Ինչպես պետք է առաջնորդներն ու աշխատողները կատարեն եկեղեցու աշխատանքը (1)

Վերադաս եղբոր հաղորդակցությունը – 25-ը նոյեմբերի, 2025թ. (Մաս 6)

Հարց 4։ Շատ եղբայրներ և քույրեր դժվարությունների են հանդիպել ավետարանը հավանական ընդունողներ գտնելու հարցում, ինչը հանգեցրել է ավետարանի քարոզչության արդյունքների անկմանը։ Ինչպե՞ս պետք է լուծենք այս խնդիրը։ Մասնավորապես, ինչպե՞ս պետք է վարվենք այն եղբայրների և քույրերի հետ, ովքեր երկար ժամանակ հավատացել են Տիրոջը, բայց չեն կարողանում գտնել ավետարանը հավանական ընդունողներ։

Պատասխան։ Եթե եղբայրներն ու քույրերը դժվարությունների են հանդիպել ավետարանը հավանական ընդունողներ գտնելու հարցում, ապա նրանք պետք է առաջ շարժվելու գործնական ուղիներ գտնեն։ Մի՞թե ճիշտ չէ, որ յուրաքանչյուր եղբայր և քույր ճանաչում է մարդկանց, ովքեր հավատում են Տիրոջը։ (Այդպես է։) Ուրեմն քո ճանաչած մարդկանցից ո՞ր հավատացյալը, ըստ քեզ, կարող է ընդունել ճշմարտությունը և ունի ճշմարտությունն ըմբռնելու ընդունակություն։ Ո՞ր մարդը կարող է լուրջ վերաբերվել ճշմարտությանը և շփոթված հավատացյալ չէ։ Դու պետք է մտածես այն մարդկանց մասին, ում ճանաչում ես։ Լինեն նրանք բարեկամներ, ընկերներ, թե պարզապես ծանոթներ, դու կարող ես ավետարանը քարոզել ցանկացածին, ով կարող է ընդունել Ամենակարող Աստծու արտահայտած ճշմարտությունները և ունի ըմբռնելու կարողություն։ Եթե մարդն ունի ըմբռնելու կարողություն և կարող է ընդունել ճշմարտությունը, բայց քո հարաբերությունները նրա հետ լավ չեն, և նա գուցե չկամենա լսել քո ասածները, կամ դու զգում ես, որ չես հասկանում ճշմարտությունը և չես կարող ավետարանը քարոզել նրան, ապա դու պետք է գտնես մի եղբոր կամ քրոջ, ով իսկապես հասկանում է ճշմարտությունը, որպեսզի համագործակցի քեզ հետ՝ նրան քարոզելու համար, իսկ դու կարող ես պարզապես ուղղորդողի դեր տանել։ Քանի որ դու չես հասկանում ճշմարտությունը, եթե քեզ խնդրեն միայնակ ավետարանը քարոզել և վկայություն բերել ուրիշներին, դու չես համարձակվի, և չես կարողանա պատասխանել նրանց հարցերին։ Ուստի, պետք է գտնես մեկին, ով հասկանում է ճշմարտությունը, որպեսզի համագործակցի քեզ հետ ավետարանը քարոզելիս։ Մի՞թե սա նույնպես արդյունքների չի հասնի։ (Կհասնի։) Բնականոն հանգամանքներում, մի՞թե ավետարան քարոզելը պարզապես քո ճանաչած այն լավ մարդկանց քարոզելը չէ, ովքեր անկեղծորեն հավատում են Աստծուն։ Եթե դու ճանաչում ես երկու հավատացյալի, ովքեր ավետարանը հավանական ընդունողներ են, ապա քարոզիր ավետարանն այս երկու մարդկանց։ Եթե, ի վերջո, միայն մեկն է դարձի գալիս, ապա լավ ջրիր այդ մարդուն։ Երկու կամ երեք ամիս անց, երբ նրանք հասկանան որոշակի ճշմարտություն և պատրաստակամ լինեն ավետարանը քարոզելու և Աստծու համար վկայություն կրելու, նրանք նույնպես կկարողանան գտնել ավետարանը հավանական ընդունողների իրենց ճանաչած մարդկանց շրջանում։ Եթե նրանք հովիվ կամ սարկավագ բերեն, ապա ավետարանը հավանական ընդունողների թիվը կլինի ոչ թե պարզապես երկու կամ երեք, այլ տասնյակներ կամ նույնիսկ հարյուրավորներ։ Այսպես դու պետք է քարոզես ավետարանը։ Որքան շատ քարոզես, այնքան ավելի շատ հավանական ընդունողներ կգտնես, և այնքան ավելի լայնորեն կտարածվի ավետարանը։ Եթե որոշ մարդիկ Ամենակարող Աստծուն ընդունելուց հետո չեն քարոզում ավետարանը՝ ասելով. «Ես նախկինում չեմ հավատացել Տեր Հիսուսին։ Ես ոչ մի կրոնական մարդու չեմ ճանաչում և չեմ կարող գտնել ավետարանը հավանական ընդունողների», արդյո՞ք այս պատճառաբանությունը հիմնավոր է։ Դու գուցե երբեք չես հավատացել Տիրոջը, բայց այն անհավատների մեջ, ում հետ դու շփվում ես, մի՞թե չկան նրանք, ում մարդկայնությունը համեմատաբար լավ է, և ովքեր կարող են ընդունել, որ Աստված գոյություն ունի։ Դու կարող ես ավետարանը քարոզել նաև նրանց։ Լավ մարդկայնությամբ անհավատները, ովքեր հավատում են, որ Աստված գոյություն ունի, նույնպես ավետարանը հավանական ընդունողներ են։ Հետևաբար՝ Տիրոջը հավատացող մարդկանց չճանաչելը պատճառ կամ արդարացում չէ ավետարանը չքարոզելու համար։ Ո՞րն է գլխավոր պատճառը, որ մարդիկ չեն քարոզում ավետարանը։ Ի՞նչ հանգամանքներում են նոր հավատացյալները սկսում քարոզել ավետարանը։ Նրանք կարող են քարոզել ավետարանը միայն երբ հասկանան տեսիլքներին վերաբերող որոշակի ճշմարտություններ և համոզված լինեն ճշմարիտ ուղու հարցում։ Նրանք ասում են. «Սա՛ է ճշմարիտ ճանապարհը։ Ամենակարող Աստծու արտահայտած խոսքերը բացահայտել են մարդկության ապականված խառնվածքները և մատնանշել այն ուղին, որով կարելի է լուծել այս ապականված խառնվածքները։ Սա Աստված է, Ով արտահայտում է ճշմարտությունը՝ մարդուն մաքրելու և փրկելու համար։ Աստված արտահայտում է այս ճշմարտությունները՝ մի խումբ մարդկանց ավարտուն դարձնելու համար, որպեսզի այս մարդիկ բաժին ունենան Նրա թագավորության մեջ։ Հայտնությունը մարգարեանում է. «Այս աշխարհի թագավորությունները դարձան մեր Տիրոջ և Նրա Քրիստոսի թագավորությունը» (Հայտնություն 11:15)։ Քրիստոսի թագավորությունն այս մարդկանց հանգրվանն է»։ Նրանք համոզված են, որ սա իսկապես ճշմարիտ Աստվածն է, Ով գալիս է փրկելու մարդուն, և որ ընդունելով գործի այս փուլը և ձեռք բերելով ճշմարտությունը՝ մարդիկ կարող են փրկվել և մտնել Աստծու թագավորություն։ Նրանք իրենց սրտում զգում են. «Ես չեմ կարող այս փրկությունը ձեռք բերել միայն ինձ համար։ Ես պետք է թույլ տամ, որ իմ ծնողները, երեխաները, բարեկամներն ու ընկերները նույնպես ձեռք բերեն այս փրկությունը, որպեսզի նրանք նույնպես մի օր կարողանան մտնել թագավորություն»։ Այդ ժամանակ նրանք կսկսեն ավետարանը քարոզել այս մարդկանց։ Մի՞թե նրանք այդժամ գտած չեն լինի ավետարանը հավանական ընդունողների։ Մի՞թե ավետարանի աշխատանքն այդժամ չի տարածվի։ Այդպես չէ՞։ (Այո։) Հետևաբար՝ նոր հավատացյալներին ավետարանը քարոզելու համար մոբիլիզացնելու նպատակով, դու պետք է ավելի շատ հաղորդակցվես նրանց հետ ճշմարտության մասին։ Երբ նրանց համար պարզ լինի ճշմարտությունը, նրանք բնականաբար պատրաստակամ կլինեն քարոզելու ավետարանը։ Դու նույնիսկ կարիք չես ունենա ասելու նրանց, որ քարոզեն ավետարանը, քանի որ նրանք իրենց նախաձեռնությամբ կքարոզեն իրենց ընտանիքին, բարեկամներին և ընկերներին։ Եթե նրանց համար պարզ չէ ճշմարտությունը և նրանք համոզված չեն Աստծու վերաբերյալ, ապա հայտնի չէ, թե արդյոք նրանք կկարողանան հետևել մինչև բուն վերջը։ Եթե դու խնդրես նրանց քարոզել ավետարանը, նրանք այդպիսի հավատ չեն ունենա։ Այդպես չէ՞։ (Այո։) Հետևաբար՝ ովքեր չեն կամենում քարոզել ավետարանը, դու պետք է հաղորդակցվես նրանց հետ տեսիլքներին վերաբերող տարբեր ճշմարտությունների մասին։ Երբ նրանք հասկանան ճշմարտությունը և համոզված լինեն Աստծու վերաբերյալ, դու կարիք չես ունենա որևէ բան նրանց ասելու, քանի որ նրանք դուրս կգան և կքարոզեն ավետարանն իրենց նախաձեռնությամբ։

Հարց 5։ Մեր երկրի շատ տարածաշրջաններում որոշում կայացնող խմբերը դեռ չեն սովորել ինքնուրույն կատարել իրենց պարտավորությունները։ Նրանք չափազանց շատ են ապավինում չինացի եղբայրներին և քույրերին, ինչը խոչընդոտում է թե՛ ավետարանի տարածմանը, թե՛ տեղացի նոր հավատացյալների մշակմանը։ Ինչպե՞ս պետք է մենք առաջնորդենք և օգնենք մեր եղբայրներին և քույրերին, որպեսզի նրանք այլևս չապավինեն չինացիներին, այլ դրա փոխարեն սովորեն փնտրել Սուրբ Հոգու առաջնորդությունը՝ Աստծու հանձնարարությունն ավարտին հասցնելու համար։

Պատասխան։ Երբ մարդիկ նոր են գտնում Աստծուն, նրանց հասակը շատ փոքր է, և նրանք դեռ չգիտեն՝ ինչպես ինքնուրույն ուտել և խմել Աստծու խոսքերը, ուստի նրանք հենակի կարիք ունեն։ Նրանք ուրիշների օգնության, աջակցության, առաջնորդության և ապահովման կարիքն ունեն։ Բայց երբ նրանք կարողանան ինքնուրույն ուտել և խմել Աստծու խոսքերը և փնտրել ճշմարտությունը, մի՞թե նրանց հենակը չպետք է մի կողմ նետվի։ (Այո։) Եթե որոշում կայացնող խմբի գործընկերները կարողանան համագործակցել՝ լուծելու եկեղեցական կյանքի խնդիրները և այն խնդիրներն ու դժվարությունները, որոնց եղբայրներն ու քույրերը հանդիպում են ավետարանը քարոզելիս, ապա նրանք կարող են ինքնուրույն լինել։ Բայց հիմա դուք ուզում եք ինքնուրույն լինել, սակայն ի վիճակի չեք, այդպե՞ս չէ։ (Այո։) Ուրեմն ձեզ աջակցող չինացի եղբայրների և քույրերի կեսը կարող է նախ ետ կանչվել։ Մնացածը կանեն միայն հիմնական աշխատանքի մի մասը, իսկ պակաս կարևոր աշխատանքը կհանձնվի ձեզ՝ ինքնուրույն անելու համար։ Այս կերպ դուք կարող եք վարժվել աշխատանքն անելուն։ Մի որոշ ժամանակ այսպես վարժվելուց հետո, երբ դուք ի վիճակի լինեք ինքնուրույնության, դուք կկարողանաք լիովին կանգնել ձեր սեփական ոտքերի վրա։ Ներկայումս կա՞ն արդյոք որոշում կայացնող խմբերի անդամներ որևէ տեղ, ովքեր կարող են ինքնուրույն աշխատանք ստանձնել։ Քանի դեռ դուք ունեք աշխատանք ստանձնելու հավատը, դուք կարող եք ինքնուրույն լինել։ Եթե դուք դեռ չեք կարող ինքնուրույն աշխատել, ապա չինացիներն առայժմ ետ չեն կանչվի։ Երբ դուք կարողանաք ինքնուրույն լինել, չինացիները կարող են ետ կանչվել։

Հարց 6։ Կա որոշում կայացնող խմբի մի առաջնորդող, ով զգում է, որ մեծ ճնշման տակ է, քանի որ չափազանց շատ աշխատանք ունի անելու, և նա ուզում է հրաժարական տալ։ Ինչպե՞ս պետք է լուծենք այս խնդիրը։

Պատասխան։ Միանգամից այդքան մեծ ծավալի աշխատանք ստանձնելիս նոր հավատացյալի կողմից մեծ ճնշում զգալը և հրաժարական տալու ցանկությունը մի վիճակ է, որին բախվում է մարդկանց մեծ մասը։ Մենք պետք է պատշաճ կերպով հաղորդակցվենք ճշմարտության մասին՝ օգնելու և աջակցելու նրանց, որպեսզի նրանք կարողանան հավատ ունենալ իրենց պարտականության հանդեպ և հրաժարական չտան բացասականության և թուլության մի պահի պատճառով։ Եթե նրանց իրական հանգամանքները թույլ չեն տալիս այդքան շատ աշխատանք անել, և նրանք այդքան ժամանակ չունեն իրենց պարտավորությունը կատարելու համար, ապա թույլ տվեք նրանց մի փոքր ավելի քիչ աշխատանք ստանձնել։ Թույլ մի տվեք նրանց չափազանց շատ աշխատանք կամ չափազանց ծանր բեռ ստանձնել։ Եթե նրանց բեռն այս կերպ թեթևացվի, մի՞թե նրանք չեն դադարի բացասական լինելուց։ (Կդադարեն։) Ուստի, մի կողմից, դուք պետք է հաղորդակցվեք ճշմարտության մասին՝ օգնելու և աջակցելու նրանց, իսկ մյուս կողմից, պետք է մի փոքր թեթևացնեք նրանց բեռը՝ ըստ նրանց իրական իրավիճակի։ Թող նրանք ստանձնեն մեկ կամ երկու առաջադրանք, որոնք ներկայումս կարող են գլուխ բերել։ Եթե ստանձնեն այս առաջադրանքները՝ առանց զգալու, որ դրանք չափազանց դժվար կամ ծանր են, ապա բացասական չեն դառնա։

Հարց 7։ Ես վնաս հասցրի աշխատանքին, քանի որ անպատասխանատու և անփույթ էի իմ պարտականության մեջ։ Սակայն, երբ վերադաս առաջնորդն ինձ հարցրեց, թե արդյոք ես որևէ խնդրի հանդիպել եմ իմ պարտավորության մեջ, ես միշտ անհանգստանում էի հեղինակությունս կորցնելու համար և չէի կամենում բացվել ու հաղորդակցվել իմ վիճակի և դժվարությունների մասին։ Ինչպե՞ս պետք է հասկանամ և լուծեմ այս խնդիրը։

Պատասխան։ Անընդհատ հեղինակությունը կորցնելու համար անհանգստանալը և պարզ ու բաց լինել չկարողանալը սեփական ապականված խառնվածքով կաշկանդված լինելն է։ Եթե դու կաշկանդվում ես քո ապականված խառնվածքով և լավ չես կատարում քո պարտավորությունը՝ ուշացնելով Աստծու տան աշխատանքը, ի՞նչ հետևանքները կլինեն։ Հետևանքները լուրջ կլինեն։ Սեփական պարտավորությունը լավ չկատարելը Աստծուն հուսախաբ անելն ու Աստծուն պարտք մնալն է։ Սա անելով՝ մենք չենք կարող արդարանալ Աստծու առաջ, և մեր խիղճը կդատապարտվի ու կտանջվի։ Այս ցավն իսկապես մեծ է, և ապրելը դառնում է տառապանք։ Հետևաբար՝ մարդկանց համար վատ է միշտ անհանգստանալ հեղինակությունը կորցնելու համար։ Երբեք մի ուշացրու կարևոր գործերը, քանի որ անհանգստանում ես հեղինակությունդ կորցնելու համար։ Այս խնդրի վերաբերյալ դու պետք է ջերմեռանդորեն աղոթես Աստծուն, փորձես լինել պարզ ու բաց և խոսես ճշմարտությունը։ Բացի այդ, երբ ապականված մարդկությունը գործ է անում, անկասկած խնդիրներ կլինեն։ Կլինեն ապականության բացահայտումներ և անպատասխանատվության վիճակներ։ Բայց մի՞ թե սրանք անձնական հարցեր են, որոնք չափազանց ամոթալի են հիշատակելու համար։ (Ո՛չ։) Եթե քո աշխատանքում խնդիրներ կան, կամ դու բացահայտում ես որոշակի ապականություն, և չես կարողանում ստիպել քեզ խոսել դրա մասին, ապա դու փորձանքի մեջ ես, և չես կարողանա անել քո աշխատանքը։ Չկա որևէ բան, որի մասին դու չկարողանաս ստիպել քեզ խոսել՝ աշխատանքում հանդիպած դժվարությունների կամ բացահայտված ապականված խառնվածքների մասին։ Դժվարությունների մասին անկեղծանալը չի նշանակում, թե քեզանից պահանջվում է բացահայտել քո անձնական հարցերը, այլ արվում է հանուն ճշմարտությունը փնտրելու է։ Բացի այդ, բոլորն ունեն այս դժվարությունները, խնդիրները և ապականության բացահայտումները, և ոչ ոք քեզ վերևից չի նայի դրա պատճառով։ Եթե դու անկեղծանալը շատ դժվար ես համարում, ապա ջերմեռանդորեն աղոթիր Աստծուն։ Նույնիսկ առանց քո իմացության, Աստված կառաջնորդի քեզ, և դու կկարողանաս հաղթահարել հեղինակությունդ կորցնելու քո անհանգստության կաշկանդվածությունը։

Հարց 8։ Ո՞րն է տարածաշրջանային որոշում կայացնող խմբի անդամներ ընտրելու նվազագույն չափանիշը։

Պատասխան։ Տարածաշրջանային որոշում կայացնող խմբի անդամի համար նվազագույն չափանիշն այն է, որ նրանք կարողանան հաղորդակցվել ճշմարտության մասին՝ խնդիրները լուծելու համար։ Այսինքն՝ նրանք կարող են հաղորդակցվել ճշմարտության մասին՝ լուծելու եկեղեցում առկա ընդհանուր խնդիրները, և խնդիրները լուծելու համար ճշմարտության մասին նրանց հաղորդակցվելու արդյունքները լավագույնն են։ Միայն նման մարդը կարող է տարածաշրջանային առաջնորդ լինել։ Ուստի, եթե տեսնում ես մեկին, ում արդյունքները խնդիրները լուծելու համար ճշմարտության մասին հաղորդակցվելիս լավագույնն են, ապա նա հարմար է տարածաշրջանային առաջնորդող լինելու համար, և նա որակավորված է ընտրվելու որպես տարածաշրջանային որոշում կայացնող խմբի անդամ։ Ապա ո՞րն է հովվական տարածքի որոշում կայացնող խմբի անդամներ ընտրելու չափանիշը։ Ամենակարևորն այն է, որ այս մարդը կարողանա ճիշտ ուղղությամբ տանել գործերը։ Անկախ նրանից, թե ինչ լուրջ հարցեր են ծագում, նրանք կարող են ճշգրիտ որոշումներ կայացնել՝ ապահովելու համար, որ աշխատանքում շեղումներ չառաջանան։ Սա է հովվական տարածքի որոշում կայացնող խմբի անդամներ ընտրելու պահանջը, և այս չափանիշն ամենաբարձրն է։ Այնուամենայնիվ, տարածաշրջանային որոշում կայացնող խմբի անդամ լինելու համար մարդուն պարզապես անհրաժեշտ է կարողանալ հաղորդակցվել ճշմարտության մասին՝ խնդիրները լուծելու համար։ Ապա ո՞րն է շրջանային որոշում կայացնող խմբի անդամ կամ եկեղեցու առաջնորդող լինելու չափանիշը։ Կարևոր չէ, եթե շրջանային որոշում կայացնող խմբի անդամի հաղորդակցված փորձառական ընկալումը մի փոքր մակերեսային է, բայց նա առնվազն պետք է կարողանա բառեր և վարդապետություններ խոսել համեմատաբար կոնկրետ և համապարփակ կերպով։ Սա թույլ է տալիս նրան ծառայել որպես շրջանային որոշում կայացնող խմբի անդամ։ Եկեղեցու առաջնորդը պետք է առնվազն եռանդուն լինի և հոգսի զգացում ունենա։ Բացի այդ, նա պետք է ճիշտ մարդ լինեն։ Սա այն տեսակի մարդն է, ով կարող է ստանձնել եկեղեցու առաջնորդի աշխատանքը։ Անկախ նրանից, թե որ մակարդակի առաջնորդ կամ աշխատող է ընտրվում, նախ պետք է երաշխավորվի, որ նրանք ճիշտ մարդ են։ Եթե նրանք ճիշտ մարդ չեն, ապա բացարձակապես չեն կարող ծառայել որպես առաջնորդ կամ աշխատող` Աստծու տան որևէ մակարդակում։ Ուրեմն ինչպիսի՞ մարդը ճիշտ մարդ չէ։ Եթե մարդն անազնիվ է, երբեք չի ասում ճշմարտությունը, միշտ թաքցնում է բաներ և խոսելիս կմկմում է, ասում է իր մտածածի միայն կեսը և պարզ ու բաց չէ, ապա նման մարդը չափազանց խորամանկ է և չափազանց հաշվենկատ։ Նրանք վստահելի չեն և չեն կարող ծառայել որպես առաջնորդ կամ աշխատող Աստծու տան որևէ մակարդակում։ Եթե դու շփվում ես մեկի հետ և երբեք չես համարձակվում բացել քո սիրտը նրա առաջ՝ միշտ զգալով, որ նա անհուսալի է և չհամարձակվելով նրան որևէ բան ասել, ապա նման մարդը չի կարող ծառայել որպես առաջնորդ կամ աշխատող որևէ մակարդակում, քանի որ նա ճիշտ մարդ չէ։

Հարց 9։ Երբ առաջնորդներն ու սարկավագները չափազանց խիստ են եղբայրների և քույրերի նկատմամբ, ինչպե՞ս պետք է հաղորդակցվեմ՝ օգնելու նրանց հասկանալ, թե ինչպես ճիշտ վերաբերվել եղբայրներին և քույրերին։

Պատասխան։ Ո՞րն է նոր հավատացյալների հասակը։ Նրանք ներկայումս մանուկներ են։ Այս փուլում մենք պետք է սիրով հոգ տանենք նրանց մասին։ Պարզ ասած՝ մենք պետք է սիրաշահենք նրանց, ինչպես ծնողներն են անում իրենց երեխաներին, և չպետք է չափազանց խիստ լինենք նրանց նկատմամբ։ Միայն երբ նրանք որոշակի հասակ ունենան, այսինքն՝ երբ նրանք առնվազն հասկանան որոշակի ճշմարտություններ, դու կարող ես մի փոքր խիստ լինել նրանց նկատմամբ, եթե նրանք գործեն՝ խախտելով ճշմարտության սկզբունքները։ Հետևաբար՝ մարդկանց նկատմամբ խիստ լինելը պետք է հիմնված լինի այդ խստությունն ընդունելու նրանց ունակության վրա։ Միայն այդ դեպքում կարելի է արդյունքների հասնել։ Եթե քո խստությունը նրանց նկատմամբ լավ արդյունքների չի հասնում, և դրա փոխարեն բացասական ազդեցություններ է ունենում և նրանց բացասական է դարձնում, ապա քո խստությունը զուրկ է սկզբունքից և անխոհեմ է։ Եթե այն բանից հետո, երբ դու խիստ ես վերաբերվում նրանց, ձեռք բերված արդյունքները բավականին լավն են, և նրանք դառնում են ավելի ակտիվ և եռանդուն իրենց պարտավորություններում, ապա քո խիստ մոտեցումը ճիշտ էր։ Իրականում, ոչ մի վատ բան չկա մի փոքր խիստ լինելու մեջ, երբ եղբայրների և քույրերի մեջ խնդիրներ են հայտնաբերվում, բայց դու պետք է ընտրես նրանց վերաբերվելու համապատասխան ձև՝ հիմնվելով այն բանի վրա, թե արդյոք նրանք ունեն հասակ և արդյոք կարող են տանել դա։ Եթե նրանք որոշակի հասակ ունեն և կարող են տանել էտվելը, միայն այդ դեպքում դու կարող ես մի փոքր ավելի խիստ լինել նրանց նկատմամբ։ Եթե նրանք չեն կարող տանել էտվելը, ապա դու չես կարող խիստ լինել նրանց նկատմամբ, և պետք է նրանց վերաբերվես որոշակի իմաստությամբ։

Հարց 10։ Ես կցանկանայի իմանալ, թե ինչպես իմաստությամբ զրուցել եկեղեցում տարբեր տեսակի մարդկանց հետ։

Պատասխան։ Ի՞նչ է իմաստությունը։ Իմաստությունը դրական արդյունքների հասնելու համար որդեգրված արդյունավետ մեթոդ է։ Սա է իմաստությունը։ Եթե դու օգտագործում ես մի մեթոդ, որը վատ արդյունքների է հասնում և հանգեցնում է անբարենպաստ հետևանքների, ապա նման մեթոդն անխոհեմ է։ Թույլ տուր մի օրինակ բերել։ Եթե դու ուզում ես ժամադրվել մեկի հետ, բայց նա համաձայն չէ հանդիպել քեզ հետ, և դու փորձում ես ուժ գործադրել՝ պահանջելով, որ նա ամուսնանա քեզ հետ, արդյո՞ք սա իմաստուն է։ (Ո՛չ։) Ինչո՞ւ ոչ։ Որովհետև ուժ գործադրելով՝ նա ոչ միայն քեզ չի հավանի, այլև կզզվի և կհեռանա քեզանից, և որքան էլ դու հետամուտ լինես նրան, չես շահի նրա սիրտը։ Այս մեթոդն այնքան վատ հետևանքների է հանգեցնում, ուստի այն անխոհեմ է։ Բայց եթե դու որդեգրում ես մի մեթոդ, որը կարող է դրական արդյունքների հասնել և օգուտ բերել Աստծու ընտրյալ մարդկանց և եկեղեցու աշխատանքին՝ առանց որևէ բացասական ազդեցության, ապա սա իմաստուն է։ Եթե քո որդեգրած մեթոդն ի վերջո վատ արդյունքների է հասնում, ապա այն իմաստուն չէ։ Եթե այն նույնիսկ անբարենպաստ հետևանքների է հանգեցնում և խանգարում ու անհանգստացնում է աշխատանքը, ապա այն հիմարություն է։ Հետևաբար՝ եթե դու ուզում ես իմաստությամբ զրուցել տարբեր տեսակի մարդկանց հետ, ապա պետք է մտածես, թե ինչպես խոսել, որ նրանք կարողանան ընդունել, և որը կարող է դրական արդյունքների հասնել։ Եթե դու կարող ես խոսելու տարբեր ձևեր որդեգրել՝ նրանց հետ զրուցելու համար՝ հիմնվելով նրանց տարբեր հասակների վրա, սա իմաստուն լինելն է։

Հարց 11։ Որոշ ջրողներ շատ արդյունավետ չեն նորեկներին ջրելիս, քանի որ նրանք հեշտությամբ հրաժարվում են նրանցից, ովքեր կանոնավոր կերպով չեն մասնակցում հավաքին։ Թեև մենք հաղորդակցվել ենք այն մասին, որ մարդկությունը խորապես ապականված է, և որ մենք պետք է սեր ունենանք նորեկների հանդեպ և հաճախ հոգ տանենք ու աջակցենք նրանց, այս ջրողները դեռ չեն փոխվել, ինչի արդյունքում նորեկներն ի վերջո դադարում են մասնակցել հավաքներին։ Ինչպե՞ս պետք է մենք ավելի լավ լուծենք այս խնդիրը։

Պատասխան։ Դուք պետք է հստակորեն հաղորդակցվեք նրանց հետ այն մասին, թե արդյոք այսպես վարվելը համապատասխանում է Աստծու մտադրություններին, թե ոչ, արդյոք նրանց գործերը բարի են, թե չար, և արդյոք նրանց գործողություններն արժանանում են Աստծու հավանությանը, թե զզվանքին։ Դուք պետք է հաղորդակցվեք նրանց հետ այս բաների մասին։ Հաղորդակցվեք այսպես վարվելու հետևանքների մասին, և հասկացրեք նրանց, որ այդպես վարվելը կվնասի Աստծու տան աշխատանքը, և որ այդպես վարվելով՝ նրանք չեն կատարում իրենց պարտավորությունը, այլ դրա փոխարեն չարիք են գործում և վնասում են Աստծու ընտրյալ մարդկանց։ Հասկացրեք նրանց, որ Աստված ոչ միայն հավանություն չի տա նրանց, այլև կզզվի նրանցից և դուրս կթողնի նրանց։ Քանի որ նրանք վնասել են այն նորեկներին, ովքեր նոր են ընդունել Աստծու գործը՝ ստիպելով նրանց հեռանալ Աստծուց, նման մարդիկ խոչընդոտում են Աստծու կամքի իրագործմանն իրենց պարտավորության մեջ, և նրանք դեմ են գնացել Աստծու մտադրություններին։ Եթե նրանք չապաշխարեն, կանիծվեն Աստծու կողմից։ Աստված նրանց կվերաբերվի որպես չարագործների, և այս վերաբերմունքի արդյունքն ավելի լուրջ կլինի, քան նրանցը, ովքեր հեռանում և դադարում են հավատալ։ Այն բանից հետո, երբ հաղորդակցության ժամանակ կհայտնես սա նրանց, եթե նրանք կարողանան լսել, ընդունել և պատրաստակամ լինեն ապաշխարելու, ապա առայժմ պահիր նրանց այս պարտավորության մեջ։ Եթե նրանք չլսեն կամ չապաշխարեն, ուրեմն անմիջապես ազատիր նրանց և փոխարինիր նրանց սիրառատ մարդկանցով՝ նորեկներին ջրելու համար։ Արդյո՞ք սա լավ մոտեցում է։ (Այո։) Դա նման է նրան, որ երեխա ունենայիր, բայց էներգիա չունենայիր նրա մասին հոգ տանելու, ուստի դայակ վարձեիր՝ երեխայի մասին հոգ տանելու համար, բայց նա լավ հոգ չտաներ երեխայի մասին և նույնիսկ ցավեցներ նրան։ Ինչպե՞ս կզգայիր։ Արդյո՞ք կատեիր նրան։ (Այո։) Ուրմեն ինչպե՞ս կլուծեիր այս հարցը։ (Ես կհեռացնեի նրան և այլևս չէի վարձի։) Հետևաբար՝ այս տեսակի մարդը, ով կարող է վնասել եղբայրներին և քույրերին, եթե դու հաղորդակցվում ես ճշմարտության մասին և էտում ես, բայց նրանք չեն ընդունում դա, անմիջապես ազատիր նրանց և թույլ մի տուր, որ այլևս ջրեն նորեկներին։ Նման մարդիկ չեն ընդունում ճշմարտությունը, ուստի անօգուտ է, որ դու շարունակես հաղորդակցվել նրանց հետ ճշմարտության մասին։ Շտապիր և ընտրիր լավ ու սիրառատ մարդկանց՝ նորեկներին ջրելու համար։

Հարց 12։ Ավետարան քարոզող մի մարդ կա, ում մասին բոլորն ասում են, որ վատ մարդկայնություն ունի, բայց հաշվի առնելով, որ նա կարող է վկայություն բերել, մենք դեռ օգտագործում ենք նրան։ Վերջին մի քանի ամիսների ընթացքում նրա տված վկայությունների արդյունքներն անկայուն են եղել։ Ամեն անգամ, երբ հավաքվում ենք, նրա վիճակը, որի մասին հաղորդակցվում է, միշտ բացասական է։ Երբեմն, երբ մենք մատնանշում ենք նրա խնդիրները, նա բազմաթիվ պատճառաբանություններ է բերում՝ փորձելով արդարացնել իրեն։ Ինչպե՞ս պետք է վարվենք նրա հետ։

Պատասխան։ Եթե նման մարդն արդյունավետ է իր պարտավորության մեջ, դու նախ պետք է բնականոն կերպով օգնես և աջակցես նրան և շարունակես օգտագործել նրան՝ վկայություն բերելու համար։ Ավելի լավ է ունենալ մեկին, ով արդյունավետ է իր պարտավորության մեջ, քան մեկին, ով արդյունավետ չէ։ Եթե դու կարողանաս գտնել մեկին, ով ավելի արդյունավետ է իր պարտավորության մեջ, քան նա, ունի լավ մարդկայնություն և կարող է ընդունել ճշմարտությունը, դա է՛լ ավելի լավ կլինի, և դու կարող ես վերանշանակել նրան։ Եթե չես կարող գտնել նրանից ավելի լավին, ապա առայժմ չափազանց խիստ մի եղիր նրա նկատմամբ և չափազանց կոպիտ մի խոսիր նրա հետ։ Կարդա Աստծու խոսքերը և քիչ-քիչ հաղորդակցվիր նրա հետ ճշմարտության մասին, և գուցե նրա վիճակն աստիճանաբար բարելավվի։ Եթե այն բանից հետո, երբ դու մի քանի անգամ հաղորդակցվես նրա հետ, նրա վիճակը մի փոքր փոխվի, և նրա պարտավորության արդյունքները քիչ-քիչ բարելավվեն, ապա նա կկարողանա լավ կատարել իր պարտավորությունը։ Եթե այն բանից հետո, երբ դու մի քանի անգամ հաղորդակցվել ես նրա հետ, նա դեռ չի փոխվել, չի ընդունում ճշմարտությունը, նրա բացասական վիճակն ընդհանրապես չի փոխվել, և նրա պարտավորությունը ոչ մի արդյունք չի տվել, ապա դու պետք է գտնես ավելի լավ մեկին՝ նրան փոխարինելու համար։ Արդյո՞ք լավ է այսպես կիրարկելը։ (Այո։)

Կապվիր մեզ հետ WhatsApp-ով