների ու հակաքրիստոսների կողմից մոլորեցվելուց, ինչպես նաև նախազգուշացնել ու քննել ինքներս մեզ և խուսափել նրանց հին ճանապարհով քայլելուց։) Հիմա որոշ առաջնորդողներ և աշխատողներ չեն հետևում սկզբունքներին եկեղեցու գործը կատարելիս՝ պարզապես անում են այն ամենը, ինչ ուզում են։ Հավաքույթների ժամանակ ոմանք կենտրոնանում են միայն երգելու և պարելու վրա և պարզապես չեն ուտում ու խմում Աստծու խոսքերը։ Ոմանք հավաքույթների ժամանակ մշտապես միայն ի ցույց են դնում հոգևոր վարդապետություններ։ Աստծու խոսքերը կարդալուց և ուրիշների՝ ճշմարտության մասին հաղորդակցվելը լսելուց հետո անգիր են անում որոշ հոգևոր բառեր ու վարդապետություններ, իսկ հետո այդ բառերն ու վարդապետությունները քարոզում են իրենց ի ցույց դնելու համար։ Երբեք չեն խոսում իրենց իրական փորձառությունների մասին, ոչ էլ այն մասին, թե ինչպես քննեն և ճանաչեն իրենք իրենց, ինչպես զանազանեն բացասական բաները կամ ինչպես զանազանեն հակաքրիստոսներին և կեղծ առաջնորդողներին։ Նրանք Գործնական չեն, պատշաճ գործ չեն անում և իրենց գործողություններում անիրատես են։ Այս մարդիկ բոլորը հակված են դառնալու կեղծ առաջնորդողներ ու հակաքրիստոսներ։ Հավատո՞ւմ եք սրան։ (Հավատո՛ւմ ենք։) Եթե սկզբից մինչև վերջ լսես նրանցից մեկի անցկացրած հավաքույթը և լսես, թե ինչի մասին է նա խոսում, կիմանաս, թե որն է այդ առաջնորդողի կամ աշխատողի հասակը։ Դու կկարողանաս զանազանել՝ արդյո՞ք նա գործնական է, և արդյո՞ք նրա քարոզները գործնական են։ Նրա ասած խոսքերը կարող են արտաքուստ ճիշտ թվալ, բայց մի՛ խաբվիր․ նա հակված է քարոզելու բառեր ու վարդապետություններ և ի ցույց դնելու իրեն։ Նա իրապես չի քննում ինքն իրեն, չի ատում իր սեփական ապականությունը և ճշմարիտ զղջում չի զգում։ Պարզապես լոկ խոսքեր է ասում և ցուցադրում է որոշ վարդապետություններ, որպեսզի բոլորն իրեն հարգանքով վերաբերվեն։ Արդյոք այս մարդիկ կենտրոնանո՞ւմ են իրականության վրա։ (Ո՛չ։) Նրանք արդեն մոլորվել են։ Ինչո՞ւ Ես ասացի, որ Ֆրանսիայում եկեղեցական կյանքի մասին զեկույցում այդ քրոջ կիսած փորձառությունը գործնական էր։ Որովհետև նա խոսեց կոնկրետ այն հարցի մասին, որում ապականություն էր բացահայտել, և մերկացրեց իր խոսքերի տակ թաքնված մտադրությունները։ Լսելով սա՝ բոլորն իրենց սրտերում հիացան նրանով՝ ասելով․ «Դու խոսում ես իրական փաստերի մասին։ Բավականին պարզամիտ ու բաց ես, և խոսում ես միայն այն մասին, ինչն իրականում տեղի է ունեցել»։ Հետևաբար, մարդիկ, որոնք այսպես պարզամիտ և բաց են, ազնիվ մարդիկ են։ Որոշ մարդիկ ասում են, որ իրենք ապականված են, որ դև ու Սատանա են։ Ապա Ես հարցնում եմ նրանց․ «Ասում ես, որ դև ու Սատանա ես, բայց ի՞նչ հիմքով ես ասում, որ դև ու Սատանա ես։ Որտե՞ղ է դրսևորվում քո ապականությունը»։ Ասում են․ «Ես չունեմ մարդկայնություն։ Մարդ չե՛մ»։ Ասում եմ․ «Ինչպե՞ս մարդկայնություն չունես։ Ինչպե՞ս մարդ չես։ Մի՛ խոսիր դատարկ, մշուշոտ բառերով։ Ասա՛ ինձ փաստերը»։ Երբեք չեն ասում ինձ փաստերը։ Արդյո՞ք այստեղ խնդիր կա։ (Կա՛։) Ո՞րն է խնդիրը, որ չեն ասում ինձ փաստերը։ Իրապես չեն ճանաչում իրենք իրենց։ Խոստովանում են, որ մարդ չեն և դև են, սակայն չեն համարձակվում խոստովանել իրենց արածները։ Սա կեղծավորություն է։ Ոմանք միգուցե ամաչում են ուրիշների առաջ բացահայտել իրենց ապականությունը և դժվարանում են արտահայտվել։ Սա իրական դժվարություն է։ Բայց արդյո՞ք խոսում ես ճշմարտությունը Աստծուն աղոթելիս։ Պետք է ճշմարտությունն ասես Աստծուն։ Եթե դժվարանում ես խոսքերն արտաբերել և չունես քաջություն՝ բացվելու և ուրիշներին ասելու, բայց սրտումդ իսկապես զղջում ունես՝ հուսահատորեն ցանկանալով ապտակել ինքդ քեզ, երդումներ տալ և անիծել ինքդ քեզ, ու դրանից հետո իսկապես փոխվում ես, ապա նույնպես ընդունելի է, որ այս կերպ կիրարկես։ Երբ հաղորդակցվում եմ ինքնաճանաչողության մասին, դա չի նշանակում, թե անպայման պետք է փաստերը կորզեմ քո բերանից և ստիպեմ՝ բոլորին խոստովանես։ Դա չէ նպատակը։ Հիմնական նպատակն է մղել քեզ ապաշխարելու և փոխվելու։ Եթե չես կարող ապաշխարել ու փոխվել, եթե չես կարող հասնել այս արդյունքին, ապա որքան էլ ընդունես, որ դև ու Սատանա ես, անիմաստ է։ Որոշ եղբայրներ ու քույրեր նախկինում անառակ արարքներ են գործել։ Աստծուն հավատալուց և Աստծու խոսքերը կարդալուց հետո որոշակիորեն ճանաչեցին իրենք իրենց։ Նրանք ոչ միայն կարող են բացվել Աստծուն աղոթելիս, այլև կարող են բացվել ուրիշների առաջ՝ ասելով․ «Նախկինում ես անառակություն եմ գործել և եղել եմ մի քանի հոգու հետ»։ Աստծու տունը նրանց չհարցրեց այս բաների մասին, բայց նրանք նախաձեռնողաբար բացահայտեցին իրենց։ Սա ցույց է տալիս, որ իրապես ապաշխարող սիրտ ունեն։ Տեսել են, որ չափազանց կեղտոտ ու ապականված էին, և իսկապես ատել են իրենք իրենց։ Հետևաբար, նրանք ոչ միայն կարող են աղոթքով բացվել Աստծու առաջ, այլև՝ իրենց եղբայրների ու քույրերի առաջ։ Երբ տեսնեմ, որ ազնիվ են և ունեն իսկապես ապաշխարող սիրտ, արագորեն առաջ կտանեմ նրանց, եթե փորձառական վկայություն են կրել։ Բայց եթե մարդը պարզամիտ չէ, այլ բավականին նենգ ու չարասեր է, նրան բացարձակապես չի կարելի առաջ տանել, որովհետև նա պարզասիրտ կամ պարզամիտ չէ։ Պարզամիտ լինել նշանակում է խոսել ճշմարտությունը և ի սրտե խոսել։ Մի՛շտ մի՛ արտաբերեք բառեր ու վարդապետություններ և մի՛շտ մի՛ խոսեք դատարկ բառերով։ Նման բաներ խոսելն անօգուտ է։ Նայե՛ք, երբ ձեզ քարոզներ եմ ասում, արդյո՞ք տեսական կամ դատարկ որևէ բան եմ ասում։ Ես տեսական կամ դատարկ ոչինչ չեմ ասում։ Պարզապես մերկացնում եմ իրական խնդիրները և փաստերն եմ ասում։ Այսպես պետք է առաջնորդողներն ու աշխատողները քարոզներ ասեն և հաղորդակցվեն ճշմարտության մասին։
Ասա՛ ինձ, կոնկրետ ի՞նչ նպատակով պետք է առաջնորդողներն ու աշխատողները կատարեն իրենց պարտավորությունը։ Եթե մտածում ես՝ եթե բոլորը քեզ ընտրեն որպես առաջնորդող, կարգավիճակ կունենաս տեսանելի կդառնաս և այդ պատճառով ես դարձել առաջնորդող, ապա դու վտանգի մեջ ե՛ս։ Գիտե՞ս արդյոք, թե որն է առաջնորդողի կամ աշխատողի գործի բնույթը։ Այս գործն անել նշանակում է ընդունել Աստծու հանձնարարությունը։ Մի՞թե Աստծու հանձնարարությունն ընդունելը մանրուք է։ Եթե դրան վերաբերվես որպես մանրուք՝ մտածելով, որ առաջնորդող կամ աշխատող դառնալով այժմ կարգավիճակ ունես և կարող ես առանձնանալ ամբոխից, ապա շատ չանցած հաստատապես կսայթաքես և գուցե նույնիսկ դուրս թողնվես։ Այն օրվանից, երբ դառնում ես առաջնորդող կամ աշխատող, իրականում արդեն ընդունած ես լինում Աստծու հանձնարարությունը և պետք է պատասխանատվություն կրես եկեղեցու համար ու կատարես Աստծու ընտրյալ մարդկանց ճշմարտության իրականություն առաջնորդելու գործը։ Դու պետք է կրես այս հոգսը և պատասխանատվության այս զգացումը՝ բերելով Աստծու ընտրյալ մարդկանց Աստծու առաջ և առաջնորդելով նրանց ճշմարտության իրականություն, որպեսզի բոլորը կարողանան Աստծու համար վկայություն կրել։ Սա այն գործն է, որն Աստված հանձնարարել է քեզ։ Դա քո հիմնական գործառույթն է և այն պարտականությունը, որը պետք է կատարես։ Սա Աստծու կողմից բացառություն անելն է քեզ բարձրացնելու համար։ Ուրեմն ինչպե՞ս պետք է կատարես այս պարտավորությունը։ Պետք է աղոթես Աստծուն և քո ամեն ինչը նվիրաբերես Աստծուն։ Ինչպե՞ս պետք է աղոթես։ Պետք է աղոթես Մովսեսի պես, ով ասաց Աստծուն․ «Ո՜վ Աստված, հասակս փոքր է, և ես ծանրախոս եմ ու ծանրալեզու։ Ինչպե՞ս պետք է առաջնորդեմ Իսրայելի ընտրյալ ժողովրդին դեպի Քանանի բարի երկիրը։ Եվ չգիտեմ՝ ինչպես համոզել փարավոնին, որ թույլ տա բոլորին հեռանալ Եգիպտոսից»։ Արդյո՞ք Մովսեսի ասած այս խոսքերն իրական էին։ (Իրակա՛ն էին։) Մինչև քառասուն տարեկան դառնալը Մովսեսը յուրացրել էր եգիպտացիների ողջ գիտելիքը, բայց երբ Աստված ցանկացավ օգտագործել նրան, ասաց, որ նա ծանրախոս է ու ծանրալեզու։ Սա փոքր-ինչ հակասական է։ Ուրեմն ինչո՞ւ ենք այնուամենայնիվ ասում, որ Մովսեսի այս խոսքերն իրական էին։ Որովհետև այս խոսքերն ասվեցին միայն այն բանից հետո, երբ նա քառասուն տարի զտվեց անապատում։ Այդ քառասուն տարիների ընթացքում նա մարդկանցից շատ հեռու էր, ոչխարներ էր արածեցնում ամենահեռավոր անապատում։ Ժամանակի մեծ մասը նա ընդամենը կարողանում էր մի քանի բառ ասել ոչխարներին և ժամանակի ընթացքում այլևս չէր կարողանում լավ խոսել։ Սա փաստ է։ Ուրեմն, հաշվի առնելով այս հանգամանքը, արդյո՞ք նա ի սրտե էր խոսում, երբ ասում էր, թե ծանրախոս է ու ծանրալեզու։ (Ի սրտե՛ էր խոսում։) Եթե Աստված օգտագործած լիներ Մովսեսին, երբ նա քառասուն տարեկան էր, նա բոլորից ավելի ճարտարախոս կլիներ, բայց անապատում քառասուն տարվա զտումից հետո ճշմարտությունն էր ասում, երբ ասում էր, թե ծանրախոս է ու ծանրալեզու։ Մովսեսը կարողացավ ճշմարտությունն ասել Աստծու առաջ աղոթելիս։ Ուրեմն հիմա, երբ ընդունել ես Աստծու հանձնարարությունը, ինչպե՞ս պետք է աղոթես։ Եթե ողջամտություն ունես, պետք է աղոթես այսպես ․ «Ո՜վ Աստված, ես խորապես ապականված եմ։ Մի քանի տարի է, ինչ հավատում եմ Քեզ, բայց միայն որոշ վարդապետություններ եմ հասկանում և չունեմ որևէ ճշմարտության իրականություն։ Եթե Դու ինձ տաս այս հոգսը, պատրաստ եմ գործադրել ողջ ուժս։ Թող Սուրբ Հոգին հավատք ու ուժ շնորհի ինձ և լուսավորի ու առաջնորդի ինձ՝ քայլելու ճիշտ ճանապարհով։ Եթե շեղվեմ սխալ ճանապարհով, չձգտեմ ճշմարտությանը և այնպիսի բաներ անեմ, որոնք հուսախաբ կանեն Քո ընտրյալ մարդկանց և Քեզ, թող որ Դու խստորեն կարգավարժես և պատժես ինձ։ Առանց Սուրբ Հոգու գործի ոչինչ չեմ կարող անել և ոչինչ եմ։ Թող որ Դու առաջնորդես ինձ՝ լավ կատարելու այս պարտավորությունը»։ Մի՞թե սրանք այն խոսքերը չեն, որոնք մարդիկ պետք է ասեն Աստծուն աղոթելիս Աստծու հանձնարարությունն ընդունելուց հետո։ (Այդպե՛ս է։) Ենթադրենք դու պարզապես մի հասարակ աղոթք արեցիր, օրինակ․ «Ո՜վ Աստված, Դու բարձրացրիր ինձ՝ այսօր տալով ինձ այս հանձնարարությունը։ Պատրաստ եմ անկեղծորեն հնազանդվել Քեզ և վկայություն կրել Քեզ համար»։ Արդյո՞ք դա լավ կլիներ։ (Ո՛չ, չափազանց դատարկ է։) Մարդիկ չափազանց պարզունակ ու միամի՛տ են վերաբերվում հարցերին։ Ճշմարտության իրականություն մուտք գործելու գործընթացը չափազանց դժվար է։ Շատ բաներ կան, որոնք չենք կարող հստակ տեսնել, և չգիտենք, թե ինչ կարող է պատահել մեզ ամեն օր։ Առանց Աստծու խնամքի և պաշտպանության հայտնի չէ, թե երբ կարող ենք կլանվել Սատանայի կողմից և ընկնել գայթակղության մեջ։ Չափազանց վտանգավո՛ր է։ Ինչո՞ւ են որոշ մարդիկ դառնում կեղծ առաջնորդողներ ու հակաքրիստոսներ։ Մի՞թե այն պատճառով չէ, որ նրանք չեն սիրում ճշմարտությունը։ Երբ ճշմարտությունը չսիրող մարդը դառնում է առաջնորդող կամ աշխատող, նրա վերջին օրերը եկել են։ Կարո՞ղ ենք ասել սա։ (Այո՛։) Կարգավիճակ ձեռք բերելուց հետո ճշմարտությունը չսիրող մարդիկ սկսում են չարիք գործել, չարիք են գործում օրնիբուն։ Երբ որոշակի չափով չարիք են գործել, դառնում են կեղծ առաջնորդողներ ու հակաքրիստոսներ և բացահայտվում ու դուրս են թողնվում՝ ընդմիշտ կորցնելով փրկվելու իրենց հնարավորությունը։ Նրանք բաց են թողել փրկության նման հրաշալի հնարավորությունը։ Տեր Հիսուսը մի մարգարեություն արեց․ «Բայց վա՜յ հղիներին ու ստնտուներին այդ օրերին» (Մատթեոս 24:19)։ Ի՞նչ վայ է նրանց, ովքեր հղի են և ստնտու։ Նրանց վայն այն է, որ բաց են թողել փրկվելու հնարավորությունը, քանի որ չեն ձգտել ճշմարտությանը։ Բայց հակաքրիստոսի ուղիով քայլելիս քո վայն էլ ավելի մեծ է, քան նրանցը ովքեր հղի են ու ստնտու։ Ինչպե՞ս բացատրենք սա։ Քանի որ չարիք ես գործել ու դիմակայել Աստծուն, հաստատապես մեծ պատիժ կստանաս։ Ճշմարտությունը չսիրող մարդիկ չեն ձգտի ճշմարտությանը, և նույնիսկ եթե ընդունեն Աստծու գործը, անհնար է, որ նրանք փրկվեն։ Ամենամեծ օրհնությունը, որ կարող են ստանալ, առավելագույնը հավատարիմ տքնողներ դառնալն է․ սա նրանց լավագույն ելքն է։ Ուստի, վերջին օրերի Ամենակարող Աստծու գործն ընդունելուց հետո կարո՞ղ են արդյոք ճշմարտությունը չսիրող մարդիկ դառնալ թագավորության մարդիկ։ (Ո՛չ։) Ապագայում կկարողանա՞ն արդյոք իշխել Հազարամյա Թագավորության մի քանի քաղաքների վրա։ (Ո՛չ։) Ինչո՞ւ ոչ։ Որոշ մարդիկ ասում են․ «Հինգ քաղաքների վրա իշխել նշանակում է հինգ եկեղեցի կառավարել։ Եթե հիմա հինգ եկեղեցի ես կառավարում, ապա հինգ քաղաքի վրա կիշխես, երբ թագավորությունն իրականանա։ Եթե հիմա տասը եկեղեցի ես կառավարում, ապա տասը քաղաքի վրա կիշխես, երբ թագավորությունն իրականանա»։ Իսկապես այդպես է։ (Ո՛չ։) Ապա ինչ է նշանակում հինգ կամ տասը քաղաքների վրա իշխելը։ (Այն վերաբերում է մարդկանց ստացած վարձատրությանը և, միևնույն ժամանակ, այն աստիճանին, որով մարդիկ հասկանում են ճշմարտությունը։) Ապա ի՞նչ պայմանների պետք է համապատասխանեն նրանք, ովքեր ապագայում կարող են իշխել հինգ կամ տասը քաղաքների վրա։ (Պետք է հասկանան ճշմարտությունը, մտնեն ճշմարտության իրականություն և հասնեն Աստծու ճանաչողությանը։) Պետք է համապատասխանեն այս բոլոր պայմաններին։ Անկախ նրանից, թե որքան ճշմարտություններ ես հասկանում, պետք է առնվազն հասնես Աստծու և Աստծու բնույթի ճշմարիտ ճանաչողությանը և բացարձակապես հնազանդվես Աստծուն։ Ի՞նչ է նշանակում բացարձակ հնազանդություն Աստծուն։ Նշանակում է որևէ միջավայրում կամ իրավիճակում չդավաճանել Աստծուն։ Ուրեմն ո՞վ կարող է հասնել այս հասակին։ Միայն նրանք, ովքեր կատարելության են հասել։ Միայն հաղթողները։ Հիմա ունե՞ս այս հասակը։ (Ո՛չ։) Երբ հանդիպում ես մարդկանց, որոնք որոշ բացասական քարոզչություն են տարածում, լիովին շփոթվում ես։ Երբ եկեղեցում հակաքրիստոս է հայտնվում, եթե տեսնում ես, որ նա ճարտարախոս է, խիստ բանիմաց ու խորամանկ, և ի վիճակի չես գլուխ հանել նրանից, ապա խուսափում ես նրանից ու ընկրկում ես՝ զիջելով նրան և եկեղեցին հանձնելով նրան։ Արդյունքում նա վերահսկողություն է հաստատում եկեղեցու վրա։ Մի՞թե սա չի նշանակում, որ թերացել ես քո պատասխանատվության մեջ։ (Այդպե՛ս է։) Ո՞րն է այստեղ խնդիրը։ Պարտվել ես ճակատամարտում ու ամոթ բերել Աստծու վրա, և հաստատուն չես կանգնել վկայությանդ մեջ։ Մի՞թե սա որոշ չափով նման չէ թշնամու կողմն անցնելուն ու յուրայիններին դավաճանելուն։ Այդ ժամանակ, զանազանություն չունենալով, եկեղեցին հանձնեցիր հակաքրիստոսին՝ մտածելով, թե նա ունի ճշմարտության իրականությունը, քանի որ հմուտ էր խոսքի մեջ։ Իրականում այն ամենը, ինչ նա քարոզում էր, բառեր և վարդապետություններ էին ու դատարկ տեսություններ։ Նույնիսկ մտածում էիր, թե նա Աստծու կողմից սիրված ծառա է, մինչդեռ իրականում նա կեղծ հովիվ էր։ Նա չուներ Սուրբ Հոգու լուսավորությունը, և որքան էլ խորը լինեին նրա քարոզած բառերն ու վարդապետությունները կամ հոգևոր տեսությունները, նա չուներ ճշմարտության իրականություն։
Ասա՛ ինձ՝ ո՞րն է առաջին բանը, որին պետք է նայես՝ գնահատելու, թե արդյոք մարդն ունի՞ ճշմարտության իրականություն։ (Արդյոք ճանաչու՞մ է ինքն իրեն։) Ճիշտ է։ Նախ՝ նայի՛ր՝ արդյոք նա ճանաչու՞մ է ինքն իրեն, և երկրորդ՝ նայի՛ր՝ արդյոք պահպանու՞մ է ճշմարտության սկզբունքներն իր պարտավորությունը կատարելիս։ Եթե ինչ-որ մեկն իր պարտավորությունը կատարելիս բնավ չի պահպանում ճշմարտության սկզբունքները և պարզապես լպրծուն օձաձուկ է, ապա նա հաստատապես կեղծ հովիվ է ու հակաքրիստոս։ Երրորդ՝ նայի՛ր, թե ինչպիսի մարդկանց հետ է նա ամենից շատ սիրում շփվել, և ինչպիսի մարդկանց է նա առաջխաղացնում ու օգտագործում։ Եթե նրա առաջխաղացրած ու օգտագործած մարդիկ բոլորը քծնողներ են, որոնք միայն գիտեն՝ ինչպես քարոզել բառեր և վարդապետություններ, բայց բնավ չունեն ճշմարտության իրականություն, ապա դա նշանակում է, որ ինքը նույնպես այդպիսի մարդ է։ Ինչպես ասում են՝ «Նմանը նմանին է գտնում»։ Մարդիկ իրենց նմաններին են փնտրում։ Տեսնելով, թե ինչպիսի մարդկանց է նա աճեցնում՝ առաջնորդող եղած ժամանակ, կիմանաս, թե ինչպիսի մարդ է նա։ Արդյո՞ք սա հեշտ է զանազանել։ (Այո՛։) Որոշ մարդիկ միայն ու միայն քծնողների են աճեցնում։ Առաջխաղացնում են նրանց, ովքեր պաշտում են իրենց, և մեկուսացնում, նսեմացնում ու ճնշում են նրանց, ովքեր չեն սիրում կամ ընդդիմանում են իրենց։ Արդյո՞ք նման մարդիկ հակաքրիստոսներ են։ (Այդպե՛ս է։) Նրանց, ովքեր համաձայն չեն իրենց հետ, մեկուսացնելն ու ճնշելը հակաքրիստոսի ամենաակնհայտ դրսևորումն է։ Հակաքրիստոսները միայն ու միայն քծնողների են աճեցնում։ Առաջխաղացնում են նրան, ով կարող է յուղել անիվները և օգտակար է իրենց համար, ով միշտ գովաբանում է իրենց և ով ամենահնազանդն է իրենց։ Արդյո՞ք կարծում եք, ես այդպիսի մարդ եմ։ (Ո՛չ։ Նողկանք ես զգում նրանցից, ովքեր չեն կարողանում գործն անել և մշտապես քծնողներ են, և երբեմն խստորեն էտում ես նրանց, եղբա՛յր։) Կա՞ն արդյոք քծնողներ այն մարդկանց մեջ, որոնց ես առաջխաղացնում և օգտագործում եմ։ (Ո՛չ։) Ինչպիսի՞ մարդկանց եմ առաջխաղացնում և նշանակում կարևոր պաշտոնների։ Պարզապես առաջխաղացնում եմ նրան, ով պահպանում է սկզբունքները և ունի ճշմարտության իրականություն։ Առաջխաղացրել եմ շատ մարդկանց, որոնց նախկինում նույնիսկ չեմ ճանաչել, և երբեք չեմ առաջխաղացնում որևէ մեկին՝ իմ զգացմունքների կամ նախասիրությունների հիման վրա անկախ նրանից, թե ով է։ Որոշ մարդկանց դեպքում պարզապես այնպես է եղել, որ մյուսները բոլորն էլ երաշխավորել են նրանց, ուստի ժամանակավորապես առաջխաղացրել ու օգտագործել եմ նրանց, քանի որ այդ ժամանակ չեմ կարողացել որևէ հարմար մեկին գտնել։ Որոշ ժամանակ օգտագործելուց հետո, երբ պարզել եմ, որ նրանք չունեն ճշմարտության իրականություն, անմիջապես պաշտոնազրկել եմ նրանց։ Քանի դեռ մարդն ունի ճշմարտության իրականություն, կառաջխաղացնեմ ու կօգտագործեմ նրան։ Ես նրան միևնույն է կառաջխաղացնեի, նույնիսկ եթե նա նախկինում իմ մասին թյուրիմացություններ կամ պատկերացումներ ունեցած լիներ։ Անկախ նրանից, թե ինչպես է վերաբերվում ինձ, քանի դեռ բոլորն ասում են, որ նա լավն է, որ կարող է պահպանել սկզբունքները, և որ նրան առաջխաղացնելն օգտակար կլինի գործին, կառաջխաղացնեմ նրան։ Կան որոշ մարդիկ, որոնց նախկինում ազատել էի պաշտոնից, բայց որոնց մեկ կամ երկու տարի անց կրկին առաջխաղացրի՝ լսելով, որ բավականին լավ են կատարում իրենց պարտականությունները։ Բավականին շատ անգամ եմ սա արել, այդպե՞ս չէ։ (Այո՛։) Ինչո՞ւ եմ սա անում։ Սա մարդկանց Աստծու խոսքերի համաձայն արդարացիորեն վերաբերվելն է։ Առաջխաղացնում եմ նրան, ով ձգտում է ճշմարտությանը, և առաջխաղացնում եմ նրան, ով կարող է գործը լավ կատարել։ Հաշվի չեմ առնում, թե ինչպես է վերաբերվում ինձ։ Հաշվի եմ առնում միայն այն, ինչ օգտակար կլինի Աստծու տան գործին և ավետարանի տարածմանը։ Ուրեմն, ենթադրենք՝ հակաքրիստոսը կարող է ինչ-որ ծառայություն մատուցել, և նրա մատուցած ծառայությունը չի կարող մատուցվել սովորական մարդու կողմից։ Արդյո՞ք պետք է շարունակենք օգտագործել նրան՝ ծառայություն մատուցելու համար։ (Պե՛տք է։) Մի՞թե սա Աստծու կողմից Սատանային օգտագործելը չէ ծառայություն մատուցելու համար։ (Այդպե՛ս է։) Ապա արդյո՞ք Աստված օգտագործեց Պողոսին ծառայություն մատուցելու համար։ (Այո՛։) Սա Աստծու իմաստությունն է։ Ուստի, Աստծու տան գործը պահպանելու համար երբեմն մենք նույնպես պետք է Սատանային օգտագործենք ծառայություն մատուցելու համար։ Օրինակ՝ որոշ մարդիկ հատկապես օժտված են ավետարան քարոզելու հարցում և շատ մարդկանց են բերում, բայց որոշ հանցանքներ են գործել։ Կարող ենք, այնուամենայնիվ, թույլ տալ, որ շարունակեն ավետարան քարոզել՝ սկսելով նրանց էտելուց։ Եթե համառորեն հրաժարվեն ապաշխարել, Սուրբ Հոգին կդադարի գործել, և կդադարեն ավետարանը քարոզելիս արդյունքներ ստանալ, ուստի կարող ենք պաշտոնազրկել նրանց։ Որոշ մարդիկ ճարտարախոս են, բայց չեն ձգտում ճշմարտությանը և հավատում են Աստծուն միայն օրհնություններ ստանալու համար։ Կարող ենք պարզապես օգտագործել նրանց շնորհները՝ հանձնարարելով նրանց ավետարան քարոզել։ Լա՞վ է արդյոք սա։ (Այո՛։) Քանի որ ճարտարախոս են, կարող են մարդկանց շահել ավետարան քարոզելով։ Կարող ենք բոլոր նրանց, ովքեր շնորհներ և ճարտարախոսություն ունեն, սկզբում կրթել ավետարան քարոզելու մեջ։ Ի՞նչ է նշանակում կրթվել ավետարան քարոզելու գործում։ Դա նշանակում է, որ եթե կարող են մարդկանց շահել ավետարան քարոզելով, թույլ ենք տալիս, որ նախ քարոզեն։ Ավետարան քարոզելով՝ զինվում են զանազան ճշմարտություններով, և առանց նույնիսկ գիտակցելու կհասկանան ճշմարտությունը և կճանաչեն Աստծու գործը։ Այս կերպ էլ ավելի լավ արդյունքներ կստանան ավետարան քարոզելիս։ Դրա համար էլ ավետարան քարոզելով կարող ես արագ հասկանալ ճշմարտությունը։ Նրանք, ովքեր ամենամեծ արդյունքներն են ունենում ավետարան քարոզելիս, ամենաարագն են աճում ճշմարտության մեջ։ Բացի այդ, յուրաքանչյուր ոք, ով որոշակի կյանքի մուտք ունի և փորձառական վկայություն է ձեռք բերում ավետարան քարոզելու մեջ կրթվելու ընթացքում, կարող է առաջխաղացվել՝ որպես առաջնորդող։ Նրանց, ովքեր միայն շնորհներ ունեն, բայց փորձառական վկայություն չունեն, պետք է թույլ տալ, որ շարունակեն ավետարան քարոզել՝ մարդկանց շահելու համար։ Սա մարդկանց օգտագործելու մեր սկզբունքն է։ Մարդկանց օգտագործելու այս սկզբունքը համապատասխանում է ճշմարտությանը։ Եթե կարողանաս այսպես կիրարկել՝ որպես առաջնորդող կամ աշխատող, ապա իմաստություն կունենաս և կկարողանաս ծառայել Աստծուն։ Մեկը նախկինում ինձ զեկուցեց, որ մի մարդ ավետարան քարոզելիս ամբողջովին հիմնվում էր իր շնորհների վրա, բնավ չուներ ճշմարտության իրականություն և ներդաշնակորեն չէր համագործակցում ուրիշների հետ՝ միշտ ստիպում էր ուրիշներին լսել իրեն, և ուրիշները պետք է ենթարկվեին այն ամենին, ինչ նա անում էր։ Ես ասացի՝ «Նախ պետք է հաղորդակցվես նրա հետ ճշմարտության մասին և տեսնես, թե արդյոք կարող է ընդունել այն։ Ենթադրենք՝ անմիջապես պաշտոնազրկում ես նրան առանց նրա հետ հաղորդակցվելու։ Արդյո՞ք այս պահին նրանից լավ ավետարան քարոզող կա։ Օժտված է ավետարան քարոզելու մեջ, բայց ուզում ես պաշտոնազրկել նրան, որովհետև չի ձգտում ճշմարտությանը։ Մի՞թե սա չափազանց խիստ չէ։ Ճշմարտության մեջ պետք է աստիճանաբար մտնել։ Արդյո՞ք կկարողանա անմիջապես ձգտել ճշմարտությանը, եթե հաղորդակցվես նրա հետ ընդամենը մեկ կամ երկու անգամ։ Պետք է փորձառաբար ապրի ձախողում, սայթաքում, խրատում և կարգավարժանք, նախքան կկարողանա իսկապես ապաշխարել։ Ինչո՞ւ չես սպասում Աստծու ժամանակին։ Քո պահանջներն ավետարանի աշխատողների նկատմամբ չափազանց խիստ են։ Պահանջում ես, որ նրանք ունենան ճշմարտության իրականություն, բայց արդյո՞ք ինքդ ունես ճշմարտության իրականություն։ Ինչո՞ւ ես նման խիստ պահանջներ դնում նրանց առաջ, երբ ինքդ չունես ճշմարտության իրականություն։ Արդյո՞ք սա համապատասխանում է սկզբունքներին»։ Պետք է հաղորդակցվես այս խնդրի մասին այս կերպ, այլապես չես կարող որևէ արդյունքի հասնել։ Որոշ եկեղեցու առաջնորդողներ որոշակի արդյունքների են հասել իրենց գործում, բայց նաև որոշակի ապականություն են բացահայտում։ Կարգավիճակ ձեռք բերելուց հետո դառնում են ամբարտավան ու ինքնահավան և արհամարհում են սովորական եղբայրներին ու քույրերին։ Որոշ մարդիկ ասում են՝ «Նրանք ամբարտավան են և զսպում են մարդկանց՝ խոսելով կարգավիճակի դիրքից։ Մի՞թե նման առաջնորդողները չպետք է պաշտոնազրկվեն»։ Ասում եմ՝ «Քանի որ նկատել ես նրանց կողմից ապականության բացահայտումը, պետք է հաղորդակցվես ճշմարտության մասին նրանց հետ և օգնես նրանց։ Եթե չեն լսում, միջոց գտիր նրանց առաջարկություններ անելու համար։ Եթե դեռ չեն լսում, զեկուցիր վերադասին։ Նրանք այժմ իսկապես խնդիրներ ունեն, բայց եթե անմիջապես պաշտոնազրկես նրանց առանց օգնելու, ո՞վ այս պահին եկեղեցում կարող է լինել ավելի լավ առաջնորդող, քան նրանք են։ Այս պահին ավելի լավ մեկին չես կարող գտնել, ուրեմն տեղի՞ն է, որ ուզում ես նրանց պաշտոնազրկել։ Արդյո՞ք դա օգտակար կլինի եկեղեցու գործին»։ Այդպես վարվելն օգտակար չէր լինի եկեղեցու գործին, ուստի այս առաջարկը սխալ է։ Տեսնո՞ւմ եք, միթե՞ սա սկզբունքային մոտեցում չէ։ (Այդպե՛ս է։)