Վերևի պատասխաններն ամբողջ աշխարհի՝ Աստծու ընտրյալ մարդկանց հարցերին (6)
Վերադաս եղբոր հաղորդակցությունը–1-ը հոկտեմբերի, 2025թ. (Մաս 5)
Հարց 7։ Նախկինում ավետարան քարոզելու պարտավորությունս կատարելիս որոշակի արդյունքների էի հասել, բայց վերջերս նշանակվեցի իմ շրջանի ավետարանչական աշխատանքը ղեկավարելու համար։ Չգիտեմ՝ ինչպես կատարել ավետարանչական ընդհանուր աշխատանքը, ինչն էլ հանգեցնում է վատ արդյունքների։ Ցանկանում եմ փնտրել եղբորից՝ ավետարանչական աշխատանք կատարելիս կոնկրետ ո՞ր կողմերից պետք է սկսել։ Որո՞նք են այն առանցքային աշխատանքները, որոնք պետք է կատարվեն։
Պատասխան։ Ո՞րն է ամենակարևոր բանն ավետարանչական աշխատանք կատարելիս։ Պետք է իմանաս, որ ավետարան քարոզելը հիմնականում Աստծու խոսքերը տարածելն է, և Աստծու խոսքերը տարածելու համար ամենակարևոր բանը տեսիլքների վերաբերյալ ճշմարտությունները հասկանալն է։ Տեր Հիսուսը մարգարեացել է, թե ինչպես Նա կվերադառնա, ինչպես կհայտնվի ու կգործի, Իր վերադարձից հետո ինչ գործ կանի, և ինչպես կփրկի մարդկանց՝ այս բոլոր հարցերի շուրջ պետք է հստակորեն հաղորդակցվել։ Եթե այս հարցերի շուրջ հստակորեն չհաղորդակցվես, կրոնական մարդիկ չեն ընդունի դա և չեն լսի քեզ։ Հետևաբար, ավետարանչական աշխատանք կատարելիս առաջին հերթին պետք է ապահովել, որ եկեղեցու մարդիկ տեսիլքների վերաբերյալ ճշմարտությունների հստակ հասկացողություն ունենան։ Այս կերպ նրանք համարձակորեն կքարոզեն ավետարանը և դա անելու հոգս կկրեն։ Եթե մարդիկ տեսիլքների վերաբերյալ ճշմարտությունների հստակ հասկացողություն չունենան, ավետարան քարոզելու քաջություն չեն ունենա կամ հոգս չեն կրի։ Մշտապես կմտածեն. «Չեմ հասկանում ճշմարտությունը և չունեմ հասակ. չեմ կարող քարոզել ավետարանը», ուստի քարոզելու հավատք չեն ունենա։ Եթե զինվեն ճշմարտությամբ և հասկանան ավետարան քարոզելուն առնչվող շատ ճշմարտություններ, ապա կմտածեն. «Հիմա հասկանում եմ այս ճշմարտությունները, կարող եմ շատ բաներ հստակ տեսնել և գիտեմ, թե ինչպես քարոզել ավետարանը։ Ավետարանը հավանական ընդունողի ցանկացած հարցի կարող եմ պատասխանել։ Պետք է գնամ, քարոզեմ ավետարանը և Աստծու համար վկայություն կրեմ»։ Այդժամ հոգս կկրեն։ Ինչպե՞ս է առաջանում այդ հոգսը։ Այն առաջանում է տեսիլքների վերաբերյալ ճշմարտությունների հասկացողության և Աստծու գործը ճանաչելու շնորհիվ։ Որքան շատ նրանք հասկանան տեսիլքների վերաբերյալ ճշմարտությունները և ճանաչեն Աստծու գործը, այնքան ավելի լավ կիմանան, թե իսկապես որքան իմաստալից է Աստծու դատաստանի գործը վերջին օրերում։ Միայն դատաստանի գործը կարող է կատարյալ դարձնել մարդկանց, որպեսզի ձեռք բերեն ճշմարտությունը, և կատարյալ դարձնել նրանց, որպեսզի Աստծու հանդեպ ունենան ճշմարիտ հավատք և ճշմարիտ հնազանդություն։ Միայն նրանք, ովքեր ճշմարտապես հնազանդվում են Աստծուն, իրավասու են ժառանգելու Աստծու խոստումը և մտնելու երկնքի թագավորություն։ Հենց որ այս ոլորտում փորձառական հասկացողություն ունենան, հավատք կունենան և կկրեն ավետարան քարոզելու հոգսը։ Կմտածեն. «Ամենակարող Աստված մարմնացած Աստվածն է, Նա Աստծու հայտնվելն է։ Պետք է իմ հարազատներին և ընկերներին վկայեմ Ամենակարող Աստծու մասին»։ Ասացե՛ք ինձ, մարդիկ ի վիճակի՞ են ավետարան քարոզելու հոգս զարգացնել՝ տեսիլքների վերաբերյալ ճշմարտությունները հասկանալու միջոցով։ (Այո՛։) Ուրեմն ինչո՞ւ շատ մարդիկ չեն քարոզում ավետարանը։ Դա հիմնականում այն պատճառով է, որ չեն հասկանում ճշմարտությունը և չգիտեն՝ ինչպես արձագանքել կրոնական աշխարհի ներկայացուցիչների կողմից բարձրացված տարբեր հարցերին։ Նրանք ասում են. «Կրոնական աշխարհի մարդկանց բարձրացրած հարցերը չափազանց խրթին են։ Չեմ կարող պատասխանել դրանց, ուստի և չեմ կարող ավետարան քարոզել»։ Նրանք հավատք չունեն, հետևաբար ավետարան քարոզելու հոգս չեն կրում։ Իհարկե, կան նաև փոքրաթիվ մարդիկ, որոնք չեն քարոզում ավետարանը, քանի որ ընտանեկան չափազանց մեծ կաշկանդումներ ունեն։ Բայց եթե նրանք իսկապես հասկանան ճշմարտությունը, ապա կարող են իրենց ազատ ժամանակ ավետարան քարոզել առցանց, եկեղեցում հաղորդակցվել ճշմարտության շուրջ՝ մյուսներին քարոզելու մղելու համար, կամ ավետարանը քարոզելիս համագործակցել ուրիշների հետ։ Հետևաբար, միայն ճշմարտությունը հասկանալով կարող եք ավետարան քարոզելու հոգս զարգացնել, միայն ճշմարտությունը հասկանալով կարող եք հավատք ունենալ՝ ավետարան քարոզելու համար, և միայն ճշմարտությունը հասկանալով ավետարան քարոզելիս կարող եք արդյունքների հասնել։ Այդպե՞ս չէ։ (Այո՛։) Ուրեմն, ի՞նչ է առաջինը պետք անել ավետարանի աշխատանքում։ Ո՞րն է ամենակարևոր բանը, որ պետք է արվի։ (Մարդկանց ջրել տեսիլքների վերաբերյալ ճշմարտություններով։) Ամենակարևոր բանը մարդկանց տեսիլքների վերաբերյալ ճշմարտություններով ջրելու աշխատանքն է։ Հստակորեն հաղորդակցվել այն ճշմարտությունների շուրջ, որոնցով մարդիկ պետք է զինվեն ավետարան քարոզելիս, ինչպես նաև այն ճշմարտությունների, որոնց պակասը կրոնական աշխարհն ամենաշատն ունի։ Այդժամ կկարողանան քարոզել ավետարանը, հենց որ հասկանան տեսիլքների վերաբերյալ ճշմարտությունները։ Դա չի ստացվի, եթե հստակորեն չհաղորդակցվես ճշմարտության շուրջ․ եթե չհասկանան ճշմարտությունը, չեն կարող քարոզել ավետարանը։ Ոմանք ասում են։ «Հասկանում եմ տեսիլքների վերաբերյալ ճշմարտությունները, բայց կարո՞ղ եմ արդյոք ավետարան քարոզել, եթե կյանքովս դեռ չեմ արտահայտել ճշմարտության իրականությունը»։ Նույնիսկ եթե չունես ճշմարտության իրականությունը, բայց կարող ես խոսել բառեր և վարդապետություններ, դա էլ է ընդունելի։ Ավետարան քարոզելիս դեռ կարող ես որոշակի արդյունքների հասնել։ Եթե անգամ չես կարողանում հստակորեն բացատրել վարդապետությունները, ապա մի վերջին պահեստային տարբերակ կա՝ նրանց համար կարդալ Աստծու խոսքերը։ Ավետարանը հավանական ընդունողին կարող ես ասել․ «Չեմ կարող պատասխանել բարձրացրածդ հարցերին․ ես չեմ ուսումնասիրել Աստվածաշունչը։ Բայց Ամենակարող Աստծու խոսքերը լիովին ճշմարտություն են։ Թույլ տուր քեզ համար կարդալ Աստծու խոսքերից մի քանի հատված, և կհասկանաս»։ Եթե կարդացածդ Աստծու խոսքերի հատվածները ճիշտ այն են, ինչի կարիքը նրանք ունեն իրենց սրտում, ապա մեկ-երկու անգամ դրանք կարդալուց հետո, սրտին մոտ կընդունեն՝ մտածելով․ «Ոչ մի մարդ չէր կարող ասել այս խոսքերը։ Այս խոսքերն Աստծուց են գալիս են։ Դրանք այնքա՜ն կարևոր են։ Այս խոսքերը ճշմարտությո՛ւնն են»։ Եթե կարողանան գիտակցել, որ Ամենակարող Աստծու խոսքերը ճշմարտությունն են, կզգան, որ այդ հարցերն այլևս կարևոր չեն։ Կսկսեն մտածել, որ պետք է ավելի շատ լսեն Ամենակարող Աստծու խոսքերը և կասեն․ «Էլ ի՞նչ խոսքեր է ասել Ամենակարող Աստված։ Խնդրում եմ, ինձ համար ավելի շատ կարդա Ամենակարող Աստծու խոսքերը»։ Շարունակելով նրանց համար Աստծու խոսքեր կարդալ՝ կգրավես հետաքրքրությունը։ Այդժամ կարող ես գտնել մեկին, ով հմուտ է վկայելու մեջ, որպեսզի կապ հաստատի նրանց հետ և վկայի նրանց Ամենակարող Աստծու մասին։ Սա է այն աշխատանքը, որը պետք է արվի ավետարան քարոզելիս։ Կան որոշ կրոնական մարդիկ, որոնք իսկապես ընդունում են, որ Աստծու խոսքերը ճշմարտություն են, բայց նաև ունեն լուծման կարիք ունեցող որոշ պատկերացումներ և հարցեր։ Պետք է զինվես ճշմարտությամբ և հասկանաս այս պատկերացումներն ու հարցերը լուծելու լավագույն ուղին։ Եթե չկարողանաս լուծել դրանք, դա չի աշխատի․ դժվար կլինի ձեռք բերել նրանց։ Օրինակ՝ այն հարցը, որը կրոնական մարդիկ անխուսափելիորեն կբարձրացնեն, հետևյալն է․ «Տերը կվերադառնա՝ իջնելով ամպի վրայով։ Չենք տեսել, որ Տերն իջնի ամպի վրայով, ուրեմն ինչպե՞ս կարող եք ասել, որ Տերը վերադարձել է»։ Դու պետք է կարողանաս պատասխանել այս հարցին։ Ինչպե՞ս պետք է պատասխանես դրան։ Տեր Հիսուսը մարգարեացել է, որ Իր վերադարձը լինելու է «մարդու Որդու գալուստը» և «մարդու Որդու իջնելը»։ Քանի որ ասվում է, որ դա մարդու Որդու գալուստն է, նշանակում է, որ Նա կծնվի մարդուց, և որ Իր գործն անելու համար կմարմնանա որպես մարդ։ Մարդու Որդին գալիս է աղետներից առաջ։ Աղետներից առաջ Աստված նախ մարմնանում է՝ արտահայտելու ճշմարտությունը և կատարելու վերջին օրերի դատաստանի գործը։ Առաջինը Աստված փորձնական գործն արեց Չինաստանում՝ այն երկրում, որտեղ կծկված պառկած է մեծ կարմիր վիշապը։ Նաաղետներից առաջ նախ հաղթողների մի խումբ կերտեց։ Ապա, երբ աշխարհի բոլոր երկրներում ավետարանը տարածվի, աղետները գնալով ավելի կսաստկանան։ Աղետների մեջ այդժամ Աստված Իր ընտրյալ մարդկանց բոլոր երկրներից կդարձնի հաղթողների մի խումբ։ Հետևաբար, Աստված վերջին օրերում կկերտի հաղթողների երկու խումբ։ Այս երկու խումբ հաղթողներին կերտելուց հետո Աստծու գործը կավարտվի։ Տերը հրապարակայնորեն կիջնի ամպի վրայով, և դրան կհետևեն մեծ աղետները։ Այս մեծ աղետների վրա հասնելը կլինեն ոչ թե Հայտնության մեջ մարգարեացված առաջին երեքուկես տարվա աղետները, այլ վերջին երեքուկես տարվա մեծ աղետները։ Վերջին երեքուկես տարվա մեծ աղետների վրա հասնելը նշանավորում է մեծ աղետների սկիզբը, որոնք կկկործանեն մարդկությանը։ Եթե մարդիկ չեն ընդունում Աստծու գործը Նրա մարմնացման ժամանակաշրջանում և համառում են սպասել մինչև Տերը հրապարակայնորեն իջնի ամպի վրայով, նախքան պատրաստ կլինեն ընդունել ու հետևել Նրան, մի՞թե չափազանց ուշ չի լինի նրանց համար։ Այդ ժամանակ մարդկությանը կործանող մեծ աղետները արդեն վրա հասած կլինեն, և բոլոր նրանք, ովքեր չեն ընդունում ճշմարտությունը, կոչնչացվեն։ Լավ չէ՞ այս հարցին այսպես պատասխանելը։ (Լա՛վ է։)
Գիտե՞ք, թե երբ վրա կհասնեն վերջին երեքուկես տարվա մեծ աղետները։ (Հաջորդ մի քանի տարիների ընթացքում։) Հստակ ամսաթիվն ինքս էլ չգիտեմ, բայց մի՞թե բոլորդ չեք զգում, որ մեծ աղետները մոտալուտ են։ (Այո՛։) Ինչի՞ հիման վրա ենք ասում, որ դրանք մոտալուտ են։ Բանն այն է, որ որոշ առանձնապես ծանր աղետներ, որոնք կսպառնան ողջ մարդկության գոյատևմանը, պատրաստվում են հարվածել, և շատերը կզոհվեն։ Օրինակ՝ որոշ մեծ հրաբուխներ պատրաստվում են ժայթքել։ Յուրաքանչյուր մայրցամաքում կան մեծ հրաբուխներ։ Եթե այս մեծ հրաբուխները ժայթքեն, դա կլինի՞ մեծ աղետ։ (Կլինի՛։) Բացի այդ, կան պատերազմներ, որոնք այժմ այն աստիճան են սրվել, որ կարող է միջուկային պատերազմ բռնկվել, և աշխարհի շատ երկրներ կներքաշվեն դրա մեջ։ Արդյո՞ք սա մեծ աղետ կլինի։ (Կլինի՛։) Միջուկային պատերազմը կլինի այնպիսի մեծ աղետ, որի նմանն աշխարհը երբեք չի տեսել։ Նաև կլինեն մեծ երկրաշարժեր։ Ապագայում հաջորդաբար տեղի կունենան ութ, ինը կամ ավելի բարձր մագնիտուդով երկրաշարժեր։ Կլինեն նաև մեծ ժանտախտներ, որոնց դեպքում մարդիկ կմահանան հենց որ վարակվեն։ Սրանք ևս կլինեն մեծ աղետներ։ Հիմա, երբ այս տեսակի մեծ աղետները բոլորն էլ մոտալուտ են, կասե՞ք արդյոք, որ մինչև վերջին երեքուկես տարվա մեծ աղետների վրա հասնելը շատ ժամանակ է մնացել։ (Ո՛չ, չի մնացել։) Հիմա դեռ կարող ենք մասնակցել հավաքույթների և առցանց քարոզել ավետարանը, բայց եթե միջուկային պատերազմ բռնկվի, դեռ կկարողանա՞նք առցանց լինել։ (Ո՛չ։) Չենք կարողանա։ Ես չեմ կարողանա հավաքույթներ անցկացնել և հաղորդակցվել ձեզ հետ, եթե անգամ ուզեմ, և երբ գան մեծ աղետները, դրանց հետ մեկտեղ կավարտվի նաև Աստծու գործը։ Հետևաբար, պետք է շտապենք զինվել ճշմարտությամբ և լավ կատարել մեր պարտավորությունները։ Ուրեմն ասացե՛ք, մի՞թե չպետք է տառապեք և գին վճարեք, որպեսզի զինվեք ճշմարտությամբ և լավ կատարեք ձեր պարտավորությունները։ Եթե որևէ մեկը դեռևս ի վիճակի չէ տառապելու և գին վճարելու այս վերջնական ժամանակաշրջանում, ապա մարդկանցից ամենահիմարն է։ Նայե՛ք, թե Շնորհքի դարաշրջանում Տիրոջը հետևելու և ավետարանը տարածելու համար որքան մարդիկ թողեցին իրենց ընտանիքներն ու կարիերաները։ Որքա՞ն միսիոներներ են մահացել օտար երկրներում։ Սրանք Աստծու համար անկեղծորեն ծախսվող մարդիկ են․ նրանք իրենց ողջ կյանքի տարիներն ու հենց կյանքը նվիրաբերեցին Տիրոջը։ Այդ իսկ պատճառով Աստված նախասահմանեց, որ նրանք կծնվեն վերջին օրերում՝ ընդունելու Աստծու գործի այս փուլը՝ հնարավորություն տալով հասնելփրկության և մտնել երկնքի թագավորություն։ Մեր օրերում որոշ մարդիկ, մի փոքր տառապելուն պես, ասում են՝ «Օ՜, այլևս չեմ քարոզելու ավետարանը» կամ «Օ՜, առաջնորդող կամ աշխատող լինելը չափազանց շատ աշխատանք է պահանջում։ Չեմ կարող անել դա։ Շատ քիչ եմ հասկանում ճշմարտությունը և չեմ ցանկանում ձգտել դրան։ Պարզապես ուզում եմ մի քիչ պարզ պարտավորություն կատարել»։ Դժվարությունների բախվելուն պես նրանց դժգոհություններն ի հայտ են գալիս, և ցանկանում են թողնել իրենց պարտավորությունը։ Մի՞թե սրանք Աստծու համար անկեղծորեն ծախսվող մարդիկ են։ Արդյո՞ք ճշմարտությունն անկեղծորեն սիրող մարդիկ են։ (Ո՛չ։) Որոշ առաջնորդողներ և աշխատողներ բացասական են դառնում, հենց որ իրենց աշխատանքում հանդիպում են մի փոքր դժվարության, և ցանկանում են թողնել իրենց պարտավորությունը՝ ասելով․ «Այլևս չեմ ուզում առաջնորդող լինել։ Պարզապես ուզում եմ սովորական հավատացյալ լինել»։ Իհարկե, ցանկանում ես որպես առաջնորդող կամ աշխատող ծառայել, թե ոչ, դա քո սեփական ընտրությունն է․ եկեղեցին քեզ չի ստիպում, և Աստված էլ չի պարտադրում։ Բայց պետք է իմանաս, որ եթե դժկամորեն ես տանում այս դժվարությունը և չես ցանկանում կատարել պատասխանատվությունները, ապա դժվար կլինի ասել՝ կարո՞ղ ես արդյոք փրկության հասնել և կատարյալ դարձվել, երբ Աստծու գործն ավարտվի։ Տեր Հիսուսը մի առակ է պատմել․ Տերն իր արծաթը վստահել էր երեք ծառաներին՝ նրանց կարողություններին համապատասխան։ Հինգ հազար և երկու հազար արծաթ ստացած ծառաները երկուսն էլ իրենց տիրոջ համար վաստակեցին նույնքան, որքան իրենց տրվել էր։ Միայն հազար ստացած ծառան ոչ մի առևտուր չարեց և ընդհանրապես գումար չվաստակեց։ Ի վերջո, տերը նրան անվանեց չար ու ծույլ ծառա և նետեց խավարի մեջ, որտեղ նա լաց եղավ ու ատամները կրճտացրեց։ Հետևաբար, Աստծու հանձնարարության հանդեպ մարդիկ պետք է նվիրում ցուցաբերեն։ Անկախ նրանից, թե որքան մեծ դժվարությունների են հանդիպում, պետք է գին վճարեն, տառապեն, երբ տառապելու ժամանակն է, և ամեն ջանք գործադրեն՝ Աստծու հանձնարարությունն ավարտին հասցնելու համար։ Եթե մշտապես տրվում են հարմարավետությանը և չեն ցանկանում տառապել, ապա խնդիրներ կունենան և հաստատապես չեն ստանա Աստծու հավանությունը։ Տեր Հիսուսն ասել է՝ «Վա՜յ հղիներին ու ստնտուներին» (Մատթեոս 24:19)։ Գիտե՞ս, թե սա ինչ է նշանակում։ Հղի լինելը կամ երեխա կերակրելն օրենքին դեմ չէ, ուստի ինչո՞ւ պետք է այս կանայք պատուհաս կրեն։ Որոշ մարդիկ գուցե դեռևս հստակ չեն տեսել սա։ Այս խոսքերը նշանակում են, որ նման մարդիկ բաց կթողնեն երկնքի թագավորություն մտնելու հնարավորությունը։ Աստծու գործի ժամանակաշրջանում նրանք չձգտեցին ճշմարտությանը, այլ փոխարենը միայն ձգտեցին երջանիկ ընտանեկան կյանքին և մսեղիի հարմարավետություններին ու վայելքներին։ Արդյունքում, երբ Աստծու գործն ավարտվի, նրանք բնավ էլ ոչ մի ճշմարտություն դեռ ձեռք բերած չեն լինի։ Մի՞թե դա նրանց պատուհաս չի բերի։ Հենց սա նկատի ուներ Տեր Հիսուսն այս խոսքերով։ Հասկանո՞ւմ եք։ (Այո՛։) Հետևաբար, մարդիկ այժմ գին վճարելու և ճշմարտությանը ձգտելու համար պետք է բաց չթողնեն պահը։ Ի՞նչ գին պետք է վճարվի՝ ճշմարտությանը ձգտելու համար։ Դա նշանակում է, որ որքան դժվարությունների էլ հանդիպես աշխատանքում, չպետք է թողնես պարտավորությունդ։ Պարզապես փնտրի՛ր ճշմարտությունը՝ դրանք լուծելու համար։ Ուսերիդ վերցրո՛ւ այնքան ծանր աշխատանք, որքան ի վիճակի ես կատարելու, և մի՛ ընտրիր առաջադրանքը լոկ այն պատճառով, որ այն թեթև կամ հեշտ է թվում։ Դա սխալ կլինի․ այդ կերպ ձեռք չես բերի ճշմարտությունը։ Որքան ավելի ծանր ու դժվար է աշխատանքը, այնքան ավելի շատ պետք է կարողանաս տառապել և ավելի մեծ գին վճարել՝ աշխատելով ամբողջ ուժով և առավելագույն նվիրումով։ ն Միաժամանակ, պետք է ավելի շատ ապավինես Աստծուն և փնտրես ճշմարտությունը։ Եթե յուրաքանչյուր ծանր փորձություն այս կերպ փորձառաբար ապրես, ապա ձեռք կբերես ճշմարտությունը։ Դրանից հետո սիրտդ կլցվի քաղցրությամբ, և կզգաս, որ մեծ հունձք ես հավաքել։ Ուստի, այն, ինչ պետք է թողնվի հիմա, պետք է թողնվի։ Կարևոր չէ, եթե մի փոքր ավելի վատ ուտես կամ հագնվես։ Ճշմարտությունը ձեռք բերելն է ամենակարևորը։ Ասա՛ ինձ, հարմարավետ կյանքով ապրե՞լն է ավելի կարևոր, թե՞ ճշմարտությունը ձեռք բերելը։ (Ճշմարտությունը ձեռք բերելն ավելի կարևոր է։) Որոշ մարդիկ ասում են՝ «Ճշմարտությունը ձեռք բերելը կարևոր է, բայց եթե ողջ ժամանակս տրամադրեմ ճշմարտությանը ձգտելուն և պարտավորությունս կատարելուն, չեմ կարողանա ուտել լավ ուտելիք կամ հագնել լավ հագուստ։ Դա անընդունելի է։ Ես չեմ ցանկանում այդպիսի կյանքով ապրել»։ Կարո՞ղ են արդյոք նման՝ մսեղիի վայելքներ տենչացող մարդիկ ձեռք բերել ճշմարտությունը։ (Ո՛չ։) Արդյո՞ք մսեղիի վայելքները, լավ ուտելիքն ու լավ հագուստը նշանակում են, որ կյանք ես ձեռք բերել։ (Ո՛չ։) Որոշ մարդիկ մշտապես ձգտում են շատ գումար վաստակել։ Նրանք ձգտում են ապրել առանձնատներում և վարել շքեղ մեքենաներ։ Կարո՞ղ են արդյոք այս բաները տանել քեզ երկնքի թագավորություն։ (Ո՛չ։) Բայց ճշմարտությունը ձեռք բերելու համար մի փոքր տառապելն ու գին վճարելը կարող են քեզ երկնքի թագավորություն տանել։ Մի՞թե այս տառապանքն իսկապես արժեքավոր և իմաստալից չէ։ (Այո՛։) Մի՞թե այս ճանապարհով քայլող մարդիկ ամենաիմաստուն մարդիկ չեն։ (Այդպե՛ս է։)
Եվ այսպես, ինչպե՞ս կարող ես ձեռք բերել ճշմարտությունը։ Ինչի՞ց է կախված ճշմարտությունը ձեռք բերելը։ Դա կախված է պարտավորությունդ կատարելուց։ Առանց պարտավորությունդ կատարելու՝ չես կարող ձեռք բերել ճշմարտությունը։ Թեև պարտավորությունն այն է, ինչ արարածը պետք է կատարի, և մարդու ելքի վրա որևէ ազդեցություն չունի, սակայն եթե չկատարես պարտավորությունդ, ձեռք չես բերի ճշմարտությունը։ Իսկ ո՞րն է ճշմարտությունը ձեռք չբերելու հետևանքը։ Բաժին չես ունենա երկնքի թագավորությունում։ Եթե կարող ես հստակորեն տեսնել սա, ապա մի՞թե կարիք չունես նաև հստակորեն տեսնելու պարտավորությունդ կատարելու այն ուղիները, որոնք կառաջնորդեն քեզ ճշմարտության ձեռքբերմանը, և այն ուղիները, որոնք դրան չեն առաջնորդի։ (Այո՛։) Կարո՞ղ ես արդյոք պարտավորությունդ բթացած կերպով կատարելով ձեռք բերել ճշմարտությունը։ (Ո՛չ։) Հետևաբար, թե ինչպես ձեռք բերել ճշմարտությունը պարտավորությունդ կատարելով՝ գործնական հարց է։ Պարտավորությունդ կատարելու ընթացքում ճշմարտությունը ձեռք բերելու համար պետք է պարտավորությունդ կատարելիս ձգտես ճշմարտությանը։ Կարող ես միայն պարտավորությունդ կատարելով ճշմարտությանը ձգտել։ Ինչպե՞ս կարող ես առանց պարտավորությունդ կատարելու ձգտել ճշմարտությանը։ Որպես օրինակ՝ վերցնե՛նք Աստծուն հնազանդվելու ճշմարտությունը։ Եթե պարտավորություն չկատարես և ազատ ժամանակ տանը պարզապես հավատաս Աստծուն, կարո՞ղ ես արդյոք կիրառել Աստծուն հնազանդվելու ճշմարտությունը։ (Ո՛չ։) Որոշ մարդիկ ասում են՝ «Հավատում եմ Ամենակարող Աստծուն և լսում եմ ամեն հավաքույթի ժամանակ։ Մի՞թե դա ճշմարտությունը հասկանալու և Աստծուն հնազանդվելու համար բավարար չէ»։ Կարո՞ղ ես հավաքույթների ժամանակ լսածդ մի փոքր ճշմարտության հիման վրա հնազանդվել Աստծուն։ (Ո՛չ։) Ինչո՞ւ է, որ պարտավորությունդ կատարելիս Աստծու գործը փորձառաբար ապրելով՝ կարող ես հասնել Աստծուն հնազանդվելուն, հասկանալ շատ ճշմարտություններ, լավ կատարել պարտավորությունդ, գործել սկզբունքների համաձայն և ճշգրտորեն ըմբռնել Աստծու մտադրությունները։ Ինչո՞ւ չես կարող հասնել այս արդյունքներին, եթե պարտավորություն չես կատարում և պարզապես ազատ ժամանակ հավատում ես Աստծուն։ Կարո՞ղ եք արդյոք հստակորեն տեսնել սա։ Օրինակ՝ ինչպե՞ս ես վարժեցնում քեզ՝ Աստծուն հնազանդվելու համար, երբ հավատում ես տանը։ Տանն ունես ընտանիքի անհավատ անդամներ․ արդյոք ընդունելի կլինե՞ր վարժեցնել քեզ՝ հնազանդվելու նրանց։ Ո՛չ, չէր լինի։ Աստծուն չհավատացողները Սատանայից են։ Եթե հնազանդվում ես նրանց, արդյո՞ք հնազանդվում ես Աստծուն։ (Ո՛չ։) Ճշմարտության մեջ մտնելու և Աստծուն հնազանդվելուն հասնելու միակ ուղին եկեղեցում պարտավորությունդ կատարելն է։ Պարտավորությունդ կատարելիս՝ եղբայրներիդ և քույրերիդ հետ ներդաշնակ համագործակցության միջոցով կարող ես վարժեցնել քեզ հնազանդվելու Աստծուն, ճշմարտությանը ու նրան, ով խոսում է ճշմարտությանը համահունչ, և ի վերջո բացահայտել, թե պարտավորությունդ կատարելու ընթացքում ինչ ապականված խառնվածքներ ու ըմբոստություն ես դրսևորում, և ուտելով ու խմելով Աստծու խոսքերը և ճշմարտության շուրջ հաղորդակցվելով լուծել դրանք։ Կարո՞ղ ես հասնել նման ձեռքբերումների՝ տանն ապրելով և ազատ ժամանակ Աստծուն հավատալով։ (Ո՛չ, չես կարող։) Հետևաբար, Աստծու գործը փորձառաբար ապրելու ամենաիրական, ճշգրիտ և համապարփակ ուղին պարտավորություն կատարելն է։ Մեծ մասամբ ապականված խառնվածքներդ դրսևորվում են պարտավորությունդ կատարելու ընթացքում։ Երբ պարտավորությունդ կատարելիս ապականություն ես դրսևորում, եղբայրներդ ու քույրերդ կօգնեն քեզ ճանաչել ինքդ քեզ, և Սուրբ Հոգին նույնպես կգործի՝ թույլ տալով քեզ իմանալ, թե ինչ ապականություն ես դրսևորել։ Եթե պարտավորություն չես կատարում և սոսկ տանն ապրում ես անհավատների հետ, ինչպե՞ս կարող ես ունենալ Սուրբ Հոգու գործը։ Այդ իրավիճակում Սուրբ Հոգին պարզապես չի կարող գործել։ Եթե Աստծուն հավատաս քո ազատ ժամանակ, կունենաս ապականության շատ դրսևորումներ, որոնք չեն կարող լուծվել։ Նույնիսկ եթե ցանկանայիր փնտրել ճշմարտությունը, չէիր կարողանա, որովհետև ընտանիքումդ բոլորն անհավատներ են, և ժամանակ չէիր ունենա խաղաղեցնելու սիրտդ՝ Աստծու խոսքերը կարդալու և ճշմարտությունը փնտրելու համար։ Միայն եկեղեցում պարտավորությունդ կատարելիս համագործակցելով եղբայրներիդ և քույրերիդ հետ կարող ես բացահայտել ապականության դրսևորումներդ և ի վիճակի լինել ցանկացած պահի լուծելու խնդիրները։ Այս կերպ սեփական փորձառություններիցդ կունենաս ձեռքբերումներ։ Եկեղեցում նաև կարող ես հաճախ լսել եղբայրներիդ և քույրերիդ հաղորդակցությունն ու փորձառական վկայությունները․ այս կերպ կարող ես ձեռք բերել նաև ուրիշներից։ Բացի այդ, Սուրբ Հոգու լուսավորությունը ևս օգնում է քեզ պարտավորությունդ կատարելու ընթացքում հասկանալ ճշմարտությունը և ըմբռնել կիրարկման որոշ սկզբունքներ, ինչը մեկ այլ ձեռքբերում է։ Հետևաբար, եկեղեցում պարտավորությունդ կատարելը նշանակում է համապարփակ կերպով փորձառաբար ապրել Աստծու գործը։ Որքան շատ այս կերպ փորձառաբար ապրես այն, այնքան ավելի մեծ կլինեն ձեռքբերումներդ, և այնքան ավելի շատ կհասկանաս ճշմարտությունը։ Ի վերջո, կմտնես ճշմարտության իրականության մեջ։ Աստված կատարյալ է դարձնում Իր համար անկեղծորեն ծախսվողներին․ նման մարդիկ Աստծուն անկեղծորեն սիրողներն են։ Ինչպե՞ս է դրսևորվում Աստծու հանդեպ անկեղծ սերը։ Այն դրսևորվում է պարտավորությունդ կատարելու ընթացքում Աստծուն գոհացնելով, պարտավորությունդ կատարելիս ճշմարտության իրականության մեջ մտնելու միջոցով հնչեղ վկայություն կրելով, և ի վերջո, պարտավորությունդ կատարելու ընթացքում Աստծու սերը հատուցել կարողանալով։ Այս մարդիկ Աստծու կողմից կատարյալ են դարձվում։ Մարդկանց կատարյալ դարձնելու Աստծու գործն ամբողջությամբ իրագործվում է պարտավորությունը կատարելիս։ Ուրեմն, մի՞թե պարտավորությունդ կատարելը վճռորոշ չէ։ (Այո՛։) Եթե երբևէ որևէ պարտավորություն չկատարելով հավատաս Աստծուն տասը տարի, մինչդեռ մեկ ուրիշը հավատա երեք տարի և ողջ ընթացքում պարտավորություն կատարի, ըստ քեզ, ո՞վ ավելի շատ ձեռքբերումներ կունենա։ (Երեք տարի պարտավորություն կատարողը։) Երեք տարի պարտավորություն կատարելով՝ ավելի շատ ձեռքբերումներ կունենա, քան դու՝ ազատ ժամանակ տասը տարի հավատալով։ Եթե ամբողջ կյանքումդ հավատաս Աստծուն կրոնական աշխարհում, մինչդեռ մեկ ուրիշը տասը տարի հավատա Աստծուն Ամենակարող Աստծու Եկեղեցում, ըստ քեզ, ո՞վ ավելի շատ ձեռքբերումներ կունենա։ (Ամենակարող Աստծու Եկեղեցում տասը տարի Աստծուն հավատացողը։) Ո՞րն է հիմքը չափելու, թե որքան ես շահել։ Հիմքն այն է, թե որքան ճշմարտություն ես ձեռք բերել, որքանով է փոխվել կյանքիդ բնույթը, և որքան հնչեղ վկայություններ ես կրել Աստծու համար։ Դա չափվում է այս արդյունքներով։ Վերջին օրերում Ամենակարող Աստված արտահայտել է բոլոր այն ճշմարտությունները, որոնք մարդկանց թույլ են տալիս հասնել փրկության։ Եթե մտնես այս ճշմարտությունների մեջ, մեծ ձեռքբերումներ կունենաս, և կատարյալ կդարձվես Աստծու կողմից։ Բայց Շնորհքի դարաշրջանում Տեր Հիսուսն այդքան շատ ճշմարտություններ չարտահայտեց։ Մարդկանց ինքնուրույն կատարյալ դարձնելու համար Նոր Կտակարանի ճշմարտությունները չափազանց սահմանափակ էին։ Այդ իսկ պատճառով Տեր Հիսուսը մարգարեացավ․ «Բայց երբ գա նա՝ Ճշմարտության Հոգին, ամենայն ճշմարտությամբ կառաջնորդի ձեզ» (Հովհաննես 16:13)։ Եթե դիմավորել ես ճշմարտությունն արտահայտող Աստծուն և մտել ես Նրա արտահայտած ճշմարտությունների մեջ, ապա Աստծուն հավատալու հույսդ՝ թագավորություն մտնելը և օրհնություններ ստանալը, կիրականանա։ Եթե չկարողանաս դիմավորել ճշմարտությունն արտահայտող Աստծուն և չընդունես բոլոր այն ճշմարտությունները, որոնց մեջ Աստված առաջնորդում է քեզ, նույնիսկ մի՛ երազիր երկնքի թագավորություն մտնելու մասին։ Սա է Տեր Հիսուսի մարգարեության իմաստը։ Հասկանո՞ւմ ես այս իմաստը։ Վերջին օրերում Աստված այնքա՜ն շատ ճշմարտություններ է արտահայտել։ Գիտե՞ս, թե ինչ են ներկայացնում այս ճշմարտությունները։ Դրանք ներկայացնում են երկնքի թագավորության իրականությունը, երկնքի թագավորության խնջույքը։ Երբ ուտում ու խմում ես այս ճշմարտությունները, մասնակցում ես երկնքի թագավորության խնջույքին։ Եթե մտել ես այս ճշմարտությունների մեջ, բաժին կունենաս երկնքի թագավորությունում։ Հասկանալի՞ է։ (Այո՛։) Եթե այս ճշմարտություններից խուսափես, չլսես կամ չընդունես դրանք, ապա բաժին չես ունենա երկնքի թագավորությունում։ Իսկ եթե բաժին չունենաս երկնքի թագավորությունում, բաժին կունենաս դժոխքում՝ ի վերջո, ստիպված կլինես գնալ դժոխք։ Հենց հիմա կրոնական աշխարհի պաստորներն ու երեցները չեն ընդունում վերջին օրերի Աստծու գործը կամ այն ճշմարտությունները, որոնք Նա արտահայտել է վերջին օրերում։ Նրանք բաժին չունեն երկնքի թագավորությունում և չեն ստանա երկնքի թագավորություն մտնելու օրհնությունը։ Շատ կրոնական մարդիկ դեռ սպասում են, որ իրենց երկնքի թագավորություն տանելու համար Տերն իջնի ամպի վրայով։ Ոմանք ասում են, որ Ձիթենյաց լեռը ճեղքվել է, և մտածում են․ «Տեր Հիսուսը շուտով գալու է, և մեր հույսերն անմիջապես կիրականանան»։ Նրանք ցնծում են և վազվզում ՝ լուրերը տարածելով։ Բայց ի՞նչ կպատահի նրանց, երբ Տերն իսկապես հրապարակայնորեն իջնի ամպի վրայով։ Նրանք բոլորը կողբան։ Վերջին օրերի Աստծու գործը և Աստծու արտահայտած ճշմարտությունները չընդունող բոլոր մարդիկ լաց կլինեն ու ատամները կկրճտացնեն, երբ տեսնեն ամպի վրայով իջնող Աստծուն։ Հստակորեն տեսա՞ք սա։ (Այո՛։) Ի՞նչ եք կարծում այս հարցի շուրջ այսպես հաղորդակցվելու մասին։ (Լավ է։) Այս հարցին ուղղակիորեն պատասխանելու կարիք չկա։ Մի՞թե այս բաներն ասելը ևս չի հասնում ցանկալի արդյունքին։ (Այո՛։) Հիշե՛ք, որ ավետարան քարոզելիս առաջին բանը տեսիլքների վերաբերյալ ճշմարտությունների շուրջ հստակորեն հաղորդակցվելն է։ Երկրորդը կրոնական աշխարհի բոլոր պատկերացումների ու հարցերի շուրջ հստակորեն հաղորդակցվելն է, որպեսզի կարողանաք լուծել դրանք։ Երրորդը վկայելիս ավետարանը հավանական ընդունողների համար Աստծու խոսքերն ավելի շատ կարդալն է, որպեսզի նրանք կարողանան վստահ լինել, որ Ամենակարող Աստծու խոսքերը ճշմարտությունն են։ Այս կերպ կկարողանան ընդունել։ Ահա թե ինչպես պետք է կիրառեք սա ավետարան քարոզելիս։
Հարց 8։ Որպես վկայության խմբի համակարգող՝ սովորաբար ստուգում և հետևում եմ ավետարանի քարոզիչների աշխատանքին՝ ստուգելով ավետարան քարոզելիս նրանց գրանցած առաջընթացը։ Բայց մեծ մասամբ, թեև տեսնում եմ, որ ավետարան քարոզելիս լավ արդյունքներ չեն ունենում, չեմ կարողանում տեսնել, թե որոնք են նրանց խնդիրները կամ շեղումները։ Կցանկանայի իմանալ, թե ինչպես կարող եմ ավելի գործնական կերպով ստուգել ու հետևել ավետարանի քարոզիչների աշխատանքին։
Պատասխան։ Ավետարանի քարոզիչների աշխատանքին հետևելը շատ իրատեսական հարց է։ Պետք է նրանց հետ մտնես կոնկրետ մանրամասների մեջ՝ հարցնելով, թե ավետարանը հավանական ընդունողներից որո՞նց չկարողացան ավետարան քարոզել, և այդ ընդունողների բարձրացրած ո՞ր հարցերը չկարողացան ընկալել կամ պատասխանել։ Մի՞թե սրանք նրանց պակասությունները չեն։ (Այո՛։) Այնուհետև, երբ հայտնաբերես, թե ամենաշատը ճշմարտության որ կողմի պակասն ունեն, պետք է արագորեն հաղորդակցվես նրանց հետ՝ պակասությունները լրացնելու համար։ Պետք է հաճախակի հարցնես նրանց․ «Վերջերս ավետարան քարոզելիս ավետարանը հավանական ընդունողների ի՞նչ տեսակների ես հանդիպել։ Ի՞նչ հարցեր են բարձրացրել, որոնք չես կարողացել լուծել»։ Պատասխանելուց հետո բոլորդ կարող եք միասին հաղորդակցվել, Աստծու խոսքերում փնտրել ճշմարտությունը և զինվել ճշմարտությամբ։ Հաջորդ անգամ, երբ հանդիպեն նման խնդիրների, նրանք կիմանան, թե ինչպես լուծել դրանք։ Երբ հետևում ես ավետարանի քարոզիչներին, ուշադրությունդ պետք է կենտրոնացած լինի նրանց իրական խնդիրները լուծելու վրա։ Սա ամենաիրական աշխատանքն է։ Եթե չլուծես նրանց իրական խնդիրները, ի՞նչ օգուտ կա անընդհատ այլ խնդիրներ լուծելու փորձերից։ Դա դանդաղ գործող միջոց է, որը չի կարող հոգալ հրատապ կարիքը։ Ուստի, ո՞րն է վկայության խմբի համակարգողի հիմնական աշխատանքը։ Դա հիմնականում հասկանալն է, թե ավետարանի քարոզիչները որ ճշմարտությունների պակասն ունեն, և որ խնդիրները չեն կարողանում լուծել, իսկ հետո պակասությունները լրացնելու համար արագորեն հաղորդակցվել նրանց հետ համապատասխան ճշմարտությունների շուրջ։ Սա թույլ է տալիս նրանց հաղորդակցվել յուրաքանչյուրի հետ, ում կհանդիպեն, իմաստությամբ դիմակայել բոլոր տեսակի խնդիրներին և լուծել դրանք, որպեսզի ավետարան քարոզելիս կարողանան ավելի լավ արդյունքների հասնել։ Սա է այն աշխատանքը, որը պետք է անի վկայության խմբի համակարգողը։ Օրինակ՝ ավետարանի քարոզիչներին կարող ես հարցնել․ «Վերջերս ավետարան քարոզելիս հանդիպե՞լ ես որևէ դժվարության։ Եղե՞լ են արդյոք խնդիրներ, որոնք չես կարողացել լուծել»։ Եթե եղել են խնդիրներ, որոնք չեն կարողացել լուծել, պետք է հաղորդակցվես նրանց խնդիրներին առնչվող ճշմարտության շուրջ՝ դրանք լուծելու համար։ Այս կերպ ավետարանի քարոզիչները գնալով ավելի ու ավելի քիչ խնդիրներ կունենան և վկայելիս ավելի ու ավելի քիչ սխալներ թույլ կտան, ապա ավելի ու ավելի հազվադեպ կձախողվեն։ Այդժամ ավետարան քարոզելու արդյունքները բնականաբար գնալով կլավանան։ Այդպե՞ս չէ։ (Այո՛։) Ուստի հիմա միակ աշխատանքը, որն այս համակարգողն անում է, պարզապես աշխատանքի առաջընթացին հետևելն է։ Մի՞թե սա պարզապես ձևականություն չէ՝ առանց իրական խնդիրների լուծման վրա կենտրոնանալու։ Այս կերպ աշխատելն արդյունքների չի հասցնի։