Վերևի պատասխաններն ամբողջ աշխարհի՝ Աստծու ընտրյալ մարդկանց հարցերին (5)
Վերադաս եղբոր հաղորդակցությունը – 15-ը հուլիսի, 2025թ. (Մաս 7)
Եթե մարդը ցանկանում է լավ առաջնորդող դառնալ, պետք է մշտապես ինքնաքննի իրեն։ «Արդյոք այսօր ասածիս ու արածիս մեջ խառնվա՞ծ էր իմ սեփական կամքը։ Արդյոք այն աշխատանքը, որն այսօր կատարեցի, այն հիմնական գո՞րծն էր, որն Աստված հանձնարարել էր ինձ։ Արդյոք այն վճռորո՞շ էր Աստծու տան գործի համար։ Արդյոք դա կյանքի մուտքի հետ կապված հիմնարար աշխատա՞նք էր։ Եթե ոչ, ապա պետք է փոխեմ ուղղությունս և այլևս չանեմ այս բաները։ Եթե իմ կատարած ողջ աշխատանքը վճռորոշ է, և հաղորդակցվում եմ հենց այն ճշմարտությունների մասին, որոնք Աստծու ընտրյալ մարդիկ պետք է հասկանան, ու այն խնդիրների շուրջ, որոնք նրանք պետք է լուծեն, ուրեմն ճիշտ ճանապարհի վրա եմ։ Պետք է կենտրոնանամ հիմնարար և վճռորոշ աշխատանքի վրա ու շարունակեմ հաղորդակցվել ճշմարտության մասին խնդիրները լուծելու համար։ Պետք է իմանամ՝ ինչպես սահմանել առաջնահերթություններ։ Այսպիսով՝ եկեղեցու աշխատանքի արդյունքները գնալով կլավանան»։ Այսպես վարվելով՝ կկարողանաս ժամանակին լուծել այն խնդիրները, որոնք առկա են Աստծու ընտրյալ մարդկանց պարտավորություններում, և ժամանակին հաղորդակցվել ճշմարտության մասին՝ եկեղեցու աշխատանքի խնդիրները լուծելու համար։ Սա թույլ կտա, որ տարբեր աշխատանքներ սահուն կերպով ընթանան և աստիճանաբար ավելի լավ արդյունքներ տան։ Այդ դեպքում կդառնաս չափանիշին համապատասխան առաջնորդող։ Չափանիշին համապատասխան առաջնորդող դառնալու համար պետք է սովորել մշտապես փնտրել և կիրառել ճշմարտությունը խնդիրներ լուծելու համար։ Սա փորձառության իրական գործընթաց է պահանջում։ Երբ գա այն օրը, որ հասկանաս ճշմարտությունն ու ունենաս ճշմարտության իրականություն, ճշմարտության վերաբերյալ հաղորդակցությունդ պարզ կլինի, և կկարողանաս լուծել ավելի շատ իրական խնդիրներ։ Այդ ժամանակ ծառայությունդ լիովին կհամապատասխանի Աստծու մտադրությանը։ Ինչի՞ հիման վրա է հաստատվում Աստծու մտադրությանը համապատասխան ծառայությունը։ Այն հաստատվում է ճշմարտությունը հասկանալու հիման վրա։ Հենց որ մարդիկ հասկանում են ճշմարտությունը, կարողանում են տարբերել ճիշտը սխալից և զանազանել կեղծ առաջնորդողներին ու հակաքրիստոսներին։ Այս փուլում ոմանք գուցե ի վիճակի լինեն ընդունելու Աստծու հանձնարարությունը։ Երբ նրանք աշխատեն, Սուրբ Հոգին կգործի, և հեռու չեն լինի Նրա կողմից օգտագործվելուց։ Թեև Սուրբ Հոգին բացահայտորեն չի վկայի քո մասին, Նա շարունակաբար կգործի քո մեջ։ Կզգաս, որ ամեն անգամ պարտավորությունդ կատարելիս ունես Սուրբ Հոգու լուսավորությունը, լուսավորումը, ուղղորդումն ու կարգավորումները։ Ավելին, ամեն անգամ պարտավորությունդ կատարելիս կինքնաքննես քեզ։ «Այսօր ի՞նչ ասացի, որ չէր համապատասխանում ճշմարտությանը։ Ի՞նչն էր բխում իմ սեփական կամքից։ Ի՞նչն էր հակասում Սուրբ Հոգու լուսավորությանը և լուսավորմանը։ Իմ ասածներից որո՞նք էին պարզապես ցուցամոլության և ինքս ինձ վկայելու նպատակ հետապնդում»։ Եթե ճշմարտության մասին յուրաքանչյուր հաղորդակցությունից և աշխատանքդ ավարտելուց հետո այսպես ինքնաքննես քեզ, և ի վերջո կարողանաս ժամանակին լուծել հայտնաբերածդ խնդիրները, ապա աստիճանաբար ավելի ու ավելի քիչ ապականություն ու ըմբոստություն կդրսևորես, ավելի ու ավելի շատ կհնազանդվես Սուրբ Հոգուն, և այն արդյունքներին, որոնց կհասնես քո հիմնական և բուն աշխատանքում, աստիճանաբար ավելի ու ավելի լավը կլինեն։ Այս կերպ Սուրբ Հոգին աստիճանաբար կսկսի պաշտոնապես օգտագործել քեզ։ Ուրեմն, արդյոք մարդկանց համար հե՞շտ է հասնել սրան։ (Ո՛չ, հեշտ չէ։) Դրան կարելի է հասնել՝ ճշմարտությանը ձգտելով, բայց երբեք հնարավոր չէ հասնել՝ առանց ճշմարտությանը ձգտելու։ Հետևաբար, այնպիսի ծառայության հասնելը առ Աստված, որ համապատասխանի չափանիշին, և Սուրբ Հոգու կողմից օգտագործվելը մեկ առումով դժվար է, իսկ մեկ այլ առումով՝ հեշտ։ Բանալին այն է, թե արդյո՞ք ճիշտ ճանապարհի վրա ես, և արդյո՞ք կարող ես ձգտել ճշմարտությանը։ Ուրեմն, պատրաստակա՞մ եք օգտագործվել Սուրբ Հոգու կողմից։ (Պատրաստակա՛մ ենք։) Շատերն են պատրաստակամ։ Այս պատրաստակամության մեջ ոչ մի վատ բան չկա։ Այն դրական և նախաձեռնող ոգի է ցույց տալիս։ Որպես մարդիկ՝ պետք է ձգտենք համապատասխանել Աստծու մտադրությանը։ Սա պատշաճ ձգտում է, այլ ոչ թե փառասիրություն կամ նկրտում։ Աստծու կողմից օգտագործվելու ձգտումը մեր սեփական նպատակներին հասնելու համար չէ, այլ Աստծուն գոհացնելու և Նրա կամքին հետևելու համար։ Սա քո սիրտը Աստծու սրտին համապատասխանեցնելն է, և սա՛ է ճիշտը։ Այսպիսով, կա՞ն արդյոք սեռային պահանջներ՝ Աստծու կողմից օգտագործվելուն ձգտելու համար։ Կա՞ արդյոք մի կանոն, որն ասում է․ «Միայն տղամարդիկ կարող են ձգտել սրան, իսկ կանայք՝ ոչ»։ (Ո՛չ։) Նման կանոն չկա։ Անկախ նրանից՝ տղամարդ ես, թե կին, քանի դեռ պատրաստակամ ես ձգտելու, Աստված տալիս է քեզ այդ հնարավորությունը։ Այդ դեպքում, արդյոք կան տարիքայի՞ն պահանջներ՝ Աստծու կողմից օգտագործվելուն ձգտելու համար։ (Ո՛չ։) Այս հարցը կախված չէ մարդու տարիքից։ Դու չես կարող ասել․ «Նրանք, ովքեր ձգտում են օգտագործվել Աստծու կողմից, պետք է լինեն հիսուն տարեկանից բարձր․ երիտասարդները հարմար չեն»։ Նման կանոն չկա։ Ոմանք փոքր-ինչ երիտասարդ են ու ոչ հասուն, ուստի պետք է ավելի շատ փորձառաբար ապրեն Աստծու գործը։ Երբ այն փորձառաբար ապրեն այն աստիճան, որ հասկանան ճշմարտությունը և ձեռք բերեն որոշակի հասակ, Սուրբ Հոգին կկարողանա օգտագործել նրանց։ Սուրբ Հոգու կողմից օգտագործվելն այս գործընթացն է պահանջում։ Սկզբում Սուրբ Հոգին զարգացնում և կրթում է քեզ։ Երբ որոշակի աստիճանի կրթվես, և Աստված տեսնի, որ հասակ ունես ու պիտանի ես Իր օգտագործման համար, ապա Սուրբ Հոգին կօգտագործի քեզ։ Հիշի՛ր, մի՛ կարծիր, թե Սուրբ Հոգու կողմից օգտագործվող մարդիկ ի ծնե կատարյալ են, երբեք սխալներ թույլ չեն տալիս, կամ նույնիսկ ի ծնե հասկանում են ճշմարտությունը, և միայն դրանից հետո Սուրբ Հոգին կարող է օգտագործել նրանց։ Եթե այդպես ես մտածում, խիստ սխալվում ես։ Իրականում, ինչպես դուք բոլորդ, ես նույնպես ապականված մարդկության անդամ եմ, և նույնպես խիստ ամբարտավան ու ինքնարդար էի։ Ես ևս սկզբում չէի հասկանում ճշմարտությունը։ Բայց Սուրբ Հոգին իմ վրա կատարեց դատաստանի և հանդիմանության, խրատման և կարգավարժանքի մեծ գործ, և միայն դրանից հետո սկսեցի հասկանալ որոշ ճշմարտություններ, ազատվել ապականված խառնվածքներիցս մի քանիսից և որոշ չափով հնազանդվել Աստծուն։ Միայն այդ ժամանակ Սուրբ Հոգին սկսեց օգտագործել ինձ։ Հետևաբար, նախնական փուլում, երբ Սուրբ Հոգին կրթում է մարդկանց, Աստված չի ապահովում միայն մշտական լուսավորություն և լուսավորում։ Նա նաև օգտագործում է իրավիճակներ՝ մարդկանց մշտապես կարգավարժելու, էտելու, կոփելու և զտելու համար, որպեսզի շտկի նրանց պատկերացումներն ու երևակայությունները և փոխակերպի նրանց սատանայական խառնվածքները։ Միայն այդ ժամանակ մարդիկ կարող են աստիճանաբար պիտանի դառնալ Աստծու օգտագործման համար։ Հետևաբար պետք է ընդունես և հնազանդվես այս իրավիճակներին։ Չես կարող դիմակայել, խուսափել կամ փախչել դրանցից։ Եթե հանդիպես մեկին, ում չես հավանում, և ասես․ «Նա իմ աչքի փուշն է ու կողիս խայթը։ Պետք է վռնդեմ ու արտաքսեմ նրան», արդյոք դա ընդունելի՞ է։ (Ո՛չ։) Սխալ է։ Այս անձնավորությունը սահմանվել է քեզ համար Աստծու կողմից, և Աստված ուզում է, որ դաս քաղես։ Հենց որ դասդ սովորես, Աստված բնականաբար կհեռացնի այս իրավիճակն Իր ճիշտ ժամանակին։ Մի՛ փորձիր ինքնուրույն ելք գտնել դրանից։ Կան մարդիկ, որոնցից կարող ես ազատվել․ օրինակ՝ հակաքրիստոսներն ու չար մարդիկ։ Նման մարդկանց պարզապես կարող ենք անմիջապես հեռացնել և վտարել։ Բայց որոշ մարդիկ դասեր են, որոնք պետք է սովորես։ Եթե նրանցից դաս չես քաղել, Աստված չի հեռացնի այն իրավիճակը, որում գտնվում ես։ Դա նման է մի քրոջ, ով ամուսնանում է չհավատացող ամուսնու հետ։ Ամուսինը մշտապես խոչընդոտում է նրա պարտավորության կատարմանը, և քույրը ստիպված է հանդուրժել նրա դատաստանը, զրպարտանքն ու նվաստացումը։ Քսան տարի այս ամենի միջով անցնելուց հետո նա ի վերջո հստակ տեսնում է, որ իր ամուսինը դև է։ Հենց որ նա սովորում է այս դասը և անցնում փորձությունը, Աստված հեռացնում է նրա ամուսնուն Իր ճիշտ ժամանակին։ Մի՞թե այսպես չէ։ (Այդպե՛ս է։)
Ի՞նչ եք կարծում, քանի՞ դաս պետք է սովորի ապականված մարդկությունը՝ փրկության հասնելու և կատարյալ դարձվելու համար։ Սովորելու այնքա՜ն շատ դասեր կան։ Խոսելով այս մասին՝ թույլ տվեք մի փոքր պատմել ձեզ Պետրոսի փորձառության մասին։ Ինչո՞ւ խոսել Պետրոսի փորձառության մասին։ Քանի որ Պետրոսը քայլեց ճշմարտությանը ձգտելու և կատարյալ դարձվելու ուղիով։ Եթե ուզում ես քայլել Պետրոսի ճանապարհով, պետք է իմանաս, թե նա ինչպես փորձառաբար ապրեց Աստծու գործը, ինչ իրավիճակների միջով անցավ և ինչպես կատարյալ դարձվեց Աստծու կողմից։ Հակառակ դեպքում չես կարողանա քայլել Պետրոսի ուղիով Երբ Պետրոսը վաղ դեռահասության տարիքում էր և միջին դպրոց էր հաճախում, ճշմարտության մեծ ծարավ ուներ և միշտ գնում էր հավաքույթների՝ քարոզներ լսելու։ Աստիճանաբար հակակրանքով լցվեց դպրոցի սովորեցրածի հանդեպ, ուստի թողեց իր հեռանկարները և որոշեց չհանձնել համալսարանի ընդունելության քննությունները։ Ծնողները խստորեն դեմ էին դրան՝ ասելով․ «Մեր Պետրոսն ամենախելացին է մեր բոլոր երեխաներից։ Հույս ունեինք, որ նա անուն կստեղծի իր համար և պատիվ կբերի մեր ընտանիքին, որպեսզի կարողանար ապահովել մեզ ծերության ժամանակ։ Եթե թողնի համալսարանը, ապա ի՞նչ ապագա կունենա»։ Ծնողները կտրականապես հրաժարվեցին թույլ տալ նրան հետևել Աստծուն։ Բայց Պետրոսը չլսեց նրանց։ Նա ասաց․ «Իմ մայրն ու հայրը դևեր են, քանի որ խոչընդոտում են ինձ հետևելու Աստծուն»։ Ապա վճռականորեն հեռացավ տնից Աստծուն հետևելու՝ քարոզելով, միաժամանակ ձկնորսությամբ ապահովելով իր կարիքները։ Տեսնո՞ւմ ես, Աստծուն հետևելիս Պետրոսը նախ թողեց իր ընտանիքն ու ծնողներին։ Քսան տարեկանում Պետրոսը լսեց Տեր Հիսուսի քարոզները։ Զգաց, որ Տեր Հիսուսի խոսքերը խիստ գործնական են և շատ ավելի լավը, քան կրոնավոր աշխարհի քարոզները։ Կրոնավոր աշխարհի քարոզներն ընդամենը դատարկ տեսություններ էին և բնավ գործնական չէին։ Նա մեծ հոժարությամբ լսում էր Տիրոջ քարոզները և սրտով ընդունում Տեր Հիսուսի յուրաքանչյուր խոսքն ու ուսմունքը՝ նորից ու նորից խորհելով դրանց շուրջ և բազմիցս փնտրելով Աստծու մտադրություններն ու պահանջները։ Նաև հատուկ ուշադրություն էր դարձնում Աստծու խոսքերը կիրառելուն։ Երեսունն անց տարիքում նա սկսեց պաշտոնապես ջրել եկեղեցիները։ Այդ ընթացքում մշտապես համապատասխանեցնում էր իր սիրտը Աստծու սրտին՝ կենտրոնանալով իր իսկ իրական փորձառություններն օգտագործելու վրա՝ եկեղեցիներին մատակարարելու և մարդկանց առաջնորդելու, որ մտնեն Տիրոջ խոսքերի մեջ։ Հիսուներեք տարեկանում Աստված սկսեց նրան կատարյալ դարձնելու գործը։ Թեև նա շատ տառապեց փորձությունների ու զտման միջով, նրա սերն առ Աստված ավելի ու ավելի մաքուր ու իրական դարձավ։ Ի վերջո, վաթսուն տարեկանում նա գլխիվայր խաչվեց Աստծու համար՝ կրելով Աստծուն մինչև վերջին շունչը սիրելու և մինչև մահ հնազանդվելու վկայություն։ Նա լիովին կատարյալ դարձվեց Աստծու կողմից։ Սա ճշմարտությանը ձգտելու և կատարյալ դարձվելու Պետրոսի գործընթացն է։ Ուրեմն, ասե՛ք ինձ, ինչո՞ւ Աստված սկսեց նրան կատարյալ դարձնելու գործը միայն այն ժամանակ, երբ նա հիսուն տարեկանն անց էր։ Այն երեսուն և ավելի տարիների ընթացքում, երբ քսան տարեկանից մինչև հիսունն անց տարիքը նա սկսեց հետևել Տիրոջը, ինչո՞ւ Աստված այդ ժամանակ չարեց նրան կատարյալ դարձնելու գործը։ Ո՞վ կարող է հստակ տեսնել այս հարցը։ (Այն ժամանակ նրա հասակը դեռևս բավարար չէր, և նա չէր կարող իր ուսերին վերցնել այն գործը, որն Աստված պատրաստվում էր անել՝ նրան կատարյալ դարձնելու համար։ Մինչև հիսուն տարեկանը նա արդեն փորձառաբար ապրել էր որոշ իրավիճակներ, նրա մարդկայնությունը բոլոր առումներով հասունացել էր, և նա սկսել էր փոքր-ինչ հասկանալ որոշ ճշմարտություններ և Աստծու որոշ մտադրություններ։ Որոշակի հասակ էր ձեռք բերել, ուստի Աստված կարող էր նրան կատարյալ դարձնելու գործն անել։) Ճիշտ է։ Ուստի այս փաստից կարող ենք տեսնել, որ Աստված պետք է նախապատրաստական աշխատանք կատարի մարդու մեջ՝ նախքան նրան կատարյալ դարձնելը։ Մի՞թե այսպես չէ։ (Այդպե՛ս է։) Այս նախապատրաստական աշխատանքը հաճախ տևում է քսանից երեսուն տարի, առնվազն մեկ տասնամյակ կամ ավելի։ Միայն այն ժամանակ, երբ մարդը որոշակի հասակ է ձեռք բերում, Աստված սկսում է նրան կատարյալ դարձնելու գործը։ Ուստի ոմանք գուցե հարցնեն․ «Ինչո՞ւ է ինչ-որ մեկին կատարյալ դարձնելու գործը պահանջում, որ նա որոշակի հասակ ունենա։ Ինչո՞ւ չի կարող կրել դա, եթե իր հասակը փոքր է»։ Ի՞նչ է կատարվում այստեղ։ (Ինչ-որ մեկին կատարյալ դարձնելու գործը նշանակում է, որ նա պետք է ենթարկվի ավելի շատ դատաստանի ու հանդիմանության և ավելի շատ տառապի։ Եթե մարդու հասակը բավարար չէ, նրա համար հեշտ չի լինի հաստատուն կանգնել՝ դատաստանի և հանդիմանության բախվելիս։ Նա կդավաճանի Աստծուն ու կհեռանա, իսկ դա ամոթ կբերի Աստծուն։) Ճիշտ է։ Ի՞նչ պետք է գիտակցենք։ Մարդկանց կատարյալ դարձնելու Աստծու գործն արվում է՝ նրանց մշտապես դատաստանի, հանդիմանության, փորձությունների և զտման ենթարկելով։ Տեսնո՞ւմ ես, իր վերջին յոթ տարիներին Պետրոսը հարյուրավոր փորձությունների ենթարկվեց։ Որքա՞ն հաճախ էր բախվում փորձությունների։ Նա փորձության էր բախվում յուրաքանչյուր տասը, տասնհինգ օրը մեկ։ Մի՞թե այդպես չէ։ (Այդպես է։) Եվ ինչպիսի՞ փորձությունների էր նա բախվում։ Արդյոք փոքր հասակով որևէ մեկը կարո՞ղ էր դիմանալ դրանց։ (Ոչ։) Հեշտ չէ, որ որոշակի հասակ չունեցող մեկը դիմանա այն փորձություններին, որոնցով Աստված կատարյալ է դարձնում մարդկանց։ Ճիշտ ինչպես այն փորձությունը, որ բաժին ընկավ Հոբին․ եթե նա որոշակի հասակ չունենար, կկարողանա՞ր արդյոք դիմանալ դրան։ (Ոչ։) Նաև, եթե Տեր Հիսուսը խաչվեր մոտ քսան տարեկանում, կկարողանա՞ր արդյոք դիմանալ դրան։ (Ոչ։) Նրա մարդկայնությունը լիովին հասունացել էր միայն երեսուներեք տարեկանում և բավարար էր այս ծանր հոգսն ստանձնելու համար, երբ Նա խաչվեց։ Պատճառն այն է, որ խաչելությունը մահացու փորձություն էր և ներառում էր նաև ամեն տեսակի ծաղրանքի ու նվաստացման ենթարկվելը. ստիպեցին կրել փշե պսակ, թքում էին վրան, ու զինվորները մտրակում էին այս ամենի հետ մեկտեղ ամեն օր տանջանքներ կրեով։ Նա ստիպված էր անցնել ամեն տեսակ տառապանքի միջով։ Առանց որոշակի հասակի՝ սա անտանելի կլիներ։ Նույն կերպ, որպեսզի Աստված կատարյալ դարձնի մարդկանց, մարդիկ նույնպես պետք է շատ տառապեն փորձությունների միջով։ Այս փորձություններն այն բաներն են, որոնք առավելագույնս հակասում են մարդկանց պատկերացումներին և տարբերվում են այն փոքր փորձություններից, որոնց մարդիկ սովորաբար բախվում են։ Եթե մարդիկ որոշակի հասակ չունենան, չեն կարողանա դիմանալ դրանց, և հավանական է, որ կտրտնջան ու կբողոքեն Աստծու դեմ և նույնիսկ կդավաճանեն Նրան։ Հիմա հասկանո՞ւմ եք։ (Այո՛։) Օրինակ բերենք այն փորձությունը, որը վիճակվեց Հոբին։ Հանկարծակի մի ավազակախումբ եկավ ու տարավ նրա ունեցվածքը, և նրա բոլոր զավակները մահացան։ Ո՞վ կարող էր դիմանալ նման փորձության։ Եթե Հոբը երիտասարդ տարիքում բախվեր այս փորձությանը, կկարողանա՞ր արդյոք դիմանալ դրան։ (Ոչ։) Միայն յոթանասուն տարեկանում էր համապատասխանում, որ այս փորձությունը նրա գլխին գար։ Ուստի հիշե՛ք, կատարյալ դարձվելու փորձություններն այնպիսի բան չեն, որին սովորական մարդը կարող է դիմանալ։
Վերջին օրերի Քրիստոսը՝ Ամենակարող Աստված, հայտնվել է՝ կատարելու Իր գործը, և Նա արտահայտել է այնքա՜ն շատ ճշմարտություններ։ Սակայն մեծ կարմիր վիշապի չար ուժերը և կրոնավոր աշխարհը դատապարտում ու դիմակայում են Քրիստոսին՝ հորինելով մեծ քանակությամբ բացասական քարոզչություն և ասեկոսեներ Նրա դեմ։ Այս բացասական քարոզչությունը լսելուց հետո շատերը սկսում են կասկածել և ուրանալ Աստծուն և վախենում են վստահ լինել, որ Ամենակարող Աստված մարմնացած Քրիստոսն է։ Նրանք հստակորեն տեսնում են, որ Ամենակարող Աստված այնքա՜ն շատ ճշմարտություններ է արտահայտել, ուրեմն ինչո՞ւ չեն կարող վստահ լինել, որ Ամենակարող Աստված մարմնացած Աստվածն է։ Նույնիսկ ասում են․ «Անկախ այն բանից, թե որքան ճշմարտություն է արտահայտում Ամենակարող Աստված, համացանցում այնքա՜ն շատ բացասական քարոզչություն կա, որ չեմ կարող հավատալ, թե Նա Աստված է»։ Ապա նրանք հրաժարվում են ընդունել Աստծու գործը։ Ուստի, երբ դուրս թողնվեն, ո՞վ մեղավոր կլինի։ Կարող են մեղադրել միայն իրենք իրենց։ Դու չես ընդունում մարմնացած Քրիստոսին և դրա փոխարեն պարզապես ցանկանում ես, որ Տեր Հիսուսի հոգևոր մարմինը հայտնվի ու գործի։ Կարո՞ղ է արդյոք Աստծու գործը հիմնված լինել քո պատկերացումների ու երևակայությունների վրա։ Ոմանք ասում են․ «Եթե Տեր Հիսուսի հոգևոր մարմինը հայտնվեր ու գործեր, մի՞թե մարդիկ զերծ չէին լինի պատկերացումներից։ Մի՞թե սա ավելի հեշտ չէր լինի ընդունել»։ Այդ դեպքում ինչո՞ւ Աստված այդպես չի գործում։ Ինչո՞ւ Նա պետք է ընդունի այս սովորական մսեղին։ Ինչո՞ւ Նա պետք է կնոջ կերպարանք ընդունի։ Որովհետև Աստված որոշել է այսպես վարվել, և սա ամենաիմաստալից ու ամենաիմաստուն անելիքն է։ Իր գործում Աստված չի վախենում բացասական քարոզչության ծավալից։ Նա չի վախենում ողջ մարդկության կողմից մերժվելուց և դատապարտվելուց։ Նա չի վախենում ողջ կրոնավոր աշխարհի ընդդիմությունից։ Նա չի վախենում մարդկանց բազմաթիվ պատկերացումներից։ Նա չի վախենում այն բանից, թե քանի մարդ չի հավատում Իրեն։ Աստված չի վախենում այս բաներից և ոչ մեկից։ Սա Աստծու իմաստությունն ու մեծափառությունն է։ Մի՞թե ճիշտ չէ։ (Ճիշտ է։) Տիրոջը դիմավորելու վերաբերյալ Տեր Հիսուսը պատմեց իմաստուն և հիմար կույսերի առակը։ Իմաստուն կույսերն ի վիճակի են փնտրելու ճշմարտությունը և ընդունելու Աստծու գործը՝ անկախ հանգամանքներից, մինչդեռ հիմար կույսերը հեշտությամբ մոլորեցվում են և դժվարանում են ընդունել ճշմարտությունը։ Եթե կարողանաս հայտնաբերել ճշմարտությունը, լսել Աստծու ձայնն ու ընդունել Աստծու գործը՝ գտնվելով այդքա՜ն շատ բացասական քարոզչության և կրոնավոր աշխարհի այդչա՜փ չար ուժերի պաշարման տակ, ապա դու իմաստուն կույս ես։ Բայց ոմանք, թեև հստակ տեսել են, որ Ամենակարող Աստծու արտահայտած խոսքերը ճշմարտությունն են, և ընդունել են, որ սա ճշմարիտ ճանապարհն է, բայց հեռանում են և դադարում հավատալ մի փոքրիկ բացասական քարոզչության պատճառով։ Այս մարդիկ հիմար կույսերն են։ Ուրեմն ի՞նչն է իմաստուն կույսերին դարձնում իմաստուն, իսկ հիմար կույսերին՝ հիմար։ Իմաստուն կույսերը կարող են հաստատուն կանգնել՝ անկախ այն բանից, թե որքան բացասական քարոզչություն են լսում։ Նրանք խորապես հավատում են, որ Ամենակարող Աստծու արտահայտած ճշմարտությունները բոլորն Աստծու արտահայտումներն են, և որ դրանք բոլորը գալիս են Աստծուց։ Նաև հավատում են, որ եթե չընդունեն այս ճշմարտություններն ու բաց թողնեն փրկության հասնելու այս հնարավորությունը, կկորչեն։ Եթե ունես այս հասկացողությունը, ապա դու իմաստուն կույս ես և բարձրագույն իմաստության տեր մարդ։ Տես, ոմանք ասում են․ «Չեմ կարող բաց թողնել Ամենակարող Աստծու արտահայտած այս ճշմարտությունները։ Եթե չընդունեմ այս ճշմարտությունները, ապա նույնիսկ եթե կրոնին հավատայի երեք հազար տարի, կլիներ անօգուտ և ջանքերի վատնում։ Եթե ընդունեմ այս ճշմարտություններն ու ձգտեմ դրանց քսան կամ երեսուն տարի, մեծապես կօրհնվեմ, երբ կատարյալ դարձվեմ»։ Ի՜նչ հիանալի հայտարարություն։ Սա ասող մարդն ամենաիմաստուն կույսն է, և նա ճշմարտությունն ամեն ինչից վեր է դասում։ Ինչ վերաբերում է նրանց, ովքեր չեն ճանաչում մարմնացած Աստծուն, նրանք մարդկային պատկերացումներն ու երևակայությունները և անհիմն լուրերն ու բացասական քարոզչությունն ամեն ինչից վեր են դասում՝ միաժամանակ արհամարհանքով վերաբերվելով ճշմարտությանն ու Աստծու խոսքերին։ Սրանք ամենահիմար կույսերն են։ Մի՞թե այսպես չէ։ (Այդպես է։) Ոմանք ունեն պատկերացումներ Քրիստոսի վերաբերյալ։ Նրանք մշտապես ուսումնասիրում են՝ արդյոք Քրիստոսն ի վերջո մարդ է, թե Աստված։ Մի պահ կարդում են Աստծու խոսքերը և զգում, որ Քրիստոսն Աստված է, ապա հաջորդ պահին տեսնում են Քրիստոսի սովորական ու բնականոն խոսքերը, գործողությունները և պահվածքը ու զգում, որ Նա մարդ է։ Շարունակ տատանվում են առաջ ու հետ։ Այսպես տատանվում են մի քանի տարի, մինչև մի օր հասկանում են ճշմարտությունը և հստակ տեսնում, որ Քրիստոսը ճշմարտության մարմնացումն է, որ առանց Քրիստոսի մարդը չի կարող ձեռք բերել ոչ մի ճշմարտություն, և որ Քրիստոսին թողնել նշանակում է կորչելէ։ Միայն այդ ժամանակ են դադարում տատանվել։ Ուրեմն ի՞նչ եք կարծում, հե՞շտ է արդյոք հստակ տեսնել այս հարցը։ (Անհնար է այն հստակ տեսնել, եթե չափազանց կարճ ժամանակ ես հավատում և դեռ չես հասկանում ճշմարտությունը։) Քանի՞ տարվա փորձառություն է պահանջվում։ Անհնար է առանց առնվազն տասը տարվա փորձառության։ Եթե կարող ես թափանցել այն փաստի մեջ, որ Քրիստոսը ճշմարտությունը, ճանապարհը և կյանքն է, ապա հիմք ես դրել ճշմարիտ ճանապարհի վրա և օրհնված ես։ Նրանք, ովքեր դեռ չեն գիտակցել, որ Քրիստոսը ճշմարտությունը, ճանապարհը և կյանքն է, դեռ հիմք չեն դրել ճշմարիտ ճանապարհի վրա։ Արդյոք նման մարդիկ վտանգի մե՞ջ են։ (Այո։) Նրանք դեռևս վտանգավոր ժամանակաշրջանում են, որովհետև դեռ չեն գիտակցել, որ Քրիստոսը ճշմարտությունը, ճանապարհը և կյանքն է։ Չեն գիտակցել, որ Քրիստոսին թողնել նշանակում է կորչել, որ այն օրը, երբ մարդը թողնում է Քրիստոսին, նրա ոչնչացման գնալու օրն է, և որ այդպես վարվելը ոչնչացման մեկնարկային կետն է։ Եթե չես թափանցել այս հարցի մեջ, ապա դեռևս հոսանքի ուղղությամբ ես գնում և ցանկացած պահի ենթակա ես ցրվելու քամուց։ Եթե թափանցել ես այս հարցի մեջ, ուրեմն հիմք ես դրել ճշմարիտ ճանապարհի վրա։ Նայե՛ք աշխարհի եկեղեցիներին։ Միշտ կան մարդիկ, որոնք որոշ ժամանակ անց հեռանում են։ Ինչո՞ւ են հեռանում։ Մի քանի տարի հավատալուց հետո դեռևս չունեն Քրիստոսի մասին գիտելիք։ Չեն տեսել, որ Քրիստոսից բացի ոչ ոք չի կարող արտահայտել ճշմարտությունը։ Հիմք չեն դրել ճշմարիտ ճանապարհի վրա։ Եթե չես կարող հայտնաբերել, թե ով կարող է արտահայտել ճշմարտությունը, կարո՞ղ ես արդյոք հասնել փրկության։ Փրկվելու քո ցանկությունը պարզապես երևակայություն և պատրանք կլիներ, այսպես չէ՞։ Միայն Աստված կարող է արտահայտել ճշմարտությունը մարդուն փրկելու համար։ Եթե անգամ սա չես կարողանում հստակ տեսնել, բայց, այնուամենայնիվ, կարծում ես, թե հասկանում ես ճշմարտությունը և գիտես, թե ինչ է նշանակում հավատալ Աստծուն, ապա իրականում բացարձակապես ոչինչ չգիտես և դեռ հիմք չես դրել ճշմարիտ ճանապարհի վրա։ Նրանք, ովքեր հասկանում են ճշմարտությունը և հիմք են դրել ճշմարիտ ճանապարհի վրա, վստահ են Քրիստոսի հարցում։ Կարող են ճանաչել, որ Քրիստոսը ճշմարտությունը, ճանապարհը և կյանքն է, և որ այն օրը, երբ մարդ թողնում է Քրիստոսին, իր ոչնչացման օրն է և մահվան ժամը։ Քրիստոսին դավաճանելն Արարչին դավաճանելն է, իսկ Արարչին դավաճանելը մարդու կյանքի մեծագույն մեղքն է, ինչպես նաև նրա մեծագույն ողբերգությունը։ Ուստի, անկախ այն բանից, թե ինչպիսի բացասական քարոզչություն են նրանք լսում, չեն դավաճանի Աստծուն և չեն հեռանա։ Բայց Աստծուն հավատացող որոշ մարդիկ չեն հասել հասկացողության այս մակարդակին։ Նրանք դեռևս հիմք չեն դրել ճշմարիտ ճանապարհի վրա։ Ո՞վ գիտի, թե երբ կարող են հանդիպել բացասական քարոզչության և սկսել տատանվել՝ սկսելով ապրել աննպատակ՝ քամուց ու անձրևից քշվելով։ Գուցե պարզապես հեռանան։ Ասում եմ քեզ, եթե իրապես հեռանաս, սիրտդ լիովին կդատարկվի, չես ունենա խաղաղություն կամ ուրախություն և այլևս չես ապրի ժայռի վրա, որովհետև երբ կորցրած լինես ճշմարտությունը և շեղվես ճշմարտության աղբյուրից, դուրս կթողնվես։ Այսօր մենք ապրում ենք Աստծու առաջ՝ ամեն օր ուտելով և խմելով Քրիստոսի խոսքերը և միայն այս կերպ ունենք խաղաղություն և ուրախություն մեր սրտերում։ Ուրեմն որտեղի՞ց է գալիս մեր ճշմարիտ խաղաղությունն ու ուրախությունը։ Այն գալիս է Քրիստոսից, այս գործնական Աստծուց՝ մարմնացած Աստծուց։ Քրիստոսից այնքա՜ն շատ ճշմարտություններ ես հասկացել և ձեռք ես բերել ճշմարիտ խաղաղություն ու ուրախություն, այնուամենայնիվ անվստահ ես մնում Քրիստոսի հարցում։ Երբ լսում ես մի բացասական քարոզչություն, բացասական ես դառնում։ Մի՞թե սա ծայրահեղ հիմարություն չէ։ (Այդպես է։)
Արդյոք իմ ասածը կապված եղե՞լ է այն հարցերի հետ, որոնց մասին մենք այսօր հաղորդակցվում ենք։ (Այո՛։) Ուրեմն, այն թեմաները, որոնց մասին հաղորդակցվում եմ, առավե՞լ կարևոր են, թե՞ ձեր բարձրացրած հարցերն են առավել կարևոր։ (Եղբա՛յր, այն թեմաները, որոնց մասին հաղորդակցվում ես, առավել կարևոր են։) Այս թեմաները կարևոր են։ Դրանք տեսիլքներին վերաբերող հարցեր են։ Թեև ձեր բարձրացրած հարցերից շատերը նույնպես լուծման կարիք ունեն, եթե չունես հստակություն տեսիլքների վերաբերյալ և միշտ ունես կասկածներ ու պատկերացումներ Քրիստոսի մասին, ապա սա չլուծելը պարզապես մարդկային հիմարություն կլիներ։ Անկախ նրանից, թե ինչ խնդիրներ ունեն մարդիկ, դրանք իրականում առաջացել են նրանց չափազանց փոքր հասակի պատճառով։ Ի՞նչ է նշանակում ունենալ չափազանց փոքր հասակ։ (Սա նշանակում է, որ ճշմարտության հասկացողությունը չափազանց մակերեսային է։) Երբ ճշմարտության հասկացողությունը չափազանց մակերեսային ու սահմանափակ է, դա է նշանակում ունենալ չափազանց փոքր հասակ։ Երբ մարդկանց հասակը չափազանց փոքր է, իսկ ճշմարտության հասկացողությունը՝ սահմանափակ, կան բազմաթիվ խնդիրներ, որոնք նրանք չեն կարող լուծել։ Սա նշանակում է, որ պահանջվում է հաճախակի հաղորդակցություն ճշմարտության մասին։ Հենց որ մարդիկ հասկանան ճշմարտությունը, և նրանց հասակը մեծանա, այս խնդիրները բնականաբար կդադարեն լինել խնդիրներ։ Նախկինում, երբ գնում էի հավաքույթների մայրցամաքային Չինաստանի ողջ տարածքում, ստիպված էի լինում մեկ-երկու օր մնալ յուրաքանչյուր շրջանում՝ նախքան կկարողանայի հեռանալ։ Երբեմն, երկու օր անց մարդիկ դեռևս խնդրում էին․ «Ո՛չ, պետք է մնաս ևս մեկ օր, մենք դեռ շատ խնդիրներ ունենք»։ Ուստի ստիպված էի լինում մնալ ևս մեկ օր։ Եվս մեկ օր անց բոլորի սրտերը լուսավորվում էին, և նրանք իրենց զգում էին զորացած։ Բայց կես ամիս անց ի հայտ էին գալիս բազմաթիվ նոր խնդիրներ, և ես ստիպված էի լինում գնալ ու հաղորդակցվել դրանք լուծելու համար։ Մեկ այլ օրվա հավաքույթից հետո նրանց սրտերը կրկին լուսավորվում էին, և խնդիրներն անհետանում։ Իրականում ես հատուկ չէի լուծում նրանց խնդիրներից ոչ մեկը։ Պարզապես մեկ օր նրանց հետ հաղորդակցվում էի ճշմարտության մասին, և նրանց բոլոր խնդիրներն անհետանում էին։ Ի՞նչ էր կատարվում։ (Նրանք սկսում էին հասկանալ այդ խնդիրների հետ կապված ճշմարտությունները։) Երբ մարդիկ հասկանում են առանցքային ճշմարտությունները, այդ խնդիրները բնականաբար անհետանում են։ Ճիշտ այնպես, ինչպես երբ մենք նոր ենք սկսում հավատալ, բոլորս ունենում ենք բազմաթիվ պատկերացումներ, երևակայություններ, շփոթություններ ու խնդիրներ, բայց ավելի ուշ Աստծու խոսքերը կարդալով՝ մեր պատկերացումները լուծվում են։ Աստծու խոսքերը կարդալով՝ մեր երևակայություններն անհետանում են, իսկ խնդիրները՝ լուծվում։ Տեսնո՞ւմ ես, մարդկանց բազմաթիվ պատկերացումներ, երևակայություններ, շփոթություններ ու խնդիրներ լուծվում ու անհետանում են առանց նույնիսկ գիտակցելու դա՝ պարզապես ամեն օր Աստծու խոսքերը կարդալով։ Մի՞թե այսպես չէ։ (Այդպե՛ս է։) Ուրեմն, կարո՞ղ են արդյոք ձեր բարձրացրած հարցերը լուծվել՝ Աստծու խոսքերը կարդալով։ (Կարո՛ղ են։) Այս խնդիրները բավականին պարզ են։ Քանի դեռ կենտրոնանում ես Աստծու խոսքերը կարդալու և ճշմարտությունը փնտրելու վրա, դրանք հաստատապես բոլորը կարող են լուծվել։