Ինչպես պետք է առաջնորդներն ու աշխատողները կատարեն եկեղեցու աշխատանքը (1)

Վերադաս եղբոր հաղորդակցությունը – 25-ը նոյեմբերի, 2025թ. (Մաս 7)

Հարց 1։ Ինչպե՞ս կարող է մարդը սովորել կիրարկել ճշմարտությունը, երկյուղել Աստծուց և հեռու մնալ չարից։

Պատասխան։ Ինչպե՞ս կարող է մարդը սովորել կիրարկել ճշմարտությունը, երկյուղել Աստծուց և հեռու մնալ չարից։ Այս ամենին հնարավոր է հասնել ճշմարտությանը ձգտելու միջոցով։ Իսկ ինչպե՞ս պետք է ձգտել ճշմարտությանը։ Սա արվում է ճշմարտությունը փնտրելով՝ քեզ պատահող յուրաքանչյուր իրավիճակում և հարցում խնդիրները լուծելու համար։ Այս կերպ դու աստիճանաբար կհասնես ճշմարտությունը կիրարկելուն, Աստծուց երկյուղելուն և չարից խուսափելուն։ Օրինակ՝ կարող ես հանդիպել իրավիճակների, մարդկանց, իրադարձությունների, և իրողությունների, մասնավորապես՝ այնպիսի բաների, որոնք քեզ բացասական ու թույլ են դարձնում և թողնում առանց հետագա ուղու։ Այս ամենը մեծ ազդեցություն ունի կյանքում քո աճի վրա։ Եթե նման հարցերում փնտրես ճշմարտությունը և լուծես այս խնդիրները, ապա քո կյանքը մեծ քայլ առաջ կկատարի, և կկարողանաս կիրարկել ճշմարտությունը։ Եթե չփնտրես ճշմարտությունը, ապա չես կարողանա շարունակել փորձառաբար ապրել այս ամենը։ Այս ամենը կարող է քեզ սայթաքեցնել և անկարող դարձնել կիրարկելու ճշմարտությունը։ Այսպիսով, ինչի՞ց է հիմնականում կախված ճշմարտությունը կիրառող մարդ դառնալը։ Աստծու հանդեպ հավատքից։ Իսկ ինչի՞ վրա է կառուցված հավատքը։ Այն կառուցված է Աստծու գործի մասին քո գիտելիքի հիմքի վրա։ Որքան շատ գիտենաս Աստծու գործի մասին, այնքան շատ հավատք կունենաս։ Երբ հավատք ունենաս, դու կսկսես փնտրել ու կիրարկել ճշմարտությունը և այլևս չես կարողանա բաժանվել դրանից։ Եթե Աստծու գործն այսպես ճանաչես, ապա մի օր, երբ արդեն հասկացած լինես, թե ինչպես է Աստված գործում մարդուն փրկելու համար, կկարողանաս վկայել Աստծու համար։ Երբ ուրիշները խնդրեն քեզ խոսել այն մասին, թե ինչպես է Աստված փրկում մարդուն, կկարողանաս նրանց ասել. «Աստված փրկում է մարդուն՝ ճշմարտությունը նրա ներսում սերմանելով և այն դարձնելով նրա կյանքի հիմքը։ Հենց որ մարդիկ ձեռք են բերում ճշմարտությունը, նրանց ներսում ծնվում է ճշմարիտ հավատ առ Աստված. նրանց ապականված բնավորությունը մաքրվում է, և նրանք հասնում են փրկության»։ Սա լսելուց հետո նրանք կհասկանան, որ Աստծու կողմից մարդուն փրկելը նշանակում է օգնել նրան ձեռք բերել ճշմարտությունը և մտնել ճշմարտության իրականության մեջ։ Երբ մարդիկ ունեն ճշմարտությունը, նրանք ունեն նաև հավատ։ Սրանով իրականանում են Աստծու այս խոսքերը․ «Այն, ինչ Աստված անում է, խոսքերը հավատի, սիրո և կյանքի վերածելն է»։ (Խոսքը, Հատոր 1։ Աստծու հայտնությունն ու գործը։ Ուղին… (8)) Ուստի ճշմարտությունը ձեռք բերելն ու ճշմարտության իրականության մեջ մտնելն իրագործվում են միայն ճշմարտությունը հասկանալու և այն կիրարկելու միջոցով։ Որքան շատ կիրարկես ճշմարտությունը, այնքան հավատդ առ Աստված կզորանա, և որքան շատ կիրարկես անկեղծություն, այնքան ավելի խորը կըմբռնես ճշմարտության իրականությունը։ Ավելի ստույգ՝ ճշմարտությունը կիրարկել նշանակում է փորձառաբար ապրել Աստծու գործն ու հնազանդվել Նրան։ Եթե չես կիրարկում ճշմարտությունը, ապա չես ապրում Աստծու գործը և չես հնազանդվում Աստծուն։ Եթե ամենևին չես կիրարկում ճշմարտությունը և բնավ չես հնազանդվում Աստծուն, ապա ընդհանրապես չունես ճշմարտության իրականությունը և, ի վերջո, ոչինչ չես շահի, ու քո հավատն առ Աստված իզուր եղած կլինի։ Աստծուն հավատալու հարցում ամենավճռորոշ բանը ճշմարտությունը ձեռք բերելն է։ Ճշմարտությունը ձեռք բերել նշանակում է կյանք ձեռք բերել։ Այն, թե որքան ճշմարտություն ես ձեռք բերում, որոշում է, թե որքան կյանքի մուտք ունես։ Հետևաբար, անկախ նրանից, թե մարդիկ ինչպես են փորձառաբար ապրում Աստծու գործը, նրանք չեն կարող անջատ լինել ճշմարտության կիրարկումից։ Ճշմարտությունը կիրարկելն Աստծուն հավատալու բացարձակ հիմքն է, բուն էությունը և վերջին բանալին։ Եթե մի օր կարողանաս կիրարկել ճշմարտությունը և գործել ըստ սկզբունքների ու վերջապես ունենաս որոշակի ճշմարտության իրականություն, ինչպե՞ս կզգաս քո սրտում։ Արդյոք սրտումդ խաղաղություն և ուրախությո՞ւն կզգաս։ (Այո՛։) Ճշմարտությունը կիրարկելն ու սկզբունքներով գործելը սրտին խաղաղություն և ուրախություն են բերում։ Եթե մի քանի տարի հավատացել ես Աստծուն, և դեռևս քո սրտում չկա խաղաղություն կամ ուրախություն, ինչո՞ւ է այդպես։ Այն պատճառով է, որ ձեռք չես բերել ճշմարտությունը, ուստի քո սրտում խաղաղություն կամ ուրախություն չես զգում։ Աղետներն այժմ գնալով ավելի ու ավելի են մեծանում, և ոչ ոք չգիտի, թե քանի մարդ կմահանա, երբ մի օր մեծ աղետ հարվածի։ Նրանք, ովքեր ձեռք չեն բերել ճշմարտությունը, սարսափում են, անհանգստանում և վախենում դրա հնարավոր սպառնալիքից։ Նրանք մտածում են. «Աղետներն այժմ այնքա՜ն մեծ են։ Մի՞թե ես մեռնելու եմ։ Կկարողանա՞մ արդյոք խուսափել աղետներից և ողջ մնալ»։ Եթե ձեռք չես բերել ճշմարտությունը, անհանգստություն կզգաս, և քո սրտում չի լինի խաղաղություն կամ ուրախություն։ Եթե սովորաբար կենտրոնանում ես ճշմարտության կիրարկման վրա և ձեռք ես բերել ճշմարտությունը, տիրապետում ես ճշմարտության իրականությանը և սկսել ես հետևել Աստծու կամքին ու հնազանդվել Աստծուն, ապա քո սրտում խաղաղություն և ուրախություն կզգաս։ Երբ աղետները հարվածեն, դու չես անհանգստանա կամ վախենա և կզգաս Աստծու պաշտպանությունը։ Ինչպե՞ս են ձեռք բերվում այս ճշմարիտ խաղաղությունն ու ուրախությունը։ Ճշմարիտ հավատքի միջոցով։ Իսկ ի՞նչ է ձեռք բերվում ճշմարիտ հավատքի միջոցով։ Դա ճշմարտությունը կիրարկելու և Աստծուն հնազանդվելու կարողությունն է։ Եթե դու չունես ճշմարտությունը կիրարկելու և Աստծուն հնազանդվելու վկայությունը, բայց և այնպես ասում ես, թե հավատք ունես առ Աստված, մի՞թե դա դատարկ խոսակցություն չէ։ Ճշմարիտ հավատք ունեցողներն ուժ ունեն կիրարկելու ճշմարտությունը և կարող են հնազանդվել Աստծուն ու հաստատուն մնալ Աստծու մասին իրենց վկայության մեջ։ Նույնիսկ եթե քեզ հակառակվեն, դատեն և մերժեն ճշմարտությունը կիրարկելու համար, քո սիրտը դարձյալ խաղաղ ու հանգիստ կլինի։ Եթե դու կիրարկես ճշմարտությունը և լավ կատարես քո պարտականությունը, անկախ նրանից, թե ինչպես հակաքրիստոսներն ու չարագործները կհակառակվեն, կդատեն ու կմեղադրեն քեզ կամ նույնիսկ կհարձակվեն ու կմերժեն քեզ, քո սիրտը դարձյալ հանգիստ կլինի։ Դու կզգաս, որ նրանք հակառակվում են քեզ, որովհետև դու կիրարկում ես ճշմարտությունը, և որ նրանք դևեր ու սատանաներ են։ Քո սիրտը չի ենթարկվի նրանց, և փոխարենը՝ դու կլցվես մեծ խաղաղությամբ ու ուրախությամբ։

Եթե մարդիկ ուզում են ի վիճակի լինել կիրարկելու ճշմարտությունը և ունենալ աստվածավախ սիրտ, նրանք պետք է փոքր առ փոքր փորձառաբար ապրեն Աստծու գործը։ Աստծու դատաստանը, պատիժը, էտումը, կարգավարժանքը և խրատումը փորձառաբար ապրելուց հետո մարդիկ ավելի ու ավելի խոր կճանաչեն Աստծու գործը և իրենց սեփական ապականված բնավորությունը։ Այս գիտելիքը ձեռք բերելուց հետո ո՞րն է առաջին բանը, որին մարդիկ ծարավ են։ Կարողանալ կիրարկել ճշմարտությունը։ Դու միշտ կմտածես ինքդ քեզ. «Պետք է կիրարկեմ ճշմարտությունը։ Նախկինում միշտ կաշկանդված էի իմ ապականված բնավորությամբ և չէի կարողանում կիրարկել ճշմարտությունը։ Ես այնքա՜ն պարտական եմ Աստծուն։ Իրականում հասկանում եմ որոշ ճշմարտություններ և կարող եմ բազում վարդապետություններ քարոզել, բայց ինչո՞ւ չեմ կարողանում դրանք կիրարկել։ Այժմ հասկանում եմ, որ Աստծուն հավատալու իմ բոլոր տարիների ընթացքում չեմ ձգտել ճշմարտությանը և դեռևս չունեմ ճշմարտության իրականությունը»։ Ասա՛ ինձ, ինչպե՞ս է առաջանում զղջման այս մտածելակերպը։ Այն առաջանում է, երբ մարդիկ բազում փորձառություններից հետո ճանաչում են իրենց ապականված բնավորությունը, իրենց իրական հասակն ու իրական վիճակը։ Այս փուլում նրանք ատում են իրենց այն բանի համար, որ ճշմարտությանը չեն ձգտել, ճշմարտությունից չափազանց քիչ են հասկացել, չեն իմացել՝ ինչպես կիրարկել ճշմարտությունը և ճշմարտության իրականություն մուտք չեն գործել։ Հետևաբար, որքան շատ են մարդիկ ճանաչում իրենց, այնքան ավելի է նրանց մեջ մեծանում աստվածավախ սիրտը, և այնքան ավելի են ծարավում կիրարկելու ճշմարտությունը և վկայելու Աստծուն։ Այդպիսի պահերին, երբ լսես, թե ինչպես են ուրիշները խոսում իրենց փորձառական վկայությունների մասին, նախանձով կլցվես ու կմտածես. «Ինչպիսի՜ խոր փորձառություն։ Ինչպե՞ս է ստացվում, որ Աստծու խոսքերի նրանց ընկալումն ու ճանաչողությունն այդքան կիրառական են։ Նրանց կիրարկման սկզբունքներն այնքա՜ն լավն են։ Սա է ճշմարտությունը կիրարկելը։ Ինչպե՞ս են նրանք կարողանում այդքան հմուտ լինել դրանում»։ Շարունակ կնախանձես նրանց, և այդ նախանձը քո մեջ կծնի ճշմարտությանը ծարավ մի սիրտ։ Քո այս ծարավը կխրախուսվի, և դու վճռականությամբ կլցվես՝ մտածելով. «Եթե ուրիշները կարող են կիրարկել ճշմարտությունը, ուրեմն ես նույնպես պետք է կիրարկեմ այն։ Եթե ուրիշներն ունեն ճշմարտության իրականությունը, ուրեմն ես նույնպես պետք է ձգտեմ ճշմարտությանը և մուտք գործեմ ճշմարտության իրականություն»։ Այդ դեպքում ինչպե՞ս պետք է վարվես, որպեսզի կիրարկես ճշմարտությունը և մուտք գործես ճշմարտության իրականություն։ Երբ քեզ հետ ինչ-որ բան պատահի, դու պետք է մտածես ինքդ քեզ. «Ես պետք է երկյուղեմ Աստծուց և խուսափեմ չարից։ Ես չեմ մասնակցի ոչ մի չար գործի և ոչ մի բանի, որը ներառում է ուրիշներին դատելը։ Ես կանտեսեմ բոլոր գայթակղությունները»։ Եթե կարողանաս այսպես մտածել, ապա ի վիճակի կլինես խուսափելու չար գործերից։ Նույնիսկ եթե բոլորն էլ չար գործերի մասնակից դառնան, դու չես հետևի ամբոխին չարիք գործելիս, քանի որ ունես աստվածավախ սիրտ ու չար գործերը զատորոշելու ունակություն, և այդպիսով դու պաշտպանված կլինես։ Եթե այս ձևով փորձառաբար ապրես Աստծու գործը, ապա աստիճանաբար ավելի ու ավելի շատ ճշմարտություններ կհասկանաս և կկիրարկես։ Կունենաս որոշ չափով աստվածավախ սիրտ և ի վիճակի կլինես խուսափելու չարից։ Այդ ժամանակ դու կուրախանաս, որ այս տարիների ընթացքում հասկացել ես որոշ ճշմարտություններ և որ միմիայն դրա շնորհիվ ես արժանացել Աստծու մեծ պաշտպանությանը։ Մի՞թե ճշմարտությունը կիրարկելու, Աստծուց երկյուղելու և չարից խուսափելու ունակությունը, ինչպես նշված է այս հարցում, նույնպես ձեռք չի բերվում այս ձևով՝ քայլ առ քայլ փորձառություններ անցնելու միջոցով։ (Այո՛։) Հոբի աստվածավախությունն ու չարից խուսափելը սկզբում կատարյալ չէին։ Նույնիսկ նրանից տասնամյակների փորձառություն պահանջվեց՝ դրան հասնելու համար։ Նա Աստծուց երկյուղելու և չարից խուսափելու ունակ դարձավ միայն այն ժամանակ, երբ հավատացել էր Աստծուն մինչև յոթանասուն տարեկան դառնալը։ Աստծուն հավատալու ընդամենը երեսուն տարվա ընթացքում նրա հասակը դեռևս ցածր էր և Աստծուց երկյուղող ու չարից խուսափող նրա սիրտը թերևս նոր միայն ձևավորվում էր և դեռևս չէր հասել կատարելության։ Միգուցե նա կարողանում էր խուսափել չարից որոշ հարցերում, բայց ոչ այլ հարցերում։ Սակայն, արդեն յոթանասուն տարեկանում նրա հասակը բարձրացել էր, նա ձեռք էր բերել ճշմարիտ հավատք և կարող էր երկյուղել Աստծուց ու խուսափել չարից՝ անկախ այն բանից, թե ինչ կպատահեր իրեն։ Աստված հավանության արժանացրեց նրան՝ որպես կատարյալ մարդու։ Հետևաբար, ճշմարտությունը կիրարկելու, Աստծուց երկյուղելու և չարից խուսափելու ունակդառնալը այնպիսի բան չէ, որ տեղի է ունենում մեկ գիշերում։ Դրան կարելի է հասնել միայն երկարատև փորձառության միջոցով, քայլ առ քայլ։

Հարց 14. Այժմ ես սկսում եմ կիրարկելինքնուրույն աշխատանք կատարելը։ Գիտեմ, որ սա Աստծու շնորհքն է, բայց զգում եմ, որ դեռևս այնքան էլ լավ չեմ հասկանում որոշ սկզբունքներ, երբ եկեղեցում գործ եմ ունենում տարբեր խնդիրների հետ։ Անհանգստանում եմ, թե արդյոք կարող եմ այս պատասխանատվությունը մինչև վերջ կրել և բավարարել Աստծուն։ Հետևաբար, ցանկանում եմ փնտրել, թե ինչպես կարող եմ ավելի արագ կատարել իմ պարտավորությունը և դիմանալ մինչև վերջ՝ մնալով հավատարիմ ճշմարտության սկզբունքներին։

Պատասխան. Տարբեր երկրներում որոշում կայացնող խմբերի որոշ անդամներ այժմ սկսում են ինքնուրույն աշխատել։ Այս մարդիկ բավականին լավն են։ Նրանք ունեն հավատք՝ կիրարկելու ինքնուրույն աշխատանքը, և սա ցույց է տալիս, որ ցանկանում են կատարել իրենց պարտավորությունները և բավարարել Աստծու մտադրությունները։ Որոշում կայացնող խմբերի բոլոր անդամները եկեղեցու այնպիսի մարդիկ են, որոնք համեմատաբար երկար ժամանակ են հավատում Աստծուն և ունեն որոշակի գործնական փորձառություն։ Եթե նրանք հասկանում են որոշ ճշմարտություններ և համեմատաբար հստակորեն են պատկերացնում այն ուղին, թե ինչպես փորձառաբար ապրել Աստծու գործը, ինչպես հաղորդակցել ճշմարտությունը՝ իրական խնդիրներ լուծելու համար և ինչպես իրականացնել եկեղեցու տարբեր աշխատանքները, ապա նրանք կարող են իրենց ուսերին վերցնել այս գործը։ Եթե ճշմարտության նրանց ըմբռնումը չափազանց մակերեսային է, նրանց փորձառությունը՝ չափազանց թերի, և նրանք չեն կարողանում պարզորեն տեսնել այս հարցերը, ապա նրանք ի վիճակի չեն լինի ինքնուրույն աշխատելու, նույնիսկ եթե ցանկանան։ Նույնիսկ եթե նրանք ընտրեն ինքնուրույն աշխատելը, նրանց կատարած աշխատանքը հաստատապես արդյունքներ չի տա, իսկ եթե գործերը վատ ընթանան, ապա եկեղեցու աշխատանքը կարող է նույնիսկ կաթվածահար լինել։ Այսպիսով, եթե դուք ինքնուրույն եք աշխատում, մի՞թե կարող եք երաշխավորել, որ եկեղեցու աշխատանքում ոչ մի խնդիր չի առաջանա։ Կարո՞ղ եք երաշխավորել, որ եկեղեցու աշխատանքը կընթանա սահուն և առանց խնդիրներների։ (Ո՛չ։) Սա այն պատճառով է, որ ոչ միայն պետք է կատարես ավետարանը տարածելու աշխատանքը, այլև պետք է առաջ տանես եկեղեցական կյանքը, որպեսզի եղբայրներն ու քույրերը կարողանան մուտք գործել ճշմարտության իրականություն։ Սա իրականում նույնպես ծառայում է ավետարանի տարածմանը։ Ավելին՝ եթե եկեղեցում առաջանան խաթարումներ, անհանգստություններ, պայքար իշխանության ու շահույթի համար կամ նախանձ ու վեճեր, ապա դու՝ որպես առաջնորդ, պետք է անմիջապես փնտրես ճշմարտությունը՝ այս խնդիրները լուծելու համար։ Ճշմարտության իրականություն մուտք գործելու ուղին խորդուբորդ է ու անհարթ, քանի որ բոլոր մարդիկ ունեն սատանայական բնավորություն։ Չես կարող իմանալ, թե երբ կարող են հայտնվել մարդիկ, որոնք կխաթարեն ու կխանգարեն եկեղեցուն, կամ հակաքրիստոսներ ու չարագործներ, որոնք մոլորության մեջ կգցեն մարդկանց։ Եթե չիմանաս, թե ինչպես լուծել այս խնդիրները, ապա եկեղեցու աշխատանքը Սատանայի կողմից խաթարվելու և կործանվելու վտանգի տակ կլինի։ Երբ եկեղեցին խաղաղ է, և չկան նրան խանգարող չար մարդիկ, մարդիկ բավականին եռանդուն ու խանդավառ են Աստծու հանդեպ իրենց հավատքի և իրենց պարտավորությունների կատարման մեջ։ Բայց հենց հայտնվում են չար մարդիկ, որոնք խանգարում են եկեղեցուն ու մոլորեցնում մարդկանց, եթե առաջնորդողներն ու աշխատողները չեն հասկանում ճշմարտությունը և չունեն խորաթափանցություն, հենց իրենք առաջինը կսկսեն կասկածել՝ մտածելով. «Այն, ինչ նրանք ասում են, կարծես թե որոշակի իմաստ ունի։ Այն, ինչ նրանք ասում են, հավանաբար ճիշտ է և ոչ թե մոլորություն։ Հետևաբար, այն, ինչ նրանք արեցին, նույնպես կարող է ճիշտ լինել»։ Եթե նրանք հենց իրենք առաջինը մոլորվեն, մի՞թե չար մարդկանց կողմից եկեղեցունխանգարելու և մարդկանց մոլորեցնելու խնդիրները դեռևս հեշտ կլինի լուծել։ Ո՛չ, չի լինի։ Եթե առաջնորդողները և աշխատողներն իրենք են տարվում պատկերացումներով ու մոլորություններով, կամ եթե նրանք խորաթափանցության պակաս են ունենում բացասական քարոզչություն տարածող որևէ լուր լսելիս և սկսում են կասկածել Աստծուն ու փոխանակ ճշմարտությունը փնտրելու՝ այս ամենը լուծելու համար, գնում են աստվածաշնչյան հիմքեր փնտրելու՝ ցանկանալով Աստվածաշնչի միջոցով ստուգել, թե արդյոք իրենց հավատացած ուղին ճիշտ է, մի՞թե այդպիսի մարդիկ դեռ կկարողանան աշխատանք կատարել։ (Ո՛չ։) Եթե հենց իրենք են ընկնում գայթակղվելիս, ապա ինչպե՞ս կարող են շարունակել առաջնորդել իրենց եղբայրներին ու քույրերին։ Նրանք ի վիճակի չեն լինի դա անել, քանզի ամենևին չեն հասկանում ճշմարտությունը։

Ասացե՛ք խնդրեմ, ինչպիսի՞ մարդը չի տապալվի՝ Սատանայի բազմազան գայթակղությունների և բացասական քարոզչություն տարածող բամբասանքների առջև և կկարողանա ամուր կանգնել ու ստանձնել Աստծու հանձնարարությունը։ (Մեկը, ով հասկանում է ճշմարտությունը և ունի խորաթափանցություն։) Նախևառաջ, նա պետք է ճանաչի Աստծու գործը, լիովին վստահի Աստծուն և ամուր արմատավորվի ճշմարիտ ճանապարհի վրա։ Այսպիսով, լիովին վստա՞հ եք Աստծու վերաբերյալ։ Ամենակարող Աստծու Եկեղեցում կան Աստծու արտահայտած ճշմարտություններ, և Սուրբ Հոգին աշխատում է՝ մի խումբ մարդկանց ավարտուն դարձնելու համար։ Ասացեք ինձ, սա Աստվա՞ծ է անում։ Կարողանո՞ւմ եք տեսնել, որ մարդու այս Որդին, որն արտահայտում է ճշմարտությունը, Աստծու մսեղի դառնալն է։ Կարո՞ղ եք վստահ լինել, որ այս գործն Աստված է անում։ (Այո՛։) Եթե դու հստակորեն հասկանում ես տեսիլքների այս ճշմարտությունները և վստահ ես Ամենակարող Աստծու գործում, ապա եթե ինչ-որ մեկը զրպարտի մարմնացած Աստծուն, կհավատա՞ս դրան։ Կընդունե՞ս այն։ Չես հավատա դրան, առավել ևս՝ չես ընդունի։ Ասում ես, թե հստակորեն հասկանում ես տեսիլքների ճշմարտությունները և վստահ ես Ամենակարող Աստծու գործում, այդ դեպքում ինչպե՞ս կարող ես, այնուամենայնիվ, ազդվել բացասական քարոզչությունից։ Սա է խնդիրը։ Սա ցույց է տալիս, որ ճշմարտությունն իրապես չես հասկանում։ Ասում ես, թե հասկանում ես ճշմարտությունը, բայց կարո՞ղ ես ասել. «Լինի դա մարմնացած Աստված, թե Աստծու կողմից գործածվող մարդը՝ ինչ էլ որ նրանք անեն, ճիշտ է։ Որոշ մարդիկ ասում են. «Պետք է և՛ մարմնացած Աստծուն և՛ Աստծու կողմից գործածվող մարդուն գնահատեմ Աստվածաշնչի լույսի ներքո։ Եթե նրանց գործողությունները թեկուզ չնչին խախտում են Աստվածաշունչը, ուրեմն Նա Աստծու մարմնացած մարմինը չէ, և նա Աստծու կողմից գործածվող մարդը չէ»։ Արդյոք այս տեսակետը ճի՞շտ է։ (Ո՛չ։) Եթե դու Աստծուն և Աստծու կողմից գործածվող մարդուն գնահատում ես Աստվածաշնչի լույսի ներքո, ուրեմն դու դիմակայում ես Աստծուն, հայհոյում ես Աստծուն և խախտում ես կառավարչական հրամանագիրը։ Ասա՛ ինձ, Մովսեսի կատարած գործում արդյոք կայի՞ն սխալներ։ (Այո՛։) Այդ դեպքում ինչո՞ւ Աստված, այնուամենայնիվ, օգտագործեց նրան։ (Նա ուներ իր օգուտները։) Խնդիրը միայն այն չէր, որ նա ուներ իր օգուտները, այլ այն, որ Աստված ընտրեց այդ մարդուն և գործածեց նրան։ Եթե Աստված օգտագործեց նրան՝ գործ անելու համար, և դու չես հնազանդվում, ու եթե չես պահպանում այն օրենքները, որ Աստված նրա միջոցով հայտարարեց, կմեռնես ու կկործանվես։ Եթե հակառակվում ես Աստծու կողմից օգտագործված մարդուն, ապա խախտում ես Նրա կառավարչական հրամանագրերը և կպատժվես։ Սա Աստծու կառավարչական հրամանագիրն է։ Եթե կարծում ես, թե Աստծու կառավարչական հրամանագրերը չեն համապատասխանում մարդկային պատկերացումներին, և այդ պատճառով չես հնազանդվում դրանց կամ չես հետևում դրանց, ուրեմն բացահայտվում ես՝ ցույց տալով, որ ամենևին չունես աստվածավախ սիրտ։ Աստվածավախ սիրտ ունեցողը կարող է ճիշտ վերաբերվել Աստծու կառավարչական հրամանագրերին, հնազանդվել և հետևել դրանց՝ անկախ նրանից՝ դրանք համապատասխանում են իրենց պատկերացումներին, թե ոչ։ Աստվածավախ սիրտ չունեցողը համարձակվում է չհետևել դրանց, նույնիսկ համարձակվում է փորձել դիմադրել, վիճարկել ու դատել այս հրամանները, ինչի հետևանքով Աստծո կողմից դատապարտվում է Նրան դիմակայելու համար։ Սա լուրջ հարց է։ Ենթադրենք, դու գիտես, որ Քրիստոսը կարող է արտահայտել ճշմարտությունը, որովհետև Նա Աստծու մարմնացած մսեղին է, սակայն, միևնույն է, համարձակվում ես դատել Նրան։ Ո՞րն է խնդիրը։ Դու ուղղակիորեն դատում ես Աստծու Հոգին։ Եթե համարձակվում ես ուղղակիորեն դատել Աստծու Հոգին, ապա ուղղակիորեն դատում և դատապարտում ես Աստծուն։ Թույլ տուր ասեմ քեզ՝ եթե այս հարցը հստակ չտեսնես, ապա վտանգի մեջ կլինես, և ամենայն հավանականությամբ կպատժվես՝ Աստծուց դատապարտվելով՝ նրա կառավարչական հրամանագիրը խախտելու համար։ Ասա՛ ինձ, ինչո՞ւ պատժվեցին այն երկու հարյուր հիսուն առաջնորդը, որոնք ընդդիմացան Մովսեսին Օրենքի դարաշրջանում։ Նրանք ասում էին․ «Մի՞թե Աստված մեզ էլ հայտնություններ չի տվել, ինչպես Մովսեսին։ Մովսեսը մեզնից ոչնչով լավը չէ։ Չենք հնազանդվում։ Բոլորս նույնն ենք։ Մարդկային տեսանկյունից նրանք կարծես թե լրջորեն Մովսեսին դատապարտող ոչինչ չասացին, բայց նրանց ընդդիմությունը Մովսեսին և նրա հանդեպ հնազանդության բացակայությունը խախտում էին կառավարչական հրամանագիրը։ Մովսեսն այն մարդն էր, որին Աստված ընտրել և օգտագործել էր, ուստի Մովսեսին ընդդիմանալը պարզապես նրա հետ խնդիր ունենալ չէր նշանակում, այլ նաև՝ Աստծու հետ խնդիր ունենալ։ Ուստի, թեև այդ երկու հարյուր հիսուն առաջնորդն ուղղակիորեն չընդդիմացավ Եհովա Աստծուն, այլ միայն այս կերպ դատեց և ընդդիմացավ Մովսեսին, Աստծու աչքում նրանք դատում և դիմակայում էին հենց Աստծուն և խախտում էին Նրա կառավարչական հրամանագիրը։ Աստված հրաշք գործեց Մովսեսի միջոցով․ երկիրը բացեց իր բերանը, և նրանք ընկան անդունդը՝ գահավիժելով Հադես։ Սա նրանց կողմից կառավարչական հրամանագիրը խախտելու հետևանքն էր։ Մարդիկ անիծվում և պատժվում են այն բանի համար, որ դատում և դիմակայում են Աստծու կողմից օգտագործվող մարդուն, առավել ևս՝ եթե դատում և դիմակայում են մարմնացած Աստծուն։ Եթե համարձակվում ես դատել մարմնացած Աստծուն, ապա կրակի հետ ես խաղում։ Սա կատակ չէ․ սա նշանակում է վիրավորել Աստծու բնույթը։ Ուստի երբեք չպետք է դատես Աստծուն։ Թեև շատ բաներ կան, որ հստակ չես տեսնում, այս բաներն Աստված է դիտավորյալ կերպով կազմակերպել և նախագծել։ Նրանց մեջ Աստծու իմաստությունն ու Աստծու բարի մտադրություն է։ Եթե չունես աստվածավախ սիրտ և դատում ես հարցերն ըստ քո հայեցողության, ապա կարող ես պարզապես սպասել վերացման։ Թույլ տուր կրկին խոսել ի սրտե․ այս ամենը տեղի է ունենում նաև, որ Աստված բացահայտի մարդկանց և ստուգի՝ արդյոք նրանք ունեն աստվածավախ սիրտ։ Ովքեր չունեն աստվածավախ սիրտ, վաղ թե ուշ կկործանվեն։ Եթե անզգուշորեն և ըստ քո հայեցողության համարձակվես դատել որևէ մեկին, ապա վաղ թե ուշ կպատժվես՝ Աստծու բնույթը վիրավորելու համար։ Ուստի երբեք մի՛ սպասիր, որ պատժվես և հետո զղջաս քո արարքների համար։ Այդ ժամանակ արդեն շատ ուշ կլինի։

Որոշ մարդիկ հաճախ բացասական են։ Մի՞թե սա որևէ կապ ունի Աստծու վերաբերյալ նրանց պատկերացումների կամ բացասական քարոզչության ազդեցությանը ենթարկվող նրանց գոյության հետ։ (Այո՛։) Այդ դեպքում ինչո՞ւ նրանք չեն կարողանում հաղթահարել սա։ Տիեզերքում չկա մի բան, որ կազմակերպված չէ Աստծու կողմից։ Ամեն ինչ կանխորոշված է Աստծու կողմից, և քո պատկերացումներին չհամապատասխանող բաները նույնպես կանխորոշված են Աստծու կողմից։ Աստված օգտագործում է սրանք՝ քեզ բացահայտելու և քո վերաբերմունքը տեսնելու համար։ Եթե գիտես, որ մարդու այս Որդին մարմնացած Քրիստոսն է, և որ Նա Աստված է, և, այնուամենայնիվ, դեռևս համարձակվում ես դատապարտել Նրան, մի՞թե սա զայրացուցիչ չէ։ Սրանով դու գիտակցաբար և դիտավորությամբ դիմակայում ես ճշմարիտ ճանապարհին։ Այդ դեպքում որտե՞ղ է քո աստվածավախ սիրտը։ Դու ամենևին աստվածավախ սիրտ չունես։ Նայի՛ր Հոբին։ Երբ բախվեց այնպիսի բաների, որոնք չկարողացավ հստակ տեսնել, նա ոչ մի բառ չասաց։ Նա նախընտրեց անիծել իրեն, քան դատաստանի խոսքեր ասել։ Աստվածավախ սիրտ ունեցող մարդը իրեն պահում է Հոբի պես։ Դու չունես աստվածավախ սիրտ և դառնում ես բացասական ու դադարում ես անել քո աշխատանքը միայն այն պատճառով, որ Աստծու մասին որոշ պատկերացումներ ունես։ Ինչո՞ւ ես բացասական։ Մի՞թե այն պատճառով չէ, որ վախենում ես սխալ բանի հավատալուց։ Ինչպե՞ս կարող էիր սխալվել՝ հավատալու մարմնացած Աստծուն։ Եթե իսկապես վստահ ես Աստծու հարցում, ապա ինչ էլ որ Աստված անի, դու ոչ մի պատկերացում չես ունենա։ Քանի դեռ հնազանդվում ես Աստծուն, գոհացնում ես Աստծուն և ունես պարզ հավատքով սիրտ, ուրեմն ճիշտ ես։ Դու միշտ կասկածում ես Աստծուն և միշտ վախենում ես սխալ բանի հավատալուց։ Այն պատճառով է, որ չափից շատ հաշվենկատ ես, և քո մտքերը գերլարված են։ Դու բավականին նենգ ես, և ի վերջո քո մանր հաշվարկները կկործանեն քեզ։ Չափից դուրս հաշվենկատ մարդիկ շատ պատկերացումներ ունեն մարմնացած Աստծու մասին։ Ոմանք չեն ընդունում Ամենակարող Աստծուն, որովհետև Նրա մարմնացումը կին է, մինչդեռ մյուսները չեն ընդունում Նրան, քանի որ լսում են կրոնական հովիվներին ու երեցներին, որոնք ասում են, թե՝ «Ամենակարող Աստված սովորական մարդ է»։ Մյուսները դադարում են հավատալ, որովհետև պատկերացումներ ունեն Աստծու մարմնացման մասին։ Ի վերջո նրանք կործանման են մատնում իրենց իսկ ելքն ու նշանակության վայրը։ Հետևաբար, երբ տեսնում ես, որ Քրիստոսի արտահայտած խոսքերը ճշմարտությունն են, պետք է շտապես ընդունել դրանք։ Ճշմարտությունն անարդար չի վարվում մարդկանց հետ, և միայն ճշմարտությունն ընդունելով է, որ կարող ես Աստծու կողմից փրկվելու հնարավորություն ունենալ։ Ո՞վ կարող է ամբողջ աշխարհում և ողջ մարդկության մեջ արտահայտել ճշմարտությունը։ Միայն Ինքը Աստված։ Միայն Աստծու մարմնացած մարմինը կարող է արտահայտել ճշմարտությունը։ Դու չես կիրառում Աստծու արտահայտած ճշմարտությունները, բայց և այնպես համարձակվում ես զբաղվել դատաստանով ու դատապարտումով։ Ի՜նչպիսի հանդգնություն ունես։ Ակնհայտորեն դու չունես աստվածավախ սիրտ։ Ասում ես, թե լավ որակ և աստվածավախ սիրտ ունես, ապա այդ դեպքում ինչո՞ւ չես կարողանում հստակեցնել Աստծու վերաբերյալ քո պատկերացումները։ Ինչո՞ւ ես բացասական դառնում, երբ լուրեր ու բացասական քարոզչություն ես լսում։ Ո՞ւր է քո աստվածավախ սիրտը։ Դու չես վախենում Աստծուց և խուսափում չարից։ Առանց աստվածավախ սրտի՝ չես կարողանա հրաժարվել պատկերացումներիցդ։ Մի օր, երբ Աստված փոխի Իր պատկերը, դառնա հոգևոր մարմին և թույլ տա քեզ տեսնել Իրեն, դու կկրճտացնես ատամներդ ու կողբաս՝ «Ամենակարող Աստված ճշմարիտ Աստված է։ Եթե ավելի շուտ իմանայի, ավելի շուտ կհրաժարվեի պատկերացումներիցս, ավելի շուտ կձգտեի ճշմարտությանն ու ինձ կնվիրաբերեի Աստծուն։ Այդ դեպքում ես փրկվելու հնարավորություն ունեցած կլինեի։ Բայց քանի որ կառչեցի պատկերացումներիս, տարիներ շարունակ բացասական էի և հետաձգեցի փրկվելու մեծագույն գործը։ Իմ ելքն ու նշանակության վայրը լիովին կործանված են»։ Բայց մինչ այս պահը քո զղջումն արդեն անօգուտ կլինի։ Հետևաբար չափազանց կարևոր է, որ մարդիկ աստվածավախ սիրտ ունենան։ Հոբն առանձնապես շատ ճշմարտություն չէր հասկանում, բայց նա արժանացավ Աստծու հավանությանը՝ ապավինելով իր սրտին, որը վախենում էր Աստծուց և խուսափում չարից։ Երբ նա կանգնեց իր ունեցվածքն ու զավակներին կորցնելու փորձության առաջ, չհետևեց իր ընկերներին Աստծու արածը դատելու հարցում և ոչ էլ բողոքեց Աստծու դեմ, երբ իր կինն ասաց նրան թողնել Աստծուն ու մեռնել։ Տե՛ս, թե որքան կատարյալ էր Հոբի սիրտը, որ վախենում էր Աստծուց և խուսափում չարից։ Երբ կանգնեց այսպիսի մեծ փորձության առաջ, նա ոչ մի պատկերացում չուներ Աստծու մասին, ոչ էլ ընկավ գայթակղության կամ բացասականի մեջ։ Նա գերադասեց անիծել ինքն իրեն, քան բողոքել Աստծու դեմ։ Արդյոք Հոբն ունե՞ր ճշմարիտ հավատք առ Աստծու։ (Այո՛։) Մարդկային տեսանկյունից՝ այն գործը, որ Աստված արեց Հոբի վրա, չէր համապատասխանում մարդկային պատկերացումներին, և սովորական մարդկանց համար դժվար կլիներ հնազանդվել նման բաների բախվելիս։ Բայց Հոբը չդատեց Աստծուն։ Նա գերադասեց անիծել ինքն իրեն, քան դատել Աստծուն։ Նա ասաց. «Եհովան տվեց, և Եհովան էլ վերցրեց. օրհնյալ լինի Եհովայի անունը» (Հոբ 1:21)։ Նա չզբաղվեց դատաստանով և շարունակեց գովաբանել ու փառաբանել Աստծուն, երբ այս մեծ իրադարձությունները պատահեցին իրեն։ Սա մի մարդ էր, որն իսկապես վախենում էր Աստծուց։ Բայց դու բացասական ես դառնում, երբ հանդիպում ես բացասական քարոզչության կամ ինչ-որ բանի, որը հստակ չես տեսնում։ Ո՞ւր է քո աստվածավախ սիրտը։ Դու շատ հեռու ես Հոբից, այդպես չէ՞։ (Այո։) Ուրեմն մի՞թե պետք է մրցակցենք Հոբի հետ։ (Այո՛։) Ուրեմն, եթե ցանկանում ես հետևել Աստծուն և լավ կատարել քո պարտավորությունը, դա հեշտ բան չէ։ Մարդը պետք է եռանդով ձգտի ճշմարտությանը, որպեսզի հասնի ճշմարտության ըմբռնմանը, կարողանա օգտագործել ճշմարտությունը խնդիրներ լուծելու համար և միևնույն ժամանակ զարգացնի աստվածավախ սիրտ։ Միայն այսկերպ կարող է մարդը հաստատուն կանգնել և ավարտել Աստծու հանձնարարությունը։ Սա պա՞րզ է։ (Այո՛։)

Եկե՛ք այսօր այստեղ ավարտենք մեր հաղորդակցությունը։ Ցտեսությո՛ւն։ (Ցտեսություն, եղբա՛յր։)

Կապվիր մեզ հետ WhatsApp-ով